– Սա նույնպես մեր ժողովրդի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն է, – եզրակացրեց Հուրունցը, – հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում տասնյակ խմբագրություններ կան, մի՞թե հնարավոր չէր նրան մի այլ խմբագրությունում տեղավորել:

– Ադրբեջաներեն տառերը նույնպես չգիտի՝ ո՞վ կուզենա նրան պահել, – կատակեց Սաղումյանը: – Երկու հոգով են բաժնում, ինքն ու քո ասած էդ Գևորգ Աթաջանյանը, մի նադինջ, ամբարիշտ ու կռվարար տիպն էլ դա է, ամբողջ օրը կռիվ ու վեճ է: «Գրական Ադրբեջան» հանդեսում սրբագրիչ էր, հանեցին, ընդունել ենք ու մնացել ձեռքը կրակն ընկած:

– Իսկ գիտե՞ք, որ ցարի օրոք ու դրանից էլ շատ առաջ այստեղ, Բաքսովետի մետրոյի այս տարածքում, հիմիկվա ֆիլհարմոնիայի շենքից սկսած մինչև կենտրոնական ունիվերմագ, հայ-ռուսական մեծ գերեզմանոց էր: – Հուրունցը շրջվեց, արևով ողողված մայթին կանգնած՝ երկար նայում էր մեր շենքին, ուշադիր դիտում պատերի համաչափ ու ներդաշնակ համամասնությունները, պատուհանների կամարաձև շրջանակները, վահանաձև զարդերն ու խորաքանդակները: – Կյանքը մի ակնթարթ է՝ ներկայի ու անցյալի արանքում, – դեմքին խորին ափսոսանքի արտահայտություն, արտաբերեց Հուրունցը, մատներով սանրելով անհնազանդ մազերը: – Ինձ թվում է, ջահելության հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես: Մարդ իր կյանքն ապրում է երազելով՝ ջահել ժամանակ ուզում ես ուրախ ապրել, թեպետ ջահելությունն ինքնին ուրախություն է, մեծացած՝ ուզում ես լավ ապրել, ծեր հասակում մի բան ես ուզում միայն՝ երկար ապրել… Ասես երեկ էր, ջահել, ամբողջ կյանքս առջևում, թռվռալով իջնում-բարձրանում էի այս աստիճաններով, հիմա աստիճանների քարերն էլ են մաշվել իմ կյանքի նման… Ութ տարի աշխատեցի այստեղ, հեռուստատեսություն դեռ չկար, ռադիոհաղորդումների ռուսական հաղորդումների խմբագրությունում էի աշխատում, հաղորդումները հավասար կերպով տրվում էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, կոմիտեի նախագահը հայ էր, Հովհաննիսյան ազգանունով, կենտկոմի հայազգի քարտուղար էլ կար, կարծեմ՝ Առուշանով, իսկ մինչև Բագիրովը՝ Կիրովից հետո, կենտկոմի առաջին քարտուղարը Լևոն Միրզոյանն էր՝ Ղարաբաղի Աշան գյուղից: Նրանից հետո էլ առաջին քարտուղարը հայ էր՝ Ռուբեն Ղուկասովիչ Ռուբենով՝ հայտնի Ռուբենը: Բագիրովն ու Բերիան երեսունյոթին երկուսի գլուխն էլ կերան: Իսկ այս շենքը գիտե՞ս ումն էր, – հարցրեց նա:

– Իհարկե, գիտեմ, – կարծես թե նեղացավ Սաղումյանը: – Էդ մեր Լեոն կարող է չիմանալ, ես գիտեմ՝ Միրզաբեկյան եղբայրների շենքն է, ինը հարյուր իննսունինը սենյակ ունի, մեր կոմիտեից բացի տասնյակ ուրիշ հիմնարկություններ կան՝ է՛լ դատախազություն, է՛լ մինիստրություններ, է՛լ նախագծային ինստիտուտներ, տարբեր խմբագրություններ՝ ինչ ասես: Այս շարքի բոլոր տասներեք հոյակերտ տները հայերին էին պատկանում՝ Բուդաղյաններին, Շահգելդյաններին, Տեր-Ակոպովներին… Իսկ այս մեկը Թումանյանների տունն էր, մյուսը՝ Տեր-Ղուկասովինը, մինչև հիսուներեք թիվը Բագիրովն այդ տանն էր ապրում, հիմա պատկերասրահ է, քիչ ներքև, այս նույն փողոցի վրա, ծովափին, ղարաբաղցի Արամյանցի տունն էր, «Ազնևթի» վարչությունն է հիմա այնտեղ, ավելի դենը, Հայոց թեմական դպրոցների վարչությունն էր, Բաքսովետի ուղղությամբ, Արմյանսկայա կոչվող փողոցում, որ հիմա Գորկու անունն է կրում, Հայոց մարդասիրական ընկերության ու հայկական եկեղեցու շենքերի կողքին, Մանթաշովի տունն էր, 1918-ի սեպտեմբերին մուսավաթականներն ու թուրքերը երեք հազար հայ կին ու երեխա հավաքում, լցնում են Մանթաշովի այդ տան բակը և բոլորին սրի քաշում: Այն Մանթաշովի, որի սեփական միջոցներով Բաքվից մինչև Բաթումի 835 կիլոմետր նավթատար խողովակաշար գցվեց: Բաքվում հարյուրավոր շենքեր կան, այդ թվում Մագոմաևի անվան ֆիլհարմոնիայի և Ախունդովի անվան օպերայի ու բալետի շենքերը, որոնք մինչև հեղափոխությունը պատկանում էին հայերին: Գաբրիել Տեր-Ղուկասովը, ասում են, ճարտարապետ Տեր-Միքելովին պատվիրում է ֆիլհարմոնիայի ամառային դահլիճն այնպես նախագծել, որպեսզի քիչ այն կողմ, իր առանձնատան պատշգամբում նստած՝ կարողանա իրիկունները և՛ թեյ խմել, և՛ երաժշտություն ունկնդրել, որովհետև, ասում է, ինքը ժամանակ չունի համերգներ գնալու: Ճակատագրի չար հեգնանքով՝ հետագայում այդ տան պատշգամբում նրա դահիճ Միր-Ջաֆար Բագիրովն էր նստած թեյ խմում ու երաժշտություն լսում նրա կառուցած մարմարյա դահլիճից: Նայիր, ֆիլհարմոնիայի դիմացի ահա այն հոյաշքեղ տունը, որտեղ երեսնական թվականներին կենտկոմն էր տեղավորված՝ այդ նույն Բագիրովի գլխավորությամբ, նույնպես Տեր-Միքելովն է կառուցել:

– Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին՝ հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները, – լրացրեց Հուրունցը փշրված ձայնով, – իսկ ովքեր ողջ մնացին՝ Բագիրովի ու Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին Սիբիր. գնացին կորան: Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:

Լուռ քայլեցինք դեպի մետրո:

– Գրող Սուրեն Կասպարովի մոտ եմ գնում, – ասաց Հուրունցը: – Տղաները սպասում են, Ալիևի ու Կևորկովի հակահայ գործունեության մասին մի նամակ է՝ Քաղբյուրոյին ուղղված, պիտի միասին նորից կարդանք, առավոտյան շուտ հենց Սուրենի մոտից էլ կմեկնեմ օդանավակայան: Երեկ մի երկու հոգով մինչև ուշ երեկո դրանով էինք զբաղված, շատ խելացի դիտողություններ եղան, հարկավոր կլինի որոշ շտկումներ կատարել, ոչինչ, կանեմ, ասացին, որ Ճարտարի նախագահ Սուրեն Ադամյանն այստեղ, Բաքվում է, այսօր գալու է Կասպարովի մոտ, շատ լավ կլիներ, որ նա էլ ծանոթանար այդ նամակին: Լսիր, – հանկարծակի ու զարմացած ասաց նա: – Քանի տարի առաջ եմ տեսել, մի մազ անգամ չի փոխվել: Ահա ձեզ մի նոր Սամվել Գրիգորյան:

Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝ բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:

– Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում, – աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:

– Քիչ առաջ պատմում էի՝ հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:

– Այն, որ Թևանին…

– Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն, ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Ծառը չէր տապալվի, եթե կացնի կոթն իրենից չլիներ… Իմացած եղիր, ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:

Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:

– Բարև ձեզ:

– Բարև…

Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ:

– Չեմ ճանաչում, – ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով, – տեղը չեմ բերում:

– «Կոմունիստ» հայերեն թերթում ենք աշխատում, – չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը, – ինչպե՞ս եք:

– Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին շքանշան ստացա, իսկ այս տարի հրաձգության հանրապետական մրցումներում գրավեցի առաջին տեղը:

Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:

– Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին, – ասաց նա: – Դուք ինձնից շատ ջահել եք երևում:

– Սպորտով եմ զբաղվում, – փութով բացատրեց ծերունին: – Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:

– Ինչի՞ մասին ես գրում, – խոսեցրեց Հուրունցը:

– Իմ գործունեության, – անվարան ասաց ծերունին, – քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան: Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին: Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ: Գաղտնի պայմանագիր է եղել կնքված, որ Ղրիմը դատարկեն՝ այնտեղ հրեաներին բնակեցնելու համար, բայց հետո Ստալինը միտքը փոխել է: Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ: Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէր բնակչությանը մեքենաներով փոխադրել մինչև երկաթուղային կայարան, ներքին գործերի ժողկոմի տեղակալ Բոգդան Կաբուլովի կարգադրությամբ, գյուղի ողջ բնակչությունը՝ յոթ հարյուր երեսուն մարդ՝ կին, տղամարդ, երեխա-բան, լցրեցինք կոլտնտեսության ձիաբուծական ֆերման, տախտակներով դուռ ու պատուհան ամուր մեխեցինք, հրացանները պատրաստ բռնած չորս կողմից շրջապատեցինք՝ իրարից մեկուկես մետր հեռավորության վրա, որ փախչող չլինի, վառեցինք ֆերման: Մինչև կայարան տանելու հնար չկար: Երկու ժամ էր տրված ընդամենը, միակ ելքը դա էր… Զանազան մարդկանց հետ եմ հանդիպել, նրանց մասին եմ գրում: Մեկը կար՝ մեր կարգերի թշնամի, իմ հրացանազարկից փորը պատռվել էր, սիրած աղջիկ ուներ, սա պատռված փորը մրթասեղով կարում էր, իսկ ինքը մեյխանա ասելով մեզ վրա կրակում էր: Կամ մի ուրիշ դեպք. մեկին Պարսկաստանում բռնել, բերել էինք ներքին բանտ: Սա խնդրեց, որ թույլատրենք վերջին անգամ իրենց տունը տեսնի: Հարուստ նավթարդյունաբերողի որդի էր: Տարանք, մեքենայից երկար նայում էր, գլուխն օրորելով արտասվում, հետո ոնց պատահեց՝ սիրտը պայթեց, տեղնուտեղը մեռավ:

– Թևանի մասին չե՞ս գրում, – հարցրեց Հուրունցը՝ աշխատելով պահպանել ձայնի բարեկամական հնչողությունը:

– Թևան Ստեփանյանի՞, – ոգևորվեց նա: – Գրում եմ, բա ոնց… Նա դաշնակցական բանակի սպա էր, մինչ այդ ցարական բանակի կազմում կռվում էր թուրքական ճակատում, բայց հետո հակահեղափոխական գործունեություն սկսեց: Զանգեզուրում Գարեգին Նժդեհ կար, լսած կլինեք, Վլադիմիր քաղաքի տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտում մեռավ, այդ Նժդեհի ծավալած ռազմական ապստամբության տարբերակն էր իրագործում Ղարաբաղում՝ ձգտելով Լեռնային Ղարաբաղի միավորումը Զանգեզուրի ու Հայաստանի հետ: Զորք կազմած՝ սկսեց կռվել տասնմեկերորդ կարմիր բանակի դեմ, գրավեց Դիզակի և Վարանդայի բոլոր գյուղերը, հասավ մինչև Ասկերան… Մի խոսքով, – շունչ առավ ծերունին, – մեր չեկան նրան երկու անգամ ձերբակալեց, բայց Թևանը երկու անգամ էլ կարողացավ փախուստի դիմել: Չեկայի նախագահ Բագիրովն ու Բերիան, որն այն ժամանակ Բագիրովի տեղակալն էր, անձամբ գնացին Տումի, Թևանի ծննդավայրը, բայց անօգուտ: Հետագայում, քսանինը-երեսուն թվերին, Բագիրովը նորից գնաց Ղարաբաղ՝ փոքրիկ մի խմբով, երկու օր թաքնված մնացին, սակայն Թևանին բռնել այդպես էլ չկարողացան: Նրանք չկարողացան, իսկ ինձ հաջողվեց բռնել: Բայց շատ տարիներ հետո, իհարկե: Տասնմեկ տարի հետո:

Ծերունին դադար տվեց, ակներևաբար, սպասելով իր խոսքերի թողած ազդեցությանը, հետո ասաց.

– Թևանն իր անունն ու տեղը շուտ-շուտ փոխում էր՝ մեկ Պարսկաստանի հյուսիսում էր լինում, մեկ՝ հարավում, մեկ Բաղդադի հայաբնակ գյուղերում: Քառասունմեկ թվականի աշնանը, նոյեմբերի սկզբին, նա Մազանդարայի Սարի քաղաքում էր աշխատում. տեխնիկ-շինարար էր: Պարսկաստանում ստեղծված իրադրության պատճառով շինարարությունը դադարեցվել էր, և նա ուզում էր մեկնել Շիրազ՝ անգլիացիների մոտ, այնտեղից Ամերիկա մեկնելու մտադրությամբ: Մենք նրա համար ծուղակ սարքեցինք, – խնդմնդաց ծերունին, – նրա մոտ ուղարկեցինք մեր հայ գործակալներից մեկին, որը, իբր, նույնպես ուզում է գնալ Շիրազ, բայց վարորդը, որին նա գտել էր, մենակ մի մարդու համար չէր ուզում գնալ, իբր թե նրան ասել էր՝ մեկ-երկու հոգու էլ գտիր, այդ դեպքում կտանեմ: Թևանն ուրախությամբ հայտնում է, որ ինքը համաձայն է վճարել նրան ուզած գինը, միայն թե տանի: Մեր գործակալի հետ պայմանավորվում ենք՝ նրան սպասել Թեհրանից մոտ տասը-տասներկու կիլոմետրի վրա: Մեր մեքենայի շարժիչի ծածկոցը բարձրացրած կանգնել ենք, իբր, մեքենան փչացել է: Մեկ էլ տեսանք՝ հեռվից նրանց մեքենան երևաց: Տխուր տեսքով կանգնած ենք, և երբ նրանց մեքենան մոտեցել, դանդաղ անցնում էր մեր կողքով (նախօրոք պայմանավորվել էինք), բարձրաձայն, որպեսզի Թևանը լսի, Ղարաբաղի բարբառով ասացի. «Արա պա սհենց պեն կինի՝ մնացենք էս չոլումը»: Թևանը լսեց իմ խոսքերը, շտապ կանգնեցնել տվեց մեքենան և ուրախ տեսքով մոտեցավ մեզ՝ ասելով. «Պա ես մեռա՞ծ ըմ, որ տյուք չոլումը մնաք»: Չէր հասցրել թեքվել շարժիչի վրա, հետևի կողմից ամուր բռնեցի նրան, մյուս երկուսն էլ, ապրեն, իսկույն հասան՝ ձեռքերն ու ոտքերը կապեցինք: «Վահ, էս հի՞նչ նամարդ մարթ տյուս եկեք», – ասաց նա, բայց դե նրան լսողն ով էր, կոխեցինք մեշոկի մեջ, ամուր կապկպեցինք և այդպես էլ հասցրինք Թեհրան, որտեղից, Ալիևի կարգադրությամբ, ինքնաթիռով ուղարկեցինք Բաքու… Ոչ թե այսօրվա Ալիևի, այլ նրա աներոջ՝ Ազիզ Ալիևի կարգադրությամբ: Նա մեր միսիայի ղեկավարն էր Իրանում:

Ծերունին լռեց, շունչը տեղը բերեց, ասաց.

– Թևանը մանր ձեռնագրով գրած մի հաստ տետրակ ուներ՝ «Մոռացված հերոսը» վերնագրով: Հարցաքննության ժամանակ ոչինչ չէր խոստովանել, հենց այդ օրագիրն էլ ներկայացվեց նրան որպես մեղադրանք: Մի անգամ, – կրկին խնդմնդաց ծերունին, – հարցաքննության ժամանակ, որը տևել էր շուրջ երեսունհինգ ժամ՝ փոփոխվող քննիչներով, քննիչ Իշխանովը հանկարծ ննջում է: Բացում է աչքերը՝ Թևան չկա: Աղմուկ, իրարանցում, տագնապ քաղաքում՝ չկա: Առավոտյան հավաքարարուհին տեսնում է սանդուղքների տակ մի մարդ քնած: Թևանն է: Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, սպասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:

– Բագիրովը, որի բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց մոտ հարյուր քսան հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիներ ու թալիշներ, նմանապես Բերիան և դու ինչո՞ւ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով ու մասնակցությամբ սրի քաշվեց Խնածախ, Դաշուշեն, Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն գյուղերի բնակչությունը, – անշտապ, կարծես ինքն իրեն հանգստացնելով ասաց Հուրունցը: – Հադրութի արևմտյան մասում գտնվող այդ Հարարը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղով Ղարաբաղը կապում էր Հայաստանին ու մինչև տասնութ թիվը հազար յոթանասունութ բնակիչ ուներ: Մուսավաթականներն ավերեցին այն, իսկ այնուհետև Միր-Ջաֆար Բագիրովի հրահանգով հայկական Հարարն իր ողջ մնացած ութսունհինգ հայ բնակչությամբ միացվեց այսօրվա Ֆիզուլիի շրջանին: Ի՞նչ իրավունքով արվեց դա: Ինչո՞ւ չբռնեցիք աչքի մեկը քոռ Սուլթանովին, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան գյուղերի ողջ բնակչությանը՝ սպանելով վեց հարյուր անպաշտպան կանանց ու երեխաների, որոնց միակ հույսն ու պաշտպանը Թևանի խումբն էր: Քո այդ հայատյաց Բագիրովը չէ՞ր, որ հետագայում ինչպես այդ, այնպես էլ մյուս հայկական գյուղերը բնակեցնել տվեց հատուկ ծրագրով Հայաստանից տեղահանված հինգ հազար քոչվոր թուրքերով: Նմանապես նույն քուրդ Սուլթանովը չէ՞ր, որ վառեց Շուշին, սրի քաշելով նրա բազմահազար բնակչությունն ու գլխատել տալով հայոց թեմի առաջնորդ տեր Վահանին, որի գլուխը վայրենի ամբոխը ցից հանած պտտեցնում էր քաղաքի փողոցներում: Թևանը շատ տեղին խոսք է ասել, – չոր ու կոպտորեն վրա բերեց Հուրունցը՝ արգահատանքով նայելով ծերունուն: – Իրոք, շատ նամարդ մարդ եք եղել: Վատ մարդ:

Ծերունին, հանկարծակիի եկած, ետ ընկրկեց, հոնքերը զարմացած բարձրացան, մաքուր ածիլած թորշոմած դեմքը լարվեց: Նա կարճ մի պահ տարակուսանքով զննեց մեզ և, արագ շրջվելով, հեռացավ իր ոչ ծերունական կայտառ քայլվածքով:

– Դե, լավ, ես գնացի, – ուշացումով ասաց Հուրունցը, մի տեսակ հոգնած հայացքով ուղեկցելով հեռացող ծերունուն: – Մի ամբողջ գյուղ՝ ծեր, մանուկ, հարազատներով միասին, վառել են: Էսէսականների, ֆաշիստների ու դրանց արածների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք: Ասենք՝ տարբերություն կա. նրանք հակառակորդի, թշնամու հետ էին դաժանորեն վարվում, սրանք՝ սեփական ժողովրդի, ու այն էլ ավելի գազանաբար: – Դառնալով ինձ, ասաց, – Իմ խելքի տղամարդն ամուսնանում է անխելքությունից, բաժանվում է համբերության պակասից, կրկին ամուսնանում է՝ կարճ հիշողության պատճառով: Դու էդպես չանես… – Նա ժպտաց բարեսրտորեն ու պատվիրեց, – մյուս անգամ որ եկա՝ ամուսնացած լինես, չնայած, իհարկե, ամուսնությունը երբեմն նաև դառնություններ է բերում, բայց երկար ամուրի մնալու մեջ նույնպես ոչ մի լավ բան չկա: Տղամարդը կյանքում երկու ճանապարհ ունի՝ մնա ամուրի ու իրեն զգա դժբախտ կամ պսակվի ու այլևս ապրել չուզենա… Սոկրատեսն ի՞նչ է ասել՝ ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, թե վատը եղավ՝ կդառնաս փիլիսոփա, – ծիծաղեց նա, գրկեց իմ ուսերը: – Լավ խոսք է ասել, իսկ քեզ, – հրաժեշտի համար սեղմելով Սաղումյանի ձեռքը՝ ասաց Հուրունցը, – առողջություն եմ ցանկանում: Դիմանանք, տեսնենք ինչ է դառնում վերջը: – Հուրունցը մի քայլ արեց, ետ շրջվեց: – Մենք դեռ կհանդիպենք, – բազմանշանակ ժպտաց նա:

Որևէ մեկից բաժանվելիս՝ մենք երբեք չենք մտածում այն մասին, որ էլ չենք տեսնելու նրան: Ավաղ, մենք այդպես էլ այլևս չտեսանք նրան:

Հեռվից նայում էինք, Հուրունցը մտավ մետրոյի նախասրահ, շրջվեց, մենք ձեռքով հրաժեշտ տվեցինք միմյանց:

– Ինչքան գիտեմ նրան՝ միշտ այդպիսին է եղել, – Հուրունցի մասին ասաց Սաղումյանը, ափով մտախոհ շփելով մորուքը, – ծնողներին երեսունյոթին աքսորել են, ինքը պատերազմի թոհուբոհով է անցել, հասել մինչև Բեռլին, բայց նույնն է մնացել միշտ՝ ուղղամիտ, սկզբունքային, համարձակ ու անհաշտվողական: Նույնքան ժամանակ էլ Սամվելին գիտեմ՝ ստորաքարշ ու խեղճացած՝ եթե իրեն պետք է, եթե տասը կոպեկի շահ ունի, անողորմ ու դաժան՝ խեղճերի գլխին: Երկու տարբեր բևեռներ ու տես, թե ինչպես է դասավորված նրանց կյանքը, մեկը՝ ճոխության, պատվի ու հարգանքի մեջ, մյուսը՝ տասը տարի նույն մաշված վերարկուն ուսերից կախ:


* * * * *


Մինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝ նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա Արինային՝ մեքենագրելու:

Արինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում.«Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»:

– Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք, – անչար ասաց Լորաննան, ժպտաց: – Երեկ նախկինը կոմպլիմենտ է արել, երևի գլուխը կորցրել է:

– Երգի դակը ավելի ախորժալիա ախշադվում, – հարեց Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին: – Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ Կևորկ Ատաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը փչացրավ, չի ախշադում, – ասես արդարանալով ավելացրեց նա, – եգա էսդեղիցը զանկ դամ:

Մեր խոսակցության վրա Արինան բացեց իր սենյակի դուռը, լայն ժպտալով նայեց ինձ:

– Արինա, այդ ո՞վ է, որի խոսքն ու բարևը քեզ համար կյանք ու արև է:

– Արև է… Ո՞վ պիտի լինի՝ դու ես, – շեշտակի նայելով ծիծաղեց նա: – Մտնում ես ու չես բարևում:

– Բարև:

– Ողջույն, – կոտրատվելով պատասխանեց նա: – Ոչ մի տեղ չե՞ս գնալու՝ Սիլվան գալու է այսօր:

– Ո՞ր ժամին, գնանք առաջին հարկ՝ դիմավորելու:

Արինան շուրթերը ծռմռեց՝ պատասխան էր որոնում:

– Առանց մեր ընտանիքին կպչելու չե՞ս կարող:

– Կարող եմ, – ժպտացի ես, հաղորդման տեքստը տալով նրան: – Երկու օրինակից, մի օրինակը կտաս ռեժիսորին:

Թելմանը գնաց իր աշխատասենյակը, մնացինք երեքով:

– Արինա, այս ինչե՞ր եմ լսում. նախկինը վերջերս քեզ ինչ-որ կոմպլիմենտներ է շռայլում, դա ինչպե՞ս հասկանալ:

Արինան մի կատաղի հայացք նետեց Լորաննայի վրա, բայց հարմար գտավ իմ ներկայությամբ ոչինչ չասել:

– Ախր, ասա, ի՞նչ գործ ունես էդ երեխայի հետ, – շինծու սրտացավությամբ՝ հեռակա կարգով նախկինին կշտամբեց Լորաննան՝ դիտավորյալ բորբոքելով խոսակցությունը:

– Դե լավ՝ ի՞նչ է ասել:

– Ինչ է ասել… Ասաց՝ էդ ի¯նչ սիրուն սև աչքեր ունես, – ի վերջո գոհունակ ժպիտով խոստովանեց Արինան:

– Ում ասաց՝ քե՞զ:

– Ինձ, – ժպտերես պարծանքով գլխով արեց նա:

– Անճաշակ մարդ է, մի հավատա, – ասացի ես: – Նա արդեն այնպիսի մի վտանգավոր տարիքի է հասել, երբ բոլոր կանայք գեղեցկուհի են թվում: Մի հավատա:

– Մի հավատա… – շուրթերը ծամածռելով տնազեց Արինան՝ ակնդետ նայելով ինձ:

– Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան, – ասաց Լորաննան: – Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի պես կարմրել էր:

– Թող իմանա, – աչքով անելով Լորաննային՝ ասացի ես, – թե ինչ է նշանակում անմեղ տեղը մարդուն վիրավորել՝ «Էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:

– Իսկ ի՞նչ է, Արինայի աչքերը սիրո՞ւն չեն, – իբր պաշտպանում էր՝ խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան: – Մի նայիր՝ կուզես դեմուղիղ, կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք. ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես… Լեո,նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:

– Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են, – ժպտալով ասացի ես, – ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են:

Արինան շրխկոցով փակեց դուռը, իսկ Լորաննան մեղավոր ժպիտով աղերսաձայն ասաց.

– Լեո, խեղճ ես՝ Արինայի ձեռքին, ինձ սպանելու է: Ինչո՞ւ մատնեցիր:

Ես գիտեի Արինայի պոռթկումները, որոնք անցնում էին նույնքան արագ, ինչպես սկսվում էին:

– Մի վախենա, – ասացի, – երկու րոպեից հետո մոռանալու է:

Եվ, իրոք, չանցած մեկ րոպե, նա դուրս եկավ իր սենյակից, ձեռքին մեքենագիր մի թուղթ:

– Լսեք, էդ մարդը լրիվ ցնդել է: Եվ ո՞նց է ձեռքերը դողացնելով վերջում հավաքում թղթերը: Ասում եմ՝ Սամվել Աթանեսովիչ, նեղություն մի քաշեք ամեն օր գալ, ձեռագիրը թողեք, ես կմեքենագրեմ՝ կգաք, կտանեք, չէ, ասում է, չեմ կարող, մտքերս այստեղ կգողանան: Թաղեմ ես քո մտքերը, – սրտանց վրա բերեց Արինան: – Նայեք, մի երկու պարբերություն մեքենագրել, պահել եմ: «Քառասուներկու թվականի աշունն էր, – սկսեց կարդալ Արինան, – սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամիսը: Կինս՝ Անյան, առավոտյան ասաց, որ տերևով տոլմա է եփելու, որը ես շատ եմ սիրում: («Հուշերի մեծ մասը ուտելու կամ խմելու մասին է», – մեկնաբանեց Արինան): Ռադիոկոմիտեում էի աշխատում, աշխատանքից տուն եկա ու դեռ մուտքում զգացի եփած տոլմայի հոտը: Բարձրացա երկրորդ հարկ, կոմունալ բնակարանում էինք ապրում, նախկին Կասպիյսկայա, այժմ՝ Շմիդտի փողոցի վրա, և ի¯նչ տեսնեմ՝ զինվորական շինելով, անթացուպը թևի տակ, ձեռքի մեկը կտրած մի ջահել մարդ, երևի բանակից փախած դեզերտիր, կերոսինկայի առաջ կանգնած արագ-արագ մեր տոլման ուտում է: Վազեցի մեր սենյակը, դռան ետևում մի երկար փայտ էի պահում, վերցրի այդ փայտն ու եկա՝ տալիս եմ, ոնց եմ տալիս՝ մեջքին, գլխին, ուր պատահի, գլուխը երկու տեղից ճղվեց, արյուն է, որ հոսում է, ուզում է պաշտպանվել՝ չի կարողանում: Ո՞նց պաշտպանվի՝ ձեռքի մեկը կտրած, ոտքը կաղ՝ անթացուպը թևատակին: Աղմուկ-աղաղակ. հարևանները դուրս են թափվել և, անիրավները, փոխանակ շնորհակալ լինելու, որ գող եմ բռնել, ինձ վրա էին խոսում, անպատվում: Զանգեցի, միլիցիան եկավ տարավ: Հետո ի՞նչ եղավ այդ գողի հետ, այդպես էլ չիմացանք»:

– Այսպիսի մարդիկ մի՞թե իրավունք ունեն ապրելու, – հուզմունքից գունատված ասաց Լորաննան: – Արինա, այդ ապուշությունները ո՞նց ես մեքենագրում:

– Գերագույն խորհրդի դեպուտատ, նախագահության անդամ, հողս անխիղճ գլխիդ, – տաքացավ Արինան: – Հաստատ՝ ծալը պակասել է:

– Դա նրա կոմպլիմենտներից էլ է երևում, – լրացրի ես:

Արինան ծիծաղեց, նայեց առանց չարության, հետո հիշեց.

– Լեո, Սիլվան գալու է, գնա խոսիր էլի գործի մասին:

– Լավ, կգնամ:

Անցնելով հաշվապահություն, պայմանավորվեցի Սեիդոզաևայի հետ: Հաշվետարի տեղն ազատ էր, և Սաիդան խոստացավ անպայման աջակցել, իսկ երբ վերադարձա, Լորաննան եկավ ինձ մոտ՝ շուրթերը վառ կարմիր ներկած, թանկարժեք օծանելիքների բուրմունքով, ձեռքին ինչ-որ թղթեր:

– Լեո, գլխավորն ասաց, որ քեզ հետ միասին նայենք այս նյութը:

– Ի՞նչ նյութ է:

– Հեռուստահաղորդում է, ես եմ պատրաստել՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հյուրախաղերի մասին Բաքվում:

– Լավ, նստիր կարդանք:

Ես նստեցի իմ տեղը, Լորաննան՝ իմ դիմաց, անփութորեն ոտքը ոտքին գցելով:

– Լեո, ի՞նչ գեղեցիկ ձեռքեր ունես, – ասաց նա:

Ես նայեցի նրան, ժպտացի.

– Եթե հաղորդումը լավը չեղավ, միևնույն է, խոտանելու եմ:

Լորաննան ծիծաղեց, ասաց.

– Եվ մատներդ նույնպես գեղեցիկ են: Ամեն անգամ հիանում ու նախանձում եմ, նայելով նրբավուն ու սիրուն մատներիդ:

– Այդքա՞նը միայն: Ուրիշ արժանիքներ չունե՞մ:

– Արժանիքներ շատ ունես:

Լորաննան նայեց ինձ իր մեղմ, բարեսիրտ հայացքով, ժպտաց.

– Բարձր, առնական, նրբակիրթ ու նրբազգաց, գեղեցիկ: Ու նաև սրտաբաց, կարեկից, ոչ ժլատ: Էլի՞ ասեմ… Լեո, երբեմն, մտածում եմ, ինչքան քիչ բան է անհրաժեշտ մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար. ինչ որ հաճելի բառ, արտահայտություն, կամ նույնիսկ հայացք, կամ, ասենք, ժպիտ, ու կարծես միանգամից աշխարհը քեզ է պատկանում… Մոռացա արժանիքներիդ մասին. արտասովոր գեղեցիկ ու սքանչելի է և ժպիտդ, երբ հոնքերիդ տակից թեք նայում, բարեհաճ ներողամտությամբ ժպտում ես: Ինչ-որ առինքնող բան կա դրա մեջ:

– Տասնյակ կոմպլիմենտներ արա կնոջը՝ թեթևակի շնորհակալություն կհայտնի և վերջ, տղամարդուն չնչին մի հաճոյախոսությունը բավական է, որպեսզի նա ամբողջ կյանքում հիշի:

– Եթե երբևէ ինձ մոռանաս, կոմպլիմենտներս գոնե կհիշես, – ծիծաղեց Լորաննան: – Արինան գիտե՞ս ինչ էր պատմում քո մասին: Ասում է, երբ առաջին անգամ Լեոին տեսա, մի այնպիսի այրող հարված զգացի կրծքումս, որ մի րոպե թվաց, թե կանգ առավ սիրտս:

– Լավ, տուր հաղորդումը, – ասացի ես: – Ե՞ս եմ կարդում, թե դու:

– Դու: Ես ուզում եմ շարունակ լսել քո ախորժելի ձայնը… Մի բան ասեմ, Լեո, չծիծաղես, թե ինչո՞ւ է այդպես, ինքս էլ չեմ հասկանում. տասը սիրահար տղամարդ ընկնում են ոտքերդ, ու դու նրանց չես էլ նկատում, նրանք քեզ պետք չեն, քեզ անհրաժեշտ է այն մեկը, տասնմեկերորդը, որը չի էլ նայում քո կողմը: Զարմանալի է, չէ՞… Կարելի՞ է ծխել:

– Ծխիր: Բայց անջատիր օդորակիչը:

Լորաննան ամբողջ մարմնով ձգվեց, ճերմակ ազդրերը բացելով, սակայն ձեռքը չհասավ օդորակիչին, ելավ, օդորակիչն անջատեց, լուսամուտի մոտ կանգնած վառեց սիգարետը:

– Ե՞րբ են հյուրախաղերը:

– Դրանք, ճիշտն ասած, հյուրախաղային ներկայացումներ չեն, – պարզաբանեց Լորաննան: – Ընդամենը մի ներկայացում կլինի՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը», բայց ես պատմում եմ ընդհանրապես այդ թատրոնի անցած ուղու, խաղացանկի և, մասնավորապես, այդ ներկայացման մասին: Ես թատրոնն ընկալում եմ որպես հասարակական գիտակցության ձև, իբրև անձնավորման արվեստ, այսինքն բեմից հնչող բանավոր լեզվի արվեստ: Երեկ առավոտյան հյուրանոցում հանդիպեցի գլխավոր ռեժիսորին: Նրանք պատրաստի ժապավեն ունեն, այդ ժապավենը կտանք և հարցազրույց՝ ռեժիսորի և ներկայացման առաջատար դերասանների հետ: Հաղորդումն ուղիղ եթեր է տրվում, գլխավորն ուզում է, որ նրանց հետ հարցազրույցը դու վարես:

Հաղորդումը վատ չէր գրված, մի երկու աննշան դիտողություն արեցի, որին Լորաննան համաձայնեց:

– Դերասաններից ովքե՞ր են մասնակցում հաղորդմանը:

– Վիոլետա Գևորգյանը, Կիմ Երիցյանը, Վեհմիր Խաչիկյանը, Ժասմեն Մսրյանը և ինքը՝ բեմադրության ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

Ես ներքին հեռախոսով կապվեցի գլխավորի հետ:

– Վլադիմիր Գուրգենովիչ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մասին նյութը Լորաննայի հետ նայեցինք, վատ չէ գրված և, կարծում եմ, արժե, որ հենց ինքը՝ Լորաննան էլ վարի հաղորդումը:

Լորաննան գորովանքով նայեց ինձ, ժպտաց:

– Եթե գտնում ես, որ այդպես ավելի նպատակահարմար է, – արձագանքեց գլխավորը, – ես դեմ չեմ: Իսկ դու, Լեո ջան, եթե ազատ ես, մի րոպեով անցիր ինձ մոտ, ասելիք ունեմ:

Լորաննայի հետ միաժամանակ ելանք տեղից: Դռան մոտ, համարյա հպվելով ինձ ու պարուրելով իր բուրմունքով, նա հայացքը բարձրացրեց, շփոթ վարանանքով նայեց, մեղմաձայն ասաց.

– Լեո, ինչո՞ւ դու այդքան լավն ես:

Հանկարծակի շառագունած դեմքին մի տեսակ տարակա, գաղտնի բան հայտնվեց: Շնչում էր ծանր, խաժ աչքերում ու կիսաբաց, կտրուկ գծագրված կամակոր շրթունքների վրա հմայուն ժպիտ՝ նա նայում էր շեղակի, կկոցված աչքերով…

Գլխավորի ասելիքը Թելման Կարաբաղլի-Չալյանին էր վերաբերում, ավելի ճիշտ՝ հեռուստատեսությամբ երեկվա նրա մանկական հաղորդմանը:

– Նայե՞լ ես հաղորդումը, – հարցրեց գլխավորը:

Չէի նայել: Նա օրորեց գլուխը՝ ընդարձակ առանձնասենյակում ետ ու առաջ քայլելով:

– Կոմիտեում հրաշալի ժապավեններ կան, երկու հոգով անգործ նստած, ծուլանում են անգամ մտնել ֆիլմադարան, նայել հավաքածուն, ընտրել համապատասխան ժապավենը, լուսանկարների ֆոնի վրա մանուկների համար տաղտուկ հաղորդում են տալիս, մի՞թե կարելի է այդպես: Ոչ միայն ընդհանրապես երեխաների, մինչև մսուրային տարիքի մանուկների համար անգամ ձանձրալի են նրանց հաղորդումները, – չէր հանգստանում գլխավորը: – Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:

– Վլադիմիր Գուրգենովիչ, – միջամտեցի ես, – անձամբ ինքս մի քանի անգամ խոսել եմ ձեզ հետ այդ թեմայով, ինչպես ասում են՝ անօգուտ, կոլեգիայում նույնպես քանիցս խոսք է եղել՝ ծույլ ու անկարողի մեկն է, ոչինչ չի ուզում անել: Եթե, իրոք, անհնարին է ուրիշ խմբագրություն տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք նրան պահել մեզ մոտ՝ ապահովելով հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝ հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:

– Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք:


* * * * *


Սիլվան եկավ ընդմիջումից անմիջապես հետո:

– Ահա և Սիլվան, – ներկայացնելով նրան, ասաց Արինան:

Կրծքի վրա խոր բացվածքով շոր էր հագել: Ոչ այնքան բարձրահասակ, խոշոր այտոսկրերով, շրջազգեստի կտրվածքից երևացող փարթամ կրծքերով, պագշոտ բերանի մի անկյունում, վերին շրթունքի վրա, գնդասեղի մեծության արհեստական սև խալով, շուրթերը բալի գույնի շրթներկով հաստացրած, աչքերը տուշով եզրագծած, կոպերին՝ վառ ստվերաներկ, արտևանունքները երկար ու խնամքով կորացրած. երևում էր, ահագին ջանք էր թափել տպավորություն գործելու համար:

– Բերե՞լ եք փաստաթղթերը:

– Այո, – դուր գալու բնազդային զգացումով ակնապիշ նայելով ինձ՝ նա ժպտաց, պայուսակից հանդիսավորությամբ, դանդաղ հանեց դրանք՝ անձնագիր, աշխատանքային գրքույկ, դիպլոմ, և դրեց իմ սեղանին:

– Գնանք, – վերցնելով փաստաթղթերը՝ ասացի ես:

– Ես սպասե՞մ այստեղ, – չգիտես ինչու շփոթված ու մի տեսակ ընկճված տոնով հարցրեց Արինան ու ինքն էլ պատասխանեց, – չէ, ավելի լավ է գնամ, մեքենագրելու բան ունեմ: Սիլվա, կգաս ինձ մոտ:

Մենք քայլեցինք մարդաշատ երկար միջանցքով, վերելակի մոտ աստիճաններով իջանք չորրորդ հարկ, հետո՝ ձախ, անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ, փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության երեք սենյակները: Սեիդոզաևայի առանձնասենյակում՝ սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար:

– Հիմա կգա, – կողքի սենյակից ծամոնը բերանում, վիզը երկարած՝ էրոտիկ դնչիկին արեգակնային ժպիտ, ասաց Ալվինա Օսիպովան, աչքերով չարաճճիորեն հարցնելով՝ էդ ո՞վ է:

Մենք կրկին դուրս եկանք աղմկոտ միջանցք՝ սպասելով գլխավոր հաշվապահին:

Փորձադահլիճներից երգ ու նվագի պատառիկներ էին հասնում: Ինչ-որ տեղ, հաստ պատերից այն կողմ, խուլ ու տաք ղողանջում էր մանկական երգչախումբը. «Ջյու-ջյու, ջյուջյալյարիմ, մյանիմ գյաշյանգ ջյուջյալյարիմ, ջյու-ջյու-ջյու, ջյուջյալյարիմ…»: Հետո միանգամից քաղցրածոր կլկլացրեց Բաբա Միրզոևը. «Աման Թելլո¯, Թելլո ջան, Թելլո¯…»:

– Ողջույն, ծերուկ: – Սիավուշն էր՝ ռուսական հեռուստահաղորդումների խմբագրությունից:

Սիավուշի ձայնի վրա ետ շրջվեցի:

– Բարև, Սիավուշ, – ուրախ ողջունեցի, – որտե՞ղ ես, երկու շաբաթ է, չեմ տեսնում քեզ:

– Գրողների միություն եմ փոխադրվել, – պատասխնեց նա՝ թռուցիկ մի հայացք ձգելով Սիլվայի վրա ու գլխով բարևելով նրան:

– Ինչո՞ւ, – վշտացա ես: – Մի՞թե այստեղ վատ էր:

– Այնտեղ ավելի ազատ եմ: Գրողների միությունում աշխատանքը սկսվում է ժամը տասին, ավարտվում՝ չորսին: Ընդամենը վեց ժամ՝ ընդմիջման հետ միասին: Շաբաթվա մի օրն էլ՝ ստեղծագործական օր: Գրելու հնարավորություններն ավելի շատ են: Գրողների միության նախագահի խորհրդական՝ թեթև գործ: Լսիր, ծերուկ, – ցուցամատով ակնոցն ուղղելով ավելացրեց Սիավուշը: – Մի չորս հարյուր ռուբլի փող ունեմ ստանալու՝ սցենարի դիմաց, երկու անգամ է գալիս եմ, ասում են՝ փող չկա: Խոսիր Սաիդայի հետ, նա քեզ սիրում է, չի մերժի:

– Կխոսեմ:

– Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն: Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է:

Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում:

– Ասացի՝ կխոսեմ: Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:

– Էհ, դու տանը նստո՞ւմ ես որ, – բազմանշանակ նայելով՝ ասաց Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:

– Այդ ո՞վ էր, – նրա գնալուց հետո հարցրեց Սիլվան:

– Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում: Սքանչելի տղա է: Նմանը չկա:

– Դեմքը շատ դուրեկան ու ծանոթ է:

– Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:

– Երևի… Արինան ձեր մասին ինձ շատ է պատմել, – անսպասելի ասաց Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:

Դադար:

– Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:

Նորից դադար:

– Ես հիմա եմ հասկանում նրան, – կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց, – իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:

– Ի՞նչ իմաստով, – չհասկացա ես:

Սիլվան փռթկաց, կկոցեց աչքերը՝ լիաշուրթ շառագույն բերանն այս ու այն կողմ տանելով.

– Այն իմաստով, ինչ իմաստով գեղեցիկ կինը կարող է գլուխը կորցնել գեղեցիկ տղամարդկանց շրջապատւմ:

– Կարող եք չանհանգստանալ, – ասացի ես քմծիծաղով: – Հաշվապահությունում բոլորը կանայք են:

– Այդ լավ է, – թեթև հոգոցով արտասանեց Սիլվան: – Թե չէ, գիտե՞ք, ամուսինս աներևակայելի խանդոտ է:

Նա պարզամիտ անպատկառությամբ սիրասուն կին էր խաղում. ես այդ հասկանում էի, բայց լռեցի, որովհետև դա բոլորովին ինձ չէր վերաբերում:

– Գիտե՞ք ինչ, – շրթունքները կիսաբաց ու հնազանդ հայացքով տակնիվեր նայելով՝ շարունակեց Սիլվան, – եթե հազար մարդ քո մասին լավ խոսի ու միայն մեկը՝ վատ, հենց այդ մեկին էլ մարդիկ կհավատան և կուրախանան: Էհ, երևելի մարդկանց ու գեղեցիկ կանանց շուրջը բամբասանքներ միշտ էլ լինում են:

Կադրերի բաժնի դուռը բացվեց, այնտեղից շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:

– Սաիդա, ձեզ ենք սպասում, – ասացի ես:

Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտներն ալարկոտ շարժելով, մոտենում էր:

– Էս աղջի՞կն է, – հավասարվելով մեզ՝ հայերեն հարցրեց նա:

Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:

– Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը:

– Գնանք, – ասաց Սաիդան՝ գնահատող հայացքով նայելով Սիլվային, հետո նայեց ինձ, երկիմաստ ժպտաց:

Սաիդան վրան քիփ նստած մոխրակապտավուն տաբատով էր, տաբատը պատռտվում էր նրա կոնքերի պրկությունից:

Առանձնասենյակում Սաիդան աչքի անցկացրեց Սիլվայի փաստաթղթերը:

– Հաշվապահական ստաժ չունեք, – աշխատանքային գրքույկը թերթելով՝ ասաց Սաիդան գործնականորեն, – կընդունենք որպես հաշվետար, կսովորեք, իսկ մի քանի ամիս անց կփոխադրենք հաշվապահի օգնական: Ես կխոսեմ կադրերի բաժնում, կարծում եմ, կոմիտեի նախագահը նույնպես չի առարկի: Արդյունքների մասին ես կհայտնեմ Լեոյին: Հարկավոր կլինի դիմում գրել, անկետա լրացնել: Այդ ամենը հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:

– Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:

– Ասեք թող գա, – լայն ժպտաց նա: – Խմելիս չմոռանաք իմ կենացը:

– Շնորհակալ եմ: Չենք մոռանա:

Օրվա վերջում Արինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:

– Ի՞նչ է եղել, Արինա, – հարցրի անհանգստացած: – Բա՞ն է պատահել:

– Պատահել… ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:

– Ո՞ւմ, – հարցրի ես՝ հասկանալով, իհարկե, որ խոսքը Սիլվային է վերաբերում:

– Սիլվային:

– Ինչո՞ւ:

– Ինչու… որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ, – կատաղի պոռթկաց նա:

Ես անկարող եղա զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Արինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝ ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ:


* * * * *


Հայրս աշխատանքից վաղուց էր եկել, բայց չէր նստել ճաշի, սպասում էր ինձ: Գրկեց, թփթփացրեց մեջքս, ուրախացած ետ ու առաջ էր քայլում սենյակում, մինչև ես կփոխեի շորերս:

– Անցած շաբաթ էինք սպասում, – ոչ չար հանդիմանությամբ նայեց ու, չսպասելով պատասխանի, շարունակեց, – բա չգիտե՞ս, որ մի ամիս չենք տեսնում՝ էլ չենք դիմանում:

Մայրս ծիծաղեց, խոհանոցից ներս մտնելով ասաց.

– Սա չգիտեմ ում է եկել: Այ մարդ, քու ախպեր Վալոդը երկու կիլովանոց հավը դնում է առաջը, երեխեքը բերանները բաց նայում են, մինչև ինքը չկշտանա, մի կտոր չի տա նրանց, իսկ սա՝ ասես մի մորից չեն ծնվել, երեխոց համար ուշքը գնում է: Մեր փողերը, Լեո, լրիվ հեռախոսազրույցների են գնում, շաբաթվա տակին-գլխին՝ Չարենցավան, Ստավրոպոլ, Բաքու՝ էս է:

– Կնկան խոսք չի հասնում, գործիդ կաց, – աչքով անելով ինձ, սաստեց հայրս, – մի տես ինչ կոնյակ եմ առել՝ «Հոբելյանական»: – Ոսկեզօծ հայերեն տառերով շիշը բուֆետից հանեց, դրեց սեղանին: – Տղաս եկել է, միասին խմելու ենք:

– Էնպես է խոսում, ասես մի տարի չի տեսել, – խոհանոցից հնչեց մորս ձայնը, – այստեղից Բաքու՝ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է:

– Ծամը երկար, խելքը՝ կարճ, ո՞ւմ մասին են ասել, – ասաց հայրս ժպտալով: – Ինձ համար մի ամիսը՝ մի տարի է, ես սրտից թույլ եմ, չեմ դիմանում, պրծա՞նք:

– Պրծանք, – ներս գալով ծիծաղեց մայրս և սկսեց գցել սեղանը: – Անցած շաբաթ ինչո՞ւ չէիր եկել:

– Հյուր ունեի Երևանից:

– Ո՞վ էր, – հարևանցիորեն հարցրեց հայրս:

Հո չէ՞ի պատմելու Արմենի մասին:

– Գրող Լեոնիդ Հուրունցը:

– Հուրո՞ւնցը, – զարմացած ասաց հայրս:

– Այո,– պատասխանեցի: – Ասում է հաջորդ անգամ եկա՝ ամուսնացած լինես:

– Մի տես է, տես ինչ լավ մարդ է, է¯, – գլուխը գոհ շարժեց հայրս, – տես ինչ բարի սիրտ ունի: Մարդ էդպիսին պիտի լինի: Գիտե՞ս քանիսներին է նա լավություն արել: Ուրեմն Հուրունցին տեսել ես:

– Սուրեն Այվազյանն է մեկ-մեկ գալիս: Վերջերս Սերո Խանզադյանն էր մեզ մոտ: Մեր բարբառով է խոսում:

Հայրս հպարտությամբ նայեց մորս:

– Մի տես տղադ ի¯նչ մարդկանց հետ է ծանոթ: – Նա լցրեց բաժակները: – Արի մի բաժակ էլ դու խմիր:

– Գժվե՞լ ես, այ մարդ, – ջղայնացավ մայրս: – Էդ էր պակաս:

– Էհ, մի խմիր,– տեղի տվեց հայրս, – ավելի լավ՝ մեզ կմնա, – ծիծաղեց նա, նստեց սեղանի գլխավերևում, բարձրացրեց բաժակը:

– Խմենք էն ծնողի կենացը, որ նամուսով զավակ ունի ու էն զավակի կենացը, որ ինքը բարձրանալով վեր, բարձրացնում է իր ծնողաց անունը, – հայրս ակնհայտ գոհունակությամբ նայեց ինձ, բաժակը խփեց իմ բաժակին, բայց չխմեց: – Ես մի մարդ գիտեմ, – ասաց նա, – նամուսով, ղեյրաթով մարդ, որը երեսուն տարեկան իր անբան ու հարբեցող որդու երեսին, արցունքն աչքին, ասել է. «Քո ծնված օրը, ես մեռած պիտեի»: Սողոմոն իմաստունը մի իմաստուն խոսք ունի, ասում է՝ նամուսով որդին հոր համար բախտավորություն է, աննամուսը՝ մոր դժբախտությունն է: Էդպես է, մատտաղ, զավակի բերած ցավը ամենեծանրն է, էդ ցավին դժվար է դիմանալ: Հորը թվացել է, թե չարչարանքով տղա է մեծացնում, բայց չէ՝ գետի վրա նստած ալյուր է մաղել: Կարծում ես նրա ասած խոսքն ազդե՞լ է որդու վրա: Ամենևին: Բա դա էլ կա է, մատտաղ: Մարդ կա, որ հազար արժե, հազար մարդ կա, որ միասին վերցրած՝ մի քոռ կոպեկ չարժեն: Լավ ժառանգ լինելն ու լավ ժառանգ ունենալն էլ բախտի բան է: Թե չէ՝ աշխարհիս ստեղծման օրից էդպես եղել ու էդպես էլ կշարունակվի՝ հասկացողը միշտ տանջվել է անհասկացողի ձեռքին: – Նա մի ումպով խմեց կոնյակը: Խմեց, կնճռոտեց դեմքը: – Չէ, սրանից թախտաբիթիի հոտ է գալիս, – ասաց նա, վեր կացավ, բուֆետից մի շիշ օղի հանեց: – Մարդիկ սա ո՞նց են խմում, – շարունակեց հայրս գլուխն օրորելով: – Դու կոնյակ կխմես, ես՝ օղի: Չնայած շատ չեմ խմում՝ երկու-երեք բաժակ: – Ուրեմն Հուրունցին տեսել ես, – քիչ առաջվա խոսակցությանը վերադառնալով՝ ասաց նա: – Ղարաբաղում նրա անունով երդում են ուտում, քանի անմեղ մարդու է բանտից ազատել տվել, գիտե՞ս: Բա թթի այգինե՞րը: «Իզվեստիա» թերթում մի քանի հոդված տպագրեց, չթողեց, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը վերացնի թթի այգիները, ոնց որ հետո խաղողի այգիները վերացրին: Առանց թթատերևի ո՞նց կլինի՝ Ղարմետաքսկոմբինատը կկանգներ, նրա մասնաճյուղերը՝ Խնձրիստան, Տումի, Չանախչի ու Քարինտակ գյուղերում, նույնպես կկանգնեին: Հարյուրավոր մարդիկ անգործ կմնային: Բա թո՞ւթը, դոշա՞բը, չամի՞չը, թթի անմահական արա՞ղը: Մտածում եմ՝ ինչքան խիղճը կորցրած մարդիկ պիտի լինեն, որ նստեն որոշում հանեն՝ հազար տարվա էդ այգիները ոչնչացնելու մասին, փաստորեն մարդկանց զրկելով ապրուստից: Ասենք, մեր բոլոր որոշումներն էլ միշտ հասարակ մարդկանց դեմ են եղել: Ինչը մարդկանց օգտին է՝ չի գործում, ինչը դեմ է՝ տեղնուտեղը:

– Այ մարդ, քիչ խոսիր, թող երեխան մի քիչ հաց ուտի:

– Ես խանգարո՞ւմ եմ՝ թող ուտի: Զրուցում ենք, սեղանը հո նրա համա՞ր չի, որ նստես ու միայն մտածես ուտելու մասին, – բացատրեց հայրս: – Զրույցի համար է նաև. խոսք ասես, խոսք լսես, բան սովորեցնես ու բան սովորես: Ձին էլ է ուտում, կովն էլ է ուտում, բայց մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում՝ բանականությամբ՝ մտածելով, ասելով ու լսելով, հիշողությամբ ու հասկացողությամբ: Թե չէ՝ նույն անասունն է: Աստված սիրես, մի խանգարիր, թե չէ՝ վեր եմ կացել, հա¯… – շինծու զայրութով հոխորտաց հայրս:

– Մի լսող էլ լինի, կասի՝ էս ի՞նչ գազան մարդ է, – ծիծաղեց մայրս՝ սիրով լի հայացքով նայելով հորս, – հարցնող լինի՝ կյանքում գոնե մի անգամ մատով կպած կա՞ս: Մի չոր խոսք ասած կա՞ս:

– Ինչո՞ւ պիտի կպչեմ ու ինչո՞ւ պիտի ասեմ, – ժպտերես նայելով մորս՝ խաղաղ ասաց հայրս: – Իմ հասկացող սիրելի կնիկս ես ու իմ լավ ու վատ օրերի հավատարիմ ընկերը:

Մայրս շոյված, խոր հիացմունքով ու քնքշանքով նայեց հորս, հետո նայեց ինձ, շփոթված ժպտաց:

– Հայ ճանաչված գրողներից ես մենակ Սիլվա Կապուտիկյանին եմ տեսել մոտ երեսուն տարի առաջ, մեր դպրոցում: Բագրատ Ուլուբաբյանի ու Սարգիս Աբրահամյանի հետ էր եկել: Ջահել, սիրուն՝ բա ոնց էր խոսում, ոնց էր արտասանում, մնացել էինք փշաքաղած: Նա առաջին հայ գրողն էր, որ Իսահակյանից հետո եկել էր Ղարաբաղ: Իսահակյանին քառասունութին լավ չէին ընդունել, մարզկոմի էշ քարտուղար Տիգրան Գրիգորյանը նրան հարցրել է. «Ղարաբաղ մտնելու թույլտվություն ունե՞ք»: Հայ մարզի հայ քարտուղարը յոթանասուներկուամյա հայ մեծ բանաստեղծին էդպիսի հարց է տվել: Մի բան ասեմ, կարող է չիմանաս, – աշխուժացավ հայրս,– մեր շրջանի Թալիշ գյուղում Իսահակյանը խլեղը հագին մի շա¯տ պառավ կնոջ ձեռքը համբուրում է: «Կյանքումս երկու հոգի են ձեռքս պաչել, – ասում է պառավը: – Մեկը դու ես, մեկն էլ մորուքով մի մարդ էր»: Րաֆֆին է եղել: Պատկերացնո՞ւմ ես: Զորայր Խալափյանն էլ էդ գյուղից է, գիտե՞ս, – հանկարծակի հիշելով ավելացրեց հայրս, – շատ տաղանդավոր գրող է, շա¯տ, նրա գրվածքները երբ եմ, է¯, կարդացել, բայց մինչև հիմա լրիվ հիշում եմ: Նրա հերոսները՝ Ստեփանը, Անտիկը, Նորան, Վասիլը, Հաբեթը, Հունանի երեք որդիները, մյուսները, բոլորն աչքիս առաջ են… Մարդ երանի թե կարողանար էդպես գրել:

Հայրս օղի լցրեց, հոտ քաշեց, հրեց մի կողմ.

– Չէ, չեմ խառնելու: Տղաս կոնյակ է խմում, ես էլ եմ կոնյակ խմում, ախպերություն պիտի անենք:

Ես հորս համար կոնյակ լցրի: Նա վերցրեց բաժակը, ասաց.

– Ոմանք կարծում են, թե կյանքը շա¯տ երկար է: Էդպես չի: Աշխարհն է հավիտենական, իսկ կյանքը կարճ է: Մարդիկ չեն հասկանում, ընդհակառակը՝ ոչ թե կարճ է, այլ շատ կարճ է: Ջահել ժամանակ է թվում, թե կյանքը երկար է, այնինչ՝ չէ¯, իրոք որ շատ կարճ է, մի սխալմունք արեցիր՝ վերջ, չես հասցնի ուղղել: Դրա համար էնպես պիտի ապրես, որ էդ սխալմունքը չանես, չնայած, իհարկե, դժվար խնդիր է, բայց պիտի ձգտես, պիտի միշտ մաքուր լինես, ինչքան էլ անմաքուր լինի շուրջդ, անարդար չլինելու համար, պիտի որ արդար լինես, ուրիշ կերպ չի լինի, պիտի ամեն ինչ անես, որպեսզի հետո, կյանքիդ մայրամուտին, ոչ թե մեկ ուրիշին, այլ ինքդ քեզ ասես՝ ճիշտ ապրեցի կյանքս, հալալ քրտինքով ապրեցի ու ոչ ոքի ոչ մի վնաս չտվի, որովհետև կյանքն իսկականից մի անգամ է տրվում, երկրորդ կյանք չկա: Ավելի ճիշտ, կարևոր էլ չէ՝ կյանքը կա՞րճ է, թե երկար: Կարևորն անսխալ ապրելն է: Բայց դե, ափսոս, որ մարդ շատ ուշ է զգում դա, երբ ետ գնալու ո՛չ հնար կա, ո՛չ ժամանակ: Աստծու խոսքն Ադամին՝ քու հացը երեսիդ քրտինքով վաստակես, մարդ չպիտի մոռանա, որովհետև անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա: Հրեն, նայիր, քո նվիրած Աստվածաշունչն էն մյուս սենյակում դրած, միշտ կարդում եմ. աշխարհիս ամենահնագույն ու ամենախելոք գիրքն է: Էնտեղ եմ կարդացել. հողին թափված ջրի պես լինենք, այլ ոչ թե քամու բերանն ընկած ավազի նման: Բա սա՝ սիրէցէք զմիմեանս… Ի միջի այլոց, սրբազան ղուրանում էլ նույնն է ասվում՝ օգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ: Մի տես թե ի¯նչ խոսքեր են… Կենացդ, պապան մատտաղ, Աստված թող շառ ու փորձանքից հեռու պահի քեզ, որովհետև ազնիվ մարդու համար ամենամեծ վիրավորանքն անազնվության մեջ անհիմն ու նաև երբեմն միտումնավոր կերպով մեղադրվելն է: Թող նա քեզ արդարության ճանապարհով միշտ առաջնորդի, որպեսզի ոտքդ քարի չկպչի երբեք, որովհետև երանելի է էն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում իր արած բարի գործերից, քաջ գիտենալով, որ իր արած բարությունը վաղն իր առաջն է գալու: Ոնց որ էդ սուրբ գրքերում է ասված, որ նման մարդը նման է ջրերի հոսանքի վրա տնկված բարատու ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի: Կենացդ, շուտ-շուտ արի, որ շատ չկարոտենք…

Հայրս խմեց, նորից կնճռոտվեց: Բայց չդժգոհեց:

– Ոնց որ թե էլ հոտ չկա, – ասաց նա:

– Որ մի բաժակ էլ խմես, մանուշակի հոտ է գալու, – լրացրեց մայրս ծիծաղելով:

– Ճիշտ է ասում, – բարեհոգի ժպտաց հայրս: – Լցրու, լավ է մարդու գլուխը դատարկ լինի, քան թե բաժակը:

Մայրս տապակած կանաչ լոբի բերեց: Խորունկ պնակի վրայից գոլորշի էր ելնում: Թարմ լոբու բուրմունքը տարածվեց սենյակում:

– Փա¯հ… Ղարաբաղի հոտ եկավ, – ոգևորված ասաց հայրս: – Բայց, դե, Ղարաբաղի լոբու համն ուրիշ է, օդն ու ջուրն ուրիշ է: Համեմատել չի լինի: Ժողովուրդն էլ ուրիշ է՝ ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հերոսական: Հայրենական մեծ պատերազմում ո՞ր փոքր ժողովուրդն էդքան հերոս տվեց: Բա մարշալնե՞րը: Բա գեներալնե՞րը՝ մի քանի տասնյակ: Սովետական Միության քսանից ավելի հերոս, մեկն էլ կրկնակի՝ Նելսոն Ստեփանյանը: Բա ցարական բանակի մեր փառապանծ զորավարնե՞րը՝ Մադաթով, Բեհբութով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով՝ ո՞ր մեկն ասես: Բա Մյուրա՞տը, Նապոլեոնի մամլյուկներ Ռուստամն ու Պետրո՞սը… Իսկ բնակչությունը՝ ընդամենը հարյուր երեսուն հազար, որևէ տեղ էդպիսի բան տեսե՞լ ես: Չես տեսել:

Загрузка...