— Չէ՛, չեմ հասկանում,— հառաչեց Բալոունը,— բութ գլուխ ունեմ։ Տասն անգամ պիտի ասեն, որ գլուխս մտնի։
— Մի քիչ չե՞ս պակսեցնի,— հարցրեց Շվեյկը։— Որ այդպես է, ես քեզ մի անգամ էլ բացատրեմ։ Դու, ուրեմն, լսեցիր, որ պետք է վարվես ըստ այն ոգու, որը բանակում տիրապետող է, որ ստիպված պետք է լինես հավատալ սուրբ Հովսեփին, իսկ երբ թշնամին քեզ շրջապատի՝ պետք է նայես ու տեսնես, թե հյուսնը որտեղ է մի ծակ թողել, որպեսզի ի սեր կայսրի կարողանաս քեզ պահպանել նոր պատերազմների համար։ Հիմա, երևի, հասկացար։ Եվ լավ կանես, եթե մեզ ավելի մանրամասն խոստովանես, թե ինչ անբարոյական բաներ ես արել քո այդ ջրաղացում։ Միայն թե մեզ այնպիսի բաներ չպատմես, որ նման լինեն այն անեկդոտին, թե մի բատրակուհի քահանայի մոտ խոստովանելու է գնացել և, իր զանազան մեղքերը թվելուց հետո, հանկարծ ամաչել է և ասել, թե ամեն գիշեր մի շատ անբարոյական բան է արել… Դե իհարկե, այդ լսելուն պես տերտերիս բերանի ջուրը վազել է․․․ Եվ նա սկսել է աղջկան համոզել, թե. «Մի ամաչիր, սիրելի դուստր իմ, չէ՞ որ ես աստծո սպասավորն եմ, մանրամասն պատմիր այն մեղքերը, որ գործել ես ընդդեմ բարոյականության»։ Իսկ աղջիկը լաց է եղել, թե իբր ամոթ է, թե իր արածը սոսկալի անբարոյականություն է։ Տերտերս նորից սկսել է նրան համոզել, թե, ախր, ինքը նրա խոստովանահայրն է։ Վերջապես աղջիկը, ամբողջ մարմնով դողալով, պատմել է, թե ամեն գիշեր շորերը հանել ու մտել է անկողին։ Եվ դարձյալ տերտերս նրա բերանից խոսք չի քաշել։ Աղջիկն սկսել է ավելի բարձր ձայնով գոռալ։ Իսկ տերտերը նորից, թե․ «Մի՛ ամաչիր, մարդս ի ծնե անոթ է մեղաց, բայց անսահման է ողորմությունն աստծո»։ Վերջապես աղջիկը սիրտ է արել և լալով ասել․ «Երբ ես շորերս հանած անկողին էի մտնում, քչփորում էի ոտներիս մատների արանքի կեղտը և դեռ հոտ էլ քաշում»։ Ահա նրա ամբողջ անբարոյականությունը։ Բայց հուսով եմ, որ դու, Բալոուն, ջրաղացում այդպիսի բաներ չես արել և մեզ ավելի լուրջ բան կպատմես, իսկական անբարոյականության մասին։
Բալոունը, իր ասելով, անբարոյականություն էր արել գեղջկուհիների նկատմամբ։ Անբարոյականությունն այն էր եղել, որ նա նրանց ալյուրին վատ տեսակի ալյուր էր խառնել։ Դա էր ահա պարզասիրտ Բալոունի ասած անբարոյականությունը։
Ամենից շատ հիասթափվեց հեռախոսավար Խոդոունսկին, որը դեռ փորձում էր ջրաղացպանից խոսք քաշել, թե նա ջրաղացում այդ գեղջկուհիների հետ իսկապե՞ս ոչինչ չի արել ալյուրի պարկերի վրա։ Բալոունը, ձեռքը թափ տալով, պատասխանեց․ «Այդքան խելք չունեի»։
* * *
Զինվորներին հայտարարեցին, թե ճաշը տրվելու է Պալոտոն անցնելուց հետո, Լուպկայի լեռնանցքում, և այդ պատճառով գումարտակի ավագ գրագիրը, բոլոր վաշտերի խոհարարները և պոդպորուչիկ Ցայտհամլը, որը վարում էր գումարտակի տնտեսությունը, ճանապարհ ընկան դեպի Մեդձիլաբորեց գյուղը։ Իբրև պարեկ նրանց տվել էին չորս զինվոր։
Կես ժամ էլ չէր անցել, երբ նրանք վերադարձան հետևի ոտքերը կապած երեք խոճկորների և այն ռուսինի ողբացող ընտանիքի հետ, որից բռնագրավել էին խոճկորները։ Նրանց հետ էր և Կարմիր Խաչի բարաքի չաղլիկ բժիշկը, որը տաք-տաք ինչ-որ բան էր բացատրում ուսերը թոթվող պոդպորուչիկ Ցայտհամլին։
Վեճն իր գագաթնակետին հասավ շտաբի վագոնի մոտ, երբ զինվորական բժիշկը սկսեց կապիտան Սագներին ապացուցել, թե այդ խոճկորները հատկացված են Կարմիր Խաչի հոսպիտալին։ Իսկ գյուղացին ոչինչ չէր ուզում լսել և պահանջում էր, որ խոճկորներն իրեն վերադարձնեն, քանի որ դրանք իր վերջին ունեցվածքն են և որ ոչ մի դեպքում իր խոճկորները չի տա այն գնով, որ իրեն վճարել են։
Այդ ասելիս նա կապիտան Սագների ձեռքն էր խոթում խոճկորների համար ստացած փողը, իսկ նրա կինը կապիտանի մյուս ձեռքը բռնել ու համբուրում էր հնուց ի վեր այդ երկրին հատուկ ստորաքարշությամբ։
Կապիտան Սագները վախեցած էր այդ ամբողջ պատմությունից, և նրան դժվարությամբ հաջողվեց պառավին դեն հրել։ Բայց դա քիչ օգուտ տվեց։ Պառավին փոխարինեցին երիտասարդ ուժեր, որոնք իրենց հերթին սկսեցին ծծել նրա ձեռքը։
Պոդպորուչիկ Ցայտհամլը կոմերսանտի տոնով ասաց.
— Այս գյուղացուն դեռ տասներկու խոճկոր մնացել է, և նրան, համաձայն դիվիզիայի տնտեսական մասի № 12420 հրամանի, միանգամայն ճիշտ են վճարել։ Համաձայն այդ հրամանի 16-րդ պարագրաֆի, խոզեր պետք է գնել պատերազմից չտուժած վայրում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարելով ոչ ավելի, քան 2 կրոն 16 հելլեր։ Պատերազմից տուժած վայրերում կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա պետք է 36 հելլեր հավելում անել, որով մեկ կիլոգրամի արժեքը կդառնա 2 կրոն 52 հելլեր։ Ծանոթություն. Այն դեպքում, երբ հաստատվի, որ պատերազմից տուժած վայրերում տնտեսությունը անվնաս է մնացել, պահպանելով խոզերի լրիվ գլխաքանակը, խոզերը կարող են ուղարկվել անցնող զորամասի մատակարարման համար, իսկ բռնագրավված խոզի մսի համար պետք է վճարել ինչպես պատերազմից չտուժած վայրերում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա անելով 12 հելլեր հատուկ հավելում։ Իսկ եթե վիճակը պարզ չէ, տեղում անհապաղ կազմել հանձնաժողով՝ մասնակցությամբ շահագրգռված անձի, անցնող զորամասի հրամանատարի և այն սպայի կամ ավագ գրագրի (եթե խոսքը վերաբերվում է փոքր զորամասի), որին հանձնարարված է տնտեսական մասը։
Այդ ամենը պոդպորուչիկ Ցայտհամլը կարդաց դիվիվիայի հրամանի պատճենից, որը շարունակ հետը ման էր ածում և գրեթե անգիր գիտեր։ Նա գիտեր նաև այնպիսի մանրամասնություններ, թե մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ գազարի գինը բարձրանում է մինչև տասնհինգ ամբողջ երեք տասնորդական հելլեր, «Offiziersmenagekücheabteilung»[108]-ի համար մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ ընդակաղամբի գինը բարձրանում է մինչև 1 կրոն 75 հելլեր։
Նրանք, ովքեր Վիեննայում կազմել էին այդ հրամանը, հավանաբար մերձճակատային գոտին պատկերացրել էին որպես գազարով ու ընդակաղամբով անչափ հարուստ մի վայր։
Պոդպորուչիկ Ցայտհամլը հուզված գյուղացու համար այդ հրամանը կարդաց, իհարկե, գերմաներեն և նույն լեզվով նրան հարցրեց, թե արդյոք հասկացա՞վ, և երբ նա բացասաբար գլուխը թոթվեց, նրա վրա գոռաց.
— Ուրեմն, հանձնաժողո՞վ ես ուզում։
Գյուղացին «հանձնաժողով» բառը հասկացավ և գլխով համաձայնության նշան արեց։ Մինչդեռ նրա խոճկորներն արդեն տարել էին դաշտային խոհանոցները գլխատելու։ Գյուղացուն շրջապատեցին բռնագրավման համար առանձնացված սվինավոր զինվորները, և հանձնաժողովը դիմեց դեպի նրանց գյուղը, որպեսզի տեղում պարզի՝ արդյոք նա մեկ կիլոգրամի համար 2 կրոն 52 հելլե՞ր պիտի ստանա, թե՞ միայն 2 կրոն 28 հելլեր։
Նրանք դեռ ոտք չէին դրել գյուղի ճամփան, երբ դաշտային խոհանոցներից լսվեց խոճկորների հոգևարքային եռակի ճղղոցը։ Գյուղացին հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է, և հուսահատ գոռաց.
— Գոնե ամեն մի խոզի համար երկու գուլդեն տվեք։
Չորս զինվորները ավելի սեղմ շրջապատեցին նրան, իսկ նրա ընտանիքը կտրեց կապիտան Սագների և պոդպորուչիկ Ցայտհամլի ճանապարհը, նրանց առաջ ծունկ չոքելով փոշոտ ճամփի վրա։ Մայրն ու նրա երկու աղջիկները գրկեցին նրանց երկուսի ծնկները, նրանց բարերարներ անվանելով, մինչև որ գյուղացին ռուսինների ուկրաինական բարբառով գոռաց, որ վեր կենան։ Թե, իբր, թող խոճկորները զինվորների բկին մնան…
Դրանով էլ հանձնաժողովը դադարեցրեց իր գործունեությունը։ Բայց գյուղացին հանկարծ ըմբոստացավ և սկսեց բռունցքներով սպառնալ։ Այնժամ զինվորներից մեկը հրացանի խզակոթով այնպես հարվածեց նրան, որ աչքերը մթնեցին, և ամբողջ ընտանիքը, երեսները խաչակնքելով, թողեց ու փախավ գերդաստանի հոր գլխավորությամբ։
Դրանից տասը րոպե հետո գումարտակի գրագիրը և հանձնակատար Մատուշիչը իրենց վագոնում արդեն խոզի ուղեղ էին անուշ անում։ Կուշտուկուռ խժռելով, ավագ գրագիրը ժամանակ առ ժամանակ թունալից դիմում էր կրտսեր գրագիրներին.
— Երևի դուք էլ կցանկանայիք ուղեղ լափել, ճի՞շտ է։ Չէ տղաներ, սա միայն ենթասպաների համար է։ Խոհարարներին հասնում է լյարդն ու երիկամները, ֆելդֆեբելներին ուղեղն ու գլուխը, իսկ կրտսեր գրագիրներին՝ միայն երկու զինվորաբաժին միս…
Կապիտան Սագներն արդեն հրաման էր տվել սպայական ճաշի մասին. «Քեմոնով խոզի տապակա։ Դրա համար ընտրել, ամենալավ, բայց ոչ այնքան ճարպոտ մսերը»։ Ահա թե ինչու այն ժամանակ, երբ Լուպկայի լեռնանցքում զինվորներին ճաշ էին բաժանում, նրանցից յուրաքանչյուրն իր կաթսայիկի մեջ հայտնաբերեց մսի երկու փոքրիկ կտոր, իսկ ով վատ աստղի տակ էր ծնվել միայն մի կտոր կաշի։
Խոհանոցում թագավորում էր բանակային սովորական խնամիությունը։ Բարիքներից օգտվում էին բոլոր նրանք, ովքեր մոտ էին կանգնած իշխող կլիկին։ Սպասյակները ման էին գալիս ճարպից պսպղացող մռութներով։ Բոլոր հանձնակատարների փորերը կարծես թմբուկներ լինեին։ Տեղի էին ունենում աղաղակող ստահակություններ։
Հոժարական Մարեկը, արդարասիրությունից դրդված, խոհանոցի մոտ սկանդալ բարձրացրեց։ Երբ խոհարարը նրա սուպով լցված կաթսայիկի մեջ խաշած սուկիի մի պատկառելի կտոր գցեց, ասելով․ «Սա մեր պատմագրին», Մարեկն ասաց, թե պատերազմի ժամանակ բոլոր զինվորները հավասար են, և դա համընդհանուր հավանություն հարուցեց և խոհարարներին հայհոյելու առիթ տվեց։
Հոժարականը մսի կտորը նորից գցեց իր տեղը, դրանով ցույց տալով, թե ամեն տեսակ արտոնություններից հրաժարվում է։ Սակայն խոհանոցում նրան չհասկացան և ենթադրեցին, թե գումարտակի պատմագիրը մսի առաջարկված կտորից դժգոհ է, ուստի խոհարարը նրա ականջին փսփսաց, թե թող ճաշը բաժանելուց հետո գա, թե այն ժամանակ նա նրա համար կկտրի բդի մի մասը։
Գրագիրների մռութներն էլ էին պսպղում, սանիտարների դեմքերը բարեկեցությունից շողում էին, իսկ այդ երանության կողքին դեռ երևում էին վերջին մարտերի դեռևս չմաքրված հետքերը։ Ամենուրեք թափված էին փամփշտապահունակներ, պահածոյի դատարկ տուփեր, ռուսական, ավստրիական ու գերմանական մունդիրների ծվեններ, ջարդված սայլերի մասեր, արյունոտ վիրակապերի երկար զոլեր և բամբակ։ Կացարանի նախկին շենքի մոտ, որից միայն ավերակների մի կույտ էր մնացել, ծեր սոճու բնի մեջ խրված էր մի չպայթած նռնակ։ Ամենուրեք արկերի բեկորներ էին թափված։ Ըստ երևույթին մոտերքում զինվորների գերեզմաններ կային, որտեղից անտանելի դիակնահոտ էր փչում։
Քանի որ եկող ու անցող զորքերն այստեղ ճամբար էին դրել, ապա ամենուրեք երևում էին մարդկային կղկղանքի միջազգային ծագում ունեցող կույտեր՝ Ավստրիայի, Գերմանիայի և Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների կղկղանքները։ Տարբեր ազգերի և դավանանքների պատկանող զինվորների կղկղանքները հանգչում էին կողք-կողքի և կամ հաշտ ու խաղաղ, առանց որևէ վեճի և գժտության, շերտ-շերտ կիտված էին իրար վրա։
Կիսավեր ջրմուղ աշտարակը, երկաթուղային պահակի փայտյա տնակը և առհասարակ այն ամենը, ինչ պատեր ուներ, գնդակներից մաղի պես ծակծկված էին։ Ամբողջացնելով պատերազմի հրաշալիքների պատկերը, քիչ հեռվում, բլրի հետևից, ծխի սյուներ էին բարձրանում, կարծես այնտեղ մի ամբողջ գյուղ էր այրվում կամ ռազմական մեծ օպերացիաներ էին կատարվում։
Այնտեղ այրում էին խոլերայի և դիզենտերիայի բարաքները ի ուրախություն այն պարոնների, որոնք մասնակցել էին հոսպիտալի կառուցմանը և, առիթից օգտվելով, աջ ու ձախ գողացել ու գրպանները լցրել, ներկայացնելով խոլերայի և դիզենտերիայի գոյություն չունեցող բարաքների շինարարության հաշիվներ։
Այժմ մի խումբ բարաքներ հատուցում էին մնացած բոլորի փոխարեն, և վառվող ծղոտե ներքնակների ժանտահոտության հետ միասին երկինք էին համբառնում այն բոլոր հափշտակությունները, որ կատարվել էին էրցհերցոգուհու հովանավորությամբ։
Կայարանի հետևում գտնվող պահեստի վրա գերմանացիները շտապել էին զոհված բրանդենբուրգցիների համար հուշարձան կանգնեցնել, որը զարդարել էին «Den Helden von Lupkapass»[109] մակագրությամբ և մի մեծ, բրոնզաձույլ գերմանական արծվով, ըստ որում ցոկոլի վրա արված մակագրության մեջ նշված էր, թե այդ խորհրդանիշը ձուլված է այն ռուսական թնդանոթներից, որ գերմանական վաշտերը խլել են Կարպատներն ազատագրելիս։
Այդ տարօրինակ և իր համար դեռևս անսովոր մթնոլորտում գումարտակը ճաշից հետո վագոնների մեջ հանգստանում էր, իսկ կապիտան Սագներն ու նրա համհարզը դեռ չէին կարողացել ծածկագիր հեռագրերով բրիգադի բազայի հետ համաձայնեցնել գումարտակի հետագա մարշրուտը։
Հաղորդումներն այնքան անորոշ էին, որ նրանցից միայն այն կարելի էր եզրակացնել, թե նրանք պետք է գնային ոչ թե Լուպկայի լեռնանցքը, այլ Շյատորի մոտ գտնվող Նովոյե Մեստոյից շարժվեին բոլորովին այլ ուղղությամբ, քանի որ հեռագրերի մեջ խոսվում էր Չոպ — Ունգվար — Կիշ-Բերյոզա — Ուժոկ քաղաքների մասին։
Տասը րոպե հետո պարզվեց, որ բրիգադի շտաբում նստած սպան կատարյալ ապուշ է. ծածկագիր հեռագիր է ուղարկում, հարցում անելով, թե արդյոք բրիգադի հետ խոսողը Յոթանասունհինգերորդ գնդի ութերորդ երթային գումարտա՞կն է (զինվորական ծածկագիրը՝ G3)։ Բրիգադի ապուշը զարմացած է, պատասխան ստանալով, թե խոսում է Իննսունմեկերորդ գնդի յոթերորդ երթական գումարտակը, և հարցնում է, թե ո՛վ է նրանց հրամայել զինվորական երկաթուղով գնալ Մուկաչևո, երբ նրանց մարշրուտն է՝ Լուպկայի լեռնանցքով դեպի Գալիցիայի Սանոկ քաղաքը։
Ապուշը սաստիկ զարմացած է, որ իրեն հեռագրում են Լուպկայի լեռնանցքից, և հղում է հետևյալ ծածկահեռագիրը. «Մարշրուտը մնում է անփոփոխ՝ Լուպկայի լեռնանցք—Սանոկ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների»։
Կապիտան Սագների վերադառնալուց հետո շտաբի վագոնում սկսում են խոսել բացահայտ անխելահասության մասին, ընդ որում ակնարկներ անում, որ եթե գերմանացիները չլինեին՝ արևելյան օպերատիվ խումբը բոլորովին գլուխը կկորցներ։
Պոդպորոլչիկ Դուբը փորձում է հանդես գալ ի պաշտպանություն ավստրիական շտաբի անխելահասության և սկսում է դուրս տալ, թե նորերս տեղի ունեցած մարտերի պատճառով այս երկիրն ամայացել է և թե երկաթուղին չէր կարող ինչպես հարկն է կարգի բերվել։
Բոլոր սպաները նրան նայում են կարեկցանքով, կարծես ցանկանալով ասել. «Այս պարոնը մեղք չունի, նա պարզապես ապուշ է ծնվել»։ Առարկությունների չհանդիպելով, պոդպորուչիկ Դուբը սկսում է երկար-բարակ խոսել այն փառավոր տպավորության մասին, որ նրա վրա գործում է այդ ավերված վայրը և որը ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում հարվածել մեր բանակի երկաթյա բռունցքը։ Դարձյալ ոչ ոք չի պատասխանում նրան։ Եվ նա կրկնում է. «Այո՛, անտարակույս, ռուսներն այստեղից նահանջել են սոսկալի խուճապի մատնված»։
Կապիտան Սագները մտքում որոշում է, որ երբ իրենք խրամատներում լինեն և դրությունը առանձնապես վտանգավոր դառնա, առաջին իսկ հարմար առիթին պոդպորուչիկ Դուբին, որպես սպա-հետախույզի, կուղարկի լարափակոցների այն կողմը՝ թշնամու դիրքերը տեղադիտելու։ Կապիտան Սագները պորուչիկ Լուկաշին, որը, ինչպես և նա, գլուխը դուրս է հանել վագոնի լուսամուտից, շշնջալով ասում է․
— Ո՞ր սատանան մեր գլխին կապեց այդ քաղաքացիներին։ Որքան կրթված, այնքան ավելի հիմար են։
Թվում է, որ պոդպորուչիկ Դուբը երբեք չի լռի։ Նա նորից սպաներին պատմում է այն ամենը, ինչ թերթերում կարդացել է Կարպատյան մարտերի և Սանի ափին ավստրո-գերմանական հարձակման ժամանակ Կարպատյան լեռնանցքների համար մղված պայքարի մասին։
Նա պատմում է այնպես, որ իբր ինքը ոչ միայն մասնակցել, այլև անձամբ ղեկավարել է բոլոր գործողությունները։
Առանձնապես նողկանք էին պատճառում նրա այսօրինակ խոսքերը. «Հետո մենք շարժվեցինք դեպի Բուկովսկո, որպեսզի մեզ համար ապահովենք Բուկովսկո — Դինուվ գիծը, կապ պահպանելով այն խմբի հետ, որ գտնվում էր Բոլշայա Պոլյանկայում, որտեղ մենք ջախջախեցինք թշնամու Սամարյան դիվիզիան»։
Պորուչիկ Լուկաշը չկարողացավ իրեն զսպել և, պոդպորուչիկ Դուբին ընդհատելով, վրա բերեց. «Որի մասին դու, ըստ երևույթին, դեռևս պատերազմից առաջ խոսում էիր քո նահանգական վարչության պետի հետ»։
Պոդպորուչիկ Դուբը թշնամաբար նայեց պորուչիկ Լուկաշին և վագոնից դուրս եկավ։
Զինվորական գնացքը կանգնած էր ուղեթմբի վրա, իսկ ներքևում, դարալանջից մի քանի մետր հեռու թափված էին զանազան առարկաներ, որ դեն էին նետել նահանջող ռուս զինվորները, որոնք, ըստ երևույթին, անցել էին այդ խանդակով։ Այդտեղ թափված էին ժանգոտած թեյամաններ, պուտուկներ, փամփշտակալներ։ Հենց այդտեղ էլ, ամեն տեսակ առարկաների կողքին, ընկած էին փշալարերի կծիկներ և դարձյալ արյունոտ վիրակապեր ու բամբակ։ Խանդակի վերևում կանգնած էին մի խումբ զինվորներ, և պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն էլ նրանց մեջ է և ինչ-որ բան է բացատրում։
Նա գնաց այնտեղ։
— Ի՞նչ է պատահել,— խստորեն գոռաց պոդպորուչիկ Դուբը, կանգնելով ուղիղ Շվեյկի դիմաց։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— նայում ենք։
— Ի՞նչի եք նայում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, նայում ենք ներքև, խանդակին։
— Իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նայել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, այդպես է կամեցել Բրուկի մեր գնդապետ պարոն Շլագրը։ Երբ մենք ռազմաճակատ էինք գնում, նա իր հրաժեշտ ճառի մեջ մեզ պատվիրեց մարտերի վայրերով անցնելիս առանձնապես ուշադրություն դարձնել, թե ինչպես են ծավալվել ճակատամարտերը, որպեսզի դրանից մեզ համար օգուտ քաղենք։ Եվ ահա այստեղ, պարոն լեյտենանտ, այս խանդակի մեջ, մենք տեսնում ենք, թե զինվորը փախչելիս ի՛նչը պետք է դեն գցի։ Մենք այստեղ հասկացանք, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, թե որքան հիմար բան է, որ զինվորն իր հետ ամեն տեսակ ավելորդ իրեր է քարշ տալիս։ Դրանով նա իրեն իզուր ծանրաբեռնում է։ Դրանից նա իզուր հոգնում է։ Երբ զինվորն այդպիսի ծանրություն է քարշ տալիս, նրա համար կռվելը դժվար կլինի։
Պոդպորուչիկ Դուբի սրտում հույս ծագեց, թե վերջապես կկարողանա Շվեյկին ռազմադաշտային դատարանի ձեռքը հանձնել նրա հակամիլիտարիստական դավաճանական պրոպագանդայի համար, ուստի շտապ հարցրեց․
— Դուք, ուրեմն, կարծում եք, որ զինվորը պետք է փամփուշտները կամ սվինը դե՞ն գցի, որպեսզի նրանք ընկած մնան որևէ խանդակի մեջ, ինչպես, ահա, այստեղ։
— Բնավ ոչ, ո՛չ մի դեպքում, պարոն լեյտենանտ,— անուշիկ ժպտալով պատասխանեց Շվեյկը,— բարեհաճեցեք նայել ներքև, ահա այդ դեն նետված երկաթե միզամանին։
Եվ իսկ ապես, ուղեթմբի տակ, խեցատների մեջ, գրգռիչ տեսքով ընկած էր ժանգը կերած, վրայի էմալը թափված մի միզաման։ Այդ բոլոր առարկաները, որ տնային գործածության համար պիտանի չէին, կայարանապետը հավաքել ու կիտել էր այդտեղ իբրև դիսկուսիաների նյութ գալիք դարերի հնաբանների համար, որոնք հայտնագործելով այդ բանակատեղը՝ զարմանքից բոլորովին կապշեն, իսկ նրանց երեխաները դպրոցներում կուսումնասիրեն էմալապատ միզամանների դարը։
Պոդպորուչիկ Դուբը նայեց այդ առարկային, և նրան ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան միայն հավաստել, թե իսկապես դա մեկն է այն հաշմանդամներից, որոնք իրենց երիտասարդությունն անցրել են մահճակալի տակ։
Դա բոլորի վրա մեծ տպավորություն գործեց։ Իսկ քանի որ պոդպորուչիկ Դուբը լուռ էր, ապա խոսեց Շվեյկը․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որ մի անգամ Պոդեբրադի կուրորտում ահա այդպիսի մի միզամանի հետ շատ մազալու բան է պատահել… Այդ մասին մեր քաղաքում պատմում էին Վինոգրադիի պանդոկներից մեկում։ Այն ժամանակ Պոդեբրադիիում սկսել էին հրատարակել «Անկախություն» կոչվող մի ժուռնալիկ, որի գլուխն էր անցել Պոդեբրադիի դեղատան տերը, իսկ խմբագիր էր նշանակվել դոմաժլիցցի Վլադիսլավ Հայեկը։
Դեղատան տերը շատ տարօրինակ մարդ էր, հին միզամաններ ու ամեն տեսակ անպետք բաներ էր հավաքում, այնպես որ մի ամբողջ թանգարան էր ստեղծել։ Իսկ իմ ասած Հայեկը մի անգամ իր տուն է հրավիրում իր մի բարեկամին, որը նույնպես գրում էր թերթերում։ Այստեղ նրանք մի լավ կոնծում են, քանի որ մի ամբողջ շաբաթ չէին տեսնվել։ Եվ բարեկամը նրան խոստանում է այդ հյուրասիրության համար մի «ֆիլիտոն» գրել ասածս «Անկախություն» անկախ ժուռնալի մեջ, որից ինքը կախում ուներ։ Եվ ահա նրա բարեկամը մի «ֆիլիտոն» է գրում ոմն կոլեկցիոների մասին, որր Լաբայի ափին ավազի, մեջ մի թիթեղե միզաման էր գտել և, այն համարելով սուրբ Վացլավի սաղավարտը, այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ Հրադեցի եպիսկոպոս Բրինիխը թափորով ու խաչվառներով եկել էր սաղավարտը տեսնելու։ Պոդեբրադիի դեղատան տերը կարծեց, թե դրանով իրեն են ակնարկում, և Հայեկին դատի տվեց։
Պոդպորուչիկը մեծ բավականությամբ Շվեյկին ցած կհրեր, բայց ինքն իրեն զսպեց և բոլորի վրա բղավեց.
— Ձե՛զ ասում եմ, այստեղ իզուր չկանգնել ու չնայել։ Դուք բոլորդ ինձ դեռ չեք ճանաչում, բայց կճանաչեք։ Դուք կմնաք այստեղ, Շվեյկ,— հրամայեց նա սպառնագին, երբ Շվեյկը մյուսների հետ միասին քայլերն ուղղեց դեպի վագոնը։
Նրանք մնացին երես առ երես։ Պոդպորուչիկ Դուբը մտածում էր, թե էլ ինչ ահաբեկիչ բան ասի, բայց Շվեյկը նրան կանխեց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, լավ կլինի այս եղանակը երկար տևի։ Ցերեկը այնքան էլ շոգ չէ, իսկ գիշերները շատ հաճելի են։ Ռազմական գործողությունների ամենահարմար ժամանակն է։
Պոդպորուչիկ Դուբը դուրս քաշեց ատրճանակն ու հարցրեց․
— Գիտե՞ս սա ինչ է։
— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, գիտեմ։ Մեր օբեր-լեյտենանտ Լուկաշի ատրճանակն էլ ճիշտ և ճիշտ այդպիսին է։
— Ուրեմն, միտդ պահիր, սրիկա՛,— խստորեն և արժանապատվորեն ասաց պոդպորուչիկ Դուբը, ատրճանակը տեղը դնելով։— Իմացած եղիր, որ վերջդ վատ կլինի, եթե սրանից հետո էլ շարունակես քո պրոպագանդան։
Պոդպորուչիկ Դուբը հեռանալով՝ գոհունակորեն ինքն իրեն կրկնում էր. «Լավ ասացի նրան, պրո-պա-գան-դան, այո՛, պրո-պա-գան-դա՜ն․․․»։
Նախքան վագոն մտնելը, Շվեյկը մի քիչ հետ ու առաջ քայլեց, ինքն իրեն քրթմնջալով.
— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան,— և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։
Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Այդ պատվավոր անունը տրվում էր գլխավորապես գնդապետներին կամ տարեց կապիտաններին ու մայորներին։ «Տռան»-ը «քնձռոտ ծերուկ» մականվան հաջորդ աստիճանն էր… Առանց այդ մակդիրի «ծերուկ»-ը փաղաքշական անուն էր համարվում այն ծեր գնդապետի կամ մայորի համար, որը թունդ գոռգոռում, բայց իր զինվորներին սիրում և պաշտպանում էր մյուս գնդերից, մանավանդ օտար պարեկներից, որոնք նրա զորամասի զինվորներին գինետներից դուրս էին հանում, երբ նրանք այնտեղ նստում էին սահմանված ժամանակից ավելի։ «Ծերուկը» զինվորների մասին հոգում էր, հետևում, որ ճաշը լավ լինի։ Սակայն նա անպայման որևէ թուլություն էր ունենում, և երբ թուլությունը բռնում էր՝ էլ պրծավ։ Դրա համար էլ նրան «ծերուկ» էին անվանում։
Բայց եթե «ծերուկը» իզուր տեղը բծախնդրություն էր անում զինվորների և ենթասպաների նկատմամբ, գիշերային վարժություններ ու նմանօրինակ բաներ սարքում, ապա նա սոսկական «ծերուկից» դառնում էր «անպիտան ծերուկ» կամ «նողկալի ծերուկ»։
Անպիտանության, բծախնդրության ու հիմարության բարձրագույն աստիճանը արտահայտվում էր «տռան» բառով։ Այդ բառն իր մեջ ամփոփում էր ամեն ինչ։ Բայց քաղաքացիական տռանի և զինվորական տռանի միջև մեծ տարբերություն կար։
Առաջինը, քաղաքացիականը, նույնպես պետ է հանդիսանում, և սովորաբար հիմնարկներում նրան այդպես անվանում են ցրիչներն ու աստիճանավորները։ Նա ֆիլիստեր-բյուրոկրատ է, որը հանդիմանում է, օրինակ, այն բանի համար, որ սևագրությունը ծծանով լավ չեն չորացրել և այլն։ Նա բացառիկ ապուշ է և անասուն, ավանակ, որը խելոք է ձևանում, ցույց տալիս, թե իբր ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ կարողանում է բացատրել, և, բացի դրանից, բոլորից նեղանում է։
Ով զինվորական ծառայության մեջ եղել է, նա, իհարկե, հասկանում է այդ տիպի և զինվորական մունդիր կրող տռանի միջև եղած տարբերությունը։ Այստեղ այդ բառը նշանակում էր այնպիսի ծերուկ, որը եղել է իսկական անպիտան ծերուկ, որը շարունակ զոռով փորձանքի մեջ է ընկել և, այնուամենայնիվ, ընկրկել ամեն մի խոչընդոտի առաջ։ Նա զինվորներին չի սիրել, ապարդյուն պայքարել է նրանց դեմ, զինվորների մեջ ձեռք չի բերել այն հեղինակությանը, որ վայելում է սոսկական «ծերուկը» և մասամբ «նողկալի ծերուկը»։
Մի քանի կայազորներում, ինչպես, օրինակ, Տրենտոյի կայազորում, «տռանի» փոխարեն ասում էին «մեր հին արտաքնոցը»։ Այդ բոլոր դեպքերում խոսքը վերաբերվում էր տարեց մարդու, և եթե Շվեյկն իր մտքում պոդպորուչիկ Դուբին անվանեց «կիսատռան», ապա վարվեց միանգամայն տրամաբանորեն, քանզի պոդպորուչիկ Դուբը և՛ տարիքով, և՛ աստիճանով, և՛ առհասարակ իր ամեն ինչով «տռանից» դեռևս հիսուն տոկոսով պակաս էր։
Այդ մտքերով տարված վերադառնալով իր վագոնը, Շվեյկը հանդիպեց սպասյակ Կուներտին։ Կուներտի թուշն ուռած էր, և նա անհասկանալի քրթմնջում էր, թե քիչ առաջ ընդհարում է ունեցել պոդպորուչիկ Դուբի հետ, որն առանց որևէ պատճառի նրան ապտակներ է հասցրել, ասելով, թե իբր որոշակի ապացույցներ ունի, որ Կուներտը Շվեյկի հետ կապ է պահպանում։
― Որ այդպես է,— ասաց Շվեյկը,— գնանք զեկույցի։ Ավստրիական զինվորը պարտավոր է ապտակներ հանդուրժել միայն որոշ դեպքերում։ Քո պարոնը բոլոր սահմաններն անցել է, ինչպես ասում էր ծերուկ Եվգենի Սավոյացին՝ «այստեղից մինչև այստեղ»։ Հիմա դու պարտավոր ես գնալ զեկույցի, իսկ եթե չգնաս՝ ես ինքս քեզ մի ապտակ կտամ։ Այն ժամանակ կիմանաս, թե զինվորական կարգապահությունն ինչ է։ Կառլինի զորանոցներում մի լեյտենանտ կար, ազգանունը Հաուսներ։ Նա էլ մի սպասյակ ուներ, որի ռեխին խփում էր ու քամակին քացիներ հասցնում։ Մի անգամ լեյտենանտն այնպես ջնջխեց այդ սպասյակի ռեխը, որ նա բոլորովին բժժեց ու գնաց զեկույցի, իսկ զեկույցի ժամանակ ամեն ինչ իրար խառնեց և ասաց, թե իրեն քացիներ են տվել։ Իհարկե, մեծապատիվ սպասյակին սուտ զեկույցի համար երեք շաբաթ նստեցրին։
— Սակայն դրանով բանը չի փոխվում,— շարունակեց Շվեյկը,― Չէ՞ որ դա հենց այն է, որի մասին հաճախ սիրում էր խոսել բժշկական ֆակուլտետի ուսանող Հոուբչիկան։ Նա ասում էր, որ միևնույնն է, թե պատալոգիական ինստիտուտում ում կհերձես, կախվա՞ծ թե թունավորված մարդու։ Ես էլ եմ գալիս քեզ հետ։ Պատերազմի ժամանակ երկու ապտակը շատ բան է նշանակում։
Կուներտը բոլորովին բժժեց և Շվեյկի հետևից քարշ եկավ դեպի շտաբի վագոնը։
Պոդպորուչիկ Դուբը լուսամուտից գլուխը դուրս հանելով՝ գոռաց.
— Ի՞նչ եք անում այստեղ, սրիկանե՛ր։
― Քեզ արժանավայել կերպով պահիր,— խորհուրդ տվեց Շվեյկը Կուներտին, նրան ներս հրելով վագոնը։
Վագոնի միջանցք դուրս եկավ պորուչիկ Լուկաշը, իսկ նրա հետևից՝ կապիտան Սագները։
Պորուչիկ Լուկաշը, որ Շվեյկի պատճառով այնքան անախորժություններ էր ապրել, շատ զարմացավ, քանի որ Շվեյկի դեմքը զրկվել էր իր սովորական բարեհոգությունից, այլևս չուներ բոլորին ծանոթ անուշիկ արտահայտությունը։ Դեռ ընդհակառակը, նրա դեմքը ցույց էր տալիս, որ տեղի են ունեցել նոր անախորժ իրադարձություններ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— ասաց Շվեյկը,— զեկույցի հարց կա։
— Միայն թե, խնդրում եմ, հիմար մի՛ ձևանա, Շվեյկ։ Դա ինձ արդեն զզվեցրել է։
— Թույլ տվեք ասել, ես ձեր երթային գնդի հանձնակատարն եմ, իսկ դուք, թույլ տվեք ասել, բարեհաճում եք լինել տասնմեկերորդ վաշտի հրամանատարը։ Ես գիտեմ, որ դա շատ տարօրինակ է թվում, բայց այն էլ գիտեմ, որ պարոն լեյտենանտ Դուբը ձեզ է ենթարկվում։
— Դուք, Շվեյկ, բոլորովին ցնդել եք,— ընդհատեց նրան պորուչիկ Լուկաշը։— Դուք հարբած եք և ավելի լավ կանեք, եթե այստեղից հեռանաք։ Հասկանո՞ւմ ես, տխմար անասուն։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— ասաց Շվեյկը, առաջ հրելով Կուներտին,— սա ճիշտ և ճիշտ նման է այն բանին, թե ինչպես մի անգամ Պրագայում փորձում էին պաշտպանական վանդակը, որպեսզի ոչ ոք տրամվայի տակ չընկներ։ Այդ փորձի համար իրեն զոհաբերեց հենց ինքը գյուտարարը, իսկ հետո քաղաքը ստիպված եղավ նրա այրուն հատուցում վճարել։
Կապիտան Սագները, չիմանալով ինչ ասել, գլուխը շարժում էր ի նշան համաձայնության, մինչդեռ պորուչիկ Լուկաշի դեմքը հուսահատություն էր արտահայտում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ամեն ինչի մասին պետք է զեկուցել,— անողոքաբար շարունակեց Շվեյկը։— Դեռևս Բրուկում դուք ինձ ասում էիք, պարոն օբեր-լեյտենանտ, թե քանի որ ես դարձել եմ վաշտի հանձնակատար, ապա զանազան հրամաններ կատարելուց բացի, ուրիշ պարտականություններ էլ ունեմ։ Ես պետք է իրազեկ լինեմ այն ամենին, ինչ կատարվում է վաշտում։ Այդ կարգագրության հիման վրա ինձ թույլ եմ տալիս ձեզ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, որ պարոն լեյտենանտ Դուբը առանց որևէ պատճառի ապտակել է իր սպասյակին։ Այդ մասին, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, ես բոլորովին չէի խոսի, բայց քանի որ պարոն լեյտենանտ Դուբը ձեր ստորադրյալն է, ապա մտածեցի, որ պարտավոր եմ այդ մասին ձեզ զեկուցել։
— Տարօրինակ բան,— մտածկոտ ասաց կապիտան Սագները։
— Ինչո՞ւ եք դուք, Շվեյկ, Կուներտին շարունակ մեր կողմը հրում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն գումարտակի հրամանատար, ամեն ինչի մասին հարկավոր է զեկուցել։ Նա հիմար է․ պարոն լեյտենանտ Դուբը նրա մռութը ջնջխել է, իսկ նա ամաչում էր մենակ գնալ զեկույցի։ Բարեհաճեցեք, պարոն կապիտան, տեսնել, թե ինչպես նրա ծնկները գողում են․ քիչ է մնում վախից մեռնի, որ պետք է զեկույց տա։ Ես որ չլինեի, նա երբեք սիրտ չէր անի գալ զեկուցելու, ինչպես այն բիտոուխովցի Կուգելը, որը իսկական ծառայության մեջ այնքան գնաց զեկուցելու, մինչև որ նրան տեղափոխեցին նավատորմ, որտեղ ծառայեց մինչև կորնետի աստիճան ստանալը և հետո Խաղաղ օվկիանոսի ինչ֊որ կղզում դասալիք հայտարարվեց։ Հետո նա այնտեղ ամուսնացավ և զրույց ունեցավ ճանապարհորդ Գավլասայի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում նրան տեղաբնակներից տարբերել։ Առհասարակ շատ ցավալի է, որ մարդ ստիպված է լինում մի քանի դատարկ ապտակների համար զեկույցի գնալ։ Նա առհասարակ չէր ուզում այստեղ գալ, ասում էր, թե չի գա։ Նա այնքան այդպիսի ապտակներ է կերել, որ չի էլ իմանում, թե հիմա խոսքը որ ապտակի մասին է։ Նա ինքը երբեք չէր գա այստեղ և առհասարակ չէր ուզում գալ զեկուցելու։ Նա սրանից հետո էլ թույլ կտա իրեն ծեծել։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, նայեցեք նրան, տեսեք, թե ինչպես վախից բժժել է։ Մյուս կողմից էլ, նա պարտավոր է անմիջապես բողոքել, քանի որ մի քանի ապտակ է ստացել։ Բայց նա չէր համարձակվում, որովհետև գիտեր, որ ավելի լավ է, ինչպես գրել է մի բանաստեղծ, լինել «համեստ մանուշակ»։ Նա, ախր, պարոն լեյտենանտ, Դուբի սպասյակն է։
Կուներտին առաջ հրելով, Շվեյկը նրան ասաց․
― Մի սրթսրթա ուռենու տերևի պես։
Կապիտան Սագները Կուներտին հարցրեց, թե բանն ինչպես է եղել։ Կուներտը, ամբողջ մարմնով դողալով, խնդրեց այդ մասին հարցնել իրեն՝ պարոն լեյտենանտին, և ասաց, որ առհասարակ պարոն լեյտենանտ Դուբը նրա մռութին չի խփել։
Հուդա Կուներտը, շարունակելով դողդողալ, նույնիսկ այն էլ ասաց, թե այդ ամենը Շվեյկն է հնարել։
Այդ ցավալի միջադեպին վերջ դրեց ինքը՝ պոդպորուչիկ Դուբը, որ հանկարծ հայտնվեց և Կուներտի վրա գոռաց․
— Ուզում ես նո՞ր ապտակ ստանալ։
Ամեն ինչ պարզ դարձավ, և կապիտան Սագները պոդպորուչիկ Դուբին ուղղակի հայտարարեց․
— Այսօրվանից Կուներտը ուղարկվում է գումարտակի խոհանոց, իսկ ինչ վերաբերում է նոր սպասյակ նշանակելուն, ապա այդ հարցով դիմիր ավագ գրագիր Վանեկին։
Պոդպորուչիկ Դուբը ձեռքը հովարին դրեց և հեռանալիս Շվեյկին ասաց․
— Գրազ կգամ, որ կախաղանից չեք խուսափի։
Դուբի գնալուց հետո Շվեյկը զգացված ու մտերմաբար դիմեց պորուչիկ Լուկաշին․
— Մնիխով Գրադիշչեում էլ մի այդպիսի պարոն կար։ Մի անգամ նա էլ նույն բանն ասաց մի այլ պարոնի, որը պատասխանեց․ «Ուրեմն, կախաղանի տակ կտեսնվենք»։
— Համա՜ թե ապուշ եք, Շվեյկ,— սրտանց ասաց պորուչիկ Լուկաշը։— Միայն թե չհամարձակվեք, ինչպես սովորաբար անում եք, պատասխանել․ «ճիշտ այդպես, ապուշ եմ»։
— Frappante![110]— բացականչեց կապիտան Սագները, գլուխը դուրս հանելով լուսամուտից։ Նա ուրախությամբ գլուխը ներս կքաշեր, բայց արդեն ուշ էր։ Դժբախտությունն արդեն տեղի էր ունեցել․ լուսամատի տակ կանգնած էր պոդպորուչիկ Դուբը։
Պոդպորուչիկ Դուբը իր ափսոսանքը հայտնեց, որ կապիտան Սագները գնացել և չէր լսել նրա եզրակացություններն արևելյան ճակատի հարձակման մասին։
— Եթե մենք ուզում ենք ինչպես հարկն է հասկանալ այդ վիթխարի հարձակումը,— գոռում էր պոդպորուչիկ Դուբը լուսամուտն ի վեր,― մեզ հաշիվ պետք է տանք, թե հարձակումն ինչպես ծավալվեց ապրիլի վերջերին։ Մենք պետք է ճեղքեինք ռուսական ճակատը և այդ ճեղքման համար ամենաձեռնտու համարեցինք Կարպատների և Վիսլայի միջև ընկած ճակատը։
— Այդ մասին ես քեզ հետ չեմ վիճում,— չոր պատասխանեց Սագները և լուսամուտից հեռացավ։
Կես ժամ հետո, երբ գնացքը նորից շարժվեց Սանոկի ուղղությամբ, կապիտան Սագները մեկնվեց նստարանի վրա և քնած ձևացավ, որպեսզի պոդպորուչիկ Դուբը նորից գլուխ չտաներ հարձակմանը վերաբերող իր անմտություններով։
Այն վագոնում, որտեղ գտնվում էր Շվեյկը, պակասում էր Բալոունը։ Նա խնդրել էր իրեն թույլ տալ հացով քերել ու մաքրել այն կաթսան, որի մեջ գուլյաշ էին եփել։ Գնացքը մեկնելու պահին Բալոունը գտնվում էր դաշտային խոհանոցների բաց վագոնում և, երբ գնացքը ցնցվեց, նա շատ անախորժ դրության մեջ ընկավ, գլխիվայր թրմփալով կաթսայի մեջ։ Կաթսայից դուրս էին ցցված միայն ոտքերը։ Շուտով նա ընտելացավ այդ նոր վիճակին, և կաթսայի միջից վերստին ճպճպոց հնչեց, ճիշտ այնպիսի ճպճպոց, որ ոզնին արձակում է ուտիճներ որսալիս։ Հետո լսվեց Բալոունի աղերսալից ձայնը․
— Ի սեր աստծո, եղբայրնե՛ր, բարի եղեք, ինձ համար մի կտոր էլ հաց գցել այստեղ։ Այստեղ սոուս շատ կա։
Այդ երանությունը շարունակվեց մինչև հաջորդ կայարանը, որին տասնմեկերորդ վաշտը հասավ փայլելու աստիճան մաքրված կաթսայով։
― Աստված ձեր կյանքն երկար անի ընկերներ,— սրտանց շնորհակալություն հայտնեց Բալոունը։— Այն օրվանից, ինչ զինվորական ծառայության մեջ եմ, առաջին անգամ է բախտս բանում։
Եվ նա իրավացի էր։ Լուպկայի լեռնանցքում Բալոունը երկու բաժին գուլյաշ ստացավ։ Բացի դրանից, պորուչիկ Լուկաշը, որի համար Բալոունը սպայական խոհանոցից ճաշը բերեց առանց ձեռք տալու, ուրախությունից կեսից ավելին թողեց նրան։ Բալոունը միանգամայն երջանիկ էր։ Նա ճոճում էր ոտքերը, որ ցած էր կախել վագոնից։ Հանկարծ զինվորական ծառայությունը նրան մի տեսակ ջերմ ու հարազատ թվաց։
Խոհարարը սկսեց նրան ձեռք առնել։ Նա ասաց, թե Սանոկում նրանց համար ընթրիք և մի ճաշ էլ են պատրաստելու այն ընթրիքների ու ճաշերի փոխարեն, որ զինվորները ճանապարհին չեն ստացել։ Բալոունը հավանություն տալով գլուխը շարժեց և շշնջաց․ «Ա՛յ, կտեսնեք, ընկերներ, աստված մեզ չի լքի»։
Բոլորն սկսեցին սրտանց ծիծաղել, իսկ խոհարարը, դաշտային խոհանոցի վրա նստած, սկսեց երգել․
Դարդ մի՛ անի, դարդ մի՛ անի,
Աստված միշտ էլ մի ճար կանի․
Թե որ գցի փորձանքի մեջ՝
Ինքն էլ միջից դուրս կհանի։
Թե որ գցի մթին անտառ՝
Ցույց կտա քեզ մի ճանապարհ։
Դարդ մի՛ անի, դարդ մի՛ անի,
Աստված միշտ էլ մի ճար կանի։
Շավնե կայարանի այն կողմում, հովտի մեջ, նորից սկսեցին զինվորական գերեզմանոցներ հանդիպել։ Շավնեի մոտ գնացքից նկատվում էր մի քարե խաչ վրան գլխատված Քրիստոս, որի գլուխը թռցրել էին երկաթգիծը գնդակոծելիս։
Գնացքը արագացնում էր իր ընթացքը, ձորահովտով սլանալով դեպի Սանոկ։ Ավելի ու ավելի հաճախ էին ավերված գյուղեր հանդիպում։ Նրանք երկաթգծի երկու կողմերով ձգվում էին մինչև հորիզոն։
Կուլաշնայի մոտ, ներքևում, գետի մեջ ընկած էր Կարմիր Խաչի մի ջախջախված գնացք։
Բալոունն աչքերը չռեց․ նրան զարմացրին հատկապես շոգեքարշի ցրիվ եկած մասերը։ Ծխնելույզը խրվել էր ուղեթմբի մեջ և այնտեղից դուրս ցցվել քսանութսանտիմետրանոց հրանոթի պես։
Այդ տեսարանը գրավեց ամբողջ վագոնի ուշադրությունը։ Ամենից շատ զայրացավ խոհարար Յուրայդան․
— Մի՞թե կարելի է Կարմիր Խաչի վագոնների վրա կրակել։
— Չի կարելի։ Բայց թույլատրվում է,— պատասխանեց Շվեյկը։— Լա՜վ են նշան բռնել։ Հետո ամեն մեկը կարող է արդարանալ, թե դա գիշերն է եղել, կարմիր խաչը չեն նկատել։ Առհասարակ աշխարհիս երեսին շատ բան չի կարելի անել, բայց արվում է։ Բանն էլ հենց այն է, որ մարդ աշխատի անել այն, ինչ չի կարելի անել։ Պիսեկի մոտ կայացած կայսրական զորաշարժերի օրերին հրաման եկավ, թե երթի ժամանակ արգելվում է զինվորների ձեռն ու ոտը կապել։ Բայց մեր կապիտանը մտածեց դա ուրիշ կերպ անել։ Նա հրամանի վրա միայն ծիծաղեց․ չէ՞ որ պարզ է, որ կապված զինվորը չի կարող քայլել։ Այնպես որ նա ըստ էության այդ հրամանը չխախտեց, այլ պարզապես կապված զինվորներին գցեց գամակի սայլերի մեջ և շարունակեց երթը։ Կամ ահա մի ուրիշ դեպք, որ տեղի է ունեցել մեր փողոցում հինգ թե վեց տարի առաջ։ Մի տան երկրորդ հարկում ապրամ էր պան Կառլիկը, իսկ մի հարկ վերև՝ մի շատ օրինավոր մարդ, կոնսերվատորիայի ուսանող Միկեշը։ Այդ Միկեշը թունդ կնամոլ էր և սկսել էր, ի միջի այլոց, պան Կառլիկի աղջկա հետևից քարշ գալ, քանի որ պան Կառլիկը տրանսպորտային գրասենյակի և հրուշակարանի տեր էր, իսկ Մորավիայում էլ մի տեղ ուրիշի անունով կազմատուն ուներ։ Երբ պան Կառլիկն իմացավ, որ կոնսերվատորիայի ուսանողն իր աղջկա հետևից քարշ է գալիս, գնաց նրա բնակարանն ու ասաց. «Ես ձեզ արգելում եմ աղջկանս հետ ամուսնանալ, շրջմոլիկի մեկը։ Ես իմ աղջկան ձեզ չեմ տա»։— «Լավ,— պատասխանեց պան Միկեշը,— ի՛նչ արած, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի։ Հո բոլորովին չպիտի կորչեմ»։ Երկու ամիս անց պան Կառլիկը նորից եկավ ուսանողի մոտ, այս անգամ կնկան էլ բերելով, և երկուսով միաբերան ասացին․ «Սրիկա՛, դուք մեր աղջկան պատվազրկել եք»։ «Միանգամայն ճիշտ է,— հաստատեց նա,— ես, ողորմած տիկին, աղջկան փչացրել եմ»։ Պան Կառլիկը սկսեց նրա վրա բղավել,— թեև բոլորովին իզուր,— չէ՞ որ ինքն ասել է, թե շրջմոլիկի մեկին աղջիկ չի տա։ Իսկ ուսանողը շատ խելացի պատասխանեց, թե ինքն էլ չի ուզում այդպիսի աղջկա հետ ամուսնանալ, իսկ այն ժամանակ խոսք չի եղել, թե նա աղջկան ինչ կարող է անել։ Այդ մասին նրանք ոչ մի խոսակցություն չեն ունեցել, իսկ նա իր խոսքի տերը կլինի, այնպես որ թող բոլորովին չանհանգստանան․ նա չի ուզում աղջկա հետ ամուսնանալ, վճռական բնավորություն ունի, թեթևսոլիկի մեկը չէ, այնպես որ իր ասածն ասած է։ Իսկ եթե սկսեն իրեն հետապնդել, ի՛նչ արած, իր խիղճը մաքուր է։ Հանգուցյալ մայրը մեռնելիս նրանից երդում է առել, որ նա կյանքում երբեք սուտ չի ասի։ Նա նրան խոստացել է այդպես վարվել, նա դրա համար երդում է տվել, իսկ այդպիսի երդումը անխախտելի է։ Նրանց ընտանիքում առհասարակ ոչ ոք սուտ չի ասել, դպրոցում էլ նա վարքից միշտ գերազանց գնահատական է ստացել։ Ահա տեսնում եք, չթույլատրված որոշ բաներ կարելի է անել, ճանապարհները կարող են տարբեր լինել, բայց բոլորս դիմում ենք դեպի մի նպատակ։
— Թանկագի՛ն ընկերներ,— գոչեց հոժարականը, որը եռանդով ինչ-որ նշումներ էր անում,― չկա չարիք առանց բարիքի։ Կարմիր խաչի այդ պայթեցված, կիսաայրված և ուղեթմբից ցած գլորված գնացքն ապագայում մեր գումարտակի փառապանծ պատմությունը կհարստացնի մի նոր հերոսական սխրագործությամբ։ Պատկերացրեք, որ ահա այսպես, ինչպես ես արդեն նշել եմ, մոտավորապես սեպտեմբերի 16֊ին մեր գումարտակի ամեն մի վաշտից մի քանի հասարակ զինվորներ կապրալի հրամանատարությամբ հանձն կառնեն պայթեցնել թշնամու զրահագնացքը, որը մեզ գնդակոծում և խանգարում է գետն անցնել։ Գյուղացու շորեր հագած, նրանք արիաբար կկատարեն իրենց առաջադրանքը։
— Այս ի՞նչ բան է,— զարմացավ հոժարականը, նայելով իր տետրին,― ինչպե՞ս է այստեղ ընկել մեր պան Վանեկը։
— Լսեցե՛ք, պարոն ավագ գրագիր,— դիմեց նա Վանեկին, թե ինչպիսի հոյակապ գլուխ է նվիրված ձեզ գումարտակի պատմության մեջ։ Դուք, կարծեմ, մի տեղ արդեն հիշատակվել եք, բայց սա անշուշտ ավելի լավ է ու ավելի վառ։
Եվ հոժարականը պաթետիկ տոնով կարդաց․
— «Ավագ գրագիր Վանեկի հերոսական մահը։ Թշնամու զրահագնացքը պայթեցնելու խիզախ սխրագործությունը կատարելու ցանկություն հայտնեց, ի թիվս այլոց, նաև ավագ գրագիր Վանեկը։ Դրա համար նա, ինչպես և մյուսները, զգեստափոխվեց, գյուղացու շորեր հագավ։ Տեղի ունեցած պայթյունից նա ուշագնաց եղավ, իսկ երբ ուշքի եկավ, տեսավ, որ շրջապատված է թշնամիներով, որոնք նրան անմիջապես տարան իրենց դիվիզիայի շտաբը, որտեղ նա, մահվան աչքերին նայելով, հրաժարվեց որևէ ցուցմունք տալ մեր զորքի դասավորության և ուժերի մասին։ Քանի որ Վանեկին գտել էին զգեստափոխված, ապա նրան, իբրև լրտեսի, դատապարտեցին կախաղանի, որպեսզի պատիժը, նկատի ունենալով նրա բարձր աստիճանը, փոխարինվեց գնդակահարությամբ։
Դատավճիռն անհապաղ ի կատար ածվեց գերեզմանատան պատի մոտ։ Քաջարի ավագ գրագիր Վանեկը խնդրեց, որ իր աչքերը չկապեն։ Այն հարցին, թե ի՛նչ է իր վերջին ցանկությունը, նա պատասխանեց․ «Բանագնացի միջոցով իմ գումարտակին հաղորդեցեք իմ վերջին ողջույնը։ Հաղորդեցեք, որ մեռնում եմ հաստատ հավատալով, որ մեր գումարտակը կշարունակի իր հաղթական ճանապարհը։ Հետո հաղորդեցեք կապիտան Սագներին, որ համաձայն բրիգադին տրված վերջին հրամանի՝ պահածոյի բաժինն ավելանում է մինչև երկու և կես տուփ»։
Այդպես մեռավ մեր ավագ գրագիր Վանեկը, իր վերջին ֆրազով խուճապահար անելով թշնամուն, որը կարծում էր, թե խանգարելով մեր գետանցը, մեզ կկտրի մատակարարման բազայից և դրանով սով և միաժամանակ բարոյալքություն կհարուցի մեր շարքերում։ Թե Վանեկը որքան հանգիստ էր նայում մահվան աչքերին, վկայում է այն փաստը, որ մահապատժից առաջ նա թշնամու շտաբի սպաների հետ թուղթ խաղաց։ «Իմ տարած փողը հանձնեցեք ռուսական Կարմիր Խաչին»,— ասաց նա, ուղիղ նայելով իր վրա պարզված հրացանների փողերին։ Այդ մեծահոգությունն ու ազնվությունը արտասվելու աստիճան հուզեցին մահապատժին ներկա գտնվող զինվորական բարձրաստիճան անձանց»։
— Կներեք, պարոն Վանեկ,— շարունակեց հոժարականը,— որ ես ինձ թույլ եմ տվել ձեր տարած փողը տնօրինել։ Սկզբում ես ուզում էի փողը հանձնել ավստրիական Կարմիր Խաչին, բայց վերջին հաշվով, մարդասիրության տեսակետից, դա միևնույն է, միայն թե փողը հանձնվի որևէ բարեգործական հիմնարկության։
— Մեր հանգուցյալը,— ասաց Շվեյկը,— կարող էր իր այդ տարած փողը հանձնել Պրագա քաղաքի «Սուպային հիմնարկությանը», բայց, դա, թերևս, ավելի լավ է, թե չէ քաղաքագլուխն այդ փողով իր նախաճաշի համար լյարդաթոքի երշիկ կառներ։
— Մեկ է, գողանում են ամեն տեղ,— ասաց հեռախոսավար Խոդոունսկին։
— Ամենից շատ գողանում են Կարմիր Խաչում,— չարացած ասաց խոհարար Յուրայդան։— Բրուկում ես մի ծանոթ խոհարար ունեի, որը լազարեթում ճաշ էր եփում գթության քույրերի համար։ Եվ նա ինձ պատմում էր, որ լազարեթի վարիչն ու ավագ քույրերը արկղերով մալագա ու շոկոլադ էին ուղարկում իրենց տները։ Ամեն բանում մեղավորը բախտն է, այսինքն նախասահմանությունը։ Ամեն մի մարդ իր անվերջանալի կյանքի ընթացքում անհամար վերափոխությունների է ենթարկվում և իր գործունեության մի որոշ շրջանում պետք է այս աշխարհում գող դառնա։ Անձամբ ես այդպիսի մի շրջան անցել եմ․․․
Օկուլտիստ խոհարարը իր պարկի միջից մի շիշ կոնյակ հանեց։
— Դուք այստեղ տեսնում եք,— ասաց նա, բացելով շիշը,— ասածիս անժխտելի ապացույցը։ Ես այս շիշը ճանապարհվելուց առաջ վերցրել եմ սպայական խոհանոցից։ Լավագույն մարկայի կոնյակ է և մեզ տրված էր լինցյան տորթի շաքարաշերտ պատրաստելու համար։ Բայց բախտի նախասահմանությամբ այդ կոնյակին վիճակված էր, որ ես նրան գողանամ, ինչպես որ ինձ էլ վիճակված էր, որ գող դառնամ։
— Վատ չէր լինի,— մեջ մտավ Շվեյկը,— եթե մեզ էլ վիճակված լիներ, ձեզ հանցակից դառնալ։ Համենայն դեպս, ես այդպի նախազգացում ունեմ։
Եվ բախտի կանխորոշումը կատարվեց։ Չնայած ավագ գրագիր Վանեկի բողոքներին, շիշը սկսեց շրջան գործել։ Վանեկը պնդում էր, թե կոնյակը պետք է խմել կաթսայիկով, հավասարապես բաժանելով։ Այդ մի շշին հինգ մարդ է ընկնում, իսկ քանի որ դա կենտ թիվ է, ապա շատ հեշտ կարող է պատահել, որ մեկը մի կում ավելի խմի, քան մյուսները։ Շվեյկը պաշտպանեց նրան, ասելով․
— Միանգամայն ճիշտ է, և եթե պան Վանեկն ուզում է, որ զույգ թիվ լինի, թող ինքը խմբից դուրս գա, որպեսզի ոչ մի թյուրիմացության ու վեճի տեղիք չտա։
Այնժամ Վանեկն իր նախագծից հրաժարվեց և մի այլ, մեծահոգի նախագիծ մտցրեց, խմել այնպիսի կարգով, որ հյուրասիրող Յուրայդան հնարավորություն ունենա երկու անգամ խմելու։ Դա բուռն բողոք հարուցեց, քանի որ Վանեկն արդեն մի անգամ, շիշը բացելիս կոնյակի համը տեսել էր։
Ի վերջո ընդունվեց հոժարականի նախագիծը՝ խմել այբբենական կարգով։ Հոժարականը իր առաջարկն հիմնավորեց նրանով, որ այս կամ այն ազգանունն ունենալն էլ բախտի նախասահմանություն է։
Վերջին կումը խմեց և շիշը դատարկեց Խոդոունսկին, որ այբբենական կարգով առաջինն էր[111], մի ահարկու հայացք նետելով Վանեկի վրա, որը հաշվել էր, որ իրեն մի կում ավելի կհասնի, քանի որ այբբենական կարգով վերջինն էր։ Բայց դա մաթեմատիկական կոպիտ սխալ էր, քանի որ դուրս եկավ ընդամենը քսանմեկ կում։
Հետո սկսեցին երեքական խաղաքարտով թուղթ խաղալ։ Պարզվեց, որ ամեն անգամ կոզիր թուղթ վերցնելիս հոժարականը աստվածաշնչից որոշ կտորներ է մեջ բերում։ Այսպես, օրինակ, կոզիրի զինվորը վերցնելով, նա բացականչեց․
― Տե՛ր աստված, թող այս զինվորին և այս տարի, մինչև ես սրան թաղեմ և շուրջը աղբ ածեմ․ գուցե պտուղ տա։
Երբ նրան կշտամբեցին, որ հանդգնել է նույնիսկ կոզիրի ութնոցը վերցնել, նա բարձրագոչ բարբառեց․
— Կամ ինչ կին, ունենալով տասը դրախմ, եթե կորցնի մի դրախմը, չի վառի մոմը և չի ավլի տաճարը և խնմաքով չի որոնի, մինչև գտնի։ Իսկ գտնելուց հետո կկանչի ընկերուհիներին ու կասի․ «Ուրախացիր ինձ հետ, որովհետև առա ես ութնոցը և լրացուցիչ վերցրի կոզիրի թագավորն ու տուզը»։
— Թղթերն այս կողմ արեք, բոլորդ փաս եղաք։
Եվ հիրավի, հոժարական Մարեկի բախտը լավ էր բանում։
Այն ժամանակ, երբ մյուսները կոզիրներով իրար խփում էին, նա շարունակ նրանց կոզիրները ծածկում էր մեծ կոզիրով, այնպես որ նրա խաղընկերներն իրար հետևից տանուլ էին տալիս, իսկ նա վերցնում էր առք առքի հետևից, պարտվածներին դիմելով․
— Եվ եղիցի լաց և կրճտել ատամանց և տրտմություն մեծ, տեսցիք զազրություն ամայության, և սով, և հիվանդություն պես-պես և սարսափեսցեք։
Վերջապես խաղը նրանց ձանձրացրեց, և նրանք դադարեցին խաղալուց, երբ հեռախոսավար Խոգոունսկին կանխավ տանուլ տվեց իր կես տարվա ռոճիկը։ Նա դրանից սաստիկ վշտացած էր, իսկ հոժարականն անդադար պահանջում էր, որ նա պարտավորագիր ստորագրի, թե ռոճիկը վճարելիս ավագ գրագիր Վանեկը Խոդոունսկու ռոճիկը պետք է նրան տա։
— Մի՛ վախենա, Խոդոունսկի,— սիրտ էր տալիս դժբախտին Շվեյկը։— Դեռ բախտդ կբանի։ Եթե առաջին իսկ կռվում քեզ սպանեն Մարեկը քո պարտավորագրով միայն իր քիթը կսրբի։ Ստորագրի՛ր։
Այդ դիտողությունը Խոդոունսկուն խորապես խոցեց, և նա վստահ ասաց․
— Ես չեմ սպանվի։ Ես հեռախոսավար եմ, և հեռախոսավարները միշտ գտնվում են բլինդաժում, իսկ լարերը ձգում կամ վնասվածքները որոնում են մարտից հետո։
Հոժարականն առարկեց, թե, ընդհակառակը, հեռախոսավարները ենթակա են մեծ վտանգի և թե թշնամու հրետանին գլխավորապես հեռախոսավարների վրա է կատաղած։ Ոչ մի հեռախոսավար իր բլինդաժում վտանգից զերծ չէ։ Թեկուզ տասը մետր էլ թաղվի հողի տակ, մեկ է, թշնամու հրետանին նրան կգտնի։ Հեռախոսավարները հալչում են, ինչպես ամառվա կարկուտն անձրևի տակ։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ Բրուկում, երբ նա այնտեղից հեռանում էր, հեռախոսավարների դասընթացների քսանութերորդ ընդունելություն էր հայտարարվել։
Խոդոունսկին սկսեց ինքն իրեն սաստիկ խղճալ։ Քիչ էր մնում լաց լիներ։ Դա Շվեյկին ստիպեց մխիթարանքի ջերմ խոսք ասել․
— Մի վախեցիր բալաս, քեզ խաբում են։
Խոդոունսկին սիրալիր պատասխանեց․
— Սո՛ւս կաց, մորաքույր։
— Հապա գումարտակի պատմության նոթերի մեջ նայենք «Խ» տառը։ Խոդոունսկի․․․ Հը՛մ․․․ Խոդոունսկի․․․ Ահա այստեղ է․ «Հեռախոսավար Խոդոունսկին ֆուգասը պայթելիս մնացել է հողի տակ։ Նա իր գերեզմանից հեռախոսում է շտաբ․ «Մեռնում եմ։ Շնորհավորում եմ մեր գումարտակի հաղթանակը»։
— Դա քեզ բավակա՞ն է,— հարցրեց Շվեյկը։— Թե՞ ուզում ես որևէ բան ավելացնել։ Հիշո՞ւմ ես Տիտանիկի հեռախոսավարին, որն այն ժամանակ, երբ նավն արդեն սուզվում էր, դեռ հեռախոսում էր ներքև՝ ջրով լցված խոհանոցը, թե վերջապես ե՞րբ են ճաշ տալու։
― Ավելացնելն ինձ համար դժվար չէ,— հավատացրեց հոժարականը,— եթե ուզում եք, Խոդոունսկու հոգևարքի խոսքը կարելի է ավարտել այնպես, որ նա վերջում հեռախոսով բղավի․ «Ողջույնս հաղորդեցեք մեր երկաթե բրիգադին»։
Քայլով մարշ
Պարզվեց, որ այն վագոնում, որտեղ տեղավորված էր տասնմեկերորդ երթային վաշտի խոհանոցը և որտեղ տրաքվելու չափ ուտելուց հետո Բալոունը զկռտում էր, իսկապես ճիշտ էին ասում, թե Սանոկում գումարտակը ընթրիք և հացաբաժին կստանա սոված մնացած բոլոր օրերի համար։ Պարզվեց նույնպես, որ հենց Սանոկում է գտնվում «Երկաթե բրիգադի» շտաբը, որին, համաձայն իր չափագրական վկայականի, պատկանում էր Իննսունմեկերորդ գնդի գումարտակը։ Քանի որ այստեղից մինչև Լվով և դեպի ավելի հյուսիս, մինչև Վելիկիե Մոստի, երկաթուղային հաղորդակցությունը չէր ընդհատված, ապա մնում էր անհասկանալի, թե ինչու արևելյան հատվածի շտաբը կազմել էր այնպիսի դիսպոզիցիա, ըստ որի «Երկաթե բրիգադը» երթային գումարտակները կենտրոնացնում էր ճակատի գծից հարյուր հիսուն կիլոմետր հեռու ճակատի գիծն այն ժամանակ ձգվում էր Բրոդ քաղաքից մինչև Բուգ գետը և նրա երկայնքով դեպի հյուսիս, մինչև Սոկալ։
Այդ ծայր աստիճան հետաքրքիր ստրատեգիական հարցը լուծվեց շատ պարզ կերպով, երբ Սանոկում կապիտան Սագները գնաց բրիգադի շտաբը՝ զեկուցելու երթային գումարտակի ժամանման մասին։
Հերթապահում էր թրիգադի համհարզ կապիտան Տայլրեն։
— Ես շատ եմ զարմանում, ասաց կապիտան Տայլրեն,— որ դուք ստույգ տեղեկություններ չեք ստացել։ Մարշրուտը միանգամայն որոշակի է։ Դուք ձեր տեղաշարժման գրաֆիկը, իհարկե, պետք է նախապես հաղորդեիք։ Հակառակ գլխավոր շտաբի դիսպոզիցիայի, ձեր գումարտակը երկու օր շուտ է ժամանել։
Կապիտան Սագները փոքր-ինչ կարմրեց, բայց մտքով չանցավ կրկնել այն բոլոր ծածկագրված հեռագրերը, որ ճանապարհին ստացել էր։
— Դուք ինձ զարմանք եք պատճառում,— ասաց կապիտան Տայլրեն։
— Որքան ինձ հայտնի է,— կարողացավ ասել կապիտան Սագները,— մենք, բոլոր սպաներս, իրար հետ «դու»-ով ենք խոսում։
— Համաձայն եմ,— ասաց կապիտան Տայլրեն,— ասա տեսնեմ, դու կադրայի՞ն սպա ես, թե քաղաքացիներից։ Կադրայի՞ն։ Դա բոլորովին ուրիշ բան է։ Դե հո ճակատիդ չի գրված։ Քանի-քանի ապուշ պահեստի լեյտենանտներ են եկել ու անցել այստեղով։ Երբ մենք Լիմանովից ու Կրասնիկից նահանջում էինք, այդ բոլոը «նույնպես լեյտենանտները» կազակների մի պարեկ տեսնելիս գլուխները կորցնում էին։ Մենք շտաբում այդ պարազիտներին երես չենք տալիս։ Մեկ էլ տեսար մի ապուշ, «ինտելիգենտկայի» քննությունը բռնելով, վերջ ի վերջո դառնում է կադրային։ Կամ, դեռևս քաղաքացի լինելով, հանձնում է սպայական քննությունը և շարունակում քաղաքացիական ծառայությունը, առաջվա պես մնալով հիմար, իսկ պատերազմ լինելիս նրանից ոչ թե լեյտենանտ դուրս կգա, այլ ցռան։
Կապիտան Տայլրեն թքեց և մտերմավարի խփեց կապիտան Սագների ուսին.
— Մի երկու օր մնացեք այստեղ։ Ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ։ Կպարենք։ Սիրունիկ աղջիկներ կան, «Engelhuren»[112]։ Հիմա այստեղ է գեներալներից մեկի աղջիկը, որն առաջ անձնատուր է եղել լեսբիական սիրո։ Մենք բոլորս կանացի շորեր կհագնենք, և դու կտեսնես, թե նա ի՛նչ օյիններ է խաղում։ Որ նայելու լինես, մի լղար, նողկալի բան է, երբեք մտքովդ չի անցնի, որ այդպիսի բաներ կանի։ Բայց իր գործը լավ գիտե, բարեկա՛մ։ Համա՜ թե լիրբ է, եղբայր։ Ասենք, ինքդ կտեսնես…
— Պարդոն,— շփոթված ներողություն խնդրեց նա,— գնամ փսխելու, այսօր արդեն երրորդ անգամն է։
Ցանկանալով կապիտան Սագներին մի ավելորդ անգամ ապացուցել, թե իրենք որքան ուրախ են ապրում, նա վերադառնալուց հետո հայտնեց, թե իր փսխելու պատճառը երեկվա երեկույթն է, որին մասնակցում էին նաև սակրավոր սպաները։
Սագները բախտ ունեցավ շատ շուտով ծանոթանալու սակրավոր ստորաբաժանման հրամանատարի հետ, որը նույնպես կապիտան էր։ Ներս ընկավ մի լողլող մարդ՝ սպայական համազգեստով ու երեք ոսկե աստղանիշներով, և, ասես մշուշի մեջ, անծանոթ կապիտանի ներկայությունը չնկատելով, ընտանեվարի դիմեց Տայլրեին․ «Ի՞նչ ես անում, գոճի։ Երեկ լա՜վ էիր մշակում մեր կոմսուհուն»։
Նա նստեց բագկաթոռին և, ստեկով ծնկներին հարվածելով, սկսեց քրքջալ։
— Ծիծաղից թուլանում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես փսխեցիր նրա ծնկներին․․․
— Այո,— բավականությունից բերանը ճպպացնելով ասաց Տայլրեն,— երեկ շատ ուրախ ժամանակ անցկացրինք։
Նա միայն հիմա կապիտան Սագներին ծանոթացրեց նոր սպայի հետ։ Նրանք դուրս եկան բրիգադի շտաբի գրասենյակից և դիմեցին դեպի մի նախկին գարեջրատուն, որը շտապ կարգով վերածվել էր սրճարանի։
Գրասենյակի միջով անցնելիս կապիտան Տայլրեն սակրավոր ստորաբաժանման հրամանատարի ձեռքից ստեկն առավ և դրանով հարվածեց մի երկարավուն սեղանի։ Այդ հրամանարկով իսկույն սեղանի շուրջը երեսադեմ շարվեցին տասներկու զինվորական գրագիրներ։ Դրանք բանակի թիկունքում հանգիստ, անվտանգ աշխատանք կատարելու հակում ունեցող մարդիկ էին, էքստրահամազգեստներով և մեծ ու տռուզ փորերով։
Ցանկանալով Սագների և երկրորդ կապիտանի առաջ իրեն ցույց տալ, կապիտան Տայլրեն դիմեց «ռազմաճակատից խուսափելու» այդ տասներկու չաղ առաքյալներին․
— Չկարծեք, թե ես ձեզ այստեղ պահում եմ չաղացնելու համար, խոզե՛ր։ Քիչ լափել ու լակել և ավելի շատ վազել։ Հիմա ես ձեզ մի ուրիշ համար էլ ցույց կտամ,— ասաց Տայլրեն իր ընկերակիցներին։ Նա նորից ստեկով հարվածեց սեղանին և տասներկու գրագիրներին հարցրեց․
— Ե՞րբ եք տրաքվելու, գոճիներ։
Տասներկուսն էլ միաբերան պատասխանեցին.
— Երբ դուք հրամայեք, պարոն կապիտան։
Ծիծաղելով իր իսկ հիմարության և ապուշության վրա, կապիտան Տայլրեն գրասենյակից դուրս եկավ։
Երբ նրանք երեքով սրճարանում տեղ գրավեցին, Տայլրեն պատվիրեց մի շիշ սնձօղի բերել և ազատ օրիորդներին կանչել։ Պարզվեց, որ սրճարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակաց տուն։ Ազատ օրիորդները չկային, և դա կապիտան Տայլերին շատ զայրացրեց։ Սա միջանցքում «մադամին» կոպտաբար հայհոյեց և գոռաց.
— Ո՞վ է օրիորդ Էլլայի մոտ։
Երբ նրան պատասխանեցին, թե օրիորդը զբաղված է մի պոդպորուչիկի հետ, կապիտանը սկսեց ավելի անպարկեշտ հայհոյել։
Օրիորդ Էլլան զբաղված էր պոդպորուչիկ Դուբի հետ։
Երթային գումարտակը գիմնազիայի շենքում տեղավորվելուց պոդպորուչիկ Դուբը իր զինվորներին հավաքել և մի երկար ճառով նախազգուշացրել էր, թե ռուսները նահանջելիս ամեն տեղ հասարակաց տներ են բացել, որտեղ վեներական հիվանդությամբ վարակված անձնակազմեր են թողել, որպեսզի այդ կերպ ավստրիական բանակին մեծ վնաս հասցնեն։ Նա զինվորներին զգուշացրել էր այդպիսի հաստատություններ չայցելել և նրանց խոստացել էր անձամբ շրջել այդ տներն ու հավաստիանալ, թե արդյոք իր հրամանը խախտող չի՞ եղել։ Նկատի ունենալով այն հանգամանքը, ասել էր նա որ նրանք գտնվում են ռազմաճակատային գոտում, այդպիսի տան մեջ բռնվողը դաշտային դատի կտրվի։
Պոդպորուչիկ Դուբն անձամբ գնացել էր հավաստիանալու, թե արդյոք իր հրամանը խախտող չի՞ եղել, և թերևս այդ պատճառով իր ռևիզիայի համար ելակետ էր դարձել այսպես կոչված «քաղաքային սրճարանի» երկրորդ հարկում Էլլային հատկացված սենյակի բազմոցը և հաճելիորեն զվարճանում էր դրա վրա։
Այդ միջոցին կապիտան Սագները վերադարձավ իր գումարտակը, Տայլրեի ընկերախումբը ցրվեց, կապիտան Տայլրեին կանչեցին շտաբ, քանի որ բրիգադի հրամանատարն արդեն մի ժամից ավելի իր համհարզին էր փնտրում։
Դիվիզիայից նոր հրամաններ էին եկել, և անհրաժեշտ էր վերջանականապես ճշտել ժամանած Իննսունեմեկերորդ գնդի մարշրուտը, քանի որ ըստ նոր դիսպոզիցիայի՝ առաջվա մարշրուտով պետք է մեկներ Հարյուրերկուերորդ գնդի գումարտակը։
Ամեն ինչ անասելի խառնակված էր։ Ռուսները հարավ-արևելյան Գալիցիայից հապճեպ նահանջում էին, այնպես որ այստեղ ավստրիական մի քանի զորամասեր իրար էին, խառնվել։ Ավստրիական զորքերի դասավորության մեջ տեղ-տեղ գերմանական զորամասեր էին խրվել։ Այդ քաոսն ավելի սաստկացնում էին ռազմաճակատ եկող նոր երթային գումարտակներն ու մյուս զորամասերը։ Նույնը տեղի էր ունենամ և ճակատամերձ գոտում։ Օրինակ, այստեղ, Սանոկում, որտեղ հանկարծակի հայտնվեց գերմանական հանովերյան դիվիզիայի ռեզերվը՝ մի գնդապետի հրամանատարությամբ, որն այնքան զզվելի հայացք ուներ, որ բրիգադի հրամանատարը բոլորովին իրեն կորցրեց։ Հաննովերյան դիվիզիայի ռեզերվի գնդապետը ներկայացրեց իր շտաբի դիսպոզիցիան, ըստ որի նրա զինվորներին պետք է տեղավորեին գիմնազիայում, որտեղ քիչ առաջ տեղավորվել էր Իննսունմեկերորդ գնդի գումարտակը։ Նա պահանջում էր իր շտաբը տեղավորելու համար դատարկել Կրակովյան բանկի շենքը, որտեղ տեղավորված էր բրիգադի շտաբը։
Բրիգադի հրամանատարը կապվեց դիվիզիայի հետ, ճշտիվ բացատրեց իրավիճակը, իսկ հետո դիվիզիայի հետ խոսեց չար աչք ունեցող հաննովերցին, և այդ խոսակցությունների հետևանքն այն եղավ, որ բրիգադն ստացավ հետևյալ հրամանը. «Բրիգադին․ երեկոյան ժամը վեցին թողնել քաղաքը և գնալ Տիրավա — Վոլոսկա — Լիսկովիցե — Ստարայա Սոլ — Սամբոր ուղղությամբ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների։ Բրիգադի հետ միասին դուրս պետք է գա նաև Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը, որ պաշտպանակի դեր է կատարում։ Դուրս գալու կարգը բրիգադի կողմից մշակված է հետևյալ սխեմայով․ առաջապահը շարժվում է դեպի Տիրավա հինգ և կեսին, հարավային և հյուսիսային թևերի պաշտպանակների հեռավորությունը՝ երեք և կես կիլոմետր։ Պաշտպանակի դեր կատարող վերջապահը շարժվում է վեցից քառորդ անց»։
Գիմնազիայում իրարանցում սկսվեց։ Գումարտակի սպաների խորհրդակցությունից բացակա էր միայն պոդպորուչիկ Դուբը, որին գտնելու գործը հանձնարավեց Շվեյկին։
— Հուսով եմ,— ասաց Շվեյկին պորուչիկ Լուկաշը,— դուք նրան կգտնեք առանց որևէ դժվարության. չէ՞ որ ձեր միջև շարունակ ինչ-որ տարաձայնություններ կան։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, խնդրում եմ գնդի անունից գրավոր հրաման տալ, հենց այն պատճառով, որ մեր միջև շարունակ ինչ-որ տարաձայնություններ կան։
Մինչ պորուչիկ Լուկաշը բլոկնոտի թերթիկի վրա պոդպորուչիկ Դուբին հրամանագրում էր՝ անմիջապես գալ գիմնազիա խորհրդակցության, Շվեյկը նրան հավաստիացնում էր.
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, դուք հիմա, ինչպես միշտ, կարող եք հանգիստ լինել։ Ես նրան կգտնեմ։ Քանի որ զինվորներին արգելված է բոզանոցներ այցելել, ապա նա անկասկած դրանցից մեկում է։ Չէ՞ որ նա պետք է հավաստիանա, որ իր դասակից ոչ ոք չի ուզում դաշտային դատարանի առաջ կանգնել, որով նա սովորաբար սպառնում է։ Նա ինքը զինվորներին հայտարարեց, որ անձամբ կշրջի բոլոր բոզանոցները և նրանք նրան կճանաչեն վատ կողմից։ Ասենք, ես գիտեմ, թե նա որտեղ է։ Ահա, այստե՛ղ, հենց մեր դիմաց, այս սրճարանում։ Նրա բոլոր զինվորները հետևում էին, թե նա առաջ ո՛ւր է գնալու։
Այն միացյալ զվարճական հաստատությունը և քաղաքային սրճարանը, որ հիշատակեց Շվեյկը, բաժանված էր երկու մասի։ Ով սրճարանի միջով անցնել չէր ուզում, ներս էր մտնում հետևի մուտքից, որտեղ արևկող էր անում մի պառավ դամա, որը գերմաներեն, լեհերեն և հունգարերեն արտասանում էր մոտավորապես այս ողջույնը, «Մտեք, մտեք, զինվորիկ, մեր օրիորդները լավն են»։
Երբ զինվորիկը ներս էր մտնում, պառավը նրան առաջնորդում էր ընդունարանի նման մի տեղ և կանչում օրիորդներից մեկին, որն անմիջապես վազեվազ գալիս էր մետակ շապկով։ Օրիորդը նախ և առաջ փողն էր պահանջում։ Մինչ զինվորիկն հանում էր սվինը, հենց այդտեղ էլ փողը վերցնում էր «մադամը»։
Սպայությունը ներս էր մտնում սրճարանի միջով։ Այդ ճանապարհն իր մեջ ավելի շատ վտանգներ էր պարփակում, քանի որ ոլորապտույտ ձգվում էր դեպի այն սենյակները, որտեղ կենում էին սպայության համար նախատեսված օրիորդները։ Այստեղ գեղեցկուհիներին ժանյակավոր շապիկներ էին հագցնում, այստեղ գինի և լիկյոր էին խմում։ Բայց այս կացարաններում «մադամը» թույլ չէր տալիս որևէ բան անել, ամեն ինչ տեղի էր ունենում վերևում, փոքրիկ սենյակներում։
Փայտոջիլներով լեցուն մի այդպիսի դրախտում, բազմոցի վրա մետակ ոտաշորով պառկած էր պոդպորուչիկ Դուբը։ Օրիորդ Էլլան, ինչպես նման դեպքերում ընդունված է, նրան պատմում էր իր կյանքի մտածածին ողբերգությունը, հայրը գործարանատեր է եղել, ինքը՝ Բուդապեշտի գիմնազիայի ուսուցչուհի, և ահա այդ ճանապարհը բռնել է մի դժբախտ սիրո պատճառով։
Պոդպորուչիկ Դուբի կողքին, ձեռքը պարզելու չափ մոտ, սեղանիկի վրա դրված էին մի շիշ սնձօղի և ըմպանակներ։ Քանի որ շիշը միայն կիսով չափ էր դատարկված, իսկ Էլլայի և պոդպորուչիկ Դուբի լեզուն արդեն փաթ էր ընկել, ապա պարզ էր, որ Դուբը խմել չի իմանում։ Նրա խոսքերից երևում էր, որ նա ամեն ինչ շփոթում է և Էլլային իր սպասյակ Կուներտի տեղն է դնում։ Նա նրան հենց սպասյակի անունով էլ դիմում էր, ըստ իր սովորության կարծեցյալ Կուներտին սպառնալով. «Կունե՛րտ, անզգամ Կուներտ, դու ինձ կճանաչես նաև վատ կողմից»։
Շվեյկը պետք է ենթարկվեր նույն այն արարողությանը, որին ենթակա էին հետևի մուտքից մտնող մյուս զինվորները։ Սակայն նա քաղաքավարի կերպով դուրս պրծավ կիսամերկ օրիորդի ձեռքից, որի ճչոցի վրա վազեց-եկավ լեհազգի «մադամը»։ Նա լկտիաբար փորձեց Շվեյկին խաբել, թե հյուրերի մեջ ոչ մի պոդպորուչիկ չկա։
— Շատ էլ մի՛ գոռաք վրաս, ողորմած տիկին,— քաղաքավարի խնդրեց Շվեյկը, այդ բառերին հարակցելով մի անուշիկ ժպիտ,– մի՛ գոռաք, թե չէ ձեր մռութը կջարդեմ։ Մի անգամ մեր Պլանտերժսկա վաղոցում մի «մադամի» այնպես քոթակեցին, որ երկար ժամանակ խելքը գլուխը չէր գալիս։ Այնտեղ որդին փնտրում էր իր հորը՝ պնևմատիկ դողեր վաճառող Վոնդրաչեկին։ Այն «մադամի» ագգանունը Կրժովանովա էր, բայց երբ շտապ օգնության կայարանում նրան ուշքի բերին և ազգանունը հարցրին, ասաց, թե դա «Խ» տառով սկսվող մի բան է։ Իսկ, թույլ տվեք իմանալ, ձեր ազգանունն ի՞նչ է։
Այնուհետև Շվեյկը «մադամին» մի կողմ հրեց և, վեհակերպ տեսքով, սկսեց փայտյա աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկը, իսկ հարգարժան մատրոնան անասելի ճիչ ու աղմուկ բարձրացրեց։
Ներքևում հայտնվեց հասարակաց տան տերն ինքը՝ մի աղքատացած լեհ շլյախտիչ, որը սանդուղքն ի վեր վազեց Շվեյկի հետևից և բռնեց նրա թևքից, գերմաներեն գոռալով, թե զինվորներին արգելված է վերև բարձրանալ, թե այդ տեղը պարոն սպաների համար է, և թե զինվորների տեղը ներքևի հարկն է։
Շվեյկը նրա ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ինքը եկել է մի ամբողջ բանակի շահերից ելնելով, որ փնտրում է մի պարոն պոդպորուչիկի, առանց որի բանակը չի կարող ռազմի դաշտ մեկնել։ Երբ հաստատության տիրոջ միջամտություններն ագրեսիվ բնույթ ստացան, Շվեյկը նրան սանդուղքից ցած գլորեց և սկսեց երկրորդ հարկը զննել։ Բոլոր սենյակները դատարկ էին, և միայն միջանցքի ծայրում գտնվող սենյակի դուռն էր փակ։ Երբ Շվեյկը դուռը ծեծեց, բռնեց բռնակն ու բացեց, լսվեց Էլլայի ճղճղան ձայնը. «Besetzt!»[113], իսկ պոդպորուչիկ Դուբը, որն ըստ երևույթին կարծում էր, թե գտնվում է ճամբարի իր սենյակում, իր բասով թույլատրեց. «Herein!»[114]։
Շվեյկը ներս մտավ, մոտեցավ բազմոցին և, բլոկնոտից պոկած թերթիկը պոդպորուչիկ Դուբին հանձնելով, խեթ-խեթ նայելով անկողնու մի անկյունում ընկած համազգեստին, զեկուցեց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որ դուք համաձայն այն հրամանի, որը ձեզ հանձնում եմ այստեղ, պարտավոր եք անհապաղ հագնվել և ժամանել գիմնազիայում գտնվող մեր զորանոցը, որտեղ զինվորական մեծ խորհրդի նիստ է։
Պոդպորուչիկ Դուբն իր պղտոր ու թալկացած մանրիկ աչքերը չռեց նրա վրա, բայց, այնուամենայնիվ, հասկացավ, թե ինքն այնքան էլ հարբած չէ, որ չկարողանա Շվեյկին ճանաչել։ Եվ անմիջապես նրա մտքով անցավ, թե Շվեյկին ուղարկել են իրեն զեկույց տալու, ուստի ասաց.
— Հիմա ես քո հախից կգամ, Շվեյկ։ Հիմա հալդ կտեսնես։
— Կունե՛րտ ,— դիմեց նա Էլլային,— բաժակս էլի լցրու։
Նա խմեց և, գրավոր հրամանը պատռելով, սկսեց քրքջալ.
— Սա ներողություն խնդրելու դիմո՞ւմ է։ Մեզ մոտ ընդունված չէ ներողություն խնդրել։ Մենք զինվորական ծառայության մեջ ենք, և ոչ թե դպրոցում։ Ուրեմն, քեզ բռնել են բոզանոցում, հա՞։ Մոտեցիր ինձ, Շվեյկ, ավելի մոտ եկ, դնչիդ մի լավ հասցնեմ։ Ո՞ր թվին Ֆիլիպ Մակեդոնացին հաղթեց հռոմեացիներին, չե՞ս իմանում, քուռակ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— անողոքաբար իրենն էր պնդում Շվեյկը,— դա բրիգադին տրված խստագույն հրաման է, պարոն սպաներին հրամայվում է հագնվել և ներկայանալ գումարտակային խորհրդակցության։ Զէ՞ որ մենք կռվի ենք դուրս գալիս, հիմա արդեն պետք է որոշեն այն հարցը, թե ո՛ր վաշտը պետք է առաջապահ լինի, որը թևային պաշտպանակ և որը՝ վերջապահ։ Դա պետք է որոշվի հիմա, և կարծում եմ, պարոն լեյտենանտ, որ այդ առթիվ դուք էլ պետք է արտահայտվեք։
Այդ դիվանագիտական ճառի ազդեցության տակ պոդպորուչիկ Դուբը մասամբ ուշքի եկավ, և նրա համար որոշ չափով պարզ դարձավ, որ ինքը զորանոցում չէ, սակայն լիովին հավաստիանալու համար, այնուամենայնիվ, հարցրեց.
— Ես որտե՞ղ եմ։
— Դուք բարեհաճում եք լինել բոզանոցում, պարոն լեյտենանտ։ Անիմանալի է կամքն աստծո։
Պոդպորուչիկ Դուբը մի ծանր թառանչ արձակեց, ցած իջավ բազմոցից և սկսեց համազգեստը հագնել։ Շվեյկը օգնում էր նրան։ Երբ, վերջապես, Դուբը հագնվեց-պրծավ, երկուսն էլ դուրս եկան։ Սակայն Շվեյկը իսկույն հետ դարձավ և,— ուշադրություն չդարձնելով Էլլայի վրա, որը, թյուր մեկնաբանություն տալով նրա վերադարձին, իր դժբախտ սիրո պատճառով նորից պառկեց մահճի վրա,— արագ խմեց մնացած սնձօղին և սլացավ պոդպորուչիկի հետևից։
Փողոցում գինովությունը նորից խփեց պոդպորուչիկ Դուբի գլուխը, քանի որ շատ տոթ էր։ Նա անկապ-անկապ ամեն տեսակ հիմարություններ էր դուրս տալիս։ Շվեյկին պատմեց, թե տանը Հելհոլանդից ստացած մի նամականիշ ունի և թե հասունության վկայականը ստանալուն պես իրենք գնացել են բիլյարդ խաղալու և դասարանական դաստիարակին չեն բարևել։ Ամեն խոսքից հետո նա ավելացնում էր.
— Հուսով եմ, ինձ ճիշտ կհասկանաք։
— Միանգամայն ճիշտ,— հաստատեց Շվեյկը,— դուք խոսում եք Բուդեյովիցիի թիթեղագործ Պոկորնու պես։ Երբ նրան հարցնում էին, թե այս տարի Մալշայում լողացե՞լ եք, պատասխանում էր․ «Չեմ լողացել, սակայն այս տարի սալորի լավ բերք է լինելու»։ Իսկ երբ հարցնում էին, թե այս տարի արդեն սունկ կերե՞լ եք, պատասխանում էր․ «Չեմ կերել, բայց Մարոկկոյի նոր սուլթանը, ասում են, շատ արժանավոր մարդ է»։
Պոդպորուչիկ Դուբը կանգ առավ և արտահայտեց իր համոզմունքներից մեկն ևս․ «Մարոկկոյի սուլթանը կորած մարդ է»։ Ապա սրբեց ճակատի քրտինքը և, պղտորված աչքերով նայելով Շվեյկին, քրթմնջաց.
— Նույնիսկ ձմռանը այսպես չէի քրտնում։ Համաձա՞յն եք։ Ինձ հասկանո՞ւմ եք։
— Լիովին, պարոն լեյտենանտ։ Մեր «Թասի մոտ» պանդոկը մի ծեր պարոն էր գալիս, Երկրամասային վարչության ինչ-որ պաշտոնաթող խորհրդական, որը նույն բանն էր ասում։ Նա միշտ ասում էր, թե զարմացած է ձմռան ու ամռան ջերմաստիճանների վիթխարի տարբերության վրա, թե զարմանում է, որ մարդիկ մինչև հիմա դա չեն նկատել։
Գիմնազիայի մուտքի մոտ Շվեյկը բաժանվեց պոդպորուչիկ Դուբից, որը օրորվելով սանդուղքով բարձրացավ ուսուցչանոց, որտեղ տեղի էր ունենում զինվորական խորհրդակցությունը, և անմիջապես կապիտան Սագներին զեկուցեց, թե բոլորովին հարբած է։
Զեկուցման ընթացքում նա նստած էր գլուխը կախ, իսկ վիճաբանությունների ժամանակ երբեմն տեղից վեր էր կենում ու գոռում.
— Ձեր կարծիքը ճիշտ է, պարոնայք, բայց ես բոլորովին հարբած եմ։
Դիսպոզիցիայի պլանը կազմվեց։ Պորուչիկ Լուկաշի վաշտը նշանակվեց առաջապահ։ Պոդպորուչիկ Դուբը հանկարծ ցնցվեց, ոտքի կանգնեց ու ասաց.
— Ես երբեք չեմ մոռանա, պարոնայք, մեր դասարանական դաստիարակին։ Թող երկար ապրի նա, երկա՜ր, երկա՜ր, երկա՜ր։
Պորուչիկ Լուկաշը մտածեց, թե ավելի լավ կլինի սպասյակ Կուներտին հրամայել, որ պոդպորուչիկ Դուբին տանի և պառկեցնի ֆիզիկայի կաբինետում, որի դռանը պահակ էր կանգնած, որպեսզի ոչ ոք չկարողանար գողանալ հանքատեսակների արդեն կիսով չափ գողացված հավաքածուն։ Այդ բանի վրա բրիգադը շարունակ հրավիրում էր անցվոր զորամասերի ուշադրությունը։
Այդպիսի նախազգուշությունների սկսել էին դիմել այն օրվանից, երբ գիմնազիայում տեղավորված հոնվեդական գումարտակներից մեկը փորձել էր կաբինետը թալանել։ Հոնվեդներին առանձնապես դուր էր եկել հանքատեսակների հավաքածուն խայտաբղետ բյուրեղներն ու հրաքարերը, որ կոխել էին իրենց ուսապարկերը։
Զինվորական գերեզմանատան սպիտակ խաչերից մեկի վրա մի այսպիսի մակագրություն կա. «Լասլո Գարգան»։ Այնտեղ հավիտենական քնով ննջում է մի հոնվեդ, որը գիմնազիայի հավաքածուն թալանելիս մինչև վերջ խմել էր սրվակներից մեկի սպիրտը, որի մեջ զանազան թունավոր սողաններ էին պահել։
Համաշխարհային պատերազմը մարդկանց բնաջնջում էր նույնիսկ օձի թրմօղիով։
Երբ բոլորը ցրվեցին, պորուչիկ Լուկաշը հրամայեց կանչել սպասյակ Կուներտին, որը պոդպորուչիկ Դուբին տարավ-պառկեցրեց մի թախտի վրա։
Պոդպորուչիկ Դուբը հանկարծ սկսեց երեխայանալ. բռնեց Կուներտի ձեռքը, երկար զննեց նրա ափը, ըստ որում հավատացնելով, թե ափին նայելով կարող է գուշակել նրա ապագա կնոջ ազգանունը։
— Ձեր ազգանունն ի՞նչ է։ Հապա մունդիրիս ծոցագրպանից հանեցեք ծոցատետրս ու մատիտս։ Զեր ազգանունն է, ուրեմն, Կուներտ։ Եկեք քառորդ ժամից հետո, և ես այստեղ ձեզ մի թուղթ կթողնեմ, որի վրա գրված կլինի ձեր ապագա կնոջ ազգանունը։
Այդ ասելուց հետո նա սկսեց խռմփալ, բայց հանկարծ արթնացավ և ծոցատետրում ինչ-որ բան խզբզեց, ապա գրած թերթիկները պոկեց և նետեց հատակին։ Մատները բազմանշանակալից կերպով դնելով շրթունքներին, նա փաթ ընկած լեզվով շշնջաց․
— Առայժմ դեռ ոչ, բայց քառորդ ժամից հետո․․․ Ավելի լավ կլինի, մարդ թուղթը որոնի աչքերը կապած։
Կուներտն այնքան հիմար էր, որ իսկապես քառորդ ժամ անց եկավ և, թուղթը բացելով, կարդաց պոդպորուչիկ Դուբի խզբզանքը. «Ձեր ապագա կնոջ ազգանունն է պանի Կուներտ»։
Երբ Կուներտն այդ թուղթը ցույց տվեց Շվեյկին, վերջինս նրան խորհուրդ տվեց դա լավ պահել։ Պետերից մնացած այդօրինակ փաստաթղթերը պետք է գնահատել. խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ դեռևս այնպիսի դեպք չի եղել, որ սպան իր սպասյակի հետ գրագրություն ունենա և նրան նույնիսկ պան անվանի։
* * *
Երբ ըստ դիսպոզիցիայի ավարտվեցին առաջխաղացման նախապատրաստությունները, բրիգադի գեներալը, որին հաննովերյան գնդապետն այնպես հիանալի կերպով շենքից վտարել էր, հավաքեց ամբողջ գումարտակը, հրամայեց քառանկյունաձև շարվել և ճառ ասաց։ Գեներալը շատ էր սիրում ճառել։ Նա սկսեց դատարկաբանել, անկապ-անկապ դուրս տալ, ապա իր պերճախոսության պաշարը սպառելով՝ հիշեց դաշտային փոստը։
— Զինվորնե՛ր,— որոտաց նա, դիմելով քառանկյունաձև շարված զինվորներին,— մենք մոտենում ենք թշնամու ճակատին, որից մեզ բաժանում է ընդամենը մի քանի օրվա ճանապարհ։ Զինվորնե՛ր, դուք մինչև հիմա երթի ժամանակ հնարավորություն չեք ունեցել ձեր մերձավորներին, որոնց թողել եք տանը, հայտնելու ձեր հասցեները, որպեսզի ձեր հեռավորներն իմանային, թե որտեղ է պետք ձեզ նամակ ուղարկել, և որպեսզի ձեր թանկագին թողյալների նամակները ձեզ ուրախություն պատճառեին․․․
Նա կապը կորցրեց, շփոթվեց և սկսեց անվերջ կրկնել, «Սիրելիները, հեռավորները․․․ թանկագին մերձավորները․․․ սիրելիները, թողյալները» և այլն, մինչև որ, վերջապես, այդ կախարդական շրջանից դուրս պրծավ այս հուժկու բացականչությամբ․ «Հենց դրա համար էլ ռազմաճակատում գոյություն ունի դաշտային փոստ»։
Նրա ճառի մնացած մասի իմաստը մոտավորապես այն էր, թե բոլոր գորշ շինելներ հագած մարդիկ մեծագույն ուրախությամբ պետք է սպանդ գնան միայն այն պատճառով, որ ռազմաճակատում գոյության ունի դաշտային փոստ։ Եվ եթե նռնակից որևէ մեկի երկու ոտքն էլ կտրվի, ապա նրա համար մեռնելը հաճելի կլինի, եթե միայն հիշի, որ իր դաշտային փոստի համարն է 72, և գուցե այնտեղ գտնվում է հեռավոր սիրեցյալներից ստացված մի նամակ և մի ծանրոց, որը պարունակում է մի կտոր ապխտած միս, ճարպ և տանու սուխարի։
Այդ ճառից հետո, երբ բրիգադի նվագախումբը հնչեցրեց հիմնը և երբ կայսրին փառք գոչեցին, առանձին խմբերն այդ մարդկային նախրի, որը կոչված էր Բուգի մյուս ափին որևէ տեղ մորթվելու, ըստ տրված հրամանների, իրար հետևից արշավի դուրս եկան։
Տասնվեցերորդ վաշտը հինգ և կեսին դուրս եկավ Տիրավա-Վոլոսկ ուղղությամբ։ Շվեյկը քարշ էր գալիս վաշտի շտաբի և սանիտարական մասի հետևից, իսկ պորուչիկ Լակաշը ձիով շրջագայում էր ամբողջ զորասյունը, շուտ-շուտ վերադառնալով նրա վերջնածայրը, որպեսզի տեսներ, թե ինչպես սանիտարները բրեզենտով ծածկված սայլի վրա պոդպորուչիկ Դուբին տանում են դեպի անորոշ ապագայում կատարելիք իր նոր սխրագործությունները, և որպեսզի ժամանակը կարճեր Շվեյկի հետ զրուցելով, որը համբերությամբ կրում էր իր տոպրակն ու հրացանը, ֆելդֆեբել Վանեկին պատմելով, թե մի քանի տարի առաջ որքան հաճելի էր քայլել Վելկե Մեզիրժիչի զորավարժությունների ժամանակ։
— Ճիշտ այսպիսի մի տեղ էր, միայն թե քայլում էինք ոչ լրրիվ կարգ ու սարքով, որովհետև այն ժամանակ մենք չգիտեինք էլ, թե պահեստի պահածոն ինչ բան է։ Իսկ եթե որևէ տեղ պահածոներ էինք ստանում, ապա առաջին իսկ օթևանում լափում էինք և տոպրակի մեջ դրանց տեղը աղյուսներ դնում։ Գյուղերից մեկում տեսչական ստուգում կատարեցին և այդ բոլոր աղյուսները տոպրակներից հանեցին ու դեն գցեցին։ Դրանք այնքան շատ էին, որ ինչ-որ մեկն այնտեղ իր համար մի փոքրիկ տուն շինեց։
Քիչ հետո Շվեյկը եռանդագին քայլում էր պորուչիկ Լուկաշի ձիու կողքով և պատմում դաշտային փոստի մասին.
— Հիանալի ճառ էր։ Իհարկե, պատերազմի ժամանակ ամեն մարդու շատ հաճելի է տանից սիրագորով նամակ ստանալ։ Բայց ես, երբ մի քանի տարի առաջ ծառայում էի Բուդեյովիցիում, իմ ամբողջ զինվորական ծառայության ընթացքում ընդամենը մի նամակ ստացա, որը մինչև հիմա պահում եմ;
Շվեյկը կաշվե կեղտոտ պայուսակից հանեց ճարպոտած մի նամակ և սկսեց կարդալ, ջանալով համաքայլ ընթանալ պորուչիկ Լուկաշի ձիու հետ, որը քայլում էր չափավոր վարգով.
«Դու ստոր գյադա ես, ավազակ ու սրիկա։ Պարոն կապրալ Կրշիժը արձակուրդ էր եկել Պրագա, ես նրա հետ պարում էի «Կոցանների մոտ» պանդոկում, և նա ինձ պատմեց, թե իբր դու Բուդեյովիցիի «Կանաչ գորտի մոտ» պանդոկում պարում ես մի ապուշ բոզի հետ և թե ինձ բոլորովին մոռացել ես։ Իմացիր, ես այս նամակը գրում եմ արտաքնոցում, ծակի մոտի տախտակի վրա, մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Քո նախկին Բոժենա։
Չմոռանամ ասել, այդ կապրալը քո հոգին կհանի, նա այդ գործում վարպետ է, և ես նրան խնդրել եմ, որ այդ բանն անի։ Եվ հետո, չմոռանամ ասել, որ երբ արձակուրդ գաս, ինձ այլևս ողջերի մեջ չես գտնի»։
― Իհարկե,— շարունակեց Շվեյկը, մանրիկ վարգով տնգտնգալով պորուչիկի ձիու կողքին,— երբ ես արձակուրդ գնացի, նա «ողջերի մեջ» էր, այն էլ ինչպիսի՜ ողջերի։ Ես նրան գտա դարձյալ «Կոցանների մոտ» պանդոկում։ Հետը ուրիշ գնդի երկու զինվորներ կային և դրանցից մեկն այնքան ժիր էր, որ մի գլուխ ձեռքը կոխում էր նրա լիֆչիկի տակ, կարծես ուզում էր այնտեղից, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, կուսության ծաղկափոշին հանել, ինչպես կասեր Վենցեսլավա Լուժիցկայան։ Մի այդպիսի բան է ասել մի տասնվեց տարեկան ջահել օրիորդ պարի դասի ժամանակ մի գիմնազիստի, որը նրա ուսը կճմթել է. աղջիկը լաց լինելով նրան ասել է․ «Պարոն, դուք մաքրեցիք իմ կուսության ծաղկափոշին»։ Դե, իհարկե, բոլորը սկսել են ծիծաղել, իսկ աղջկա մայրը, որ նրան հետևում էր, տխմար օրիորդին հանել է «Բեսեդայի» միջանցքն ու ոտքի տակ գցել։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, եկել եմ այն եզրակացության, որ գյուղացի աղջիկներն ինչքան չլինի ավելի անկեղծ են, քան քաղաքի հալից ընկած օրիորդները, որ պարի դասերի են գնում։ Երբ մի քանի տարի առաջ մենք ճամբար էինք դրել Մնիշեկում, ես պարելու համար գնում էի «Ստարի Կնին» և այնտեղ սիրաբանում էի Կառլա Վեկլովայի հետ։ Միայն թե ես նրան այնքան էլ դուր չէի գալիս։ Մի կիրակի օր երեկոյան նրա հետ գնացի լճակի ափը, և այնտեղ մենք նստեցինք ամբարտակի վրա։ Իսկ երբ արևը սկսեց մայր մտնել, ես նրան հարցրի, թե արդյոք ինձ սիրո՞ւմ է։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, օդն այնքա՜ն տաք էր, բոլոր թռչուններն երգում էին, իսկ նա սկսեց հռհռալ և ասաց. «Սիրում եմ քամակ մտնող ծղոտի պես։ Ինչ հիմա՜րն ես դու»։ Եվ իսկապես, այնքան հիմար էի, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ երբ դրանից առաջ նրա հետ զբոսնում էի բարձր արտերում, որտեղ մեզ ոչ ոք չէր տեսնում, մենք մի անգամ էլ չնստեցինք, իսկ ես միայն այն էի անում, որ նրան ցույց էի տալիս աստծու տված այդ բարիքները և հիմարի պես գյուղացի աղջկան բացատրում, թե դրանցից ո՛րն է հաճարը, ո՛րը ցորենը կամ վարսակը։
Եվ, կարծես ի հաստատումն այն խոսքի, որ Շվեյկն ասաց վարսակի մասին, զորասյան առջևից լսվեց նրա վաշտի զինվորների ձայնը։ Նրանք խմբովին երգում էին մի երգ, որով մի ժամանակ չեխական գնդերը գնում էին Սոլֆերինո Ավստրիայի համար արյուն թափելու․
Իսկ երբ մթնեց աշխարհքը,
Պարկից թափվեց վարսակը.
Ժուպայիդաս, ժուպայդա
Ամեն աղջիկ մեզ կտա։
Մյուսները ձայնակցեցին.
Կտա, կտա, ո՞նց չի տա,
Ինչի՞ պիտի նա չտա։
Զինվոր տղին, տղին քաջ
Կտա, կտա երկու պաչ։
Ժուպայիդաս, ժուպայդա,
Ամեն աղջիկ մեզ կտա։
Հետո գերմանացիներն սկսեցին նույն երգը երգել գերմաներեն։
Դա զինվորի մի հին երգ էր, որ, հավանաբար, զինվորները բոլոր լեզուներով երգել են դեռևս Նապոլեոնի պատերազմների ժամանակ։ Հիմա այդ երգն անկաշկանդ գեղգեղում էր գալիցիական տափարակում, փոշոտ խճուղու վրա, որը ձգվում էր գեպի Տիրավա-Վոլոսկա, որտեղ խճուղու երկու կողմերին, մինչև հեռու-հեռավոր հարավում երևացող կանաչ բլուրները, ցանքը կոխկրտվել ու ոչնչացել էր ձիերի սմբակների, հազար-հազարավոր զինվորների ծանր կոշիկների ներբանների տակ։
— Մենք էլ մի անգամ, Պիսեկի զորավարժությունների ժամանակ, դաշտը ճիշտ այսպես մշակեցինք,— ասաց Շվեյկը, աչք ածելով շուրջը։— Այնտեղ մեզ հետ մի էրցհերցոգ կար։ Այնքան արդարամիտ աղա էր, որ երբ ստրատեգիական նկատառումներով իր շտաբի հետ արտերի միջով էր անցնում, ապա համհարզը տեղնուտեղը գնահատամ էր իրենց պատճառած վնասը։ Պիխա անունով մի գյուղացի, որին այդ այցելությանը բոլորովին ուրախություն չպատճառեց, հրաժարվեց վերցնել այն տասնութ կրոնը, որ գանձարանը նրան տալիս էր կոխկրտված հինգ չափ դաշտի համար, ցանկացավ, պարոն օբեր-լեյտենանտ, դատ բացել և դրա համար տասնութ ամիս սստացավ։
— Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ նա պետք է իրեն երջանիկ համարեր, որ թագավորական տան մի անդամ նրան այցելել էր նրա հողում։ Եթե նրա տեղը մի ավելի գիտակից գյուղացի լիներ, իր բոլոր աղջիկներին սպիտակ շորեր կհագցներ, ինչպես եկեղեցական թափորի ժամանակ, ձեռքներին ծաղիկներ կտար, շարքով կկանգնեցներ արտի մեջ, կհրամայեր բարձրաստիճան պանին ողջունել, ինչպես անում են հնդկաստանում, որտեղ իշխանավորի հպատակներն իրենց նետում են փղի ոտքերի տակ, որպեսզի իրենց տրորի։
— Այդ ի՞նչ եք այդտեղ դուրս տալիս, Շվեյկ,— ձայն տվեց հանձնակատարին պորուչիկ Լուկաշը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նկատի ունեի այն փղին, որն իր մեջքի վրա կրում էր մի իշխանավորի, որի մասին կարդացել եմ։
— Եթե միայն ամեն ինչ ճիշտ բացատրեիք․․․— ասաց պորուչիկ Լուկաշը և առաջ սլացավ։ Այնտեղ զորասյունը խախտվել էր։ Գնացքում վայելած հանգստից հետո այդ անսովոր, լրիվ հանդերձանքով երթը բոլորին հոգնեցրել էր․ մարդկանց ուսերը ցավում էին, և յուրաքանչյուրը ջանում էր որևէ կերպ թեթևացնել երթի ծանրությունը։ Հրացանները մի ուսից մյուսն էին գցում, շատերն արդեն հրացանները կրում էին ոչ թե կաշեփոկերով ուսած, այլ փոցխի կամ եղանի պես ուսներին դրած։ Ոմանք կարծում էին, թե ավելի հեշտ կլինի, եթե քայլեն առվի միջով կամ չվարած հողաշերտի վրայով, որտեղ գետինը նրանց ավելի փափուկ էր թվում, քան փոշոտ խճուղու վրա։
Քայլում էին գլխահակ, բոլորը տառապում էին ծարավից, քանի որ կեսօրվա պես տոթ էր ու շոգ, չնայած որ արևն արդեն մայր էր մտել, և ոչ մեկի ջրամանում մի կաթիլ ջուր չկար։ Դա երթի առաջին օրն էր, և անսովոր իրավիճակը, որ կարծես նախերգանքն էր էլ ավելի մեծ տառապանքների, քանի գնում, այնքան ավելի էր հոգնեցնում ու թուլացնում։ Զինվորները դադարել էին նույնիսկ երգելուց և շարունակ հաշվում էին, թե դեռ ինչքան ճանապարհ կա մինչև Տիրավա-Վոլոսկա, որտեղ, ինչպես նրանք ենթադրում էին, պետք է գիշերեին։ Ոմանք նստում էին առվի եզրին և, այդ չթույլատրված հանգիստը որևէ բանով քողարկելու համար, սկսում քանդել կոշիկների կապերը։ Առաջին հայացքից կարելի էր կարծել, թե զինվորի փաթաթանները վատ են փաթաթված և նա աշխատում է այնպես վերափաթաթել, որ երթի ժամանակ ոտքերը չհարեն։ Մյուսները կարճացնում կամ երկարացնում էին հրացանների կաշեփոկները կամ բացում տոպրակը և միջի իրերը վերադասավորում, իրենք իրենց համոզելով, թե դա անում են բեռը հավասար մասերի բաժանելու համար, որպեսզի տոպրակի փոկերը ձիգ չտան մերթ մեկ, մերթ մյուս ուսը։ Իսկ երբ պորուչիկ Լուկաշը դանդաղընթաց մոտենում էր, նրանք ոտքի էին կանգնում և զեկուցում, թե իրենց որևէ տեղը ցավում է կամ նման մի բան, եթե մինչ այդ կադետը կամ դասակապետը, հեռվից նկատելով պորուչիկ Լուկաշի զամբիկը, նրանց առաջ չէր քշում։
Շրջագայելով վաշտը, պորուչիկ Լուկաշը զինվորներին մեղմորեն առաջարկում էր վեր կենալ, ասելով, թե մինչև Տիրավա-Վոլոսկա ընդամենը մի երեք կիլոմետր է մնացել և այնտեղ նրանք դադար կառնեն։
Այդ միջոցին սանիտարական երկանիվ սայլակի մշտական ցնցումներից պոդպորուչիկ Դուբը ուշքի էր եկել, ճիշտ է՝ ոչ վերջնականապես, բայց գոնե այնքան, որ արդեն կարող էր վեր կենալ։ Նա գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ձայն տալ վաշտի շտաբի մարդկանց, որոնք անբեռ ու առույգ քայլում էին նրա կողքից, քանի որ բոլորր, Բալոունից սկսած մինչև Խոդոունսկին, իրենց տոպրակները դրել էին սայլակի վրա։ Միայն Շվեյկն էր, որ կտրիճաբար քայլում էր տոպրակը մեջքին, հրացանը դրագունավարի կրծքին դրած։ Նա փստացնում էր իր ծխամորճը և երգում.
Ճամփաներով կեռումեռ
Գնում էինք Յարոմեր։
Վախտին հասանք ընթրիքին․․․
Պոդպորուչիկ Դուբից ավելի քան հինգհարյուր քայլ հեռավորության վրա, ճանապարհի երկայնքով փոշու քուլաներ էին բարձրանում, որոնց միջից աղոտ հայտնվում էին զինվորների կերպարանքները։ Պոդպորուչիկ Դուբը, որի խանդավառությունը նորից բռնել էր, գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ճանապարհի փոշու մեջ բղավել․
― Զինվորնե՛ր, դժվարին է ձեր պատվավոր խնդիրը, ձեզ սպասում են ծանր երթեր, զրկանքներ, ամեն տեսակ տառապանքներ։ Բայց ես խորապես հավատում եմ ձեր դիմացկունությանն ու կամքի ուժին։
— Ուր էր խեղդեր քեզ այդ փոշին․․․— հանգավորեց Շվեյկը։
Պոդպորուչիկ Դուբը շարունակեց.
— Ձեզ համար, զինվորներ, չկան այնպիսի արգելքներ, որ դուք չկարողանաք հաղթահարել։ Նորից եմ ասում, զինվորնե՛ր, որ ես ձեզ տանում եմ դեպի դժվարին հաղթանակ։ Դա պինդ ընկույզ է, բայց դուք ջարդել կկարողանաք։ Պատմությունը ձեր անունները իր ոսկյա գրքի էջերի մեջ կառնի․․․
— Հիմա ուր որ է սիրտդ կխառնի,— դարձյալ հանգավորեց Շվեյկը։
Եվ կարծես Շվեյկի ասածին անսալով, պոդպորուչիկ Դուբը, որ գլուխը ցած էր կախել, հանկարծ սկսեց փսխել ճանապարհի փոշու մեջ, իսկ այնուհետև, մի անգամ էլ գոռալով «հառա՜ջ, զինվորներ», գլորվեց ու ընկավ հեռագրիչ Խոդոունսկու տոպրակի վրա և քնեց մինչև Տիրավա-Վոլոսկա, որտեղ նրան վերջապես ոտքի կանգնեցրին և, պորուչիկ Լուկաշի հրամանով, սայլակից իջեցրին։ Պորուչիկ Լուկաշր նրա հետ մի շատ երկարատև և շատ անախորժ խոսակցություն ունեցավ, մինչև որ պոդպորուչիկ Դուբն այնքան ուշքի եկավ, որ վերջապես կարողացավ ասել․ «Տրամաբանորեն դատելով, ես հիմարության եմ արել, որը կքավեմ թշնամուն հանդիպելիս»։
Ասենք, նա այնքան էլ ուշքի չէր եկել, քանի որ դեպի իր դասակը դիմելիս պորուչիկ Լուկաշին սպառնաց.
— Դուք ինձ դեռ չեք ճանաչում, բայց կճանաչեք․․․
— Թե ինչ եք արել, կարող եք իմանալ Շվեյկից,— անվրդով պատասխանեց պորուչիկ Լուկաշը։
Այդ պատճառով իր դասակը գնալուց առաջ պոդպորուչիկ Դուբը գնաց Շվեյկի մոտ, որին նա գտավ Բալոունի և գրագիր Վանեկի ընկերախմբում։
Հենց այդ ժամանակ Բալոունը պատմում էր, թե ինքը իր ջրաղացում միշտ էլ ջրհորի մեջ մի շիշ գարեջուր էր պահում։ Գարեջուրն այնքան սառն էր լինում, որ ատամները մզմզում էին։ Իրիկնապահին ջրաղացում այդ գարեջուրը խմում էին արաժան ու լոռ ուտելիս, բայց ինքն իր շատակերության պատճառով, որի համար հիմա աստված իրեն այսպես պատժել է, լոռից հետո մի մեծ կտոր միս էլ էր ուտում։ Հիմա, ասում էր նա, աստծու արդարադատությունը, որպես պատիժ, նրան դատապարտել է Տիրավա-Վոլոսկայում ջրհորի հոտած ջուր խմելու, որի մեջ, խոլերայից պաշտպանելու համար զինվորները, դասակ առ դասակ ջուր քաշելիս, պետք է լիմոնաթթու լցնեն, որը հենց նոր բաժանել են նրանց։
Բալոունը այն կարծիքը հայտնեց, թե, հավանաբար, այդ լիմոնաթթու ասածը տալիս են մարդկանց սովամահ անելու համար։ Ճիշտ է, նա Սանոկում փորը մի քիչ պնդացրել է, քանի որ օրեր-չեյտենանտը նորից նրան զիջել էր հորթամսի բաժնի կեսը, որ Բալոունը բերել էր բրիգադից։ Բայց դա դիմանալու բան չէ, չէ՞ որ նա կարծում էր, որ օթևանում մի բան կեփեն։ Բալոունը դրան համոզվել էր, երբ խոհարարները սկսել էին կաթսաները ջուր լցնել։ Նա անմիջապես գնացել էր դաշտային խոհանոցներն ու հարցրել, թե ինչ կա, ինչ չկա, սակայն նրան պատասխանել էին, թե առայժմ հրամայել են ջուր լցնել, բայց կարող է պատահել, որ մի րոպե հետո հրամայեն ջուրը թափել։
Այդ պահին նրանց մոտեցավ պոդպորուչիկ Դուբը և, չիմանալով ինչ ասել, հարցրեց.
— Զրուցո՞ւմ եք։
— Զրուցում ենք, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— թունդ զրուցում ենք։ Հաճելի զրույցից լավ բան չկա։ Հիմա հենց զրուցում ենք լիմոնաթթվի մաս ին։ Առանց զրույցի զինվորը յոլա գնալ չի կարող, զրույց անելով նա իր տառապանքները հեշտ է մոռանում։
Պոդպորուչիկ Դուբը Շվեյկին հրավիրեց իր հետ մի քիչ քայլել, ասելով, թե հետը խոսելիք ունի։
Երբ նրանք մի կողմ քաշվեցին, նա տարակուսալից ձայնով ասաց․
― Հո իմ մասին չէիք խոսում։
― Բնավ ոչ։ Ձեր մասին, պարոն լեյտենանտ, ոչ մի խոսք չեղավ, խոսքը միայն այդ լիմոնաթթվի և ապխտած մսի մասին էր։
― Օբեր-լեյտենանտ Լուկաշն ինձ ասաց, թե իբր մի վատ բան եմ արել և դուք այդ բանին լավ իրազեկ եք, Շվեյկ։
Շվեյկը շատ լուրջ և բազմանշանակ ասաց.
― Դուք ոչ մի վատ բան չեք արել, պարոն լեյտենանտ։ Դուք միայն այցի էիք գնացել մի հասարակաց տուն։ Բայց դա, հավանաբար, թյուրիմացություն էր եղել։ Այծի հրապարակում ապրող թիթեղագործ Պիմպրային էլ միշտ փնտրում էին, երբ գնում էր քաղաք՝ թիթեղ գնելու, և նրան էլ միշտ գտնում էին այնպիսի հաստատության մեջ, որպիսինում ես գտա ձեզ,— մե՛րթ «Շուգիների մոտ», մե՛րթ «Դվորժակների մոտ» հասարակաց տներում։ Ներքևում գտնվում էր սրճարանը, իսկ վերևում, ինչպես մեր դեպքում, աղջիկներն էին։ Դուք, երևի, չէիք էլ հասկանում, թե, իսկապես ասած, որտեղ եք գտնվում, պարոն լեյտենանտ, որովհետև շատ շոգ էր, և եթե մարդ սովոր չէ խմելու, ապա այդպիսի շոգին նույնիսկ սովորական ռոմից հարբում է, իսկ դուք, աարոն լեյտենանտ, սնձօղի էիք խմում։ Ինձ հրամայել էին ձեզ հանձնել մեր մեկնելուց առաջ տեղի ունեցող խորհրդակցության հրավիրատոմսը, և ես ձեզ գտա վերևում, այն աղջկա մոտ։ Շոգից և օղուց դուք ինձ նույնիսկ չճանաչեցիք և այնտեղ բազմոցի վրա տկլոր պառկած էիք։ Դուք այնտեղ ոչինչ չէիք անում և նույնիսկ չէիք ասում, «Դուք ինձ դեռ չեք ճանաչում․․․»։ Այդպիսի շոգին ամեն մարդու էլ այդպիսի բան կարող է պատահել։ Մարդ կա, որ անկախ իր կամքից այդպիսի անհարմար դրության մեջ է ընկնում։ Ափսոս, որ չեք ճանաչում վրշովցի տասնապետ ծերուկ Վեյվոդային։ Նա, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որոշել էր երբեք չխմել այնպիսի խմիչքներ, որոնցից կարող էր հարբել։ Մի անգամ նա մի թաս օղի է քաշում գլուխը և տնից դուրս գալիս անալկոհոլ խմիչքներ ճարելու։ Նախ կանգ է առնում «Կանգառ» պանդոկում, քառորդ լիտր վերմուտ պատվիրում և սկսում պանդոկապետին զգուշաբար հարցուփորձ անել, թե ժուժկալներն ի՛նչ են խմում։ Նա միանգամայն իրավամբ կարծում էր, թե ժուժկալների համար նույնիսկ մաքուր ջուրը թունդ խմիչք է։ Պանդոկապետը նրան բացատրում է, թե ժուժկալներր խմում են սոդաջուր, լիմոնադ, կաթ և հետո անալկոհոլ գինիներ, սառը սխտորի սուպ և այլ անալկոհոլ խմիչքներ։ Այդ բոլոր խմիչքներից ծերուկ Վեյվոդային միայն անալկոհոլ գինիներն են դուր գալիս։ Նա հարցնում է, թե անալկահոլ օղի էլ լինո՞ւմ է, ապա խմում է ևս մի քառորդ լիտր և սկսում պանդոկապետի հետ խոսել, թե իսկապես հաճախակի խմել-հարբելը մեղք բան է։ Պանդոկապետը նրան պատասխանում է, թե ինքը կարող է ամեն ինչ տանել, բացի այնպիսի հարբած մարդուց, որը ուրիշ տեղ լակում, իսկ հետո գալիս է իր մոտ մի շիշ սոդաջրով սթափվելու և դեռ սկանդալ է սարքում։ «Լակիր ինձ մոտ,— ասում է պանդոկապետը,— այն ժամանակ դու իմ մարդն ես, ապա թե ոչ չեմ էլ ուզում քեզ ճանաչել»։ Ծերուկ Վեյվոդան շարունակում է ճանապարհը, մինչև որ, պարոն լեյտենանտ, Կառլի հրապարակում մտնում է մի գինետուն, ուր առաջ էլ գնում էր, և հարցնում է, թե անալկոհոլ գինիներ չունե՞ն։ «Մենք անալկոհոլ գինիներ չունենք, պարոն Վեյվոդա,— ասում են նրան,– բայց վերմուտ և շերրի ունենք»։ Ծերուկ Վեյվոդան մի տեսակ իրեն անհարմար է զգում և որոշում է քառորդ լիտր վերմուտ և քառորդ լիտր շերրի խմել։ Այնտեղ նստած ժամանակ, պարոն լեյտենանտ, նա ծանոթանում է ճիշտ իր նման մի ժուժկալի հետ։ Խոսում են դեսից-դենից, ևս մի քառորդ շիշ շերրի խմում, զրույց անում, և այն պանը ասում է, թե մի տեղ գիտե, որտեղ անալկոհոլ գինիներ են մատուցում։ «Դա Բալզանով փողոցում է, սանդուղքով ցած ես իջնում, այնտեղ գրամաֆոն են նվագում»։ Այդպիսի հաճելի տեղեկության համար պան Վեյվոդան մի ամբողջ շիշ վերմուտ է պատվիրում և հետո երկուսով գնում են Բալզանով վաղոցը, որտեղ պետք է սանդուղքով ցած իջնել և որտեղ գրամաֆոն են նվագում։
Իսկապես այնտեղ միայն մրգագինիներ էին մատուցում, որ ոչ միայն անսպիրտ էին, այլև՝ առհասարակ անալկոհոլ։ Նախ կեսական լիտր հաղարջի գինի են պատվիրում, ապա կես լիտր ուրիշ մրգագինի, իսկ երբ կեսական լիտր էլ անալկոհոլ հաղարջի գինի են խմում, ոտքները սկսում են թուլանալ այն բոլոր վերմուտներից ու շերրիներից, որ մինչ այդ խմել էին։ Այդ ժամանակ սկսում են գոռգոռալ և պաշտոնական հավաստագիր պահանջել, թե իսկապես ճիշտ է, որ իրենց խմածը անալկոհոլ գինիներ են։ Իրենք ժուժկալներ են, ասում էին նրանք, և եթե իրենց անմիջապես այդպիսի հավաստագիր չներկայացնեն, ամեն ինչ ջարդուփշուր կանեն, գրամաֆոնն էլ հետը․․․ Այնպես որ ոստիկանները ստիպված են լինում երկուսին էլ սանդուղքն ի վեր քարշ տալ Բալզանով փողոցը։ Նրանց խոթում են ձեռնասայլակի մեջ և նստեցնում մենախցերում։ Երկուսին էլ, որպես ժուժկալների, դատապարտում են հարբեցողության համար։
― Ինչո՞ւ եք այդ ամենն ինձ պատմում,— վատ բան ենթադրելով, գոռաց պոդպորուչիկ Դուբը, որին այդ պատմությունը վերջնականապես սթափեցրել էր։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, դա ձեզ չի վերաբերվում, բայց քանի որ խոսք բացվեց․․․
Այդ պահին պոդպորուչիկ Դուբին թվաց, թե Շվեյկն իրեն վիրավորել է, և, քանի որ գրեթե ուշքի էր եկել, բղավեց․
— Դու ինձ կճանաչես։ Ինչպե՞ս ես կանգնած։
— Համարձակվում եմ զեկուցել, վատ եմ կանգնած։ Մոռացել էի, համարձակվում եմ զեկուցել, կրունկներս միասին դնել, կոշկաքթերը՝ անջատակի։ Հիմա այդպես կանեմ։— Շվեյկն ըստ բոլոր կանոնների ձգվեց ու կանգնեց երեսադեմ։
Պոդպորուչիկ Դուբն սկսեց մտածել, թե էլ ի՞նչ ասի նրան, և ի վերջո ասաց միայն․
— Տես, հա՛, սա վերջին անգամ լինի,— և, ասես ի լրումն դրա, կրկնեց իր հին հավելասույթը, փոքր ինչ փոփոխելով․
— Դու ինձ դեռ չես ճանաչում։ Բայց ես քեզ հո ճանաչում եմ։
Հեռանալով Շվեյկից, պոդպորուչիկ՝ Դուբը խումար ընկած մտածում էր․ «Թերևս նրա վրա ավելի կազդեր, եթե ասեի․ «Ես քեզ, եղբայր, արդեն վաղուց ճանաչում եմ վատ կողմից»։
Այնուհետև պոդպորուչիկ Դուբը կանչեց իր սպասյակ Կուներտին և հրամայեց մի կուժ ջուր ճարել։
Ի պատիվ Կուներտի պետք է ասել, որ նա քիչ ժամանակ չվատնեց Տիրավա-Վոլոսկայում մի կուժ ջուր ճարելու համար։
Վերջապես նրան հաջողվեց կուժը թռցնել քահանայից, իսկ ջուրը քաշել տախտակներով ամուր փակած ջրհորից։ Այդ անելու համար նա, իհարկե, ստիպված եղավ մի քանի տախտակ պոկել։ Ջրհորը տախտակներով փակելու պատճառն այն էր, որ կասկածում էին, թե միջի ջուրը տիֆով վարակված է։
Սակայն պոդպորուչիկ Դուբն ամբողջ կուժը խմեց առանց որևէ հետևանքի, հաստատելով այն առածը, թե լավ խոզն ամեն ինչ կմարսի։
Բոլորը չարաչար սխալվում էին, կարծելով, թե Տիրավա-Վոլոսկայում գիշերելու են։
Պորուչիկ Լուկաշը կանչեց հեռախոսավար Խոդոունսկուն, ավագ գրագիր Վանեկին, վաշտի հանձնակատար Շվեյկին ու Բալոունին։ Հրամանը պարզ էր. բոլորր զենքները թողնում են սանիտարական մասում և գյուղամիջյան ճանապարհով անհապաղ դիմում դեպի Մալի Պոլանեց, իսկ հետո գետի երկայնքով, հարավ-արևելյան ուղղությամբ, դեպի Լիսկովեց։ Շվեյկը, Վանեկը և Խոդոունսկին նշանակված են զորաբնակարանապետներ։ Նրանք գիշերելու տեղեր պետք է գտնեն վաշտի համար, որը նրանց հետևից տեղ կհասնի մեկ կամ, ամենաշատը, մեկ և կես ժամ հետո։ Բալոունը պետք է կարգադրի, որ այն բնակարանում, որտեղ գիշերելու է նա, այսինքն պորուչիկ Լուկաշը, սագ տապակեն, իսկ մնացած երեքը պետք է հսկեն Բալոունի վրա, որ սագի կեսը չլափի։ Բացի դրանից, Վանեկն ու Շվեյկը վաշտի համար պետք է մի խոզ գնեն, որի քաշը համապատասխանի ամբողջ վաշտի համար սահմանված մսի նորմային։ Գիշերը պետք է գուլյաշ եփեն։ Զինվորների գիշերելու տեղերը պետք է միանգամայն կարգին լինեն։ Խուսափել ոջլոտած խրճիթներից, որպեսզի զինվորները հանգստանան ինչպես հարկն է, քանի որ դեռևս առավոտվա վեց և կեսին վաշտը Լիսկովեցից, Կրոսցենկոյի վրայով, առաջ է շարժվելու Դեպի Ստարայա Սոլ։
Գումարտակն այլևս փողի պակասություն չէր զգում։ Բրիգադի ինտենդանտությունը առաջիկա սպանդի համար Սանոկում նրան կանխավճար էր տվել։ Վաշտի դրամարկղում հարյուր հազար կրոնից ավելի փող կար, և ավագ գրագիր Վանեկը հրաման էր ստացել տեղ հասնելուն պես, այսինքն խրամատներում, հաշվել և վաշտին մեռնելուց առաջ փոխհատուցում վճարել նրա չստացած ճաշերի և հացաբաժինների համար։
Մինչ հիշյալ չորս հոգին պատրաստվում կին ճանապարհ ընկնելու, վաշտում հայտնվեց տեղիս քահանան և զինվորներին թռուցիկներ բաժանեց՝ յուրաքանչյուրին իր ազգի լեզվով։ Այդ թռուցիկների վրա տպագրված էր «Լուրդի երգը»։ Քահանան մի ամբողջ հակ «Լուրդի երգ» ուներ, որ նրա մոտ թողել էր մի բարձրաստիճան զինվորական հոգևորական, որն ինչ-որ օրիորդների հետ ավտոմոբիլով ճամփորդում էր ամայացած Գալիցիայում։
Ահավասիկ այգ երգը.
Ուր լեռան լանջն է ղեպ հովիտ իջնում,
Զանգն է ղողանջում, աղոթքի կանչում.
Ավե Մարի՛ա, ավե Մարի՛ա։
Կույս Բերնարդային երկնային հոգին
Տանում է կանաչ մի մարգագետին։
Ավե։
Տեսնում է կույսը կատարին ժայռի
Լույսով ողողված դասը սրբերի։
Ավե։
Զուգված են չքնաղ կապույտ շորերով
Եվ լուսաճաճանչ նոր գոտիներով։
Ավե։
Եվ Աստվածամոր ձեռքերը բարի
Պատած են հույլով վարդարանների։
Ավե։
Ա՛խ, Բերնարդայի դեմքն է այլայլվում
Երկնային ցոլքն է իր վրա փայլում…
Ավե։
Ծունկ է չոքում նա և աղոթք անում.
Լսում է Մարիամն ու պատասխանում.
Ավե։
«Ես էլ կարեցա անմեղ հղանալ,
Ուստի ուզում եմ ձեզ պաշտպան դառնալ։
Ավե։
Թող թափորներով բոլոր կողմերից
Ժողովուրդը գա և պատիվ տա ինձ։
Ավե։
Թող վկա տաճարն այս մարմար,
Որ հրաշք պիտի գործեմ ձեզ համար։
Ավե։
Իսկ դու էլ, աղբյուր, կարկաչիր, հորդիր,
Եվ կանչիր նրանց, սերս հաղորդիր»։
Ավե։
Ո՜հ, փառավորվիր դու,– հովիտ հովտաց,
Ուր դրախտային շուշանն այս ժպտաց.
Ավե։
Եվ սուրբ քարայրդ թող օրհնյալ լինի,
Ո՜վ մեր երկնային Մայր ու Տիրուհի։
Ավե։
Բացվել է ահա ուրախ առավոտ,
Եվ թափորները գալիս են քեզ մոտ։
Ավե։
Կամիր պաշտպանել դու արդարներին,
Մեզ էլ մի՛ մերժիր շնորհդ վերին։
Ավե։
Աստղ դառնալով մեր ճանապարհին,
Տար մեզ, հասցրու բարձրյալի գահին։
Ավե։
Մի՛ մերժիր մեզ էլ, ո՜վ Աստվածամայր,
Մեզ էլ գուրգուրիր, սիրիր մայրաբար։
Ավե։
Տիրավա-Վոլոսկայում արտաքնոցներ շատ կային, և ամենուրեք պետքարաններում թափված էին «Լուրդի երգի» թերթիկները։
Կաշպերյան լեռների զավակ կապրալ Նախտիգալը մի ահաբեկված հրեայի մոտ մի շիշ օղի էր գտել, մի քանի ընկեր-տղաներ հավաքել և «Իշխան Եվգենիի» եղանակով երգում էին «Լուրդի երգի» գերմաներեն տեքստը, առանց «Ավե» կրկներգի։
Այն առաջապահ ջոկատը, որը պարտավոր էր Տասնմեկերորդ վաշտի համար օթևան գտնել, իրիկնամթին ընկավ գետակի ափին գտնվող մի անտառակ, որի միջով պետք է հասներ Լիսկովեց։ Ճանապարհն անասելի դժվարացավ։
Բալոունն առաջին անգամ էր ընկել այնպիսի դրության մեջ, երբ մարդ չի իմանում, թե ուր է գնում։ Նրան ամեն ինչ,— և՛ խավարը, և՛ այն, որ նրանց առաջուց ուղարկել էին բնակարաններ գտնելու,— խիստ խորհրդավոր էր թվում։ Հանկարծ նրան համակեց մի թունդ կասկած, թե երևի դրա մեջ ինչ-որ դիտավորություն կա։
— Ընկերներ,— կամաց տնքաց նա, սայթաքելով գետի երկայնքով ձգվող ճանապարհին,— մեզ զոհ են բերել։
— Ինչպե՞ս թե,— նույնպես կամաց, բայց խստաբար գոռաց նրա վրա Շվեյկը։
— Ընկերնե՛ր, եկեք չգոռանք,— աղերսալից ձայնով խնդրեց Բալոունը։— Արդեն մարմինս սարսռում է։ Ես զգում եմ, որ հիմա մեզ կլսեն և կսկսեն կրակել։ Ես գիտեմ, նրանք մեզ առաջուց ուղարկել են, որ հետախուզենք, թե հո մոտերքում թշնամի չկա, իսկ երբ կրակոցներ լսեն՝ իսկույն կիմանան, որ այլևս առաջ գնալ չի կարելի։ Մենք, ընկերնե՛ր, հետախուզական պարեկ ենք, ինչպես ինձ սովորեցրել է կապրալ Տերնան։
— Որ այդպես է, առաջ ընկիր,― ասաց Շվեյկը։— Մենք կքայլենք քո հետևից, իսկ դու մարմնովդ մեզ կպաշտպանես, քանի որ այդքան աժդահա ես։ Իսկ երբ քեզ վրա կրակեն, մեզ իմաց տուր, որ ճիշտ ժամանակին պառկենք։ Էլ ի՞նչ զինվոր ես, որ գնդակից վախենում ես։ Դրա համար ամեն մի զինվոր պետք է միայն ուրախանա, ամեն մի զինվոր պետք է իմանա, որ ինչքան թշնամու զինվորը շատ կրակի նրա վրա, այնքան հակառակորդի մոտ քիչ զինամթերք կմնա։ Ամեն մի գնդակ, որ քեզ վրա արձակում է թշնամու զինվորը, նվազեցնում է նրա մարտունակությունը։ Ասենք, նա էլ ուրախ է, որ կարող է քեզ վրա կրակել։ Գոնե ստիպված չի լինի փամփուշտներն իր վրա քարշ տալ, և բացի դրանից, փախչելն էլ հեշտ կլինի։
Բալոունը մի ծանր հոգոց քաշեց․
— Իսկ եթե տանը տնտեսություն ունեմ։
― Թքիր տնտեսության վրա,— խորհուրդ տվեց Շվեյկը։– Ավելի լավ կլինի կյանքդ զոհաբերես թագավոր կայսրին։ Մի՞թե զինվորական ծառայության մեջ քեզ այդ չեն սովորեցրել։
— Միայն մի թեթև հիշատակել են,— չհասկացավ հիմար Բալոունը,— ինձ վարժադաշտում միայն վազվզեցնում էին, իսկ հետո ոչ մի այդպիսի բան չլսեցի, քանի որ սպասյակ դարձա։ Գոնե թագավոր կայսրը մեզ ավելի լավ կերակրեր․․․
— Ա՛խ դու, նզովյալ անկշտում խոզ։ Զինվորին կռվից աոաջ առհասարակ չպետք է կերակրել, ինչպես շատ տարիներ առաջ դպրոցում մեզ բացատրում էր կապիտան Ունտերգրիցը։ Նա մեզ միշտ ասում էր․ «Նզովյալ խուլիգաննե՛ր, եթե երբևէ պատերազմ լինի և դուք ստիպված լինեք կռվի գնալ, մտքներովդ չանցնի մարտից առաջ կուշտ լափել։ Եթե կուշտ լափածի փորին գնդակ դիպչի, նրա բանը բուրդ է, քանի որ վիրավորվելիս բոլոր սուպերը և հացը աղիքներից դուրս կթափվեն և նա րոպեապես արյան վարակում կստանա։ Բայց երբ ստամոքսումդ ոչինչ չկա, փորիդ այդ վերքն ու կրետի կծածը մի բան են, գնա ու քե՜ֆ արա»։
— Ես շուտ եմ մարսում,— ընկերներին հանգստացրեց Բալոունը,— երբեք իմ ստամոքսում բան չի մնում։ Ես, եղբա՛յր, կարող եմ թեկուզ մի աման խոզի մսի ու կաղամբի կնեդլիկ ուտել, իսկ կես ժամ հետո միջիցս երեք գդալից ավելի բան դուրս չի գա։ Մնացածը մեջս ամբողջովին անհետանում է։ Մի ուրիշն, ասենք, սունկ է ուտում, իսկ դա նրա միջից այնպես է դուրս գալիս, որ բավական է լվանաս ու վրան թթու սոուս լցնես, որպեսզի պատրաստ լինի նորից մատուցելու համար, իսկ ինձ մոտ՝ ընդհակառակը։ Ես այդ սունկ ասածն այնքան եմ ուտում, որ եթե իմ տեղը մի ուրիշը լինի՝ կտրաքի, բայց հետո միայն մի քիչ դեղին շիլա եմ արտադրում, ասես երեխա է դուրս գնում, մնացածը մեջս է մնում։
— Իմ մեջ, ընկե՛ր,— վստահելով հայտնեց նա Շվեյկին,– ձկան փշերն ու սալորի կորիզները հալվում են։ Մի անգամ փորձի համար համրեցի։ Կերա յոթանասուն սալորի կնեդլիկ, կորիզներն էլ հետը, իսկ երբ ժամանակը եկավ՝ գնացի կալի հետևը, հետո մի տաշեղով քչփորեցի, կորիզները մի կողմ արի ու համրեցի։ Յոթանասուն կորիզի կեսից ավելին մեջս հալվել էր։
Բալոունը մի խորունկ հառաչ արձակեց.
— Պառավս սալորի կնեդլիկները կարտոֆիլի խմորից էր պատրաստում, որի մեջ մի քիչ լոռ էր գցում, որ ավելի սննդարար լիներ։ Նա խաշխաշի խմորագնդիկն ավելի էր սիրում, քան պանիրովը, իսկ ես՝ ընդհակառակը։ Դրա համար ես նրան մի անգամ մի լավ քոթակեցի․․․ Չէի կարողանում ընտանեկան բախտավորությունս գնահատել։
Բալոունը լռեց, շրթունքները չպպացրեց, լիզեց և ասաց տխուր ու խանդաղատալից.
— Գիտե՞ս, ընկեր, հիմա, երբ ոչ մի կնեդլիկ չունեմ, ինձ թվում է, թե կնիկս այնուամենայնիվ իրավացի էր․ խաշխաշովն ավելի լավ է։ Այն ժամանակ ինձ շարունակ թվում էր, թե խաշխաշը ատմներիս մեջ վռվում է, իսկ հիմա սիրտս խաշխաշ է ուզում։ Երանի վռվեր։ Կնիկս իմ երեսից շատ է տանջվել։ Քանի՜ անգամ խեղճը լաց է եղել, երբ, օրինակ, պահանջել եմ, որ լյարդաթոքի երշիկի մեջ ավելի շատ սուսամբար գցի։ Դրա համար միշտ ծեծ էր ուտում։ Մի անգամ խեղճ կնկաս այնպես ջարդեցի, որ երկու օր պառկեց, և միայն այն պատճառով, որ չէր ուզում ընթրիքիս համար հնդուհավ մորթել, ասում էր, աքլորն էլ բավական է։
— Է՛հ, ընկերս,— սկսեց նվնվալ Բալոունը,— երանի թե հիմա լյարդաթոքի երշիկ լիներ, թեկուզ առանց սուսամբարի ու աքլորի… Սամիթի սոուս սիրոո՞ւմ ես։ Մի ժամանակ դրա պատճառով կռիվ էի սարքում, իսկ հիմա սուրճի պես կխմեի։
Բալոունը կամաց-կամաց մոռանում էր կարծեցյալ վտանգը և գիշերային լռության մեջ, իջնելով դեպի Լիսկովեց, շարունակում էր Շվեյկին հուզված պատմել, թե առաջ ի՛նչը չի գնահատել և թե հիմա ի՛նչը կուտեր այնպիսի բավականությամբ, որ ականջատակերը ճրթճրթային։
Նրանց հետևից քայլում էին հեռախոսավոր Խոդոունսկին և ավագ գրագիր Վանեկը։
Խոդոունսկին Վանեկին բացատրում էր, թե իր կարծիքով համաշխարհային պատերազմը հիմարություն է։ Այդ պատերազմում ամենից վատն այն է, որ երբ որևէ տեղ հեռախոսի լարը կտրվում է՝ գիշերով պետք է գնաս կարգի բերելու։ Իսկ դրանից էլ վատն այն է, որ եթե առաջվա պատերազմներում լուսարձակների մասին գաղափար չունեին, ապա հիմա, ընդհակառակը, երբ այդ նզովյալ լարերը կարգի ես բերում, թշնամին լուսարձակով ձեռաց քեզ գտնում և իր ամբողջ հրետանու կրակը վրադ է թափում։
Ներքևում, այն գյուղում, որտեղ նրանք վաշտի համար օթևան պետք է գտնեին, սաստիկ մութ էր։ Շները զիլ հաչում էին, մի բան, որ արշավախմբին ստիպեց կանգ առնել և խորհել, թե ինչպես դիմադրել այդ արարածներին։
— Գուցե հետ դառնանք, հը՞,— շշնջաց Բալոունը։
— Ա՛խ, Բալոուն, Բալոուն, եթե մենք այդպես բան անենք, քեզ վախկոտության համար կգնդակահարեն,— հիշեցրեց վախլուկին Շվեյկը։
Շները կարծես կատաղել էին։ Հաչոց էր լսվում բոլոր կողմերից և, ի վերջո, լսվեց հյուսիսից, Ռոպա գետի կողմից։ Հաչում էին Կրոսցենկոյի և շրջակա բոլոր գյուղերի շները, որովհետև Շվեյկը գիշերային լռության մեջ բղավում էր․
— Քո՜ւշ, քո՜ւշ, քո՜ւշ,— հիշելով, թե ինչպես էր շների վրա բղավում դեռևս շան առևտրով զբաղվելիս։ Շները չէին կարողանում հանգստանալ, և ավագ գրագիր Վանեկը խնդրեց․
― Մի՜ գոռաք նրանց վրա, Շվեյկ, թե չէ ամբողջ Գալիցիան կսկսի հաչել։
— Այդպիսի մի բան պատահեց Թաբորի շրջանի զորաշարժերի ժամանակ,— սկսեց պատմել Շվեյկը։— Մի գիշեր մենք մի գյուղ մտանք, իսկ շները սոսկալի հաչոց բարձրացրին։ Խտաբնակ վայր էր, այնպես որ շնահաչը գյուղից գյուղ էր անցնում, գնում ավելի ու ավելի հեռու։ Այն գյուղի շները, որտեղ մենք ճամբար էինք դրել, արդեն ձայնները կտրելու վրա էին, բայց մի հեռու տեղից, ասենք, Պելգրժիմովից, հաչոցի ձայն լսելով, նորից սկսեցին զիլ հաչել, և մի քանի րոպե հետո արդեն հաչում էին Թաբորի, Պելգրժիմովի, Բուդեյովիցիի, Գումպոլեցի, Տրժեբոնի և Յինգլավի շրջանները։ Մեր կապիտանը, որ մի շատ ջղային ծերուկ էր, շան հաչոց տանել չէր կարողանում։ Նա ամբողջ գիշերը չքնեց, շարունակ անցուդարձ էր անում և պահնորդներին հարցնում. «Ո՞վ է հաչում, ինչո՞ւ են հաչում»։ Զինվորները զեկուցում էին, թե շներն են հաչում։ Դա նրան այնպես էր զայրացրել, որ այդ օրը պահակախմբում գտնված բոլոր զինվորները զորաշարժերից վերադառնալուց հետո արձակուրդից զրկվեցին։
Այդ դեպքից հետո նա միշտ «շնային անձնախումբ» էր կազմում և առաջուց ուղարկում։ Անձնախումբը պարտավոր էր նախազգուշացնել այն գյուղի բնակչությանը, որտեղ մենք պետք է գիշերեինք, թե գիշերը ոչ մի շուն չպիտի համարձակվի հաչել, այլապես կգնդակահարվի։ Մի անգամ ես էլ մի այդպիսի անձնախմբի մեջ էի, և երբ հասանք Միլևսկոյե շրջանի գյուղերից մեկը, շփոթվեցի և գյուղապետին ասացի, թե այն շան տերը, որ գիշերը կհաչի, ստրատեգիական նկատառումներով կոչնչացվի։ Գյուղապետը վախեցավ, հրամայեց իսկույն ձին լծել և գնաց գլխավոր շտաբը՝ ամբողջ գյուղի անունից խնդրելու, որ իրենց խղճան։ Գյուղապետին չէին թողել մտնել շտաբ, մազ էր մնացել, որ պահակները նրան գնդակահարեին։ Նա տուն վերադարձավ, և, նրա խորհրդով, մեր գյուղ մտնելուց առաջ բոլոր շների դնչերը շորերով կապել էին, այնպես որ նրանցից երեքը կատաղեցին։
Բոլորը հավատացին Շվեյկին, թե գիշեր ժամանակ շները սիգարետի կրակից վախենում են, և մտան գյուղ։ Հակառակի պես նրանցից ոչ մեկը սիգարետ չէր ծխում, և Շվեյկի խորհուրդը դրական հետևանքներ չունեցավ։ Պարզվեց, սակայն, որ շները հաչում են ուրախությունից, քանի որ սիրով հիշում էին եկած ու գնացած զորամասերին, որոնք միշտ որևէ ուտելի բան էին թողել։
Նրանք դեռ հեռվից զգացել էին, որ մոտենում են այնպիսի արարածներ, որոնք իրենց հետևից ոսկորներ ու սատկած ձիեր են թողնում։
Հանկարծ, որտեղից որտեղ, Շվեյկի մոտ հայտնվեցին չորս բակապահ շներ, որոնք ուրախ-ուրախ, պոչները ցցած, նետվում էին նրա վրա։
Շվեյկը շոյեց շներին, ձեռքով թփթփացրեց նրանց կողերը և սկսեց մթան մեջ հետները խոսել, ինչպես երեխաների հետ․
— Ահա և մենք։ Եկել ենք ձեզ մոտ բայ-բայ անելու, ուտելու, համ-համ անելու։ Մենք ձեզ ոսկորներ, հացի կճեպներ կտանք և առավոտյան նորից ճանապարհ կընկնենք, կգնանք թշնամու դեմ։
Գյուղի խրճիթներում լույսեր վառվեցին։ Երբ զորաբնակարանապետները թակեցին առաջին խրճիթի դուռը, որ իմանան, թե գյուղապետը որտեղ է ապրում, ներսից նրանց պատասխանեց մի կանացի ծղրտան ու անախորժ ձայն, որը ոչ այն է լեհերեն, ոչ այն է ուկրաիներեն սկսեց ճղճղալ, թե ամուսինը գտնվում է պատերազմում, թե երեխաները ծաղիկ են հանել, թե մոսկալներն ամեն ինչ տարել են և թե ամուսինը կռվի գնալիս նրան հրամայել է գիշեր ժամանակ ոչ ոքի առաջ դուռը բաց չանել։ Եվ միայն այն ժամանակ, երբ նրանք ավելի թափով գրոհեցին դռան վրա, հավատացնելով, թե բնակարանապետներ են, ինչ-որ անտեսանելի ձեռք դուռը բաց արեց։ Մտնելով խրճիթ, նրանք իմացան, որ հենց այդտեղ է ապրում գյուղապետը, որն իզուր ջանում էր Շվեյկին համոզել, թե կանացի ճղճղան ձայնով պատասխանողն ինքը չէր եղել։ Նա սկսեց արդարանալ, թե իբր ինքը միշտ քնում է խոտանոցում, իսկ կինը չի էլ իմանում, թե ինչ է դուրս տալիս, երբ հանկարծ քնից արթնացնում են։ Ինչ վերաբերվում է ամբողջ վաշտի համար քնելու տեղ տալուն, ապա դա խելքի մոտ բան չէ։ Գյուղը փոքր է, ոչ մի զինվոր չի տեղավորվի։ Պարզապես քնելու տեղ չկա։ Հնարավոր չէ նաև որևէ բան գնել, մոսկալներն ամեն ինչ առել-տարել են։ Եթե բարեծնունդ պաներն իր խորհուրդը չմերժեն, նա նրանց կտանի Կրոսցենկո, այնտեղի տնտեսությունները մեծ են։ Այստեղից ընդամենը երեք քառորդ ժամվա է ճանապարհ է, այնտեղ տեղ շատ կա, ամեն մի զինվոր կարող է իր վրա ոչխարի մորթի գցել։ Այնտեղ այնքան կով կա, որ ամեն մի զինվոր կարող է մի աման կաթ ստանալ։ Ջուրն էլ լավն է։ Պան սպաները կարող են քնել կալվածատանը։ Իսկ Լիսկովցեում ի՞նչ կա որ։ Միայն աղքատություն, քոս ու ոջիլ։ Նա ինքը մի ժամանակ հինգ կով ուներ, բայց մոսկալները բոլորն առան-տարան, և հիմա, երբ հիվանդ երեխաների համար կաթ է պետք, ստիպված է գնալ Կրոսցենկո։
Կարծես ի հաստատումն այդ խոսքերի հավաստիության, կողքի գոմում կովերը բառաչեցին և լսվեց մի կանացի ճղճղան ձայն, որ նրանց վրա գոռաց. «Գրողը տանի ձեզ»։
Գյուղապետին դա շփոթություն չպատճառեց, և, կոշիկները հագնելով, նա շարունակեց․
— Այստեղ միակ կովը հարևան Բոյցեկի կովն է, որը, ինչպես բարեհաճեցիք լսել, բարեծնունդ պաներ, հենց նոր բառաչեց։ Բայց այդ կովը հիվանդ է, կարոտ է քաշում։ Մոսկալները նրա հորթը տարել են։ Այդ օրվանից կաթ չի տալիս, բայց տերը ափսոսում է մորթել, նա հավատում է, որ Չեստոխովի աստվածածինը նորից ամեն բան կարգի կգցի։
Այդ ասելով, նա հագավ իր կունտուշը…
— Գնանք Կրոսցենկո, բարեծնունդ պաներ, տեղ հասնելը քառորդ ժամ էլ չի քաշի, բայց չէ, ի՞նչ եմ դուրս տալիս մեղավորս, կես ժամվա ճանապարհ էլ չկա։ Ես ճանապարհը գիտեմ, պետք է անցնել գետը, հետո գնալ կեչու անտառակով, կաղնու մոտով… Մեծ գյուղ է և պանդոկներում շատ թունդ օղի կա։ Գնանք, բարեծնունդ պաներ, ինչի՞ ուշացնենք։ Ձեր փառապանծ գնդի պան զինվորներին անհրաժեշտ է քնել ինչպես հարկն է, ամենայն հարմարությամբ։ Թագավորա-կայսրական պան զինվորին, որ կռվում է մոսկալների դեմ, հարկավոր է, իհարկե, մաքուր օթևան, հարմար օթևան։ Իսկ մեզ մոտ ի՞նչ կա որ։ Միայն ոջիլ ու քոս, ծաղիկ ու խոլերա։ Երեկ մեր այս անիծված գյուղում երեք ջահելներ խոլերայից սևացան… Ողորմած աստված Լիսկովեցը նզովել է։
Այդ միջոցին Շվեյկը տիրաբար ձեռքը թափ տվեց։
— Բարեծնունդ պաներ,— սկսեց նա, ձայնը նմանեցնելով գյուղապետ ի ձայնին,— մի անգամ ես մի գրքում կարդացել եմ, որ շվեդական պատերազմների ժամանակ, երբ հրաման էր տրվում գնդերը բնակեցնել այսինչ կամ այնինչ գյուղում, իսկ գյուղապետը պատրվակներ էր մեջ բերում և հրաժարվում այդ գործում օգնել, նրան կախում էին ամենամոտիկ ծառից։ Բացի դրանից, մի լեհ կապրալ այսօր Սանոկում ինձ ասաց, որ երբ բնակարանապետներ են գալիս գյուղապետը պարտավոր է կանչել բոլոր տասնապետներին, որոնք բնակարանապետների հետ խրճիթից խրճիթ են անցնում և ուղղակի ասում․ «Այստեղ կտեղավորվի չորս հոգի, այնտեղ հինգ, քահանայի տանը կտեղավորվեն պարոն սպաները», և կես ժամում ամեն ինչ պետք է պատրաստ լինի։
— Բարեծնունդ պան,— լուրջ դեմքով դիմեց Շվեյկը գյաղապետին,— որտե՞ղ է քո ամենամոտիկ ծառը։
Գյուղապետը «ծառ» բառը չհասկացավ, ուստի Շվեյկը նրան բացատրեց, թե դա կեչին է, կաղնին, տանձենին, խնձորենին, մի խոսքով, այն ամենը, ինչ ամուր ճյուղեր ունի։ Գյուղապետը դարձյալ չհասկացավ, իսկ երբ մի քանի պտղատու ծառերի անուններ լսեց, վախեցավ, քանի որ բալը հասել էր, և ասաց, թե այդպիսի ոչ մի ծառ չգիտե, իր տան առաջ միայն մի կաղնի կա։
— Լա՛վ,– ասաց Շվեյկը, ձեռքով ցույց տալով կախելու միջազգային նշանը,― մենք քեզ կկախենք այստեղ, քո տան առաջ, քանի որ դու պետք է հասկանաս, որ հիմա պատերազմ է և որ մենք հրաման ենք ստացել քնելու այստեղ, և ոչ թե ինչ-որ Կրոսցենկոյում։ Դու, եղբա՛յր, կամ մեզ չես ստիպի մեր ստրատեգիական պլանները փոխել, կամ կճոճվես ծառից կախված, ինչպես ասված է շվեդական պատերազմների մասին գրված այն գրքույկի մեջ… Մի այդպիսի դեպք պատահեց, պարոնայք, Վելկովո Մեզիրժիցիի զորաշարժերի ժամանակ…
Բայց այդ պահին ավագ գրագիր Վանեկը նրա խոսքը կտրեց․
— Դա մեզ հետո կպատմեք, Շվեյկ,— և անմիջապես դիմեց գյուղապետին.— Եվ այսպես, հիմա տագնապ և բնակարաննե՛ր։
Գյուղապետն սկսեց դողալ և կակազելով քրթմնջալ, թե նա ուզում էր իր բարերարներին ավելի լավ տեղավորել, բայց եթե այլ կերպ չի կարելի, ապա գյուղում այնուամենայնիվ մի բան կճարվի, և պաները գոհ կլինեն, հիմա նա լապտեր կբերի։
Երբ նա դուրս եկավ նախասենյակից, որ լուսավորված էր հաշմանդամի պես կծկված մի սրբի պատկերի առաջ վառվող կանթեղիկով, Խոդոունսկին բացականչեց․
— Մեր Բալոունն ո՞ւր կորավ։
Բայց նրանք դեռ չէին հասցրել շուրջը նայել, երբ փեչի հետևոմ կամացուկ բացվեց դեպի բակը տանող մի դուռ և Բալոունը վռվեց նրա մեջ։ Նա աչք ածեց շուրջը, համոզվեց, որ տանտերը այնտեղ չէ, և սկսեց ֆսֆսալ թունդ հարբուխ ունեցողի պես.
— Ե-ես մտ-տա մառ-ռանը, ձեռքս խոթ-թեցի մի բա-անի մեջ, բե-բե-րանս լիքը լց-ցրի, իսկ հիմ-մա կըպ-պել է քի–քիմքիս։ Ոչ քա-աղցր է, ոչ ա-աղի։ Խըմ-մո՜ր է։
Ավագ գրագիը Վանեկը լապտերն ուղղեց նրա վրա, և բոլորն հավաստիացան, որ իրենց կյանքում դեռ երբեք այդքան լղոզված ավստրիական զինվոր չեն տեսել։ Նրանք վախեցան, նկատելով, որ Բալոունի բլուզն այնպես է ուռել, կարծես նա հղիության վերջին ամսում լինի։
— Ի՞նչ է պատահել քեզ, Բալոուն,-— կարեկցանքով հարցրեց Շվեյկը, մատով խթելով սպասյակի ուռած փորը։
— Դրա-անք վար-վար-ունգներ են,— խռխռաց Բալոունը, խեղդվելով խմորից, որը ոչ վեր էր գնում, ոչ ցած իջնում։— Զգույշ, դը-դըրանք աղ դը-դրած վարունգներ են, մառ-ռանում եր-րեքը կեռա, մնացածը բեբերել եմ ձեզ համար։
Բալոունը սկսեց ծոցից մեկ-մեկ հանել վարունգները և բաժանել նրանց։
Դռան շեմին տնկվեց գյուղապետը՝ լապտերը ձեռին։ Տեսնելով այդ տեսարանը, նա երեսը խաչակնքեց ու մղկտաց․
— Մոսկալները տարան, մերո՜նք էլ են տանում։
Բոլորը միասին, շների ոհմակի ուղեկցությամբ, շարժվեցին դեպի գյուղամեջ։ Շները Բալոունից համառորեն ձեռք չէին քաշում և ջանում էին մտնել նրա շալվարի գրպանը, որտեղ մի կտոր ճարպ կար, որը նա նույնպես թռցրել էր մառանից, բայց ագահությունից դավաճանաբար ընկերներից թաքցրել էր։
— Շներն ինչո՞ւ են քեզ այդպես քսմսվում,— հետաքրքրվեց Շվեյկը։
Երկար խորհելուց հետո Բալոունը պատասխանեց.
— Զգում են, որ բարի մարդ եմ։
Բալոունը ոչնչով չմատնեց իրեն, թեև շներից մեկը շարունակ ատամներով խածնում էր նրա այն ձեռքը, որով նա գրպանի մեջ բռնել էր ճարպը։
Բնակարաններ որոնելու ընթացքում պարզվեց, որ Լիսկովեցը մեծ ավան է, որն իսկապես պատերազմից խիստ քայքայվել էր։ Ճիշտ է, հրդեհներից չէր տուժել, քանի որ պատերազմող երկու կողմերն էլ ինչ-որ հրաշքով նրան ռազմական գործողությունների ոլորտից դուրս էին թողել, սակայն, դրա փոխարեն, հենց այդտեղ տեղավորվել էր իսպառ ոչնչացված Խիրով, Գրաբով և Գոլուբլի գյուղերի բնակչությունը։
Խրճիթներ կային, որոնցից յուրաքանչյուրի մեջ ապաստանել էր ութ ընտանիք։ Նրանք զարհուրելի կարիքի մեջ էին այն կորուստների հետևանքով, որ նրանց պատճառել էր թալանչիական պատերազմը, որի փուլերից մեկը մոլեգնած հեղեղի պես անցել էր նրանց վրայով։
Ստիպված եղան վաշտը տեղավորել գյուղի մյուս ծայրին գտնվող մի ավերված փոքրիկ օղեգործարանում։ Գործարանի խմորման բաժնում տեղավորվեց ընդամենը վաշտի կեսը։ Մնացածներին, տասը-տասը հոգի, տեղավորեցին մի քանի կալվածքներում, որտեղ հարուստ շլյախտիչները տարաբախտ չքավորությանը, աղքատացած ու հողից զրկված փախստականներին թույլ չէին տվել մտնել։
Վաշտի շտաբն իր բոլոր սպաներով, սպասյակներով, հեռախոսավարներով, սանիտարներով, խոհարարներով, ավագ գրագիր Վանեկի և Շվեյկի հետ, տեղավորվեց գյուղի քահանայի մոտ, որը նույնպես ներս չէր առել շրջակա գյուղերից եկած ոչ մի աղքատացած ընտանիք և այդ պատճառով իր տանը ազատ տեղ շատ ուներ։
Քահանան մի բարձրահասակ, վտիտ ծերուկ էր, հագին խունացած ու ճարպոտած փարաջա։ Ժլատությունից նա գրեթե ոչինչ չէր ուտում։ Հայրը նրա մեջ ատելության էր սնուցել ռուսների նկատմամբ, սակայն այդ ատելությունը միանգամից չքացել էր ռուսների նահանջից հետո, երբ գյուղ էին մտել ավստրիական բանակի զինվորները։ Սրանք լափել էին նրա բոլոր սագերն ու հավերը, որոնց ռուսները ձեռք չէին տվել, չնայած որ նրա տանը մի քանի անդրբայկալյան փռչոտ կազակներ էին ապրել։
Իսկ երբ հունգարացիներն էին մտել Լիցկովեց և նրա փեթակներից հանել ամբողջ մեղրը, նա սկսել էր ավստրիական բանակն էլ ավելի ատել։ Հիմա նա ատելությամբ էր նայում իր անկոչ հյուրերին. նա հաճույք էր զգում, որ կարող է նրանց շուրջը թրև գալ և թոթովելով չարախնդորեն կրկնել․ «Ես ոչինչ չունեմ։ Ես աղքատ եմ, դուք իմ տանը, պարոնայք, հացի կտոր չեք գտնի»։
Բոլորից շատ վշտացած էր Բալոունը, որն այդ աղքատությունը տեսնելով՝ քիչ էր մնում լաց լիներ։
Նրա մտահայացքի առաջ շարունակ պատկերանում էր ինչ-որ խոճկոր, որի բարալիկ մաշկը խրթխրթում և ախորժալի հոտ էր արձակում։
Բալոունը քթով օդն էր հոտոտում և շրջում քահանայի խոհանոցում, որտեղ ժամանակ առ ժամանակ մտնում էր մի լոլոզ տղա, որը միաժամանակ բատրակի և խոհարարուհու գործ էր կատարում։ Նրան խստագույնս հրամայել էին հետևել, որ խոհանոցից բան-ման չթռցնեն։
Բալոունը խոհանոցում էլ բան չգտավ, բացի աղամանի մեջ դրած, թղթի մեջ փաթաթած չամանից, որն իսկույն լցրեց բերանը։ Չամանի հոտը նրա մեջ խոճկորի հետ կապված համային պատրանքներ հարուցեց։
Քահանայի տան հետևում, փոքրիկ օղեգործարանի բակում, դաշտային խոհանոցների կաթսաների տակ կրակ էր վառվում։ Ջուրը եռ էր գալիս, բայց այդ ջրի մեջ ոչինչ չէր եփվում։
Ավագ գրագիրն ու խոհարարը ոտի տակ տվին ամբողջ գյուղը, իզուր հուսալով մի խոզ գտնել։ Ամենուրեք նրանց պատասխանում էին, թե մոսկալները կա՛մ կերել են, կա՛մ տարել։
Նրանք արթնացրին նաև իր պանդոկում քնած հրեային, որն սկսեց պեյսերը փիտտել և ափսոսալ, որ պան զինվորներին օգտակար լինել չի կարող, իսկ վերջում կպավ նրանց օձիքից, խնդրելով գնել իր հարյուրամյա կովը՝ մի նիհար լեշ, որի վրա կաշվից ու ոսկորից բացի ոչինչ չկար։ Այդ կովի համար նա անասելի գումար էր պահանջում, փիտրում մորուքն ու երդվում, թե այդպիսի կով չի գտնվի ամբողջ Գալիցիայում, ամբողջ Ավստրիայում և Գերմանիայում, ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Նա ոռնում էր, լալիս ու երդվում, թե դա ամենաչաղ կովն է, որ կամոքն Եհովայի երբևէ հայտնվել է աշխարհիս երեսին։ Երդվում էր իր բոլոր նախահայրերով, թե նույնիսկ Վոլոչինսկից մարդիկ գալիս են այդ կովը տեսնելու, թե ամբողջ մարզում խոսում են, որ դա ոչ թե կով է, այլ հրաշք, թե դա նույնիսկ իսկական կով էլ չէ, այլ չաղագույն գոմեշ։ Ի վերջո նա ընկավ նրանց առաջ և մերթ մեկի, մերթ մյուսի ծնկները գրկելով՝ գոչեց․ «Ավելի լավ կլինի դժբախտ հրեայիս սպանեք, քան առանց այդ կովի գնաք»։
Նրա ոռնոցները գրագրի ու խոհարարի զահլան այնպես տարան, որ նրանք, ի վերջո, այդ կովը, որից կխորշեր ամեն մի սպանդագործ, քարշ տվին դաշտային խոհանոց։ Իսկ հրեան դրանից դեռ շատ հետո էլ, երբ փողն արդեն գրպանումն էր, լալիս էր, թե իրեն կործանեցին, սպանեցին, թե ինքն իր ձեռքով իր տունը քանդեց, այդքան էժան ծախելով այդքան փառավոր մի կով։ Նա աղաչում էր իրեն կախել, քանի որ, ասում էր, օր ծերության այնպիսի հիմարություն է արել, որ իր նախահայրերը իրենց գերեզմաններում շուռ կգան։
Փոշու մեջ մի քիչ էլ թավալ տալուց հետո, նա հանկարծ թոթափեց իր ամբողջ վիշտը և գնաց տուն ու կնոջն ասաց։ «Elsa, lebn[115], զինվորները հիմար են, իսկ քո Նաթանը՝ իմաստուն»։
Բալոունը լուրջ տեսքով կանգնեց պորուչիկ Լուկաշի առաջ և կակազելով նրան հանձնեց իր ջարդված ատամը, որ փաթաթել էր «Լուրդի երգի» մեջ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ ես ձեռքիցս եկածն արեցի։ Այս ատամս ջարդեցի սպայական ճաշի վրա, երբ խոհարարի հետ փորձում էի, թե այդ մսից հնարավո՞ր է բիֆշտեքս պատրաստել։
Այդ խոսքի վրա լուսամատի մոտ դրված բազկաթոռի միջից վեր բարձրացավ մի մռայլ կերպարանք։
Պոդպորուչիկ Դուբն էր դա, որին սանիտարական սայլակը տեղ էր հասցրել բոլորովին հալից ընկած։
— Խնդրում եմ լռություն պահպանել,— ասաց նա վհատալից ձայնով,— ես ինձ վատ եմ զգում։
Նա նորից փլվեց հին բազկաթոռի վրա, որի յուրաքանչյուր ճեղքի մեջ փայտոջիլի հազարավոր ձվիկներ կային։
— Ես հոգնած եմ,— ասաց նա ողբերգական ձայնով,— թույլ եմ և հիվանդ, խնդրում եմ իմ ներկայությամբ ջարդված ատամների մասին չխոսել։ Իմ հասցեն է Սմիխով, փող․ Կրալովսկա, համար տասնութ։ Եթե ես մինչև վաղը չապրեմ, խնդրում եմ այդ մասին զգուշաբար հայտնել իմ ընտանիքին և խնդրում եմ չմոռանալ գերեզմանիս վրա գրել, որ ես պատերազմից առաջ եղել եմ թագավորական կայսրական գիմնազիայի դասատու։
Նա սկսեց կամաց խռմփալ և այլևս չլսեց, թե ինչպես Շվեյկը արտասանեց հոգեհանգստյան երգի հետևյալ տողերը․
Մարիամի մեղքը դու ներեցիր,
Ավազակին էլ դու ներեցիր,
Թշվառիս հույս պարգևեցիր։
Կովը շատ գլխացավանք պատճառեց։ Եղան պահեր, երբ թվում էր, թե առհասարակ հնարավոր չէ նրան մաշկել։ Երբ սկսեցին մորթին պոկել, վերջինս պատռվեց և տակից երևացին մկանները, որ ոլորված էին նավի չորացած ճոպանների պես։
Այդ միջոցին ինչ-որ տեղից մի պարկ կարտոֆիլ բերին և, հաջողության հույս չունենալով, սկսեցին եփել հիշյալ ջիլերն ու ոսկորները, իսկ քիչ հեռու, փոքր խոհանոցի մոտ խոհարարը, այդ կմախքի կտորներից բոլորովին հուսահատված, սպայական ճաշ էր պատրաստում։
Դժբախտ կովը, եթե կարելի է այդպես անվանել բնության այդ հազվագյուտ երևույթը, երկար մնաց բոլորի հիշողության մեջ, և կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ եթե Սոկալի կռվից առաջ հրամանատարները զինվորներին հիշեցնեին Լիսկովեցի կովը, ապա ամբողջ տասնմեկերորդ վաշտը հուժկու աղաղակով և կատաղաբար սվինամարտի կնետվեր։
Կովն այնքան անխիղճ դուրս եկավ, որ նրանից նույնիսկ սուպ չկարողացան պատրաստել․ որքան միսն ավելի էր եփվում, այնքան ավելի ամուր էր կպչում ոսկորներին, դրանց հետ կազմելով մի ամբողջություն, որը ոսկրացած էր իր ամբողջ կյանքը գրասենյակային թղթերի մեջ անցկացրած և միայն «գործերով» սնվող բյուրոկրատի պես։
Շվեյկը, որ որպես սուրհանդակ շտաբի և խոհանոցի միջև մշտական կապ էր պպհպանում՝ իմանալու համար, միսը երբ է եփվելու, վերջապես պորուչիկ Լուկաշին զեկուցեց․
— Պարոն օբեր-լեյտենանտ, կովից արդեն ճենապակի ստացվեց։ Այդ կովի միսն այնքան պինդ է, որ նրանով կարելի է ապակի կտրել։ Խոհարար Պավլիչեկը Բալոունի հետ միասին այդ միսը փորձելիս ջարդեց իր կտրիչ ատամը, իսկ Բալոունը՝ սեղանատամը։
Դրանից հետո ավագ գրագիր Վանեկը պարզեց, որ տխրահռչակ կովը սպայական խոհանոցում պետք է եփվի ևս երկու ժամ, որ բիֆշտեքսի մասին խոսք լինել չի կարող և որ բիֆշտեքսի փոխարեն գուլյաշ են պատրաստելու։
Որոշեցին զինվորներին թույլ տալ հանգստանալ մինչև «դեպի ընթրիք» ազդանշանը, քանի որ, միևնույն է, ընթրիքը պատրաստ կլիներ միայն առավոտյան դեմ։
Ավագ գրագիր Վանեկը ինչ-որ տեղից մի խտիտ խոտ բերեց, քահանայի տան ճաշասենյակում փռեց իր համար և, ջղայնորեն բեղերը ոլորելով, կամացուկ ասաց հին բազմոցի վրա հանգստացող պորուչիկ Լուկաշին․