Աշխատության մեջ բազմաթիվ սկզբնաղբյուրների և օժանդակ նյութերի քննական վերլուծության միջոցով ներկայացված է Հայաստանի Սյունյաց նահանգի սոցիալ-քաղաքական հարաբերությունների և մշակութային կյանքի համապարփակ պատմությունը զարգացած ավատատիրության դարաշրջանում։
Պատմական փաստագրված իրողությունը վկայում է, որ վաղընջական ժամանակներից Սյունիքը բնակեցված է եղել Հայկ-Սիսակյան զարմի շառավիղներով, որոնք առ այսօր պահպանել են իրենց ազգային դիմագիծն ու հոգեկան կերտվածքը։ Հայկական լեռնաշխարհի այս տարածքը խոշոր դեր է կատարել իբրև քաղաքակրթության օրրաններից մեկը։ Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը Սյունյաց (Շաղատի) վարդապետարանին վստահեցին Ս. Գրքի՝ Աստվածաշնչի թարգմանությունը, որն իր կատարելությամբ կոչվեց «Թագուհի թարգմանութեանց։
Սյունիքը, աննշան բացառությամբ, մշտապես գոյություն է ունեցել Հայկական միասնական պետության կազմում։ Նրա երբեմնի անջատական ձգտումները պայմանավորված են եղել ոչ թե երկրամասի Էթնիկական առանձնահատկությամբ, ինչպես անհիմն կերպով ջանում են մեկնաբանել ժամանակակից մի խումբ պատմաբաններ (Զ. Բունիյաթով, Դ. Ախունդով, Ֆ. Մամեդովա և այլք), այլ ռազմաքաղաքական հզորությամբ։ Որպես Մեծ Հայքի ընդարձակ նահանգներից մեկը, Սյունիքը երբեք չի եղել «Կովկասյան Ալբանիայի» կազմում և երբեք էլ չի կոչվել «ալբանական ծայրամաս։ Այդ մտացածին տեսությունները և անլուրջ վարկածները ակներևաբար ներմուծված են արտաքուստ՝ պանթուրքական արդի քաղաքականության տարածքային հավակնությունները տեսականորեն ամրապնդելու և կովկասագիտության մեջ գիտակցաբար խառնաշփոթ ստեղծելու նպատակով։
Անառարկելի իրողություն է, որ քաղաքակրթված բոլոր ժողովուրդների պատմություններում ավատատիրությունը բնութագրվում է հակադրությունների խորացման, կենտրոնախույս միտումների ցայտուն արտահայտությամբ։ Նույն երևույթը տեսնում ենք նաև հայկական միջնադարում ։ Ժամանակակից ադրբեջանական պատմագրության մեջ ոմանց կողմից բացարձակապես անհիմն կերպով հայազգի մի շարք նշանավոր մտավորականներ Մովսես Կաղանկատվացի, Մխիթար Գոշ, Կիրակոս Գանձակեցի և այլք, հորջորջված են ոչ հայեր լոկ այն պատճառով, որ նրանք ծնվել են Պատմական Հայաստանի Արցախ նահանգում։ Այդ հավակնոտ և շինծու «տեսությունները» զուրկ են պատմական որևէ փաստից և գիտության հետ ոչ մի առնչություն չունեն։ Սյունիքի պատմությունը միևնույն հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մասն է։ Այդ են վկայում քաղաքական-տնտեսական, իրավական, մշակութային բազմաթիվ սկզբնաղբյուրները մագաղաթյա մատյանները, հիշատակարանները, հազարավոր վիմագրությունները, որոնցով իրավունք ունի հպարտանալու յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովուրդ։ Դատապարտելի երևույթ է, երբ այդպիսիք որոշակի նկատառումներով ցանկանում են յուրացնել ուրիշի պատմությունը ժամանակակից բզկտված քարտեզի հիման վրա։ Սյունիքի պատմությունը համահայաստանյան պատմության ցայտուն էջերից է, և ոչ ոք չի կարող անդամահատել հայ ժողովրդի անցյալը՝ բացահայտ կեղծիքի և շաղակրատանքի անփառունակ միջոցներով։
Ներկա աշխատության էջերում քննության առարկա են դարձել Սյունիքի ֆեոդալական տների, թագավորության ժամանակաշրջանի քաղաքական անցքերի, հայ և վրաց ժողովուրդների համատեղ պայքարի, ապա նաև Օրբելյանների իշխանապետության հաստատման և կործանման պրոբլեմային հարցերը։ Սյունիքի քաղաքական անկումը տեղի ունեցավ սելջուկ-թուրքերի, թաթար-մոնղոլների և արեվելյան ռազմատենչ ցեղերի ու ցեղախմբերի ասպատակությունների պատճառով:
Մատենագրական աղբյուրները և հատկապես վիմական արձանագրությունները վկայում են, որ 12 — 13-րդ դարերում ֆեոդալական հարաբերությունները առավել խորացան այստեղ՝ Սյունիքում, ուր քաղաքական հանգամանքների բերումով կենտրոնացվել էին Պատմական Հայաստանի հին ու նոր ազնվական տների ներկայացուցիչներից շատերը Զաքարյանների ընդհանուր ղեկավարությամբ (Խաղբակյաններ, Օրբելյաններ, Ախթամարյաններ, Մեհևանյաններ և այլք): Ներավատական մրցակցությամբ ստեղծված իրավիճակը բարեբերող հանդիսացավ աոաջին հերթին հոգևոր նվիրապետության համար, ընդարձակ կալվածների ու շահութաբեր հաստատությունների տեր դարձան նահանգի եպիսկոպոսական աթոռը, վանական միաբանություններն ու եկեղեցիները (Տաթև, Վահանավանք, Նորավանք, Ցաղաց քար, Թանահատ և այլն), որոնց վստահված էր երկրի նաև գիտության ու դպրության կազմակերպման կարևոր բնագավառը։ Անկախ երկրի քաղաքական մասնատվածությունից, հայ եկեղեցին իր մենաշնորհային իշխանությունն էր իրականացնում ժողովրդից գանձվող հարկերի ու տուրքերի մի մասի նկատմամբ ձգտելով կիրառել ռենտայի երեք հայտնի ձևերն ու եղանակները։
Սկզբնաղբյուրներում եղած մասնակի հիշատակությունների հիման վրա հնարավոր է ենթադրել, որ Սյունիքում նույպես գոյություն է ունեցել ճորտատիրություն, սակայն այն չի ունեցել դասական ճորտատիրության երկրներին հատուկ բնորոշ կողմերը՝ երկրի կայուն քաղաքական հիմքի բացակայության պաաճառով: Այստեղ գերակշռում էին առատ գյուղացիական համայնքները, որոնց աշխարհիկ տերերին և եկեղեցուն տալիս էին սահմանված հարկերն ու տուրքերը և անհրաժեշտ դեպքերում կատարում նաև արտատնտեսական բնույթի աշխատանքներ։ Տիրապետող դասակարգերի դեմ Սյունիքում ծայր առած գյուղացիական հուզումները տեղի են ունեցել սոցիալական հողի վրա, որոնք նպաստավոր պայմաններում կարող էին ունենալ քաղաքական ուղղվածություն։ Այսպես են բռնկվել ցուրաբերդցիների, տամալեկցիների և այլ «հին հայրենի տէրք» ազատ գյուղացիական համայնքների ընդվզումները, որոնք, ըստ էության, բուռն արձագանքներն էին թոնդրակեցիների հզոր շարժման։
Խելացիորեն օգտագործելով մոնղոլ խաներից տրված «ինջու»-ական իրավունքը, Սյունիքի հոգևոր և աշխարհիկ տերերը առանձնակի ուշադրություն դարձրեցին լուսավորության և դպրության գործին։ Համազգային հռչակ վայելեցին Գլաձորի ու Տաթևի համալսարանները, Հերմոնի, Սպիտակավոր Աստվածածնի, Եղեգիսի ու Սրկղոնքի գրչության օջախները, որոնք նպաստավորվում և հովանավորվում էին Պռոշյանների, Օրբելյանների և նահանգի եպիսկոպոսական աթոռի կողմից։ Հոգևոր-մշակութային կյանքի բուռն վերելքին մեծապես նպաստում էր այն կարևոր հանգամանքը, որ Սյունիքի և´ քաղաքական իշխանությունը, և՛ հոգևոր նվիրապետությունը գտնվում էին միևնույն՝ Օրբելյան տոհմի ձեռքին։
Ժամանակի հայ մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները (Ֆրիկ, Կիրակոս Գանձակեցի, Խաչատուր Կեչառեցի, Ստեփանոս Օրբելյան և այլք), ականատես լինելով ժողովրդական լայն զանգվածների սոցիալ-քաղաքական ծանր վիճակին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տիրապետող մոնղոլ իշխանավորների դեմ։ 13-րդ դարի երկրորդ կեսին բռնկած հակամոնղոլական ապստամբությունների առաջնորդներ դարձան մի շարք հայ իշխաններ, որոնք հանուն ազատության տանջամահ եղան մոնղոլ բռնակալների ճիրաններում։ Խանական արքունիքը ենթակա ժողովուրդներին զսպելու նպատակով մշտապես գործի էր դնում «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, իրար դեմ լարելով խոշոր ավատական տների ռազմունակ առաջնորդներին։
Հարուստ փաստագրական նյութերը հիմք են տալիս եզրակացնելու, որ Սյունյաց թագավորության կործանման, ապա նաև Օրբելյան իշխանապետության վերացման համար հող նախապատրաստեցին հետևյալ պատճառները.
1. Երկրի քաղաքական մասնատվածությունը.
2. Օտար նվաճողների ներխուժումները.
3. Հայաստանի ավատական տների միջև եղած հակամարտությունները և կենտրոնախույս ձգտումները։
Հայաստանը, ընդ որում նաև Սյունյաց նահանգը, աստիճանաբար կորցրեցին արտաքին թշնամուն դիմակայելու ունակությունը և դարձան օտար զավթիչների անընդհատ բախումների ասպարեզ, ծայր առավ զանգվածային արտագաղթը մայր երկրից։ Բնիկ տերերի փոխարեն հրամայող դիրքեր գրավեցին քոչվոր ցեղապետները։ Սակայն երկրի կենսունակ ուժերը՝ ռամիկն ու գյուղացին, երբեք չհեռացան հայրենի լեռներից, ապավինեցին նրանց և վերընձյուղվեցին՝ գալիքի անկոտրում հավատով։ Մնում էր երկու դար, որպեսզի սկսվեր փառահեղ դրվագներով լեցուն մի նոր պատմաշրջան, որի հերոսն էր լինելու թուրք-պարսկական զավթիչների ահ ու սարսափ Մեծն Սյունեցին՝ Դավիթ Բեկը։