ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ


(վեպ-ռեքվիեմ)


«ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԸ» իրական պատմություն է, սիրավեպ մի զույգի, որ պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում: Առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը և, ավաղ, առանց գիտենալու նաև, թե ինչ է սպասում իրենց` հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ պատահական հանդիպումից հետո:


Օհ, ինչքան տխուր է տեսնել աչքերը

կոտրված թևերով թռչունին, որ այլևս

իզուր իր արյունած թևերը քարերուն

կըզարնե նորեն բարձրանալու

կապույտին ու արևին:


Համաստեղ


Քարտուղարուհու զանգի մեջ տարօրինակ ոչինչ չկար: Նրա խոսելու ձևը՝ մտերմիկ-հարձակողական, նույնպես սովորական էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, միանգամայն զարմանալի ու անսպասելի էր:

– Տանը քեզ համար դինջ նստել, հանգստանում ես, իսկ գիտե՞ս, որ հյուր ունես Երևանից:

– Սիրելիդ իմ Արինա, – ոչ չար հեգնանքով ասացի ես, մտածելով, որ հեռուստահաղորդման ժամ է, բաժնում, հավանորեն, իրենից բացի ոչ ոք չկա, և նա ձանձրույթից է զանգել:– Կներեք, ես միանգամայն մոռացել էի զեկուցել ձեզ, որ, համաձայն գլխավոր խմբագրի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության՝ տանը շտապ հաղորդում եմ պատրաստում: Ամենայն հավանականությամբ, գլխավորը նույնպես մոռացել է տեղեկացնել ձեզ: Խոնարհաբար խնդրում եմ, ներողամիտ եղեք մեր հանդեպ և ընդունեք խորին հարգանացս հավաստիքը:

Արինան ամուսնու կողմից ինձ հեռու բարեկամ էր գալիս: Մոտ երեք տարի առաջ, ամռանը, իմ այդ հեռու բարեկամը եկավ խմբագրություն և սկսեց նրանից, որ կրտսեր տղայի համար Ղարաբաղից հարս են բերել, շատ լավ հարս է ու շատ էլ լավ աղջիկ է. և՛ մեքենագրել կարող է, և՛ համակարգչից է հասկանում, բայց, դե, ի վերջո, ասաց նա, հայկական կրթությամբ հնարավոր չէ այստեղ աշխատանքի տեղավորվել, եթե կարող ես՝ օգնիր, ինստիտուտն էլ էս տարի է ավարտել՝ ոսկի մեդալով: «Ոսկի մեդալով ինստիտուտ չեն ավարտում, – բարեհոգի ժպիտով ասացի ես: – Գուցե համալսարա՞ն»: «Ի՞նչ իմանամ, գուցեև՝ համալսարան, – արդարացավ իմ հեռու բարեկամը: – Վարսավիր մարդ եմ, էդպիսի բաներից գլո՞ւխ եմ հանում»: Գլխավոր խմբագրին խնդրեցի, նա չառարկեց՝ «Դե որ ասում ես՝ ես կարո՞ղ է դեմ լինեմ»: «Վաղը թող գա, – գլխավորի առանձնասենյակից դուրս գալով, ասացի ես: – Ասացեք թող առավոտյան փաստաթղթերը վերցնի, գա»:

Ահա այսպես Արինան հայտնվեց Ադրբեջանի հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հայկական ծրագրերի խմբագրությունում:

Հենց առաջին օրվանից Արինան՝ բարեկազմ, նուրբ ու սիրունիկ թուխ դեմքով, հրացայտ սև աչքերով, իմ նկատմամբ անսքող համակրանք էր տածում: Չնայած դա չէր խանգարում, իհարկե, որ նա՝ դյուրաբորբոք ու պոռթկուն, ղարաբաղյան իր հարուստ բառապաշարի ոսկե ֆոնդից համեմունքներ հրամցներ նաև ինձ. «Տիպտ կտրվի, երեկ որտե՞ղ էիր»: Կամ՝ «Լսիր, էդ ո՞ւմ հետ էիր չանչախ կտրել, մի ժամ է զանգում եմ՝ հեռախոսդ զբաղված»:

– Եվ ո՞վ է այդ հյուրը, – հարցրի ես, զգալով, որ Արինան մենակ չէ, այլապես հազիվ թե նա լռին կուլ տար իմ անչար խայթոցները:

– Այդ հյուրը… բա չասի՞ Երևանից,– իբր բարկացած՝ ասաց նա: – Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:

– Ապրես, – ասացի ես,– ահագին լուսավորեցիր: Հեռախոսը տուր իրեն:

Մի փոքր դադար:

– Բարև, Լեո ջան: Իմ անունը Արմեն է: Արմեն Հարությունյան՝ սկսնակ բանաստեղծ: Մեր ազգային ամենամեծ բանաստեղծներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանից ջերմ բարևներ եմ բերել ձեզ, – շուտասելուկի պես վրա տվեց ինձ անծանոթ Արմեն Հարությունյանը: – Խնդիրն այն է, որ ես այսօր անպայման պիտի տեսնեմ ձեզ, Լեո ջան, սա՝ ոնց որ փափագ, պիտի կատարվի, ես պետք է հանդիպեմ ձեզ, Լեո ջան, կարևոր խոսելիք ունեմ, հեռախոսով ասելու բան չէ: Ավիկն ասաց, որ միակ մարդը, որ կարող է օգնության ձեռք մեկնել ինձ՝ հայրենիքից հեռու այս օտար ափերում, Լեո ջան, չեմ թաքցնում, դու ես: Կարո՞ղ եմ հիմա գալ մոտդ: Աղջիկներն էստեղ մոտավորապես բացատրեցին տանդ տեղը, էս ի¯նչ հոյակապ աղջիկներ են, ի¯նչ շենք ու շնորհք, ի¯նչ ազնիվ հոգի… Իրանի հյուպատոսության կողքի շենքում եք, չէ՞, ապրում:

– Այո, – ակամա արձագանքեցի ես՝ համարյա ոչինչ չհասկանալով նրա կցտկտուր բացատրություններից, – երեսուներորդ շենքն է, երկրորդ մուտք, բնակարան՝ տասնվեց:

Քառորդ ժամ չանցած՝ Արմենն արդեն ինձ մոտ էր: Թիկնեղ ու ժպտերես՝ նա հաճելի տպավորություն թողեց:

– Առաջին անգա՞մ եք Բաքվում, – ես հարցը տվեցի մի բան ասած լինելու համար, միաժամանակ հրավիրելով նրան նստել, իսկ ինքս սկսեցի սուրճ պատրաստել:

– Հա, առաջին անգամն է:– Արմենը չնստեց, քայլում էր սենյակում, ուշադիր դիտելով չորս կողմը:– Մի շաբաթ չկա, որ եկել եմ: Բարեկամիս մոտ՝ Բայիլովում եմ մնում: Մե¯ծ քաղաքում ես ապրում, Լեո ջան, փայլուն, անհանգիստ, շլացուցիչ է էստեղ կյանքը, մեծ քաղաքում ապրելը երջանկություն է: Բա ծո¯վը, ծովն ինչ ասես արժե: Սիրեցի ես Բաքուն, ախպեր, ազնիվ խոսք, շատ սիրեցի, ու թե գործերս էլ լավ գնան, ուրեմն էս քաղաքը հարյուր տարի պիտի հիշեմ: Մայակովսկին ճիշտ է ասել, որ ինչ-որ բան կա, որ մարդուն ձգում, պահում է էստեղ: – Արմենը նստեց բազմոցի ծայրին, կրկին ելավ ու դարձյալ սկսեց քայլել: – Եվ սա հայոց քաղաք էր, Լեո ջան, հայոց քաղաք էր, ոնց որ ժամանակին Թիֆլիսն էր հայոց քաղաք: Դու գիտե՞ս եզդիների անեկդոտը, – կանգ առնելով հարցրեց նա ու պատմեց, – եզդին ասում է՝ հայ ժողովուրդ շատ լավ ժողովուրդ. Թիֆլիսը սարքին՝ տվին վրացոց, Բաքուն սարքին՝ տվին ադրբեջանցոց, Երևանն էլ սարքում են՝ տան մեզ, իրենք գնան Ամերիկա: Զիլ է, չէ՞, – ծիծաղեց Արմենը: – Երեկ էստեղի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Արաբաչյանի հետ ծանոթացա: Նա եկեղեցական հին մատյաններ ցույց տվեց ինձ, մինչև 1914 թվականը, նույնիսկ հինգ-վեց թվականների Բաքվի կոտորածներից հետո, այսօրվա Ադրբեջանի տարածքում մեկ միլիոն հարյուր քսաներեք հազար հայություն էր ապրում, հենց մենակ Ղարաբաղում երկու հարյուր քսան գործող եկեղեցի կար: Տասնութ թվականի սեպտեմբերին, Ստալինի մեղքով, թուրքերը գրավեցին Բաքուն, մինչ այդ ճանապարհին կոտորածի ու ավարի մատնելով հարյուրավոր հայկական գյուղեր՝ Նուխիից սկսած մինչև Շամախի, որը մինչև անցյալ դարի հիսունիննի մայիսի երեսունի երկրաշարժը նույնպես հայության կենտրոն էր: Ստալինի մեղքով էր դա, Լեո, Ստալինի մեղքով: Տասնութ թվականի գարնանը Շահումյանի կարգադրությամբ նրա դեմ, որպես ցարական պահնորդական բաժնի լրտեսի, քրեական գործ է հարուցվում: Ստալինն, իհարկե, իրազեկ էր արդեն դրան և հարմար պահ էր փնտրում՝ վրեժխնդիր լինելու: Առիթը եկավ այդ նույն տասնութի ամռանը, երբ անգլիացիները՝ մի կողմից, թուրքերն ու գերմանացիներն էլ՝ մյուս կողմից, ամեն կերպ ձգտում էին զավթել Բաքուն: Ռուսաստանի ռազմական կոմիսար Տրոցկու հրամանով՝ Ստալինը Ցարիցինից, ուր գտնվում էր, շտապ կերպով թուրքերի դեմ պետք է ուղարկեր Պետրովի ինըհազարանոց դիվիզիան: Դու գիտեի՞ր էդ մասին: Նա ոչ միայն չի կատարում Տրոցկու հրամանը և դիվիզիայի փոխարեն փոքրիկ մի ջոկատ է ուղարկում՝ նույն Պետրովի հետ, այլև Բաքվի համար մեծագույն դժվարությամբ հայթայթված ամբողջ պարենն ու զինամթերքն ուղարկում է բոլորովին այլ ուղղությամբ՝ փաստորեն քաղաքը մատնելով աղետալի կործանման: Մի ողջ ժողովուրդ կողոպտվում, ոչնչացվում էր ամբողջ մարդկությանն ի տես, և ոչ ոք չէր ըմբոստանում ու չէր միջամտում: – Արմենը պատուհանից մի պահ լուռ նայում էր դուրս, հետո ասաց վհատ ձայնով, – եթե Բաքուն հայոց քաղաք չէր, ապա ինչո՞ւ այդ նույն տասնութ թվականի օգոստոսի քսաներկուսին, կոտորածից ընդհամենը քսան օր առաջ, թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մուրսալը և գերմանական գլխավոր շտաբի պետ Պարակենը հատկապես Բաքվի հայոց ազգային խորհրդին վերջնագիր ներկայացրին` քաղաքն առանց կռվի հանձնելու մասին: Իսկ գուցե այդ վերջնագիրն այլ նպատակ էր հետապնդում՝ որպեսզի կանխատեսված եղեռնի ամբողջ մեղքը բարդվեր հենց հայերի՝ ոճրագործության զոհերի վրա: Արդյունքում՝ երեսուն հազար հայ սպանվեց: Հիմիկվա Կիրովի անվան զբոսայգու տեղը հայկական մեծ գերեզմանոց էր, Արաբաչյանն ասաց, որ էդ երեսուն հազարն էնտեղ են թաղված: Նա պատմեց, որ առաջ հայկական եկեղեցի ու մատուռ կար էնտեղ, սուրբ Հարությունի մատուռ էր կոչվում, բոլշևիկները քանդեցին: Ինչպես որ քանդեցին ոչ միայն Վաչագան թագավորի կառուցած եկեղեցին, ուր 1806 թվականին հայերը պատսպարել էին գեներալ Ցիցիանովի՝ Բաքվի խանի կողմից սպանված ու աղբանոց նետած գլխատված դիակը, այլև քաղաքի բոլոր հինգ եկեղեցիները՝ Կույսի աշտարակի մոտ, Արմենիքենդում, ինչպես նաև 1911-ին ճարտարապետ Տեր-Հովհաննիսյանի նախագծով կառուցված հոյակերտ եկեղեցին՝ հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շուրջ երկու տարի տանկով-բանով քանդում էին, ասում են, ու չէին կարողանում քանդել: Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայի խաչաձև շենքը, դա, երևի, դու էլ գիտես, էդ հիմնապատերի վրա է կանգնեցված: Եթե մեզ մի օգնող ձեռք էր լինելու, Լեո, փետրվարյան հեղափոխության շնորհիվ էր լինելու միայն, բայց բոլշևիկյան հեղաշրջումը կործանեց ամեն ինչ: Ես քեզ ասեմ, բոլշևիկները մեզ վնաս շատ տվին: Շա¯տ: Ավետիք Իսահակյանը հո զուր տեղը չի ասել, թե ո՛չ իթթիհատը, ո՛չ ցարիզմը, ո՛չ Գերմանիան ու Անտանտն ավելի հիմքով չկործանեցին մեր տունը, ինչքան բոլշևիզմը՝ այդ գազանական շարժումը, որ մուկ դարձած թուրքերին հասցրեց մինչև Բաքու… – Արմենը դադար տվեց, որոշ ժամանակ լուռ քայլում էր: – Քո գլխավոր խմբագրի հետ խոսեցի, – անսպասելիորեն փոխելով խոսակցության թեման, շարունակեց նա,– ոնց որ թե վատ տղա չէ, հ՞ը, Լեո, էդ Վլադիմիր Աբրահամյանը… Հասկացավ ինձ, բայց ասաց, որ քեզ հետ խոսեմ: Դե, ես էլ, ահա, եկա մոտդ: Սպանության հարց կա մեջը, Լեո ջան:

Զարմացած ետ շրջվեցի, նայեցի նրան՝ «ի՞նչ»:

– Խանդի հողի վրա է, – հանգիստ ավելացրեց Արմենը: – Մի խոսքով, ի՞նչ թաքցնեմ, մեր Վարդենիսի շրջկոմի քարտուղարը կնոջս վրա աչք էր դրել: Նրա մոտ էր աշխատում… ինձ հաղորդեցին… Դե, ես էլ որոշեցի նրա վերջը տամ: Սա է պրոբլեմը: Միլիցիան, դատախազությունը գլխի ընկան, պարզ է, միլիցիա-բան՝ սաղ իրա մարդիկ են: Կարճ՝ հերս ու մերս ընկան ոտքերս՝ աղաչանք, պաղատանք, որ չանեմ էդ բանը, ուղարկեցին էստեղ, բարեկամների մոտ, որ շառից հեռու մնամ:

– Իսկ կի՞նդ:

– Կինս… – Արմենը հոնքերն իրար բերեց, ծանր օրորեց գլուխը: – Ի՞նչ ասեմ քեզ, Լեո, գեղեցիկ է անիրավը, շա¯տ է գեղեցիկ:

Նա խորը հառաչեց, կրկին օրորեց գլուխը:

– Ա¯խ, Շողիկ, Շողիկ… Տարա Երևան, Մասիսում է՝ ծնողների մոտ: Բա, ախպեր ջան, էդպիսի բաներ… Առնվազն մի յոթ-ութ ամիս կմնամ էստեղ, ու էդ արանքում ուզում եմ գիրք հրատարակել, բանաստեղծությունների թեկուզ մի փոքրիկ գրքույկ: Էդքան բան, ու էդ գործում, Լեո ջան, պիտի որ օգնես ինձ: Հասկանո՞ւմ ես, ինձ բարոյական աջակցություն է պետք, որպեսզի գիրքը ձեռքիս գնամ Երևան… Մասիս: Դե, ռադիոյով-բանով էլ կհաղորդես, դա, կարծում եմ, դժվար չի լինի, հ՞ը:

– Եթե բանաստեղծությունները լավն են՝ պրոբլեմ չկա:

– Կարդա՞մ:

– Կարդա:

– Ղարաբաղյան է: Այսպես ասած՝ հայրենասիրական, – ասաց Արմենը և բուռն ոգևորությամբ սկսեց.


Ինչքան մենակ բուսնում է նա

լեռան ետև, մեն մի ձորում,

Ինչքան հեռու իր մոր աչքից,

այնքան բուռն է ուժը լարում,

Այնքան ավել ճյուղը փռում,

արմատները խորն է խրում

Կյանքի հյութով ու սաղարթով

այնքան թանձր է հայոց բարդին:

Ինչքան նրա դեմը փակում,

խորն է ծածկում լեռը նրան,

Ինչքան կոծում, կողն են ծեծում

շանթ ու անձրև, ամպ ու մռայլ,

Այնքան շանթին ճակատ տալիս,

կանաչում է շատ ու շռայլ,

Այնքան համառ ձգվում է վեր,

այնքան բարձր է հայոց բարդին.

Ձգվում է վեր, որ բարձրանա,

որ գլուխը մի կերպ հանի

Քար ու ժայռից ու երևա,

ու երևա Երևանին,

Ասիª նայիր, եղել եմ, կամ

ու կլինեմ ինչ էլ լինի,

Դու հավատա, լեռներից վեր,

քարից կարծր է հայոց բարդին:


Նա նայեց ինձ: Խորախորհուրդ ժպտում էր:

Հայրս այդ բանաստեղծության մասին ասում էր՝ սոսկ բարդի չէ դա, ղարաբաղյան բարդի է, ասես մարդ, նա ավելի սլացիկ, ավելի ձիգ ու բարձր է, որովհետև տեղը նեղ է, ամեն կողմից շարունակ նեղում են, բարձրանում, ձգվում է վեր՝ ձորերից, սարերից ու լեռներից էլ վեր, որպեսզի կարողանա տեսնել Արարատյան դաշտի բարդուն, և Արարատյան դաշտի բարդին էլ նմանապես իրեն տեսնի, և որ ինքը ևս հայոց բարդի է՝ հայոց Ղարաբաղում:

– Լա՞վն է:

Ես այդ պահին սպասքեղենի պահարանից մի շիշ «Ապշերոն» կոնյակ էի հանում:

– Ինքս չեմ փորձել, – խուսափողական ասացի ես, առանց նրան նայելու, – բայց, ասում են, լավն է, Հեյդար Ալիևը, տեսել եմ, մենակ «Ապշերոն» է խմում:

– Իյա¯, այ տղա, – ծիծաղեց Արմենը, – ես բանաստեղծությունն ի նկատի ունեմ:

Անելանելի, անհարմար վիճակ էր, չգիտեի ինչ ասել: Ի վերջո ասացի.

– Գիտե՞ս, 1959 թվականին Սիլվա Կապուտիկյանը եկել էր Ղարաբաղ: Հայրս տասներորդ դասարանի աշակերտ էր: Նա ասում է, որ Կապուտիկյանն այդ բանաստեղծությունը հենց այդ օրերին է գրել: Ինքը Կապուտիկյանն էր խոստովանել աշակերտների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ինձ թվաց՝ Արմենը մի պահ շփոթվեց, բայց դա մի կես վայրկյան տևեց միայն:

– Հա, – անհոգաբար ասաց նա: – Ինձ դուր եկավ, անգիր արեցի: Գիտեմ, որ բնիկ ղարաբաղցի ես, հատուկ քեզ համար արտասանեցի: Քեզ ասեմ՝ ղարաբաղցիք ուժեղ ժողովուրդ են: Մագդա Նեյմանը փառաբանում, երկինք է հանում նրանց: Կարդացել ե՞ս:

– Իհարկե:

– Ասում ես լավ կոնյակ է, հա՞, էդ «Ապշերոնը»:

Նրա սովորությունը՝ մի թեմայից թռչել մյուսին, ինձ այլևս չէր զարմացնում: Նա շփեց ձեռքերը.

– Դե՛ մի լցրու տեսնենք: Ստալինն էլ էր բանաստեղծություններ գրում. «Բացվեց կոկոնը վարդի և մանուշակին քնքուշ գրկեց, ու արտույտը դայլայլեց ամպերից էլ վեր»:

Մյուս օրը՝ աշխատանքի ավարտին, Արմենը եկավ ինձ մոտ, խմբագրություն: Նա մենակ չէր: Մի աղջկա հետ էր եկել, որին տեսնելով, ես, ակամա դանդաղ ոտքի ելա ու, նրա ճաճանչափայլ գեղեցկությամբ գերված, մնացի կանգնած:

Արմենը նկատեց դա, մի տեսակ ոգևորվեց: Աղջիկը կլիներ տասնյոթ-տասնութ տարեկան, իր մաշկի պես սպիտակաթույր շրջազգեստ էր հագին, որը պրկորեն գրկել էր նրա բարակ իրանը: Ոսկեզօծ փայլուն մազերը՝ շագանակագույն երանգով, մանրիկ ալիքներով իջնում էին ուսերին, հոնքերը՝ աղեղնաձև ու բարակ, քիթը գեղեցիկ՝ նրբագեղ զգայուն ռունգերով, սքանչելի կորությամբ գծագրված շուրթերը՝ քիչ ուռուցիկ ու հրաբոսոր, իսկ աչքերը… գարնանային մեղմությամբ ճառագող կապույտ աչքերը շողում, ժպտում էին՝ նայելով մերթ ինձ, մերթ Արմենին:

– Շատ է սիրուն, չէ՞, շան աղջիկը, – հայերեն ասաց Արմենը:

– Շա¯տ, – չթաքցրեցի ես՝ դեռևս անկարող հայացքս կտրել նրանից:

– Ի՞նչ է ասում, – շուրթերը կիսաբաց՝ աղջիկը ժպտուն նայեց ինձ, և ես տեսա, որ մարգարտաշար ձյունաճերմակ ատամները մի ուրիշ հմայք են տալիս նրան. հատկապես առջևի երկու ատամը՝ իրարից աննշան հեռու:

Ես չհասցրի պատասխանել աղջկան, որովհետև Արմենը մոտեցավ ինձ և, գրկելով իմ ուսերը, հանդիսավոր ներկայացրեց.

– Մահմուդովա Ռենա, բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի, Բաքու քաղաքի թիվ մեկ գեղեցկուհի:

Ռենան մեղմիկ ծիծաղեց և, իր լուսափայլ աչքերով նայելով ինձ, թույլ մեկնեց ձեռքը: Սադափագույն եղունգներով նրա մատները՝ նուրբ ու սառը, միառժամանակ չէի ուզում թողնել: Անթարթափ նայում էի նրան, ասես ձգտելով ընդմիշտ մտապահել նրա կուսական, նույնիսկ փոքր-ինչ մանկական արտահայտություն ունեցող լուսեղեն դեմքի հմայիչ սքանչելիությունը:

– Այ տղա, բաց թող ձեռքը, – ծիծաղեց Արմենը, ամենայն հավանականությամբ, բավականություն զգալով իմ շփոթվածությունից:

Ռենան նստեց իմ դիմաց, սեղանի մյուս կողմը, ոտքը գցելով ոտքին, ասես դիտմամբ ցուցադրելով հղկած մարմարի պես ողորկ ծնկները:

– Նստեք, ինչո՞ւ եք կանգնել,– լուսապայծառ ժպիտով, մտերմաբար ու երգեցիկ արտաբերեց Ռենան, հայացքով հասկացնելով, որ նստեմ:

Ասես ես իմ առանձնասենյակում չէի և նստելու իրավունքն ուրիշից պիտի ստանայի:

Նա գլուխը թափով ետ տարավ, մազերը շաղ եկան ու փարթամ գանգուրներով կրկին փռվեցին ուսերին:

– Լեո ջան, կարելի՞ է՝ զանգեմ Երևան, – առիթից օգտվելով, հարցրեց Արմենը, հեռախոսը քաշեց դեպի իրեն և ծոցատետրը հանելով, դրեց սեղանին: – Կարծում եմ, ձեր հեռուստառադիոկոմիտեն այնքան էլ աղքատ հիմնարկություն չէ, և պետությունն իմ մի երկու զանգով չի սնանկանա:

– Զանգիր, իհարկե, – ասացի ես և, որպեսզի չխանգարեմ, դուրս եկա առանձնասենյակից:

Գլխավորը չկար, երևի տուն էր գնացել արդեն: Լորաննա Հովակիմյանը՝ վերջին լուրերի բաժնի խմբագիրը՝ երեսունին մոտ, բարձր, կառուցիկ, ամենևին ոչ հայուհու նման՝ երգչուհի Մադոննայի կազմվածքով ու նրա պես շիկամազ, խաժ աչքերով ու զգայական կամակոր շրթունքներով, գլուխը հակած սեղանին նյութ էր խմբագրում: Ասում էին, որ մեր նախկին գլխավոր խմբագիրը մի ժամանակ խենթի պես սիրահարված էր նրան, ահագին բանաստեղծություններ է նրան նվիրել: Ես մի անգամ կատակով ակնարկեցի նրան այդ մասին՝ ճշմարտանմա՞ն է այդ պատմությունը: Լորաննան ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց, ծիծաղելով ասաց. «Սիրահարված ծերուկը, Լեո, մեծագույն այլանդակություններից մեկն է բնության մեջ»:

Այդ նախկին գլխավորն արդեն մի ամիս կլիներ՝ օրվա վերջին գալիս, Արինայի անկյունային փոքրիկ սենյակում նստած, ինչ-որ հուշեր էր թելադրում:

– Էդ ի՞նչ աղջիկ է քո առանձնասենյակում, – առանց գործից կտրվելու՝ հեռվից նետեց Արինան:

Նախկինը ետ շրջվեց և, բաց դռնից տեսնելով ինձ, գլուխ տալով հարգալից բարևեց:

– Քո մտերմիկ բարեկամի՝ Արմենի ծանոթուհին է, – ասացի ես: – Կարո՞ղ է էլի հարց ունես:

Արինան սև, խոշոր աչքերով տնտղեց ինձ, բայց ոչինչ չասաց:

– Կարծեցի քեզ համար է բերել, – այնուամենայնիվ չհամբերեց, կծեց նա:

– Հա, մտքում այդպիսի բան կա, – իբր անտարբեր հաստատեցի ես: – Ինչ է, դուրդ չի՞ գալիս:

– Չէ, սիրուն է, – խոսակցությանը խառնվեց Լորաննան: – Քիչ առաջ մտան այստեղ, Արմենն ասաց, որ ադրբեջանուհի է, բժշկականում է սովորում: Ես կին տեղովս ուղղակի մնացի շշմած՝ ցնցող գեղեցկություն ունի: Իսկական թոփ-մոդել: Նարեկացին երևի նրա մասին է ասել հազար տարի առաջ. «Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ երկու փայլակնաձև արեգական նման, բերանն երկթերթի վարդն ի շրթանցն կաթեր…»: Երբ նրան տեսա, գիտե՞ս ինչ հիշեցի, Լեո: Ֆետի տողերը, որոնցում ասված է. «Երկնքում սրտառուչ կանչի նման փայլատակում են աստղերի ոսկյա արտևանունքները»:

– Էդ ազգի դավաճանը որտեղի՞ց է գտել նրան, – հետաքրքրվեց Արինան ու տեղից ելնելով, եկավ դեպի մեզ: – Սամվել Աթանեսովիչ, կներեք, բայց հոգնել եմ, – ուսի վրայով ասաց նա, – «կրիշկաս» արդեն բարձրանում է:

Լորաննան ծիծաղեց, նա գիտեր՝ եթե Արինան մեքենագրելու միտք չունի, ճնշումը տեղն ու տեղը բարձրանում է: Հատուկ պատվերով:

– Դե ի¯նչ եմ ասում, – խեղճացած արձագանքեց նախկինը: – Երկուշաբթի կշարունակենք:

– Անցյալ անգամ Արմենը մի շատ հետաքրքիր բան ասաց,– անբռնազբոսիկ ծիծաղեց Արինան: – Ասում է՝ տղամարդիկ աչքերով են սիրում, կանայք՝ ականջներով:

– Իսկ իմ կարծիքով, – ասաց Լորաննան, – տղամարդիկ ականջներով են սիրում, իսկ կանայք՝ աչքերով: Առաջինները՝ որպեսզի հասկանան, թե ինչ են ասում իրենց, երկրորդները՝ որպեսզի դուր գան նրանց, ում հետ խոսում են:

– Արմենն ասաց նաև՝ եթե շնչում ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես՝ ուրեմն շնչում ես, շատ ճիշտ խոսք է, որովհետև առանց սիրո կյանք չկա և չի էլ կարող լինել: Կարծեմ, Բլոկի գործերում եմ կարդացել, որ միայն նա մարդ կոչվելու իրավունք ունի, ով սիրահարված է: Արմենն ասում է՝ Հնդկաստանում ամուսնության ժամանակ հարսի ճակատին կարմիր նշան են դնում: Ճի՞շտ է դա:

– Ճիշտ է, – ասացի ես, – իսկ փեսացուին սնայպերական հրացան են նվիրում, որպեսզի իրար հավատարիմ ծերանան նույն բարձին:

– Հո չասի¯ր, – սրտանց ծիծաղեց Արինան՝ շողարձակող աչքերով հիացմունքով նայելով ինձ: – Արմենն ասում է…

– Լսիր, – ընդհատեցի նրան, – Արմենից շատ ես խոսում, կարո՞ղ է՝ խանդում ես: Գիտե՞ս, չի խանդում նա, ով հույսի նշույլ չունի: Բայց իմացիր, հա, խանդի մեջ մի բաժինն է սեր, մնացածը ինքնասիրություն է:

– Եթե ամուսինը խանդում է՝ ուրեմն սիրում է, եթե չի խանդում, ուրեմն դեռ ոչինչ չգիտի, – ծիծաղեց Լորաննան:

Արինան նվազագույն ուշադրության չարժանացրեց Լորաննայի խոսքին: Նրա գործն ինձ հետ էր:

– Ինքնասիրություն է… Հա, խանդում եմ, իսկ ո՞նց կռահեցիր: – Արինայի աչքերը կատաղի շողացին, բայց նա զսպեց իրեն, նույնիսկ բերանի մի անկյունում թաքնված ժպիտ երևաց: – Ի միջի այլոց, նա ինձ ռեստորան էր հրավիրում, – ավելացրեց Արինան և, իբր ինձ հետ ավարտած, դարձավ նախկին գլխավոր խմբագրին: – Մեռնելու մասին չարժե մտածել, – խորհուրդ տվեց Արինան, – որովհետև անիմաստ է մտածել այն մասին, ինչ առանց այն էլ անխուսափելի է: Բալզակն է ասել. «Մենք պետք է ձգտենք դեպի գեղեցիկը»: Այնպես որ, ապրելու մասին պիտի մտածել, Սամվել Աթանեսովիչ, լավ, գեղեցիկ բաների մասին:

– Արինա ջան, էդ դուք պիտի լավ, գեղեցիկ բաների մասին մտածեք, – բացատրեց նախկինը: – Մենք լոկ ապրում ենք հուշերով, որովհետև, երբ ծերությունը վրա է հասնում, մարդը զրկվում է ոչ միայն լավ ու գեղեցիկ բաների մասին մտածելուց, այլև հույսերից: Չե՞ս կարդացել իմ գրածը՝ «Բռնիր ձեռքը դու ծեր մարդու, թող հեշտ գնա նա իր տունը, մի օր էլ դու կհասկանաս, թե ինչ բան է ծերությունը»: Բա¯, – ծոր տվեց նա, և, աչքի տակով գողունի նայելով Լորաննային, ավելացրեց, – ծեր մարդիկ թառամած ծաղիկներ են, իսկ թառամած ծաղիկներ ո՞վ է սիրում որ…

– Ի՞նչ է պատահել, Սամվել Աթանեսովիչ, – շրջվելով նախկինի կողմը, հարցրի ես, – ի՞նչ անկումային, հոռետեսական խոսակցություններ են:

– Էհ, չգիտեմ, այ Լեո, – նախկին գլխավորը դեղնափայլ շրջանակներով ակնոցը հանեց, սկսեց թաշկինակի ծայրով մաքրել ապակիները: – Աղջիկներից խորհուրդ էի հարցնում… Երեսուն տարի հանրապետության գերագույն խորհրդի դեպուտատ եմ, վերջին ընտրությունների ժամանակ նախագահության անդամ ընտրեցին, պարզ է, որ մեռնեմ՝ ինձ կառավարական պանթեոնում են թաղելու: Բայց, ախր, կինս հայկական գերեզմանոցում է թաղված՝ ստադիոնի մոտ, դա ո՞նց կլինի՝ նա այնտեղ, ես՝ այստեղ:

– Դիմեք կենտկոմ, որ ձեր մեռնելուց հետո իրեն բերեն ձեզ մոտ, – խորհուրդ տվեց Լորաննան:

– Չեն անի, – թերահավատ ասաց նա: – Կանե՞ն որ, – նա միամիտ տեսքով, սպասողական նայեց ինձ: – Դա հնարավո՞ր է:

Արտահաստիքային թարգմանիչ Սաղումյանը՝ կարճ մորուքով, մեղմաձայն ու նրբաբարո մի ծերուկ, ընդարձակ սենյակի խորքում նստած՝ հեռագրական գործակալության պաշտոնական նյութ էր թարգմանում երեկոյան ռադիոհաղորդման համար: Նա բարձրացրեց հայացքը, մի պահ նայեց նախկինի կողմը, տրտմագին օրորեց գլուխը:

Ես ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը :

– Կամ ընդհակառակը, – մեջ ընկավ Արինան: – Թող ձեզ տանեն նրա մոտ: Բայց դա էլ հեռանկար չունի: Պանթեոնն ուրիշ…

Լորաննան ձեռքով ծածկեց բերանը, որ չփռթկացնի: Ես կշտամբանքով նայեցի Արինային՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս»:

– Դե, ես գնամ, – թղթապանակը մթերացանցի մեջ տեղավորելով՝ ասաց նախկինը: – Հատուկ խանութից սննդամթերք եմ պատվիրել, կբերեն՝ տանը չեմ լինի, ետ կտանեն: – Նա շրջվեց դեպի ինձ, ներողամիտ ժպիտով ասաց, – Լեո, վաղուց ոչինչ չեք տալիս ինձնից, ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով: Կոստյա Խաչանյանի չա՞փ էլ չկամ, նրա բանաստեղծությունները հաղորդում եք, իմը՝ չէ: Նոր բաներ եմ գրել, տղաներին կարդացել եմ, հավանում են, կուզենայի հանդես գալ: Եթե պետք է, Վլադիմիրին էլ ասեմ:

– Վլադիմիրին ասել պետք չէ, – ասացի ես, – բերեք, այս ամսվա վերջին կտանք:

– Շնորհակալություն, – գթաշարժ ստրկահաճությամբ նայելով՝ ավելացրեց, – թե չէ՝ ընթերցողներս կկարծեն, թե մեռել եմ արդեն:

Մթերացանցը ճոճելով նա դուրս եկավ խմբագրությունից:

– Մի տես ո¯նց է խեղճացել, ո¯նց է ձևացնում, – դժգոհեց Սաղումյանը: – Ամբողջ կյանքն ապրեց՝ ո՛չ կռիվ տեսավ, ո՛չ բանտ ու աքսոր՝ մյուսների նման, միշտ ապահով, բարեկեցիկ կյանքով ապրեց: Երկիրը քանդվում է, իսկ նա հասարակ բժշկուհի կնոջը կառավարական պանթեոնում վերաթաղելու մասին է մտածում:

– Մարդն ուրիշ հոգս չունի, ինչի՞ մասին մտածի, – դառնակսկիծ արտաբերեց Լորաննան: – Աղջիկը՝ Երևանում բարվոք տեղավորված, տղան՝ Մոսկվայում, ինչի՞ մասին պիտի մտածի: Խանութները՝ դատարկ, իսկ իր համար ամեն ինչ պատրաստի բերում են: Աստված ողորմի հոգիդ, Պարույր Սևակ. «Եվ թիվն ասացեք մեր այն ժամերի՝ անթիվ, անհամար, որ ծանր ու թեթև ժամանակներում կորան-գնացին ինչ-որ հերթերի ու երթերի մեջ»: Երեկ կես կիլոգրամ նրբերշիկի համար չորս ժամ հերթ եմ կանգնել:

– Հանրապետությունն ամեն տարի փոխանցիկ դրոշներ ու շքանշաններ է ստանում՝ պլանները գերակատարելու համար, խանութներն ինչո՞ւ են դատարկ, – հեռվից նետեց Սաղումյանը, շարունակելով իր թարգմանությունը:

– Լսիր, Արինա, – դառնալով Արինային, ասացի ես, – դու գիտե՞ս, թե Ցիցերոնն ինչ է ասել քո մասին:

– Իմ մասի՞ն, – ցուցամատը կրծքին տանելով՝ հարցրեց նա: – Ի՞նչ է ասել:

– Ասել է՝ մի խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը… Դու այն ի՞նչ էիր մեկնաբանում. մեռած մարդուն ի՞նչ հեռանկար: Դու խոսում ես՝ հետո՞ մտածում, թե՞ մտածում ես՝ հետո խոսում:

– Պարզաբանիր, չհասկացանք, – աչքերում՝ ծիծաղ, դեմքը՝ ժպիտով ողողված, նա նայում էր ինձ:

– Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:

Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:

– Էլի՞ չհասկացար:

– Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:

– Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:

– Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և … չտեսած մարդկանց մասին:

– Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:

– Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:

– Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, – լուրջ դեմքով ասացի ես, – որ չտպես՝ ինքն էլ չի գրի:

– Չի գրի… Բա գիրքը թողնենք անավա՞րտ, – շվարած ասաց նա:

Լորաննան ծիծաղեց, ասաց.

– Արինա, խնդրում եմ, լռիր, իմ «կրիշկան» էլ է բարձրանում:

– Իսկ ինչ վերաբերում է ռեստորանին, անպայման գնա, – խորհուրդ տվեցի ես, – տղան կնեղանա:

– Տղան կնեղանա¯… Ո՛ւհ, – քիթ-մռութը կնճռոտեց Արինան, – քեզ նման բարեկամի ինչն ասեմ, – և իբր խիստ նեղացած, կրունկներով մանրահատակը ջարդելով, գնաց իր սենյակը:

Զվարթ տրամադրությամբ դուրս եկա միջանցք և քայլեցի դեպի իմ առանձնասենյակը, ինչ-որ տարօրինակ զմայլանքով մտածելով այն մասին, որ հիմա կտեսնեմ Ռենային:

Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.

– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:

Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.

– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:

– Ի՞մ:

– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:

– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:

– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:

– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:

Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.

– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…

– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:

– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…

– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է , մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:

Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:

– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:

– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:

– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:

Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:

Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:

– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը:

Ուղիղ կես ժամ հետո Արմենն արդեն կենաց էր ասում.

– Գիտե՞ք ինչ, իմ կարծիքով, սխալ են բոլոր նրանք, ովքեր տխրում են էն մտքից, որ հարյուր տարի հետո իրենք չեն լինի: Դա նույնն է, որ մարդ նստի և սուգ ու շիվան անի այն բանի համար, որ հարյուր տարի սրանից առաջ ինքը չի եղել: Օմար Խայամն ի՞նչ է ասում. «Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել, երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա»: Այսօրվա օրն է կարևորը, այս օրը, դրա համար էլ խմենք այս օրվա կենացը, այս պահի կենացը, որ միասին նստած ուրախանում ենք: Բարձրաբերձ ժայռին մի գրվածք կար: Երբ հարուստներն էին կարդում այն, վշտից լաց էին լինում, աղքատները կարդում՝ ուրախանում էին, իսկ սիրահարները կարդում՝ սկսում էին գնահատել միատեղ անցկացրած ամեն մի ակնթարթը: Իսկ էդ բարձր ժայռին շատ հասարակ ու պարզ մի նախադասություն էր գրված ընդամենը՝ «ժամանակավոր է այս ամենը»: Կյանքում, իհարկե, անուշ օրեր շատ կլինեն, անկարելի է, որ չլինեն, բայց էդ օրերի մեջ թող հիշվի նաև էս օրը՝ մեր ծանոթության օրը: Լավ օր է, ազնիվ խոսք: Կենացդ, Ռենա ջան, միշտ էդպես գեղեցիկ ու ցանկալի լինես, և քո կենացը, Լեո ջան, և իմ կենացը նաև, էս օրվա ու էս պահի կենացը:

«Նոր ինտուրիստի» ամբողջ երկրորդ հարկը՝ մի ծայրից մինչև մյուսը, լրիվ ռեստորաններ էին՝ հայելապատ, պարսկական գորգերով՝ հատակին ու պատերին, արևելյան նախշերով՝ հեքիաթներից արված նկարազարդումներով: Ռեստորաններն այդպես էլ կոչվում էին՝ «Գորգային», «Արևելյան», «Հայելազարդ», «Բյուրեղապակյա»:

Մենք «Արևելյան» դահլիճում էինք նստած, հյուրանոցի աջ թևում, որի լայն ու բարձրադիր լուսամուտները նայում էին իրիկնային արևի հետ խաղացող ծովին:

Ամենուր թնդում էր երաժշտությունը՝ հիմնականում թուրքական, որը վերջին մեկ-երկու տարում զանգվածային էր դարձել. քաղաքի բոլոր անկյուններում՝ ծովամերձ զբոսայգուց մինչև հեռավոր արվարձանները, առավոտից երեկո թուրք երգիչների ձայնագրություններն էին՝ Յագուբ Զուրուֆչու, Թեզջան, Սեդեն Գյուլեր, Տարկան…

Երաժիշտները պարի եղանակ նվագեցին. «Հաու դու յու, դու յու, միստեր Բրաուն… Հաու դու յու, դու յու, դու յու, դու…»:

– Լեո, սա արդարությո՞ւն է, – Արմենը շուռ եկավ բազկաթոռի մեջ՝ հրահանով վառելով սիգարետը: – Մենք երկուսով նստած ենք մի աղջկա հետ, իսկ ահա էնտեղ, մի քանի սեղան էն կողմ, մի խումբ աղջիկներ ու… երկու տղամարդ: Հարկավոր է աղջիկներից մեկին հրավիրել մեզ մոտ: Մեկը կա նրանց մեջ՝ թխահեր, լավիկն է, նայիր ոնց է պարում, տես, թե դուր է գալիս, հենց հիմա հրավիրեմ մեզ մոտ:

Շրջանաձև պարահրապարակում, գույնզգույն լուսարձակներից հորդող լույսերի մեջ, ռիթմիկ պարում էին զույգերը: Հատկապես աչքի էին ընկնում երկուսը՝ գիրուկ մի տղա և թխահեր մի աղջիկ: Նրանք ասես հոգնություն չունեին: Ժամանակակից պար էր, սակայն նրանք պարում էին ոչ թե իրար գրկած, այլ առանձին, ինքնամոռաց պարում էին՝ հայացքները հառած միմյանց ու շարունակ ժպտում էին:

Նվագը վերջացավ, զույգերը գնացին դեպի իրենց սեղանները, և այդ պահին կրկին թնդաց երաժշտությունը:

– Լեո, վերջին անգամ եմ հարցնում, հետո կփոշմանես:

Ռենան մի ումպ արեց շամպայնից, սպասողական նայեց ինձ:

– Չեմ փոշմանի, – պատասխանեցի ես: – Եթե քեզ պետք է՝ հրավիրիր, ինձ պետք չէ:

Արմենն ընդոստ շարժումով տեղից ցատկեց և, շրջանցելով սեղանները, գնաց դեպի դահլիճի մյուս ծայրը:

– Ոդիսևսը գնաց Տրոյան նվաճելու, – կատակեց Ռենան:

Քիչ անց թխահեր աղջիկն արդեն պարում էր Արմենի հետ: Նա աղջկան, երևի, ինչ-որ զվարճալի բան էր պատմում, սա շարունակ ծիծաղում էր, մեկ-մեկ գլուխը հակելով Արմենի ուսին:

– Լեո, ուզում եմ տուն զանգել, – ասաց Ռենան՝ քիչ առաջ թեքվելով: – Հետաքրքիր է, ավտոմատ-հեռախոս չկա՞ այստեղ, – հարցրեց նա մտախոհ տեսքով: – Մերոնք կարող են անհանգստանալ:

Ես գոտկատեղից հանեցի ռադիոհեռախոսը, որ դեռևս նորություն էր, միացրի, պարզեցի Ռենային, ներքուստ ուրախանալով, որ նրա հեռախոսահամարը կմնա խոսափողի մեջ: Ռենան երախտագիտությամբ նայեց ինձ, որ ստիպված չպիտի լինի հեռախոս որոնել և, վերցնելով խոսափողը, սկսեց սեղմել թվանշանները: Նա որոշ ժամանակ սպասեց մինչև կարձագանքեին հեռախոսագծի մյուս ծայրում, հետո սկսեց խոսել: Երաժշտության տակ նրա ձայնը չէր լսվում, վարդավառ շուրթերին մերթընդմերթ ծաղկում էր ժպիտը:

Ռենան ավարտեց խոսակցությունը և, ուրախ տրամադրությամբ վերադարձնելով ռադիոհեռախոսը, ավելացրեց.

– Շնորհակալություն: Ասացի, որ մի քիչ ուշ կգամ: Նրանք արդեն անհանգստանում էին:

Նվագը դադարեց, և մենք տեսանք, որ թխահեր աղջկա մերկ ուսերը գրկած, դարձյալ շրջանցելով սեղանները, Արմենը մոտենում է մեզ:

– Ոչ, դա Ոդիսևսը չէր, – ասացի ես ծիծաղելով: – Տրոյայի թագաժառանգ Պարիսն է դա, Հեղինեին առևանգած՝ Սպարտայից տանում է Տրոյա: Եվ եթե գիրուկը նրա Մենելաոսն է, – ավելացրի, – ուրեմն մեր կործանումը նույնպես անխուսափելի է:

Մինչ այդ Արմենը, նրա հետ և թխահերը՝ բավականին խմած ու խմածությունից վարդագույն, հայտնվեցին մեր սեղանի մոտ:

– Հունա-տրոյական պատերազմ չի՞ լինելու, – հարցրի ես:

– Ի՞նչ պատերազմ, – չհասկացավ Արմենը:

– Դու չհարցրի՞ր՝ նա մենա՞կ է այստեղ, թե ամուսնու հետ:

– Իյա¯, – բութ մատն ու ցուցամատը վեր՝ ծիծաղեց Արմենը: – Վախեցող ես գտել: Մարգարիտա Վոյտենկո, – ներկայացրեց նա: – Թե իմանայիք ինչպիսի դժվարությամբ հաջողվեց ինձ կոտրել սքանչելի Մարգարիտայի համառությունն ու հրավիրել մեզ մոտ: Չէր գալիս ու չէր գալիս:

– Ո¯չ, – գլուխը տարուբերեց Մարգարիտան: – Փչում է, ես սիրով ու իմ հոժար կամքով եկա և, նայելով ձեր սեղանին, տեսնում եմ, որ, այո, չեմ սխալվել, – ծիծաղեց նա, ձեռքը մեկնեց ինձ, հետո Ռենային: – Աստված իմ, մի սրանց սեղանին նայեք. սև խավիար, կարմիր խավիար, խորոված, տապակա, անանաս… Էս ի՞նչ եք անում, լսեք, չե՞ք վախենում «օբեխեսեսից», դուք ինչ է, Խորհրդային Միությունում չե՞ք ապրում, մեր ժամանակավոր դժվարությունները չե՞ք տեսնում: Արմեն, շուտ նստեցրու ինձ, կարող է ուշաթափվեմ:

Մենք լիաթոք ծիծաղեցինք:

– Հիմա, Մարգարիտա ջան, հիմա, – Արմենը ծնկով կոպտորեն բոթեց ինձ, – ա՛յ տղա, շարժվիր, – հայերեն ասաց նա, – քեզ համար եմ բերել:

– Իսկ ես չե՞մ ասել քեզ, որ ինձ պետք չէ, – կողքի անցա ես ժպտալով:

– Չհասկացա, – անսպասելի հայերենի անցավ Մարգարիտա Վոյտենկոն, – ես ծախու ապրա՞նք եմ ձեզ համար:

Ռենան տարակուսած՝ չէր հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի մասին է մեր խոսակցությունը, նայում էր մեզ, իսկ ես ու Արմենը մնացել էինք ապուշ կտրած:

– Վայ, Մարգարիտա ջան, ներիր, – շաղակրատեց Արմենը, – բա ինչո՞ւ չէիր ասում, որ հայուհի ես, հայերեն գիտես:

– Առիթ չկար, – ծիծաղեց Մարգարիտան ու պատմեց, – մի մարդ հինգ-վեց տարեկան իր որդու հետ, որը ծնված օրից ի վեր չէր խոսել, և դա մեծ դժբախտություն էր հոր համար, գնում է անտառ՝ ծառ կտրելու: Նա կացինն առած կտրում հա՛ կտրում է, մի երկու քայլ ետ է գնում՝ տեսնելու՝ ծառը ո՞ր կողմի վրա է ընկնելու, և որդին հանկարծ գոչում է. «Պապա, ծա¯ռը»: Հայրը մի կողմ է ցատկում, վիթխարի ծառը դղրդալով տապալվում է: «Ուրեմն դու խոսել գիտեի՞ր, – շշմած ասում է հայրը, – բա ինչո՞ւ մինչև հիմա չէիր խոսում»: «Առիթ չկար», – պատասխանում է տղան: Այնպես որ, Արմեն ջան, առիթ չկար, – ծիծաղելով ավարտեց Մարգարիտան: – «Հայ ես դու, հայ ես դու, հայ եմ ես, վայ քո ցավը տանեմ ես», – երգեց նա ամուր կառչելով Արմենի թևից: – Դո՛ւ ես ինձ հրավիրել այստեղ, ուրեմն քո մոտ էլ կնստեմ: Լեո, – կարգադրեց նա, – անցիր այն կողմ: Դու հո դե՞մ չես, – հարցրեց՝ դառնալով Արմենին:

– Իհարկե, դեմ չեմ, – ճարը կտրած՝ ժպտալով համաձայնեց Արմենը: – Քեֆ ենք անում, այ մարդ՝ ի՞նչ դեմ, ինչ բան: Լեո ջան, անցիր Ռենայի մոտ: Որ հրամայում է՝ ի՞նչ պիտի անենք, – ծիծաղեց նա: – Աղջիկ չէ, է¯, կրակ է: Հայ ես դու, հայ եմ ես, վայ քո դնչիկն ուտեմ ես: Լեոն կոնյակ է խմում, Ռենան՝ շամպայն, ես՝ օղի: Դու ի՞նչ ես սիրում, հոգուդ մատաղ:

– Ես էդ բոլորն էլ սիրում եմ՝ չգիտեմ որն ընտրեմ, – ծիծաղեց Մարգարիտան: – Լավ, օղի լցրու:

– Եղավ, թող լինի օղի:

Ես փոխադրվեցի Ռենայի մոտ, ուր մինչ այդ Արմենն էր նստած, մատուցողուհին տեղափոխեց մեր ափսեները, Մարգարիտայի համար նոր սպասք բերեց: Ես ներքուստ շնորհակալ էի Մարգարիտային այս անսպասելի փոխատեղման համար, գաղտնածածուկ աչքով արեցի նրան և նա՝ խորամանկը, հասկացավ ինձ և ձեռքը մեկնեց խփելու՝ ի նշան համաձայնության:

Մենք անշտապ օգտվում էինք սեղանի բարիքներից, կատակում, ծիծաղում էինք:

– Մենք կախված ենք տղամարդկանցից, նրանց վարվեցողությունից, – ասաց Մարգարիտան: – Բայց եթե կինը կարող է ինքնակայուն գործել, վստահ է զգում իրեն, նրան ոչ թե պարզապես ապահով, բարեկեցիկ կյանք ունեցող տղամարդ է պետք, այլ նա, որին կարող է ընտրել ինքը, և ոչ թե ընդհակառակը: Սրա մեջ մեծ տարբերություն կա:

Արմենը հանդիսավորությամբ բարձրացրեց բաժակը:

– Ուրեմն այսպես, – ասաց նա: – Արևն ու քամին վիճում են, թե նրանցից ո՞վ ավելի շուտ կարող է հանել կնոջ զգեստը: Քամին փչում հա՛ փչում է, սակայն իզուր, կինն ավելի է փաթաթվում շորերի մեջ: Բայց ահա դուրս է գալիս արևը, իր ճաճանչափայլ շողերով տաքացնում երկինք ու երկիր, և կինը, անկարող դիմանալու այդ տաքուկ շողերին, հանում է հագուստները: Արևը հաղթում է իր ջերմությամբ: Եկեք նման լինենք արևին, խմենք մեր սիրելի Ռենայի ու Մարգարիտայի կենացը, նրանց հանդեպ ունեցած մեր ջերմին վարվեցողության կենացը:

– Հրաշալի կենաց է, – միացավ Մարգարիտան, իսկ հետո ասաց, – շարունակելով իմ միտքն, ասեմ, որ ես, օրինակ, կյանքում ինձ միշտ զգացել եմ ազատ մարդ և հաստատ գիտեմ՝ ես ունեմ իմ սեփական կարծիքն ու իմ տեսակետը: Իսկ գիտե՞ք, թե Աստված ինչու է կանանց ստեղծել այսքան գեղեցիկ ու այսքան անխելք, – ծեքծեքուն հայացքով իրեն ու Ռենային ցույց տալով ժպտալից ավելացրեց նա: – Գեղեցիկ՝ որ սիրեք մեզ, անխելք՝ որ սիրենք ձեզ… Ես համաձայն եմ, հանձինս ինձ ու Ռենայի՝ խմենք ձեր շռայլ վերաբերմունքի ու մեր անսպառ գեղեցկության կենացը: Ինչ վերաբերում է զգեստը հանելուն, ապա ես դրան բոլորովին դեմ չեմ: Ես պատրաստ եմ հենց հիմա հանվել:

Մենք ծիծաղեցինք:

– Եկեք խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր սրտանց խմում են մեր կենացը, – անհամարձակ ասաց Ռենան, քնքշահայացք հպանցիկ նայելով ինձ: – Չէ, – ավելացրեց նա, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր առանց մեզ կխմեն մեր կենացը: Չէ, չէ, – գեղորեն շարժելով գլուխը, ծիծաղեց Ռենան, դարձյալ հպանցիկ նայելով ինձ ու մի թեթև շիկնելով, և նրա ծիծաղն անսահման հմայիչ էր, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր մտովի խմում են մեր կենացը…

Երաժիշտները նոր եղանակ նվագեցին՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի»: Դանդաղ տանգո՝ կանայք հրավիրում են տղամարդկանց: Մարգարիտան Արմենին քարշ տվեց պարահրապարակ:

Ռենան նայեց ինձ, մազերը դանդաղ ետ տարավ լայն ու գեղեցիկ ճակատից, ասաց.

– Գնանք:

Նա փաղաքուշ ձեռքը դրեց իմ ձեռքին:

Ես բռնեցի նրա մատները, և մենք, ձեռք-ձեռքի տված, ելանք տեղից:

Ես հայացքս չէի կտրում նրանից: Ռենան երբեմն ամոթխած ժպտում էր՝ փախցնելով աչքերը: Ես աջով գրկել էի նրա բարակ մեջքը, զգում էի նրա փխրուն մարմնի տաք հպումը, փարթամ մազերը քսվում էին դեմքիս, և նրանց մոտիկ բուրմունքից ու «Քլիմայի» զմայլիչ հոտից սիրտս անհանգիստ տրոփում էր: Անուշաբույր էր և սպիտակ մաշկը, ես դա նույնպես զգում էի, նրա մի ձեռքն իմ ուսին էր, իսկ մյուս ձեռքը՝ նուրբ մատներով, վարանոտ շարժվում էր ափիս մեջ՝ պատեպատ խփվող երկչոտ թռչնակի երկյուղածությամբ:

Հետո կրկին նստած էինք սեղանի մոտ, շարունակ ու անդադար թնդում էր երաժշտությունը՝ մի եղանակից անցնելով մյուսին, հետո դարձյալ ու նորից պարեցինք, Մարգարիտան ընկերուհիների համար խմիչք ու միրգ տարավ մեր սեղանից ու նորից վերադարձավ մեզ մոտ, հետո նա Ռենայի ականջին ինչ-որ բան փսփսաց, և նրանք միասին գնացին միջանցքի կողմը:

– Լսիր, Լեո, դա լրիվ գիժ է, – նրանց գնալուց հետո ծիծաղեց Արմենը: – Բնագիտության ուսուցչուհի է, ընկերուհիներով ծնունդ են նշում: Ամուսինն ուկրաինացի է, ծովում, Նավթային քարերում է աշխատում, հորատող վարպետ է, դեպուտատ, տասնհինգ օր տանն է, տասնհինգ օր՝ ծովում: Հրավիրում է տուն: Այ տղա, ի¯նչ հրաշալի բան է մեծ քաղաքում ապրելը:

Ետևում, սեղաններից մեկի մոտ, հայերեն խոսակցություն լսեցինք: Արմենն արագ շրջվեց, երկար նայում էր:

– Լսիր, հայեր են, – ասաց Արմենը, – Հայաստանից, տեղի հայերն այդպես չեն խոսում:

Արմենը ելավ, գնաց դեպի նրանց սեղանը:

Քիչ անց այնտեղ թնդաց համերաշխ ծիծաղը, ես ետ նայեցի. ոչ այն է Արմենն էր նրանց անեկդոտ պատմում, ոչ այն է՝ նրանք, մի պահ լռություն էր տիրում, հետո կրկին թնդում էր սրտաբուխ ծիծաղը:

– Հայեր են, Հայաստանից, – վերադառնալով ուրախացած ասաց Արմենը, ասես օտարության մեջ հարազատներին էր գտել, որոնց մինչ այդ շարունակ որոնել էր: – Ամբողջ Հայաստանի մասշտաբով նրանց դեմ խաղ չկա: Կենտկոմի աշխատողներ են, շրջկոմի քարտուղարներ, միամսյա դասընթացների են եկել կուսակցական կադրերի բարձրագույն դպրոց: Թափով տղերք են:

Արմենը կանչեց մատուցողուհուն, նրանց համար երկու շիշ «Ախթամար» պատվիրեց:

Դահլիճի հայելապատ դռների մեջ նրանք՝ Ռենան ու Մարգարիտան, երևացին միանգամից: Ռենան գալիս էր առջևից՝ ժպտադեմ, գեղեցիկ ու բարձր:

– Մի նայիր, Լեո, տես՝ ի¯նչ անուշիկ հայացք ու գայթակղիչ կազմվածք ունի, ինչպիսի կրքահարույց ու կանչող ոտքեր, – ասաց Արմենը, – բա բնավորությունը: Ասես քաղաքի աղջիկ չլինի՝ դյուրահավատ, ոնց որ երեխա:

– Կներեք, բայց ես կուզենայի գնալ, – հասնելով սեղանին ու կրկին նստելով իր տեղը, մեղավոր տեսքով ասաց Ռենան, նայելով մեկ ինձ, մեկ Արմենին: – Արդեն ուշ է, խնդրում եմ: Շնորհակալ եմ, մերոնք…

– Հիմա, Ռենա ջան, ես ու Լեոն մի ուղեթաս էլ խմենք՝ գնանք, – ընդհատեց Արմենը:

Բաժակները լիքն էին, Արմենը բարձրացրեց բաժակը:

– Առաջին հանդիպումն էր այսպես խմբովին, տա աստված՝ վերջինը չլինի: Մարգարիտա, վերցրու բաժակը:

– Ես այլևս խմել չեմ կարող, – օրորվեց Մարգարիտան, հենվելով Արմենի ուսին: – Ռուսաց թագավոր Պետրոս Մեծն ասել է. «Օղի չի կարելի քիչ խմել, բայց շատ նույնպես չի կարելի խմել»: Ես այլևս չեմ խմի: Բայց, ի լրումն քիչ առաջ իմ ասածի, ավելացնեմ, որ կա միայն ու միայն մի տղամարդ, որից, համենայնդեպս այսօր, ես ինձ կախված եմ զգում, և դա խելացնոր կերպով ուրախացնում է ինձ… Որպես գաղտնիք ասեմ, որ Արմենն է այդ տղամարդը, և ես խոստանում եմ մինչև վաղը հավատարիմ մնալ նրան, – ծիծաղելով ավելացրեց Մարգարիտան: – Անչափ ու անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ ծանոթության համար, անմոռանալի երեկո էր, բայց, հազար ափսոս, որ այլևս խմել չեմ կարող:

Մենք խմեցինք: Մարգարիտան հրաժեշտի համբույրներ բաշխեց բոլորիս և, կոնքերը ցուցադրաբար ճոճելով, գնաց ընկերուհիների կողմը:

– Ես նույնպես շնորհակալ եմ, իրոք, հաճելի երեկո էր, – վեհերոտ ժպիտով ասաց Ռենան: – Հուսով եմ, որ Լեոի ծննդյանը նույնպես կհրավիրեք,– նա նայեց ինձ, բոսորով բռնկված շուրթերի բացվածքում շողացին ատամները: – Հույս ունենա՞մ, թե՞ կմոռանաք:

– Որպեսզի չմոռանանք՝ պայմանավորվենք հենց հիմա, – ասացի ես: – Վաղը ժամը չորսի մոտերքը ես սպասում եմ Արմենի զանգին: Հրավիրում եմ «Գյուլիստան»: Դուք եղե՞լ եք այնտեղ:

– Ոչ:

– Նոր, շքեղ ռեստորան է՝ բազմաթիվ սրահներով: Արմենը նույնպես, հավանաբար, չի եղել:

– Չէ, չեմ եղել, – արձագանքեց Արմենը՝ վառելով սիգարետը:

Մեր սեղանին մոտեցավ սև կոստյումով, փողկապով, թիկնեղ ու հաստափոր մի տղամարդ:

– Ամեն ինչ կարգի՞ն է, – հետաքրքրվեց նա սիրալիր ժպտալով: – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան:

– Ռաուֆ Ալիևիչ, արի մի բաժակ խմիր մեզ հետ: Կոնյա՞կ, թե՞ օղի:

– Ո՛չ կոնյակ, ո՛չ օղի, – Ալիևիչը ձեռքերը խաչեց կրծքին: – Շնորհակալ եմ, չեմ կարող, գործի ժամանակ՝ ոչ մի կաթիլ, սա օրենք է:

– Ռաուֆ Ալիևիչը ռեստորանի մետրդօթելն է, – բացատրեց Արմենը, հետո ներկայացրեց մեզ:

– Ուրախ եմ, շատ ուրախ եմ, – քաղաքավարությամբ գլուխ տվեց Ռաուֆ Ալիևիչը: – Տեսնո՞ւմ եք, ոչ մի ազատ տեղ չկա: Միշտ այսպես է, բայց ձեզ համար տեղ, իմացած եղեք, որ կճարվի: Համեցեք:

Ռենայի հետ իջանք առաջին հարկ, այնտեղից՝ փողոց, որը շողշողում էր նեոնային լույսերից:

Կանաչ լույսերը վառած, իրար ետևից ազատ կանգնած էին տաքսիները:

Քիչ հեռվում, ափամերձ զբոսայգուց այն կողմ, երևում էր ծովը՝ համատարած, անծայրածիր՝ փայլկտում էր նոր ելնող լուսնի ու աստղերի ցոլքերից: Բարձրախոսները հրավիրում էին զբոսանքի, պտտվում էին կարուսելները, մանկական ճիչ ու զնգուն ծիծաղ՝ քամին տանում, հեռացնում էր, կրկին ետ բերում, և այդ ձայները լսվում էին հստակ ու շատ մոտ:

– Հո չե՞ք մրսում, – հարցրի ես՝ փորձելով հանել պիջակս:

Ռենան օրորեց գլուխը, երախտագիտությամբ ժպտաց ինձ:

– Շնորհակալ եմ, ցուրտ չէ, – ասաց նա՝ հայացքը դեպի Նարգին կղզի ընթացող զբոսանավը, որից հնչող երաժշտությունը նույնպես քամու հետ մեկ հեռանում, մեկ կրկին վերադառնում էր:

Մեքենաների մոտ խմբված վարորդները հետաքրքրասիրությամբ դիտում էին Ռենային, դա ինձ դուր չեկավ և, նրա արմունկն առնելով ափիս մեջ, ես նրան տարա դեպի հերթի առջևում կանգնած մեքենան:

– Մենք ձեզ տաքսիով կտանենք մինչև տուն, – ասացի ես, նրան նստեցնելով մեքենայի ետնամասում, ինքս նստեցի առջևում, վարորդի մոտ:

– Ոչ, պետք չէ, – խնդրողական ասաց Ռենան՝ ձեռքը դիպցնելով ուսիս:– Մինչև տուն պետք չէ: Եղբայրս, սովորաբար, կանգառում դիմավիրում է ինձ: Մինչև մետրո:

Վարորդն արագ տեղավորվեց ղեկի մոտ: Ես նրան խնդրեցի քիչ սպասել. Արմենը շտապ իջնում էր աստիճաններով:

Բաքսովետի մետրոյի մոտ Ռենային ուղեկցեցինք մինչև նախասրահ, մի անգամ ևս պայմանավորվելով, որ Արմենը վաղը կզանգի Ռենային ու ինձ, և մենք միասին կգնանք «Գյուլիստան»: Ռենան մտավ մետրո, վերջին անգամ շարժասանդուղքի մոտ շրջվելով ու ձեռքով հրաժեշտ տալով մեզ:

Մոտեցանք փողոցին: Արմենը տաքսի կանգնեցրեց:

– Էդ գիժը տանը սպասելու է ինձ, – ծիծաղեց նա: – Հասցեն ու հեռախոսը տվեց: Ասում է, եթե ուշացար, ինձ կկախեմ:

– Գնա, – ծիծաղեցի ես: – Ուշացար՝ թոկից-բանից տար, կարող է չունենա:

Արմենը նորից ծիծաղեց, մոտեցավ մեքենային:

– Նստիր մինչև տուն տանեմ, – ետ շրջվելով, ասաց նա:

– Երկու քայլ է, ոտքով կգնամ, – պատասխանեցի: – Վաղը սպասում եմ:

Մեքենան պոկվեց տեղից, սակայն, մի հարյուր մետր չանցած, կանգ առավ՝ ետնամասի կարմիր լույսերը վառ և սկսեց ետ-ետ գալ:

– Լսիր, Լեո, – դուրս գալով մեքենայից ասաց Արմենը: – Կարո՞ղ է մոտդ փող լինի՝ տասնհինգ-քսան ռուբլի:

– Իհարկե, – ասացի ես:

Մեքենան կրկին պոկվեց տեղից, ես երկար նայում էի, մինչև այն կորավ փողոցի շրջադարձում:

Անցնելով լայն պողոտան, ես քայլեցի դեպի տուն: Ես դանդաղ, անշտապ քայլում էի դեպի տուն և իմ սիրտն ինչ-որ անհայտ, շատ ցանկալի ու անորոշ բանից տրոփում էր: Ի՞նչ էր դա՝ ըմբռնել, հասկանալ չէի կարողանում, զգում էի, որ այդ անհայտ ու անորոշ բանից աշխարհն աչքիս հազար անգամ մեծ էր երևում, եղածը՝ հազարապատիկ շատ: Իմ կողքով զույգեր էին անցնում, ես, իմ մտքերի մեջ խորասույզ, նրանց չէի նայում, բայց մտածում էի, որ նրանք անպայման երջանիկ են, ես սրտանց ուզում էի, որպեսզի երջանիկ լինեն նրանք, որովհետև ինքս անչափ երջանիկ էի այդ պահին, և այդ երջանկությունն արբեցնում էր ինձ, ես ուզում էի ողջունել բոլորին, ես բոլորի բարին էի ցանկանում: Իրոք, թե ինչ էր կատարվում ինձ հետ՝ անհասկանալի էր: Ես վայրկյան անգամ չէի կարողանում մոռանալ Ռենային, նրա դեմքը, աչքերը, շուրթերը, ձայնի նրբագրգիռ ելևէջը, վայելչագեղ պարանոցը, որ բուրում էր ինչպես նորաբողբոջ վարդը: Աստված իմ, մի՞թե այդպես միանգամից սիրահարվեցի նրան: Ես զարմանում ու ծիծաղում էի ինքս ինձ վրա, որովհետև այսօր առավոտյան ես ոչինչ չգիտեի նրա գոյության մասին, իսկ հիմա նրա մասին մտածելն անգամ ինձ ուրախություն է պատճառում: Ես ուզում էի ետ պահել ինձ այդ խելացնոր մտքից, ես աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել, բայց չէր հաջողվում: Ես նախանձում էի Արմենին, բայց դա չար նախանձ չէր, պարզապես ափսոսում էի, որ ոչ թե ինձ, այլ նրան է բախտ վիճակվել ծանոթանալ այդպիսի հրաշք աղջկա հետ: Հարկավոր է մոռանալ նրան, մտածում էի, անպայման մոռանալ, ինչքան էլ դժվար լինի ինձ համար, որովհետև իմ կողմից գեղեցիկ քայլ չէ՝ մտածել մեկի մասին, որը ոչ թե քո, այլ ուրիշի ծանոթուհին է, նրա հետ եկավ քեզ մոտ: Տանը նույնպես մտածում էի Ռենայի մասին, հիշողություններն ալեկոծում էին իմ հոգին, անծանոթ հույզեր արթնացնում իմ մեջ, ես իմ աչքի առջև շարունակ տեսնում էի նրա ամոթխած և ուշադիր հայացքը, գեղեցիկ շուրթերի արանքից երևացող ատամների տամուկ փայլը, հիշում էի նրա մատների սառը հպումը, և այդ ամենից ասես գլուխս պտտվում էր: Դասական երաժշտության տակ հաճելի էր մտածել ու հիշել: Հիշել ու մտածել: Իսկ գիշերը՝ երազում, ես կրկին նրա հետ էի, քաղցր ինքնամոռացության մեջ ես գրկել էի նրան, ես նրան սեր էի խոստովանում, ես նրան կրկին ու կրկին համբուրում էի ու չէի հավատում, որ հենց հիմա համբուրեցի այդ շուրթերը, որ երազից դուրս նման իրական բան կարող է լինել և բերկրանքից ու երջանկությունից կտրվում էր շունչս…

Հեռախոսազանգն արթնացրեց ինձ: Երազի տպավորության տակ՝ ես ցատկեցի դեպի հեռախոսը, չգիտես ինչու, մտածելով, որ Ռենան է զանգողը:

Ռենան չէր, իհարկե. մայրս էր Սումգայիթից զանգում, և ես սուր ամոթ զգացի այն բանից, որ քամու դեմ վառած լուցկու կրակի պես հանգավ ոգևորությունս: Մայրս անհանգստացած էր, որ տուն չէի գնացել, չնայած իմ խոստմանը, ասաց, որ երեկոյան քույրս Ստավրոպոլից նույնպես զանգել է, բայց ես տանը չէի:

Ասացի, որ հյուր ունեի Երևանից, հաջորդ ուրբաթ անպայման կգամ: Հետո լվացվեցի, մի թեթև նախաճաշեցի և սկսեցի պատրաստվել այսօրվա հանդիպմանը: Մի քանի անգամ, աղջկա նման՝ հայելու առջև փոխեցի շորերս, մեկ այս փողկապն էի փորձում, մեկ այն, ի վերջո, ընտրեցի՝ սև կոստյում, կապույտ վերնաշապիկ և դարչնագույն փողկապ՝ մանուշակագույն երանգներով: Օծանելիքներից ընտրեցի «Դրակարը»: Դա Արինայի նվերն էր՝ փետրվարի քսաներեքի առթիվ, և ինձ շատ էր դուր գալիս:

Ժամը տասներկուսին զանգեց Արմենը:

– Հը, ինչպե՞ս ես, – ծիծաղեցի ես: – Մարգարիտային հաջողվե՞ց կախվել:

– Հա, մինչև առավոտ վզիցս կախված էր, – Արմենը ծիծաղեց, ավելացրեց, – Լեո ջան, եկել եմ կինոյի տոմս վերցնելու, նոր տեսա, որ, թարսի պես, ուրիշ շալվար եմ հագել՝ փողերս մնացել են մյուս գրպանում, չգիտեմ ինչ անեմ, մինչև մեր հանդիպումը, ուզում էի Ռենայի հետ կինո գնալ:

– Արի, ես կտամ, – ասացի ես, մտածելով, որ նա երեկ ահագին ծախսի տակ ընկավ: – Հո չե՞ս մոռացել հասցեն:

– Իյա¯: Ի՞նչ ես ասում, – ուրախաձայն ասաց նա: – Իհարկե, չեմ մոռացել:

– Դե, ավելի լավ, որ չես մոռացել, արի: Միասին սուրճ կխմենք:

Արմենը եկավ մի կես ժամից:

– Քսանհինգ ռուբլին հերի՞ք է, – հարցրի ես:

– Իհարկե, շատ էլ է: Անչափ շնորհակալ եմ, Լեո ջան: Քեզ ասեմ՝ իսկական ընկեր ես ու իսկական տղամարդ: Դա իմ կարծիքն է: Ապրես:

Նա սափրվեց, սուրճ խմեցինք: Արմենին ճանապարհելուց հետո նորից անհանգիստ քայլում էի՝ նայելով ժամացույցին, ժամանակը կարծես թե դժվար էր առաջ գնում, փորձեցի ինչ-որ բան կարդալ ժամանակը կարճելու համար, բայց ոչինչ չստացվեց, նույն պարբերությունը ստիպված մի քանի անգամ կարդում էի. ուշքս ու միտքս այնտեղ էր՝ Ռենայի հետ:

Հեռախոսը զանգեց: Վերջապե¯ս… սիրտս տրոփեց, ինչ-որ հաճելի ոգևորությամբ համակված՝ դանդաղ վերցրի լսափողը:

– Ալլո:

– Ալլո, բարև ձեզ: Լեո, դուք եք, չէ՞:

Ձայնն անծանոթ էր:

– Բարև ձեզ: Այո:

– Ռաուֆ Ալիևիչն է, «Նոր Ինտուրիստից»: Ինչպե՞ս եք:

– Շնորհակալ եմ… Երեկ շատ լավ էր ձեզ մոտ, անմոռաց երեկո էր:

– Շատ ուրախ եմ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան: Համեցեք, միշտ պատրաստ ենք: Բայց գիտե՞ք… – նա մի պահ ասես վարանեց, հետո միանգամից ասաց, – դուք երեկ գնացիք առանց վճարելու:

– Ինչպե՞ս, – ես զարմանքից կարկամեցի: – Չի կարող պատահել:

– Գիտե՞ք, մենք շատ մտածեցինք… ուզում էինք աշխատողներով մի կերպ… բայց դե, գումարը շատ է մեծ, երեք հարյուր ռուբլի, հնարավոր չեղավ…

Տևեց երկար դադար: Ես ոչինչ չէի գտնում ասելու, իսկ նա սպասում էր:

– Դուք մինչև քանի՞սն եք այդտեղ, – ի վերջո հարցրի ես, դեռևս չհավատալով իմ լսածին:

– Վաղը կարո՞ղ եք անցնել:

– Այո, իհարկե:

– Վաղը հինգին-վեցին, խնդրեմ, եկեք: Ես ձեզ կսպասեմ:

Այս ամենն արտասովոր էր, տարօրինակ: Շա¯տ էր տարօրինակ: Հիշում եմ, Արմենը մի քանի անգամ դուրս եկավ դահլիճից ու կրկին վերադարձավ: Գուցե սպասո՞ւմ էր ինչ-որ մեկին, իսկ նա ուշանո՞ւմ էր: Ամեն դեպքում, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ՞ որ Արմենն ինքը հրավիրեց: Նա գնաց հաշիվը փակելու, իսկ մենք ներքևում Ռենայի հետ սպասում էինք նրան: Իսկ հեռախոսահամա՞րը: Մետրդօթելը որտեղի՞ց կարող էր դա իմանալ: Մի՞թե զանգել է կոմիտե: Իրարամերժ մտքերը հանգիստ չէին տալիս ինձ:

Ժամը չորսի մոտերքը զանգեց Արմենը: Ռաուֆ Ալիևիչի հեռախոսազանգի մասին ես նրան ոչինչ չասացի, ասացի միայն, որ շտապ գործով տեղ պետք է գնամ, և որ մեր հանդիպումն այսօր չի կայանա:

– Ուրեմն վա՞ղը, – հարցրեց Արմենը:

– Վաղը, – պատասխանեցի ես ու դրեցի խոսափողը:

Սակայն մյուս օրը նա չզանգեց: Նույն՝ մեկը մյուսին հակասող մտքերը դեռևս հանգիստ չէին տալիս ինձ: Ես հիշեցի, որ Ռենայի հեռախոսահամարը մնացել է իմ խոսափողի մեջ: Այո, ահա այն՝ 92-69-98: Ես երկչոտ հավաքեցի՝ 9, 2, 6, 9, 9, մի պահ վարանում էի պտտել վերջին թիվը: Սիրտս ուժգին տրոփում էր, վերջապես պտտեցի վերջին թիվը՝ 8: Հեռախոսագծի մյուս ծայրում իսկույն վերցրին լսափողը:

– Ալլո՞, – դեռևս երկչոտ ասացի ես:

– Բարև, Լեո, – կրծքային քաղցրանուշ ձայնով ասաց Ռենան:

Զարմանալի է, եթե մարդը սիրելի է քեզ, սիրելի է և նրա ձայնը: Ինչպիսի¯ երջանկություն, նա իսկույն ճանաչեց իմ ձայնը, ասես սպասում էր այդ զանգին: Եվ ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն: Ես վայրկենապես մոռացա և՛ Արմենին, և՛ այդ ամբողջ տարօրինակ պատմությունը՝ կապված ռեստորանի հետ:

– Բարև, Ռենա, – ինչպես ուրբաթ օրը՝ խմբագրությունում, ես ակամա ոտքի ելա, – ինչպե՞ս եք:

– Լավ եմ: Դո՞ւք ինչպես եք:

– Շնորհակալություն: Ես նույնպես լավ եմ: Ռենա, կարևոր գործով ուզում եմ հանդիպել ձեզ: Դա հնարավո՞ր է:

– Իհարկե: Ե՞րբ և որտե՞ղ:

– Բաքսովետի մետրոյի մոտ: Ժամը հինգին:

– Շատ լավ: Ժամը հինգին ես այնտեղ կլինեմ:

– Շնորհակալություն:

Ես մի պահ խոսափողը ձեռքիս շրջում էի սենյակում, ինձ թվում էր՝ այն դեռ պահում է Ռենայի հարազատ շունչն ու քնքշանուշ ձայնը:

Իրոք, բոլոր ձայների մեջ ամենաքաղցրն այն աղջկա ձայնն է, որին սիրում ես: Մի՞թե ես արդեն սիրում եմ նրան:

Ռենային դիմավորեցի մետրոյի նախասրահում: Նա բաց կապույտ բլուզ էր հագել, ոսկյա բարակ շղթայիկը պսպղում էր ճերմակ պարանոցին, մազերը, ինչպես երեկ չէ մյուս օրն էր, անփութորեն թափված էին ուսերին: Դեռևս շարժասանդուղքին կանգնած՝ նա հարազատորեն ժպտաց ինձ, և այդ ժպիտը կախարդիչ էր: Նրա լիքը շուրթերի կիսաթափանցիկ փայլն ու շողշողուն թարմությունը նույնպես կախարդիչ էին:

– Ողջույն, – Ռենան ձեռքը մեկնեց, և ես բերկրանքով մտածեցի, որ նա չէր շտապում ետ քաշել ձեռքը, – վաղո՞ւց եք սպասում:

– Չէ, նոր եկա, – ասացի ես, թեպետ մոտ տասնհինգ րոպե կլիներ, որ սպասում էի նրան՝ նայելով շարժասանդուղքով վեր ելնող մարդկանց անդադար հոսքին:

Մենք դուրս եկանք փողոց: Հաճելի տաք եղանակ էր:

– Երեկ Արմենն ասաց, որ միասին կինո պիտի գնաք, – ասացի ես: – Լա՞վ նկար էր:

– Երե՞կ: Երեկ լրացել էր իմ տասնինը տարին, իմ ծննդյան օրն էր, – ասաց նա ու կանգ առավ:

Ես զգացի, որ ծննդյան օրվա մասին ասածը հանկարծակի դուրս թռավ բերանից, նրա դեմքը շառագունեց:

– Ես ամբողջ օրը տանն էի, – անվճռականորեն ավելացրեց Ռենան: – Եվ ոչ մի տեղ չեմ գնացել: Նա ինձ չի զանգել և… չէր էլ կարող զանգել, նա չգիտի իմ հեռախոսահամարը:

Ես ոչինչ չէի հասկանում:

– Ձեր ծննդյան օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ, – ասացի ես:

– Շնորհակալություն, – արձագանքեց Ռենան ամոթխած շփոթմունքով:

– Արմենի հետ պայմանավորվել էինք «Գյուլիստան» գնալ, եթե հիշում եք: Նա պետք է խոսեր ձեզ հետ ու զանգեր ինձ: Ինչպե՞ս պիտի զանգեր, եթե չուներ ձեր հեռախոսահամարը:

– Երևի մտածում էր վերջին րոպեին վերցնել, բայց ես մերժեցի:

Մի պահ լռություն տիրեց:

– Ռենա, կներեք, իհարկե, որ նման հարց եմ տալիս, – ասացի ես: – Արմենին դուք վաղո՞ւց եք ճանաչում:

Ռենան տարակուսանքով նայեց ինձ:

– Գիտե՞ք, ես նրան ընդամենը երկու անգամ եմ տեսել և, հետաքրքիր է, երկու անգամ էլ՝ պատահաբար: Առաջին անգամ հենց այստեղ, մետրոյի մոտ պատահեց, դա մի քանի ամիս առաջ էր: Ես հանրային գրադարանից էի գալիս, մոտեցավ, ինչ-որ հասցե էր հարցնում, ես նրան բացատրեցի: Երկրորդ անգամ, դա արդեն երեկ չէ մյուս օրն էր, մտա ձեր շենքի տակ գտնվող փոստը՝ մերոնց զանգելու, ինքն էլ այնտեղ էր, ինչ-որ տեղ էր զանգում, մոտեցավ, դարձյալ ինչ-որ բան էր հարցնում: Հետո խնդրեց իր հետ բարձրանալ ձեզ մոտ, խմբագրություն, ասաց որ ձեր ծննդյան օրն է և որ ձեզ համար հաճելի կլինի, եթե երկուսով շնորհավորենք ձեր ծնունդը: Շատ խնդրեց: Մի խոսքով, չգիտեմ ինչ փչեց խելքիս, նրա հետ բարձրացա ձեզ մոտ: Դե, մնացածը դուք գիտեք:

Ասես ծանր բեռից ազատված՝ ես ազատ շունչ քաշեցի:

– Եվ ծննդյան ու նախածննդյան այդ բոլոր ծիսակատարությունների մասին նա, իհարկե, հնարում էր: – Ռենան նայեց ինձ ու լայն ժպտաց: – Հնարո՞ւմ էր:

– Երևի, – խուսափողական ասացի ես: – Ուրեմն նա չուներ ձեր հեռախոսահամարը:

– Չէ, իհարկե:

– Հետաքրքիր է:

– Ձեր զանգից, ճիշտն ասած, ես մի տեսակ կորցրի ինձ ու այդպես էլ չհասկացա՝ իսկ ձե՞զ որտեղից իմ հեռախոսահամարը:

– Չեմ ասի, – ժպտացի ես, – դուք իմ ռադիոհեռախոսով տուն զանգեցիք, հիշո՞ւմ եք:

– Հիշում եմ:

– Խոսափողում պահպանվում է համարը:

Ռենան ծիծաղեց, ասաց.

– Թող այդպես լինի, – և իր քնքույշ կապույտ աչքերով նայելով ինձ՝ ավելացրեց, – ի՞նչ կարևոր գործ է, որի մասին ասացիք հեռախոսով:

– Մենք երեկ չէ մյուս օրը ռեստորանից դուրս ենք եկել առանց վճարելու:

– Չէ հա, – Ռենան ետ ընկրկեց, վախվորած ձեռքը տանելով այտին: – Չի կարող պատահել:

– Այն թիկնեղ տղամարդուն հիշո՞ւմ եք: Ռաուֆ Ալիևիչ: Արմենը ռեստորանում մեզ ներկայացրեց նրան: Նա երեկ զանգեց ինձ:

– Ինչպիսի¯ խայտառակություն, – Ռենան տագնապած նայեց ինձ, – ի՞նչ պիտի անենք:

– Նա հիմա սպասում է մեզ, – ասացի ես:

– Մի րոպե, – մտամոլոր ասաց Ռենան, մտքում ինչ-որ հաշվարկներ անելով: – Ես հորս ասել չեմ կարող, մորս՝ նույնպես, եղբորս՝ առավել ևս, իսկ եղբորս կնոջը կասեմ: Իրադան կօգնի: Իմ միամսյա կրթաթոշակը մոտս է, դա էլ կարող եմ տալ:

– Ռենա, ոչ մի բան պետք չէ, մի մտածեք, – ես խանդաղատանքով նայեցի նրան: – Գնանք:

– Հնարավո՞ր չէ առանց ինձ, – Ռենան խնդրողական նայեց:

– Անհնարին է: Հնարավոր լիներ՝ մենակ կգնայի, – ջերմ գոհունակությամբ ասացի ես: – Դե, գնացինք:

Ես թևանցուկ արեցի Ռենային և համարյա ուժով տարա դեպի տաքսիների կանգառ:


* * * * *


Ռաուֆ Ալիևիչը մեզ դիմավորեց հարգալիր ու հոժարակամ ժպիտով, ասաց, որ իր պրակտիկայում այդպիսի բան չի եղել, այսինքն եղել է, բայց դե որ մեզ նման հարգարժան մարդիկ թողնեն ու առանց վճարելու հեռանան՝ չէ, էդպիսի բան չի եղել, ինքը նման դեպք չի հիշում:

Մենք «Արևելյան» դահլիճ չգնացինք, նստեցինք «Հայելազարդ» դահլիճում, լուսամուտի մոտ: Ռենան այդպես ցանկացավ: Բեմահարթակի վրա, աթոռին սաքսոֆոն էր դրված, մի ուրիշ աթոռի՝ շեփոր ու թմբուկ, պատյանով կոնտրաբասը կանգնած էր պատի տակ. երաժիշտներն արդեն եկել էին և բեմահարթակի առջև հավաքված զրուցում էին, մերթ ընդ մերթ նայելով հաճախորդների կողմը:

Ռենայի համար կիսաքաղցր շամպայն պատվիրեցի, ինձ համար՝ կոնյակ: Մատուցողուհին փոքր-ինչ գունատ, նիհարավուն, սակայն գրավիչ դեմքով ռուս աղջիկ էր, և մեր պատվերները կատարում էր ընդգծված պատրաստակամությամբ, ասես դա մի առանձնահատուկ հաճույք էր պատճառում նրան:

Բարի առջև, կանգնակի բարձր աթոռներին թառած, երկու աղջիկ՝ մինչև գոտկատեղ հասնող երկար ոտքերով, տոնիկով ու կիտրոնով ջին էին խմում գունավոր ծեղաձողիկներով, գնահատող հայացքներով երբեմնակի նայելով տղամարդկանց:

Հաճելի մթնոլորտ էր, մեղմիկ երաժշտություն: Ինձ դուր էր գալիս, որ բոլորը, կից սեղաններից, ուշադրություն էին դարձնում մեզ վրա: Մենք զրուցում էինք, մեկ ես էի ինչ-որ պատմություն անում, մեկ՝ Ռենան, և ես հետզհետե զգում էի, որ նրա մոտիկ ներկայությունը խենթացնում է ինձ: Ռենան ուշադիր լսում էր ինձ, երբեմն ժպտում, ծիծաղում էր: Եվ, ի զարմանս ինձ, դիմակայած պատի երկայն հայելու մեջ ես հանկարծ տեսա Արմենին. սիգարետը բերանին, անհոգ՝ նա դանդաղ բարձրանում էր երկրորդ հարկ: Ես մտածեցի, որ այն օրը, ամենայն հավանականությամբ, չէր կարողացել վճարել և հիմա եկել է վճարելու: Շրջվելով ետ, ես ձեռքով արեցի. նա մեզ չէր տեսնում, կոկտեյլ խմող աղջիկները կարծես թե ծանոթ էին նրան, նույնիսկ տեսա՝ նա ժպտաց նրանց, սակայն, հանկարծակի տեսնելով մեզ, կանգ առավ՝ տարակուսալի հայացքով նայելով մեր կողմը, հետո ժպիտ սարքեց դեմքին, մոտեցավ:

– Իյա¯… Բարև ձեզ, ես էլ առավոտվանից զանգում եմ, զանգում՝ պատասխան չկա, ահա թե որտեղ եք: Էս ի՞նչ եք խմում՝ կոնյակ, շամպայն, օղի չկա՞, – նստելով սեղանի մոտ, ազատ բազկաթոռում, հարցրեց նա և նայելով Ռենային, չմոռացավ հաճոյախոսություն անել, – իսկ Ռենան, ինչպես միշտ, սքանչելի է: Նոր անեկդոտ. փողոցով մի աղջիկ է անցնում, նկատում է, որ մի տղա շարունակ հետևում է իրեն: Բավական երկար քայլելուց հետո աղջիկը հանկարծ շրջվում, ասում է. «Լսիր, ինչո՞ւ ես անընդհատ հետևում ինձ»: «Հիմա՝ երբ շրջվեցիք, – ասում է տղան, – անկեղծ ասած, ինքս էլ եմ զարմանում»:

Մենք ծիծաղեցինք, ես կանչեցի մատուցողուհուն, նա օղի բերեց: Ես, իհարկե, չհավատացի, որ նա, իբր, զանգել է ինձ, զանգեր եղել էին, բայց, ոչ, նա չէր զանգել: Այդ մասին ոչինչ չասացի նրան, չասացի նաև ռեստորանային պատմության մասին, Ռաուֆ Ալիևիչին, որն ինչ-որ առիթով մոտեցել էր մեզ, նույնպես հասկացրի՝ ոչինչ չասել, և նա գլխով համաձայնության նշան արեց: Արմենը վերջում տարօրինակ կենաց առաջարկեց.

– Թող բացվող օրը խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – ասաց նա, հետո ինչ-որ բան հիշեց, ավելացրեց մտահոգ, – Վրաստանի կողմերից ադրբեջանցի մի ընկեր ունեմ, չէ, ինչ ընկեր, նոր եմ պատահաբար ծանոթացել, գողական աշխարհի հետ կապ ունի, ձեր կենտկոմի քարտուղար Հասան Հասանովի մոտ բարեկամներից է, ասում է, խոսք կա, որ ինչ-ինչ նպատակների համար քրեական կալանավորներին բաց են թողնելու բանտերից… Ամեն ինչ ինձ չի ասում, բայց տեսնում, զգում եմ, որ ինչ-որ վատ բաներ կարող են կատարվել: Ամեն շաբաթ-կիրակի ֆիլհարմոնիայի շենքում գաղտնի խորհրդակցություններ են տեղի ունենում այդ նույն Հասանովի գլխավորությամբ… Թող բացվող օրն, այո, խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – կրկնեց նա նույն մտահոգ տեսքով, – թող մարդը բնավեր չդառնա, ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար: – Նա նայեց ժամացույցին, և, ելնելով տեղից, ավելացրեց, – կներեք, 26 կոմիսարների մետրոյի մոտ ինձ սպասող կա, մի տասը-տասնհինգ րոպեից կգամ:

Իրոք, տարօրինակ կենաց էր Արմենի կենացը: Ճիշտ է, մենք իսկույն մոռացանք այն, համարելով սովորական խոսակցություն, բայց հետագայում ես հաճախակի էի մտաբերում Արմենի այդ չարագուշակ խոսքերը: Նրա գնալուց հետո ես նկատեցի, որ կոկտեյլ խմող աղջիկները նույնպես չկան: Կոկտեյլի երկարուկ կիսատ բաժակները՝ ծեղաձողիկները մեջը, դրված էին կանգնակին:

Ռենայի հետ պարեցինք մի քանի անգամ, հաճելի էր նրա երկչոտությունը, շփոթմունքը, նրա մազերի խտուտը իմ կզակին, մարմնի փխրուն ջերմությունը ափերիս տակ, թեթև պարաքայլը, նրա բերկրանքն ու լուսաշող թեք նայվածքը, արծաթահունչ ձայնը, որ ոչ ոք չունի արար աշխարհում, շարժումների ու ձևերի վայելչությունն ու այն, որ ճակատին ընկնող ոսկեգանգուր մազափունջը փչելով՝ մտերմիկ հայացքով նայում էր ինձ:

Իսկ Արմենն այդպես էլ չեկավ: Մենք սպասեցինք տասը-տասնհինգ րոպեն, որի մասին ասել էր. անցավ մեկ ժամ, երկու ժամ, իսկ նա այդպես էլ չեկավ:

– Չեկավ, – ասացի ես նրա մասին՝ մի անգամ ևս նայելով պատաջահերով լուսավորված հայելուն, որն արտացոլում էր գրանիտե սանդղաշարը՝ վերևից մինչև առաջին հարկ:

Ռենան ակնդետ նայեց ինձ, ըստ երևույթին, իմ ձայնի մեջ ափսոսանքի նշույլ չկար, և նա դա նկատեց:

– Իսկ դու ուզո՞ւմ ես, որ նա վերադառնա:

– Ոչ, – ասացի ես:

– Ինչո՞ւ:

– Իսկ դո՞ւ, – նույնպես եզակի դեմքով՝ հարցին հարցով պատասխանեցի ես:

Ռենան տարուբերեց գլուխը, ձեռքի սովոր շարժումով ճակատից ետ տանելով մազափունջը: Նա ժպտաց, ուշացումով ասաց.

– Ոչ:

– Ինչո՞ւ, – հարցրի ես, ակամա ձեռքս դնելով նրա ձեռքին:

Ռենան ձեռքը հետ չքաշեց:

– Որովհետև դու չես ուզում դա, – նա ինքնագոհ ժպիտով նայեց ինձ:

Ես մատներով գուրգուրում, փաղաքշում էի նրա մատները, և նա դարձյալ ետ չեր քաշում ձեռքը, հետո նրա ձեռքն իմ ափի մեջ շրջվեց, և մեր մատները խառնվեցին: Հուզմունքն ալիքվեց իմ ներսում, սիրտս տագնապահար թպրտաց, լցվեց անհուն սիրով ու խանդաղատանքով: Սիրունիկ մատնակոճերով նրա երկար նուրբ մատները ես հպեցի շուրթերիս:

– Ռենա, – սրտի նվաղումով ու հուզահամակ շշնջացի ես, – ես ուզում եմ հավատաս, որ այսօր ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենաերջանիկ օրն է իմ կյանքում: Ասա, դու հավատո՞ւմ ես, որ դա այդպես է:

– Հավատում եմ, – ասաց նա, և նրա շուրթերը հրաբորբ էին: – Ես ուզում եմ, – շարունակեց Ռենան, նրա ձայնը դողաց, – ուզում եմ, որ դա լինի առաջին օրը և որ այդպիսին լինի նաև հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը: Իսկ հիմա գնանք: Ուշ է արդեն:

Սքանչելի երեկոյի համար ես շնորհակալություն հայտնեցի մատուցողուհուն, չմոռանալով մի կարմիր թղթադրամ էլ աննկատ սահեցնել նրա գրպանը, վճարեցի նաև երեկ չէ մյուս օրվա համար, և մենք Ռենայի հետ իջանք առաջին հարկ: Ծաղկավաճառից մեկ առ մեկ խնամքով ընտրելով՝ հոլանդական տասնինը ճերմակ վարդ գնեցի՝ մեկը մյուսից գեղեցիկ, երկար ցողուններով, և նվիրեցի Ռենային, որի համար նա անչափ շնորհակալ եղավ: Հուզմունքից շփոթված՝ նա տաքուկ շուրթերը հպեց այտիս, որից մի պահ մնացի գամված տեղում:

Ռենան դարձյալ չուզեց, որպեսզի իրեն տաքսիով ուղեկցեմ տուն: Բաժանվեցինք մետրոյի մոտ, վերջին պահին, ճերմակ վարդերը սեղմած կրծքին, կամացուկ ասաց.

– Լեո, ես ուզում եմ հավատաս, որ այս օրը ինձ համար ևս կմնա որպես անչափ երջանիկ և անմոռաց օր:

Մետրոյի նախասրահում Ռենան այլևս չէր երևում, բայց ես դեռևս կանգնած էի՝ ասես անկարող շարժվելու. նա իր արբեցնող էությամբ ասես դեռ իմ կողքին էր, և ես զգում էի նրա տաք շունչը, նրա թովիչ ձայնը, նրա զգլխիչ բույրը, նրա փափուկ մազերի հպանցիկ շոյանքն իմ դեմքին…


* * * * *


Պլանավորումից ես դուրս եկա անտրամադիր: Գործուղման գնալ բոլորովին չէի ուզում, բայց և գլխավոր խմբագրի խնդրանքը մերժել նույնպես չկարողացա. հո չէի՞ ասելու, թե պատանյակի պես խելքը թռցնելու աստիճան սիրահարված եմ, հասկացեք, և սիրտս շատ է ուզում, որ մնամ այստեղ, քաղաքում, մի անգամ ևս հանդիպեմ նրան, ախր, չեք պատկերացնում, թե ինչքան սիրուն ու լավիկն է նա, արար աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան նրա լուսապայծառ դեմքը և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան ինձ համար այնքան սիրելի նրա ձայնի ամեն մի հնչյունը, իսկ Միր-Բաշիրի շրջան, այդ հեռավոր ու մենավոր հայկական Բեգում-Սարով տարօրինակ անունով գյուղ, ուր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան է կանգնեցվել և գյուղի ղեկավարությունը զանգել, խնդրում է հեռուստատեսությամբ հաղորդում տալ հուշարձանի բացման արարողության մասին, թող մեկ ուրիշը գնա:

Տասը րոպեական հաղորդում, և մենք չորս հոգով՝ խմբագիր, ռեժիսոր, օպերատոր ու հաղորդավար, երեքհարյուր կիլոմետր ճանապարհ պետք է կտրենք, իսկ ճանապարհը, ընդհուպ մինչև Քուռ գետը, անցնում է չոր, դժնատես ու մեռյալ տափաստանով. ո՛չ ծառ, ո՛չ բուսականություն՝ ձանձրացնող միապաղաղությամբ ձգվող ասֆալտապատ մի ճանապարհ՝ համատարած ամայության թագավորությունում:

Քուռ գետից այն կողմ միայն բուսականություն կար: Բամբակի անծայրածիր դաշտերում կանայք էին աշխատում: Ճանապարհի երկարությամբ, այս ու այն տեղ, բացօթյա խորտկարաններում տղամարդիկ նարդի էին խաղում կամ թեյ խմում՝ ալարկոտ նայելով ճանապարհով անցուդարձող մեքենաներին:

Տափաստանային էր և Բեգում-Սարով գյուղը, բայց այն կորած էր ծառ ու ծաղկի մեջ՝ իսկական մի դրախտ՝ անծայրածիր տարածության մեջ:

– Շենք ու շնորքիդ մեռնեմ, հայ, – հոգնած ոտքերը մեքենայից դուրս քաշելով՝ ասաց օպերատոր Բենիկը: – Որտեղ ոտք ես դնում՝ չոր հողը ծաղկում է: Առաջ Մարտակերտի շրջանին էր պատկանում այս գյուղը, – ասաց նա, – հետո վերցրել, կցել են ադրբեջանական Միր-Բաշիրի շրջանին: Հինգ թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ, լրիվ ավերվել էր, հիմա, տե՛ս, ինչ ծաղկուն գյուղ են դարձրել նորից: Բա էլ ի¯նչ հայ, որ չծաղեկեցնի չոր հողը…

Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ չասաց, իսկ զանգել՝ առանց նրա համաձայնության՝ հարմա՞ր է արդյոք:

Գլխավոր խմբագրի հետ քիչ զրուցեցինք, նա նոր անեկդոտ պատմեց մեկի մասին, որը, անսպասելի վերադառնալով հեռավոր գործուղումից, մտնում է տուն ու տեսնում՝ մահճակալին օտար մի տղամարդ: Նայելով վերմակի տակից դուրս մնացած նրա ոտքերին, հարցնում է՝ «Սա ո՞վ է»: «Ո՞վ է, ո՞վ է, – վրա է տալիս կինը: – Որ էնքան ասում էի՝ մուշտակ առ ինձ համար, առա՞ր: Ինքն առավ: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ ծովափ տանես ինձ: Իսկ ինքը տարել է: Բա ամառանո՞ցը: Մեքենա՞ն: Դու, ի՞նչ է, կարծում ես երկնքի՞ց է ընկել էդ բոլորը: Հիմի էլ ուզում է փող տա, որ նոր բնակարան առնենք»: «Որ էդպես է, – ասում է ամուսինը, – ոտքերը ծածկիր, թէ չէ՝ կմրսի»:

Ես ծիծաղելով ելա տեղից, ուզում էի դուրս գալ, գլխավորը հարցրեց.

– Սուրճ չե՞ս խմի:

– Կխմեմ, – ասացի, կրկին նստելով բազմոցին:

Գլխավորը սեղմեց սելեկտորի կոճակը, ասաց.

– Արինա, սուրճ չե՞ս պատրաստի Լեոյի համար:

– Մեծավ ուրախությամբ, – արձագանքեց Արինան, և ես ձայնի մեջ զգացի նրա անթաքույց հրճվանքը:

Գլխավորը նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց:

Քիչ անց Ժան Լիոտարի «Շոկոլադ բաժանող աղջիկը» կտավի գեղեցկուհու պես սկուտեղը բռնած՝ հանդիսավորությամբ ներս մտավ Արինան՝ ծիծաղկուն նայվածքով ողջունելով ինձ:

Ես պատասխանեցի նրա ողջույնին, ասացի.

– Արինա, վերջին մի երկու օրվա թերթերը բեր, խնդրում եմ:

Սուրճը հաճելի էր, բավականությամբ խմեցի, բարձրացա տեղից:

– Շնորհակալություն, հոգնածությունս անցավ:

– Լեոնիդ Հուրունցն այստեղ է, տեսա՞ր: Լորաննայի մոտ նստած, զրուցում են: Նա առաջ այստեղ՝ ռուսական խմբագրությունում էր աշխատում:

– Ոչ, չեմ տեսել:

Խմբագրության՝ միջանցքի վրա բացվող դռներին նայելով՝ գնացի դեպի իմ առանձնասենյակը: Սենյակում շոգ էր, փողկապիս հանգույցը թուլացրի, միացրի օդորակիչը: Նստեցի սեղանի մոտ, աչքիս տակով նայելով հեռախոսին: Ոչ, չեմ զանգի, վերջնականապես որոշեցի ես:

– Նորից բարև, – ներս մտնելով ասաց Արինան, թերթերը դնելով իմ առջև, սեղանին: – Ինչո՞ւ ուշացար, մեռանք սպասելով, – ավելացրեց նա, նստելով իմ դիմաց մշտական իր կեցվածքով՝ բերանը կիսաբաց, արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ այտին, Կանովայի քանդակների կանանց հազիվ նշմարելի հարցական ժպիտը շուրթերի անկյուններում:

– Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ ներել քեզ, թե ոչ:

– Ի՞նձ, – ձեռքը դնելով կրծքին, քթիկը ժնգռնած հարցրեց նա:

– Այո, – կատակախառն տոնով ասացի ես և հանկարծակի հիշեցի. Ավիկ Իսահակյանի մասին ես միայն իրեն՝ Արինային էի պատմել, սպասիր, ի՞նչ առիթով էր, հա՛, Բերիայի մասին խոսք եղավ, և ես ասացի, որ համալսարանում Ավիկ Իսահակյանը մեզ դասախոսում էր, և որ նա ամուսնացած էր Բերիայի թոռնուհու հետ, որը միաժամանակ Մաքսիմ Գորկու ծոռնուհին էր:

Պարզ է, Արինան այդ մասին պատմել է Արմենին, և նա՝ խորամանկը, կառչել էր դրանից, զանգել ինձ:

– Ինչի՞ համար, – հարցրեց նա, ստորին շրրթունքն ատամի տակ սեղմած, ուշադիր նայելով ինձ:

– Ավիկ Իսահակյանի մասին որևէ բա՞ն ես պատմել Արմենին:

– Կարծեմ… այո, նա գլխավորի մոտ էր, դուրս եկավ, հետաքրքրվում էր, քո մասին հարցրեց… Հա… Ավիկ Իսահակյանի մասին պատմեցի, նա այդ մասին ոնց որ թե չգիտեր… իսկ ի՞նչ է պատահել:

Ես Արինային կարճ պատմեցի ռեստորանի մասին, հարցրի.

– Իմ բացակայության ժամանակ Արմենը չի՞ երևացել այստեղ:

– Ոչ… – Արինան լայն բացված աչքերով նայում էր ինձ: – Ի¯նչ կեղտոտն է… Կարգին մարդու տեղ էինք դրել… Լեո, ներիր, խնդրում եմ, մեղավոր եմ…

– Դե լավ, գլուխը քարը: – Ներքուստ հաճելի էր զգալ նրա անաղարտ մաքրությունը, բայց նրա երազկոտ ու դյուրահույզ հոգու հետ խաղալը նույնպես հաճույք էր պատճառում: – Մտածում էի՝ գուցե իրար հետ պայմանավորված եք արել, բայց տեսնում եմ, որ չէ…

– Տեսնո¯ւմ եմ, որ չէ… Լեո, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում, – տեղից փութկոտ վեր թռչելով շառագունած ասաց նա՝ անարդարացի մեղադրված մանկան հուզիչ անկեղծությամբ: – Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում:

– Դե լավ, նստիր, կատակ էր, – ծիծաղեցի ես: – Դու կատակ ասած բանը հասկանո՞ւմ ես: Նստիր, գլխավորը մի լավ անեկդոտ պատմեց, նստիր պատմեմ:

– Նստիր պատմեմ… – դեռևս նեղացած, երեխայի պես շուրթերն ուռցրած, ասաց Արինան, կրկին նստելով իմ դիմաց:

– Դասախոսը հարցնում է ուսանողուհուն. «Ձեր ազգանո՞ւնը»: «Դարբինյան», – պատասխանում է ուսանողուհին ու ժպտում: «Իսկ ինչո՞ւ եք ժպտում», – զարմանում է դասախոսը: «Գոհ եմ, որ ձեր առաջին հարցին ճիշտ պատասխանեցի», – ասում է ուսանողուհին:

– Գլխավորն այդպիսի բան չի պատմել, – արդեն ժպտալով պատասխանեց Արինան: – Դա դու հնարեցիր: Ոչինչ, սրամիտ է: Բայց կուզենայի ասել քեզ, որ ես ինստիտուտը գերազանց գնահատականներով եմ ավարտել…

– Դե, իհարկե, այլապես ինչո՞ւ պիտի ոսկե մեդալ տային:

– Մեդա¯լ տային… և չես էլ ամաչում, – աչքերը կկոցած՝ մտերմական տոնով նախահարձակ եղավ Արինան, – էն մեծ մարդուն ինչո՞ւ էիր ձեռ առել՝ «Գուցե ոչ թե ինստիտուտ, այլ համալսարա՞ն», – բերանը ծռմռելով տնազեց Արինան: – Նա էլ եկել տանը ոգևորված պատմում, հպարտանում էր, որ այդպիսի սրտացավ բարեկամ ունի: Ի միջի այլոց, նա ուզում էր գալ քեզ մոտ:

– Ինչո՞ւ: Կարո՞ղ է, փոշմանել է, ուզում է, որպեսզի ազատենք քեզ աշխատանքից:

– Ընդհակառակը, – ծիծաղեց Արինան: – Ուզում է, որ հարսներից մեկին էլ տեղավորես աշխատանքի:

– Սպասիր՝ գրիչ վերցնեմ, բոլորդ միասին քանի՞ հարս եք:

– Մի վախեցիր՝ ընդամենը երեք, – կրկին ծիծաղեց Արինան: – Միջնեկ տագրս, ինչ էլ ուզում է լինի, չի թողնի, որ կինն աշխատի, սաստիկ խանդում է:

– Ուրեմն, մնաց մեկը: Ես շատ ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես… – Արինան ծիծաղեց, թափահարեց գլուխը, – լսիր, ես ուրախ եմ, դու ուրախ ես, նա ուրախ է, վա¯յ աստված, սրանք իմ գլուխն ուտելու են: «Մոզգս» արդեն շարժվեց: Մի խոսքով, մնում է մեծ տագրոջս կինը՝ Սիլվան:

– Սիրո՞ւն է:

– Սիրո՞ւն է… Քե՞զ ինչ՝ սիրուն է, թե չէ:

– Լսիր, չպիտի՞ իմանամ՝ ում եմ երաշխավորում:

– Նրանց սիրո՞ւն է պետք, թե մասնագետ:

– Սիրուն մասնագետ:

– Սիրուն մասնագետ… լեզուդ չլիներ՝ քաջքերը քեզ վաղուց տարած կլինեին:

– Քաջքերը տարած լինեին՝ ձեզ ո՞վ պիտի աշխատանքի տեղավորեր: Ի՞նչ մասնագիտություն ունի: Անուն, ազգանուն: Տարիքը:

– Տարիքը… դրանից էլ սկսեիր, – բարկացավ Արինան: – Տնտեսագիտականն է ավարտել:

– Տառերը գիտի՞:

Հոնքը կեռած՝ աչքի տակով նայեց, ծիծաղեց.

– Ի՞նչ տառեր:

– Շարունակիր, ազգանուն, անուն:

– Մեր ազգանունը նույնն է՝ Դարբինյան: Դարբինյան Սիլվա, քսաներեք տարեկան: Հոկտեմբերին լրանում է քսաներեքը: Ուրի՞շ:

– Կոմիտեի հաշվապահությունում ազատ տեղ կա: Գլխավոր հաշվապահը՝ Սեիդոզաևան, կարծում եմ, չի մերժի: Զանգե՞մ:

– Չէ, պետք չէ, – առարկեց Արինան, – սպասիր Սիլվայի հետ խոսեմ՝ նոր: Վաղը կասեմ: Սա ի՞նչ ծոցատետր է, – լայնածավալ սեղանի անկյունում, թղթապանակների արանքում ընկած սևակազմ ծոցատետրը վերցնելով՝ ասաց Արինան, հարցական նայելով ինձ:

– Երևի Արմենն է մոռացել: Վերցրու, երևաց՝ կտաս իրեն:

Արինան ելավ տեղից:

– Նախկինն այնտեղ նստած ինձ է սպասում, գնամ: Էդ հուշերով նա իմ հոգին հանելու է, հաստատ բան եմ ասում: – Դռան մոտ նա շրջվեց, հենց այնպես, ի միջի այլոց, ասաց,– էն աղջիկն էր եկել:

– Ի՞նչ աղջիկ, – իբր անտարբեր, բայց սրտահույզ բերկրանքով հարցրի ես, ներըմբռնումով զգալով, որ Ռենայի մասին է խոսքը:

– Ի¯նչ աղջիկ… չգիտեմ, – նետեց Արինան ուշադիր նայելով ինձ: – Էն որ Արմենի հետ եկել էր: Քեզ էր հարցնում:

– Ի՞նձ, – դարձյալ սրտահույզ բերկրանքով ու դարձյալ անտարբեր ձևանալով հարցրի ես:

– Ի¯նձ… Այո:

Նույն քննախույզ նայվածքը: Արինան դանդաղ ծածկեց դուռը, և ես հասկացա, որ չի գնում, կանգնած է միջանցքում: Հետո բացվեց ու փակվեց ընդհանուր սենյակի դուռը: Քիչ անց Արինայի փոքրիկ սենյակում խուլ չխչխկաց գրամեքենան:

Ես համարյա ցատկեցի տեղից, բանալին պտտեցի կողպեքի մեջ, փակեցի դուռը: Մտածում էի, եթե խոսափողը Ռենան չվերցրեց, չեմ խոսի: Հավաքեցի հեռախոսահամարը՝ 9, 2, 6, 9, 9, պտտեցի վերջին թիվը՝ 8, մի փոքր պահեցի ու բաց թողեցի: Սկավառակը մանրիկ աղմուկով վերադարձավ իր տեղը:

– Ալլո՞:

Ռենան էր:

– Բարև, Ռենա, – հուզմունքից դողացող ձայնով ասացի ես:

– Ողջույն, Լեո: Ես երկու անգամ եկա քեզ մոտ, խմբագրություն, դու տեղում չէիր:

– Ես անսպասելի գնացի գործուղման, – մի տեսակ արդարանալով բացատրեցի ես, – և ամբողջ ճանապարհին ու այնտեղ շարունակ մտածում էի քո մասին:

– Շնորհակալ եմ: – Նույնիսկ հեռախոսով ասես զգացվում էր նրա ամոթխած ժպիտն այդ պահին: – Հաճելի է լսել: Երկուշաբթի օրը ոչ մի տեղ չե՞ս մեկնում:

– Ոչ, – արագ ասացի ես:

– Երկուշաբթի պարապմունքներից հետո կանցնեմ: Սպասիր ինձ, լա՞վ:

– Իհարկե:

Սակայն Ռենան չդրեց խոսափողը:

– Գիտե՞ս, քո վարդերը չեն թառամել դեռ, – ասաց նա: – Կոկոնները լրիվ բացվել են և սենյակս լցված է բուրմունքով: – Նա մի կիսավայրկյան լռեց, ասաց, – նրանք շարունակ հիշեցնում են ինձ քո մասին:

– Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում, – ասացի ես, – մարդիկ հանդիպում են իրար առանց գիտենալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը:

– Այո, երևի այդպես է, – արձագանքեց Ռենան: – Իսկ ի՞նչ է սպասում նրանց հարյուրավոր ճանապարհների այդ անհայտ խաչմերուկից հետո՝ նույնպես անկարելի է գիտենալ:

– Դու ինձ դուր ես գալիս, Ռենա, շա¯տ, – դարձյալ հուզված ասացի ես: – Երկուշաբթի ես ամբողջ օրը կսպասեմ քեզ:

– Ցտեսություն, – ծիծաղեց նա, սակայն դարձյալ չդրեց խոսափողը: – Դու նույնպես համակրելի ես ինձ: Երկուշաբթի կգամ, ցտեսություն:

– Ցավդ տանեմ, – սրտի անդիմադրելի մղումով ասացի ես, և իմ ձայնը թրթռաց:

– Սավետ տանեմ: Դա ի՞նչ է նշանակում:

– Ոչ թե՝ սավետ տանեմ: Այլ՝ ցավդ տանեմ:

– Ցավեդ տանե՞մ:

– Ոչ, ցավըդ տանեմ:

– Ցավե՞դ տանեմ:

– Ոչ, ոչ, ցավըդ տանեմ:

– Դա ինչպե՞ս է թարգմանվում:

– Ռուսերեն բառացի՝ որպեսզի ես ինձ վրա վերցնեմ քո ցավը:

– Ա¯… աղրըն ալըմ, – քնքշահույզ արտաբերեց Ռենան: – Կամ իմաստով իրար մոտ՝ դարդըն ալըմ, գադան ալըմ, ադրբեջաներեն ավելի ճիշտ և լավ է հնչում, քան ռուսերեն: Ցավեդ տանեմ: Ցտեսություն, – նա ծիծաղեց, ցած դրեց հեռախոսը:

Անկանոն բաբախող սրտով ես որոշ ժամանակ քայլեցի առանձնասենյակում՝ չիմանալով անելիքս: Սիրտս չեր դիմանում, ուզում էի ինչ-որ մեկին պատմել, ասել, որ երկուշաբթի Ռենան կգա ինձ մոտ և որ ամբողջ օրը ես անհամբեր ու կարոտով կսպասեմ նրան: Բայց և գիտեի, որ երբեք ու ոչ ոքի ոչինչ չեմ պատմի նրա մասին:

Հինգերորդ հարկի իմ պատուհանից նայեցի ներքև, ուր մենավոր մի փշատենի, շենքը շրջափակող պատն ի վեր բարձրացել, կախվել էր կենտկոմին նայող փողոցի վրա՝ ճերմակ ծաղկափոշի տարածելով շուրջը: Գույնզգույն թիթեռները ճախրում էին ծաղկափոշու ամպիկների մեջ, իջնում ծաղիկներին: Իմ պատուհանից երևում էր Բաքսովետի մետրոյի հրապարակը՝ իր մարդաշատ անցուդարձով, հին Բաքուն՝ Իչարի Շահարն էր երևում, հրետանու անցքերով հաստաբեստ բարձր բերդապարսպից այն կողմ, արևի տակ փայլող ձյութածածկ տափարակ կտուրներով, քարվանսարայներով, բաղնիքներով, մզկիթներով, մուեձինի՝ նամազի հրավիրող թախծորուն կանչով ու դեպի ծով իջնող սարդոստայնային նեղլիկ փողոցներով, երևում էր և ծովը, ուր խարիսխ նետած նավի վրա անդադար պտտվում էին ճայերը, երբեմն սլացիկ նետվում ջրերի մեջ: Մինչև կենտկոմի նոր շենքի կառուցումը ծովն այստեղից լրիվ երևում էր, իսկ հիմա՝ միայն մի մասը: Գարնանային արևի տակ ջրերը կուրացուցիչ շողում էին, անդրադարձնելով արևի պայծառ ճաճանչները: Երկինքը նույնպես կիսված էր երևում իմ առանձնասենյակից: Կիրովի անվան զբոսայգու բարձունքն իրենով ծածկում էր երկնքի մի մասը և թվում էր Կիրովի հոյակերտ արձանը՝ ձեռքը պարզած առաջ, դեպի ներքևում սփռված քաղաքն ու ծովը, ոչ թե բարձրունքի վրա, այլ բարձր երկնքում էր կանգնած:

Ես դուրս եկա միջանցք և, թեքվելով ձախ, մտա ընդհանուր բաժին:

Լորաննան նստած էր տեղում, նրա դիմաց՝ Լեոնիդ Հուրունցը՝ ցորնագույն ալեխառն մազերը մի կողմի վրա թափած, խնդումերես ու զվարթաբարո մի մարդ:

– Ընկեր Հուրունց, ծանոթացեք, – ներկայացրեց Լորաննան, – մեր գլխավոր խմբագրի տեղակալն է: Ծնողները Ղարաբաղից են, բայց ինքը Սումգայիթում է ծնվել:

Որպես գրողի՝ ես Հուրունցին, իհարկե, գիտեի, կարդացել էի նրա գրքերը, հատկապես «Ղարաբաղյան պոեմ» վեպը՝ տոգորված քնքշանքով, անաղարտ սիրով ու ռոմանտիզմով, բայց իրեն՝ Հուրունցին, տեսնում էի առաջին անգամ:

– Ղարաբաղցի ե՞ս, – նստած տեղից ձեռքը մեկնելով աշխուժորեն ասաց նա: – Ասա ինչի՞ ես հարցնում՝ առանց էն էլ երևում է՝ բոյով, բուսաթով, աստղով: Ղարաբաղցիները բոլորն էլ էդպես են՝ բարձր, գեղեցիկ: Մեր Բագրատ Ուլուբաբյանի ասած՝ սերմացու ժողովուրդ: Ամուսնացա՞ծ ես, – լայն ժպիտը դեմքին, հարցրեց նա:

Տարուբերեցի գլուխս՝ «ոչ»: Հուրունցը մտերմիկ, հարազատորեն նայեց ինձ:

– Քո տարիքում ես արդեն երկու անգամ բաժանվել էի, իսկ դու դեռ չես էլ ամուսնացել:

– Ժամանակ չունի, – խորամանկ ժպտաց Լորաննան:

– Թե՞ ժամանակ չեք տալիս, – ծիծաղեց Հուրունցը: – Մարդ ջահել ժամանակ ապրում է, որպեսզի սիրի: Հասուն տարիքում սիրում է, որպեսզի ապրի… Իմ առաջին կինը Թաթուլ Հուրյանի կնոջ՝ Մանյայի քույրն էր, դե, քանի որ Թաթուլի հետ մոտ ընկերներ էինք ու երկու քրոջ հետ էինք ամուսնացել, որոշեցինք նույն ազգանունը կրել, նա՝ Հուրյան, ես՝ Հուրունց… Էհ, աշխարհում ջահելությունից լավ բան չկա, – շարունակեց նա, – նրանից թանկ էլ ոչինչ չկա: Երբ առկա է ջահելությունը, սոսկ մի երկու չնչին մանրուք է մնում՝ լիարժեք զգալու երջանկության հմայքը: Այնպես որ՝ քանի ջահել եք, ամեն օր ժպտացեք լուսավոր ժպիտով, զվարճալի ինչ-որ բան գտեք կյանքում: Հարկավոր է ժպտալ ու երազել: Ինչպես ասում են՝ գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ, ուր առաջ անառիկ պատ էր: Երբ մարդ դադարում է երազել՝ նա համարյա մեռած է արդեն: Մեր շուրջն ինչքան մարդիկ կան, որ մեռած են, բայց իրենք դա չեն էլ գիտակցում նույնիսկ: Մեծ տարբերություն կա ծերանալու ու մեծանալու մեջ, – ասաց Հուրունցը մի փոքր դադարից հետո: – Եթե դու երեսուն տարեկան ես ու ողջ տարին բազմոցին պառկած ոչինչ չես անում՝ կդառնաս երեսունմեկ: Դժվարին ոչինչ չկա՝ մեր տարիքին մի տարի ևս ավելացնելու մեջ: Այսինքն, դրա համար տաղանդ կամ ձիրք ամենևին պետք չէ: Ձիրքն ու տաղանդը հենց այն է, որ կարողանաս այդ փոփոխման ժամանակ նոր հնարավորություններ ձեռք բերես քեզ համար: Երեք բան կա, որ հետ չեն վերադառնում երբեք՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Հիշեք իմ խոսքն ու մի ափսոսացեք ոչ մի բանում: Մի ափսոսացեք այն, ինչ եղել է երեկ, մի վախեցեք նրանից, ինչ լինելու է վաղը, եղեք երջանիկ նրանով, ինչ կա այսօր: Հասակն առած մարդիկ, սովորաբար, արածի համար չեն ափսոսում, նրանք չարածի համար են տրտմում, այն բանի համար՝ ինչ չի հաջողվել, կամ չեն հասցրել անել անցած ժամանակներում: Հայտնի երգում ոնց է ասվում՝ արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս, չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո¯ս, հազար ափսոս… Այդպես է, – հոգոցով շարունակեց նա: – Աշխարհում իրավ ջահելությունից լավ բան չկա: Իսկապես, նրանից թանկ էլ ոչինչ չկա: Բայց շատ ափսոս, որ կարճ է տևում այն: Ես իմ «Ղարաբաղյան պոեմը» կյանքիս ամենալավ ժամանակաշրջանում՝ ջահել ժամանակ գրեցի: Բայց այդպես էլ ոչ մի ուրախություն չտեսա այդ գրքից, – ավելացրեց նա: – Դառնություն էր, որ ճաշակում էի: Ադրբեջանում ազգայնամոլության կատաղի վերելքի մթնոլորտ էր, անհուսալիության զանազան պիտակներով անվանի հայերին քշում էին Բաքվից ու հանրապետության մյուս վայրերից՝ գրավելով նրանց պաշտոններն ու տիրելով հարմարավետ բնակարաններին, քշում էին Ղազախստանի հյուսիսային կողմերը կամ էլ ուղիղ Սիբիր: Միրզա Իբրահիմովը, որ այն ժամանակ արվեստի գլխավոր վարչության պետն էր, հետո Գերագույն խորհրդի նախագահության նախագահ դարձավ, մյուսները, սա էլ նրանց հետ միացած, – գլխով նախկինի կողմը ցույց տալով շարունակեց Հուրունցը, – թափվեցին վրաս, և եթե ես աքսորից խույս տվի ու մնացի ողջ, ապա միայն պատահականության շնորհիվ:

Սաղումյանը հեռվից լուռ լսում էր, համաձայնորեն շարժելով գլուխը: Նա, հավանաբար, տեղյակ էր այդ իրադարձություններին, հիշում էր:

– Լավ, իսկ ինչի՞ մեջ էին մեղադրում, – հետաքրքրվեց Լորաննան: – Հակապետական բա՞ն կար գրքում:

– Չէ հա, – զարմացավ Հուրունցը: – Ի՞նչ հակապետական բան: Վերնագիրն էր կատաղացրել: Սամեդ Վուրղունն այդ ժամանակ գրողների միության նախագահն էր, այդպես էլ ասաց. «Դու ինչո՞ւ հատկապես Ղարաբաղն ես վեպի նյութ դարձրել, ինչ է, ուրիշ տեղեր չկա՞ն: Գլուխդ ես գցել՝ Ղարաբաղ հա՛ Ղարաբաղ: Դու էդ խելառ պառավի՝ Մարիետա Շահինյանի հետքերո՞վ ես, հա, գնում, որ «Օգոնյոկում» գրել է, թե, իբր, Ղարաբաղը պատմական Հայաստանի տասներորդ նահանգն է: Նավ ես նստել ու նավապետի հետ կռիվ ես սարքում: Թե Բաքվում վատ ես ապրում, կարող եմ քեզ համար լավ տեղ գտնել», – ասաց ու գլխով ցույց տվեց ներքին գործերի մինիստրության շենքը, որ գրողների միության դիմացն էր, հրապարակի մյուս կողմում, այժմյան Շահումյան պողոտայի վրա:

– Հիմա էլ այնտեղ է, – ավելացրեց Սաղումյանը:

– Այո, – համաձայնեց Հուրունցը, – հիմա էլ այնտեղ է, իր ներքին բանտով-բանով: Չէ, ուրախություն չբերեց առաջին գիրքս: Գրողների միության մյուս ղեկավարն էլ Մեհթի Հյուսեյնն էր, որը միաժամանակ ադրբեջանական գրական ամսագրի խմբագիրն էր: Մի անգամ նա մտավ ռուսական ամսագրի խմբագրություն, այդ պահին ես էլ այդտեղ էի: Յուրի Գրանինի և Իոսիֆ Օրատովսկու հետ նստած զրուցում էինք, երբ ներս մտավ: «Ընկեր գրողներ, – նրանց կողմը դառնալով ասաց նա, – մասնավորապես, Գրանին և Օրատովսկի, բարև ձեզ»: Դա, իհարկե, վիրավորական էր: «Ընկեր Մեհթի Հյուսեյն, ասացի ես, իսկ ինչ է, ես գրո՞ղ չեմ»: Նա թե՝ «Դու գրող չես… Դու ծառի ճյուղին նստած՝ ճյուղը տակից կտրող դաշնակ ես»: «Իսկ դու տիպիկ մուսավաթական ես», – պատասխանեցի ես: Վեճ, փոխադարձ վիրավորանքներ: Եվ այդ ամենը «Ղարաբաղյան պոեմի» պատճառով, որը նրանցից և ոչ մեկը չէր կարդացել՝ բացի վերնագրից, իհարկե: Ինչպես որ հիմա ոչ ոք չի կարդացել Զորի Բալայանի «Օջախը», բայց ի¯նչ աղմուկ-աղաղակ են բարձրացրել ամբողջ երկրով մեկ: Մի խոսքով, ես վերցրի ու այդ ամենի մասին գրեցի կենտկոմ՝ Միր-Ջաֆար Բագիրովին: Գիշերը Բագիրովը զանգում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Տիգրան Գրիգորյանին, պահանջում գիրքը, իսկ հաջորդ օրը կարգադրում է դրվատական հոդված տպագրել «Բակինսկի Ռաբոչի» թերթում: Դուք մի տեսնեիք, թե ո¯նց էին քծնում, շողոքորթելով ներողություն խնդրում իմ երեկվա հակառակորդները: Բայց, դե, այդ լավությունը հեռահար նպատակ ուներ, շուտով մեծ կռիվ սկսվեց Մարիետա Շահինյանի դեմ, ինձ հրավիրեցին կենտկոմ, որ իմ ստորագրությունը դնեմ Շահինյանին ջարդուփշուր անող պատրաստի հոդվածի տակ: Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ նա ինձ համար հոգևոր մոր տեղ է գալիս, իմ գրական ձիրքի մասին առաջին խոսքը նա է ասել: «Գնա մտածիր, ասացին, կկանչենք»: Բայց չկանչեցին: Ասում են՝ շները կռվեցին՝ մուրացկանի բախտը բերեց: Գրող Մարգար Դավթյանը՝ մի անզուգական, շատ սիրելի անձնավորություն, Գերագույն խորհրդի դեպուտատ էր, կարգ էր՝ Բաքվի հայ մտավորականներից մի դեպուտատ էին ընտրում: Առաջ դերասանուհի Ժասմենն էր, քառասունիննին՝ թատրոնը փակվելուց հետո՝ Դավթյանը: Լավ առիթ էր, ձեր այս նախկինն օգտագործեց դա: Գնաց կենտկոմ ու Մարգար Դավթյանի թեկնածությունը տվեց, արձակագիր է, ասաց, պատմությունն էլ լավ գիտի: Փորձված աղվես էր, շատ լավ հասկանում էր, որ այդ ստորագրությունը կկործանի Մարգարին, և ինքը «Գրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր ու դեպուտատ կդառնա: Այդպես էլ եղավ: Հանրապետության բոլոր թերթերը՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հրապարակեցին այդ հոդվածը՝ Մարգար Դավթյանի և Տիգրան Գրիգորյանի ստորագրությամբ: Տիգրանի համար դա նշանակություն չուներ, նա մարզկոմի քարտուղար եղած ժամանակից դրան սովոր էր, բայց Մարգարին այդ ստորագրությունը բարոյապես սպանեց: Դա երեսուն տարի առաջ էր, և ահա երեսուն տարի ձեր նախկին գլխավորն անբաժան է իր դեպուտատական կրծքանշանից:

– Բա ո¯նց, – արձագանքեց Սաղումյանը, – արյան գնով նվաճել է, հո ձեռքից չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ*:

– Ա՛յ Հարություն, – դիմելով Սաղումյանին՝ մտամոլոր ասաց Հուրունցը: – Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝ Գևորգ Աթաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի

Հուդան Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աթաջանյանն իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև ընդունված չէ մեռած մարդկանց մասին վատ խոսել, Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանի հետ միասին, հյուր են կանչում և սեղանի շուրջ եղած ամբողջ խոսակցությունը թաքուն ձայնագրելով հանձնում են ԿԳԲ-ին: Դա այն ժամանակ էր, երբ ղարաբաղցիները հերթական անգամ հարց էին բարձրացրել՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին: Բոլոր շրջաններում, գյուղերում ստորագրություններ էին հավաքվել: Քառասունհինգ հազար ստորագրություն… Շատ շուտով Ղարաբաղի մի շարք հայտնի մարդիկ սկսեցին ենթարկվել հալածանքների, ոմանք ստիպված եղան քոչել հանրապետությունից:

Հուրունցը մտամոլոր, երկար մտածում էր:

– Քառասուն հոգու Բաքվի մեկուսարաններում ու բանտերում անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո, – շարունակեց նա, – ուղարկեցին Կոմի երկրամաս: Նրանց մեջ էր և 1966-ի սեպտեմբերին Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում Արշադ Մամեդովի ձեռքով դաժանորեն սպանված ութ տարեկան Նելսոն Մովսիսյանի հայր Բենիկ Մովսիսյանը: Այն Արշադ Մամեդովի, որի հուղարկավորությանը մասնակցելու էին եկել

Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ Իսկանդարովն ու մինիստրների խորհրդի նախագահ Ալիխանովը: Երկուսն էլ՝ ազգությամբ քուրդ:

Հուրունցը մի կարճ պահ դադար տվեց, ցավագնորեն ասաց.


* քյոռ թութտուղընը բրախմազ (ադրբ.) – կույրն իր բռնածը բաց չի թողնի


– Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Վալի Յուսուֆովիչ Ախունդովի հրամանով Ուլուբաբյանը վտարվեց Ղարաբաղից, իսկ նրա տեղը գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակվեց… այդ նույն ծախու շուն Աթաջանյանը: Մի օրվա մեջ նրան ընդունեցին գրողների միության շարքերը: Չտեսնված ու չլսված բան. Մաքսիմ Հովհաննիսյանի նման մեծատաղանդ գրողը տասնհինգ տարուց ավելի հերթի է սպասում, չեն ընդունում: Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի, Նվարդ Ավագյանի, Կոմիտաս Դանիելյանի պես գրողներին, որոնց ստեղծագործությունները քաջ հայտնի են նաև Հայաստանում, չեն ընդունում գրողների միության մեջ, իսկ այ անտաղանդ, թեթևսոլիկ ու անբարոյական մարդուն մի օրվա մեջ ընդունեցին: Եվ ովքե՞ր նրան այդպես շտապ երաշխավորագիր տվեցին՝ Սամվել Գրիգորյանն ու ձեր նոր գլխավորը: Կանչեք՝ երեսին ասեմ:

Հուրունցը երկար դադար տվեց, ասաց.

– Հայոց պատմության մեջ չի արձանագրված որևէ փաստ, որ մեզ նվաճողներից պարսիկը, արաբը կամ թուրքը հայ վեհափառ սպանած լինի: Դրան մենակ բոլշևիկներն ընդունակ եղան: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը հրաժարվում է Մայր Աթոռի գանձերը տալ բոլշևիկներին: 1938-ի ապրիլին նրան գազախեղդ են անում Էջմիածնում: Եվ ո՞ւմ հրամանով է արվում՝ հայ բոլշևիկ Անաստաս Միկոյանի: Եվ վերջապես, Սերգո Օրջոնիկիձեին միացած՝ ո՞վ առաջարկեց վերանայել Անդրկովկասի բյուրոյի պլենումի 1921-ի հունիսի երեքի որոշումը՝ հօգուտ Հայաստանի, ու մի ամիս ու երկու օր անց՝ հուլիսի հինգին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն ո՞վ դեմ քվեարկեց՝ այդ նույն բյուրոյի ընդհանուր քարտուղար Հմայակ Նազարեթյանը: Այդ հատկությունները տարիներ ի վեր պիոներ Պավլիկ Մորոզովից ու կիրովաբադցի Գրիշա Հակոբյանից սկսած մինչև այսօր, խրախուսվել են, գիտակցաբար արմատավորել: Ստալինի, Բերիայի, Բագիրովի մարդակործան արարքներին օգնած և ոչ մի տականք նրանց մահից հետո անգամ չի պատժվել: Պատերազմի նախօրեին Ստալինը կարմիր բանակի ղեկավար անձնակազմից՝ մարշալից մինչև լեյտենանտ, քառասուն հազար հոգու գնդակահարեց: Մարշալ Բլյուխերին, նրա կարգադրությամբ, անմարդկային տանջանքների են ենթարկում, փշրում ողնաշարը, բանտարկության տասնութերորդ օրը փառապանծ մարշալը զոհվում է քննիչների սապոգների տակ: Քառասունվեց թվականին, այս անգամ արդեն Բերիայի կարգադրությամբ ու անմիջական մասնակցությամբ, այդ նույն քննիչների սապոգների տակ խոշտանգումների է ենթարկվում նաև մեր քաջ հայրենակից մարշալ Խանփերյանցը՝ Մեծ Թաղլար գյուղից: Տասնութ թվականին նա ծածկագրող էր եղել այստեղ՝ Բաքվի կոմունայի շտաբում, լսել է Բերիայի գաղտնի հեռախոսազրույցը անգլիական հետախուզական ծառայության աշխատակցի հետ և այդ մասին հաղորդել կոմունայի ղեկավարությանը: Բերիան դա չէր մոռացել… Բլյուխերն ինչ, միջազգային մասշտաբի այդ դահիճ Ստալինը քառասուն միլիոն մարդու գլուխ կերավ, նա կարող էր ամբողջ երկրի գլուխն էլ ուտել, բայց, բարեբախտաբար, սահմանափակվեց այդքանով: Ո՞վ էր նրա ձեռքը բռնելու, ո՞վ էր ընդդիմանալու, եթե այդ թիվը կրկնապատկեր ու քառապատկեր: Ոչ ոք: Սպանելու, աքսորելու, երկրի երեսից մարդկանց, ամբողջ ժողովուրդներ, ազգեր ջնջելու իրավունքը միայն ու միայն իրեն էր վերապահված, իր սեփականությունն էր: Միահեծան ու անսահմանափակ իշխանության տեր, իր անձնական դիկտատուրան ներկայացրած որպես պրոլետարիատի դիկտատուրա: Ամեն ինչ տեղը տեղին՝ կա՛ սովետական ժողովուրդ, կա՛ նրա առաջատար ջոկատը՝ բանվոր դասակարգը, կա՛ այդ դասակարգի առաջավոր ջոկատը՝ կուսակցությունը, կա՛ այդ առաջավոր ջոկատի ղեկավարող կորիզը՝ Քաղբյուրոն և, վերջապես, նրա գլխավոր քարտուղարը՝ Ստալինը, որի կամքը կուսակցության կամքն է, ով դեմ է Ստալինին՝ դեմ է կուսակցությանը, ով դեմ է կուսակցությանը՝ դեմ է ժողովրդին, նրա թշնամին է: Հիմա այդ իրավունքն իրար մեջ կիսել են հազարավոր մանր ստալիններ, որոնցից մեկն էլ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովն է, համարյա նույնանման իշխանության տեր: Ստալինին հետմահու պատժեցին, դատապարտեցին նրա անօրեն արարքները, Բերիային ու Բագիրովին գնդակահարեցին, իբր տեսեք, դատապարտեցինք, մենք սահմանադրություն ունենք, դատախազություն, դատարան ու արդարադատություն ունենք: Դրանք բոլորը, իբր, ժողովրդի շահերին ծառայելու համար են ստեղծված: Հիդրայի կտրված գլխի փոխարեն աճել են նոր գլուխներ և այն էլ շա¯տ: Դե արի ու դիմացիր:

Հուրունցը քիչ լռեց և, ասես ինքն իր հետ էր խոսում, կամացուկ ասաց.

– Ճշմարտություն, արդարություն, իբր թե սրանք են մեր կյանքի չափանիշները: Բացատրեք, խնդրեմ, կա՞ն, գոյություն ունե՞ն դրանք: Մեկն ու մեկը դրանց երեսը տեսած կա՞. երեկ, նախանցյալ օրը: Գուցե դրանք յոթ փակի տակ են և սպասում են, որ մենք ազատե՞նք, լույս աշխա՞րհ հանենք:

Մեքենագրուհու դուռն անաղմուկ բացվեց, իր անբաժան մթերացանցը ձեռքին, դուրս եկավ մեր նախկին գլխավոր խմբագիրը:

Մերկ գլխին ձախից աջ սոսնձած ճերմակ մազափնջով, կախ ընկած կրկնակզակով, շեկ, ցածրահասակ ու դեռևս ամրակուռ՝ նա մի պահ թղթապանակը տեղավորեց ցանցում և, ուշադիր նայելով Հուրունցին ու, ասես կրակին յուղ լցնելու ակնհայտ մտադրությամբ, ասաց.

– Կևորկովը բնակարան է տվել ինձ:

Հուրունցը բարձրացրեց գլուխը, զարմանքով նայեց նրան:

– Իսկ դու, ինչ է, բնակարան չունեի՞ր, – հարցրեց նա: – Դու երեք սենյականոց բնակարան ունեիր հայկական եկեղեցուց ոչ հեռու, Հյուսի Հաջիև փողոցի վրա և, գիտեմ, լսել եմ, Հեյդար Ալիևը չորս սենյականոց նոր բնակարան է տվել քեզ կառավարական տան մոտ, ծովափին:

– Էստեղ չէ՝ Ստեփանակերտում, – մեծահոգաբար ժպտալով պարզաբանեց նախկինը: – Որպեսզի ամառները գնամ թութ ուտեմ: Հայրենիքս է, չէ՞, Ղարաբաղը, բանաստեղծություններ ունեմ նվիրած՝ «Շաղասար», «Լալիկ աղբյուր», «Սինգարա»… Ա՛յ, վերջերս եմ գրել, բնակարանը տալուց հետո.

Երբ ասում են Ղարաբաղ,

Մեր սարերն եմ ես հիշում,

Աղբյուրները նրա պաղ,

Խոսուն քարերն եմ հիշում:

Ա¯խ, մեր թոնրի լոշը տաք,

Ու զով կալերն եմ հիշում,

Մեր Քուռանի մոշն անտակ,

Քաղցր թութն եմ ես հիշում…


– Էհ, հետո՞, – հարցրեց Հուրունցը:

– Ի՞նչ հետո, – հեգնական քմծիծաղով ասաց նախկինը, քիթը չոր վեր քաշելով: – Ղարաբաղի գովքն է: Մայր բնության գովքը: Մի՞թե պարզ չէ՞

– Իմ մի բարեկամը Ղարմետաքսկոմբինատում բանվոր է, – այլևս առանց նրան նայելու, ահեղաշունչ քաղաքավարությամբ խոսեց Հուրունցը, – տասնութ տարի է՝ վեց հոգով մի նեղլիկ ու խոնավ նկուղում պատսպարված, բնակարանի հերթի են սպասում ու չգիտեն, թե դեռ էլի քանի տարի պիտի սպասեն: Քո էդ Կևորկովը ո՞նց է քեզ բնակարան տալիս՝ ամռանը թութ ուտելու համար: Ամբողջ կյանքը Ղարաբաղին նվիրած Բագրատ Ուլուբաբյանը, Ղարաբաղի համար բանտ նստած Բոգդան Ջանյանը Ղարաբաղ մտնելու իրավունք չունեն, ինձ նույնպես արգելված է գնալ Ղարաբաղ, որին նվիրել եմ իմ բոլոր գրքերը, իմ ողջ կյանքը, – հոգոց քաշելով և առանց որևէ դադարի շարունակեց Հուրունցը: – Կևորկովի ահից իմ ազգականներն անգամ վախենում են ինձ հետ խոսել: Ստոր ու ծախու արարած է նա, և քանի դեռ կան նրա նմանները, քանի դեռ անպատիժ ապականում են մթնոլորտը, երկրիս երեսին ո՛չ արդար դատաստան, ո՛չ արդարություն կլինի:

– Լեոնիդ, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա, – բողոքեց նախկինը՝ քիթը դարձյալ վեր քաշելով:

Երկու թե երեք տարի առաջ ճիշտ այդ նույն բառերն ասաց նա գրող Սուրեն Այվազյանին: Այվազյանը՝ ճերմակահեր, բարեդեմ, ազատախոս ու զրուցասեր՝ բորբոքված խոսում էր Բրեժնևի մասին. «Երկիրը սովի մատնված, խանութները դատարկ, կաշառք ու կողոպուտ, թալանն անսահման չափերի հասած, իսկ նա ամիսը մի անգամ նոր շքանշան է կախում դոշին: Էլ շքանշան կախելու տեղ չկա, մնում է մի երկու հատ էլ պորտից կախի»: Ներկաները ծիծաղեցին, իսկ նախկինը հուզվեց, կարմրեց ու էլի այս նույն բառերն ասաց. «Սուրեն, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա», որին Սուրեն Բախշիևիչը ծիծաղելով պատասխանեց. «Նախօրոք ապահովեցիր քեզ, որտեղ իմ ասածը հայտնեն, քո ասածն էլ են հաղորդելու»:

Հուրունցը բոլորովին այլ բան ասաց.

– Ցավալի է, Սամվել, – ասաց, – շատ է ցավալի, որովհետև կեղծ հեղինակությունների թիկունքում չես տեսնում, ավելի ճիշտ՝ չես ուզում տեսնել այն չարիքը, որ ամեն օր, ամեն ժամ ձնագնդի պես մեծանում է: Մեծանում է նրանց շողոքորթ աջակցությամբ, ովքեր պարտավոր են կռվել չարիքի դեմ: Իմացած եղիր, որ կևորկովները կանցնեն, ինչպես ժամանակին նրա նախորդներն անցան՝ Կարակոզով, Զամարաև, Ապուլով, Զիալով, Շահնազարով, Ջամգարով, Ասլանով, հայկական մարզում՝ ոչ մի հայկական ազգանուն: Հայկական ազգանունով միայն Եղիշե Գրիգորյանն էր, էն էլ՝ որովհետև կնիկը թուրք էր:

Նախկինը սառցային քամահարանքով նայում էր Հուրունցին. նա քիթն աջ ու ձախ տանելով՝ կրկին չոր վեր քաշեց:

– Ինչո՞ւ է այսպես, – շարունակեց Հուրունցը: – Մտածե՞լ ես մի անգամ, որ ուղիղ հարյուր ութսուն տարի առաջ Ղարաբաղն իր տասներեք գավառներով ու տասներկուսուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան հինգ հազար պատմաճարտարապետական հայատառ հուշարձաններով, իր հայ մելիքներով ու իր հայ պատմությամբ՝ սկսած Հերոդոտից ու Ստրաբոնից մինչև Դիոն Կասիոս, կամավոր մտավ Ռուսաստանի կազմի մեջ, նրա այդ տարածքից այսօր մոտ չորսուկես հազարն է մնացել, որը նույնպես այս ու այն կողմից բռնագրավվում է: Ո՞վ քսան թվականին ավերեց, հողին հավասարեցրեց Ղարաբաղի հիսունինը շեն գյուղերն ու ոչնչացրեց նրա քսանհինգ հազար հայ բնակչությունը, իսկ երեսունյոթ հազարը դարձավ գաղթական: Ո՞ւր են հայկական մշակութային կյանքի առաջատար ջոկատներից մեկի՝ Շուշի քաղաքի հինգ տպարանները, որտեղ նախանցյալ դարի սկզբից հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում, ո՞ւր մնաց թեմական դպրոցը, հարյուր յոթանասուն տարի առաջ կառուցված Կուսանոց վանքը, Մկրտիչ Խանդամիրյանի երեք հարյուր հիսուն տեղանոց շքեղազարդ թատրոնը, ամառային և ձմեռային ակումբները, գործող վեց եկեղեցիները, հազարի հասնող արհեստանոցները, գորգագործական ֆաբրիկան, որը տարեկան յոթ հարյուր ընտիր գորգ էր արտահանում, ո՞վ երեք անգամ հրդեհի մատնեց գեղեցկուհի քաղաքն ու, ստոր անգլիացիների հետ դաշնակցած, խաբեությամբ կոտորեց նրա հայ բնակչությունը: Գոնե մտածե՞լ ես մի անգամ, – տեղից ելնելով ու գունատված շարունակեց Հուրունցը, – թե ինչո՞ւ Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերի մեջ չկա մի կոմպոզիտոր, նկարիչ, գիտնական, հանրապետության մասշտաբի ղեկավար աշխատող, կենտկոմի քարտուղար ու բաժնի վարիչ, ոչ մի կարգին գրող… Այդ ինչպե՞ս պատահեց, որ ատելի հին կարգերի օրոք Բաքվում Հայոց ագգային խորհուրդ ու հայ գրողների միություն կար, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերություններ կային, Ալեքսանդր Շիրվանզադեն ու Հովհաննես Հովհաննիսյանը կարողացան համարյա մինչև կյանքի վերջն ապրել այստեղ, իսկ խորհրդային տարիներին հայ գրողներ Գարեգին Սևունցը, Համո Սահյանը, Աշոտ Գրաշին, Սուրեն Այվազյանը, Արշավիր Դարբնին, Գարեգին Բեսը, Լեոնիդ Հուրունցը և շատ ուրիշներ հարկադրված եղան հանրապետությունից հեռանալ: Ո՞ւր մնացին Բաքվի մի քանի տասնյակ հայկական դպրոցները, մշակույթի տները, գրադարանները, տպարանները, ինստիտուտն ու թատրոնը, որ անխափան գործում էր հազար ութ հարյուր յոթանասուն թվականից ի վեր: Ինչո՞ւ Ղարաբաղի գրողները, ովքեր հինգ-վեց տարին մի անգամ փոքրիկ մի բրոշյուր տպագրելու իրավունք ունեին միայն, երկարամյա հետապնդումներից հետո ստիպված եղան փախչել՝ Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, Ժան Անդրյանը, մյուսները, որոնք Երևանում անգամ պրծում չունեն Կևորկովի ճանկերից:

– Քո կարծիքով, ուրեմն, այստեղ ոչ մի կարգին գրող չկա: Ես էլ գրող չեմ, հա՞, – կատաղի ցասումով բացականչեց նախկին գլխավորը: – Իմ երկերի երկհատորյակը իզո՞ւր են տպել, Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ինձ իզո՞ւր են տվել:

– Ժողովրդական բանաստեղծի կոչում քեզ տվել են նրանք, ովքեր քո գրածները կարդալ չեն կարող: Դա հիմարություն է, իսկ հիմարությունը, եթե ճշմարտության տեղ է դրվում՝ սարսափելի է:

– Փառք աստծո, – դանդաղ, բառերը ձգելով արտաբերեց նախկինը, – որ ո՛չ դու և ո՛չ էլ քո նմաններն են որոշողը, թե ում կարելի է տիտղոս ու կոչում տալ և ում՝ ոչ: Փառք աստծո, – կրկնեց նա՝ մոտենալով դռանը:

– Գնա, գնա, իմ ասածներից մենակ դա՞ կպավ քեզ, հա, – առերևույթ հանգստություն պահպանելով, քմծիծաղ տվեց Հուրունցը: – Գնա, հատուկ խանութից մթերք կբերեն, տանը չես լինի: Հատուկ խանութ, հատուկ հիվանդանոց, հատուկ հյուրանոց, հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև գերեզմանատուն, լրիվ հատուկ և լրիվ ժողովրդից անջատ: Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի, իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ իսկական կոմունիզմ առայժմ հաջողվել է կառուցել միայն իրենց համար:

Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.

– Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:

Տիրեց երկարատև լռություն:

Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:

– Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:

– Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ունի՞ բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում և անվճռական»:

– Դու, սիրելի Լեոնիդ, տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես արդյոք, – միջամտեց Սաղումյանը: – Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան, ում դեմ բողոքել ես:

Հուրունցը լուռ էր, հետո խոսեց միանգամից՝ դանդաղ արտաբերելով բառերը:

– Այո, այդպես է: Ջահելները չգիտեն, բայց ես ու դու հո հիշում ենք, թե ինչպես էին պարտադիր փոխառությունները փաթաթում խեղճ ղարաբաղցու վզին, հետո այդ փոխառությունները մարելու նպատակով ինչպես էին թշվառ գյուղացու դռնից քշում տանում վերջին կովը կամ ոչխարը, պատից հանում կարպետը, դուրս քաշում ներքնակի բուրդը, խլում կարի մեքենան, ինչպես էին պոկում տանիքի թիթեղը՝ տունը թողնելով բաց երկնքի տակ: Բողոքներ էին, որ գնում էին Մոսկվա, բայց այդ բողոքները վերադառնում էին Բաքու, այստեղից էլ գալիս էին գյուղ՝ ոչ թե բողոքի իսկությունը պարզելու, այլ դրանց հեղինակներին գտնելու և պատժելու:

– Հա, դժբախտաբար, ճշմարտություն է այդ ամենը, – ասաց Սաղումյանը, ծանր օրորելով գլուխը:

– Մակար Բարխուդարյանցը, որ ուղիղ հարյուր տարի առաջ ծայրից ծայր շրջել է ողջ Ղարաբաղն ու գրի առել ամեն ինչ, նշում է, որ երեք քաղաքի, տասը ավանի ու ավերված երեք հարյուր վաթսուն գյուղերի փլատակներ կան Ղարաբաղի տարածքում, տասնյակ ու տասնյակ գյուղերի անուններ է թվարկում, ուր նախկինում հայեր էին ապրում, իսկ այժմ՝ քոչվոր ցեղեր: Վերցրեք մինչև հեղափոխություն հրատարակված հանրագիտարանները, – շարունակեց Հուրունցը, – և կտեսնեք, որ 1914-ին Լեռնային Ղարաբաղն ուներ երկու հարյուր քսանչորս հայկական գյուղ՝ երկու հարյուր յոթանասուն հազար հայ բնակչությամբ: Ղարաբաղի ամբողջ տարածքում ազգաբնակչության հինգ տոկոսն էր միայն այլազգի, մնացած իննսունհինգ տոկոսը հայեր էին: Մենակ հայեր: Տասնութ թվականի սկզբին այդ թիվը հասել էր երեք հարյուր երեսուն հազարի: Քսան տարի անց, այսինքն՝ Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին, հայ բնակչության թիվը կրճատվել, հասել էր հարյուր երեսուներկու հազարի, որից քառասունհինգ հազարն ուղարկվեց ռազմաճակատ, այսինքն յուրաքանչյուր հինգից երեքը, մինչդեռ, ինչպես պարզվեց հետո, հանրապետության ադրբեջանական շրջաններից, որոնք բնակչությամբ չէին զիջում մարզին, զորակոչվել է հինգից-վեց անգամ քիչ մարդ:

– Իսկ կռվից հետո ինչքա՞ն մարդ քշվեց Սիբիր, – դառնությամբ լրացրեց Սաղումյանը:

– Կռվից հետո, 1949-ի հունիսի տասնչորսի լույս գիշերը, Ղարաբաղից քսանչորսուկես հազար մարդ աքսորվեց Ալթայի երկրամաս, – ի պատասխան արձականքեց Հուրունցը: – Այսքանն իբր քիչ էր, 1952-1955 թվականներին քսան հազար հայ պատանիներ ու աղջիկներ քշվեցին շինարարական կառույցներ՝ Սումգայիթ, Մինգեչաուր, Կարադաղ, Ալի-Բայրամլի… Սա Ղարաբաղը փաստորեն դատարկելու անսքող պլան էր, որը պետականորեն իրականացվում էր: – Հուրունցը դարձյալ քիչ դադար տվեց, հետո շարունակեց, – Կևորկովից առաջ Ղարաբաղում տեր ու տիրականը Վոլոդինն էր, համարյա նրա տեսակից՝ շորթող և ոչ հասարակ կաշառակեր: Նա ակնարկներ չէր անում, այլ պահանջում էր: Ծառայողական մեքենան ուղարկում էր կոլտնտեսությունները՝ տուրք հավաքելու՝ հավ, ձու, միս, յուղ, մեղր, պանիր, թոնրի հաց: Ինչ ասես: Բայց ամենից շատ՝ թթի օղի, տասը-քսան լիտրով: Դեպք է եղել, որ միանգամից քառասուն լիտր է պահանջել: Նախագահներից մեկը՝ Կարմիր գյուղի կոլտնտեսության նախագահ Թովմասյանը, չի դիմանում, տուրքի ետևից եկածին ոչ միայն գրողի ծոցն է ուղարկում, այլև հայհոյում է մարզկոմի քարտուղարին, նրան անվանելով մուրացկան: Ասում է ու ձեռը կրակն ընկնում: Խեղճ մարդուն կուսակցությունից ու պաշտոնից վտարում են, բանտ նստեցնում: Նա մի անգամ հարբած վիճակում ասել է. «Ամբողջ Ղարաբաղը բանտ կարող եմ քշել»: Եվ իսկապես, քանի-քանի մարդկանց անմեղ տեղը բանտ է նետել, քանի կյանք խորտակել: Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է: Զորեղների հավիտենավառ ու անմարդկային ուժի օրենքն է դա` ընդեմ թույլ ու խեղճերի, որ նոր չէ, գոյություն ունի մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, երբ աթենացիները Մելոս կղզու խեղճուկրակ բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին, որովհետև` զորեղն անում է, ինչ կարող է, իսկ թույլը զիջում է… Վոլոդինի գործունեության մասին վագոններով բողոքներ են ուղարկվել վերին ատյանները. ոչ մի օգուտ: Նրա հանցավոր արարքների մասին շատ առիթներով եմ խոսել, գրել, նույնը. ձայն բարբառո հանապատի: Ոչ մի օգուտ: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության կամ իրավապահ մարմինների աշխատողը որևէ հարցում սխալ լինի, արմատացած ավանդույթով նրանք միշտ ճիշտ են, գլուխդ թեկուզ քարին տուր, միևնույն է, չես կարող քոնն ապացուցել:

Արինան Հուրունցի համար թեյ բերեց, հախճապակե պնակիկի մեջ՝ մի քանի կոնֆետ:

Հուրունցը մի կում արեց մուգ թեյից, ասաց.

– Քաղբյուրոյի անդամ Պելշեի օգնականը, մերժելով ինձ ընդունել, հայտարարեց. «Դուք կուսակցության անդա՞մ եք, որ եկել եք Կենտկոմ: Իսկ ի՞նչ հարցով եք ուզում Պելշեի մոտ գնալ… Քննադատե՞լ մարզկոմի քարտուղարին՝ դուք մտածո՞ւմ եք ինչ եք ասում, ձեզ ո՞վ կհավատա: Եթե կուզեք իմանալ, ինքը՝ Պելշեն անգամ, չի կարող նրան մատով կպչել»: Ղարաբաղի հայերը հարյուրամյակներով թթի այգիներ են տնկել: Թթից չամիչ են չորացնում, դոշաբ են եփում՝ երկուսն էլ բուժական մեծ հատկություններով օժտված, օղի են քաշում: Օգտվելով օղու դեմ պայքարն ուժեղացնելու մասին միութենական կառավարության հակաժողովրդական որոշումից, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը կարգադրել է Լեռնային Ղարաբաղում կտրատել թթի բոլոր ծառերը, մարդկանց ու կոլտնտեսությունները զրկելով եկամուտի այդ չնչին աղբյուրից: Նպատակը հեռահար ու որոշակի՝ հայ գյուղացուն զրկել ապրելու միջոցներից, որ թողնի հեռանա, օջախն ու հողը լքի, գնա բնավորվի Հյուսիսային Կովկասում, միջինասիաներում, ուր ուզում է, միայն թե գնա: Սա ցեղասպանություն չի՞, որ Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերացնել մարզում եղած չնչին արդյունաբերությունը՝ ավտոտրանսպորտային շարասյունն ու սպանդանոցը տեղափոխել Աղդամ, մետաքսագործական ֆաբրիկան՝ Նուխի: Նպատակը նույնը՝ հայ մարդկանց զրկել աշխատանքից: Ստացվում է, որ Ղարաբաղի հայերի վիճակը շահի Պարսկաստանում անհամեմատ լավ էր, քան սովետա-ալիևյան Ադրբեջանում՝ երկու դար անց:

Հուրունցը շուռումուռ եկավ տեղում: Թեյ խմեց: Ընդհանուր լռության մեջ կրկին հնչեց նրա ձայնը.

– Վերջերս հակահայկական «Պրավդա» թերթի թղթակից Թաիրովը Նախիջևանի մասին ինչ-որ նյութ էր գրել. նա այնտեղ տեսնում է բազում մզկիթներ և իր քոռացած աչքով չի տեսնում ոչ մի հայկական եկեղեցի, չի տեսնում ավերված բնավեր Ագուլիսը՝ իր բազմաթիվ եկեղեցիներով, հայկական կիսաքանդ գյուղերը, Բադամլին, որն իր ութսուն ընտանիքներով՝ գյուղի քահանայի հետ միասին, մի օրվա մեջ թրքացվեց, այլապես մեծ ու փոքրով սրի էր քաշվում, էլ չեմ ասում՝ պատմաճարտարապետական անթիվ-անհամար հուշարձանները, Ջուղայի երեք հազարի հասնող ջարդված քարահյուս խաչքարերը: Նախիջևանի հայությունը դիմացավ սելջուկներին, ցարիզմի լծին, անգամ մուսավաթականներին, բայց, ահա, չի կարողանում դիմանալ խորհրդային պետության վարած հայադավ քաղաքականությանը, դատարկվում է:

– Ընկեր Հուրունց, – ասաց Լորաննան մի տեսակ ընկճված տոնով, – ուրեմն՝ ճի՞շտ էր Նաիրի Զարյանը, երբ ասում էր՝ Սևան, իզուր ես դու ափնակոծում, որոտում, ճակատագիրը իմ ու քո՝ օվկիանոսներն են որոշում:

Հուրունցը ձեռքը մտերմաբար դրեց Լորաննայի ուսին, դառը ժպտաց:

– Մինչև 1929 թվականը Հայաստանի տարածքը կազմում էր երեսունչորս հազար հինգ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր, Կովբյուրոյի՝ այդ նույն տարվա փետրվարի 18-ի որոշմամբ Հայաստանից Ադրբեջանին է հանձնվում չորս հազար յոթ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր տարածք: 1926 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանի քարտեզում Լեռնային Ղարաբաղն անջատված չէ Հայաստանից: Հետագայում, որպեսզի Հայաստանը Ղարաբաղից անջատվեր, Մոսկվայի հրահանգով ստեղծվեց «Կարմիր Քուրդիստանի օկրուգը»: Այսօրվա Զանգելանի, Ղուբաթլուի, Լաչինի և Քյալբաջարի շրջաններն են: Հետագայում դրա կարիքը, պարզ է, այլևս չէր զգացվում. գործն արդեն արված էր: Դրա համար էլ քսանինը թվականին լուծարման ենթարկվեց: Երեսուն թվականի քարտեզներում այդ շրջաներն արդեն մտցված էին Ադրբեջանի կազմի մեջ, այսինքն՝ Ղարաբաղն անջատված էրՀայաստանից…

Հուրունցը քիչ լռեց, ասաց հոգնաբեկ.

– Հայաստանի վերջին բաժանումը նախատեսված էր հազար ինը հարյուր հիսուներեքի ամռանը: Բագիրովի դատավարության ժամանակ բացվեց դա: Ռազմական տրիբունալի նախագահ Ռուդենկոյի խաչաձև հարցաքննությամբ պարզվեց, որ Բագիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, ինչպես նաև ինքը՝ Բերիան և Ստալինը նախատեսել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից: Ռուդենկոյի այն հարցին, թե Հայաստանն, ուրեմն, պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարևանների՞ն, Բագիրովն անվրդով պատասխանել էր, որ, այո, ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով: Ռուդենկոյի նոր հարցին, թե ո՞րն էր հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր, Բերիայի և Ստալինի մտադրությունները, Բագիրովն ասել էր՝ Կրեմլին ձեռնտու էր Արևելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան…

Հուրունցը դարձյալ քիչ լռեց, քրթմնջաց, ասաց.

– Երբևէ տեսել ե՞ք անտառից անջատ, մենավոր ծառ, որը լավ եղանակին լինի, թե վատ, անվերջ գալարվում է, ասես Ճյուղերով շուրջն ինչ-որ բան փնտրելով: Ինձ միշտ այնպես է թվացել, թե ծառը փնտրում, փնտրում է մեկի հուսալի ձեռքը, մեկի աջակցությունը ու չի գտնում: Անցնում են տարիները, տասնամյակները հաջորդում են իրար ու ծառը կա՝ հողմերից ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել: Ղարաբաղն է դա, որ ահա երեք հարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր, խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր այն ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ, այո, օվկիանոսներն են որոշում իր բախտը: Դե, լավ, վեր կացեք գնանք, այս բոլորը, ինչ ձեզ պատմեցի, գրած ունեմ, բայց ո՞վ է տպագրողը, չեն տպում ու չեն էլ տպի, վեր կացեք, խոսելուց օգուտ չկա, խոսելով չէ՝ ազատությունը զենքով, զենքով է միայն ձեռք բերվում, զենքով ու անհամար մարդկանց սրբազան արյան գնով:

Հուրունցը վերցրեց իր հին, գույնը կորցրած ցմփոր պայուսակը և առաջինը դուրս եկավ միջանցք:

Վերելակի կողմից զրուցելով գալիս էին հաղորդավարները, որոնք եկել էին երեկոյան ծրագրի հաղորդմանը: Նրանց հետ էր և մանկական հաղորդումների բաժնի խմբագիր Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ դեղին փողկապով, գլխին մի տասնհինգ-քսան մազ, ակնակոպերի այտուցով, վազվզուն աչքերում՝ շարունակ ինչ-որ կարմրածություն, գունատ, սմքած շուրթերով, հիսունն անց մի տղամարդ, որը, եթե ոչ վերջնականապես ցնորված, ապա արդեն խանգարված մարդու տպավորություն էր թողնում: Եթե ոլորուն ու բարակ բեղեր պահեր՝ ծայրերը վեր ցցված, կարելի էր կարծել, թե ինքը՝ Սալվադոր Դալին է առջևդ կանգնած:

– Մունք եկալ ենք ախշադանքի, տուք քինամ եք դոն, – իր կարծիքով մաքուր հայերենով փիլիսոփայեց Թելմանն ու առանց բարևի անցավ մեր կողքով:

Այս Թելման Կարաբաղլի-Չալյանի մանկությունը Բարդա քաղաքում էր անցել, մայրը՝ մանկահասակ երկու երեխայով, ամուսնացել էր ադրբեջանցու հետ, նրա կրթությունն ադրբեջանական էր, համալսարանի իրավաբանականն էր ավարտել, ասում էին, որ նույնիսկ հեռավոր ինչ-որ շրջանում մի քանի ամիս դատախազ էր եղել: Այնուհետև աշխատել էր հեռուստատեսության ադրբեջանական խմբագրություններից մեկում, հայկական ծրագրի բացումից հետո նրան փոխադրել էին մեր խմբագրություն: Բայց թե ինչպե՞ս էր ավարտել համալսարանը, ինչպե՞ս էր աշխատել մինչև այդ՝ անհասկանալի էր. երկու-երեք էջանոց մանկական հաղորդման վրա երկու շաբաթ տնքում ու տառապում էր, և թե նախկին գլխավորն ինչո՞ւ էր նրան հայկական խմբագրությունում աշխատանքի ընդունել՝ նույնպես անհասկանալի էր: Ոչ այն է պետական անվտանգության կոմիտեից էին պարտադրել, ոչ այն է կենտկոմից, և ահա քանի տարի առոք-փառոք ապրում էր, ոչինչ չանելով: Նրա մասին տղաներն անեկդոտ էին սարքել, որը Հուրունցին ևս ծիծաղելի թվաց: Իբր, այս Թելմանի մայրը, Գիքորի պես ձեռքը բռնած՝ նրան տանում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Գեղամ Բարսեղովիչ Անտելեպյանի մոտ՝ աշխատանքի տեղավորելու: «Գոնե դառերը գիդի՞», – հարցնում է արևմտահայ Անտելեպյանը: «Չէ, մատտաղ, – պատասխանում է մայրը, – բա, որ իմանար՝ էլ ինչո՞ւ էի ձեզ մոտ բերում, կտանեի «Բակինսկի Ռաբոչի»:

Նոր գլխավորը նույնպես նրան ձեռք տալ չէր ուզում: Մի անգամ կոլեգիայի նիստում, երբ խոսք բացվեց այն մասին, որ նա ոչինչ չի անում, գլխավորը, չգիտես ինչու հուզվելով, դեմքն ափով շփեց՝ ասես ծանր հոգսն իրենից վանելու համար, և հայացքը փախցնելով ասաց. «Հաշվեք, որ դա փակ թեմա է և, խնդրում եմ, այդ մասին այլևս խոսք չլինի», իսկ ինձ առանձին ասաց. «Ես չեմ կարող նրան հանել, դա իմ ուժերից վեր է»:

Երեքով՝ Հուրունցը, Սաղումյանը և ես, վերելակով իջանք ցած, դուրս եկանք փողոց:

Գարնան օրը՝ ջինջ, արևը՝ հաճելիորեն տաք, հաստաբուն լորենիների ստվերում մի խումբ տղաներ թեյում էին՝ ալարկոտ նայելով անց ու դարձողներին, մեքենաների անվերջ հոսքը՝ պողոտայով, այգու խորքում, Իչարի Շահարի բարձրաբերձ պարսպի տակ, բացօթյա սրճարանում դպրոցականների խումբը զրնգուն ձայներով պաղպաղակ էր վայելում, նրանց անհոգ ծիծաղը տարածվում էր այգով մեկ…

– Նա պարտավոր է խմբագրել ուրիշի նյութերը, չի անում ու, պարզ է, չի էլ կարող անել, – ասաց Սաղումյանը Թելման Կարաբաղլի-Չալյանի հասցեին: – Այդքանը հերիք չէ, մեկն էլ պիտի նստի ու այս ու այնտեղից թռցրած նրա մանկամիտ բարբաջանքները թարգմանի, մշակի ու պատրաստի, որպեսզի նա չզրկվի ամենամսյա հոնորարներից:

Загрузка...