ԷՆ ԼՈՌՈՒ ՁՈՐՆ Է


Ուղիղ հիսուն տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի ուսանողուհի Ռիմա Արությունովայի հետ որոշեցինք Բաքվից ճանապարհվել Ղարաբաղ, իմ հայրենի գյուղ՝ Չլդրան, այնտեղից Շահումյանով, Գետաշենով, Գյոգ-գյոլով, Խանլարով, Թբիլիսիով՝ Դսեղ, տեսնելու այն վայրերը, ուր ծնվել, մեծացել էր ինձ համար այնքան պաշտելի Հովհաննես Թումանյանը։

Հիսուն տարի է անցել այդ օրվանից, ինչքան բան է փոխվել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, լավը՝ քիչ, վատը՝ շատ, ինչքան ջրեր են հոսել։ Պարզ է, ավաղ, չկան այլևս բոլոր նրանք, ովքեր տեսել էին Թումանյանին և որոնց հետ մենք բախտ ունեցանք ծանոթանալու այն ժամանակ, լսելու նրանց սրտառուչ պատմությունները մեծ բանաստեղծի մասին։ Այդ հին, անրջական օրերից այս գրառումներն են մնացել սոսկ՝ դեղնած, խունացած թղթերի վրա:


Լ.Ա.

Սանկտ–Պետերբուրգ


2018թ.



…Երբ դանդաղ ելավ, սահեց Մոսկվա-Երևան ճեպընթացը, Քոլագերան կայարանի միակ մայթին մնացինք ես, տասնութամյա իմ ուղեկցուհի Ռիման՝ բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի, և կայարանի կարմիր գլխարկավոր սլաքավարը։



-Ամոթ չըլի հարցնելը, էդ ո՞ւր եք գնում,– ծոր տալով հարցրեց սլաքավարը։

–Դսեղ,-ասացի ես։-Հեռո՞ւ է

–Նայած։ Եթե սպասեք լուսանա՝ մոտիկա, այսինքս՝ կարաք մաշինով գնաք. ժամը տասնմեկին ալաբաշը գնումա։ Թե չէ, դուք գիտեք. հրե՜ն կածանը , էսպես դիք որ գնաք, երեք-չորս կիլոմետր կըլի։

Եվ հիմա քարքարոտ, նեղ արահետը մեզ քաշելով տանում է։ Իսկ ամենուր սև մութ է, անտառները լուռ են, ձորերը ամպերի տակ խոր քնած են ու էլի լուռ են, արդեն հալվում, ցրտում է տաք գիշերը, և այս շուրջ բոլոր լռության, այս մութ խավարի մեջ Դեբեդն է միայն վշշում։

Քայլում էինք մթան մեջ սպիտակին տվող արահետով և լավ էր, որ հատուկենտ աստղեր կային դեռ, լավ էր, որ կիսալուսինը կողքի ընկած գնում էր երկնքով, թե չէ ճանապարհը չէր երևա, իսկ այդ ճանապարհը ժայռերի վրայով էր անցնում, ներքևում ձորեր են՝ անդնդախոր, մթին։

Մենք չգիտեինք ճանապարհը, արահետի տուտը բռնած գնում էինք, և մեզ ուղեկցողը աստղերն էին, կիսատ լուսինն էր և Թումանյանը. որովհետև անհնարին է, որ լինես այս ձորերում ու հոգուդ չիշխի մեծ բանաստեղծը, քեզ հետ չլինի նա, չլցվես նրանով, չմտածես, որ ոլոր-մոլոր այս նեղ ճամփով հազար անգամ անցել է նա։

Լուսանում էր արդեն, երբ հասանք լեռան կատարը ու ետ նայեցինք. ներքևում Լոռու ձորն էր, պատմական Տաշիրքի հրաշք ձորը, ուր Դեբեդը ''սգում էր մենակ խավար անդնդում''։



Մենք լսում էինք նրա միալար վշշոցը, որ մեկ կտրվում ու նորից լսվում էր։



Թումանյանը նստել է այս դարավանդին, նայել է դեպի Լոռու ձորը, սիրտը ցավել է, երբ տեսել է, որ քանդում են ձորերը, երկաթուղի են գցում. ''…ձորերին մտիկ եմ անում, որ են քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտումա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն ու մարդ կարենա ոչ թե օգնի…''։ Հետո ձորերով եկել՝ ո՜ւ…ո՜ւ…ո՜ւ…, սուլելով անցել է Թիֆլիս-Ղարս գնացքը, մարդիկ ծաղիկներ են նետել շոքեքարշի անիվների տակ, գնացել գյուղերում պատմել են. ''…մի անասելի սև ջանավար է, մեկ միլիոն ձիու ուժ ունի, բերանը Արփաչայից էլ լեն է, ծուխ կհանե հազար պապիրոսի չափ''։ Շոգեքարշի սուլոցից խրտնել, անդնդախոր ձորերում ու կիրճերում կորել են պախրան ու կխտարը. ''…եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, էլ կխտար չմնաց, փախան կորան…''։ Այստեղ, այս աստվածանիստ բարձունքին նստած տեսել է, թե ինչպես են ''ամպերը դանդաղ ուղտերի նման'' ձորից ջուր խմած բարձրանում։ Ամպերը անցել են և երկնի կապույտի մեջ խրված երևացել են լեռները. ''…բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դուք՝ մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…''։ Հետո, դեռ պատանի, դեռ տասնութը չլրացած, այս բարձունքից նայել է հայրենի Դսեղին, որ մի քանի հարյուր մետրի վրա է, նայել է իր տխուր Դսեղին ու աշխարհին պատմել.

Մեր գյուղն էն է, որ հպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափի

Ձեռը տված ճակատի

Միտք է անում տխրադեմ.

Ինչ է ուզում՝ չգիտեմ…

Ինչ-որ մեկը ձիու կապը բռնած գալիս է մեր կողմը։ Ծեր մարդ է, մոտեցավ ''բարի լույս'' ասաց ու սկսեց ուշադիր նայել.

–Ճանաչեցի ոչ,-վերջապես ասաց նա։

–Տեղացի չենք։

–Ո՞ւմ տունն եք գնում,– նորից խոսեց ծերունին։

–Թումանյանի։



Ինձ թվաց, թե սխալ արտահայտվեցի, բայց մարդը բոլորովին չզարմացավ։

–Կարելի ա ,– ասաց նա։– Ուրեմն Օհաննեսի տունն եք գնում,– նա քիչ լռեց, ավելացրեց.-Օհաննեսն ասում էր մարդ պիտի էնպես ապրի, որ մեռնելուց հետո անունը հիշեն։ Ինքն էդպես ապրեց։

–Դուք հիշո՞ւմ եք Թումանյանին։

–Բա ոնց։ Իրենց կտերը կկանգներ, ժողովուրդը կհավաքեր, կխոսեր, խորհուրդներ կտար։ Գեղացիք Օհաննես աղա էին ասում։ Սպասեք ձիս կապեմ գամ…



Օհաննե՜ս աղա։ Ամբողջ կյանքում մի լավ օր չտեսած, հազար ու մի պարտքերի մեջ խրված, ամբողջ կյանքը կողմնակի հոգսերով ծանրաբեռ , ժողովուրդների ճակատագրի ու ազգի տառապանքի ստրուկը՝ ''Օհաննես աղա''. ''…Երեխաներիս ուսման վարձի պատճառով, արգելել են ուսումնարան գնալ, տանս վարձը գրեթե կես տարով մնում է, պարտք անելու տեղ չի մնացել, և պարտքատերերս էլ համբերությունից դուրս են եկել''։ 1902 թվականին ընկերները դիմում են գրել, ուզել են փող հավաքել։ Թումանյանը շատ է վշտացել. ''…Դիմել հազար ու մի մարդու ,– այդ առթիվ գրել է նա Փիլիպոս Վարդազարյանին,– գրել թե Հ. Թ. անապահով է, հիվանդ է, ընտանիք ունի, մի բան ավել ստորագրեք նրա բանաստեղծություններին… ''։ Մի ուրիշ տեղ. ''…ինչ անենք, որ բանաստեղծ լինելով, նյութական նեղության մեջ լինելով, ապավինված եմ մի քանի մարդու օգնության, մի՞թե դեռ պետք է շրջաբերականով հռչակեմ իմ խեղճությունն ու նպաստներ ժողովեմ…''։ Նորից մի ուրիշ տեղ. ''խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ որպես բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե բանաստեղծ եմ ես…''։

Մարդը բլրալանջին կապում է ձին, ետ գալիս։ Զրուցելով գյուղ ենք մտնում։

Դեռ նոր էր լուսացել, արևը սարերի ետևից դուրս չէր եկել դեռ, բայց գյուղի տանիքները արդեն արևի մեջ էին։

–Հրե՜ն Թումանյանի տունը։ Թանգարանն էլ էնտեղ է։

Տուն-թանգարանի դիրեկտորը Թումանյանի Վահան եղբոր աղջիկն է՝ Արմենուհի Թումանյանը։ Նա սիրալիր, թումանյանական ժպիտը դեմքին, ընդառաջ է գալիս։



-Բարով եք եկել։ Բայց շատ ափսոս, որ չեք կարողանա ամեն ինչ տեսնել,-ասում է նա,– տուն-թանգարանը նորոգում ենք… Սա Թումանյանի տունն է… Թումանյանի հետ, Թումանյանով ներշնչված, նրա հավերժական ստեղծագործությունների մեջ իդեալականացված ձորերով ու Դեբեդի վշշոցը մեր ականջում՝ նրա հայրական տունն ենք եկել՝ սրտներումս դող ու ակնածանք այն բոլոր հիշատակների հանդեպ, որ այստեղ պիտի խոսեն նրա մասին. որով- հետև այստեղ էր, որ դեռ մանկուց նրա հոգին իմաստավորվեց Դսեղի լուսնյակ գիշերներով ու անուշ զրույցներով, ''…ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ-բոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի-փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհից…''։

–Սա սալորենու այգին է, գարնանը, երբ սալորենիները ծաղ- կում են, չտեսնված գեղեցիկ են լինում։– Արմենուհու հանդարտ, միալար ձայնն է։ – Սա այն տունն է, ուր ծնվել է Հովհաննես Թումանյանը, սա ձեթի ճրագն է, սա շապիկն է, ահա թիկնոցը, ահա կոշիկները, ահա փողկապը, սա խնոցին, սա ամբարը, սա Թումանյանի մոր ճախարակն է։ Տունը եղել է հողե կտուրով։ ''…Մի մեծ սենյակ ունեինք. օջախը միշտ վառած, երկու կողմից թախտեր, դոշակներ ու մութաքաներ դարսած…''։

Բանաստեղծի տունը… գետնափոր, հողե հատակ, լույսը ընկնում է երթիկից, թոնիրը՝ տան կենտրոնում, բերանը տախտակով ծածկած, խնոցին առաստաղից կախ, օրորոցը…



-Մի՞թե Թումանյանը օրորոցում է մեծացել։

–Դուք ճիշտ եք։ Թումանյանը ընտանիքի անդրանիկ երեխան էր, նրան տանը շատ էին սիրում։ Մայրը նրան օրորոց չի դրել, ոչ էլ ճոճք։ Այդպես է արել, որպեսզի միտքը պայծառ մնա, գիտեր երևի, որ մեծ մարդ պիտի դառնա,– ժպտում է Արմենուհին։

Այստեղ, այս նամշահոտ ու փոքրիկ տան մեջ է ծնվել մեծ բանաստեղծը, այստեղ է ապրել նրա Օհաննես պապը։ Թումանյանը չի տեսել նրան, տատից ու տան մեծերից է լսել պապի ու իր նախնիների քաջագործությունների մասին։ Եկվորներ էին Թումանյանի նախնիները, նրանք տասներորդ դարում, արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն-մենակ հաղթանակներով, ճակատ-ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած ''թողին իրենց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ''։



Հզոր են եղել Թումանյանի պապերը։ Նրանք պարսից Հասան խանի ասպատակության ժամանակ ժողովրդի գլուխ են անցել, պաշտպանել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին։ Անվանի զինվորական է եղել Թումանյանի Օհաննես պապը ու հայտնի զրուցասեր (նրա թուրը մինչև հիմա էլ պահվում է)։ Նա իր տան պատի տակ, ճանապարհի վրա, տասներկու քար է տաշել տվել, դրել, որ գյուղացիները գան ու զրույց անեն։ Այդ նա, Թումանյանի պապ Օհաննեսն էր, որ Հասան խանի ժամանակ գնաց ուղտերով հաց բերեց, բաժանեց ժողովրդին, փրկեց նրանց։ Պետական պաշտոնյաները, երբ գալիս էին հացահատիկ հավաքելու, նա չէր թողնում, որ գյուղացիները հացահատիկ տան.''…ջուրը անցկացրեք, թող գնա'' – ասում էր նա պրիստավի մասին։ Եվ, վերջապես, նա էր, որ իր հետ առաջին անգամ այս ձորերը մոմ բերեց, հայելի բերեց, նկարներ բերեց ու մի ռուս ջրաղացպան։

Ավելի անվանի ու հայտնի է եղել Օհաննեսի հայրը՝ Ավագիմ յուզբաշին՝ քաջ ու հաղթանդամ , Լոռու իգիթներից մեկը։ Խաչատուր Աբովյանը ''Վերք Հայաստանում'' այդ նրա մասին է գրում. ''Էս Օվագիմը, էս Լոռվա ձորերի աստվածը, էս սարերի արծիվը… էն սևացած, արևի, անձրևի տակ մուր դառած ունքերի տակից, որ աչքը չէր ընկնում մարդի երեսին, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած''։ Օվագիմի հայրը՝ Մեհրաբը, Լոռու ձորերի նահապետն էր։ Նրանից սարսափում էր թշնամին։ ''Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն,– ասում էր նա,– մեր տան դուռը ու մեր սիրտը բարեկամու համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք…'' Հարյուր տարին թեպետ լրացել էր արդեն, բայց նա ամուր էր դեռ։ ''Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել, ճերմակ մազ ու միրուք բռնել կուրծք ու երես, աժդահայի ահավորության հետ խառնել-միացրել ծերության պատկառանքը'',– այսպես է բնութագրում Թումանյանը իր Մեհրաբ նախապապին։



Մեհրաբը 108 տարեկանում վախճանվեց։ Մեռնելիս ցավով բացականչել է. ''Այ փուչ աշխարհ, արժե՞ր երկու օրվա համար ծնվել…''

Սրանցից էր սերել Թումանյանը, սրանց ''սիրտն ու արինը'' կար նրա մեջ, դրա համար էլ անվախ էր նա, իր նախնիների նման նա էլ ժողովրդի գլուխ անցավ, երբ թշնամին մոտեցել էր Լոռու ձորերին. ''Լոռեցիներ, իմ քաջ հայրենակիցներ, փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել… Հավաքվեցեք մեր մութ անտառների նման, կանգնեցեք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք ու զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի…''։

Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։

– Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։

Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։

– Թումանյանի օրոք գյուղը վաթսուն-յոթանասուն ծուխ ուներ,– պատմում է Արմենուհին։– Իսկ հիմա հազարից անցնում է։ Մարդիկ լավ են ապրում ։ Էլ ոչ Գիքոր կա, ոչ Համբո,– Արմենուհին ժպտում է։– Աշխարհը մեզ է նայում, պետք է շտապել, կիսատ գործեր շատ ունենք։ Ողջ գյուղով ոտքի ենք ելել, որ հասցնենք…

Թումանյանի տան մոտ, եկեղեցու բակում, մամռապատ, հին-հին քարեր կան։ Դրանց տակ են հանգչում մեծ բանաստեղծի նախնիները։ Երբ մտանք եկեղեցու բակ, մի ծերունի՝ նստած մի քարի, հենված ձեռնափայտին նայում էր քարերին։

– Էստեղ ի՞նչ ես անում, Աբրամ բիձա,– հարցրեց Արմենուհին։

Ծերունին ծանր բարձրացրեց հայացքը, երկար նայեց։

– Կարացի ոչ ճանաչեմ։

– Հարստանալու ենք,– ժպտում է Արմենուհին,– ասում եմ էստեղ ի՞նչ ես անում։



– Զրից եմ անում,– շատ հանգիստ խոսեց ծերունին, իսկ ես հանկարծ հիշեցի Ժամանակ-ծերունուն. ''Աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես, այն ես եմ թաղել…''։



– Ի՞նչ զրից ես անում,– մեզ աչքով է անում Արմենուհին։

–Ինչ իմանամ… զրից եմ անում…Ասում են՝ եկ, վախիլ մի, կան- չում են… էս ոնց անցավ, է՜… երկու օր ապրեցինք ու հմի պիտի գնանք, փուչ, փուչ աշխարհ ա…

–Ինչքան էլ կանչեն, չգնաս,– Արմենուհին ձեռքը դնում է ծերունու ուսին։– Լսո՞ւմ ես, չգնաս, շուտով Թումանյանի 100 տարին լրանում է, կաց քեֆ արա… Թումանյանին ճանաչո՞ւմ ես։

–Յանի Օհաննեսի՞ն… խի՞ չեմ ճանանչում, հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։– ''Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…’’։– Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։

–Ծննդյան հարյուր տարին շուտով լրանում է։

–Յա…– ծերունին տխուր օրորում է գլուխը, – երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։



-Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։

–Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու,– հանկարծակի հարցնում է ծերունին

Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։

Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։

–Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր ութ թվին։ Հմի երևի Բաքուն շատ ա փոխվել… Էյ գիդի հա… Որ Բաքու աշխատում էի, մի ղարաբաղ- ցու թատրոնում մեր Անուշին շանց տվին։ Որ տեհա, լացս եկավ։ Դե գեղացիս ա, բեմ ելած խալխին հավասար լացացնում ա… գեղի կարոտը, հողի կարոտը առա… Օհանեսը ասում էր, որ Թիֆլիսից Դսեղ եմ գալի, ամեն անգամ, գիշեր ըլի, թե ցերեկ, որ պոեզդը մտնում ա Լոռվա ձորերը, ծմակներից փչող օդը խուտուտ ա տալի, լցնում թոքերս, զարթնեցնում։ Վեր թռչելով նա ասում էր. ''Օրհնվես, հող…''։ Էդպիսի բան ա հողը…

Արմենուհին մարդ է ուղարկում, որ մի երկու ուրիշ ծերունիների էլ կանչեն։ Ասես նրա կանչելուն էին սպասում, քիչ անց գայթելով գալիս են նրանք, բարև են տալիս ու նստում իրար կողքի։



– Սարգիս բիձա, Թումանյանից մի բան պատմիր, ընկերները լսեն,– ասում է Արմենուհին,– ո՞նց մարդ էր։

–Շատ լավ մարդ էր։ Ոնց որ էսօր, հիշում եմ։ Աչքիս առաջն ա։ Եկավ, մազերս խառնեց, մոմպաս տվեց, հետո հորս հետ գնացին Բորչալու՝ ժողովի։ Բա ո՞նց չեմ հիշում։



Նրանք նստել էին սալ քարերին, կողք-կողքի, նայում էին մեզ ու չիբուխ էին քաշում։ Ես նայում էի նրանց ու մտածում էի, որ ոչինչ չի փոխվել։ Սա Թումանյանի աշխարհն է, ինձ թվում էր նույնիսկ, թե ինչ որ տեղ ես տեսել եմ նրանց, խոսել հետները, որ ահա այս մեկը գյուղացի Համբոն է, մյուսը՝ ''Հառաչանքի''-ի ծերունին, երրորդը անպայման Սուտլիկ որսկանն է, չորրորդը՝ Գաբո բիձան, և որ նրանք բոլորը միասին Կիրակոսին քարաբաղնիս սարքեցին, ու երբ արդեն մեռել էր Կիրակոսը, ''կտերը, արևումը նստոտած, նրանք պատմում էին, թե քանի-քանի հոգի է խեղդվել քարաբաղնիսից…''։ Ու չիբուխ էին քաշում, ինչպես հիմա։

–Որ գեղ գար, կհետաքրքրվեր մարդկանց ապրուստով, երեխաներին կամփետ կտար, հանաք բան կաներ բոլորի հետ, ծերերին կնստեցներ, պատմություն անել կտար, ինքը կգրեր։ Էդպես էր։

–Դու ի՞նչ կասես, քեռի Եզեկ։

Ծերունին ծխամորճը հանում է բերանից, մի պահ մտածում։

''– Է՜… է՜…է, կրակ էինք անում, շուրջը նստոտում, մինչև կես գիշեր զրույց անում, հեքիաթ ասում, որը չիբուխն էր զոռ տալիս, որը քնում էր… քեռի Եզեկն էլ շվի էր ածում…''։



– Ի՞նչ ասեմ… Օհանեսի հետ էնքան ենք ընկերություն արել։

Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։ Մաքուր մարդս, կասեր Օհաննեսը, միշտ էլ մաքուր տեղից ջուր կխմի։ Պախրի պես մաքուր մարդ էր Օհաննեսը… Էնքան եմ շվի ածել իրա համար… շատ էր սիրում…

Պատմում են ծերունիները, և դու տեսնում ես, որ Թումանյանը նրանց համար կենդանի մարդ է, նստում-վեր են կենում՝ նրանից են խոսում, նրանից մեջբերումներ են անում, Թումանյանն այստեղ երեխանների հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ։

Տասներեք տարեկան է եղել, որ հայրը նրան տարել է Թիֆլիս։

Թումանյանի մայրը, քույրերը, եղբայրներն ու մոտիկ հարևանները մինչև Ձաղի ձորը գնացել են, ճանապարհել նրան։ Մայրը, տղային հրաժեշտ տալուց հետո, տուն է եկել ու լաց լինելով ասել է. ''Տղիս տարան''։ Նա չէր ուզում, որ իր ''քյորփա էրեխեն են անիրավ աշխարհն'' ընկնի։ Թումանյանն իր ուղևորության մասին հետագայում գրում է ''Գիքորում''. ''Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը…''։

Իր հայրենի սարերից, աղբյուրներից, լեռներից գնացել է Թումանյանը, բայց հոգով ու սրտով իր սարերում ու լեռներում է եղել, աղբյուրների մոտ։ Ուր էլ եղել է, կարոտ-աչքի առաջ Դսեղն է եղել, Դսեղի հերանց գնացող արտերը.

Կլթացնում են, արտորում,

Արտույտները արտերում,-

Թռչում մանուկ հագուս հետ,

Ճախրում, ճըխում եթերում։

Հիշել է ''վես ու վիթխարի լեռների'' շուրջը տարածված անտառները, կարոտել.

Ո՞վ է ձեռքով անում, ով,

Հեռվից անթիվ ձեռքերով.

–Ջան, հայրենի անտառներ,

Դուք եք կանչում ինձ ձեր քով։

Հիշել է անգամ մանկության կենդանիներին. ''Իբրև հին կարոտ մտերիմների, հիշում եմ պոզատ գոմեշը՝ Նազլուն, Ծաղիկը (կով), Չերքեզը, Աբրաշը (եզներ), Թոբլան շունը, Ղայթարը (շան անուն), իմ պապոնց, մեր Մարինոս էշը, Ղռատ ձին…''



Ես գիտեի, լսել էի, որ Դսեղից վերև, անտառի մեջ կա մի լճակ, որին դսեղցիները անվանում են ''Ծովեր'' և, որ Թումանյանը շատ է սիրել ''Ծովերը''։ Դեռևս 1922-ին նա դիմել է հողժողկոմ Արամայիս Երզնկյանին, խնդրել, որ ''Ծովերի'' մոտ գրողների հանգստյան տուն կառուցեն։

– Կուզենայինք տեսնել Ծովերը,– ասում եմ Արմենուհի Թումանյանին։ Արմենուհին մի պահ նայում է ինչ-որ կետի, հետո ժպտալով ասում է։

– Խնդրեմ։ Թումանյանն այնտեղ շատ է եղել։ Գնանք։

Գյուղամիջով քայլում ենք։

– Այստեղ մի մարդ է ապրում, որի հարսանիքին Թումանյանը քավոր է եղել։ Մտնե՞նք։

Բակում նստած էին ''հարսն'' ու ''փեսան''։ Ծերունին գլուխը քաշ, տեր-ողորմյա էր քաշում, պառավը՝ ձեռքերը ծնկներին (ասես նկարվում էր), նայում էր ճանապահին։



-Բարի օր ձեզ,– բարձր ասաց Արմենուհին։– Կարելի՞ ա…

–Եկեք, եկեք։– Պառավը վեր կացավ տեղից։– Ախչի, աթոռ բերեք։

–Ասում են Հովհաննես Թումանյանը ձեր քավորն է եղել, ճի՞շտ է, -հարցնում եմ ես։



– Հա, բա ոնց, ճիշտ ա,– հպարտացավ պառավը։– Կարողա՞, որ ճիշտ չըլի…

Ծերունին լուռ, դեռևս ոչինչ չհասկանալով, նայում էր մեզ։

–Արտեմ բիձա, Թումանյանի մասին մի երկու բան ասա, լսենք։

Ասես հենց դրան էր սպասում։ Դասը սերտած աշակերտի պես ծերունին սկսեց.



-Մի անգամ հերը աղունը տարել էր աղալու. ջրաղացում տեսնելով միրգ ծախող մի գյուղացու, աղունը թողնում ա ջրաղացում, միրգը բեռնում ձին, բերում։ Կինը հարցնում ա. ''Տերտեր, բա ալյուրը ո՞ւրա''։ Տերտերը թե՝ ''Ջրաղացում ջրաղացպանը դեռ աղում ա''։ ''Ախր, անտեր ա, կգողանան''։ ''Չունեվոր մարդիկ են, թող մի քիչ էլ գողանան'',– ասում է Օհաննեսի հերը։ Օհաննեսն էլ շատ լավ մարդ էր։ Էջմիածնա որբերը բերել տանը պահում էր։ Մի օր էդ որբերին շատ հեքիաթներ ա պատմել, ծիծաղացրել ա, հետո, որ որբերը քնել են, ինքը գնացել, պարտեզում նստած լաց ա եղել… ախպերն ա տեսել…

Ու դեռ՝ ''Օհաննե՜ս աղա''…

Ծերունին լռում է։

–Էլ ի՞նչ գիտեք, հայրիկ։

–Հա, Օհաննես Թումանյանը ուսում շատ էր սիրում, ուսումնասեր մարդ էր, նրա պես ուսումնասեր մարդ, ես կյանքիս մեջ տեսած չեմ։ Որ գեղ գար, իսկույն գեղիցը կհարցներ։ Մի անգամ, էլի որ գեղ էր եկել, գնացինք գանգատ արինք։ Առաջ դպրոց չկար, ասացինք, հիմա էլ դպրոց կա, ամա շատերը իրենց երեխեքին դպրոց չեն տալի։ Ասաց՝ օրինակ, ո՞վ։ Ասացինք՝ Ալեքսին։ Կանչել տվեց։ Ալեքսին եկավ, թե՝ բարով ես եկել, Օհաննես ջան։ Օհաննեսն էլ թե՝ բարիդ եմ եկել։ Էս ոնց ա, քեզնից բողոքում են։ Երեխեքին խի՞ չես դպրոց տալիս, որ աշխարհքի լիսն ու մութը ջոկեն, գրաճանաչ դառնան, խավարումը չմնան։ Ալեքսին էլ թե՝ Օհաննես ջան, չկա, բա որ ըլի, ղարգիլ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ։



''Ամեն ինչ անցողական ա, – ասաց Օհաննեսը ,– ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում''։

– Ձեր հարսանիքը հիշո՞ւմ եք, – հարցնում եմ։

– Հիշում եմ… Օհաննեսը մեր քավորն էր, հարսանիքը շատ լավ անցավ, շուլուխով, օրենքով։ Ասես երեկ էր, ափսո՜ւզ…

Ծերունու հիշողությունը լավ չէր։ Մինչ նա կհավաքեր մտքերը, կինը՝ Մարիամը, ամուսնուց ջահել ու շատ աշխույժ մի պառավ, սկսեց.

– Ես ասեմ։ Թումանյանը իմ ու նշանածիս քավորն էր։ Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ ա, կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ տեսնեմ Թումանյանը։ Ծանդր մարդ էր, խելոք։ Մեծ տղի հետ կանգնած էր։ Կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ Թումանյանը տղին ասում ա. ''Համլիկ, մեր էս թազա հարսին նկարիր''։ Մանչում եմ, ոնց եմ մանչում, էրեսս էրվում ա։ Կարացի ոչ փախչեմ, մնացի շշկլած, կանգնած։ Թումանյանի տղեն նկարեց, ամա ես տանը ասեցի ոչ. սկեսուրս ձեռիցս կբռներ, դուրս կաներ։ Էդպես էլ ոչ մեկին ասացի ոչ։ Էդպես էլ անցավ գնաց ու շատ բաների հետ էդ էլ եմ հիշում։

– Դե հիմա էլ ինձ ականջ արա,– խոսք վերցրեց ամուսինը։– Օհաննեսը ինչ գրել ա, ճիշտ ա գրել։Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը։ Էդպես ա եղել։ Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղ ա ուղարկել։

– Պուլիկը մինչև հիմա էլ պահում ենք,– ասում է Մարիամ մայրիկը։

– Հա, որ գեղ գար, կխնդրեր, որ ծեր մարդիկ իրա համար բաներ պատմեին, ինքը գրի կառներ, դիմացը փող կտար… մի անգամ էլ ես եմ մի լավ բան պատմել, հիմի չեմ հիշում ինչ, ինձ երկու մանեթ ա տվել… Մի անգամ էլ գնացի Թիֆլիս, մի տեղով անցնելիս, տեհա մեր գեղացի երկու մարդ գինի են խմում։ Ասացին Օհաննեսը հիվանդ ա, գնանք մոտը։ Գնացինք։ Ծանդր հիվանդ էր։ Դուռը բաց արինք, տեսանք սեղանը մոտեցրել ա, որ բռնի վեր կենա. Բռնել ա սեղանից, մի քիչ բարձրացել ա ու չի կարողանում շարժվել։ Մեզ որ տեսավ, շատ ուրախացավ։ ''Էդ ոնց ա եղել, որ Ռոստոմի խոտը էրվել ա'',– տխուր ասաց նա։ Միշտ էդպես կհետաքրքրվեր գեղացիների դարդովը։

Արևը բարձրացել, կանգնել է լեռների վրա։ Հնձած արտերի միջոցով գնում է նեղ ճանապարհ։ Գնում ենք ''Ծովեր''՝ Թումանյանի սիրած վայրերից մեկը։ ''Ծովերի'' մոտ, կանաչ խոտերին պառկած, Թումանյանը նայել է դեպի մաքուր երկինքը, ժամերով նայել է վերջալույսի վարդագույն ամպերին, հետևել է Չաթինդաղի գագաթին նստած թխպերի խաղին, նրանց դանդաղ-դանդաղ ընթացքին ու երազել… Լսել է ծղրիդի ճռռոցը ու երազել… ''Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի, կանաչի ու թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի վրայով… Գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ պառկած խորասուզվել եք ջինջ կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերը համատարած ճըռռ… ճըռռ…''։

Արևից ծառերը երկար ստվեր էին գցել։

– Հրեն Ծովերը, – ասաց Արմենուհին, – շուտով այստեղ գրողների հանգստյան տուն կկառուցվի… 22 թվին Թումանյանը դիմել է, հիմա սկսում ենք շինարարությունը՝ մոտ 47 տարի հետո…Շատ գեղեցիկ հանգստավայր է լինելու։

Մենք հասնում ենք Ծովեր, նստում ենք ստվերախիտ ծառերի տակ։ Այստեղ, գուցե հենց այս ծառի տակ, որտեղ մենք ենք նստած, տիեզերական այս լռության մեջ, նստել է Թումանյանը, նստել են Իսահակյանը, Շիրվանզադեն, Վալերի Բրյուսովը, Տերյանը, Լեոն և մեր մյուս երախտավորները։ Ճարմանայի անհաջող ճակատամարտից հետո այստեղ է դադար առել Վարդան Մամիկոնյանը ու նորից համալրված, գարնան հեղեղի պես գնացել գրոհի։ Այստեղ, 1896 թվականին ընկերներով քեֆ է արել Ստեփան Շահումյանը։ Հետագայում Շահումյանը շատ է մտաբերել Հովհաննես Թումանյանի հետ անցկացրած պահերը, ջալալօղլեցի Սերգեյ Տեր-Գրիգորյանի աղջկան՝ Քեթևանին, որին բոլորը քնքշանքով Քեթո էին ասում, և նրա կրտսեր քրոջը՝ փոքրիկ Ելենային (Լելուշ)։ Շահումյանը նամակ է գրել իր սիրած աղջկան՝ Քեթոյին, խոսքը համեմելով Թումանյանից մեջբերած մի հատվածով՝ ''Ուր Չաթինդաղի…'', և ավելացրել է Թումանյանի ոգով.

''Եվ ուր վերջապես ապրում են երկու սիրելի քույրե

Քեթոն է մեկը, մյուսը՝ Լելուշ

Իրենց երկրի պես քաղցր ու անուշ''։

(Ի դեպ, Քեթոն՝ Ք. Տեր-Գրիգորյանը, հետագայում դարձավ մեծ հեղափոխականի՝ վտանգներով լեցուն կյանքի հավատարիմ ընկերուհին)։

Նստում, հանգստանում ենք կանաչ խոտերին։ Ծառերի ստվերները պառկել են լճի վրայով, և ջուրն այնպես վճիտ է…

Ես մտնում եմ անտառ ու խորանում եմ անտառի մեջ։ Մարցի անտառներն են։ Հաճարենինեի կատարները երկինք են հասնում։ Արևը դժվարությամբ է ընկնում անտառ և այնպես հով է, այնպես մութ ու խաղաղ…

Վեր է կացել են սարում

Մեր Չալանկը իր թևից.

Գնում է մութ անտառում,

Քաջ ախպերս ետևից։

Պարզ, հասարակ, ու էնքան պարզ ու հասարակ, որ թվում է նստես, դու էլ էդպես կգրես։ Բայց չէ, ինչքան պարզ ու էնքան էլ հանճարեղ է։

Զրնգում են նրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թվում է, թե՝ կգան…

Զո՜ւր… վաղուց են, ախ, նրանք

Մեր սարերից գնացել.

Էդ զիլ ձեներն են մենակ Իմ ականջում մնացել…

Սուս… լռություն է. ոչ ձայն, ոչ ծպտուն. լռության մեջ թշշում է մթին անտառը։



Հետո մենք գնացինք նայելու Դիդը։ Գյուղի վերևի մասով էինք անցնում։ Մի ջինջ, սառն

առվակի վրայով անցնելիս, մեկն ասաց.

– Թումանյանը էստեղ լողացել ա։

Ակամայից կանգ առա, նայեցի ներքև վազող ջրերին։

– Այսինքն փոքր ժամանակ. գրած էլ ունի։

Էն առվակում կեսօրին

Երբ որ շոգից նեղանում

Գնում էինք լողանում…

– Էս առվակի մասին ա ասում։ Մարոն էլ հրեն էնտեղ ա թաղված։

Մեզ ցույց տվեցին հեռվում, մեն-մենակ կանգնած մի ծառ։

– Էնտեղ ա թաղված։ Հիշո՞ւմ եք.

Էն մենավոր ծառի տա

Փոս փորեցին մի խորին

Առանց ժամ ու պատարագ՝

Մեջը դրին Մարոյին։

– Մենավոր ծառը էն ա։

Դիդն արդեն մոտ էր։ Սա Թումանյանի ամենասիրած վայրն է. ''Հեյ գիդի հա… Ի՜նչ օրեր եմ անցկացրել փոքր ժամանակս էստեղ։ Երեխեքով հավաքվում էինք Դըդի դոշը՝ ուրց էինք քաղում, հասկերից պկու շինում, մեջքներիս վրա պառկում էինք ու ածում… ի՜նչ լավ էր… ''։ Իր կյանքի վերջին օրերին, Մոսկվայում, ծանր հիվանդ, Թումանյանը նորից անհուն կարոտով հիշել է Դիդը. ''Շատ էի ուզում, որ Դըդի ուսին լինեմ. էնտեղ եմ անցկացրել երեխա ժամանակիս լավ օրերը… Շատ եմ խաղացել էնտեղ, շա՜տ…''։ Թումանյանը նույնիսկ երգ ունի Դիդի մասին, որի խոսքն ու երաժշտությունը ինքը՝ մեծ բանաստեղծն է գրել։ Տուն-թանգարանում Արմենուհի Թումանյանը շատ չարչարվեց, բայց մագնիտաֆոնը չաշխատեց։

– Մագնիտաֆոնը շատ է հին, չի աշխատում, ուզո՞ւմ եք ես երգեմ ձեզ համար.

Ամպ ու հովերն անո՜ւշ-անո՜ւշ,-

Անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ,

Անջրայի՜ն, թեթևա՜սահ

Ամպ ու հովերն անո՜ւշ-անո՜ւշ։

Թախծոտ երգեց Արմենուհին։

Չկատարվեց Թումանյանի երազանքը։ Չկարողացավ վերջին անգամ տեսնել Դիդը, հրաժեշտ տալ Դիդին…

Դեռ պատանի, դեռ Ջալալօղլում, նա երազում էր տեսնել Եգիպտոսը ու երբ հեռանում էր Ջալալօղլուց, և ընկերները հրաժեշտի երգ էին երգում.

''Է՞ր հեռանա

Քո մայրենի աշխարհից…''

Նա գնում էր ու ասում.

– Ես ձեզ կտանեմ Եգիպտոս…

Եգիպտոս… Նա Ղարաբաղն անգամ չկարողացավ տեսնել. Լեոին խոստացել էր, իր բժիշկը ղարաբաղցի էր՝ ''մի շատ լավ, ազիզ տղա''՝ Գրիգոր Սուղյան, նրան էլ էր խոստացել ու չկարողացավ կատարել խոստումը, չկարողացավ անգամ Ալեքսանդրապոլ մեկնել՝ ''Անուշ'' օպերայի առաջին ներկայացմանը… Ժամանակ չուներ։ Մեծ հաշտարար էր, կյանքը վտանգի տակ դնելով, սպիտակ դրոշը ձեռքին, լեռներում ման էր գալիս. ''Ինչպես պիտի ծիծաղեք, երբ ինձ տեսնեք լեռներում, պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով''։ Հետո՝ ''…ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղություն պահպանելու… Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ''։ Եվ այսպիսի մարդու՝ Սարբոնի ու Պետերբուրգի համալսարաններն ավարտած երեք որդիներին բոլշևիկները տարան սիբիրներում կորցրին։

Դժբախտ դարում էր ծնվել, ժամանակ չուներ, և գրվելիք բանաստեղծություններն ու պատմվածքները դառնում էին նամակի պարզ ու հասարակ տողեր.



''…Վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, Արևելքում պատռվեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու իսկույն… կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրով ու մշուշով… Բայց այն ինչ հրաշք էր։ Այն Արևելքի ոսկե դռներն էին…''։



''Ես չեմ մոռանա այդ րոպեն. ոտներիս տակ, ներքև, պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը…

Հրազդան, գետակդ իմ հայրենի,

Հրազդան, ջըրիկդ իմ անուշիկ…''

''Ղողանջում էին Էջմիածնի զանգերը-լայնածավալ հառաչանքի նման, ես երբեք այսքա

տխուր չեմ լսել Էջմիածնի զանգերի ձենը''։

''Ես աշխատում էի չնայել Արաքսին ու Մասիսին։ Բայց, այնուամենայնիվ, նայեցի մի անհասկանալի երկյուղով- Մասիսի գլուխն ծածկված էր ամպերի տակ.

Արաքսը ձեն չէր հանում- չէր պտտում

Ծանր ու խոր թշշում էր… ''։

Մենք բարձրանում ենք Դիդի կատարը։ Երևում են Չաթինդաղի, Պապաքարի, Դվալի, Լալվարի, Քոշաքարի, Ղարախաչի լեռները, Մոտկորի անտառներն ու Լոռու ձորերը։ ''Հեյ գիդի հա, մեր Լոռվա սարերը, ձորերը, անտառները…– մահվան մահիճին գամված ասել է նա,– մտքովս ինչպես գնացի հին ծանոթներիս մոտ, որ հիմի չկան, ինչպես եմ վերապրում անցած կյանքս՝ արդեն չքացած…''։ Երևի վերջին ժամերին նորից Դիդն է հիշել. ''Մարդ հիմի բարձր, շատ բարձր սարի վրա լինի''։ Մահը արդեն մոտ, շատ մոտ էր, իսկ նա երազում էր, երազում էր… ''Ախ, երանի ''Հազարան բլբուլս'' գրած լինեի, ի՞նչ լավ կլիներ''։ ''Ախ, մի վեր կենամ, ինչե՜ր կարելի է հրապարակել, ի՜նչ հնարավորություններ կան հիմա պարապելու, գրելու, բոլորը, բոլորը կա՝ առատ, լավ, իսկ ես… ես էս օրի եմ''։ ''Խանգարեցին, չթողեցին մարդ նստի, իրեն գործով կենա։ Ինչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա''։ Ու նորից՝ ''Ախ, թե մի առողջանայի, դռներս պինդ եմ փակելու, որ էլ մարդ չթողնեմ ներս, նստելու եմ ու պարապելու և լավ եմ պարապելու''։ ''Գարունքի հետ հենց աչքերս բացվեն, ինչեր եմ թափելու, հեքիաթների, լեգենդների հեղեղ…''։ ''Շատ բեդովլաթ ժառանգ դուրս եկա։ Լոռին ինձ ահագին կապիտալ էր տվել, ծախսեցի, փուչ արի։ Ինչպես շռայլեցի, բոլորը կորցրի…''։



Կյանքս արի հրապարակ, ոտի կոխան ամենքի,

Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի։

Մահվանից առաջ կարոտով ասել է. ''Ես ավելի շատ մեր տունը կգնամ, մեր տունը

էնքան եմ կարոտել…'' (Հիշո՞ւմ եք ''Գիքորում''. ''…ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դեդի… ես մեր տունն եմ գնում…'')։

Դա էլ չկատարվեց, դա էլ մնաց սրտումը։ 1923 թվի մարտի 22-ին (Դսեղում արդեն գարուն էր) Մոսկվայում մի ցուրտ, մի սառնամանիք առավոտ Թումանյան

հարազատներին պատգամ արեց.

– Ղոչաղ կացեք։– Ու դեռ այնքան ջահել՝ գնաց աշխարհից.

Աղբյուրները հնչում են ու անց կենում,

Ծարավները տենչում են ու անց կենում,

Ու երջանիկ ակունքներին երազուն

Պոետները կանչում են ու անց կենում…

Հեռվում ինչ-որ տեղ մեկը երկար կանչում է։ Հովիվ է երևի, ընկերոջն է կանչում։



Ես սթափվում եմ մտքերից։

– Գնանք, արդեն ուշ է,– ասում է Արմենուհին։

Արևը մոտենում է Չաթինդաղի կատարներին։ Մենք բլուրն ի վար իջնում ենք դեպ

գյուղ։

Երկնքում հատուկենտ աստղեր են երևում։

Հեռվում, Ծաթերից այն կողմ, լեռների վրա երևում է լուսինը՝ կիսատ հաց՝ վրա

մատների հետքեր։

Հրաժեշտ ենք տալիս դսեղցիներին ու Դսեղին։ Արդեն տոմս են պատվիրել մեզ համար, դանդաղ, զրուցելով իջնում ենք դեպի Թումանյան բարձունքը։

Գեղեցիկ է Լոռու ձորը՝ շրջված երկինք։ Լուսինը լեռների ետևից ելել ու մնացել է կանգնած. ձորը խորն է, վախենում է ձորի վրայով անցնել, իսկ աստղերը՝ ցածր, խոշոր-խոշոր, պլշած նայում են։ Ներքևում վշշում է ''տան տակի ձորի'' Դեբեդը. ''Գիշերները լռության մեջ միշտ ականջ էի դնում Դեբեդի ձայնին՝ երբեմն խուլ ու խոր, երբեմն պարզ ու ահավոր։ Եվ կարծես խոսում էր հոգուս հետ…''։ Լուսնալուսնի տակ փայլփլում ու կորչում է Դեբեդը, ասես կանչում է. ''Արի, Անուշ, արի տանեմ յարիդ մոտ''։

Վերևում բարձր, շատ բարձր, կամիր լույս արձակելով մի օդանավ անցավ, հետո մի

աստղ պոկվեց, գնաց, կորավ աստղերի մեջ։

Երկնքի անհուն, հեռու խորքերի

Անմուրազ մեռած սիրահարներ

Աստղերը թըռած իրար են գալիս…

– Սա Թումանյանի բարձունքն է։ Դսեղ գյուղը հիմա կոչվում է Թումանյան, հրեն Թումանյան բանավանը, Թումանյան կայարանը։ 950 աշակերտի համար դպրոց ենք կառուցում, էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ 21 կիլոմետր հեռավորությունից Փորթ-փորթ աղբյուրի ջուրը գյուղ ենք բերում և աղբյուրը էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ Սանահինի քարափին ամբողջ հասակով մեկ կանգնեցնում ենք արձանը։– Դսեղ գյուղի կոլտնտեսության նախագահ Սարգիս Աղաբեկյանն է խոսողը։

– Այնպես որ, համատարած Թումանյան է,– ժպտում է Արմենուհին և արտասանում է Էմինի տողերը.

Երբ Թումանյանը աշխարհում չկար,

Արդյոք Լոռվա սեգ լեռները կայի՞ն…

–Չկային,– իսկույն ասում է Սարգիս Աղաբեկյանը ու շարունակում է,– Էս ձորում՝ Ձաղի ձոր ենք ասում, Թումանյանի պապոնց այգիներն են եղել, որի մասին ''Հին օրհնության'' մեջ գրել է։ Լույս լիներ, կգնայինք, կնայեինք, ընկուզենիների բները մնում են դեռ։ Էն ձորում էր ապրում Ղոխնանց պապը։ Հիշո՞ւմ եք, ''Հառաչանքում'' գրած է։ ''Հառաչանքում'' գրածը հենց ինքը՝ Ղոխնանց պապն է պատմել Թումանյանին։

Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։

– Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք,-ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։

Մենք արահետով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ արահետն է. մորոլվելու վախ չունենք։



Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.

Հեյ , պարոններ, տեսա կանաչ գարունքին

Էս սարերում լաց էր լինում մի պախրա,

Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին

Էս սարերում լաց էր լինում մի պախրա

Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից

Գանգատվելով մարդու անգութ արարքից

Արյուն տալով, մղկտալով իր վերքից

Էս սարերում լաց էր լինում մի պախրա…

Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Հետո Փամբակի լեռներում սուլեց, այնուհետև երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։



Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։


=============



ՓՈՐՁԱՐԿՈՒՄ


Այս կողմերում հազվադեպ են ամպրոպները և թերևս դա էր պատճառը, որ Եվան, արթնանալով քնից, սկզբում չհասկացավ, թե ինչ թնդյուն-դղրդյուն է դրսում։ Հետո պարզորոշ լսեց ջրհորդաններում աղմկող ջրի ձայնը, ու նա հասկացավ, որ անձրև է տեղում։ Երբեմն առ երբեմն՝ նախ թույլ, ապա հետզհետե ահագնանալով, որոտում էր երկինքը։

Սովորություն էր՝ առավոտները չէր ուզում ելնել անկողնուց։ Սիրում էր երկար մնալ այդպես տաք ու փափուկ անկողնում, լսել դրսի ձայները, տրվել հուշերին։ Վերջին ժամանակները, չգիտես ինչու, նա ավելի հաճախակի էր տարվում այդ հուշերով։ Ինչո՞ւ էր այդպես՝ հասկանալ, ըմբռնել չէր կարողանում։ Նրան անհանգստություն էր պատճառում հատկապես այն հանգամանքը, որ, ասես ճակատագրի չար հեգնանքով, և նախկին ամուսինը՝ Ստեփանը, և նորը՝ Դավիթ Ավետովիչը, աշխատում էին նույն լաբորատորիայում, կողք-կողքի։ Ավելի շուտ՝ դա ոչ թե անհանգստացնում, այլ մի տեսակ բարկացնում, անբավականության զգացում էր առաջացնում իր մեջ։ Գնալով՝ Եվան ավելի ու ավելի էր ափսոսում իր թեթևամիտ քայլի համար, որ տեղի տվեց հոր շարունակական հորդորներին, բաժանվեց Ստեփանից։ Այո, վարձով էին ապրում, դժվար էր, Ստեփանի աշխատավարձի կեսից ավելին գնում էր դրան, իսկ հայրը դիտավորյալ չէր օգնում, թեպետ դրա հնարավորությունն ուներ։ Հայրը դժգոհ էր Ստեփանից, որ, փոխանակ ասպիրանտուրայում մնալու, գերադասեց գնալ նավթահանքեր։ Հորը կատաղեցրեց նրա այդ քայլը։ ''Նա կուլտուրական կյանքով ապրել չգիտի,– ասում էր հայրը,– այդպիսիները կարիքի մեջ են լինում շարունակ։ Ես գեղեցկուհի աղջիկ չեմ մեծեցրել , որ նավթագործ բանվորի տամ, դուրս եկ դրանից, ես գիտեմ, թե ում հետ եմ ամուսնացնելու քեզ։ Մինիստրի հետ եմ ամուսնացնելու։ Հարստության, ոսկու մեջ լող ես տալու''։ Ինչո՞ւ, ինչո՞ւ լսեց նրան, եթե ինքը երջանիկ էր Ստեփանի հետ։ Պարզապես չհասկացավ դա, չուզեց հասկանալ։ Հայրը, իրոք, մինիստրի հետ ամուսնացրեց նրան. Դավիթ Ավետովիչը արդյունաբերության մինիստրի տեղակալ էր ու միաժամանակ դասախոսում էր քիմիայի ինստիտուտում։ Ստեփանը նույնպես այդ ինստիտուտն ավարտեց։ Իսկ ինքը երրորդ կուրսից թողեց, դուրս եկավ։ Դարձյալ հիմարություն արեց։ Հերթական հիմարությունը։ Եվան կարոտով մտաբերեց կուրսեցիներին՝ Լեոնիդին, որ գաղտնածածուկ սիրահարված էր իրեն, Ռաֆայել Ալիզադեին, որ հիմա նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտի դիրեկտոր է, Ելենային, որի հետ շատ մոտ էր և որը, համաձայն իր խոստովանության, վաղուց, դեռևս դպրոցական նստարանից, սիրում էր Ստեփանին։ Կրկին ու դարձյալ Ստեփանին հիշեց, վերստին ապրելով այն գեղեցիկ պահերը, որ անվերադարձ անցան ու էլ ետ չեն դառնալու… Եվան հանկարծ հիշեց, թե ինչպես մի անգամ Ստեփանը քիչ էր մնում խանդից սպաներ իրեն այն բանի համար, որ ինքը ժպիտով պատասխանել էր հարևանի բարևին։ Աստված իմ, ինչպես է նա կարողանում Դավիթ Ավետովիչի հետ աշխատել միասին, ինչպիսի մտքեր են ծագում նրա մեջ։

Նա ելավ անկողնուց, ոտքերով գտավ հողաթափերը, և գիշերանոցով, որի մեջ հստակորեն գծագրվոում էր նրա վայելուչ փխրուն մարմինը, մոտեցավ լուսամուտին։

Գորշավուն երկինքը քաղաքի վրա մռայլ մաղում էր իր ջրե փոշին, և ամբողջ բակն ու բակից այն կողմ, ասֆալտապատ փողոցը ճարպե փայլ էին ստացել։ Փողոցի ծայրին լուսաֆորը ներկվում էր մեկ կարմիր, մեկ դեղնագույն, մեկ կանաչ, և թաց ասֆալտը շարունակ անդրադարձնում էր այդ գույները։

Եվան՝ բարակ հոնքերով, նուրբ ու կապուտաչ, շեկ մազերով, որ արտակարգ գրավչություն էին տալիս նրա դեմքին, լուսամուտի առջև կանգնած լռին նայում էր դուրս, ուր թաց անձրևանոցներով ու անջրանցիկ թիկնոցներով աշխատանքի էին շտապում մարդիկ. Աշնանային քաղաքն արթնանում էր քնից։

Երրորդ տարին էր, ինչ Եվան ապրում էր այս տանը, սակայն այդպես էլ ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ ոչ տանը, և ոչ էլ, ավաղ, ամուսնուն։

Խոհանոցից ափսեների ձայն լսվեց։ Մարիամն է՝ մտածեց Եվան։ Ամուսինն արդեն աշխատանքի էր գնացել։ Միշտ այդպես էր. առավոտ շուտ , մինչև վարորդը կգար նրա ետևից, տեղից ելնում, մի գավաթ սուրճ էր խմում, կարագով պանիր-հաց ուտում և մեկնում՝ առանց կնոջն արթնացնելու։ Նա գնում էր քաղաքային փակ լողավազան՝ լողանալու, իսկ այնտեղից՝ ուղիղ մինիստրություն։

Այո, Մարիամն էր։ Նա այտեղ խոհանոցում, հավաքում էր սեղանը։ Մարիամը՝ իր տարիքին անհամապատասխան դյուրահավատ ու եռանդուն, առաջին հարկում էր ապրում։ Ոչ ոք չուներ և վաղուց, մինչև նույնիսկ Եվայի գալը, տանու մարդ էր համարվում այս ընտանիքում, ամեն ինչի հասնում, օգնում էր, և նույնիսկ բավականություն էր ստանում այն բանից, որ ինչպես Եվան, այնպես էլ նրա ամուսինը՝ Դավիթ Ավետովիչը, վստահում են իրեն, վերաբերվում ինչպես հարազատի. նա նույնիսկ առանձին բանալի ուներ, օրվա ուզած ժամին կարող էր գալ և, ինչպես սեփական տանը, անել այս կամ այն գործը։ ''Ձեր ցավը տանեմ, աշխարհը մեծ է, բայց էս մեծ աշխարհում ձեզնից բացի ես ոչ ոք չունեմ,– ամաչելով, քաշվելով ասում էր նա երբեմն։– Առանց ձեզ թող մի օրս չլինի''։ Ի պատասխան՝ Դավիթ Ավետովիչը կատակում էր. ''Շուտով ամուսնացնելու եմ քեզ, Մարիամ։ Մի լավ մարդ եմ ճարել քեզ համար''։ ''Պետքս չի,– թախծական, մեղավոր ժպիտը դեմքին ու մի տեսակ ծեքծեքուն, արձագանքում էր Մարիամը՝ չհամարձակվելով ուղիղ նայել Դավիթ Ավետովիչին,– իմ բաժին մարդը Հիտլերը կերել է''։ Եվ Դավիթ Ավետովիչն ու Եվան, և ամբողջ բակը գիտեին, որ ընդամենը մի քանի օրվա ամուսնացած՝ նրա ամուսնուն տարել էին ռազմաճակատ, որտեղ նա զոհվ՚ել էր Կերչի համար մղված մարտերում։ Մինչև հիմա էլ Մարիամը պահում է նրա նամակները՝ գրված Ղրիմից։

Եվան, դանդաղ շրջվելով լուսամուտից, պարզ, բայց ճաշակով կահավորված ննջասենյակով, որի մի պատը, մինչև առաստաղ, ծածկված էր գրադարակներով՝ դարակներին մեկընդմեջ դրված արձանիկներ, անցավ միջանցք, ուր Մարիամը չոր շորը ձեռքին սրբում էր պատի մեծադիր կլոր հայելին, բարի լույս ասաց նրան և մտավ լոգասենյակ՝ լվացվելու։

Քիչ անց, երբ նա դուրս եկավ այնտեղից՝ խավավոր երեսսրբիչը ձեռքին, Մարիամն արդեն ննջասենյակում էր և ինչ-որ բան էր խոսում այնտեղ։ Ուշադրություն չդարձնելով նրան, Եվան, հայելու առջև կանգնած, սկսեց պուդրել երեսը։ ''Վույ, մեղա քեզ աստված, էս ի՞նչ այլանդակ տեսք ունի,– պարզ լսվեց Մարիամի ձայնը,– էս տեսակ բաներին մարդ էլ փող կտա, կառնի՞…Քանի օր է մաքրում եմ, չի անցնում… Վերցնես ու դանակով մի լավ քերես։ Սպասիր մի հատ հարցնեմ Եվային, մեկ էլ տեսար բարկացավ''։– Եվա…

–Ինձ հե՞տ ես , Մարիամ,– կիսաշրջվելով ննջասենյակի կողմը, հարցրեց Եվան։

–Էս բանի մասին եմ, է, հարցնում,– ձեռքին ինչ-որ արձանիկ՝ առաջ եկավ Մարիամը։– Ասում եմ, ի՞նչ անեմ, չի մաքրվում։ Գուցե քերե՞մ դանակով։

–Ի՞նչը քերեք։

–Չե՞ս տեսնում… Իրենից մի բան չի ներկայացնում հերիք չի, քիթ ու մռութն էլ ներկի մեջ կորած։

–Դա ներկ չի, Մարիամ, ծառի տեսակ է դա։– Եվան կրկին շրջվեց դեպի հայելին։– Իսկ գիտե՞ք քանի տարվա արձան է։ Հարյուր տարվա։

–Ի՜նչ ես ասում,– Մարիամն օրորեց գլուխը, և, արձանիկը դնելով տեղը, սկսեց հեռվից դիտել այն։– Տեր աստված, մի՞թե Դավիթ Ավետովիչը մի բան չի գտել առնելու, որ դա է առել։ Ինչ հնացած բաներ է տեսնում, առնում, տուն է բերում, մի ասող լինի՝ էդ փողերն ինչ՞ ես քոռուփուչ անում։

–Արվեստ շատ է սիրում,– ուշացումով ասաց Եվան և սկսեց իրեն զննել հայելու մեջ։

–Թող սիրի՝ ինչքան սիրտն ուզում է, միայն թե, ասում եմ, մի կարգին բա՞ն չի գտել առնելու, որ դա է առել,– չէր հանգստանում Մարիամը։– Մի տես աչքերը ոնց է չռել։ Վու-ո՜ւյ, պռոշներն էլ հաստ-հաստ՝ ոնց որ սատանա։ Գիշեր ժամանակ մարդու առաջ դուրս գա՝ վախից տեղնուտեղը սիրտը կճաքի։ Տեսնես սրա՞ն էլ է աստված ստեղծել։

Եվան ժպտաց Մարիամի՝ ոչ այն է միամտորեն ասված խոսքերի, ոչ այն է շինծու պարզամտության վրա, և ասաց.

–Մարիամ, դա հենց ինքն աստված է, աֆրիկացիների աստվածը դա է։

Մարիամը, իբր շատ զարմացած, շուրթերն իրար բերեց։

–Ի ծնե էդպիսի աստված տեսած չկամ,– ասաց նա ննջասենյակից,– մի նայիր, ոչ միրուք ունի, ոչ դեմքն է սրբի դեմք… Դրանից ի՞նչ աստված, մեզ նման մարդ է։

–Աստվածները միշտ էլ նման են եղել նրանց, ովքեր իրենց երկրպագել են։

Մարիամն, ի պատասխան, ցանկացավ դարձյալ ինչ-որ բան ասել, սակայն հնչեց հեռախոսազանգը, և նա, մոտենալով հեռախոսին, վերցրեց ընկալուչն ու մի պահ լսելուց հետո, ասաց.

–Բարև, աստծու բարին… Իսկ ամոթ չլինի, հարցնողն ո՞վ է… ի՞նչ։

Եվան տարակուսական նայեց Մարիամի կողմը՝ չկարողանալով կռահել, թե նա ում հետ է խոսում։

–Դե որ էդպես է, մի րոպե կանգնի, կանչեմ։-Մարիմը խոսափողը դրեց փոքրիկ սեղանին և, ասես հույժ կարևոր գաղտնիք էր հաղորդում, կամացուկ ասաց.– Եվա, քեզ են ուզում… Էս ով էր՝ ճանաչել չկարացի։

Եվան, չգիտես ինչու, ինչ-որ անորոշ ու տարտամ զգացումով մոտեցավ հեռախոսին։

Ձայնի մեջ ինչ-որ ծանոթ, հարազատ երանգներ կային, սակայն Եվան միանգամից ճանաչել չկարողացավ։

–Լավ չէ, լավ չէ, սիրելիս, մտերիմներին այդպես շուտ չեն մոռանում,– ասացին հեռախոսագծի մյուս ծայրում։-Աստված չի ների դա քեզ, Եվա։

–Աստված առանց այդ էլ բարեհաճ չէ իմ հանդեպ,-քմծիծաղեց Եվան, միաժամանակ ճգնելով ճանաչել այդ ծանոթ ու անծանոթ ձայնը։

–Մի չարչարվիր, չես ճանաչելու։ Այդպես է, եթե մարդու հիշողության մեջ չես մնացել, ուրեմն հույս մի դիր, թե երբևէ տեղ ես ունեցել նրա սրտում։ Ինչպե՞ս է Ստեփանը։

–Դո՞ւ ես, Լեոնիդ…– վերջապես ճանաչելով խոսակցին, ուրախաձայն ասաց Եվան։-Ներիր, իսկույն ճանաչել չկարողացա։ Ախր, ձայնդ շատ է փոխվել։

–Օդանավակայանում մրսել եմ՝ դրանից է,– արձագանքեց Լեոնիդը։-Այլապես չէի ների քեզ՝ ինձ այդպես ուշ ճանաչելու համար։

–Դու հիմա որտե՞ղ ես լինում։ Լսել եմ, որ ինչ-որ տեղ Արևմտյան Սիբիրում ես։ Պատկերացնո՞ւմ ես, հենց նոր քո մասին էի մտածում։

–Չէ հա։ Ճի՞շտ։

–Ճիշտ։

–Աստված իմ, ինչպիսի երջանկություն։ Շնորհակալ եմ, Եվա։ Շատ ուրախ եմ։ Հա, ճիշտ ես լսել, հիմա էլ այնտեղ եմ, Տյումենի մարզում։

–Եվ ինչպե՞ս են գնում գործերդ։ Գո՞հ ես։

–Չեմ բողոքում։ Գիտե՞ս, ես էն գլխից էլ լավատես եմ եղել։

–Դու բոլորովին էլ չես փոխվել, Լեոնիդ։

–Դա քեզ թվում է, Եվա։ Ժամանակն իր ավերածություններն անում է. քունքերս վաղուց ճերմակել են։

–Ոչինչ, դա տղամարդուն ավելի է գեղեցկացնում։

–Ճի՞շտ,– ծիծաղեց Լեոնիդը։– Գիտե՞ս, տղամարդուն մի հասարակ հաճոյախոսություն հերիք է, որ նա իսկույն կորցնի իրեն։ Բայց դե, փառք աստծո, ես այդպիսի տղամարդկանց թվին չեմ պատկանում։

–Դու ինչքա՞ն ես մնալու այստեղ,– հարցրեց Եվան որոշ դադարից հետո։– Շատ կուզենայի տեսնել քեզ։

–Երևի մի շաբաթ։ Նավթահանության հարցերին վերաբերող խորհրդակցության են կանչել։ Կլինենք նաև մի շարք գործարաններում ու նավթահանքերում։ Լսիր,– ինչ-որ բան մտաբերելով, հանկարծակի ասաց Լեոնիդը,-ասում են քո Ստեփանը մեծ խորությունների վրա ներշերտային ճնշումների չափման նոր ապարատ է հնարել։ Դու գիտե՞ս, թե դա մեզ ինչքան է պետք այնտեղ, Հյուսիսում։

Եվան մի պահ լուռ էր, նա ինքնաբերաբար մոտ քաշեց բազկաթոռը, նստեց։

–Ի՞նչ պատահեց քեզ,-անհանգիստ հարցրեց Լեոնիդը։– Ինչո՞ւ հանկարծ լռեցիր։

–Ոչինչ… Եվան հապաղեց։– Իսկ դու որտե՞ղ ես կանգ առել։ Ձերոնք, գիտեմ, տեղափոխվել են Մոսկվա։

–''Ապշերոն'' հյուրանոցում։ Հենց նոր եկա, վերարկուս նույնիսկ չեմ հանել։ Ստեփանը տա՞նը չի, ինչ է։

–Դու վաղո՞ւց է, ինչ նրա հետ նամակագրական կապ չունես։

–Մենք նրա հետ երբեք էլ նամակագրություն չենք ունեցել,-ձայնի մեջ տարակուսանք՝ ասաց Լեոնիդը։– Իսկ ի՞նչ է։

–Լեոնիդ, հասկանու՞մ ես… Մենք, ախր, միասին չենք ապրում։

–Ինչպե՞ս թե՝ միասին չենք ապրում։ Իսկ ինչո՞ւ Ելենան չասաց։ Քո հեռախոսի համարը նա տվեց ինձ։ Զարմանալի է։ Բայց… Ազնիվ խոսք, իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող եք նման բան անել։ Այ քեզ նորություն։ Լսիր, իսկ ինչո՞ւ հանկարծ այդպես եղավ։ Եվ վաղո՞ւց եք բաժանվել։

–Երեք տարի առաջ։– Եվան խոր շունչ քաշեց։– Ծիծաղելի է, չէ՞, ընդամենը մի տարի ենք միասին ապրել։

–Դու հիմա, ինչ է, մենա՞կ ես ապրում, թե՞… ամուսնացել ես։

–Ամուսնացել եմ: Անտոնյանի հետ եմ ամուսնացել։

–Պարզ է… Սպասիր, ի՞նչ Անտոնյան։ Ազգանունը ոնց որ ծանոթ է։

–Այո, այո, այն նույն Անտոնյանի, որ տասը տարի առաջ ''երկուներ'' էր նշանակում քեզ նյութադիմադրությունից։ Նա հիմա արդյունաբերության մինիստրության գյուտարարական բաժինն է գլխավորում։

–Սպասիր, Դավիթ Ավետովիչի հե՞տ,– բացականչեց Լեոնիդը։-Ախր նա ծեր է… Թյու, այս ինչեր եմ դուրս տալիս, ներիր, խնդրում եմ, ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ խոսում… Ինձ հետ երբեմն այդպիսի բաներ պատահում են։

–Դու իրավացի ես, Լյոնյա,-անտարբերությամբ ասաց Եվան և շարունակեց նույն տոնով,-ներողություն խնդրելու այստեղ ոչինչ չկա, նա իրոք ծեր է արդեն, շուտով վեց տասնյակը լրանում է։

Հեռախոսագծի մյուս ծայրում լռություն տիրեց, հետո Լեոնիդն ասաց.

–Ոչ, Եվա, ինչպես մեծագույն մի մարդ է ասել՝ ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է։

–Սխալ ոչինչ չկա, Լեոնիդ, ըստ երևույթին, կյանքն իր օրենքներն ունի, և մենք երբեմն հլու հպատակվում ենք այդ օրենքներին՝ անկարող որևէ կերպ դիմակայելու։

–Ոչ, Եվա, այստեղ անպայման ինչ-որ բան կա…

Լռություն։

–Դու նույնիսկ չվիրավորվեցիր, որ ես նրան ծեր կոչեցի։

Լռություն։

–Քեզ ու Ստեփանին ինչ-որ բա՞ն է պատահել։

Նորից լռություն։

–Հըմ, Անտոնյանի հետ ես ամուսնացել ուրեմն,-Լեոնիդն ասես ոչ թե Եվայի հետ էր խոսում, այլ ինքն իրեն բարձրաձայն մտորում էր։ – Խոստովանիր, Եվա, ես հո լավ գիտեմ. քո սիրասուն հայրիկի մատը խառն է այս գործում։ Այդպես է, չէ՞…

Եվայի լռությունն ընդունելով որպես համաձայնության նշան, Լեոնիդը շարունակեց.

–Այո, ես այդպես էլ գիտեի, որ նա քո կյանքը երբևէ շուռ կտա իր ուզած ձևով։ Տղաներից ով էր՝ չեմ հիշում, գրել էր, որ նրան, իբր, բանտարկել են։ Դա ճի՞շտ է։

–Այո, -ասաց Եվան նույն անտարբերությամբ,-կոշկի ֆաբրիկայում խոշոր հափշտակում էր եղել, դրա համար։ Նա այտեղ գլխավոր հաշվապահ էր։

–Ինչպես չէ, հիշում եմ։ Նրա լուսանկարը երկար ժամանակ փակցված էր ֆաբրիկայի պատվո տախտակին։ Հիշում եմ, թե Ստեփանն ինչպես էր հպարտանում դրանով, իսկ Ռաֆայելը ծիծաղում էր նրա պարզամտության վրա։

–Շուտով ազատվում է բանտից,– հենց այնպես ասաց Եվան, լսափողը մի ականջից փոխադրելով մյուսը։

–Լրացե՞լ է ժամկետը։

–Ոչ, օրինակելի վարքի համար ժամանակից շուտ բաց են թողնում։

–Հետաքրքիր անձնավորություն էր, իհարկե,-որոշ լռությունից հետո ասաց Լեոնիդը մյուս կողմում։-Ոչ հեռու անցյալում, հիշում եմ, քննությունների օրերին հավաքվում էինք ձեր ամառանոցում… Հրաշք ամառանոց էր, մնո՞ւմ է դեռ, թե ծախել եք։

–Բռնագրավել են,– անվրդով արձագանքեց Եվան։

–Ի՞նչ ես ասում։ Ափսոս… Հիշում եմ, հավաքվում էինք ձեր ամառանոցում,– շարունակեց Լեոնիդը,– և հայրիկդ կյանքի իմաստությունների այբբենը խցկում էր մեր գլուխը. ''Փողը ջրի նման է, ինչքան շատ ես խմում, էնքան շատ ես ծարավանում,– ասում էր,– իսկ առանց փող կյանքը, իմացեք, կյանք չի, լավ մարդ սիրտ չունենա, քան փող։ Ախր, պիտի փող չլինի, չէ՞, ասում էր, որ կարողանաս կուլտուրական կյանքով ապրես''։ Թե որն է նրա ասած այդ կուլտուրական կյանքը, մինչև հիմա էլ հասկանալ չեմ կարողանում։

–Դա նրա ոսկե երազանքն էր։

–Իսկ ձեր գործը սկսվել է, ինչպես ենթադրում եմ, այսպես. ներիր, որ քո հայրիկի մասին այս ձևով եմ խոսում, այլ կերպ չեմ կարող։ Քո ծերուկը չափազանց մեծ հույսեր էր կապում Ստեփանի գերազանցիկության դիպլոմի հետ՝ համոզված, որ փայլուն ապագա է սպասում նրան առաջիկայում։ Իսկ Ստեփանը հրաժարվեց ամեն ինչից և գնաց նավթահանքեր՝ որպես շարքային ինժեներ։ Եվ, իհարկե, երեկոյան տուն էր գալիս մազութոտ շորերով։ Ասված խոսք է, լավ փեսա ունեցար, աղջկադ հետ տղա էլ ունեցար, վատ փեսա բաժին ընկավ՝ կորցրիր նաև աղջկադ։ Եվ սիրասուն հայրիկդ, քեզ չկորցնելու համար, որոշում է փրկել՝ իրեն յուրահատուկ միջոցներով բաժանելով քեզ անհեռանկարային Ստեփանից ու ամուսնացնելով նյութապես ապահով ու անուն հանած մի ծերուկի հետ, որին դու պետք էիր ինչպես արեգակի տաք ճառագայթ՝ կարող գոնե մի ակնթարթ ջերմացնելու միայնակ, անուրախ ծերության ու տիեզերական ցրտության նախաշեմին պաղող նրա սիրտը։ Ընդհանուր առմամբ, նրան հասկանալ կարելի է։ Բայց ահա քեզ…

–Հերիք է, – աղերսեց Եվան։-Հերիք է, Լեոնյա, խնդրում եմ։

–Ուրեմն, ճի՞շտ եմ կռահել։ Ինչ արած, ներիր,– ասաց Լեոնիդը ներողամտորեն։– Եվ մի բարկացիր, սիրելիս, ես հենց այնպես եմ հարցնում։

–Էլ ի՞նչ ես ուզում՝ հարցրու, ես պատրաստ եմ պատասխանելու քո բոլոր հարցերին, ինչքան էլ որ դժվարամարս լինեն դրանք։

–Դժվարամարս հարցեր նույնպե՞ս լինում են։

–Այն էլ ինչպե՜ս։ Լինում են այնպիսի հարցեր, որ չգիտես նույնիսկ, թե ինչպես պատասխանես։ Քո հարցն էլ այդպիսին է, Լեոնիդ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա որևէ մեկին ոչ մեղադրելու, և ոչ էլ որևէ մեկի առջև արդարանալու մտադրություն ունեմ։ Գիտե՞ս, մի երկու օր առաջ քաղաքային թերթի խմբագրությունից ինչ-որ թղթակից էր եկել մեր մոտ՝ ակնարկ գրելու Անտոնյանի մասին։ Նստել, զննում էր պատին կախված նկարները, գրադարակներն էր դիտում։ – Գրքերը բաժանորդագրությա՞մբ ենք ստանում, հարցրեց։ -Այո, ասացի, ամուսինս է բաժանորդագրվել։-Իսկ նկարնե՞րը, հարցրեց նա։– Նկարները նույնպես նա է ձեռք բերել, ասացի։– Արձանիկները նույնպե՞ս, հարցրեց։ -Արձանիկները նույնպես, պատասխանեցի։– Իսկ դո՞ւք, հարցրեց այդ թղթակիցը։– Ե՞ս… Դա էական չէ, ասացի, ես երիտասարդ տանտիրուհի եմ, կարողանում եմ բարեհամբույր ժպտալ, ճաշակով հագնվել, ինտելեկտուալ մթնոլորտ ստեղծել ամուսնուս ստեղծագործական արգասավոր աշխատանքի համար։ Նա այդպես էլ գրի առավ իր ծոցատետրում՝ մեզ դիմավորեց երիտասարդ տանտիրուհին, իսկ ահա երիտասարդ տանտիրուհու անունը այդպես էլ չհարցրեց։ Տեքստին չէր բռնում երևի։ Այդ էր պակաս, որ բռներ, ինչպես կարելի է, ակնարկն, ախր, նավթային խոշորագույն ինժեների ու գյուտարարի մասին է։– Եվան քրթմնջաց, ասաց։– Ահա քեզ ինտելեկտուալ մթնոլորտ։ Երեկ չէ մյուս օրը փողոցում պատահաբար հանդիպեցի Ելենային։ Նա քեզ չասա՞ց այդ մասին։

–Մենք շատ կարճ խոսեցինք, Եվա, նա աշխատանքի էր շտապում, պայմանավորվեցինք հետո հանդիպել։

–Նա մինչև հիմա էլ սիրում է Ստեփանին և, իմիջիայլոց, նրա պատճառով է, որ չի ամուսնացել։ Գիտե՞ս, թե ինչ ասաց նա ինձ. -Կար ժամանակ, ասաց, ինստիտուտի բոլոր աղջիկներս նախանձում էինք քեզ. անհասանելի էիր դու՝ և ցնցուն գեղեցկությամբ, և թովչանքով, և զվարթ բնավորությամբ։ Որտե՞ղ ես թողել աստվածային այդ շնորհները։ -Ես ինքս էլ չգիտեմ, թե որտեղ եմ թողել։ Եվ ո՞վ է դրանում մեղավոր՝ նույնպես չգիտեմ։

–Եթե ես քսան տարեկան լինեի, հաստատ կասեի՝ դու։ Բայց արդեն երեսունհինգն անց եմ, տարիքս պարտավորեցնում է։

–Հույս ունեմ, որ մենք դեռ կզրուցենք, և ժամանակ կունենանք որոշ պրոբլեմների մութ կողմերը պարզաբանելու։ -Դու անպայման զանգիր, լա՞վ,– ասաց Եվան։

–Անպայման։ Բոլոր կուրսեցիներին, ովքեր այստեղ են, կուզենայի տեսնել։ Եվ առաջին հերթին պարզ է, Ստեփանին։ Իսկ նրան որտե՞ղ կարելի է տեսնել։

–Անտոնյանի հետ՝ նույն լաբորատորիայում,– անփութորեն ասաց Եվան։

–Ի՞նչ,– Լեոնիդն այնպես գոռաց, որ Եվան ակամաբար լսափողը մի կողմ քաշեց ականջից։– Ի՞նչ ասացիր։

–Անտոնյանի հետ ՝ նույն լաբորատորիայում,– պատասխանեց Եվան նախկին հանգիստ տոնով։

–Թվում է ևս մի քանի րոպե, և ես կթռցնեմ խելքս։ Լսիր, ձեզ մոտ այս ինչե՞ր են կատարվում։ Նրանք, ինչ է, միասի՞ն են աշխատում։ Նույն լաբորատորիայո՞ւմ։

–Այո, միևնույն ապարատի ստեղծման վրա, որի մասին քիչ առաջ ասացիր։

–Պարզ է,– անորոշ արձագանքեց Լեոնիդը։– Սպասիր, ի՞նչն է պարզ… Ես ոչինչ չհասկացա… Պատկերացնում եմ, թե ինչ վիճակում են աշխատում՝ կասկածամիտ ու հետաքրքրասեր հայացքների տակ։

–Երբ նրանք միասին են, կողմնակի անձանց մուտքը լաբորատորիա խստիվ արգելված է։ Նույնիսկ ինստիտուտի դիրեկտորն իրավունք չունի մտնել այնտեղ։ Դու մեր կուրսի Ռաֆայելին չես մոռացել, չէ՞։

–Այդ էր պակաս, որ մոռանայի։

–Դու նրան հասարակ մարդ չկարծես, հա, նա հիմա Ռաֆայել Աղասիևիչ է, նավթաքիմիական պրոցեսների ուսումնասիրման ինստիտուտի դիրեկտոր ու դեպուտատ։

–Արժանի է, Ռաֆայելը հոյակապ տղա է։

–Իմիջիայլոց, այդ նա է բոլորին արգելել մտնել լաբորատորիա։

–Ինչ է, որոշել է խնայե՞լ երկուսի ինքնասիրությունը։ Ռաֆայելից դա սպասելի է։ Դե լավ է, Եվա, ես կզանգեմ։ Ցտեսություն։

–Ցտեսություն, Լյոնյա,– արձագանքեց Եվան, դրեց խոսափողը և ասես դեռևս զրուցում էր Լեոնիդի հետ, բարձրաձայն ասաց.– Գուցե և վաղը կամ մյուս օրն անցնեմ ինստիտուտ, վաղուց չեմ տեսել Ստեփանին։

Նա բարձրացավ տեղից ՝ քիչ առաջվա տարտամ ու անորոշ տագնապը հոգում, և գնաց խոհանոց։

Մարիամը գազօջախի վրա սուրճ էր պատրաստում. սուրճի բուրմունքը տարածվել էր ընդարձակ խոհանոցում։

–Խոսեցիր պրծա՞ր,-ասաց Մարիամը, սրճամանը դնելով սեղանին։-Էդ ո՞վ էր։

–Ինստիտուտում միասին ենք սովորել։-Եվան սառցարանից յուղ ու պանիր հանեց։– Մյուս տղաների պես՝ նա նույնպես սիրահարված էր ինձ։ Նույնիսկ մեր ընկերուհիներից մեկին՝ Ելենային, ասել էր՝ եթե Եվան մի քանի երեխա էլ ունենար և համաձայներ ինձ հետ ամուսնանալ, ես, առանց վայրկյան անգամ մտորելու, կառնեի նրան… Իսկ ես Ստեփանին էի սիրում։

–Գիտե՞ս ինչ կա, Եվա,– սկսեց Մարիամը, և Եվան հասկացավ, որ Մարիամը հիմա կսկսի քարոզ կարդալ իր գլխին։ Նա քմծիծաղեց և ասաց.

–Չգիտեմ, եթե ասեք, կիմանամ։

–Էն եմ ուզում ասել, որ, թող աստված ների, բայց ականջիս մի ծերովը լսեցի քու խոսակցությունն ու պիտի ասեմ քեզ, որ էդ զրուցը էնքան էլ իմ սրտովը չի։

–Օրինակ, ի՞նչը,– հարցրեց Եվան, իր շողշողուն, գեղեցիկ աչքերը հառելով նրան։

–Էն, որ էդ Ստեփանին պիտի հանես մտքիցդ։

–Իսկ եթե չե՞մ կարող։

–Պիտի կարաս։ Մարդ ունես ու էն էլ հասարակ մարդ չի, այլ անունավոր, հարգված մարդ։ Չի խմում, ման չի գալիս։ Է՞լ ինչ ես ուզում։

–Չգիտեմ, Մարիամ,– ուսերը թոթվեց Եվան։– Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում ու չգիտեմ, թե ինչ անեմ։

–Ի՞նչ պիտի անես։ Ոչ մի բան էլ չպիտի անես, օրինավոր կնկան վայել պիտի պահես քեզ։ Բա ոնց… Քանի որ մարդու ես գնացել, նրա անունը բարձր պիտի պահես։ իսկ ինչ մնում է նրան, որ ծեր է, ժամանակին պիտի մտածեիր, հո աչքերդ փակած չի՞ եղել։

–Փակած է եղել,– հառաչանքով արտաբերեց Եվան, մոտ քաշելով կավե գավաթիկը։– Նոր եմ խելքի գալիս։

–Մարդու արածը գետնով չեն տա,– գլուխն օրորեց Մարիամը։– Չի կարելի։ Քեզ համար ինչ ասես, անում է, ոչ մի բան չի ափսոսում։ Շորերն ինչ է, էն էլ չի տալիս լվանալու։ Բա էդպիսի մարդուց անգոհ կլինե՞ն։ Խաղ ու պարով ապրիր քեզ համար և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Մի ուրիշը քո տեղ գիտե՞ս ինչ կաներ. մեկը կուտեր, մեկն էլ մտաղ կտար էդ տեսակ բախտավորության համար։ Բա որ Դավիթ Ավետովիչը ողորմածիկ հորս նման լիներ, աստված արքայություն տա նրան, էն ժամանակ ի՞նչ կանեիր, հը՞։

–Վա՞տն էր։

–Էնքան վատն էր, որ մերս երեսուն տարի ապրեց հետը ու էդ երեսուն տարվա մեջ օր չկար, որ անեծք չտար կամ նրան, կամ էլ իրեն։ Իր բախտն էդ էր, ի՞նչ կարող էր անել։

–Ծեծո՞ւմ էր նրան։

–Բա ինչ, ծեծում էր։ Ու մենակ էդ չէր, էնպիսի խոսքեր էր ասում, որ ծեծից վատ էր։

–Բա էլ ինչո՞ւ էր ապրում հետը։

–Բա ի՞նչ աներ,– զարմացավ Մարիամը։– Հո չէ՞ր գնալու բողոքի։ Շուն-գել՝ իրա մարդն էր, ընկել էր, պիտի կրեր իր ծանր խաչը։ Նամուսի հարց կա մեջը։

–Կյանքը մի անգամ է, ախր, տրվում, Մարիամ,– հոգոց հանեց Եվան։

–Մի անգամ է տրվում, ճիշտ է, բայց էդ մի անգամը էնպես պիտի ապրես, որ բարեկամ ու թշնամի չծիծաղեն վրադ։

Եվան լուսամուտից նայեց դուրս։ Դրսում շարունակում էր նույն մանր, մելամաղձոտ անձրևը։ Լուսաֆորի մոտ, թաց ասֆալտի վրա, մերդ ընդ մերթ արտացոլվում էին մեքենաների շողշողուն նիկելները։

–Չեմ հասկանում, Մարիամ, ոչինչ չեմ հասկանում,– գլուխը անզոր ցնցեց Եվան։– Արժե՞ր, որ նա, հանուն ինչ-որ պայմանականությունների, խավարեր իր ամբողջ կյանքը։

–Գուցե և չարժեր, ես էդ բանը նրա համար եմ ասում, որ Դավիթ Ավետովիչը միանգամայն ուրիշ մարդ է։ Էնպես որ, էդ ախմախ մտքերը հանիր գլխիցդ։

Դռան մեջ փափուկ չրխկաց փականքը, հետո բացվեց դուռը, և Դավիթ Ավետովիչը՝ փոստարկղից հանելով թերթերը, մտավ ներս։ ''Դավիթ Ավետովիչն է,– ցածր ձայնով ասաց Մարիամը տեղից ելնելով։– Ինչո՞ւ էսքան շուտ է վերադարձել''։

–Բարև, Եվա,– ասաց Դավիթ Ավետովիչը։ Ձեռքին ինչ-որ փաթեթ կար, նա այդ փաթեթն ու թերթերը դրեց հեռախոսասեղանին և, հանելով վերարկուն, տվեց Մարիամին։– Դու այսօր ոնց որ մի տեսակ ես, որևէ բա՞ն է պատահել։

Եվան ժխտողաբար տարուբերեց գլուխը։

–Դե, ես գնամ, հետո կգամ,– ասաց Մարիամը։

Անցավ մի քանի վայրկյան, և դուռը անաղմուկ ծածկվեց նրա ետևից։

–Մի թաքցրու, գուցե մի բա՞ն է պատահել։

–Ոչ, իսկ ի՞նչ պիտի պատահի,– ուսերը թոթվեց Եվան։

–Դե, լավ է։ Մի տես ինչ եմ բերել։– Դավիթ Ավետովիչը փաթեթը բաց արեց և Նեֆերտիտիի արձանիկը դրեց սեղանին։– Գեղեցիկ ընդօրինակություն է, չէ՞։ Մի հնահավաքից առա, այն էլ սարսափելի թանկ գնով։ Դո՞ւր է գալիս քեզ։

–Հրաշալի է։ Հավանաբար, հիմարություն կլինի, եթե ասեմ, որ նա շատ մոդայիկ շուրթեր ունի՝ իսկը Սոֆի Լորենի շուրթերը, բայց դա իրոք այդպես։

–Եվա, ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր։ Կամ ինչպես արևելքում են ասում՝ քարավանը երեկոյան վերադարձավ այնտեղ, որտեղից դուրս էր եկել առավոտյան։ Այնուամենայնիվ, մայր բնության հնարավորությունների պաշարը սուղ է։ Մի ինչ-որ երեքուկես հազար տարի անց այն սկսել է նորից կրկնել իրեն։

–Դավիթ Ավետովիչ, դուք շատ անհմուտ կերպով եք արդարացնում իմ անբարեկրթությունը։

–Ընդհակառակը, քո դիտողությունը հակադարձն է ապացուցում։

–Պետք չէ, Դավիթ Ավետովիչ։ Դուք մինչև ե՞րբ պետք է ինձ վերաբերվեք ինչպես մանկապարտեզի երեխայի։ Դուք չե՞ք մտածում այն մասին, որ վերջիվերջո դա կարող է ձանձրացնել ինձ։

–Քեզ ի՞նչ է պատահել, Եվա։

–Ոչինչ, մի թղթակից էր եկել, նրա հետ ունեցած խոսակցությունն է ազդել ինձ վրա։

–Ի՞նչ թղթակից։

–Երեկ չէ, մյուս օրն էր, մոռացել էի ձեզ ասել։ Եկել էր ձեր մասին ակնարկ գրելու։ Ես նրան թելադրեցի ակնարկի սկիզբը, սակայն նրան, չգիտես ինչու դուր չեկավ։

Դավիթ Ավետովիչը նրա ասածի մեջ մարտահրավեր զգաց։

–Եվ ի՞նչ էիր թելադրել,– ընդունելով այդ մարտահրավերը, ասաց նա։

–Բարեհամբուր ժպիտը դեմքին մեզ դիմավորեց երիտասարդ տանտիրուհին՝ հանրահայտ ինժեների հավատարիմ ընկերուհին… կամ նման մի բան։ Հիմա չեմ հիշում։

–Հիշում ես,– հաստատուն ասաց Դավիթ Ավետովիչը։

–Նշանակում է՝ չեմ ուզում ասել։ Ի միջի այլոց, նա չի՞ զանգել ձեզ։ Ասաց, որ ձեզ գտնել չի կարողանում, այնինչ ակնարկն արդեն պլանավորված է։

–Զանգել է..– անուշադիր ասաց Դավիթ Ավետովիչը։– Երկու ժամից հետո շտապ թռչում եմ Մոսկվա։ Վաղը չէ մյուս օրը կվերադառնամ, և մենք կշարունակենք սկսված վեճը։

–Դավիթ Ավետովիչ, իսկ չե՞ք ասի, երբ է ձեր ապարատի փորձարկումը,– միանգամից անսպասելի հարցրեց Եվան։

Դավիթ Ավետովիչը մի պահ ուշադիր նայեց Եվային՝ ձգտելով ըմբռնել նրա ասածի իմաստը, հետո կամացուկ ասաց.

–Դա ոչ թե իմ, այլ Ստեփանի ապարատն է։

–Ի՞նչ տարբերություն,– ասաց Եվան,– միասին եք աշխատում։

–Վաղը չէ մյուս օրը կվերադառնամ Մոսկվայից և անմիջապես կսկսենք։

Եվան մի կարճ ժամանակ լուռ էր, մտքերի մեջ խորասույզ։

–Իսկ դա ճի՞շտ է, որ Ստեփանը ձեզ հրավիրել է այդ փորձարկմանը,– կրկին հարցրեց նա։

–Գործը մնում է գործ, Եվա,– հանգիստ պատասխանեց Դավիթ Ավետովիչը։– Եվ այն հազվադեպ է հաշվի նստում մեր զգացմունքների հետ։

–Զգացմունքների՞,– աչքերը կկոցեց Եվան։– Մի՞թե որևէ զգացմունք ունեք Ստեփանի հանդեպ։ Անբարեհաճության կամ ատելության զգացմունք երևի։

–Ոչ, ավելի շուտ հակառակը։

–Նույնիսկ այդպե՞ս։ Իսկ նա՞ ձեր հանդեպ։

Դավիթ Ավետովիչը դարձյալ նայեց Եվային՝ ոչ մի կերպ չկարողանալով ըմբռնել, թե նա ուր է տանում խոսքը։

–Այդ մասին երբեք չեմ մտածել,– վերջ ի ջերջո ասաց նա, նայելով ժամացույցին։– Բայց, կարծում եմ, որ սկզբնական շրջանում մեր հարկադրական հանդիպումները և նրան, նմանապես և ինձ, իհարկե, առանձնահատուկ ուրախություն չէին պատճառում։ Պարզապես այդ բանի հետ պետք էր հաշտվել, քանի որ ես եմ զբաղվում գյուտարարության հարցերով, ինչ ուզում է որ լինի, մեր ճանապարհները, միևնույն է, պետք է հատվեին մի կետում։ Իսկ ինչո՞ւ հանկարծ դա հետաքրքրեց քեզ,-հարցրեց Դավիթ Ավետովիչը։– Չէ՞ որ կես տարի է արդեն, ինչ մենք աշխատում ենք միասին, և դու ոչ մի անգամ չես տվել նրա անունը։ Համենայն դեպս, ես չեմ լսել։ Խոսիր, Եվա, ես վաղուց եմ սպասում այդ խոսակցությանը։

–Գիտեմ, որ սպասում եք և ափսոս, որ ինքներդ չսկսեցիք այն։

–Մեծ դժբախտություն չէ, հաշվիր, որ ես եմ սկսել։

–Ոչ, Դավիթ Ավետովիչ, մեծ դժբախտություն է,– ասաց Եվան անզիջում տոնով ու միանգամից նրա դեմքը պարուրվեց շիկնանքով։– Դուք լավ գիտեք, որ ես մինչև այսօր էլ սիրում եմ Ստեփանին, որ, ենթարկվելով հորս համառ պահանջներին, ես բաժանվեցի Ստեփանից և ամուսնացա ձեզ հետ։ Դուք դա լավ գիտեք… Իսկ այն շորեղենը, որ անվերջ գնում եք ինձ համար… Մի՞թե կարծում եք, թե դա ի վիճակի է որևէ բան փոխելու։ Ոչ։

Իր վրա զգալով Դավիթ Ավետովիչի կենտրոնացած հայացքը, Եվան կտրուկ շրջվեց նրա կողմը։

–Այո, դուք շատ լավ գիտեք,– շարունակեց նա։– Ես հո տեսնում եմ, թե ինչպես եք ատում ինձ՝ իմ այս խոսքերիս համար, Դավիթ Ավետովիչ, դուք դա անկարող եք թաքցնել։

–Եվա…

–Պետք չէ, պետք չէ, Դավիթ Ավետովիչ, դուք շատ լավ գիտեք, որ դա ճշմարտություն է։ Ես այս խոսակցությունը բացեցի ոչ նրա համար, որպեսզի սկսենք վիճել, ինչպես ինքներդ բարեհաճեցիք արտահայտվել։ Ձեզ համար հավանորեն ծանր կլինի լսել դա, սակայն մենք այլևս չենք կարող միասին ապրել, հասկանու՞մ եք, ես այլևս չեմ կարող այսպես շարունակել։ Ես ուզում եմ կրկին վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել եմ ինչ-որ ժամանակ։

Դավիթ Ավետովիչի այտամկանները ձգվեցին, ռունգերը դողացին։

–Եվ ինչպե՞ս ես ուզում անել դա,– երկար դադարից հետո հարցրեց նա խզված ձայնով։

Եվան հուսահատ տարածեց ձեռքերը։

–Աստված իմ, ախր, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես։– Նա կծեց շուրթերը՝ հեծկլտոցը զսպելու համար, և, մոտենալով լուսամուտին, ճակատը սեղմեց սառը ապակուն։

Դավիթ Ավետովիչը, չիմանալով անելիքը, գնաց-եկավ երկար միջանցքով, հետո, հանկարծակի կանգ առնելով, ասաց.

–Մոռացել էի, հեռագիր կար քեզ։

–Ի՞նչ հեռագիր,– արագ շրջվելով, հարցրեց Եվան։

–Փոստարկղում էր։– Նա թերթերի արանքից հանեց հեռագիրը և այդպես հեռավորության վրա պարզեց Եվային։

–Կարդացեք,– ցածր ասաց Եվան։

Դավիթ Ավետովիչը աչքի անցկացրեց հեռագիրը, հետո բարձրաձայն կարդաց. ''Ազատագրվել եմ։ Վաղաժամ։ Քսանյոթին կլինեմ տանը։ Համբուրում եմ։ Հայրիկ''։

–''Քսանյոթին կլինեմ տանը'',– մեքենայորեն արձագանքեց Եվան, դարձյալ շրջվելով դեպի լուսամուտն ու ճակատը սեղմելով ապակուն։

–Բոլորովին չի երևում, թե հեռագիրն ուրախացրեց քեզ։

–Իսկ ինչո՞ւ չէ,– խոսեց Եվան, առանց դեմքը սառցասառն ապակուց հեռացնելու։– Ուրախացիր, դստրիկ, հորդ ազատել են բանտից։ Իսկ մի՞թե դուք ուրախ չեք, Դավիթ Ավետովիչ, չէ՞ որ ձեր աներն է գալիս։ Հրաշալի է։ Շարունակենք գրել. ''Բարեհամբուր ժպիտը դեմքին՝ մեզ դիմավորեց երիտասարդ տանտիրուհին…''– Նա ձեռքերով ծածկեց դեմքը և արցունքներն անարգել հորդեցին այտերն ի վար։

*******

Առավոտյան, ինստիտուտի անցաթողման պահատնակով անցնելիս, Ստեփանը դեմառդեմ հանդիպեց Ռաֆայելին, բարևեց ու անցավ՝ առանց կանգ առնելու։ Չգիտես ինչու, Ստեփանին թվաց, թե Ռաֆայելը սաստիկ մտահոգ տեսք ուներ։ Հասնելով լաբորատորիա, որը տեղավորված էր ինստիտուտի առաջին հարկում, նա ուշացումով մտածեց այն մասին, որ զուր տեղը չհարցրեց ընկերոջ տրամադրությունը։ Որոշ ժամանակ անց, Ռաֆայելն ինքը եկավ Ստեփանի մոտ և բոլոր կողմերից մի առժամանակ ուշադիր զննելով ապարատը, հանկարծ ասաց.

–Լսիր, ամբողջ գիշեր չեմ քնել, գիտե՞ս։

–Ինչո՞ւ,– հարցրեց Ստեփանը։-Պրեֆերանսո՞վ էիր զբաղված։-Այո, տարվեցի մինչև վերջին կոպեկը։ Լսիր, երևի կարգն է այդպես, հա՞, որ բարեկամներդ քեզ հիշեն միայն այն ժամանակ, երբ դու իրենց պետք ես։-Նոր բան ունես ասելու, թ՞ե դա է,– հարցրեց Ստեփանը առանց աշխատանքն ընդհատելու։-Հասկանալի բան է, որ մարդուն ևս յուրահատուկ է ինքնապաշտպանության բնազդը… Ընկնելով դժբախտության մեջ, նա ձգտում է այնտեղից ինչքան կարելի է անվնաս կերպով դուրս գալ։ Բայց իմ այդ տիպը…– Ռաֆայելը հուսահատությամբ օրորեց գլուխը։– Լսիր, Ամալյայի հետ որոշել էինք թատրոն գնալ, պետական քննությունների պատճառով երկու ամիս է ոչ մի տեղ չենք գնում՝ նույնիսկ կինո, մեկ էլ տեսանք եկան։ Տնով-տեղով հյուր են եկել, թեկուզ մինչև այդ պատկերացում անգամ չենք ունեցել նրանց գոյության մասին։ Աշխարհում անգրագետ մարդուց խորամանկը չկա։ Որ տեսնեիր ինչ լեզու էին թափում։ Իսկ հետո պարզվեց, որ օգնություն է պետք։ Պահեստում, որտեղ այդ բարեկամ կոչեցյալս աշխատում է, մեծ պակասացում է եղել, գործը տվել են դատախազություն։ Երդում էր ուտում բոլոր սրբությունների անուններով ու տղաների արևով, որ, իբր, ինքը ոչ մի բանում մեղավոր չի և խնդրում էր, որպեսզի ես, իբրև շրջանում, այսպես ասած, ճանաչված մարդ, որևէ կերպ ազդեմ դատախազի ու քննիչի վրա։

–Հետո՞,– հարցրեց Ստեփանը։

–Ես, իհարկե, նրա ոչ մի խոսքին էլ չհավատացի։ Գիտես ինչո՞ւ։ Ավազակի դեմք ուներ։

–Իսկ ինչպիսի՞ն է լինում ավազակի դեմքը։ Գաղափար անգամ չունեմ։

–Ուրեմն բախտդ բերել է,– ասաց Ռաֆայելը շինծու ծիծաղով։

–Եվ ինչո՞վ վերջացավ այդ ամենը։

–Խոսեցի դատախազի հետ, և նա ասաց, որ խուզարկման ժամանակ բարեկամիս ներքնահարկում դեֆիցիտային երկու էլեկտրաշարժիչ են հայտնաբերել։

–Դրա համա՞ր էիր այսօր հոնքերդ կիտել։

–Լսիր, հետաքրքիր ես։ Ուրեմն դա քի՞չ է։ Ասում եմ, չէ՞, մինչև լույս աչքս չեմ փակել։

–Ինձ համար դժվար է մարդկանց արտաքին տեսքով գուշակել նրանց ճակատագիրը։

–Բայց ես իրավացի՞ դուրս եկա,– ասաց Ռաֆայելը։

–Հետո ինչ, չէ՞ որ կարող էիր և սխալվել։ Ամեն ինչ հո քո ներըմբռնողությամբ չի պայմանավորված։

–Դժբախտաբար, տերն ինձ քո ռոմանտիկությամբ չի օժտել և գուցե դրա համար է, որ ես այդպես էլ չսովորեցի մարդկանցով զմայլվել այն բանի համար, որ նրանց նկարը փակցված է պատվո տախտակին։

Ստեփանը ծիծաղեց ու այդպես սրտանց ծիծաղելով էլ ասաց.

–Նայիր է, չի մոռացել, իսկ որ տեղն եկավ՝ կսկսի բողոքել մոռացկոտությունից։

–Այո, որտեղ պետք է՝ ուժեղ հիշողություն ունեմ,– հայտարարեց Ռաֆայելը ժպտալով։– Այ, օրինակ, ոչ մի կերպ մոռանալ չեմ կարող այն փաստը, որ ապարատի փորձարկումն ուշանում է։ Ինձ ասել են, որ դու փորձարկումը հետաձգել ես մինչև Անտոնյանի վերադարձը, ճի՞շտ է։

–Այո,– գլխով արեց Ստեփանը։ -Ուզում եմ օգտվել այդ հետաձգումից և որոշ անավարտ բաներ կան՝ անել։

–Հարկավոր է արագացնել, բոլոր ժամկետներն անցել են,– ասաց Ռաֆայելը, պատրաստվելով դուրս գալ լաբորատորիայից։ Դռան մոտ նա շրջվեց և ցուցամատով առաստաղը ցույց տալով ավելացրեց,– ինձ վերևից շարունակ զանգահարում, շտապեցնում են, քիչ առաջ էլ մինիստրության տեխնիկական բաժնի պետը զանգեց, բայց ես քաղցր խոսքերով կերակրում եմ նրանց, որպեսզի հապճեպ ոչինչ չանես։

–Շնորհակալություն։

–Դա քիչ է, դու այդ փորձարկմանն ինձ պետք է հրավիրես։

–Նախապես ասում եմ՝ չեմ հրավիրելու։

–Ախր, ինչո՞ւ։

–Արգելված է։

–Սա գժվե՞լ է, ինչ է,– վարակիչ ժպիտը դեմքին ասաց Ռաֆայելը, դռան մոտից հետ դառնալով։– Լսիր, ե՞ս չեմ դրել այդ արգելքը։

–Օրենքները մարդիկ են հնարում, սակայն դա չի նշանակում, թե նրանք կարող են խախտել այդ օրենքները,– ասաց Ստեփանը։– Օրենքները մեզ պետք է պաշտպանեն ոչ միայն ուրիշներից, այլև հենց մեզանից։

–Ահա այդպիսին ես, դրա համար էլ ''Արարատը'' շարունակ տանուլ է տալիս։

–Բայց ֆուտբոլային մրցումների աղյուսակում ամեն տարի ''Նևթչիից'' մի քանի հորիզոնական բարձր է լինում։

–Դա ինձ վրա չի ազդում,– ձեռքերը տարածեց Ռաֆայելը։– Ես ֆուտբոլային մրցումների սիրահար չեմ։

–Դա նրանից է, որ քո ''Նևթչին'' վատ է խաղում։

Ռաֆայելը բարձր ծիծաղեց, աչքերը կկոցած նայեց Ստեփանին։

–Լսիր,– ասաց նա,– քո և Անտոնյանի հարաբերություննեն ինձ հետ ոչ մի կապ չունեն։ Այնպես որ, պիտի թույլատրես մասնակցեմ փորձարկմանը։ Վերջիվերջո, ես ինչո՞ւ պիտի խանգարեմ քեզ։

–Դու պետք է հասկանաս ինձ, Ռաֆայել։ Ամբողջ այս կես տարվա մեջ դու անչափ մարդկային էիր։ Մի քիչ էլ համբերիր, խնդրում եմ։

–Չէ, իմ բախտը կատարելապես բերում է։ Լսիր, ես դիրեկտո՞ր եմ այստեղ, թե ոչ։

–Դիրեկտոր եք, Ռաֆայել Աղասիևիչ, այն էլ ինչպիսին…Դու կնստես տանը, հետո ես կզանգեմ քեզ, և մենք կգնանք ամենաշքեղ ռեստորանը՝ քո հաշվին իհարկե։

–Իսկ ինչո՞ւ իմ հաշվին,– ծիծաղեց Ռաֆայելը։

–Որովհետև ապարատի հաջող փորձարկումով կբարձրանա ինստիտուտի հեղինակությունը,– հանգիստ պարզաբանեց Ստեփանը,– իսկ հետո ապարատը կներկայացվի պետական մրցանակի և մրցանակ կշահի։

–Համոզեցիր, համաձայն եմ,– ասաց Ռաֆայելը և վճռական քայլերով գնաց դեպի դուռը, սակայն կես ճանապարհին կրկին կանգ առավ և, շրջվելով Ստեփանի կողմը, իմիջիայլոց ասաց.

–Լսե՞լ ես, որ Լեոնիդն այստեղ է։ Նա հիմա Սիբիրում նավթային տուզերից է, գիտե՞ս։ Մեծ հեղինակություն ունի այնտեղ։

–Ե՞րբ է եկել։

–Չգիտեմ, առավոտյան զանգեց, հետաքրքրվում էր քո ապարատով։ Խոստացավ անցնել։ Լավ առիթ է, նրան էլ կհրավիրենք ռեստորան։ Չէ, ինչո՞ւ ռեստորան։ Լսիր, շաբաթ օրը Ամալյայի վերջին քննությունն է։ Կիրակի կհավաքվենք մեզ մոտ, տղաներին կկանչենք ու մի լավ կուրախանանք։ Հը, ի՞նչ կարծիքի ես։

–Հըմ, վախենում ես ռեստորանում թալանեն, հա՞,– ժպտաց Ստեփանը։– Դու դեռ շատ առաջ կգնաս։

–Նախանձո՞ւմ ես։ Ամոթ է, ախպերն ախպորը չի նախանձի։ Ռեստորանը ՝ռեստորան, ես դրան համաձայն եմ, բայց փորձարկման օրը գալիս ես մեզ մոտ։ Սպասելու եմ զանգիդ։

Դիմացի լուսամուտը բացվեց և դիրեկտորի քարտուղարուհին՝ բարակիրան ու սիրունիկ, գլուխը դուրս հանելով այնտեղից, ասաց.

–Ռաֆայել Աղասիևիչ, հեռախոսով ձեզ են հարցնում, ի՞նչ պատասխանեմ։

–Իսկ ո՞վ է հարցնողը։

–Մինիստրությունից է,– հմայուն ժպտաց քարտուղարուհին։

–Երևի էլի ապարատի հարցով է,– ասաց Ռաֆայելը։– Լսիր, վերջացրու, թե չէ, հոգիներս հանում են,– ավելացրեց նա և դուրս եկավ լաբորատորիայից։


*******


Ստեփանը կրկին խոնարհվեց ապարատի վրա, փորձելով մի անգամ ևս ստուգել չափման սարքերը։ Ռաֆայելի գնալուց հետո Ստեփանը մոռացել էր դուռը փակել, և առաջին պահ նրան թվաց, թե Ռաֆայելն է, հետ է եկել՝ հաղորդելու հեռախոսով ունեցած զրույցի մասին, սակայն դռան առջև տեսնելով Եվային, մնաց զարմացած։ Ասես վախենալով առանց թույլտվության ներս մտնել՝ Եվան կանգնել էր շեմքին՝ երկչոտ ու գունատ, և հետաքրքրությամբ դիտում էր ինչպես Ստեփանին, այնպես էլ ամբողջ լաբորատորիան։

–Բարև, Ստեփան,– անհամրձակ ասաց նա, ի վերջո մտնելով լաբորատորիա։– Դու, իհարկե, ում ասես սպասում էիր, միայն ոչ ինձ։

–Չէ, ինչու…– կմկմաց Ստեփանը հարմար բառեր որոնելով։– Մենք այստեղ… զրուցում էինք Ռաֆայելի հետ։

–Ե՞րբ։

Աշխատանքով տարված՝ Ստեփանը չէր հիշում, թե ինչքան ժամանակ է անցել այն պահից, ինչ Ռաֆայելն այստեղ էր՝ գուցե մեկ ժամ, իսկ գուցե ավելի։

–Խոսում էինք,– անորոշ արձագանքեց Ստեփանը։– Նրան կանչեցին հեռախոսի մոտ։

–Ուրեմն Ռաֆայելն այստե՞ղ է։

–Այո, լաբորատորիայում էր…

–Կուզենայի տեսնել, վաղուց չեմ տեսել։ Բայց դառնուրախ հեռանկար է։

–Ինչո՞ւ։ Չես սիրո՞ւմ նրան։

–Ե՞ս։ Ինքը չի սիրում ինձ։ Իմիջիայլոց, մի անգամ հեռախոսով ինձ ասաց, որ այն օրվանից, ինչ ես բաժանվել եմ քեզնից, նա սկսել է ավելի լավ վերաբերվել ինձ։ Այնպես որ, նրա ատելությունն իմ նկատմամբ ոչ մի օրվա է, և ոչ էլ երկու։ Ի հատուցումն, ես նրան ասացի, որ իր ջգրու կվերցնեմ ու նորից շտապ կամուսնանամ քեզ հետ։

Ստեփանը նայեց նրան։

–Ի՞նչ է, վախեցա՞ր,-ծիծաղեց Եվան։

–Դու չե՞ս կարող ուրիշ բանից խոսել։ Ներիր, բայց ինձ դուր չի գալիս այդ խոսակցությունթը։

–Ինչո՞ւ,– հարցրեց Եվան, ակամաբար նայելով դիմացի կցաշենքին, ուր մի քանի աղջիկներ երրորդ հարկի լուսամուտի առջև խմբված, հետաքրքրությամբ նայում էին ներքև, լաբորատորիայի կողմը. ''Երևի տեսել են այստեղ մտնելիս'',– մտածեց Եվան։

–Պետք չէ հիմար զավեշտի վերածել այն, ինչ իրապես զավեշտ չի հանդիսանում,– հանգիստ ասաց Ստեփանը, նույնպես նայելով հետաքրքրասեր աղջիկներին, որոնք թեպետ լուսամուտից ետ էին քաշվել, բայց, հավանորեն, շարունակում էին սենյակի խորքից դիտել իրենց։

–Իսկ եթե իրերին նայենք հենց այնպես։

–Հենց այնպես ես նայել չեմ կարողանում։

–Ստեփան, թանկագինս, չէ՞ որ դու դեռ սիրում ես ինձ, և ես…

–Դու ի՞նչ գործով ես եկել, ավելի ճիշտ, կներես, ի՞նչ էիր ուզում ասել ինձ:

–Չգիտեմ,– արագ ու նյարդայնորեն արտաբերեց Եվան։

–Իսկ այնուամենայնի՞վ։

–Չգիտեմ, Ստեփան… Հանգամանքների այդ տարօրինակ զուգադիպումը, այն, որ դու ստիպված ես աշխատել Անտոնյանի հետ, այն, որ դուք հաճախակի տեսնվում եք իրար հետ , բարեկամաբար զրուցում եք… Այդ ամենը ճակատագրի ինչ-որ խայտառակ ծաղրանք է։ – Եվան խեղդեց հառաչանքը։– Դուք արդեն ամբողջ կես տարի միասին եք աշխատում և այդ ժամանակաընթացքում ես վախենում եմ՝ ինչպես ձուկը ցամաքից…Անհնարին է երևակայել՝ նա համարյա ամեն օր կարող է տեսնել քեզ, խոսել քեզ հետ, լսել քո ձայնը, տեսնել քո ժպիտը, իսկ ես զրկված եմ այդ ամենից։ Եվ ահա այսօր համբերել չկարողացա, ինձ համար անտանելի ծանր էր, և ես եկա։

–Ինչո՞ւ։

–Չէ՞ որ ասացի՝ չգիտեմ: Եկա, որովհետև ուզում էի տեսնել քեզ, լսել քո ձայնը, նայել քո մազութոտ ձեռքերին։

Ստեփանը ծիծաղեց, մի հայացք ձգեց Եվայի վրա, սակայն ոչինչ չասաց։

–Ինչո՞ւ ես ծիծաղում։ Քո ծիծաղը անուրախ ծիծաղ է, Ստեփան։ Ինչի՞ վրա ես ծիծաղում։

–Ինձ զվարճացրեց այդ արտահայտությունը՝ մազութոտ ձեռքեր։ Իմ ձեռքերը մազութոտ չեն, սա մեքենայի յուղ է։ Բայց ես ուրիշ բան հիշեցի։

–Ի՞նչ հիշեցիր,– հարցրեց Եվան պարզասիրտ քնքշանքով և նրա թավշե ձայնը նկատելի դողաց։-Խոսիր, ասա ինչ-որ ուզում ես, միայն թե մի լռիր։ Ես ուզում եմ լսել քո ձայնը, և ուզում եմ լսել՝ ինչպես դա երբեմն յուրահատում է կանանց՝ առանց ըմբռնելու քո բառերի նշանակությունը, միայն թե լսեմ ձայնդ, ինձ անհրաժեշտ է քո ձայնը։ Հենց մի րոպեով մտա, որ տեսնեմ քեզ ու լսեմ ձայնդ: Աստված իմ, ես երբևէ մագնիտոֆոնի վրա գաղտնածածուկ գրի կառնեմ քո ձայնը, որպեսզի լսեմ միայնության մեջ։ Դե, ասա, ի՞նչ ես հիշել,– ձայնը հանկարծակի իջեցնելով շշնջաց Եվան։

–Իմ վերարկուն։

–Վերարկո՞ւն։ Ի՞նչ վերարկու։

–Բանվորական իմ հին վերարկուն, որով գնում էի նավթահանքեր։

–Իսկ ինչո՞ւ հանկարծ հիշեցիր այն։

–Ահա այդ վերարկուն, իրոք որ մազութոտ էր և, հիշում եմ, սարսափելի ազդում էր հորդ ջղերի վրա։ Լավ, սա, ինչպես ասում են, որպես քնարական զեղում։ Ասա, ինչո՞ւ ես եկել։

–Չգիտեմ,-մեջքով հենվելով հենասյանը, հոգնած ասաց Եվան։-Չեմ կարողանում նրա հետ, հասկանո՞ւմ ես, չեմ կարողանում…Ես ապրում եմ ինչպես թռչնակը ոսկյա վանդակում… Բանտարկված թռչնակի համար ի՞նչ ուրախություն,թե ոսկուց է նրա վանդակը ։ Ի՞նչ եմ անում այդ անտիկվարային արձանիկներն ու ոսկեջրած կահկարասին, փայլուն պարկետն ու պարսկական գորգերը։ Չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում, երբ քեզ հետ վարձով էինք ապրում՝ ես հազար անգամ երջանիկ էի, ինչո՞ւ, ինչո՞ւ լսեցի հորս, ինչո՞ւ թողեցիր, որ լսեմ նրան, Ստեփան, մ՞իթե սա է այն կուլտուրական կյանքը, որի մասին նա կրկնում էր շարունակ… Այս աշխարհում բոլորն ուզում են սիրել և լինել սիրված,– հուզված ձայնով շարունակեց Եվան։– Բոլորը, բայց ոչ ես… Ինչո՞ւ ես դրա իրավունքը չունեմ, Ստեփան, օգնիր ինձ, աղաչում եմ, չէ՞ որ գիտեմ, դու դեռ սիրում ես ինձ, օգնիր ինձ, մի ռումբից-բանից հնարեիր, դնեիր նրա արկղում։

Ոտնաձայների վրա երկուսն էլ շրջվեցին լուսամուտի կողմը։

–Ողջույն, Եվա,– բաց լուսամուտից նայելով ներս ասաց Ռաֆայելը։

–Ողջույն, Ռաֆայել Աղասիևիչ… Ինչպե՞ս եք, վաղուց չեմ տեսել ձեզ։

–Ոչինչ… Այդ ո՞ւմ եք ուզում սպանել, և այն էլ ռումբով։ Չլինի՞ թե Անտոնյանին։

–Իսկ եթե՝ ասենք նրա՞ն։

–Եվ նրա հետ ամբողջ քաղաքի կեսը, չէ՞։ Վախեցեք աստծուց։

–Մի անհանգստացեք, Ռաֆայել Աղասիևիչ, դուք քաղաքի մյուս մասում եք ապրում, ձեզ ոչինչ չի լինի,– ծիծաղեց Եվան։– Դե լավ, ես գնամ,-դժկամությամբ արտաբերեց Եվան, աննկատ մի հայացք ձգելով Ստեփանի վրա: Կողքի խանութում գործ ունեի, ասացի մի րոպեով մտնեմ, տեսնեմ ինչպես եք: – Ցտեսություն։

–Ցտեսություն,– համարյա միասին արձագանքեցին Ստեփանն ու Ռաֆայելը։

Մի առժամանակ լռություն էր նրա գնալուց հետո։ Ոչ Ստեփանը, և ոչ էլ Ռաֆայելը, ասես դիտավորությամբ, չէին ուզում խախտել այդ լռությունը։ Երկուսի մտքերն էլ, ամենայն հավանականությամբ, նույն ուղղությամբ էին աշխատում։

–Մինիստրությունից կարգադրեցին այս շաբաթ փորձարկել ապարատը,– վերջապես խոսեց Ռաֆայելը։ – Մինիստրի առաջին տեղակալն էր զանգել… Նա ինչո՞ւ էր եկել։

–Չգիտեմ,– մտազբաղ պատասխանեց Ստեփանը։

–Ինքն էլ չգիտե՞ր, թե ինչու է եկել։– Ռաֆայելը սևեռուն նայեց Ստեփանին, հետո, առանց հայացքը նրանից կտրելու, ծխախոտ հանեց և վարժ շարժումով ինքնալուցիչը մոտեցնելով, կպցրեց այն, սկսեց ծխել։

–Նշանակում է Անտոնյանի գործերը վատ են,– ասաց նա։-Իսկ քոնն ինչպե՞ս են։

–Ներիր, Ռաֆայել, բայց նման հարցերում դժվար է խորհրդատու լինելը։

–Դու դեռ սիրո՞ւմ ես նրան,– ծուխը վեր փչելով հարցրեց Ռաֆայելը։

Ստեփանը լռին գլխով արեց և, ուղիղ նայելով ուսանողական հին ընկերոջը, ասաց.

–Բայց դա այլևս ոչ մի նշանակություն չունի։ Է՞լ ինչ հարցեր կան։

–Դու կգա՞ս միասին գնանք ճաշելու,– հարցրեց Ռաֆայել լուսամուտի մյուս կողմից։– Ի միջիայլոց, ես դրա համար եկա քեզ մոտ։ Ուրիշ բան չկարծես։

–Դու կարող էիր և քարտուղարուհուն ուղարկել։

–Բայց ես ուզում էի տեսնել քո հեմինգուական փառահեղ դեմքը։

Ստեփանը ժպտաց։

–Վերջերս շատ ես առաջադիմել, խոսքի տակ չես մնում։

–Ճի՞շտ։ Դա լավ է։ Մասնագիտության մեջ խորանում ես ուրեմն։ Ասա, կգա՞ս, թե չէ։

–Ի պաշտոնե, իրավունք չունեմ հրաժարվելու. պետերի խոսքը օրենք է ներքոստորագրյալների համար։

Ռաֆայելը նույնպես ժպտաց։

–Ընդմիջմանն այստեղ կլինեմ,– ասաց նա։-Մի կես ժամով գնում եմ կենտկոմ։

Ստեփանը փակեց լաբորատորիայի դուռը և շարունակեց ընդհատված աշխատանքը։


*******


Կեսօրվա դեմ անձրևը դադարեց։ Բայց դա կարճատև դադար էր, որովհետև օրվա վերջին այն նորից սկսեց մաղել և ամբողջ քաղաքը պարուրվեց թափանցիկ շղարշով։

Ստեփանը ինստիտուտից դուրս եկավ բարձր տրամադրությամբ։ Տրոլեյբուսի կանգառում, մի տեսակ բոլորից մեկուսացած, նա տրվել էր խոհերին. այսօրվա իր աշխատանքից գոհ էր. ապարատի վրա բոլոր գործերը վերջացրել էր, և ժամեր էր հաշվում մինչև փորձարկումը։ Իսկ գուցե տրամադրության բարձրացումը պայմանավորված էր Եվայի գալուստո՞վ։ Ինչո՞ւ այդպես փոխվել է. նիհարել է, կորցրել վաղեմի հմայքն ու թարմությունը։ Ասես ամիսներ շարունակ չի քնել։ Հավանաբար, իրոք, ծանր է նրա համար։

–Բարև, Ստեփան,– անսպասելի հայտնվելով նրա կողքին, ասաց Ելենան խաղուն ժպիտով։-Տո՞ւն ես գնում։

–Աշխատանքից հետո սովորաբար տուն եմ գնում,– նրա տոնով արձագանքեց Ստեփանը նույնպես ժպտալով։-Թե դու ուրի՞շ պլաններ ունես։

–Ոչ մի պլան չունեմ։ Ես անձկությամբ սպասում եմ, որ գոնե մի անգամ հրավիրես որևէ ներկայացման։ Այ, օրինակ, փոքր թատրոնը հյուրախաղերի է եկել, հաճույքով կուզենայի մի քանի ներկայացում նայել։

– Ես դա խոստանում եմ քեզ, Ելենա, միայն թե ոչ այս շաբաթ։ Լա՞վ։

–Պարզ է, այսինքն փորձարկումից հետո։ Դժվար է դիմանալը, բայց ոչինչ… Եվան ինչո՞ւ էր եկել ինստիտուտ,– հարցրեց Ելենան բազմանշանակ հայացքով։

–Կարծել է թե Անտոնյանն այստեղ է, բայց նա… նա էլ տեղում չի…

–Շատ տարօրինակ է,– Ելենան շեղակի նայեց Ստեփանին։– Կինը չգիտի, որ ամուսինը դեռևս երեկ է թռել Մոսկվա։

–Դե երևի, չի իմացել, այլապես չէր գա…

Ելենան ժպտաց փակ շուրթերով, ասաց.

–Սուտ ասելն ինչ է, որ չես սովորում… Իմիջիայլոց, վերջերս ես նրան՝ Եվային, ահագին բաներ ասացի, ընդորում, կարծեմ, իր համար ոչ այնքան հաճելի։

–Ինչո՞ւ։

–Համաձայն համաշխարհային ստանդարտի՝ տանը մնացած բոլոր աղջիկները պետք է, որ շատ դաժան լինեն։ Իսկ ես արդեն քսանյոթ տարեկան եմ,– ասաց Ելենանն խոնջանքով։

–Պետք չէ, Ելենա։

–Ի՞նչը պետք չէ, Ստեփան, ի՞նչը պետք չէ, սիրելիս, հոգյակս, թանկագինս, հատկապես ի՞նչը պետք չէ։

–Պարզապես ես ինձ հիմար վիճակում եմ զգում, երբ ուրիշի խոսակցության նյութ եմ դառնում։

–Ուրիշի՞,– վշտացած ասաց Ելենան, կողքանց նայելով Ստեփանին։

–Կարող է, ես ճիշտ չարտահայտվեցի, սակայն բոլոր դեպքերում, չեմ կարծում, թե դա որևէ մեկին հաճույք պատճառեր։

–Գուցե նույնիսկ արգելե՞ս ինձ ՝ մտածել քո մասին։– Ելենան խնդումերես նայեց Ստեփանին՝ սպասելով նրա պատասխանին, և չստանալով այդ պատասխանը, շարունակեց։– Այդ իրավունքն ինձնից ոչ ոք խլել չի կարող։ Լսո՞ւմ ես, ոչ ոք։

Քիչ այն կողմ, նեղլիկ փողոցի անկյունադարձում, միանգամից երևաց տրոլեյբուսը և արագընթաց կերպով սկսեց մոտենալ կանգառին։


*******


Շենքը գերատեսչական էր, նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտն էր կառուցել իր աշխատակիցների համար, և բոլոր բնակիչները համարյա գիտեին միմյանց։ Մինչև նոր ամուսնություն՝ Եվան նույնպես այստեղ էր ապրում, և Ռաֆայելը հաճախակի էր տեսնում նրան ու Ստեփանին: Նախանձել կարելի էր նրանց համերաշխությանը… Զարմանալի բան է կյանքը, մտածում էր հիմա Ռաֆայելը, այն երբեմն այնպիսի չար կատակներ է անում, որ հարյուր տարի մարդու մտքով չի անցնի։ Եվ դա մենք կոչում ենք ճակատագիր ու ասում ենք նաև, որ մարդուց է կախված իր ճակատագիրը։ Ոչ, միշտ չէ, որ դա այդպես է, չէ՞ որ կա նաև ճակատագրի քմահաճույք։

Մտքերով տարված՝ Ռաֆայելը բարձրացավ չորրորդ հարկ, կամացուկ բաց արեց դուռը և կանգ առավ՝ լսելով կնոջ ձայնը։

Միջանցքի մեծադիր հայելին անդրադարձնում էր հյուրասենյակը, ուր կինը՝ Ամալյան՝ հրպուրիչ ու միշտ ցանկալի, ձեռքի շորով վերցնում էր կահույքի փոշին ու միաժամանակ ինչ-որ բան էր արտասանում։ Նա մերթընդմերթ ընդհատում էր արտասանությունն ու ինչ-որ երգ էր դնդնում։

Ռաֆայելն ակամա ժպտաց՝ գաղտնածածուկ նայելով կնոջը։

–Սիրտը չորս խոռոչից՝ երկու նախասրտերից ու երկու փորոքներից, բաղկացած սնամեջ մկանային օրգան է, որի պարբերական բաբախումները ապահովում են արյան շրջանառությունը…– սկսեց Ամալյան և իսկույն էլ կանգ առավ՝ մի պահ աչքի անցկացնելով լուսամուտագոգին դրված բաց գիրքը։– Սա արդեն գիտեմ։ Գնացինք առաջ։– Նա կրկին երգեց։– Ուրեմն այսպես… Ձախ և աջ փորոքներից սկսվում են համապատասխանաբար… համապատասխանաբար… էլի մոռացա այդ հիմար բառը։– Նա դարձյալ մոտեցավ, նայեց դասագիրքը։– Չէ, չեմ նայելու,– ասաց նա վճռական։– Սկզբից կսկսեմ ու մի շնչով կանցնեմ վրայից։– Աչքերը փակելով՝ նա ասաց շուտասելուկի պես, ձախ և աջ փորոքներից սկսվում են համապատասխանաբար աորտան… հիշեցի՝ աորտա,– բացականչեց Ամալյան,– աորտան և թոքային ցողունը, իսկ ձախ և աջ նախասրտերի մեջ բացվում են համապատասխանաբար թոքային երակները և սիներակները։– Նա նորից սկսեց սրբել շորով։– Ախր, այսպես որ գնա, չեմ հասցնի որևէ բան պատրաստել։ Ուրեմն այսպես. սիրտը և արյունատար բոլոր անոթները միասին վերցրած ապահովում են օրգանիզմի բոլոր օրգանները…

–Էլի կահո՞ւյք ես սրբում,– հանկարծ ասաց Ռաֆայելը։

–Այո,– վախեցած ետ ընկրկեց Ամալյան,– ինչպես նաև բոլոր օրգանները… Օյ, վախեցրիր ինձ, Ռաֆայել։

–Սառը ջուր խմիր,– ծիծաղեց Ռաֆայելը։-Խանգարեցի՞ քեզ։

–Տունը հավաքելիս տղամարդիկ միշտ էլ խանգարում են, նույնիսկ, երբ ուզում են ինչ-որ բանով օգնած լինել իրենց կանանց։

–Չօգնե՞մ ուրեմն,– ժպտալից ասաց Ռաֆայելը հանելով վերարկուն,– պատրաստ եմ ամեն ինչում օգնել՝ ասա, թե չէ կարող եմ միտքս փոխել։ Այ, այստեղ ոնց որ փոշի կա,– մատները քսելով պահարանին, ավելացրեց Ռաֆայելը։

–Դու խելքդ թռցրե՞լ ես, ինչ է,– բարկությամբ ասաց Ամալյան։-Մատներիդ հետքը մնաց կահույքի վրա։

–Ներեցեք, խնդրեմ, պարզվում է, որ ներմուծական կահույքին հեռվից կարելի է նայել միայն, ձեռքով չի կարելի կպչել։

–Ախր, ողորկված է, փչացնում ես։ Ի սեր աստծո, գնա, մի խանգարիր, պետք չէ ինձ քո օգնությունը։

Ռաֆայելը ծիծաղեց, ցանկանում էր դուրս գալ սենյակից, սակայն Ամալյան կանգնեցրեց նրան.

–Սպասիր, ո՞ւր ես գնում։

–Ինքդ չասացի՞ր, որ չխանգարեմ քեզ։

–Դու, ավելի լավ է, ստուգիր ինձ։ Հրեն գիրքը։

Ռաֆայելը ետ եկավ, լուսամոտագոգից վերցրեց գիրքը և սկսեց կարդալ.

–Սա՞ է… Սիրտ-անոթային համագարգ։ Բայց ես ոչինչ չեմ հասկանում այստեղ,– տարակուսանքով ասաց նա, նայելով կնոջը։

–Ոչինչ, դու միայն հետևիր տեքստին, թե չէ հաստատ կտրվելու եմ։ Որ կտրվեցի, հաշվիր, թե մեռած ու թաղած չեմ։

–Գրողը տանի, որտեղի՞ց ես սովորել այդ արտահայտությունները։ Լավ, ասա, ո՞րը կարդամ։ Լրիվ սկզբի՞ց։

–Չէ, այդտեղ բաժին կա՝ ''Լյարդի բուժում''։

Ռաֆայելը մի պահ աչք ածեց գրքի բաց էջը և սկսեց.

–Մահը ֆիզիոլոգիական պրոցեսների անդառնալի դադարումն է բջջիջներում և հյուսվածքներում…

–Ինչպե՞ս թե… Դու ճիշտ չես կարդում։

–Ուրիշ բա՞ն եմ կարդում։– Ռաֆայելը մի երկու ենթատեքստ բաց թողեց։ -Ահա, այստեղից։ Դե, սկսիր։

–Լյարդը,– սկսեց Ամալյան։– Կենդանիների ու մարդու օրգանիզմի մարսողության, նյութափոխանակության, ֆերմենտային, պաշտպանական, արտաթորության և այլ պրոցեսներին ակտիվ մասնակցող խոշոր գեղձային այդ օրգանը…

–Եվ այդ ամբողջը ըմբռնել է պետք։

–Ի՞նչ,– զարմացած կանգ առավ Ամալյան։– Այդպե՞ս է գրված այդտեղ։

Անսահմանորեն դյուրահավատ՝ իր սևորակ աչքերով նա նայեց Ռաֆայելին։

–Ամալյա, գիտե՞ս, ես արդեն զգում եմ, թե ինչպես է ծակում ձախ կողքս։

–Լյարդը աջ կողմում է,– ժպտաց Ամալյան։

–Միևնույն է, գիրքն այնպիսի լեզվով է գրված, որ ես ոչ մի բան չեմ հասկանում… Ստեփանը չի՞ զանգել դեռ։

–Ոչ,– ասաց Ամալյան։

–Հետաքրքիր տղա է, ինչո՞ւ չի զանգում։

–Դե, ոչինչ, ուր որ է կզանգի,– հուսադրեց Ամալյան։

–Մինիստրությունից կանչել էին, խորհրդակցություն էր,– ասաց Ռաֆայելը։– Ասացի փորձարկումը վերջացրած կլինեն արդեն, չգնացի ինստիտուտ։ Դե, լավ, մի բան տուր ուտեմ, քաղցից մեռնում եմ։

–Չե՞ս ասել, թե Ստեփանն էլ է գալու։ Մի քիչ պանիր ու հաց կեր, հիմա կվերջացնեմ։

Ռաֆայելը գնաց խոհանոց և քիչ անց ետևից լսեց կնոջ ձայնը.

–Ռաֆայել, գիտե՞ս, մի տեսակ ինչ-որ վատ նախազգացում ունեմ։

–Դրա համա՞ր ես շարունակ երգում,– խոհանոցից լսվեց Ռաֆայելի ծիծաղը։

–Չէ, ճիշտ, վախենում եմ այդ Անտոնյանը մի խաղ սարքի Ստեփանի գլխին։

–Սա ի՞նչ կրակ է,– հաց ու պանիրն ձեռքին վերադառնալով խոհանոցից, ասաց Ռաֆայելը։– Լսիր, դու ե՞րբ պիտի վերջ տաս քո այդ կատեգորիկ դատողություններին։ Ի՞նչ խաղի մասին է խոսքը. Անտոնյանն ազնիվ մարդ է։

–Այդ ազնիվ մարդը մի երկու անգամ բեկանել է Ստեփանի նախագիծը։

–Եվ ճիշտ է արել,– գլխով արեց Ռաֆայելը։– Իմիջիայլոց, մինչև Անտոնյանը ես նույնպես երկու անգամ մերժել եմ։

Ամալյան մոտեցավ ամուսնուն և, միամիտ տեսքով նայելով նրան, ասաց.

–Կարելի՞ է ես ու դու մի քիչ բամբասանքով զբաղվենք։

–Հինգ րոպեն հերի՞ք է քեզ,– ժամացույցին նայելով ասաց Ռաֆայելը։

–Հինգ րոպե՞,– քամահրանքով արձագանքեց Ամալյան։– Ես քո ընդունարանում չեմ գտնվում, որպեսզի քարտուղարուհու միջոցով ռեգլամենտ նշանակես։ Դու իմ ամուսինն ես։

–Սիրելի ամուսինը։

–Այո, սիրելի ամուսինը։

–Միայն հինգ րոպե, սկսիր։

–Դու ի՞նչ կարծիքի ես, Եվան երջանի՞կ է Անտոնյանի հետ։

–Եվան՝ կասկածում եմ, իսկ, այ, Անտոնյանը՝ ոչ։

–Ինչո՞ւ է քեզ թվում։

–Թեկուզ այն բանի համար, որ նա Ստեփանին ավելի լավ է վերաբերվում, քան Ստեփանը նրան։

–Մի կատակիր, ժամանակը սուղ է։ Իսկ ինչո՞ւ ես կասկածում Եվայի երջանկությանը։

–Պատկերացրու քեզ նրա տեղ՝ հեշտությամբ կհասկանաս։

–Այո, բայց չէ՞ որ…

–Հինգ րոպեն անցավ,– ցուցամատով ժամացույցի թվացուցակը տկտկացնելով ասաց Ռաֆայելը։

–Ինչպե՞ս,– հարցրեց Ամալյան խռովկան ձայնով։– Արդե՞ն։ Քո ժամացույցը ճիշտ չի աշխատում, ես նոր-նոր բացվում եմ։

Ռաֆայելը ծիծաղեց, գրկեց կնոջը, պտտացրեց սենյակում։

–Ախ, Ամալյա, դու ե՞րբ ես մի քիչ խելոքանալու։– Շարունակելով ծիծաղել՝ Ռաֆայելը օրորեց գլուխը և ասաց. –Լսիր, մենք արդեն հինգ տարի է միասին ապրում ենք, ու ես այդպես էլ հասկանալ չեմ կարողանում՝ ե՞րբ ես կոկետություն անում, իսկ երբ՝ որևէ բան լրջորեն անում։

–Ես ինքս էլ դա հասկանալ չեմ կարողանում,– ծիծաղեց Ամալյան։

Ռաֆայելն անփութորեն գրկեց կնոջը, Ամալյան ցանկացավ խույս տալ, նրա ձեռքի մեխերը թափվեցին գետնին։ Այդ պահին հնչեց դռան զանգը, և երկուսն էլ ակամաբար նայեցին դռան կողմը։

–Ելենան է, ես եմ կանչել,-Ռաֆայելի գրկից ազատվելով, ասաց Ամալյան, գնալով դեպի դուռը։

Ելենեան թեթևնքայլ ներս մտավ, առանց կանգ առնելու հանեց անձրևանոցն ու կախեց՝ չսպասելով, որ Ամալյան օգնի նրան և, հայելու առջև ուղղելով մազերը, ասաց.

–Ինչ սարսափելի եղանակ է։ Բարև, Ռաֆայել։

Ռաֆայելը պատասխանեց նրա ողջույնին և արագ ելավ տեղից։

–Ինչպե՞ս ես, Ելենա,– հարցրեց նա առաջ գնալով։– Դու գեղեցիկ ես ինչպես միշտ և սքանչելի ես՝ դարձյալ ինչպես միշտ։

–Օյ-օյ-օյ,– ծիծաղեց Ելենան։– Ստեփանը չի՞ զանգել դեռ։

–Րոպե առ րոպե սպասում ենք նրա զանգին։

Հեռախոսը դրված էր միջանքում, փոքրիկ սեղանին։ Ռաֆայելը անհանգիստ նայեց ժամացույցին, դժգոհ օրորեց գլուխը և վճռականորեն վերցրեց հեռախոսափողը… Նա մի պահ մտածեց և, հեռախոսափողը կրկին դնելով տեղը, նստեց՝ հայացքը ապարատին, ասես հենց այս րոպեին պիտի զանգեն իրեն։ Սակայն հեռախոսը լուռ էր։

–Լավ է, որ եկել ես,– ասաց նա Ելենային:

–Ինչո՞ւ։

–Ստեփանի համար ուրախալի կլինի։ Մանավանդ այսօր։

Ելենան թերահավատությամբ նայեց Ռաֆայելին, միաժամանակ ցանկանալով հավատալ նրան։ Շփոթմունքը թաքցնելու համար, նա վարանքով փախցրեց հայացքը:

–Լենա, ես հիմա քեզ համար ընտիր սուրճ կպատրաստեմ,– ասաց Ամալյան, մտնելով խոհանոց։

–Դու ինձ ինչի՞ համար էիր կանչել,– անվարան հարցրեց Ելենան, նույնպես մտնելով խոհանոց։

–Ես… հենց այնպես… չէ, հիշեցի, ուզում էի քեզ հետ խորհրդակցել կիրակի օրվա համար։ Դիպլոմս պետք է նշե՞նք, թե չէ,– նա նայեց Ելանային և մեղավոր տոնով ավելացրեց,– ազնիվ խոսք։

–Երդվել պետք չէ, Ամալյա։ Չափից դուրս հեշտ ենք երդումներ տալիս, վախենում եմ գնալով ընկնի այդ երդումների գինը։

–Լենա, միշտ կենսուրախ, ծիծաղը շարունակ դեմքիդ, ի՞նչ է պատահել, դու այսօր մի տեսակ անտրամադիր ես։

–Ստեփանի հետ վիճել ենք, երևի դրանից է։

–Դու չպետք է նրան վշտացնես,– գլուխը տարուբերելով, դանդաղ ասաց Ամալյան։– Ապարատի հետ կապված այս ամբողջ գլխացավանքն ու առհասարակ…

–Առհասարակ ի՞նչ,– տեղավորվելով խոհանոցային աթոռակին ասաց Ելենան և ավելացրեց բոլորովին հանգիստ տոնով։– Մենք հենց այստեղ, խոհանոցում սուրճ կխմենք, և հաճելի է, և բարեհարմար։ Նստիր ինձ մոտ։

Ամալյան սրճամանները դրեց գազօջախին և նստեց Ելենայի դիմաց։

–Ամալյա, գի՞տես, ամեն անգամ, երբ գալիս եմ քեզ մոտ, ես դա վաղուց եմ նկատել, ինչ-որ զարմանալի ջերմություն ասեմ, թե մի տեսակ ինչ-որ քնքշություն, կարծես քեզնից հաղորդակցվում է իմ մեջ։ Ի միջիայլոց, մարդկային մի թաքուն հատկություն կա՝ հայտնի՞ է քեզ. մարդ ամենաշատ պահանջ է զգում է իր մերձավորին ասել լավը, քան վատը։ Ասենք, դա գործին չի վերաբերում,– հանկարծակի փոխելով խոսակցության նյութը, ասաց Ելենան։– Գիտե՞ս, Ամալյա, ես շուտվանից ուզում եմ սաստիկ քնքշահույզ մի հարց տալ քեզ ու ժամանակ չեմ գտնում. Դու երջանի՞կ ես։

–Իհարկե,– արագ ասաց Ամալյան։

–Հարկավոր է երեխաներ շատ ունենալ,– խրատական տոնով ասաց Ելենան,– թե չէ երկու երեխա ունեք, այն էլ շարունակ Ռաֆայելի ծնողների մոտ են։ Տղամարդիկ, ճիշտ է, հազվադեպ են, ինչպես հարկավոր է, հասկանում մայրական բերկրությունը, իսկ հայրականը՝ միայն այն բանից հետո, երբ որդին դպրոցից տուն է բերում առաջին ''երկուսը''. նրանց մեջ հանկարծակի գլուխ է բարձրացնում ծնողական զգացմունքը, և նրանք սկսում են ահ ու սարսափ թափել խեղճ զավակների գլխներին, բայց դու, այնուամենայնիվ, մի երկու տղա ու մի երկու աղջիկ բեր։

–Շատ լավ,– ծիծաղեց Ամալյան,– դու բարի սիրտ ունես։ Ռաֆայելը զուր տեղը չի գովում քեզ։

–Ռաֆայելին դու այնքան էլ մի հավատա,– ժպտաց Ելենան,– նա շողոմում է ինձ, իրականում վատ կարծիքի է իմ մասին։

–Լենա, ինչե՞ ես ասում,– ձեռքերը տանելով կրծքին զարմացած ասաց Ամալյան։– Դա ճիշտ չի։ Ռաֆայելն այդպիսին չի։

Ելենան որոշ ժամանակ նայում էր Ամալյային, ինչպես մեծահասակներն են նայում դյուրահավատ երեխաներին, և ասաց սրտի անդիմադրելի մղումով.

–Դու սիրում ես Ռաֆայելին,– ասաց նա:– Դու հայուհի ես, նա ադրբեջանցի, բայց իրար սիրում եք անմնացորդ վսեմ սիրով, որովհետև սերը ազգություն ու կրոն չի ճանաչում, սերը վեր է ամեն ինչից: Սիրել կարողանալը վիթխարի երջանկություն է, Ամալյա։ Դրանում ճիշտ է, շատ դառնություն կա, բայց, ով գիտի, գուցե հենց դրա մեջ է ամբողջ թովչանքը… Դե, լավ,– կարճ կապեց նա։– Իսկ Ռաֆայելն, իրոք, որ, լավն է, ճիշտ ես անում, որ սիրում ես նրան։ Այ, եթե մի քիչ էլ հոգատար ու մի քիչ էլ բարի լիներ մարդկանց նկատմամբ, շատ լավ կլիներ։

–Դու Ռաֆայելին լավ չգիտես, Լեն,– դարձյալ ներողամիտ տոնով ասաց Ամալյան։– Ախր, նա շատ բարի է։

–Բարին՝ բարի է, միայն թե մի տեսակ կարծես վախենում է իր բարությունից՝ փակելով այն յոթը կողպեքի տակ… Սուրճն այստեղ, խոհանոցում ենք, չէ ՞, խմում։

–Ոչ, ոչ, գնում ենք հյուրասենյակ։ Վեր կաց, արդեն պատրաստ է։

Ելենան ելավ տեղից, վերցրեց սրճագավաթներն ու շաքարամանը, բարակ մարմնի հեզաճկուն քայլվածքով անցավ հյուրասենյակ և

թանձր, փրփրուն սուրճը լցնելով փոքրիկ գավաթները, նստեց ողորկված փայլուն սեղանի մոտ:

–Ստեփանը չզանգեց,– անսպասելի ասաց Ելենան,– գուցե չի էլ զանգելու։

–Ինչպես թե՝ չի զանգելու,– զարմանք հայտնեց Ամալյան։– Ռաֆայլեն, ախր, պայմանավորվել է հետը։ Բացի այդ, Լեոնիդը նույնպես գալու է։

–Սուրճս խմեմ, գնամ,– ասաց Ելենան։– Հետո կանցնեմ։

–Իսկ քեզ ո՞վ է բաց թողնում, որ գնաս,– ձեռքը մտերմաբար Ելենայի ձեռքին դնելով, ասաց Ամալյան։

Ելենան խորախորհուրդ նայեց Ամալյային։

–Պետք է քեզ ասեմ, որ դու իմ խորհրդի կարիքը չես զգում,– ժպտաց նա։– Եվ դու ինձ բոլորովին էլ դրա համար չես կանչել…

–Ինչպես չես ամաչում, Լենա։

–Իսկ ինքդ կարմրում ես,– բազմանշակի ասաց Ելենան։– Ես հո գիտեմ՝ Ստեփանի համար ես կանչել…Տեսնես ինչի՞ց է, որ մենք այսպես սիրում ենք դրստել ուրիշների ճակատագրերը։ Բայց քոնը բոլորովին ուրիշ՝ երջանիկ մարդու եսապաշտություն է։ Ի միջիայլոց, դա եսապաշտական երջանկություն է։ Իսկ ո՞րն է դրա իմաստը, դու գիտե՞ս։ Դե, լավ, մի կարմրիր։

–Վերջ տուր, Լենա, լսում ես, հենց հիմա վերջ տուր։

–Չէ, միևնույն է, պիտի լսես ինձ,– անհողդող շարունակեց Ելենան՝ առարկություն չվերցնող տոնով։– Երջանիկ մարդկանց եսապաշտությունը կայանում է նրանում, որ նրանք անպայման ուզում են երջանկացնել ուրիշներին։ Երբեմն նույնիսկ համառորեն համոզելով։ Դրա համար էլ ես չեմ նեղանում քեզանից։ Միայն խորհուրդ կտայի զգույշ լինել. պատահում է, որ նա, ում այդպես համառորեն ուզում ես երջանկացնել, սկսում է ոտքիդ տակը փորել։ Այդպիսի դեպք արդեն եղել է։

–Եվ ո՞ւր է նա հիմա։

–Ո՞վ,– հարցրեց Ելենան, չհասկանալով, թե ում մասին է խոսքը։

–Նա, ով լավությանը վատությամբ է պատասխանել։

–Անցյալ տարի խորտակվեց ծովում,– հանգիստ ասաց Ելենան։

–Եվ շատ էլ լավ դառավ, որ խորտակվեց,– սրտանց արձագանքեց Ամալյան։– Դրանց այդպես է պետք։

Ելենան ծիծաղեց և ասաց.

–Չէ, Ամալյա, դու այս աշխարհից չես։ Ես քեզ սիրում եմ հենց այն բանի համար, որ դու այդպիսին ես՝ դյուրահավատ ու սքանչելի։ Իսկ ինչ վերաբերում է ինձ համոզելուն,– շարունակեց նա,– համոզել պետք չէ, չէ՞ որ ես սիրում եմ Ստեփանին, և այն էլ շատ վաղուց, Ամալյա, շատ վաղուց… Այն օրվանից, երբ դեռ հոգին բուն չէր դրել մարմնիս մեջ,– ժպտաց նա։

Միջանցքում տագնապալից հնչեց հեռախոսազանգը։

–Ռաֆայել, վերցրու,– ասաց Ամալյան առանց տեղից շարժվելու։

–Երևի Ստեփանն է,– ուշադրությունը լարելով, սպասողական ասաց Ելենան, ակամայորեն բարձրանալով տեղից։

Ռաֆայելը վերցրեց լսափողը ու քիչ անից միջանցքում լսվեց նրա ձայնը.

–Ալլո… Այո, այո, ես եմ։ Լեոնի՞դ… դու այդտեղ ի՞նչ ես անում։ Ի՞նչ։ Պարզ խոսիր, ո՞վ է զոհվել…

–Ի՞նչ է պատահել,– հյուրասենյակից արագ դուրս գալով միջանցք, վախեցած հարցրեց Ելենան։

Ռաֆայելը չարձագանքեց։ Ծանր շնչելով, նա լարված լսում էր, հետո ասաց.

–Լավ, հիմա գալիս եմ։

–Ռաֆայել, ի՞նչ է պատահել,– անհանգիստ հարցրեց Ամալյան, նույնպես ելնելով միջանցք։

Ռաֆայելը, գույնը լրիվ գցաց, դանդաղ ցած դրեց հեռախոսափողը։

–Ապարատը պայթել է,– խռպոտ ասաց նա, դողացող մատներով հանելով սիգարետը…– Անտոնյանը պայթյունից զոհվել է…

Բոլորի հայացքները քար արտահայտություն ստացան։

–Ես պետք է գնամ,– մի պահ անց ասաց Ռաֆայելը և մոտենալով զգեստապահարանին, հանեց վերարկուն։– Ելենա, մնա մեզ մոտ, մինչև կգանք։

–Շատ լավ։

Դրսում, ջրհորդաններում, շարունակում էր աղմկել անձրևաջուրը։


*******


Մութն ընկավ միանգամից։ Դիմացի շենքերում առկայծեցին առաջին լույսերը։ Աղոտ վառվեցին նաև փողոցային լապտերները, որոնք թույլ լուսավորում էին թաց ասֆալտը, այստեղ- այնտեղ գոյացած ջրափոսերն ու այդ ջրափոսերի վրա մաղող մանրիկ անձրևը։

Ինչպես ծովը, այնպես էլ ամբողջ Բաքուն՝ Բայիլովի բարձունքներից սկսած մինչև Սև քաղաք ու Սև քաղաքից էլ այն կողմ, ընկղմված էին անթափանց մշուշի մեջ, և, մշուշի միջից, ոնց մենավոր փարոս՝ անեզր օվկիանոսում, հեռուստատեսային աշտարակի վրա փայլկտում էին հակաօդավթարաբարձ կարմիր լույսերը։

–Ես գիտեմ, որ դաժան ու անմարդկային է դա,– երկարատև լռությունից հետո շարունակելով մութ սենյակում առաջ ու ետ քայլել, խոսեց Ելենան։– Բայց ես անկարող եմ զսպելու իմ ուրախությունը։ Ես երջանիկ եմ, որ այդ բանը նրան է պատահել։ Տեր աստված, այս ինչի մասին եմ խոսում։ Ես պարզապես խելքս թռցրել եմ երևի… Այո, այո, նրա հետ է պատահել… և ոչ Ստեփանի։

Խոհանոցից անաղմուկ հայտնվելով հյուրասենյակի դռան մոտ՝ Ամալյան զարմանքով նայեց Ելենային։

– Լենա, դու այդ ո՞ւմ հետ ես խոսում,– հարցրեց նա։

–Ոչ ոքի։ Հեռուստացույցն է։

–Բայց ես լսեցի քո ձայնը,– ասաց Ամալյան, միացնելով լույսը։

–Նշանակում է ես ու ես էի խոսում,– արձագանքեց Ելենան։ Նա նստեց բազկաթոռում, լուսամուտի առջև, և, գրադարակից մի գիրք վերցնելով, սկսեց աննպատակ թերթել։– Ո՞վ էր քիչ առաջ զանգում։

–Ռաֆայելն էր, հիվանդանոցից էր զանգում։ Ասաց, որ տան մոտ են արդեն, հիմա կգան։ Անտոնյանի դիակն արդեն բերել են հիվանդանոց։– Նա որոշ ժամանակ լուռ էր, հետո թառանչ քաշեց, շշնջաց.– Սոսկալի է, մի երկու ժամ առաջ խոսում էինք Անտոնյանի մասին՝ որպես կենդանի մարդու, իսկ հիմա նա չկա այլևս։ Գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին։

–Ապագա բժշկուհուն վայել չի սենտիմենտալությունը։– Ելենան մի պահ լարված ուշադրությամբ նայեց փողոցին, հետո ասաց.– Գալիս են… երեքով են… Չէ, սպասիր, ոնց որ Եվան էլ նրանց հետ է։

–Ես գնամ թեյ դնեմ,– ասաց Ամալյան կիսաձայն։ -Երևի լրիվ թրջվել են։

Ամալյան շտապեց խոհանոց, իսկ Ելենան մոտեցավ դռանը, բաց արեց այն՝ չսպասելով դռան զանգին, և մի կողմ կանգնած սպասեց։ Սսկված, ցրտից կուչ եկած՝ Եվան, Լեոնիդը, Ռաֆայելը և Ստեփանը մտան տուն։ Լեոնիդը լուռ սեղմեց Ելենայի ձեռքը, կամացուկ ասաց.

– Լենա, դու բոլորովին չես փոխվել։

–Օրերս վատ չեն անցնում , երևի, դրանից է,– բազմիմաստ արձագանքեց Ելենան և անթարթափ նայելով Ստեփանին, որը գալիս էր ամենավերջում, ասաց,– բարի երեկո, Ստեփան։

–Ելենա, երեկոն այնքան էլ բարի չէ,– խուլ արձագանքեց Ստեփանը։

–Տվեք վերարկուները,– ասաց Ելենան, դիմելով բոլորին։

–Ամալյա, թեյի հոգս արա,– կարգադրեց Ռաֆայելը։– Ուղղակի սառել ենք։

–Հիմա, Ռաֆայել, արդեն պատրաստ է,– խոհանոցից արձագանքեց Ամալյան-Մտեք սենյակ, բերում եմ։

Տղամարդիկ մտան հյուրասենյակ։

–Դու լրիվ թրջվել ես,– ասաց Ելենան, ձեռքով կպչելով Եվայի շորին։– Ամալյա,– կանչեց նա։

–Ոչինչ, ոչինչ,– ընդդիմացավ Եվան, սակայն Ամալյան արդեն դուրս էր եկել խոհանոցից։ Նա երկչոտ համբուրեց Եվային, միաժամանակ գլխի թեթև շարժումով բարևելով Լեոնիդին ու Ստեփանին, և նայեց Ելենային՝ սպասելով նրա հարցին։

–Փոխնորդ տուր, Ամալյա, շորերը լրիվ թաց են։

–Այս րոպեին։ Իհարկե, հարկավոր է փոխել, թե չէ կարող է թոքերի բորբոքում ստանալ։– Նա Եվային ուղեկցեց ննջասենյակ։

Ստեփանը ելավ տեղից և, ատամները սեղմած, անհանգիստ սկսեց ետ ու առաջ քայլել։

–Ես նրան սպանեցի,– անսպասելի կանգ առնելով սենյակի մեջտեղում, ասաց Ստեփանը։ – Այո, դա հաստատ է։ Ես իմ ձեռքով սպանեցի նրան։

–Դա ճիշտ չէ, Ստեփան,– հանկարծակի խռպոտ ձայնով արտաբերեց Ելենան առաջ գալով։– Դա ճիշտ չէ, որովհետև անկարելի է, որ դա ճիշտ լինի։

–Ոչ, ճիշտ է,– ինչքան կարելի է խաղաղ, հոգնած ձայնով ասաց Ստեփանը։– Դու պարզապես, չգիտես, Լենա, դու ամեն ինչ չէ, որ գիտես։

–Վերջ տուր, Ստեփան,– նորից խոսեց Ելենան հուզմունքով։– Դու հաշիվ տալի՞ս ես քեզ, թե ինչ ես խոսում։ Ռաֆայել Աղասիևիչ, Լեոնիդ, ասացեք նրան, որ իրավացի չէ նա։

–Իհարկե, իրավացի չէ, նա ինքն էլ շատ լավ գիտի, որ իրավացի չէ,– նկատեց Լեոնիդը։

–Լսիր, Ստեփան,– սաստող տոնով ասաց Ռաֆայելը,– խելքդ գլուխդ հավաքիր։

–Ոնց որ երազում եղած լինի այդ ամենը,– ասաց Ստեփանը անօգնական նայելով շուրջը։– Երևակայել միայն, որ ես ընդամենն ինչ-որ մի քանի վայրկյան ուշացա միայն… Դա աններելի է, չէ՞ որ ես կարող էի փրկել նրան։

–Նա այլևս չկա, Ստեփան,– կրկին նկատեց Լեոնիդը։-Ավելի լավ է քո մասին մտածիր։

–Իսկ ինձ ի՞նչ է եղել, որ իմ մասին մտածեմ,– հետզհետե բորբոքվելով խոսեց Ստեփանը։-Գլուխս տեղը, ոտուձեռքս տեղը… Բայց չէ՞ որ ես իրոք կարող էի փրկել նրան։

–Ստեփան, եթե դա հնարավոր լիներ, դու անպայման կփրկեիր նրան,– մուգ, բուրավետ թեյով բաժակները մատուցելով ասաց Ամալյան։– Իզուր տեղը մի խոսիր։ Դու ավելի լավ է թեյ խմիր, և ամեն ինչ կանցնի։ Միևնույն է, քո ասածներին ոչ ոք չի հավատում։

–Հերիք է և այն, որ ինքս հավատում եմ,– ասաց Ստեփանը։

–Իսկ ո՞ւր է Եվան,– ըստ երևույթին, խոսակցության նյութը փոխելու համար հարցրեց Ռաֆայելը։

–Մյուս սենյակում է,– ակամա նայելով ննջասենյակի կողմը, պատասխանեց Ամալյան։– Մի քիչ վատ է զգում իրեն, ոչինչ, հիմա կգա։

–Ես ինձ այժմ ոնց որ մարդասպան եմ զգում,– կրկին խոսեց Ստեփանը նայելով բոլորին ու միաժամանակ ոչ ոքի չտեսնելով։

Լեոնիդը մի պահ նայեց Ստեփանին և , թեքվելով Ռաֆայելի կողմը, կամացուկ, բայց բոլորի համար լսելի, ասաց.

–Վերջապես խելքի բեր սրան, այս ամբողջ ժամանակը նա զբաղված էր այն բանով, որ մեղադրում էր ինքն իրեն՝ կատարված հանցանքի համար, մինչև քո գալը՝ և լաբորատորիայում, և դրանից հետո՝ հիվանդանոցում, նա շարունակ նույնն էր կրկնում՝ ընդ որում՝ միլիցիայի ու դատախազության ներկայացուցիչների մոտ։ Դա, ախր, հիմարություն է։

–Լսիր,– արագ շրջվելով Ստեփանի կողմը, ասաց Ռաֆայելը։– Լեոնիդն իրավացի է։ Դու այնքան էլ մի տարվիր ինքնատվայտանքով, սովորաբար դրանից լավ բան սպասել չի կարելի։

–Դու ինչի՞ մասին ես խոսում,– մտացրիվ հարցրեց Ստեփանը։

–Կարող է այնպես պատահել, որ ես հետո ստիպված լինեմ հերքել այն, ինչ հիմա դու ասում ես,– համբերատար բացատրեց Ռաֆայելը։– Որովհետև քո մեղայական խոսքերից հետո դա այնքան էլ հեշտ չի լինի անել։ Գոնե մեզ խղճա։

Տիրեց երկարատև լռություն։ Ջրհորդաններից իր ձանձրալի քլթքլթոցներով շարունակում էր թափվել ջուրը։

–Իսկ դու ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ,– լռությունը խախտեց Ալենան՝ դիմելով Լեոնիդին։– Չէ՞ որ այստեղ պիտի գայիր։

–Հենց այստեղ էլ գալիս էի,– արձագանքեց Լեոնիդը, ափերի մեջ պահելով թեյի տաք բաժակը։– Հետո հանկարծ որոշեցի մտնել Ստեփանի մոտ, նրան էլ վերցնել։ Տաքսին նույնիսկ բաց չէի թողել, մոտեցա լաբորատորիայի դռանը, և հանկարծ Ստեփանը դուրս թռավ այնտեղից և ասաց, որ Անտոնյանը հենց նոր զոհվեց։ Ես էլ սկսեցի զանգել՝ ուր պետք է, շտապ օգնությունը եկավ, բայց դե ուշ էր արդեն։

–Իսկ Ստեփանը շա՞տ էր չարախոսում իր մասին,– հարցրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով Ստեփանին ու Լեոնիդին։

–Այն էլ ինչպես,– արագ ասաց Լեոնիդը։– Քննիչն արդեն սկսել էր գրառել նրա ասածները, քայլում էր ետևից, որսում ամեն մի բառը։ Ջահել տղա էր, երևի, նոր ավարտած, Շերլոկ Հոլմս էր ձևացնում իրեն… Իսկ ինչ է, Եվան, իրոք վատ է զգո՞ւմ իրեն, հա՞…

– Չէ, հիմա կգա, շորերն է փոխում,– ասաց Ամալյան։– Թեյը սառչում է, խմեցեք, իսկ հետո սեղան կգցեմ, ամեն ինչ պատրաստ է։

Կրկին լռություն տիրեց և հեռախոսազանգը, որ հնչեց սովորականից բարձր, մի տեսակ վախեցրեց ասես բոլորին։ Ելենան հեռախոսին մոտ էր, Ռաֆայելը հայացքով նրան հասկացրեց, որ վերցնի լսափողը։

–Այո, լսում եմ։ Բաև ձեզ։ Այո, այստեղ է։ Մի րոպե։– Ելենան ձեռքով ծածկեց հեռախոսի մեմբրանը և կամացուկ ասաց.

–Ռաֆայել, քեզ են ուզում։ Անծանոթ ձայն է…

–Սկսվեց… Ասեիր տանը չէ..– Ռաֆայելը վերցրեց լսափողը, և կկոցված աչքերով նայելով դուրսը, ուր այլևս ոչինչ չէր երևում, ասաց։– Այո, հասկանալի է, ծանր կորուստ է մեզ բոլորիս համար… Ոչ, ես համոզված եմ, որ պարզապես դժբախտ պատահար է և ուրիշ ոչինչ…– Նրա այտամկանները նկատելի ձգվեցին։– Խնդրում եմ, սպասեք վերջացնեմ խոսքս… Այո, այդ բոլորը ճիշտ է, դուք իրավացի եք, բայց, այնուամենայնիվ… Ինչպե՞ս,– Ռաֆայելը հետզհետե գունատվելով, դեմքը դարձրեց դեպի պատը։– Ի՞նչ հանցակազմ… Ներեցեք, բայց դա անկարելի է, որովհետև ես ապարատը շտապ ուղարկել եմ տեխնիկական փորձաքննության և մինչև չստանամ պատասխանը… Ոչ, պատասխանը երկու-երեք օրից հետո միայն պատրաստ կլինի…

Մյուս կողմում հեռախոսը ցած դրեցին, և Ռաֆայելը մի պահ կանգնել էր շվարած՝ ասես չիմանալով իր անելիքը։

–Այդ ո՞վ էր,– հարցրեց Ստեփանը։

–Մինիստրությունից է, առաջին տեղակալն է,– ցած դնելով լսափողը ասաց Ռաֆայելը, փորձելով ժպտալ։

–Իսկ ի՞նչ էր ուզում։

–Որպեսզի ես գործն անհապաղ հանձնեմ դատախազություն։

–Նա ինչէ, հին հաշի՞վ ունի քեզ հետ,– հարցրեց Լեոնիդը նայելով Ստեփանին։

–Երևի,– անտարբեր ասաց Ստեփանը։

–Թշնամիներ ձեռք բերելու հարցում Ստեփանը մի հատ է,– ասաց Ռաֆայելը։ Նա ուզում էր դարձյալ ինչ-որ բան ասել, բայց ակամա լռեց՝ դռան մոտ նկատելով Եվային։

–Արի, Եվա, արի, նստիր,– առաջարկեց Լեոնիդը ելնելով տեղից։

Սակայն Եվան, ասես չլսեց նրան, նա նստեց սեղանից հեռու, բազկաթոռում, և, դառնալով Ստեփանին, հոգնած կերպով ասաց.

–Ինչպե՞ս եղավ այդ ամենը։

–Չափազանց բարձր ճնշում տվեցինք,– սկսեց Ստեփանը։– Կափույրի գլանաձողը չդիմացավ։ Իսկ նա այդ ժամանակ ինչ-որ բանի համար թեքվել էր կափույրի վրա և… գլանաձողը կպավ գլխին։

–Իսկ դո՞ւ որտեղ էիր։ Դու նրա մո՞տ չէիր։

–Պարզ է, մենք միասին էինք։ Բայց ես այդ պահին հետևում էի ճնշաչափի սլաքին, իսկ երբ շրջվեցի, արդեն ուշ էր։

–Ինչո՞ւ էր ուշ,– ջղագրգիռ հարցրեց Եվան։

Ստեփանը ուշադիր նայեց նրան, ասաց.

–Իսկ ինչու՞ ես այդպես նայում ինձ։

–Ստեփան… Ստեփան, ախր… Գուցե դո՞ւ ես արել դա։

–Եվա, ինչե՞ր ես ասում, մտածիր գոնե,– տագնապալից ասաց Ամալյան, օգնություն աղերսող հայացքով նայելով նստածներին։

–Եվա, դա արդեն պետք չէ,– թեյը մի կողմ հրելով ասաց Լեոնիդը։– Այդպես չի կարելի։

–Գուցե դո՞ւ ես սպանել նրան,– բարձրացնելով ձայնը, հուսահատորեն ասաց Եվան։– Այո, այո… Հիշո՞ւմ ես իմ խոսքերը՝ քեզ մոտ, լաբորատորիայում՝ նրան սպանելու մասին։

–Ոչ,– ընդոստ ելնելով տեղից ասաց Ստեփանը նայելով Եվային։– Չեմ հիշում։

–Գնանք, Եվա, դու իզուր էլ վեր կացար,– համառորեն ասաց Ամալյան, թևանցուկ անելով Եվային։– Գնանք, ես թեյը կբերեմ այնտեղ։

–Պետք չէ,– ընդդիմացավ Եվան։– Ես ինձ շատ լավ եմ զգում։

–Ոչ, ոչ, գնանք։– Ամալյան թևանցուկ արած, Եվային տարավ ննջասենյակ։

– Ելենա, դու էլ գնա,-առաջարկեց Ռաֆայելը։-Թե չէ մենակ լավ չէ նրա համար։

Ելենան մի տեսակ դժկամորեն բարձրացավ տեղից։

–Ստեփան, դու նրա խոսքերին ուշադրություն մի դարձրու,– ինչպես հարազատի՝ շրջվելով շշնջաց Ելենան՝ սևեռուն նայելով Ստեփանին։– Նա հիմա ինքն էլ չգիտի, թե ինչ է ասում։

–Ոչինչ, պատահում է,– արձագանքեց Ստեփանն ընկճված, և, իր վրա բռնելով Ռաֆայելի հայացքն ու միաժամանակ սպասելով մինչև Ելենան անցնի մյուս սենյակը, ասաց՝ առանց նրան նայելու.

–Ռաֆայել, դու շարունակ լռին նայում ես ինձ և նայում ես ինչ-որ մի տեսակ տարօրինակ ձևով։

–Քեզ դո՞ւր չի գալիս դա։

–Չգիտեմ,– ասաց Ստեփանը։– Ինձ համար հաճելի կլիներ, եթե դադարեիիր նայել։

–Պարզապես կուզենայի ինչ-որ բաներ ճշտել։

–Դե, ինչ կա որ, ճշտիր, եթե դա անհրաժեշտ է։

–Անհրաժեշտ է։ Սկսենք սկզբից,– ասաց Ռաֆայելը։– Ո՞վ տվեց հրամանը՝ փորձարկումը սկսելու մասին։

–Ես։

–Փորձարկումից առաջ ստուգե՞լ էիք սարքավորումները։

–Այո։

–Ո՞վ է ստուգել։

–Ես և Անտոնյանը։

–Ստուգման ժամանակ ձեզանից բացի ուրիշ որևէ մեկը կա՞ր լաբորատորիայում։

–Ես արդեն ասել եմ՝ ոչ ոք չկար. Մենք երկուսով ենք կատարել և ստուգումը, և փորձարկումը։

–Ապարատը հարյուր տասը մթնոլորտային ճնշման համա՞ր էր նախատեսված,– շարունակեց Ռաֆայելը։

–Այո,– հանգիստ պատասխանեց Ստեփանը, թռուցիկ մի հայացք ձգելով Լեոնիդի վրա, որը ուշադիր, առանց խառնվելու, հետևում էր զրույցին։

–Իսկ դիմացկունության պաշարն ինչքա՞ն էր,– հարցրեց Ռաֆայելը։

–Մթնոլորտային տասնհինգ միավոր։

–Վթարման պահին ձնշումը որքա՞ն էր ճնշաչափի վրա։

–Հարյուրհինգ միավոր։

–Նշանակում է ամենաքիչը մթնոլորտային տասնհինգ միավոր կար դեռ։ Դու լա՞վ ես հիշում, որ ճնշաչափն այդ պահին հարյուրհինգ միավոր էր ցույց տալիս։

–Այո, լավ եմ հիշում։

–Մտածիր, Ստեփան, գուցե մոռացել ես։ Դա շատ կարևոր է։

–Մտածելու հարկ չկա,– պատասխանեց Ստեփանը։-Հաստատ հիշում եմ։ Ճնշաչափի սլաքը կանգնած էր հարյուրհինգի վրա։

–Իսկ դու ինքդ ինչպե՞ս ես բացատրում վթարը։

Ստեփանը տարածեց ձեռքերը։

–Եթե միայն կարողանայի բացատրել։

–Իսկ այնուամենայնի՞վ,– շարունակեց Ռաֆայելը։

–Հավանաբար թույլ է եղել պարուրակը, գլանաձողը չի դիմացել։ Ո՞վ գիտի։

–Բայց չէ՞ որ ասում ես, թե մինչև փորձարկումը սարքերը լրիվ ստուգել եք։

–Այո, ստուգել ենք,– ջղագրգիռ ասաց Ստեփանը։– Ամեն ինչ կարգին էր։

Մյուս սենյակում կանայք տարակուսանքով իրար երեսի նայեցին։ Ամալյան նույնիսկ բարձրացավ տեղից, մտահոգ տեսքով մոտեցավ դռանը, հետո կրկին ետ եկավ, նստեց տեղը, Եվայի կողքին։

–Այո, ամեն ինչ կարգին էր, -նորից եկավ Ստեփանի ձայնը,– բայց այնուամենայնիվ, պայթունը տեղի ունեցավ։ Ուրեմն ինչ-որ բան բաց էինք թողել։

–Վթարի պահին երկուսով ապարատի մո՞տ էիք կանգնած,– թեպետ հանգիստ, բայց կանանց համար պարզորոշ լսելի հարցրեց Ռաֆայելը։

–Ես ճնշաչափի մոտ էի, Անտոնյանը՝ խողովակափույրի մոտ։ Նա կարգավորում էր գազի մատակարարումը։

–Իսկ դա ի՞նչ աղմուկ էր, որը ստիպեց Անտոնյանին թեքվել դեպի խողովակափույրն ու ականջ դնել,– հարցրեց Ռաֆայելը։– Կանխօրոք նախատեսվա՞ծ էր այդ աղմուկը։

–Ոչ,– պատասխանեց Ստեփանը։

–Ուրեմն այն կարո՞ղ էր ծառայել որպես յուրահատուկ ազդանշան՝ ապարատի մեջ գոյություն ունեցող անսարքության մասին։

–Այո։

Տիրեց լռություն։ Կայծակից դրսում վայրկյանապես լուսավորվեցին դիմացի շենքերի վերին հարկերը՝ ապակեպատ ինքնաշեն պատշգամբներով, երևացին տանիքներին, շեղակի խփող քամու ու անձրևի տակ խաչված անտենաներն ու ծխնելույզները։ Քաղաքի վրա մի քանի անգամ որոտաց ամպրոպը։

–Դու կարո՞ղ էիր նախազգուշացնել Անտոնյանին, որպեսզի նա մի կողմ քաշվեր,– կրկին հնչեց Ռաֆայելի ձայնը։

–Ես նախազգուշացրի, բայց նա չլսեց ինձ,– արձագանքեց Ստեփանը։– Նա ինքն էլ ինձնից վատ չէր հասկանում, որ պայթյունի վտանգավորություն կա։

–Ծայրահեղ դեպքում՝ դու կարո՞ղ էիր մի կողմ հրել նարն։

–Կարող էի։

–Իսկ ինչո՞ւ չհրեցիր։

–Արդեն ասել եմ, որ այդ պահին ես հետևում էի ճնշաչափի ցուցմունքին, իսկ երբ սթափվեցի, ուշ էր արդեն։

–Ռաֆայել, ապարատն ուղարկվել է տեխնիկական փորձաքննության,– ի վերջո եկավ նաև Լեոնիդի ձայնը։– այնպես որ, կարծում եմ, վատ չէր լինի, որ Ստեփանը մի քիչ հանգստանար, ոնց որ ասում են, ուշքը գլուխն հավաքեր։ Առջևում նրան դեռ ահագին գլխացավանք է սպասում։

–Ես չեմ հոգնել,– ասաց Ստեփանը։– Ուրիշ ի՞նչ հարցեր ունես։

–Էլ ոչ մի։

–Իսկ այնուամենայնի՞վ,– համառեց Ստեփանը։

–Առայժմ ոչ մի։

–Ռաֆայել, դու այնպիսի եռանդով էիր կպել գործին, որ ես արդեն քիչ էր մնում մտածեի՝ քաղաքացիական կոստյումդ հո չե՞ս փոխել դատախազական համազգեստի հետ։

–Ոչ, չեմ փոխել։

–Ուրեմն շատ լավ,– ասաց Ստեփանը։– Նշանակում է ես կարող եմ տուն գնալ, այսպես ասած, ոչ թե պահակախմբի հսկողությամբ, այլ իմ սեփական ոտքով։

Դարձյալ երկարատև լռություն տիրեց։ Ոչ Եվան, ոչ Ամալյան, և ոչ էլ Ելենան, որ լռին առաջ ու ետ էր քայլում սենյակում, չէին ուզում խախտել այդ քար լռությունը։

Եվան, խեղդելով հառաչանքը, ասաց.

–Ես զուր տեղը վիրավորեցի Ստեփանին… Ես ինքս էլ չգիտեի, թե ինչ էի ասում։

–Պատահում է, մի մտածիր,-սիրտ տվեց Ամալյան։– Դրանից վատն էլ է լինում։

–Չէ, դու չգիտես, Ամալյա,– խոսեց Եվան, հայացքն անորոշ ինչ-որ կետի։– Ես եմ մեղավոր նրա մահվան մեջ։

Ելենան կտրուկ կերպով նայեց Եվային, իսկ Ամալյան մի տեսակ մեղանչական տոնով շշնջաց.

–Պետք չէ, Եվա։ Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։

–Այո, ես եմ մեղավոր,– կրկնեց Եվան, առանց ուշադրություն դարձնելու Ամալյայի խոսքերին։– Մոսկվա մեկնելու օրը մեր մեջ սուր խոսակցություն տեղի ունեցավ, և ես նրան ասացի, որ այլևս միասին ապրել չենք կարող… Այո, դա իրոք այդպես էր, ես հոգնել էի խաբելուց և ինձ, և նրան, հոգնել էի ձևացնելուց՝ իբր թե ամեն ինչ կարգին է և ավելին ինձ պետք էլ չէ… Ոչ, ես նրան չեմ նախատում, նա, նա մեղավորություն չունի ոչ մի բանում…– Եվան խորը շունչ քաշեց, շարունակեց.– Իդեալական մարդիկ, թերևս չկան, նա նույնպես իդեալական չէր, բայց իդեալով մարդ էր նա և հաստատ գիտեր հանուն ինչի է ապրում այս աշխարհում։ Եվ ահա, երբ հանկարծ տեսնում ես, որ այդպիսի մարդը արհամարհում է քեզ…

–Եվա, ախր այդ ինչեր ես խոսում,– դարձյալ մեջ ընկավ Ամալյան։

–Պետք չէ, Ամալյա,-մի կիսավայրկյան աչքերը գոցելով ասաց Եվան՝ տարուբերելով գլուխը։-Չէ՞ որ ես կին եմ և զուրկ չեմ ներըմբռնողությունից… Ոչ, ես ամեն ինչ տեսնում էի։ Ես տեսնում էի, որ նա իր ձևով է սիրում ինձ։ Սիրում է իմ մարմինը, իմ մազերը, իմ դեմքը, նույնիսկ իմ թեթևամտությունը։ Բայց ես համաժամանակ տեսնում էի նաև այն, որ նա իր հոգու խորքում արհամարհում է ինձ։ Նա իմ մեջ կանացի կատարելատիպն էր ուզում տեսնել, բայց ավաղ, չէր տեսնում։

–Ինչպե՞ս հասկանալ դա,– սառն արտաբերեց Ելենան։

–Չգիտեմ, բայց զգում եմ, որ տեսնում էր ոչ այն, ինչ ուզում էր,– արձագանքեց Եվան։-Եվ երբ հասկացա դա, ես հանկարծ զգացի այնպես, ինչպես լուսնոտն է զգում իրեն՝ քնից արթնանալով բարձրաբերձ շենքի քիվին։ Եվ ես սկսեցի մտածել՝ իսկ ինչի՞ համար եմ ապրում այս աշխարհում, ի՞նչ եմ ուզում կյանքից և ինքս ինչ եմ տվել։ Ո՞ւմ եմ ուրախացրել նրանով, որ ապրում եմ երկրի երեսին և ո՞վ կհիշի ինձ, երբ այլևս չեմ լինի։ Ես նույնիսկ երեխա չունեմ, որ գոնե երբևէ շնորհակալություն ասի ինձ այն բանի համար, որ կյանք եմ տվել իրեն։ Ես դավաճանեցի իմ սիրուն ու կոխկրտեցի նաև ուրիշինը։

–Չափազանց ուշ է զղջման համար,– ասաց Ելենան նույն սառնությամբ։

Ամալյան սաստող հայացքով նայեց Ելենային։

–Գիտեմ, Ելենա, ես ինքս էլ գիտեմ, որ ուշացած խոստովանություն է սա, – ասաց Եվան մտացիր կերպով։-Եվ որ ոչինչ հնարավոր չէ վերադարձնել այլևս…Ես ամուսնացա Անտոնյանի հետ՝ առանց սիրելու նրան, և նա գիտեր դա ու այդտեղից էր գալիս նրա մշտատև ատելությունը, ամուսնացա փառամոլական հույսով՝ հեշտությամբ ձեռք գցել աշխարհիկ այն բարիքները, որ մարդկանց տրվում են ոչ հեշտությամբ։ Եվ ես ստացա դրանք, սակայն այնչափ թանկ գնով. ես դարձա գեղեցիկ մի խաղալիք՝ մեծ երեխայի ձեռքում, այն տարբերությամբ միայն, որ փոքր երեխան իր խաղալիքն անկեղծորեն հաշվում է իր բարեկամը և վստահում նրան իր մտքերը, իսկ Անտոնյանն իր մտքերը չէր վստահում ինձ…Պարզապես նրա բախտը չի բերել։ Առաջին կինը մահացավ, իսկ ես այդպես էլ չհասկացա նրան, կամ չուզեցի հասկանալ։ Նույնը և որդին։

–Որդին գիտի՞, որ հայրը չկա այլևս,– զգույշ հարցրեց Ամալյան։

–Ոչ, հարկավոր է հաղորդել։

–Հեռախոս ունի՞։

–Ոչ, քաղաքից դուրս՝ արվարձաններից մեկում վարձով է ապրում։

–Ինչո՞ւ։

–Համաձայն չէր, որ մոր մահից հետո հայրը նորից ամուսնանար։ Ըմբոստացավ հոր դեմ, վերցրեց կնոջն ու երեխային և դուրս եկավ տնից… Ոչինչ, նորից կգա, կապրի հայրական տանը։ Երրորդը միշտ էլ ավելորդ է։

–Եվա։

–Պետք չէ, Ամալյա, խղճահարություն չեմ ուզում։ Ասա Ռաֆայելին թող ուղարկի վարորդին։ Հասցեն առաջին հարկի մեր հարևանի՝ Մարիամի մոտ կա, թող վերցնի։– Եվան որոշ ժամանակ լռեց, հետո շարունակեց կիսաձայն։– Չլինեի ես՝ գուցե նա զգույշ լիներ։ Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց ինձ։

''Եվ իզուր'',– չարախնդությամբ մտովի ասաց Ելենան, գնաց դեպի հյուրասենյակ, ուր տղամարդիկ լուռ ծխում էին, և տեսնելով, որ Ստեփանը չկա, մնաց դռների մոտ մոլոր կանգնած։


*******


Երկարատև անձրևներից հետո նույնիսկ սարսափելի էր աշնան այդ շռայլ, տաք արևը։ Ռաֆայելը աշխատանքի վայրից, ինստիտուտից, զանգեց տուն և ասաց, որպեսզի Ամալյան պատրաստվի՝ գնալու են ռեստորան՝ ''Հին ինտուրիստ''։

–Իսկ ի՞նչ է պատահել,– հարցրեց Ամալյան տարակուսանքով։

–Լսիր, ինչպե՞ս թե՝ ինչ է պատահել,– ասաց Ռաֆայելը հեռախոսագծի մյուս կողմում։– Ես իրավունք չունե՞մ իմ սիրած կնոջ հետ ռեստորան գնալու։ Դու ինչ է, դե՞մ ես։

–Իհարկե, ոչ,– արձագանքեց Ամալյան ծիծաղելով։-Ես համաձայն եմ։

–Քեզ կես ժամը բավակա՞ն է, որպեսզի դա լինի այն ժամանակը, որ ես եմ ուզում։

Загрузка...