Ֆելդկուրատ Օտտո Կացը հիացած էր։

— Որտե՞ղ եք սովորել այդպիսի սքանչելիք պատրաստել,— հարցրեց նա։

— Դեռևս այն տարիներին, երբ ման էի գալիս աշխարհե աշխարհ,— պատասխանեց Շվեյկը,— Բրեմենում ինձ սովորեցրեց մի հարբեցող նավաստի, որն ասում էր, թե գրոգն այնքան թունդ պետք է լինի, որ խմողը ծովն ընկնելիս՝ լողալով Լա-Մանշն անցնի, այլապես, եթե գրոգը թույլ լինի, նա շան լակոտի պես կխեղդվի։

— Այսպիսի գրոգ խմելուց հետո, Շվե՛յկ, հաճելի է դաշտային պատարագ կատարել,— խորհրդածում էր ֆելդկուրատը։— Միտք ունեմ պատարագից առաջ ողջերթի մի քանի խոսք ասել։ Դաշտային պատարագը հանաք բան չի։ Դա նման չի կայազորային բանտի պատարագին և կամ այն սրիկաների համար քարոզ կարդալուն։ Դրա համար մարդ պետք է գլուխ ունենա ուսերի վրա։ Ծալովի, այսպես ասած գրպանի, բեմ ունենք… Հիսո՜ւս Քրիստոս,— գոչեց նա, ձեռքերով բռնելով գլուխը,— ա՛խ, էշ ենք, էշ։ Գիտե՞ք, թե որտեղ եմ խոթել այդ ծալովի բեմը։ Մեր ծախած դիվանի մեջ։

— Վա՛տ է, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ճիշտ է, ես հին կահույքի այդ առևտրականի հետ ծանոթ եմ, բայց երեկ չէ մյուս օրը հանդիպեցի նրա կնկան, իմացա, որ նրան նստացրել են մի գողացված շիֆոներկայի համար, իսկ մեր դիվանը գտնվում է Վրշովիցում ապրող մի ուսուցչի մոտ։ Այո՛, գործը վատ է։ Ավելի լավ է գրոգը խմենք-վերջացնենք ու գնանք այդ բեմը գտնելու, որովհետև առանց բեմի, կարծեմ, պատարագ անել չի լինի։

— Միայն շարժական բեմն է պակաս,— մտահոգ ասաց ֆելդկուրատը։— Մնացած ամեն ինչը վարժադաշտում արդեն պատրաստված է։ Հյուսներն արդեն տախտակամածը շինել են։ Մասնատուփը մեզ փոխ կտան Բրժևնևում։ Գավաթ պիտի որ ունենամ, բայց տեսնես ո՞ւր է…

Նա մտածմունքի մեջ ընկավ։

— Ենթադրենք, թե կորցրել եմ… Եթե այդպես է, փոխ կվերցնենք Յոթանասունհինգերորդ գնդի պորուչիկ Վիտինգերի մրցանակային գավաթը։ Մի քանի տարի առաջ նա «Սպորտֆավորիտ» ակումբի կողմից մասնակցել է վազքի մրցություններին ու շահել այդ գավաթը։ Գերազանց վազող է եղել։ Վիեննա-Մեդլինգ քառասուն կիլոմետրանոց տարածությունն անցել է մեկ ժամ ութ րոպեում։ Միշտ դրանով պարծենում է։ Ես երեկ, ի դեպ ամենայնի, այդ մասին նրա հետ պայմանավորվել եմ։ …Ես, անասունս, շարունակ ամեն ինչ թողնում եմ վերջին րոպեին։ Եվ ինչո՞ւ ես, հաստագլուխս, դիվանի մեջը չնայեցի։

Եվ հարբեցող նավաստու դեղատոմսով պատրաստված գրոգի ազդեցության տակ ֆելդկուրատն սկսեց ինքն իրեն հայհոյել ամենաընտիր արտահայտություններով, հասկանալ տալով, թե հիրավի ինքն իրենից ինչ է ներկայացնում։

— Դե՛հ, վերջապես գնանք այդ շարժական բեմը գտնելու,— կոչ արեց Շվեյկը։— Արդեն առավոտ է։ Մնում է միայն համազգեստը հագնել, և ճանապարհ ընկնելուց առաջ մի բաժակ էլ գրոգ խմել։

Վերջապես, նրանք տնից դուրս եկան։ Հին կահույքի առևտրականի կնոջ մոտ գնալիս ֆելդկուրատը Շվեյկին պատմեց, թե երեկ «աստծո օրհնություն» խաղալու ժամանակ շատ փող է տարել և եթե էլի բախտը բանի՝ դաշնամուրը լոմբարդից հետ կվերցնի։ Եվ դա ասվեց այնպես, ինչպես հեթանոսները խոստանում էին զոհ մատուցել։

Հին կահույքի առևտրականի քնաթաթախ կնոջից ֆելդկուրատն ու Շվեյկն իմացան Վրշովիցիում ապրող ուսուցչի՝ դիվանի նոր տիրոջ հասցեն։ Ֆելդկուրատն այդ միջոցին ցուցաբերեց արտասովոր նրբավարություն․ տիկնոջ թուշը կսմթեց և բողախը խուտուտ ածեց։

Մինչև Վրշովիցի ֆելդկուրատն ու Շվեյկը ոտքով գնացին, քանի որ ֆելդկուրատն ասաց, թե ծանր մտքերը ցրելու համար իրեն անհրաժեշտ է թարմ օդ շնչել։

Վիշովիցիում ուսուցչի, այդ աստվածավախ ծերունու բնակարանում նրանց սպասում էր մի տհաճ անակնկալ։ Դիվանի մեջ գտնելով շարժական բեմը, ծերունին կարծել էր, թե դրա մեջ խառն է աստվածային նախախնամությունը, և բեմը նվիրել էր Վրշովիցիի լեհական եկեղեցուն, իրեն իրավունք վերապահելով բեմի հակառակ կողմի վրա անելու հետևյալ մակագրությունը.

«Ի փառս աստծո նվիրաբերել է պաշտոնաթող ուսուցիչ Կոլորժիկը հ’ամի ծննդյան Հիսուսի Քրիստոսի 1914»։

Ուսուցիչը, որ նրանց գալու ժամանակ մետակ սպիտակեղենով էր, շատ շփոթվեց։ Խոսակցությունից պարզվեց, որ նա իր գյուտը համարել է հրաշք և դրա մեջ աստծո մատը տեսել։ Դիվանը գնելիս մի ներքին ձայն նրան ասել է. «Տես հո դիվանի արկղի մեջ բան չկա՞»։ Իսկ երազում նրան իբր հայտնվել է մի հրեշտակ ու հրամայել. «Բա՛ց արա դիվանի արկղը»։ Ուսուցիչր կատարել է հրամանը։ Եվ երբ արկղի մեջ տեսել է մասնատուփի խորշ ունեցող ծալովի բեմը, ծունկ է չոքել դիվանի առաջ և երկար ժամանակ ջերմորեն աղոթել, փառք տալով աստծուն։ Ուսուցիչը այդ ամենի մեջ տեսել է ի վերուստ տրված մի ցուցում՝ սույն բեմով զարդարել Վրշովիցիի եկեղեցին։

— Դա մեզ քիչ է հետաքրքրում,— ասաց ֆելդկուրատը։— Այդ իրը ձեզ չի պատկանել, և դուք պարտավոր էիք այն հանձնել ոստիկանությանը, այլ ոչ թե ինչ-որ նզովյալ խորանի։

— Երանի թե այդ հրաշքը ձեզ անախորժություններ չպատճառի,— ավելացրեց Շվեյկը։— Դուք դիվան եք գնել, և ոչ թե բեմ։ Բեմը զինվորական գույք է։ Այդ աստծո մատը կարող է ձեզ վրա թանկ նստել։ Իզուր էիք ուշադրություն դարձնում հրեշտակների վրա։ Զգորժում ապրող մի մարդ էլ վար անելիս հողի մեջ հաղորդության գավաթ էր գտել, որն ինչ-որ մեկը գողացել և ժամանակավորապես թաղել էր այնտեղ մինչև որ գործը մոռացվեր։ Հողի միջից գավաթը հանողն էլ դրա մեջ աստծո մատն էր տեսել և, փոխանակ գավաթը վերաձուլելու, տարել էր քահանայի մոտ, թե, գիաե՛ք, ուզում է նվիրել եկեղեցուն։ Իսկ քահանան էլ մտածել է, թե երևի այդ սրբապիղծ մարդուն խղճի խայթն է ստիպել գալ իր մոտ, և կանչել է տվել գյուղապետին, սա էլ՝ ժանդարմներին, և գյուղացուն անմեղ տեղը դատապարտել են սրբապղծության համար, քանի որ դատարանում մի գլուխ ինչ-որ բան է դուրս տվել հրաշքի մասին։ Նա, իհարկե, ցանկացել է արդարանալ և պատմել է հրեշտակի մասին, մեջ է բերել աստվածածնին էլ, իսկ հետևանքն այն է եղել, որ տասը տարի են տվել։ Ամենից լավն այն կլինի, որ մեզ հետ միասին գնանք տեղիս քահանայի մոտ և մեզ օգնեք նրանից հետ ստանալ պետական գույքը։ Դաշտային բեմը կատու կամ գուլպա չի, որ մարդ ում ուզենա նվիրի։

Ծերուկն հագնվելիս ամբողջ մարմնով դողում էր, ատամները կափկափում էին։

— Ազնի՛վ խոսք, մտքովս ոչ մի վատ բան չի անցել։ Կարծում էի, թե այդ աստվածային պարգևով կօգնեմ Վրշովիցիի մեր աղքատիկ եկեղեցին զարդարելու գործին։

— Դե՛, իհարկե, զինվորական գանձարանի հաշվին,— ընդհատեց նրան Շվեյկը խստորեն ու հանդգնաբար։— Մեծապես շնորհակալ եմ այդպիսի աստվածային պարգևի համար։ Հոտեբորժեցի մի Պիվոնկա մի անգամ նույնպես աստվածային պարգև էր համարել իր ձեռքն ընկած այն պարանը, որով կապված էր եղել ուրիշի կովը։

Տարաբախտ ծերուկը այդ խոսքերից բոլորովին գլուխը կորցրեց և այլևս չէր պաշտպանվում, շտապելով հագնվել և որքան կարելի է շուտ վերջացնել այդ գործը։

Վրշովիցիի ֆարարը դեռ քնած էր և, երբ նրան արթնացրին, սկսեց հայհոյել, քունը գլխին կարծելով, թե ծիսակատարության են կանչում։

— Հանգիստ չեն տալիս իրենց այդ վերջին օծումով,— մրթմրթում էր նա, դժկամորեն հագնվելով։— Եվ խելքներին փչում է մեռնել հենց այն ժամանակ, երբ մարդ հենց նոր է քուն մտել։ Իսկ հետո էլ ե՛կ ու նրանց հետ վարձի մասին սակարկիր։

Եվ այդպես, նախասենյակում իրար հանդիպեցին, մի կողմից աստծո ներկայացուցիչը Վրշովիցիի աշխարհական կաթոլիկների մոտ և, մյուս կողմից, զինվորական գերատեսչությանը կից աստծո երկրային ներկայացուցիչը։ Իսկապես ասած, դա աշխարհիկ մարդու և զինվորականի վեճ էր։ Եթե ծխական քահանան պնդում էր, թե երթային բեմը չպետք է գտնվեր դիվանի մեջ, ապա զինվորական քահանան ասում էր, թե համենայն դեպս չէր կարելի բեմը դիվանի միջից հանել ու տեղափոխել այն եկեղեցու խորանը, ուր միայն քաղաքացիներ են հաճախում։

Շվեյկն այդ խոսակցության ընթացքում զանազան դիտողություններ էր անում, ինչպես, օրինակ, թե, իհարկե, հեշտ է աղքատիկ եկեղեցին զարդարել զինվորական գույքի հաշվին, ըստ որում «աղքատիկ» բառն արտասանեց մի տեսակ չակերտների մեջ առած։

Ի վերջո, նրանք մտան եկեղեցու խորանը, և ֆարարը երթային բեմը հանձնեց ֆելդկուրատին, նրանից վերցնելով այսպիսի մի ստացական.

«Ստացա երթային բեմը, որը պատահմամբ ընկել էր Վրշովիցիի տաճարը։ Ֆելդկուրատ Օտտո Կաց»։

Չարաբաստիկ երթային բեմը պատրաստել էր Վիեննայի հրեական Մորից Մալեր ֆիրման, որն արտադրում էր ժամասացության և կրոնական պետքերի համար անհրաժեշտ ամեն տեսակ իրեր, ինչպես, օրինակ, տերողորմյաներ ու սրբապատկերներ։ Բեմը բաղկացած էր երեք փեղկերից և զօծված էր կեղծ ոսկեջրով, ինչպես եկեղեցու ամբողջ փառքը։ Առանց վառ երևակայություն ունենալու բոլորովին հնարավոր չէր որոշել, թե իսկապես ի՞նչ էր նկարված այդ երեք փեղկերի վրա։ Պարզ էր միայն, որ այդ բեմը նույնպիսի հաջողությամբ կարող էին օգտագործել նաև Զամբեզիայի հեթանոսները կամ բուրյաթների ու մոնղոլների շամանները։ Ճչացող գույներով նախշած այդ բեմը հեռվից նման էր երկաթուղայինների տեսողությունը ստուգելու գունավոր աղյուսակի։

Պարզորոշ երևում էր միայն ինչ-որ մերկ մարդու կերպարանք՝ գլխի շուրջը լուսապսակ, մարմինը՝ կանաչավուն, ինչպես նեխած ու քայքայված սագի ազդրամաս։ Թեև այդ սրբին ոչ ոք ոչ մի վատ բան չէր անում, այլ, ընդհակառակը, նրա երկու կողքերին գտնվում էին երկու թևավոր էակներ, որոնք պետք է հրեշտակներ ներկայացնեին,— նկարը դիտողի վրա այնպիսի տպավորություն էր թողնում, թե կարծես տկլոր սուրբը իրեն շրջապատողներից սարսափած՝ գոռում է։ Բանն այն է, որ հրեշտակները նման էին հեքիաթային հրեշների, թևավոր վայրի կատվի և հայտնության հրեշի միջինը հանդիսացող ինչ-որ բանի։

Բեմի մյուս կողմի փեղկի վրա կար մի պատկեր, որն հավակնում էր ներկայացնել երրորդությունը։ Նկարչին ընդհանուր առմամբ հաջողվել էր աղավնուն այնքան էլ չփչացնել։ Նա նկարել էր մի թռչուն, որը նույնքան նման էր աղավնու, որքան և սպիտակ հավի։

Բայց դրա փոխարեն հայր-աստվածը նման էր վայրի արևմուտքի այն ավազակին, որ հասարակությանը հրամցնում են ամերիկյան հետաքրքրաշարժ արյունալի ֆիլմերը։

Աստվածորդին, ընդհակառակը, ներկայացված էր որպես զվարթ երիտասարդ, բավական պատկառելի փորով, որը ծածկված էր լողատրուսիկի նման մի բանով։ Ընդհանուր առմամբ աստվածորդին նման էր սպորտսմենի, նա խաչն այնպես էլեգանտ կերպով էր բռնել, որ կարծես այն թենիսի ռակետա լիներ։ Հեռվից ամբողջ երրորդությունը ճապաղվում էր, և նայողին թվում էր, թե գնացք է մտնում ծածկված կայարանը։

Թե իրենից ինչ էր ներկայացնում երրորդ սրբապատկերը, բնավ չէր կարելի հասկանալ։

Պատարագի ժամանակ զինվորները շարունակ վիճում էին, ջանալով լուծել այդ ռեբուսը։ Նրանցից մեկը նույնիսկ սրբապատկերի վրա ճանաչել էր Պոսազավի շրջանում ապրող իր մի հայրենակցուհուն։ Այնուամենայնիվ այդ սրբապատկերի տակ գրված էր. «Սուրբ Մարիամ աստվածածին, ողորմյա մեզ»։

Շվեյկը երթային բեմը բարեհաջող կերպով զետեղեց կառքի մեջ, իսկ ինքը տեղ գրավեց նստիքի վրա, կառապանի կողքին։ Ֆելդկուրատը հարմար նստեց ու ոտքերը դրեց սուրբ երրորդության վրա։

Շվեյկը կառապանի հետ շաղակրատում էր պատերազմի մասին։ Կառապանը խռովարար դուրս եկավ, զանազան դիտողություններ արեց ավստրիական զենքի անպարտելիության վերաբերմամբ, ինչպես, օրինակ. «Ուրեմն, Սերբիայում ձեզ ոնց որ պետք է դնգստել են» և այլն։

Պարենային ուղեկալն անցնելիս պահակի այն հարցին, թե նրանք ինչ են տանում, Շվեյկը պատասխանեց.

— Սուրբ երրորդություն, կույս Մարիամ և ֆելդկուրատ։

Այդ միջոցին վարժադաշտում երթային վաշտերն անհամբեր սպասում էին նրանց։ Ստիպված էին երկար սպասել։ Շվեյկն ու ֆելդկուրատը նախ գնացին պորուչիկ Վիտինդերից մրցանակային գավաթը խնդրելու, ապա գնացին Բրժևնովի վանքը՝ մասնատուփ և պատարագի համար անհրաժեշտ այլ առարկաներ, այդ թվում մի շիշ եկեղեցական գինի վերցնելու։

Դե՛հ, իհարկե, դաշտային պատարագ կատարելն այնքան էլ հեշտ բան չէ։

— Թրև ենք գալիս քաղաքով մեկ,— ասաց Շվեյկը կառապանին, և դա ճիշտ էր։

Երբ հասան վարժադաշտ և մոտեցան լաստակին, որը փայտյա պատնեշիկ և մի սեղան ուներ, որի վրա պետք է դրվեր շարժական բեմը, պարզվեց, որ ֆելդկուրատը մոռացել է մինիստրանտ ճարել։

Պատարագի ժամանակ ֆելդկուրատին միշտ սպասավորում էր մի հետևակ զինվոր, որն հիմա հակառակի պես գերադասել էր հեռախոսավար դառնալ և գնացել էր ռազմաճակատ։

— Պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ես կարող եմ նրան փոխարինել։

— Իսկ դուք կարողանո՞ւմ եք մինիստրանտություն անել։

— Այդ գործով երբեք չեմ զբաղվել,— պատասխանեց Շվեյկը, բայց կարելի է փորձել։ Չէ՞ որ հիմա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ մարդիկ այնպիսի գործերի են ձեռք զարկում, որ առաջ երազում էլ չեն տեսել։ Է՜հ մի կերպ այն տխմար «et cum spiritu tuo»-ն[37] կհարմարացնեմ ձեր «dominus vobiscum»-ին[38]։ Վերջապես, կարծում եմ, այնքան էլ դժվար չի ձեր շուրջը գնալ ու գալ, ինչպես կատուն տաք շիլայի շուրջը։ Իսկ ձեր ձեռքերը լվանալն ու սափորից գինի լցնելը…

— Լա՛վ,— ասաց ֆելդկուրատը։— Միայն թե իմ սկիհի մեջ ջուր չլցնեք։ Տեսեք ի՛նչ եմ ասում․ ավելի լավ կլինի հենց հիմա մյուս սափորի մեջ էլ գինի լցնեք։ Եվ ասենք, ես ինքս ձեզ կհուշեմ, թե երբ գնաք դեպի աջ, երբ՝ դեպի ձախ։ Եթե մի անգամ շվացնեմ՝ կնշանակի «դեպի աջ», երկու անգամ՝ «դեպի ձախ»։ Աղոթագիրքն այնքան էլ շուտ-շուտ մոտս չբերեք։ Առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Չե՞ք վախենում։

— Ես ոչինչից չեմ վախենում, պարոն ֆելդկուրատ,— նույնիսկ չեմ վախենում մինիստրանտ դառնալուց։

Ֆելդկուրատը ճիշտ էր ասում, թե առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Ամեն ինչ ընթացավ հարթ ու սահուն։

Ֆելդկուրատի ճառը հույժ լակոնիկ էր.

— Զինվորնե՛ր,— մենք այստեղ հավաքվել ենք նրա համար, որ ռազմի դաշտ գնալուց առաջ մեր սիրտը դարձնենք առ աստված. թող հաղթանակ պարգևի նա ձեզ և անվնաս պահի։ Ես ձեզ երկար չեմ զբաղեցնի, ցանկանում եմ ամենայն բարիք։

— Ruht![39] — հրամայեց ծեր գնդապետը ձախ թևում։

Դաշտային պատարագն այն պատճառով է կոչվում դաշտային, որ ենթարկվում է նույն օրենքներին, որոնց ենթարկվում է և ռազմական տակտիկան ռազմի դաշտում։ Երեսունամյա պատերազմի ժամանակ, զորքերի երկարատև զորաշարժերի պայմաններում, դաշտային պատարագներն էլ շատ երկար էին տևում։

Ժամանակակից տակտիկայի պայմաններում, երբ զորքերի տեղաշարժերն արագացել են, դաշտային պատարագն էլ պետք է արագ կատարվի։

Պատարագը տևեց ուղիղ տասը րոպե։ Մոտիկ կանգնածներին շատ անհասկանալի էր թվում, թե ինչու պատարագի ժամանակ ֆելդկուրատը շվշվացնում է։

Շվեյկը ձեռաց որսում էր ազդանշանները, հայտնվում, գահի մերթ աջ, մերթ ձախ կողմում և արտասանում միայն «Et cum spiritu tuo»։ Դա նման էր այն պարին, որ հնդիկները կատարում են զոհասեղանի շուրջը։ Բայց ընդհանուր առմամբ այդ ամենը շատ լավ տպավորություն էր գործում և փարատում այն ձանձրույթը, որ պատճառում էր փոշոտ, մռայլ վարժադաշտն իր սալորենիների ծառուղիով ու հետևի պլանում երևացող արտաքնոցներով։ Արտաքնոցների հոտը փոխարինում էր գոթական տաճարների խնկի միստիկական բույրին։ Բոլորի տրամադրությունը շատ լավ էր։ Գնդապետին շրջապատող սպաներն իրար անեկդոտներ էին պատմում։ Այնպես որ ամեն ինչ կարգին էր։ Զինվորների մեջ մերթ այստեղ, մերթ այնտեղ լսվում էր. «Տուր մի ղում քաշեմ»։ Եվ զոհաբերության ծխի պես դեպի երկինք էին բարձրանում թութունի ծխի կապտավուն ամպիկները։ Ծխել սկսեցին նույնիսկ բոլոր ենթասպաները, երբ տեսան, որ ինքը՝ գնդապետն էլ վառեց ծխախոտը։

Վերջապես, հնչեց «Zum Gebet»[40] հրամանը, փոշի բարձրացավ, և զինվորական մունդիրների գորշ քառակուսին ծունկ չոքեց պորուչիկ Վիտինգերի սպորտային գավաթի առաջ, որը նա շահել էր Վիեննա-Մեդլինգ մրցավազքի ժամանակ։

Գավաթը լիքն էր, և ֆելդկուրատի ամեն մի ձեռնածությանը հետևում էին զինվորների համակրական բացականչությունները։

— Կում էր, հա՜,— հնչում էր շարքից շարք։

Ծեսը կրկնվեց երկու անգամ։ Այնուհետև նորից հնչեց «աղոթքի՛» հրամանը, երգչախումբը որոտագին երգեց «Պահպանիր, տե՛ր, թագավորին»։ Ապա հետևեցին «շարքի՛» և «քայլո՛վ մարշ» հրամանները։

— Այնոյինը հավաքեցեք,— ասաց ֆելդկուրատը Շվեյկին, գլխով ցույց տալով շարժական բեմը։— Որտեղից ինչ որ վերցրել ենք, պետք է տանենք ետ տանք։

Նրանք մեկնեցին միևնույն կառքով և ազնվաբար վերադարձրին ամեն ինչ, բացի մի շիշ եկեղեցական գինուց։

Երբ տուն վերադարձան և, կառքը դանդաղ քշած լինելու համար, դժբախտ կառապանին ուղարկեցին իր վարձը պարետային վարչությունից ստանալու, Շվեյկը դիմեց ֆելդկուրատին.

— Համարձակվում եմ հարցնել, պարոն ֆելդկուրատ, մինիստրանտն էլ պետք է պատկանի նույն դավանանքին, ինչ քահանան, որին նա սպասարկում է։

― Իհարկե,— պատասխանեց ֆելդկուրատը,― այլապես պատարագը անվավեր կլինի։

— Պարոն ֆելդկուրատ, մեծ սխալ է տեղի ունեցել,— ասաց Շվեյկը։— Ախր, ես հավատացյալ չեմ։ Բախտս չի բանում, էլի։

Ֆելդկուրատը նայեց Շվեյկին, մի պահ լռեց, ապա ձեռքով խփեց նրա ուսին ու ասաց.

— Խմեցեք եկեղեցական գինին, որ իմ խմելուց հետո մնացել է շշի մեջ, և ձեզ վերստին համարեցեք եկեղեցու գիրկը վերադարձած։


Աստվածաբանական բանավեճ

Պատահում էր, որ Շվեյկը օրերով չէր տեսնում զինվորների հոգիների հովվին։ Իր հոգևոր պարտականությունները ֆելդկուրատը զուգակցել էր քեֆերի հետ և տուն էր գալիս բավական հազվադեպ, այն էլ ոտից գլուխ աղտոտված ու ցեխոտ, ինչպես կատուն տանիքների վրա զբոսնելուց հետո։

Տուն գալուց հետո ֆելդկուրատը, եթե առհասարակ դեռ ի վիճակի էր խոսելու, քնելուց առաջ Շվեյկի հետ զրուցում էր բարձր նյութերից, հոգևոր էքստազի և մտածողության պատճառած խնդության մասին, իսկ երբեմն նույնիսկ փորձում էր Հայնեից մեջբերումներ անել։

Շվեյկը ֆելդկուրատի հետ մի դաշտային պատարագ էլ կատարեց սակրավորների մոտ, ուր սխալմամբ հրավիրված էր նաև մի ուրիշ ֆելդկուրատ, որ դպրոցի նախկին կրոնուսույց էր, չափազանց աստվածավախ անձնավորություն։ Սա շատ զարմացած նայեց իր կոլեգա Կացին, երբ նա առաջարկեց մի կում կոնյակ անուշ անել այն տափաշշից, որ Շվեյկը հետը ման էր ածում կրոնական ծեսեր կատարելիս։

— Լա՛վ կոնյակ է,— ասաց Օտտո Կացը։— Խմեցեք ու գնացեք տուն։ Ես ինքս ամեն ինչ կանեմ։ Ես այսօր պետք է մաքուր օդում լինեմ, թե չէ գլուխս, չգիտեմ ինչու, ցավում է։

Աստվածավախ ֆելդկուրատը գլուխն օրորեց ու գնաց, իսկ Կացը, ինչպես միշտ, իր դերը փայլուն կերպով կատարեց։ Այս անգամ նա աստծո արյուն դարձրեց սոդաջրախառն գինին, և քարոզը սովորականից ավելի երկար տևեց, ըստ որում ամեն մի երեք բառից մեկն էր կամ «և այլն»-ը, կամ «անտարակույս»-ը։

— Զինվորնե՛ր, այսօր դուք գնում եք ռազմաճակատ և այլն։ Ուրեմն, ուղղեցեք ձեր սիրտն առ աստված և այլն։ Անտարակույս։ Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ձեզ ինչ կպատահի։ Անտարակույս։ Եվ այլն։

Բեմի մոտ շարունակում էին թնդալ «և այլն» ու «անտարակույս»-ը աստծո և ամենայն սրբոց անունների հետ մեջընդմեջ։

Էքստազով և հռետորական ավյունով համակված, ֆելդկուրատը իշխան Եվգենի Սավոյսկուն դարձրեց մի սուրբ, որը սակրավորներին պետք է պահպանի պոնտոնային կամուրջներ կառուցելիս։

Այնուամենայնիվ դաշտային պատարագն ընթացավ առանց որևէ անախորժության, հաճելի և ուրախ։ Սակրավորները մի կուշտ զվարճացան։

Տուն վերադառնալիս Շվեյկին և ֆելդկուրատին չէին ուզում թույլ տալ, որ իրենց ծալովի բեմով տրամվայ մտնեն։ Բայց Շվեյկը կոնդուկտորին սպառնաց.

— Տես, հա՜, այս սուրբ բեմը գլխովդ կտամ։

Վերջապես տուն հասնելով, նրանք հանկարծ նկատեցին, որ ճանապարհին մասնատուփը կորցրել են։

— Ոչի՛նչ,— ասաց Շվեյկը։— Առաջին քրիստոնեաներն առանց մասնատուփի էլ են պատարագ արել։ Եթե մասնատուփը կորցնելու մասին թերթում հայտարարություն տանք, գտնողը մեզնից հատուցում կպահանջի։ Եթե դա փող լիներ, հազիվ թե մեկն ու մեկը վերադարձներ… Սակայն այդպիսի մարդիկ էլ են լինում։ Մեր գնդում, Բուդեյովիցիում, մի զինվոր կար, տարօրինակ ու լավ, բայց և հիմար տղա էր։ Մի անգամ նա փողոցում վեցհարյուր կրոն փող գտավ ու հանձնեց ոստիկանությանը։ Նույնիսկ թերթերում գրեցին, թե, տեսե՛ք, ինչ ազնիվ մարդ է։ Համա՜ թե փորձանք բերեց իր գլխին։ Ոչ ոք չէր ուզում նրա հետ նույնիսկ խոսել։ Բոլորը միաբերան ասում էին․ «Տխմար մարդ ես, բա այդպիսի հիմարություն կանե՞ն։ Դրա համար մինչև կյանքիդ վերջը պիտի կարմրես, եթե միայն մեջդ մի կաթիլ ամոթ մնացել է»։ Առաջ մի սիրած աղջիկ ուներ, սա էլ սկսեց հետը չխոսել։ Իսկ երբ նա արձակուրդ առավ ու գնաց տուն, ապա այդ պատմության պատճառով ընկերները նրան պարերեկույթների ժամանակ պանդոկներից դուրս էին շպրտում։ Տղան սկսեց ոտի վրա չորանալ, դարդակոխ եղավ ու, վերջապես, իրեն գցեց գնացքի տակ… Բայց ահա մի ուրիշ դեպք էլ։ Մեր փողոցում ապրող մի դերձակ ոսկյա մատանի էր գտել։ Նրան զգուշացնում էին, թե ոստիկանությանը մի հանձնիր, իսկ նա իր էշն էր քշում։ Ոստիկանատանը նրան ընդունել էին շատ սիրալիր, թե, իրոք, գոհարակն մատանու կորստյան մասին իրենք արդեն հայտարարություն ստացել են։ Բայց հետո նայել էին մատանու քարին ու ասել. «Լսեցեք, սիրելիս, չէ՞ որ սա ապակի է, և ոչ թե գոհար։ Գոհարը քանիսո՞վ եք ծախել։ Ձեզ նման «ազնիվ գտնողներ» շատ ենք տեսել»։ Ի վերջո պարզվել էր, որ մի ուրիշ մարդ էլ կորցրած է եղել կեղծ գոհարի ակով մատանի։ Բայց դերձակն ստիպված էր երեք օր նստել, որովհետև գրգռված վիճակում վիրավորանք էր հասցրել ոստիկանությանը։ Օրինական հատուցում նա, այնուամենայնիվ, ստացավ, արժեքի տասը տոկոսը, այսինքն մեկ կրոն քսան հելլեր, քանի որ այն խլամը տասներկու կրոն արժեր։ Սակայն դերձակն այդ օրինական հատուցումը վերցրեց ու շպրտեց մատանու տիրոջ երեսին, սա էլ նրան դատի տվեց իր անձը վիրավորելու համար, և դերձակից տասը կրոն տուգանք վերցրին։ Դրանից հետո դերձակն ամեն տեղ ասում էր, թե կորած բան գտնելու մասին ազնվորեն հայտարարող յուրաքանչյուր մարդուց պետք է քսանհինգ կրոն տուգանք վերցնել, թե նրանց պետք է ծեծելով կիսամեռ անել և հրապարակով մտրակահարել, որպեսզի բոլորն իմանան, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել… Իմ կարծիքով ոչ ոք մեր մասնատուփը հետ չի բերի, թեև հետևի կողմին կա գնդի կնիքը։ Ոչ ոք չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։ Շատ ավելի լավ է դրանք ջուրը գցել, որ գլխացավանք չլինի… Երեկ «Ոսկյա պսակի մոտ» պանդոկում զրուցում էի գավառից եկած մի մարդու հետ, որն արդեն հիսուն տարեկան է։ Եկել է Նովայա Պակա՝ շրջանային վարչությունից իմանալու, թե իր սայլն ինչու են բռնագրավել։ Հետ դառնալիս, երբ նրան արդեն դուրս էին շպրտել շրջանային վարչությունից, կանգ է առել զինվորական գումակին նայելու, որը հենց նոր եկած ու կանգնած է եղել հրապարակում։ Մի զինվոր տղա, որ բանակի համար պահածոներ է տանելիս եղել, նրան խնդրել է մի րոպե ձիերին նայել, ու էլ չի վերադարձել։ Երբ գումակը սկսել է շարժվել, ծանոթս ստիպված է եղել բոլորի հետ միասին գնալ մինչև Հունգարիա, իսկ Հունգարիայում նա ինքը մի ուրիշի խնդրել է կանգնել սայլի մոտ և միայն այդ կերպ գլուխն ազատել, թե չէ մինչև Սերբիա էլ քարշ կտային։ Եկել է ոնց որ խելագար և հիմա էլ չի ուզում պետական իրերի հետ գործ ունենալ։

Երեկոյան նրանց այցի եկավ աստվածավախ ֆելդկուրատը, նույն այն անձնավորոլթյունր, որ առավոտյան նույնպես ցանկացել էր սակրավորների մոտ դաշտային պատարագ կատարել։ Սա մի ֆանատիկոս մարդ էր, որը ձգտում էր յուրաքանչյուրին մերձեցնել աստծուն։ Դեռևս կրոնի ուսուցիչ եղած ժամանակ նա երեխաների մեջ կրոնական զգացմունքները զարգացրել էր նրանց վզակոթներին հասցնելով, և թերթերը երբեմն նրա մասին հոդվածներ էին տպագրել այսպիսի վերնագրերի ներքո․ «Դաժան կրոնուսույցը» կամ «Վզակոթին հասցնող կրոնուսույցը»։ Բայց կրոնուսույցը համոզված էր, որ երեխան կատեխիզիսն ավելի լավ կարող է յուրացնել ավստրիական սիստեմով։ Աստվածավախ ֆելդկուրատը մի ոտից կաղ էր։ Այդ բանը նրան հիշատակ էր մնացել մի մութ նրբանցքում աշակերտներից մեկի հոր հետ ունեցած մի հանդիպումից։ Կրոնուսույցը վերջինիս որդու վզակոթին հասցրել էր նրա համար, որ երեխան կասկած էր հայտնել սուրբ երրորդության գոյության մասին։ Տղան ստացել էր երեք դմբուզ՝ մեկը հայր աստծո, մյուսը աստվածորդու և երրորդը սուրբ հոգու համար։ Այսօր նախկին կրոնուսույցր եկել էր իր կոլեգա Կացին ճշմարիտ ճանապարհի վրա դնելու և նրա հոգում աստվածային կայծ հրահրելու։ Նա սկսեց այն բանից, որ ասաց․

— Զարմանում եմ, որ ձեր տանը խաչելություն չի կախված։— Որտե՞ղ եք դուք աղոթում և ո՞ւր է ձեր աղոթագիրքը։ Ոչ մի սրբապատկեր չի զարդարում ձեր սենյակի պատերը։ Այդ ի՞նչ է ձեր անկողնու վերևում։

Կացը ժպտաց.

— Դա «Լողացող Սուսաննան» է, իսկ նրա տակի տկլոր կինը իմ հին սիրուհին է։ Աջ կողմինը ճապոնական ակվարել է, որը ներկայացնում է ճապոնական ծեր սամուրայի և գեյշայի սեռական գործողությունը։ Շատ օրիգինալ բան է, այնպես չէ՞։ Իսկ աղոթագիրքս խոհանոցում է։ Շվեյկ, բերեք այստեղ և բացեցեք երրորդ էջը։

Շվեյկը գնաց խոհանոց, և այնտեղից երեք անգամ խցանահանման թխկոց լսվեց։

Աստվածավախ ֆելդկուրատը ապշեց, երբ սեղանի վրա հայտնվեց երեք շիշ։

— Սա եկեղեցական թույլ գինի է, կոլեգա,— ասաց Կացը։— Շատ լավ ռիսլինգ է, իր համով Մոզելի գինի է հիշեցնում։

— Ես չեմ խմի,— համառորեն հայտարարեց աստվածավախ ֆելդկուրատը։— Ես եկել եմ ձեր հոգում աստվածային կայծ հրահրելու։

— Բայց ձեր կոկորդը կչորանա, կոլեգա,— ասաց Կացը։— Դուք խմեցեք, իսկ ես կլսեմ։ Ես շատ հանդուրժող մարդ եմ, կարող եմ լսել նաև ուրիշների կարծիքները։

Աստվածավախ ֆելդկուրատը մի քիչ խմեց ու աչքերը չռեց։

― Սատանա՜ն տանի, լավ գինի է, կոլեգա։ Այնպես չէ՞,— հարցրեց Կացը։

Ֆանատիկոսը կտրուկ ասաց.

— Նկատում եմ, որ պղծախոսում եք։

— Սովորությունս է,— ասաց Կացը։— Երբեմն նույնիսկ ինքս ինձ բռնում եմ աստվածանարգության մեջ։ Շվե՛յկ, լցրեք պարոն ֆելդկուրատի բաժակը։ Կարող եմ ձեզ հավատացնել, որ նաև աստված, սուրբ հոգի և Քրիստոսի մարմին եմ հայհոյում։ Փորձեցեք իմ չափ մնալ զինվորական ծառայության մեջ, և դուք էլ այդ օրին կհասնեք։ Դա բոլորովին դժվար չէ, և այդ բոլորը հոգևորականների սրտին շատ մոտ բաներ են՝ աստված, հոգի, հաղորդություն։ Գեղեցիկ է հնչում և բոլորը կապված է ձեր մասնագիտության հետ, այնպես չէ՞։ Խմեցե՛ք, կոլեգա։

Նախկին կրոնուսույցը մեքենաբար խմեց։ Երևում էր, որ նա մի բան է ուզում ասել, բայց չի կարողանում։ Նա իր մտքերն էր ժողովում։

— Հարգելի՛ կոլեգա,— շարունակեց Կացը,— ձեզ ավելի ազատ ու առույգ զգացեք, մի նստեք այնպես մռայլ դեմքով, որ կարծես հինգ րոպեից հետո ձեզ պիտի կախեն։ Լսել եմ, որ դուք մի ուրբաթ օր, կարծելով, թե օրը հինգշաբթի է, մի ռեստորանում խոզի մսի կոտլետ եք կերել և ապա վազել զուգարան և երկու մատերնիդ խոթել ձեր կոկորդը, որպեսզի հետ տաք, վախենալով, որ աստված ձեզ խիստ կպատժի։ Անձամբ ես չեմ վախենում պասին միս ուտելուց, ոչ մի դժոխքից էլ չեմ վախենում։ Պարդո՛ն։ Խմեցե՛ք։ Հիմա ձեզ, ավելի լա՞վ եք զգում… Կամ գուցե դուք ավելի առաջադիմական կարծիք ունեք դժոխքի մասին, գուցե ժամանակի ոգու և ռեֆորմիստների հե՞տ եք ընթանում։ Այլ կերպ ասած, ընդունում եք, որ դժոխքում դժբախտ մեղավորների համար ծծումբի հասարակ կաթսաների փոխարեն գործ են ածվում ավտոկլավներ, այսինքն բարձր ճնշման կաթսաներ, ինչպես նաև գտնում եք, որ մեղավորներին տապակում են մարգարինով, իսկ շամփուրները պտտվում են էլեկտրական շարժիչների միջոցով։ Գուցե այնտեղ նրանց, այդ դժբախտներին, միլիոնավոր տարիներ շարունակ ճզմում են խճուղային շոգետափաններով, ատամնաբույժները ատամների կրճտոցն առաջացնում են հատուկ մեքենաներով, մեղավորների աղաղակները գրանցում են գրամաֆոնի սկավառակների վրա, ապա այդ սկավառակներն ուղարկում վեր՝ դրախտ, արդարներին զվարճացնելու համար։ Գուցե ձեր կարծիքով դրախտում օդեկոլոնի ցնցուղներ են գործում և սիմֆոնիկ նվագախմբերը Բրամսի գործերը նվագում են այնքան երկար, որ մարդ ավելի շուտ կգերադասի դժոխք կամ քավարան ընկնել։ Գուցե հրեշտակներից յուրաքանչյուրի հետույքում մի պրոպելլեր կա, որպեսզի նրանք իրենց թևիկներին հոգնություն չպատճառեն։ Խմեցեք, կոլեգա։ Շվե՛յկ, պարոն ֆելդկուրատի բաժակը կոնյակ լցրեք. նա, կարծեմ, իրեն լավ չի զգում։

Ուշքի գալով, աստվածավախ ֆելդկուրատը շշնջաց.

― Կրոնը մտավոր հայեցողություն է… Ով չի հավատում սուրբ երրորդության գոյությանը…

― Շվե՛յկ,— ընդհատեց նրան Կացը,— պարոն ֆելդկուրատի համար մի գավաթ էլ կոնյակ լցրեք, թող ուշքի գա։ Մի բան պատմեցեք նրան, Շվե՛յկ։

— Վլաշիմում, համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— սկսեց Շվեյկը,— մի վանահայր կար։ Երբ նրա առաջվա տնտեսուհին, երեխային ու փողերն առած, թողել ու փախել էր նրանից, նա մի նոր աղախին էր վարձել։ Այդ վանահայրը օր ծերության սկսել էր ուսումնասիրել սուրբ Ավգուստինոսին, որին եկեղեցու սուրբ հայրերի դասն են կարգում։ Կարդաց ու իմացավ, թե ով հավատում է հակոտնյաների գոյությանը՝ ենթակա է նզովքի։ Կանչեց նա իր աղախնուն ու ասաց. «Լսեցեք, մի անգամ դուք ինձ ասել եք, թե մեխանիկ-փականագործ որդի ունեք, և թե նա գնացել է Ավստրալիա։ Եթե դա այդպես է, ապա, ուրեմն, նա դարձել է հակոտնյա, իսկ սուրբ Ավգուստինոսը պատվիրում է նզովել ամեն մի մարդու, որ հավատում է հակոտնյաների գոյությանը»։ «Հայր սուրբ,— ասում է նրան այն կնիկը,— ախր իմ տղան ինձ նամակ ու փող է ուղարկում»։— «Դա սատանայական կախարդություն է,― ասում է նրան վանահայրը։ — Ըստ Ավգուստինոսի ուսմունքի ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Պարզապես ձեզ նեռն է գայթակղում»։ Կիրակի օրը նա եկեղեցում աղախնուն հրապարակավ նզովեց և գոռում էր, թե ոչ մի Ավստրալիա գոյություն չունի։ Դեհ, իհարկե, նրան հենց եկեղեցուց տարան գժանոց։ Եվ վատ չէր լինի, որ շատերին տանեին այնտեղ։ Ուռսուլինուհիների վանքում մի շիշ կույս Մարիամի կաթ կա, իսկ երբ Բենեշովի որբանոցը Լուրդի սուրբ ջուր բերին, որբերն այդ ջրից այնպիսի լուծ կպան, որ ասել չեմ կարող։

Աստվածավախ ֆելդկուրատի աչքերն սկսեցին շաղվել։ Նա ուշքի եկավ միայն կոնյակի մի նոր գավաթ պարպելուց հետո, որը նրա գլուխը խփեց։ Աչքերը կկոցելով, նա Կացին հարցրեց.

— Դուք չե՞ք հավատում կույս Մարիամի անմեղսական հղությանը, չե՞ք հավատում, որ սուրբ հովհաննես Մկրտչի մատը, որ պահվում է պիարիստների մոտ, իսկական է։ Եվ առհասարակ աստծուն չե՞ք հավատում։ Իսկ եթե չեք հավատում, էլ ինչի՞ համար եք ֆելդկուրատ։

— Թանկագին կոլեգա,— պատասխանեց Կացը, ներողամտաբար թեթևակի խփելով նրա մեջքին,― քանի դեռ պետությունը գտնում է, որ մեռնելու գնացող զինվորներն աստծո օրհնության կարիք ունեն, ֆելդկուրատի պաշտոնը կարգին վարձատրվող և այնքան էլ չհոգնեցնող զբաղմունք է։ Դա ինձ ավելի է դուր գալիս, քան վարժադաշտում վազվզելն ու զորախաղերի գնալը։ Առաջ ես իմ պետերի հրամաններն էի կատարում, իսկ հիմա ինչ ուզում անում եմ։ Ես ներկայացուցիչն եմ նրա, որ գոյություն չունի, և աստծո դերը ինքս եմ կատարում։ Եթե ես չուզենամ մեկնումեկի մեղքերին թողություն տալ՝ չեմ տա, թեկուզ ծնկաչոք աղաչի։ Ասենք, այդպիսի մարդիկ շատ քիչ կգտնվեն։

— Սիրում եմ տեր աստծուն,— ասաց աստվածավախ ֆելդկուրատը, սկսելով զկռտալ,— շա՜տ եմ սիրում… Մի քիչ գինի տվեք ինձ։ Ես տեր աստծուն հարգում եմ,— շարունակեց նա։— Շա՜տ, շատ եմ հարգում ու մեծարում։ Ոչ ոքի այնպես չեմ հարգում, ինչպես նրան։

Նա բռունցքն այնպես խփեց սեղանին, որ շշերը վեր-վեր թռան։

— Աստված վսեմ, երկնային էակ է, իր բոլոր արարմունքների մեջ կատարյալ, արևանման էակ, և ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Սուրբ Հովսեփին էլ եմ հարգում, հարգում եմ բոլոր սրբերին, նույնիսկ սուրբ Սրապիոնին… Ի՜նչ գարշելի անուն ունի։

— Այո՛, վատ չէր լինի, որ նա հոգ տաներ իր անունը փոխելու մասին,— վբա բերեց Շվեյկը։

— Սիրում եմ սուրբ Լյուդմիլային և սուրբ Բերնարդին,― շարունակեց նախկին կրոնուսույցը։— Սուրբ Բերնարդը Սեն-Գոտարգում շատ ուղևորներ է փրկել։ Նրա վզից մի շիշ կոնյակ է կախված, և նա որոնում է ձյան տակ մնացածներին…

Զրույցն այլ ընթացք էր ստանում։ Աստվածավախ ֆելդկուրատն սկսել էր դատարկ-մատարկ դուրս տալ։

— Մանուկներին հարգում եմ, նրանց տոնը դեկտեմբերի քսանութին է։ Դևին ատում եմ… Երբ հավը քնած է, անհնար է թարմ ձու ճարել։

Նա ծիծաղեց ու սկսեց երգել․

Ո՜վ սուրբ աստված, սուրբ անսասան…

Բայց հանկարծ երգն ընդհատեց և, դիմելով Կացին, կտրուկ հարցրեց.

— Դուք չե՞ք հավատում, որ օգոստոսի տասնհինգին վերափոխման տոնն է։

Քեֆը միանգամայն թեժացել էր։ Հայտնվում էին նորանոր շշեր և մերթ ընդ հերթ լսվում էր Կացի այս խոսքը.

— Ասա՛ աստծուն չես հավատում, թե չէ բաժակդ չեմ լցնի։

Թվում էր, թե վերադառնում են առաջին քրիստոնյաներին հալածելու ժամանակները։ Նախկին կրոնուսույցը երգում էր Հռոմի արենայի նահատակների երգը և բարբառում.

— Աստծուն հավատում եմ և չեմ ուրանա նրան։ Ինձ հարկավոր չէ քո գինին։ Ես ինքս կարող եմ գինի բերել տալ։

Վերջապես նրան անկողին դրին։ Բայց քնելուց առաջ ձեռքը երդվողի պես վեր բարձրացնելով, նա հանդիսավոր, քերպով հայտարարեց.

— Հավատում եմ հայր աստծուն, որդուն և սուրբ հոգուն։ Տվեք ինձ աղոթագիրքը։

Շվեյկը նրա ձեռքը խոթեց Օտտո Կացի գիշերասեղանի վրայից վերցրած առաջին իսկ պատահած գիրքը, և աստվածավախ ֆելդկուրատը, վերջապես, քնեց Բոկկաչչոյի «Դեկամերոնը» ձեռքին։



Շվեյկը գնում է վերջին օծում տալու

Ֆելդկուրատ Օտտո Կացը մտախոհ նստած կարդում էր զորանոցից հենց նոր բերված գրությունը։ Դա զինվորական մինիստրության հետևյալ հրամանն էր․

«Սույնով ռազմական մինիստրությունը պատերազմական գործողությունների ընթացքում չեղյալ է համարում զինվորներին վերջին օծում տալու վերաբերյալ մինչ այժմ գործող բոլոր հրամանները։ Ի կատարումն և ի գիտություն զինվորական հոգևորականության սահմանվում են սույն կանոնները.

§ 1. Ռազմաճակատում վերջին օծումը վերացված է։

§ 2. Ծանր հիվանդներին և վիրավորներին չի թույլատրվում վերջին օծում ստանալու համար տեղափոխվել թիկունք։ Զինվորական հոգևոր պաշտոնյաների վրա պարտավորություն է դրվում սույն կանոնը խախտողներին անհապաղ հանձնել համապատասխան զինվորական հիմնարկներին՝ հետագայում նրանց պատժելու համար։

§ 3. Թիկունքային զինվորական հոսպիտալներում վերջին օծում կարելի է կատարել խմբական կարգով, ըստ զինվորական բժիշկների եզրակացության, թե որքանով նշյալ ծեսը չի խախտում հիշյալ հիմնարկների աշխատանքը։

§ 4. Բացառիկ դեպքերում թիկունքային զինվորական հոսպիտալների վարչությունը առանձին անձանց կարող է թույլ տալ թիկունքում վերջին օծում ստանալ։

§ 5. Զինվորական հոգևոր պաշտոնյաները պարտավոր են Զինվորական հոսպիտալների վարչության հրավերով վերջին օծում տալ նրանց, ում որ Վարչությունն առաջարկում է վերջին օծում ընդունել»։

Ֆելդկուրատը մի անգամ էլ կարդաց զինվորական հոսպիտալի այն գրությունը, որով նրան առաջարկվում էր վաղը գնալ Կառլի հրապարակի hոսպիտալը՝ ծանր վիրավորներին վերջին օծում տալու։

― Լսեցեք, Շվեյկ,— ձայն ավեց ֆելդկուրատը,— մի՞թե սա խոզություն չի։ Կարծես ամբողջ Պրագայում միայն մի ֆելդկուրատ կա, և դա ես եմ։ Ինչո՞ւ այնտեղ չեն ուղարկում այն աստվածավախ ֆելդկուրատին, որ վերջերս գիշերեց մեզ մոտ։ Ստիպված ենք գնալ Կառլի հրապարակ վերջին օծում տալու։ Ես նույնիսկ մոռացել եմ, թե դա ինչպես է արվում։

— Ինչ կա որ, մի կատեխիզիս կառնեք, պարոն ֆելդկուրատ։ Մեջը այդ մասին գրված է,— ասաց Շվեյկը։— Կատեխիզիսը հոգևոր հովիվների համար նույնն է, ինչ ուղեցույցը օտարերկրացիների համար… Ա՛յ, օրինակ, Էմաուզի վանքում մի մարդ կար, որ աշխատում էր որպես այգեպանի օգնական։ Նա մտքում դրել էր մոնթ դառնալ, որպեսզի փարաջա ստանա և իր հագուստը չքրքրի։ Դրա համար ստիպված էր կատեխիզիս առնել, և սովորել, թե ինչպես պետք է խաչ հանել երեսին, թե ով մինակս զերծ մնաց առաջին մեղքից, թե ինչ է նշանակում մաքուր խիղճ ունենալ և այդպիսի ուրիշ մանր-մունր բաներ։ Իսկ հետո վերցրել ու թաքուն ծախել էր վանքի բանջարանոցից ստացված վարունգի բերքի կեսը և խայտառակ կերպով վռնդվել վանքից։ Երբ մենք իրար հանդիպում էինք, նա ինձ ասում էր. «Ախր ես այդ վարունգն առանց կատեխիզիսի էլ կարող էի ծախել»։

ՇՎեյկը կատեխիզիս գնեց և բերեց-տվեց ֆելդկուրատին, վերջինս, գիրքը թերթելով, ասաց․

— Ահա՛. վերջին օծում կարող է տալ միայն քահանան և միայն եպիսկոպոսի օրհնած ձիթայուղով։ Ուրեմն, Շվե՛յկ, դուք ինքներդ չեք կարող վերջին օծում տալ։ Հապա կարդացեք լսեմ, թե ինչպես է կատարվում վերջին օծումը։

Շվեյկը կարդաց.

— «…կատարվում է այսպես. քահանան օծում է հիվանդի զգայարանները, միաժամանակ արտասանելով այս աղոթքը. «Այս սուրբ օծման շնորհիվ և իր ամենաբարի ողորմածությամբ թող աստված թողություն տա մեղքերիդ, որ դու գործել ես քո լսողությամբ, տեսողությամբ, հոտառությամբ, ճաշակելիքով, խոսողությամբ, շոշափելիքով և քայլվածքով»։»

— Կուզեի իմանալ,— ասաց ֆելդկուրատը,— թե մարդ ինչպես կարող է մեղք գործել շոշափելիքով։

— Ամեն կերպ, պարոն ֆելդկուրատ։ Ջեռքը կխոթի, օրինակ, ուրիշի գրպանը կամ պարերեկույթներում… Ինքներդ գիտեք, թե այնտեղ ինչ օյիններ են խաղում։

— Իսկ քայլվածքո՞վ, Շվեյկ։

— Եթե, օրինակ, մարդ սկսում է ստից կաղալ, որպեսզի մարդիկ իրեն խղճան։

— Իսկ հոտոտելիքո՞վ։

— Եթե գարշահոտությունից քիթը մի կողմ է դարձնում։

— Լա՛վ, իսկ ճաշակելիքո՞վ։

— Եթե աղջիկների համար բերանի ջուրը գնում է։

— Իսկ խոսվածքո՞վ։

— Դա արդեն լսողության հետ միասին է լինում, պարոն ֆելդկուրատ, երբ մեկը դատարկ-մատարկ դուրս է տալիս, իսկ մյուսը նրան լսում է…

Այդ փիլիսոփայական խորհրդածություններից հետո ֆելդկուրատը լռեց։ Ապա նա նորից դիմեց Շվեյկին.

— Ուրեմն, մեզ եպիսկոպոսի օրհնած ձիթայուղ է հարկավոր։ Ահա ձեզ քսան կրոն, մի շիշ գնեցեք։ Ինտենդանտությունում, երևի այդպիսի ձիթայուղ չկա։

Շվեյկը ճանապարհ ընկավ եպիսկոպոսի օրհնած ձիթայուղ գնելու։ Այդ ձիթայուղն ավելի դժվար էր գտնել, քան Բոժենա Նեմցովայի հեքիաթների անմահական քարը։

Շվեյկն եղավ մի քանի դեղախանութներում, բայց հենց որ նա ասում էր, թե. «Բարի եղեք մի շիշ եպիսկոպոսի օրհնած ձիթայուղ տալ», ամենուրեք կամ ափաշկարա փռթկացնում էին կամ վախեցած թաքնվում վաճառասեղանների հետևում։ Այդ միջոցին Շվեյկը ջանում էր լուրջ երևալ։

Վերջապես, նա որոշեց բախտը փորձել դեղատներում։ Առաջին դեղատանը լաբորանտին պատվիրեցին նրան դուրս վռնդել, երկրորդում ցանկացան հեռախոսով շտապ օգնության կառեթ կանչել, իսկ երրորդում դեղագործը նրան ասաց, թե Դլոուգայա փողոցի Պոլակ ֆիրման, որ յուղեր ու լաքեր է վաճառում, անպայման իր պահեստում նրա ուզաձ ձիթայուղը կունենա։

Դլոուգայա փողոցի Պոլակ ֆիրման ճարպիկ առևտուր անող էր։ Ոչ մի գնորդ այնտեղից չէր հեռացել առանց բավարարված լինելու։ Եթե գնորդը կոպայական բալզամ էր խնդրում, նրա շիշը սկիպիդար էին լցնում, և այդ օյինն անց էր կենում։

Երբ Շվեյկը տասը կրոնի եպիսկոպոսի օրհնած ձիթայուղ խնդրեց, ֆիրմայի տերը գործակատարին ասաց․

— Պան Տաուհեն, նրա շիշը հարյուր գրամ № 3 կանեփի ձեթ լցրեք։

Իսկ գործակատարը, շիշը թղթի մեջ փաթաթելով, Շվեյկին ասաց, ինչպես կպատշաճեր ասել գործակատարին.

— Բարձրորակ ապրանք է։ Եթե պատահի, որ վրձինի, լաքի, օլիֆի կարիք ունենաք, բարեհաճեցեք դիմել մեզ։ Գոհ կմնաք։ Սա սոլիդ ֆիրմա է։

Այդ միջոցին ֆելդկուրատը տանը կատեխիզիսով սերտում էր այն, ինչ սեմինարիայում միտը չէր պահել։

Նրան շատ դուր եկան մի քանի չափազանց սրամիտ արտահայտություններ, որոնց վրա սրտանց ծիծաղեց.

«Վերջին օծումը այլ կերպ կոչվում է վերջնօծում։ «Վերջին օծում» անվանումը ծագում է այն բանից, որ հիշյալը սովորաբար հանդիսանում է վերջինը այն բոլոր օծումներից, որ եկեղեցին կատարում է մարդու վրաս»։

«Վերջին օծում կարող է ընդունել վտանգավոր կերպով հիվանդացած ամեն մի կաթոլիկ քրիստոնյա, որ հասել է գիտակցական տարիքի»։

«Հիվանդը վերջին օծում ընդունում է, երբ ըստ հնարավորին դեռևս ուշքը վրան է»։

Եկավ բամբերը և ֆելդկուրատին մի ծրար բերեց, որով նրան ծանուցում էին, թե վաղը հոսպիտալում վերջին օծմանը ներկա է լինելու «Շարքային զինվորների կրոնական դաստիարակության համար գործող ազնվականուհիների միությունը»։ Այդ միությունը կազմված էր հիստերիկ կանանցից, որոնք հոսպիտալներում զինվորներին բաժանում էին փոքրիկ սրբապատկերներ և «Ասք թագավոր կայսեր համար մեռնող կաթոլիկ զինվորի մասին» բրոշյուրը։ Բրոշյուրի վրա մի գունավոր նկար կար, որը ներկայացնում էր ռազմի դաշտ։ Ամենուրեք ընկած էին մարդկանց ու ձիերի դիակներ, շուռ եկած հանդերձակիր սայլեր, թնդանոթներ՝ դեպի վեր ցցված լաֆետներով։ Հորիզոնում այրվում էր մի գյուղ և շրապնել էր պայթում։ Առջևի պլանում պառկած էր ոտքը կտրված, մեռնող մի զինվոր. նրա վրա խոնարհվել էր հրեշտակը, որը նրան պսակ էր բերել, որի ժապավենի վրա գրված էր․ «Այժմ դու ինձ հետ կլինես դրախտում»։ Ընդ որում մեռնողն երանաբար ժպտում էր, կարծես նրան պաղպաղակ էին մատուցում։

Կարդալով գրությունը, Օտտո Կացը թքեց ու մտածեց. «Համա՜ թե օր է լինելու վաղը»։

Ֆելդկուրատն այդ «խաժամուժին», ինչպես նա անվանում էր հիշյալ Միությունը, ծանոթ էր դեռևս սուրբ Իգնատիոս եկեղեցուց, որտեղ մի ժամանակ զինվորների համար քարոզ էր կարդում։ Այն օրերին նա քարոզի հետ դեռևս մեծ հույսեր էր կապում, իսկ այդ Միությունը սովորաբար նստում էր գնդապետի հետևում։ Մի անգամ քարոզից հետո երկու սևազգեստ լոլոզ ու նիհար կանայք, ձեռքներին տերողորմյաներ, կպան նրա օձիքից և ամբողջ երկու ժամ շաղակրատեցին զինվորների կրոնական դաստիարակության մասին, մինչև որ վերջապես նրան համբերությունից հանեցին ու նա ասաց. «Կներեք, mesdames[41], կապիտանն ինձ սպասում է մի պարտիա «ինը» խաղալու»։

— Ուրեմն, ձիթայուղ ունենք,― ասաց Շվեյկն՝ հանդիսավորապես, վերադառնալով Պոլակի խանութից,— կանեփի ձեթ № 3։ Մի ամբողջ գումարտակի հերիք կանի։ Սոլիդ ֆիրմա է։ Վաճառում է նաև օլիֆ, լաքեր ու վրձիններ։ Բայց մեզ մի զանգակ էլ է հարկավոր։

— Իսկ զանգակն ինչի՞ համար է։

— Ճանապարհին զանգահարելու համար։ Որպեսզի մարդիկ գլխարկները հանեն, երբ մենք կառքով անցնենք աստծո և կանեփի № 3 ձեթի հետ։ Կարգն այդպես է։ Շատ դեպքեր են պատահել, երբ ձերբակալել են այն անձանց, որ դրա վրա ոչ մի ուշադրություն չեն դարձրել և գլխարկները չեն հանել։ Մի անգամ Ժիժկովում ֆարարը ծեծեց մի կույր մարդու, որ նույնպես գլխարկը չէր հանել։ Այդ կույրին, բացի դրանից, դեռ բանտ էլ նստեցրին, որովհետև դատարանում ապացուցվեց, որ նա խուլ ու համր չէ, այլ միայն կույր, և, ուրեմն, զանգակի ձայնը լսել է և ուրիշներին գայթակղության մեջ գցել, թեև դեպքը տեղի էր ունեցել գիշեր ժամանակ։ Պահանջվում է այդ ամենը ճշտիվ կատարել, ինչպես և աստծո մարմնի տոնի օրը։ Ուրիշ ժամանակ մարդիկ մեզ վրա իսկի ուշադրություն չէին դարձնի, իսկ հիմա մեր առաջ գլուխ կխոնարհեն։ Եթե դուք, պարոն ֆելդկուրատ, ոչ մի առարկություն չունեք, ես զանգակը ձեռաց կճարեմ։

Թույլտվություն ստանալուց կես ժամ անց Շվեյկը զանգակը բերեց։

— Պոկեցի «Կրիժիժկով» իջևանատան դարպասի վրայից,— ասաց նա։— Այս զանգակն ինձ վրա նստեց հինգ րոպեի վախ, բացի դրանից, ստիպված եղա շատ սպասել, քանի որ շարունակ մարդիկ էին գնում-գալիս։

― Ես գնում եմ սրճարան, Շվե՛յկ։ Եթե մարդ գալու լինի, թող սպասի։

Ֆելդկուրատի գնալուց մոտավորապես կես ժամ հետո եկավ մի տարեց, ալեհեր ու խստահայաց մարդ, որ իրեն միանգամայն ուղիղ էր պահում։ Նրա ամբողջ տեսքը վճռականություն ու բարկություն էր արտահայտում, և նա բոլորի վրա այնպես էր նայում, որ կարծես ճակատագիրը նրան ուղարկել էր մեր խեղճ մոլորակը ոչնչացնելու և տիեզերքից նրա հետքը ջնջելու։ Խոսում էր կտրուկ, չոր-չոր ու խիստ․

— Տա՞նն է։ Գնացել է սրճարա՞ն։ Խնդրեց սպասե՞լ։ Լա՛վ, կսպասեմ թեկուզ մինչև առավոտ։ Սրճարանի համար փող ունի, իսկ պարտքերը վճարելու համար չունի, հա՞։ Եվ դեռ քահանա՜ է։ Թյո՛ւ։

Եվ նա թքեց խոհանոցի հատակին։

— Պարոն, այստեղ մի՛ թքեք,— ասաց Շվեյկը, հետաքրքրությամբ զննելով նրան։

— Եվ դարձյալ կթեքեմ, տեսեք, ահա՛,— համառորեն ասաց խստաբարո պարոնը, մի անգամ էլ թքելով հատակին։— Ինչպե՞ս չի ամաչում։ Եվ դեռ զինվորական քահանա՜ է։ Խայտառակությո՛ւն։

— Եթե դուք դաստիարակված մարդ եք,— ասաց նրան Շվեյկը,— պետք է թողնեք ուրիշի բնակարանում թքելու ձեր սովորությունը։ Չլինի կարծում եք, թե քանի որ համաշխարհային պատերազմ է, ապա կարող եք ձեզ ամեն ինչ թույլ տալ։ Դուք պետք է ձեզ կարգին պահեք, այլ ոչ թե բոսյակի պես։ Պետք է մարդավարի վարվեք ու քաղաքավարի խոսեք և խուլիգանի պես բերաններդ շաղ չտաք, քաղաքացի՛ ապուշ։

Խստաբարո պարոնը բազկաթոռի վրայից վեր ցատկեց և, ամբողջ մարմնով դողալով, բղավեց.

— Ինչպե՞ս եք համարձակվում։ Ես չդաստիարակվա՞ծ մարդ եմ։ Իսկ ձեր կարծիքով, ես ի՞նչ եմ, հը՞։

— Արտաքնո՛ց։ Ահա թե ինչ եք դուք,— ասաց Շվեյկը, ուղիղ նայելով նրա աչքերին։— Թքում է հատակին, կարծես գտնվում է տրամվայում, գնացքում կամ հասարակական մի այլ վայրում։ Ես միշտ զարմանում էի, թե ինչո՞ւ են այնտեղ ամենուրեք ազդագրեր փակցրել, թե. «Թքելն արգելվում է», բայց հիմա տեսնում եմ, որ դա ձեր պատճառով են արել։ Ինչպես երևում է, ձեզ ամեն տեղ լավ են ճանաչում։

Արյունը խփեց խստաբարո պարոնի երեսին, և նա հայհոյանքների մի տարափ տեղաց Շվեյկի ու ֆելդկուրատի հասցեին։

— Վերջացրի՞ք ձեր ճառը,— հանգիստ հասցրեց Շվեյկը, երբ այցելուն իր խոսքը եզրափակեց այսպես. «Երկուսդ էլ սրիկաներ եք, իրար լավ եք գտել»։― Կամ գուցե նախքան սանդուղքից ցած թռչելը ուզում եք որևէ բա՞ն ավելացնել։

Քանի որ խստաբարո պարոնն այնքան էր սպառել իր պաշարը, որ այլևս ոչ մի տեղին հայհոյանք չէր հիշում ու լռել էր, ապա Շվեյկը որոշեց, որ միտք չունի սպասել նրա հետագա լրացումներին։ Բացեց դուռը, խստաբարո պարոնին կանգնեցրեց երեսը դեպի սանդուղքն արած և… այդ հարվածի համար չէր ամաչի սպորտի վարպետների միջազգային ֆուտբոլային թիմի լավագույն խաղացողն անգամ։

Խստաբարո պարոնի հետևից լսվեց Շվեյկի ձայնը.

— Սրանից հետո կարգին մարդկանց այցի գնալիս ձեզ մարդավարի պահեք։

Խստաբարո պարոնը երկար ժամանակ գնում-գալիս էր լուսամուտի տակ, սպասելով ֆելդկուրատի գալուն։ Շվեյկը լուսամուտը բացեց և սկսեց հետևել նրան։

Վերջապես ֆելդկուրատն եկավ։ Նա հյուրին տարավ իր սենյակը և նստացրեց իր դիմաց։

Շվեյկն անխոս ներս բերեց թքամանը և դրեց հյուրի առաջ։

— Ի՞նչ եք անում, Շվեյկ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ, այս պարոնի հետ ես արդեն մի փոքրիկ անախորժություն ունեցել եմ հատակին թքելու պատճառով։

— Մեզ մենակ թողեք, Շվեյկ։ Մենք մի փոքր գործ ունենք։

Շվեյկը ձգվեց զինվորավարի.

— Ճիշտ այդպես, պարոն ֆելդկուրատ, ձեզ մենակ թողնել։

Եվ գնաց խոհանոց։ Այդ միջոցին սենյակում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր խոսակցություն։

— Եթե չեմ սխալվում, դուք եկել եք մուրհակով փող ստանալու, այնպես չէ՞,― հարցրեց ֆելդկուրատն իր հյուրին։

— Այո, հուսով եմ…

Ֆելդկուրատը հառաչեց.

— Մարդ հաճախ այնպիսի վիճակի մեջ է ընկնում, որ նրան մնում է միայն հուսալ։ Ո՜հ, որքան գեղեցիկ է հնչում «հուսալ» բառը «հավատ, հույս, սեր» եռատերևի մեջ, որ մարդուն վեհացնում ու բարձրացնում է կյանքի քաոսից…

— Հուսով եմ, պարոն ֆելդկուրատ, որ այն գումարը…

— Անշո՛ւշտ, հարգելիս,— ընդհատեց նրան ֆելդկուրատը։— Ես կարող եմ մի անգամ էլ կրկնել, որ «հուսալ» բառը մարդուս ուժ է հաղորդում նրա առօրեական պայքարի մեջ։ Դուք ևս մի՛ կորցնեք ձեր հույսը։ Որքա՜ն գեղեցիկ է ունենալ իդեալ, լինել անմեղ, մաքուր էակ, որը մուրհակով փող է պարտք տալիս, և որքա՜ն հրաշալի է, որ նա հույս ունի, թե փողը ժամանակին հետ կստանա։ Որքա՜ն լավ է հուսալ, շարունակ հուսալ, որ ես ձեզ կվճարեմ 1200 կրոն, երբ գրպանումս նույնիսկ հարյուր կրոն չունեմ։

— Այդ դեպքում դուք…— կակազելով թոթովեց հյուրը։

— Այո, դեպքն այդպես է բերել,— պատասխանեց ֆելդկուրատը։

Հյուրի դեմքին նորից համառություն ու չարություն երևաց։

— Պարո՛ն, դա խարդախություն է,— ասաց նա, ոտքի կանգնելով։

― Հանգստացե՛ք, հարգելիս։

— Դա խարդախությո՛ւն է,— բղավեց համառ հյուրը։— Դուք չարաշահեցիք իմ վստահությունը։

— Պարո՛ն,— ասաց ֆելդկուրատը,— ձեզ համար, անշուշտ, օդափոխությունը օգտակար կլինի։ Այստեղ չափազանց տոթ է… Շվեյկ,— ձայն տվեց նա։— Այս պարոնին անհրաժեշտ է մաքուր օդ շնչել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— լսվեց խոհանոցից,— ես նրան արդեն մի անգամ դուրս եմ արել։

— Կրկնե՛լ,— հրամայեց ֆեքդկուրատը, և հրամանը կատարվեց արագ, հապշտապ ու անխնա։

Սանդուղքի վրայից վերադառնալով, Շվեյկն ասաց.

— Լավ եղավ, որ մենք նրանից ազատվեցինք ավելի շուտ, քան նա կարող էր կռիվ գցել… Մալեշիցիում մի պանդոկապետ կար, մի շատ կարդացած մարդ։ Ամեն դեպքի համար աստվածաշնչից մի խոսք մեջ կբերեր։ Ամեն անգամ, երբ մեկնումեկին պիտի մտրակով ծեծեր, ասում էր. «Ով խարազանն ափսոսում է՝ ատում է իր որդուն, իսկ ով սիրում է նրան՝ պատժում է ժամանակին։ Ես քեզ ցույց կտամ, թե ինչ ասել է իմ պանդոկում կռիվ գցել»։

— Ա՛յ, տեսնում եք, Շվեյկ, թե քահանային չհարգողների գլխին ինչ է գալիս։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասել է․ «Ով հարգում է հովվին յուր՝ հարգում է, Քրիստոսին հանձին յուր հովվի։ Ով անարգում է հովվին՝ անարգում է աստծուն, քանզի հովիվը ներկայացուցիչն է նրա…»։ Վաղվա համար մենք պետք է լավ պատրաստվենք։ Պատրաստեցեք վետչինայով ձվածեղ, փունջ-բորդո եփեցեք, իսկ հետո մենք մեզ կնվիրենք խորհրդածությունների, քանզի, ինչպես ասված է երեկոյան աղոթքի մեջ․ «ողորմությամբ աստծո խափանված են թշնամյաց բոլոր դավերն ընդդեմ տանն այս»։

Աշխարհիս երեսին անդրդվելի մարդիկ կան։ Դրանց թվին էր պատկանում և այն այրը, որին երկու անգամ դուրս էին նետել ֆելդուրատի բնակարանից։ Ընթրիքը նոր էին պատրաստել, երբ մեկը դռան զանգը քաշեց։ Շվեյկը գնաց դուռը բացելու, շուտով հետ եկավ և զեկուցեց։

— Դարձյալ նա այստեղ է։ Ես առայժմ նրան փակել եմ վաննայի սենյակում, որպեսզի կարողանանք հանգիստ ընթրել։

— Լավ չեք արել, Շվե՛յկ,— ասաց ֆելդկուրատը։— Հյուրն աստծունն է։ Հնում խրախճանքների ժամանակ խեղկատակներին ստիպում էին քեֆ անողներին զվարճացնել։ Հապա նրան բերեք այստեղ, թող մեզ զվարճացնի։

Մի րոպե անց Շվեյկը վերադարձավ անդրդվելի պարոնի հետ։ Պարոնը մռայլ տեսք ուներ։

— Նստեցե՛ք,— սիրալիր, առաջարկեց նրան ֆելդկուրատը։— Մենք հենց հիմա վերջացնում ենք ընթրիքը։ Հենց նոր օմար ու սաղմոն կերանք, իսկ հիմա անցել ենք վետչինայով ձվածեղին։ Ինչո՞ւ քեֆ չանենք, երբ աշխարհիս երեսին այնպիսի մարդիկ կան, որ մեզ փող են պարտք տալիս։

— Հուսով եմ, որ ես կատակների համար չեմ գտնվում այստեղ, ասաց մռայլ պարոնը։— Ես այսօր արդեն երկրորդ անգամ եմ այստեղ։ Հուսով եմ, որ հիմա ամեն ինչ կպարզվի։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը,― իսկը հիդրա է։ Լիբենցի Բոուշեկը ձեզ օրինակ։ Մի երեկոյի ընթացքում նրան տասնութ անգամ դուրս շպրտեցին «Էկսներ» գարեջրատնից, իսկ նա ամեն անգամ հետ էր գալիս, թե, գիտեք, «ծխամորճս մոռացել եմ»։ Ներս էր խցկվում լուսամուտներից, դռնից, խոհանոցից, պանդոկի ցանկապատի վրայով, ու մոտենում էր այն վաճառասեղանին, ուր գարեջուր են բաց թողնում, և երևի ցած կիջներ նաև ծխնելույզի միջով, եթե հրդեհաշեջները նրան տանիքի վրայից ցած չբերեին։ Այնքան անդրդվելի էր, որ կարող էր մինիստր կամ դեպուտատ դառնալ։ Մի լա՜վ քոթակեցին։

Անդրդվելի պարոնը, չլսելու տալով, համառորեն կրկնում էր.

— Ես ուզում եմ վերջնականապես պարզել մեր գործերը և խնդրում եմ ինձ լսել։

— Թույլ եմ տալիս,— ասաց ֆելդկուրատը։— Խոսեցեք, հարգելի՛ս։ Խոսեցեք որքան կուզեք, իսկ մենք, առայժմ կշարունակենք մեր խնջույքը։ Հուսով եմ, որ դա ձեզ չի խանգարի խոսել։ Շվե՛յկ, մատուցեցեք ուտելիքը։

— Ինչպես ձեզ հայտնի է,— ասաց անդրդվելի պարոնը,― ներկայումս մոլեգնում է պատերազմը։ Ես այդ գումարը ձեզ պարտք եմ տվել պատերազմից առաջ, և եթե պատերազմ չլիներ, այդպես համառորեն չէի պնդի վճարել։ Բայց ես տխուր փորձ ունեմ։

Նա գրպանից հանեց ծոցատետրը և շարունակեց.

— Ես այստեդ ամեն ինչ գրի եմ առել։ Պորուչիկ Յանատան ինձ պարտք էր 700 կրոն, բայց, չնայած դրան, համարձակվեց սպանվել Դրինայի ճակատամարտում։ Պոդպորուչիկ Պրաշեկը գերի ընկավ ռուսական ռազմաճակատում, թեև ինձ պարտք է 2000 կրոն։ Կապիտան Վիխտերլեն, ինձ պարտք լինելով նույնպիսի մի գումար, իրեն թույլ տվեց սպանվել իր իսկ զինվորների ձեռքով Ռուսկայա Ռավայի մոտ։ Պորուչիկ Մախեկը Սերբիայում գերի ընկավ, այնինչ ինձ 1500 կրոն պարտք էր մնացել։ Եվ այդպիսիք իմ ծոցատետրում շատ կան։ Մեկը սպանվում է Կարպատներում, իմ չվճարված մուրհակը հետը, մյուսը, գերի է ընկնում, մյուսը, հակառակի պես, խեղդվում է Սերբիայում, իսկ չորրորդը Հունգարիայում մեռնում հոսպիտալում։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչից եմ վախենում։ Այս պատերազմն ինձ կկործանի, եթե ես եռանդուն ու անզիջում չլինեմ։ Դուք կարող եք առարկել, թե ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Բայց, ահա, տեսեք։

Նա ֆելդկուրատի քթին դեմ արեց իր ծոցատետրը։

— Տեսեք, ֆելդկուրատ Մատիաշը մի շաբաթ առաջ մեռել է Բռնոյի վարակիչ հոսպիտալում։ Դե ե՛կ ու դիմացիր։ Չի վճարել ինձ 1800 կրոն և գնում է խոլերային բարաքում վերջին օծում տալու մի հիվանդի, որի հետ ոչ մի առնչություն չունի։

— Դա նրա պարտքն է եղել, սիրելի՛ս,— ասաց ֆելդկուրատը։— Ես էլ վաղը գնում եմ վերջին օծում տալու։

— Եվ նույնպես խոլերային բարաքում,— մեջ մտավ Շվեյկը։— Կարող եք մեզ հետ գալ, որպեսզի ձեր աչքով տեսնեք, թե ինչ ասել է անձնազոհություն։

— Պարոն ֆելդկուրատ,— շարունակեց անդրդվելի պարոնը,— հավատացեք, որ իմ դրությունը հուսահատական է։ Մի՞թե պատերազմը նրա համար է, որ իմ բոլոր պարտապաններին այն աշխարհն ուղարկի։

― Երբ ձեզ զինվորական ծառայության կանչեն և դուք ռազմաճակատ ընկնեք,— ասաց Շվեյկը,— պարոն ֆելդկուրատն ու ես պատարագ կանենք, որ աստծո ողորմությամբ առաջին իսկ արկը ձեզ կտոր-կտոր անի։

— Պարո՛ն, ես ձեզ հետ լուրջ գործ ունեմ,— պնդեց հիդրան, դիմելով ֆելդկուրատին։— Ես պահանջում եմ, որ ձեր ծառան չխառնվի մեր գործերին և հնարավորություն տա այժմ իսկ վերջացնելու դրանք։

— Կներեք, պարոն ֆելդկուրատ,— արձագանքեց Շվեյկը,— բարեհաճեցեք ինքներդ հրամայել, որ ձեր գործերին չխառնվեմ, այլապես սրանից հետո էլ ես պիտի պաշտպանեմ ձեր շահերը, ինչպես վայել է ամեն մի ազնիվ զինվորի։ Այս պարոնը միանգամայն իրավացի է, նա ուզում է այստեղից իր ոտքով գնալ, առանց կողմնակի օգնության։ Ասենք, ես էլ սկանդալների սիրահար չեմ, կարգին մարդ եմ։

— Արդեն զահլաս գնաց,— ասաց ֆելդկուրատը, ասես հյուրի ներկայությունը չնկատելով։— Ես կարծում էի, թե այս մարդը մեզ կզվարճացնի, զանազան անեկդոտներ կպատմի, իսկ նա պահանջում է, որ ես ձեզ հրամայեմ չխառնվել այդ գործերին, թեև արդեն երկու անգամ հետը գործ եք ունեցել։ Այսպիսի մի երեկո, այնքա՜ն վսեմ կրոնական ակտի նախօրեին, երբ ես իմ բոլոր խոհերը պետք է ուղղեմ առ աստված, կպել է ինձ ինչ-որ թշվառ 1200 կրոնի տխմար պատմությամբ, ինձ շեղում է խիղճս փորձության ենթարկելուց և աստծուց, և ուզում է, որ մի անգամ էլ ասեմ, թե հիմա իրեն ոչինչ չեմ տա։ Այլևս չեմ ուզում դրա հետ խոսել, որպեսզի այս սրբազան երեկոն պղծած չլինեմ։ Ինքներդ ասացեք նրան, Շվե՛յկ. «Պարոն ֆելդկուրատը ձեզ ոչինչ չի տա»։

Շվեյկը կատարեց հրամանը, բղավելով ուղղակի հյուրի ականջի մեջ։

Անդրդվելի հյուրը, սակայն, նստած մնաց։

— Շվե՛յկ, ասաց ֆելդկուրատը,— հարցրեք նրան, դեռ էլի՞ է ուզում այստեղ տնկված մնալ։

— Տեղիցս չեմ շարժվի, մինչև որ ինձ չվճարեք,— համառորեն հայտարարեց հիդրան։

Ֆելդկուրատը վեր կացավ, մոտեցավ լուսամուտին ու ասաց․

— Այդ դեպքում դրան հանձնում եմ ձեզ, Շվեյկ։ Արեք ինչ կցանկանաք։

— Գնանք, պարո՛ն,— ասաց Շվեյկը, բռնելով անկոչ հյուրի ուսերից։— Աստված երրորդություն է սիրում։

Եվ իր վարժությունը կրկնեց արագ ու էլեգանտ կերպով, կրկնեց այն թաղման քայլերգի հնչյունների ներքո, որ ֆելդկուրատը մատներով տկտկացնում էր լուսամուտի ապակու վրա։

Բարեպաշտական խոհերին նվիրված երեկոն, թևակոխեց մի քանի փուլեր։ Ֆելդկուրատն այնպես ջերմեռանդորեն էր ձգտում առ աստված, որ արդեն գիշերվա ժամը տասներկուսին նրա բնակարանից լսվում էր այս երգը.

Ամեն անգամ մեր գնալիս


Խեղճ աղջիկներն էին լալիս…

Նրա հետ միասին երգում էր և քաջարի զինվոր Շվեյկը։

Զինվորական հոսպիտալում օծվելու փափագ ունեին երկու հոգի՝ մի ծեր մայոր և մի պահեստի սպա, բանակի նախկին աստիճանավոր։ Կարպատներում նրանց երկուսի փորին էլ մեկական գնդակ էր դիպել, և նրանք պառկած էին կողք-կողքի։ Պահեստի սպան իր պարտքն էր համարում օծվել այն պատճառով, որ իր պետը, մայորը, փափագում էր օծվել․ նա գտնում էր, որ եթե թույլ չտա իրեն էլ օծել, ապա որպես ստորադրյալ խախտած կլինի աստիճանահարգությունը։ Բարեպաշտ մայորը դա անում էր այն ակնկալությամբ, թե աղոթքն իրեն կապաքինի։ Սակայն օծման նախորդ գիշերը նրանք մեռել էին, և երբ առավոտյան ֆելդկուրատը Շվեյկի հետ միասին եկավ հոսպիտալ, երկու մարտիկները սևացած դեմքերով, որպիսիք բնորոշ են շնչահեղձությունից մեռածների համար, պառկած էին սավանների տակ։

— Այնպես հանդիսավոր կերպով էինք գալիս, պարոն ֆելդկուրատ, իսկ հիմա մեր ամբողջ գործը փչացրին,— վրդովվեց Շվեյկը, երբ գրասենյակում նրանց հայտնեցինհ թե այն երկու հոգին այլևս ոչ մի բանի կարիք չունեն։

Եվ, հիրավի, նրանք ժամանել էին հանդիսավորապես։ Ճանապարհին Շվեյկը զանգահարում էր, իսկ ֆելդկուրատը ձեռքին բռնել էր անձեռոցիկի մեջ փաթաթած ձիթայուղի շիշը և, լուրջ տեսք առած, այդ շշով օրհնում էր իրենց գլխարկները հանող անցորդներին։ Ճիշտ է, նրանք շատ չէին, թեև Շվեյկն աշխատում էր իր զանգակով որքան կարելի է շատ աղմուկ հանել։

Կառքի հետևից երեխաներ էին վազում․ նրանցից մեկը կպել էր կառքի հետնամասից, իսկ մնացածները միաբերան գոռում էին.

— Հետև՛դ նայիր, հետև՛դ։

Շվեյկը զանգահարում էր, կառապանը մտրակով հարվածում կառքի հետևում նստած տղային։ Վոդիչկովա փողոցում վազեվազ կառքին հասավ մի բարապանուհի, որ սուրբ Մարիամի կոնգրեգացիայի անգամ էր և, թափով մեկ սլացող կառքի միջից ընդունելով ֆելդկուրատի օրհնությունը, երեսը խաչակնքեց, ապա թքեց․

— Իրենց այդ աստծու հետ, թռչում են սատանաների պես։ Մարդ հեշտությամբ կարող է թոքախտ ընկնել,— և հևալով վերադարձավ իր առաջվա տեղը։

Զանգակի զնգզնգոցն ամենից շատ անհանգստացնում էր կառապանի զամբիկին, որն, հավանաբար, այդ ձայնի հետ կապված ինչ-որ հիշողություններ ուներ։ Նա անընդհատ հետ-հետ էր նայում և երբեմն փողոցի մեջտեղում պարելու փորձեր անում։

Դա էր Շվեյկի ասած հանդիսավորությունը։

Ֆելդկուրատը գնաց գրասենյակ՝ օծման ֆինանսական կողմը կարգավորելու, և հոսպիտալի հաշվետարին մի հաշիվ ներկայացրեց, ըստ որի զինվորական գերատեսչությունը նրան, ֆելդկուրատին, օրհնած ձիթայուղի և ճանապարհածախսի համար պետք է վճարեր մոտավորապես 150 կրոն։ Այդ հարցի շուրջը հոսպիտալի պետի և ֆելդկուրատի միջև վեճ ծագեց։ Վերջինս բռունցքը սեղանին խփելով ասաց.

— Չկարծեք, կապիտա՛ն, թե վերջին օծումը ձրի է արվում։ Երբ դրագունական զորամասի մի սպայի գործուղում են ձիաբուծարանից ձիեր բերելու, չէ՞ որ նրան գործուղման փող են տալիս։ Սրտանց ցավում եմ, որ այն երկու վիրավորները մեռել են օծումից առաջ, թե չէ այդ օծումը ձեզ վրա հիսուն կրոն թանկ պիտի նստեր։

Շվեյկը ֆելդկուրատին սպասում էր ներքևում, պահականոցում, օրհնած ձեթի շիշը ձեռքին, որը զինվորների մեջ անկեղծ հետաքրքրություն էր առաջացրել։ Նրանցից մեկն այն կարծիքն հայտնեց, թե այդ յուղը միանգամայն պիտանի է հրացաններն ու սվինները մաքրելու համար։ Չեխոմորովյան բարձրավանդակից եկած մի ջահել զինվոր, որ դեռևս աստծուն հավաստում էր, խնդրում էր այդպիսի բաներ չասել և սուրբ խորհուրդների մասին չվիճել, քանի որ, ասում էր, մենք, որպես քրիստոնյաներ, մեր հույսը չպետք է կորցնենք։

Մի ծեր պահեստի զինվոր նայեց այդ դեղնակտուց թռչնակին ու ասաց.

— Լա՜վ հույս է, որ շրապնելը գլուխդ պիտի պոկի։ Մեզ պարզապես հիմարացրին։ Պատերազմից առաջ մեզ մոտ մի կղերական դեպուտատ եկավ և սկսեց խոսել աստծու երկրային արքայության մասին։ Թե իբր աստված, պատերազմ չի ուզում և ցանկանում է, որ բոլորն ապրեն եղբայրների պես։ Բայց հենց որ պատերազմ ծագեց, բոլոր եկեղեցիներում սկսեցին աղոթել մեր զենքի հաղթանակի համար, իսկ աստծու մասին սկսեցին այնպես խոսել, որ կարծես նա գլխավոր շտաբի պետ լինի, որ ղեկավարում է ռազմական գործողությունները։ Ես շատ թաղումներ եմ տեսել այս հոսպիտալում։ Կտրված ոտքերն ու ձեռքերն ուղղակի սայլերով են դուրս տանում։

— Զինվորներին մերկ են թաղում,— ասաց մի ուըիշը,— իսկ մեռածի համազգեստը հագցնում են կենդանի մնացածին։ Եվ այդպես հերթով։

— Մինչև որ պատերազմը շահենք,— վրա բերեց Շվեյկը։

— Ո՜նց չէ, այդ գյադա սպասյակը կշահի,— անկյունից արձագանքեց ջոկապետը։— Այդպիսիներին պետք է ուղարկել ռազմաճակատ, սվիններով քշել խրամատները, քշել գրողի ծոցը, լարափակոցների վրա, լցնել ականատները, հանել ականանետների դեմ։ Թիկունքում ամեն մարդ կարող է գլուխ, պահել, բայց ահա ոչ ոք չի ուզում ռազմաճակատում մեռնել։

— Իսկ ես միտք եմ անում, թե որքա՜ն փառահեղ բան է, երբ մարդու սվինով ծակում են,— ասաց Շվեյկը։— Դեռ լավ է, որ գնդակը դիպչում է փորիդ, իսկ ավելի լավ է, որ արկը մարդուն կտոր-կտոր է անում և նա տեսնում է, թե ինչպես իր ոտքերն ու փորոտիքը իրենից որոշ չափով հեռու են գտնվում։ Եվ դա նրա համար այնքան տարօրինակ է, որ զարմանքից մեռնում է ավելի շուտ, քան կկարողանան նրան այդ բանը բացատրել։

Դեռատի զինվորն անկեղծորեն հառաչեց։ Նա ափսոսում էր իր ջահել-ջիվան կյանքը։ Ախր ինչո՞ւ է ինքը ծնվել այս հիմար դարում։ Նրա՞ համար, որ իրեն էլ մորթեն, ինչպես կովին սպանդանոցում։ Եվ ինչի՞ համար է այդ ամենը։

Զինվորներից մեկը, մասնագիտությամբ ուսուցիչ, ասես կռահելով նրա մտքերը, ասաց.

— Որոշ գիտնականներ պատերազմը բացատրում են նրանով, որ արևի վրա բծեր են հայտնվում։ Հենց որ մի այդպիսի բիծ է երևում, միշտ երկրի վրա որևէ սարսափելի բան է կատարվում։ Օրինակ, Կարթագենի առումը…

— Ձեր գիտնականությունը ձեզ պահեք,— ընդհատեց նրան ջոկապետը։— Ավելի լավ է հատակը մաքրեք, այսօր ձեր հերթն է։ Մեզ ի՞նչ արևի այդ տխմար բծերը։ Քսան հատ բիծ էլ լինի վրան, էլի բան դուրս չի գա։

— Արևի բծերն իսկապես մեծ նշանակություն ունեն,— մեջ մտավ Շվեյկը։— Մի անգամ արևի վրա մի բիծ երևաց, և հենց նույն օրը ինձ ծեծեցին Նուսլիի «Բանզետի մոտ» պանդոկում։ Այդ օրվանից ես մի տեղ գնալուց առաջ նայում եմ թերթը, թե հո նորից որևէ բիծ չի՞ երևացել։ Բայց հենց որ բիծ է երևում՝ «մնաս բարով, հրեշտակ իմ», ոչ մի տեղ չեմ գնում և սպասում եմ, որ բիծն անհետանա։ Երբ Մոնպելե հրաբուխը ոչնչացրեց ամբողջ Մարտինիկա կղզին, մի պրոֆեսոր «Ազգային քաղաքականություն» թերթում գրեց, թե ինքն արդեն վաղուց ընթերցողներին նախազգուշացրել էր, որ արևի վրա մի մեծ բիծ է երևալու։ Իսկ «Ազգային քաղաքականություն» թերթը ժամանակին չեն հասցրել այն կղզին, և ահա այնտեղ նրանց տունը քանդվեց։

Այդ միջոցին ֆելդկրւրատը վերևում, գրասենյակում, հանդիպել էր «Շարքային զինվորների կրոնական դաստիարակության համար գործող ազնվականուհիների միության» անդամ մի տիկնոջ, մի պառավ, նողկալի վհուկի, որը վաղ առավոտվանից շրջում էր հոսպիտալում և աջ ու ձախ փոքրիկ սրբապատկերներ բաժանում։ Վիրավորներն ու հիվանդները այդ պատկերները նետում էին թքամանների մեջ։

Նա բոլորին զայրացրել էր իր տխմար շաղակրատությամբ, թե իբր անհրաժեշտ է, որ մարդ իր մեղքերը զղջա և ուղղվի, որպեսզի մահից հետո ողորմած աստված նրան հավիտենական փրկություն պարգևի։

Ֆելդկուրատի հետ խոսելիս նա սփրթնած էր.

— Այս պատերազմը զինվորներին ազնվացնելու փոխարեն՝ գազան է դարձնում։

Ներքևում զինվորները նրան լեզու էին ցույց տվել ու ասել, թե նա «ռեխ» է և «Բաղաամի էշ»։

— Das ist wirklich schreckllich, Herr feldcurat, das Volk ist verdorben[42].

Եվ նա սկսեց երկար ու բարակ խոսել, թե ինչպես է պատկերացնում զինվորի կրոնական դաստիարակությունը։ Զինվորը միայն այն ժամանակ է քաջաբար կռվում իր թագավոր կայսեր համար, երբ աստծուն հավատում է և համակված է կրոնական զգացմունքով։ Միայն այն ժամանակ չի վախենում մահից, երբ գիտե, որ իրեն դրախտ է սպասում։

Այդ չաչանակը մի քանի այդպիսի բարետխմարությսւեներ էլ դուրս տվեց և երևում էր, որ մտադիր չէ ֆելդկուրատի օձիքը թաց թողնել։ Սակայն ֆելդկուրատը բավական անքաղաքավարի հրաժեշտ տվեց նրան.

— Տուն գնանք։ Շվե՛յկ,— ձայն տվեց նա պահականոցի ուղղությամբ։

Նրանք վերադառնում էին առանց որևէ հանդիսավորության։

― Մյուս անգամ ով ուզում է թող գնա օծելու,— ասաց ֆելդկուրատը։— Մարդ ստիպված է սակարկել յուրաքանչյուր հոգու համար, որ ինքը ցանկանում է փրկել։ Միայն իրնեց հաշվապահությունը գիտեն։ Շո՛ւն շանորդիներ։

Շվեյկի ձեռքին տեսնելով «օրհնած ձիթապտղի յուղի» շիշը, նա մռայլվեց.

— Ավելի լավ կլինի, Շվեյկ, որ դրանով յուղեք իմ և ձեր սապոգները։

— Կփորձեմ դրանով դռան կողպեքն էլ յուղել,— ավելացրեց Շվեյկը,— թե չէ սաստիկ ճռռում է, երբ գիշերը տուն եք գալիս։

Այդպես, առանց սկսվելու, ավարտվեց վերջին օծումը։


Շվեյկը պորուչիկ Լուկաշի սպասյակ

I

Շվեյկի երջանկությունը երկար չտևեց։ Անողորմ բախտը խզեց նրա և ֆելդկուրատի մտերմական հարաբերությունները։ Եթե ցայժմ ֆելդկուրատն համակրելի անձնավորություն էր թվում, ապա իր այժմյան արարքը նրան դիմակազերծ արեց։

Ֆելդկուրատը Շվեյկին ծախեց պորուչիկ Լուկաշին, կամ, ավելի ճիշտ, նրան տանուլ տվեց թղթախաղի մեջ։ Այդպես մի ժամանակ Ռուսաստանում ծախում էին ճորտերին։

Այդ ամենը տեղի ունեցավ միանգամայն պատահաբար։ Մի անգամ պորուչիկ Լուկաշի մոտ հավաքվել էր մի սրտամոտ ընկերախումբ։ «Քսանմեկ» էին խաղում։ Ֆելդկուրատն ունեցած-չունեցածը տանուլ տվեց ու ասաց․

— Ինձ ինչքա՞ն պարտք կտաք իմ սպասյակի դիմաց։ Չափազանց ապուշ, բայց և շատ մազալու, անձնավորություն է, մի non pius ultra[43]։ Երաշխավորում եմ, որ ոչ մեկդ այդպիսի սպասյակ չի ունեցել։

— Տալիս եմ հարյուր կրոն,— առաջարկեց պորուչիկ Լուկաշը։— Եթե մինչև վաղը չէ մյուս օրը փողը չվերադարձնես, ապա ինձ մոտ պիտի ուղարկես այդ հազվագյուտ օրինակը։ Իմ սպասյակը նողկալի մարդ է, շարունակ ախուվախ է անում, նամակներ գրում տուն և աչքին ընկածը թռցնում։ Ծեծում էի, բայց դա չի ազդում։ Ամեն անգամ տեսնելիս վզակոթին հասցնում եմ, բայց դա էլ չի օգնում։ Ջարդեցի առջևի երկու ատամը, բայց դա էլ նրան չուղղեց։

— Համաձայն եմ,— թեթևամտորեն համաձայնվեց ֆելդկուրատը։— Վաղը չէ մյուս օրը կստանաս, կա՛մ հարյուր կրոնը, կա՛մ Շվեյկին։

Նա տանուլ տվեց այդ հարյուր կրոնը ևս և, տխուր-տրտում, դիմեց դեպի տուն։ Օտտո Կացը շատ լավ գիտեր և բնավ չէր տարակուսում, որ մինչև վաղը չէ մյուս օրը ոչ մի տեղից փող չի ճարի և որ, իսկապես ասած, ինքը ստորաբար և միաժամանակ էժան է ծախել Շվեյկին։

«Հարկավոր էր նրա դիմաց երկուհարյուր կրոն վերցնել»,— կշտամբում էր նա ինքն իրեն։ Իսկ երբ տրամվայ նստեց, որը մի րոպեից նրան հասցնելու էր տուն, խղճի խայթ ու սենտիմենտալության մի նոպա զգաց։

«Լավ բան չարի»,— միտք էր անում նա, հնչեցնելով իր բնակարանի զանգը։— Հիմա ինչպե՞ս պիտի նայեմ նրա տխմար բարի աչքերին»։

— Սիրելի՛ Շվեյկ,— ասաց նա, մտնելով սենյակ,— այսօր ինձ մի արտակարգ բան պատահեց։— Խաղի մեջ ամենևին բախտս չբերեց։ Հասկանո՞ւմ եք, ես բանկ եմ դնում, ձեռքիս տուզ կա, վերցնում եմ տասնոցը։ Բանկ դնողի ձեռքին միայն զինվոր կար, բայց, այնուամենայնիվ, հավաքեց մինչև քսանմեկ։ Հետո մի քանի անգամ տուզ կամ տասնոց գնացի, և ամեն անգամ բանկ դնողի ձեռքին էլ նույնքան կար։ Բոլորը տանուլ տվի…

Նա սկսեց կմկմալ.

—… և վերջապես տանուլ տվի ձեզ։ Ձեր դիմաց հարյուր կրոն պարտք վերցրի, և եթե մինչև վաղը չէ մյուս օրը փողը չվերադարձնեմ, դուք այսուհետև պետք պատկանեք ոչ թե ինձ, այլ պորուչիկ Լուկաշին։ Ես, ճիշտն ասած, շատ եմ ափսոսում…

― Ես հարյուր կրոն կունենամ,— ասաց Շվեյկը։— Կարող եմ ձեզ պարտք տալ։

— Տվե՛ք տեսնեմ,— աշխուժացավ ֆելդկուրատը։— Հենց հիմա տանեմ տամ Լակաշին։ Ես, իսկապես, չէի ցանկանա ձեզնից բաժանվել։

Քիչ չզարմացավ Լուկաշը, երբ ֆելդկուրատին նորից տեսավ իր տանը։

— Եկել եմ պարտքս վճարելու,— հայտարարեց ֆելդկուրատը հաղթականորեն։― Ինձ էլ թուղթ տվեք։

— Ապա տեսնեմ․․․,— ասաց ֆելդկուրատը, երբ հասավ իր հերթը։— Ընդամենը մի աչք ավելի է,— ավելացրեց նա։— Դե՛հ, ուրեմն, խաղում եմ,— ասաց նա, երբ սկսվեց երկրորդ շրջանը։— Վերցնում եմ։ Կա՛ց։

— Քսան,— հայտարարեց բանկ դնողը։

— Իսկ իմը տասնինն է,— կամացուկ ասաց ֆելդկուրատը, բանկի մեջ դնելով վերջին քառասուն կրոնը այն հարյուրից, որ Շվեյկը նրան պարտք էր տվել նոր ստրկությունից ազատվելու համար։

Տուն վերադառնալիս ֆելդկուրատն եկավ այն համոզման, թե ամեն ինչ վերջացած է, թե Շվեյկին ոչինչ չի կարող փրկել և ի վերուստ նախասահմանված է, որ նա ծառայի Լուկաշին։

Եվ երբ Շվեյկր դուռը բացեց ֆելդկուրատի առաջ, նա ասաց.

— Ամեն ինչ զուր է, Շվեյկ։ Բախտին դեմ գնալ չի լինի։ Ես տանուլ տվի ձեզ էլ, ձեր հարյուր կրոնն էլ… Ինչ ուժս պատում էր, արի, սակայն, բախտն ինձնից զորեղ է։ Նա ձեզ նետեց պորուչիկ Լուկաշի ճանկը… Հասավ մեր բաժանման ժամը։

— Իսկ ինչպե՞ս պատահեց, ձեր բանկը տարա՞ն թե բանկ դնելիս տարվեցիք,— հանգիստ հարցրեց Շվեյկը։— Վատ է, երբ մարդուս թուղթը չի գալիս, բայց էլ ավելի վատ է, երբ նրա բախտը չափից ավելի է բանում… Զդերազում մի թիթեղագործ կար, ազգանունը Վեյվոդա, հաճախ «ինն» էր խաղում «Հարյուրամյա սրճարանի» հետևում գտնվող պանդոկում։ Մի անգամ սատանան նրան դրդեց առաջարկել. «Արդյոք այսօր էլ քսանմեկ չխաղա՞նք, հինգ կրեյցերի վրա»։ Դե՛հ, նստեցին խաղալու։ Բանկը նա էր դնում։ Բոլորը տարվեցին, բանկը հասավ մինչև տասի։ Ծերուկ Վեյվոդան ուզում էր, որ մյուսներն էլ մի-մի անգամ տանեն, և շարունակ կրկնում էր. «Դե՛հ, փոքրիկ թուղթ, վատ թուղթ, ի՛նձ եկ»։ Չեք կարող պատկերացնել, թե ինչպես բախտը չէր բերում։ Փոքրիկ վատ թուղթը չէր գալիս ու չէր գալիս։ Բանկը գնալով մեծացավ, հասավ արդեն հարյուրի։ Խաղացողներից ոչ մեկն այնքան փող չուներ, որ «վա-բանկ» գնար, իսկ Վեյվոդան քրտինքի մեջ կորել էր։ Մի գլուխ լսվում էր նրա ձայնը․ «Փոքրիկ թուղթ, վատ թուղթ, ի՛նձ եկ»։ Խաղացողները դնում էին հնգական կրեյցեր և շարունակ տարվում։ Մի ծխնելույզ մաքրող այնքան էր տաքացել, որ վազեց տուն փող բերելու, և, երբ բանկում հարյուր հիսունից ավելի էր, վա-բանկ գնաց։ Վեյվոդան ուզում էր բանկից ազատվել և, ինչպես հետո պատմում էր, որոշեց վերցնել մինչև տասներեք, միայն թե խաղը չտաներ, բայց դրա փոխարեն միանգամից երկու տուզ վերցրեց։ Ձևացրեց, թե ձեռքին ոչինչ չունի, և դիտմամբ ասաց. «Տասնվե՛ց»։ Իսկ ծխնելույզ մաքրողի ձեռքին կար ընդամենը տասնհինգ։ Բա դա անբախտություն չի՞։ Դժբախտ Վեյվոդան սփրթնեց, խեղճացավ, իսկ շուրջն արդեն սկսել էին հայհոյել ու փսփսալ, թե իբր նա հարամություն է անում և թե հարամ խաղալու համար նրան մի անգամ ծեծել են, թեև իրականում ծերուկն ամենաազնիվ խաղացողն էր։ Բանկի մեջ թափվում էին կրոն կրոնի հետևից։ Մեջն արդեն հինգհարյուր կրոն կար։ Այդ ժամանակ պանդոկապետը էլ չդիմացավ։ Հակառակի պես ձեռքին պատրաստի հինգհարյուր կրոն ուներ՝ գարեջրի գործարանին վճարելու համար։ Հանեց այդ գումարը, նստեց սեղանի մոտ, սկզբում երկու անգամ տարվեց հարյուրական կրոն, իսկ հետո աչքերը կկոցեց, աթոռը շուռ տվեց, որպեսզի բախտը բանի, և հայտարարեց, թե վա-բանկ է գնում։ «Խաղաթղթերը բաց ենք անում»,— ասաց նա։ Ծերուկ Վեյվոդան երևի ամեն ինչ կտար, որ տարվեր։ Բոլորը զարմացան, երբ յոթնոց եկավ, և նա այդ թուղթը պահեց իր մոտ։ Պանդոկապետը քմծիծաղ տվեց բեղի տակ,— քսանմեկ ուներ։ Ծերուկ Վեյվոդային եկավ երկրորդ յոթնոցը, և նա դա էլ մոտը պահեց։ «Հիմա տուզ կամ տասնոց կգա»,— չարախնդորեն վրա բերեց պանդոկապետը։— Գլխովս գրազ կգամ, պան Վեյվոդա, որ ձեր բանը կապուտ է»։ Բոլորը շունչները պահեցին։ Վեյվոդան թուղթ է քաշում, և գալիս է… երրորդ յոթնոցը։ Պանդոկապետը սփրթնեց, սպիտակեց կտավի պես (դա նրա վերջին փողն էր) և գնաց խոհանոց։ Մի րոպե հետո վազելով ներս է ընկնում նրա ձեռքի տակ սովորող մանչուկը և հարայ է տալիս, թե եկեք պանդոկապետին ազատեցեք. կախվել է, ասում է, լուսամուտի բռնակից։ Պարանի օղակը կլորեցինք, մարդուն հարություն տվինք ու նորից նստեցինք խաղալու։ Այլևս ոչ ոք փող չուներ, բոլոր փողերը Վեյվոդայի ճանկումն էին։ Իսկ Վեյվոդան մի գլուխ կրկնում է. «Փոքրի՜կս, վատի՛կս, եկ տեսնեմ», և նա ուրախ կլիներ բոլորը տանուլ տալ, սակայն պետք է թղթերը բաց աներ ու դներ սեղանին, չէր էլ կարող խարդախություն անել և դիտմամբ շատ վերցնել։ Բոլորը ապշել էին, թե ինչպես է նրա բախտը բանում։ Պայմանավորվեցին, որ եթե կանխիկ փող չկա՝ պարտագրերով խաղան։ Խաղը շարունակվեց մի քանի ժամ, և ծերուկ Վեյվոդայի առաջ փողը կուտակվում էր հազարը հազարի հետևից։ Ծխնելույզ մաքրողը նրան պարտք էր արդեն մեկ և կես միլիոնից ավելի, ածխագործը՝ մոտ կես միլիոն, «Հարյուրամյա սրճարանի» շվեյցարը՝ ութհարյուր հազար կրոն, իսկ մի բուժակ՝ երկու միլիոնից ավելի։ Հենց միայն այն ափսեի մեջ, ուր տարածի մի մասն առանձնացում էին պանդոկապետի համար, թղթի կտորների վրա երեքհարյուր հազարից ավելի գումար կար։ Ծերուկ Վեյվոդան սկսեց դիմել ամեն տեսակ հնարների, մի գլուխ վազում էր արտաքնոց և ամեն անգամ թույլ տալիս, որ իր փոխարեն մի ուրիշը խաղա, իսկ երբ ետ էր գալիս՝ նրան հայտնում էին, թե ինքն է տարել և թե դարձյալ իրեն քսանմեկ է եկել։ Բերել տվին խաղաթղթերի մի նոր կապուկ, բայց դա էլ չօգնեց։ Երբ Վեյվոդան կանգ էր առնում տասնհինգի վրա, խաղընկերը միայն տասնչորս էր ունենում։ Բոլորը չարացած նայում էին ծերուկ Վեյվոդային, իսկ ամենից շատ նրան հայհոյում էր մի սալարկող բանվոր, որը կանխիկ փողով ընդամենը ութ կրոն էր դրել։ Նա բացեիբաց ասաց, թե Վեյվոդայի նման մարդը աշխարհիս երեսին ապրելու իրավունք չունի և թե այնպիսի մարդու քամակին պիտի տալ, դուրս գցել և շան լակոտի պես խեղդել։ Չեք կարող պատկերացնել ծերուկ Վեյվոդայի հուսահատությունը։ Վերջապես նրա գլխում մի միտք ծագեց։ «Ուզում եմ արտաքնոց գնալ,— ասաց նա ծխնելույզ մաքրողին։— Խաղացեք իմ փոխարեն»։ Եվ այդպես գլխաբաց դուրս վազեց Միսլիկով փողոցը՝ ոստիկան կանչելու, այնտեղ գտավ պարեկին ու նրան հայտնէց, թե այսինչ պանդոկում մոլեխաղով են զբաղված։ Ոստիկանները նրան, պատվիրեցին վերադառնալ պանդոկ և ասացին, թե իրենք ներս կմտնեն իր հետևից։ Երբ Վեյվոդան վերադարձավ, նրան հայտնեցին, թե այդ միջոցին բուժակը , տարվել է ավելի քան երկու միլիոն, իսկ շվեյցարը՝ երեք միլիոնից ավելի։ Իսկ պանդոկապետի համար դրված ափսեի մեջ գցել էին հինգհարյուր հազարի պարտագիր։ Շատ չանցած ներս խուժեցին ոստիկանները։ Սալարկող բանվորը բղավեց. «Ով կարող է թող գլուխն ազատի», բայց արդեն ուշ էր։ Բանկը բռնագրավեցին և բոլորին տարան ոստիկանատուն։ Զդերժացի ածխագործը դիմադրություն ցույց տվեց, և նրան տարան ձեռնասայլակով։ Բանկում ավելի քան կես միլիարդի պարտագիր և հազար հինգհարյուր կրոն կանխիկ փող կար։ «Օրումս այսպիսի, բան չեմ տեսել,— ասաց ոստիկանական տեսուչը, տեսնելով այդ շշմեցուցիչ գումարները։— Սա Մոնտե-Կառլոյից անցավ»։ Բոլորը, բացի ծերունի Վեյվոդայից, մինչև առավոտ մնացին ոստիկանատանը։ Վեյվոդային, որպես մատնիչի, բաց-թողին և խոստացան, որ նա, իբրև օրինական հատուցում, կստանա բռնագրավված բանկի մեկ երրորդը՝ հարյուր վաթսուն միլիոն կրոնից ավելի։ Ծերուկն այդ ամենի պատճառով գիշերը խելքը թռցրեց և առավոտյան թափառում էր Պրագայում և իր համար դյուժիններով անկեզ պահարաններ պատվիրում… Ա՜յ, դրան կասեն թղթախաղի մեջ բախտը բանել։

Խոսքն ավարտելով, Շվեյկը գնաց գրոգ եփելու։ Գիշերամտին ֆելդկուրատը, որին Շվեյկը ոչ առանց դժվարության կարողացել էր անկողին դնել, սկսեց արտասվել ու մղկտալ։

— Ծախեցի ես քեզ, բարեկա՛մս,— հեկեկում էր նա,— ստորաբար ծախեցի։ Նզովի՛ր ինձ, խփիր, տե՛ղն է։ Ես քեզ հոշոտման դատապարտեցի։ Չեմ համարձակվում աչքերիդ նայել։ Խփի՛ր ինձ, կձի՛ր, ոչնչացրո՛ւ։ Ես միայն դրան եմ արժանի։ Գիտե՞ս ես ով եմ։

Եվ լացակումած դեմքը բարձի մեջ թաղելով, ցածր, քնքշալի ձայնով ծոր տվեց․

— Ամենահետին սրիկան եմ ես…— և քնեց, ասես ջրի տակ սկելով։

Մյուս օրը, չհամարձակվելով Շվեյկի երեսին նայել, ֆելդկուրատը տնից վաղ դուրս եկավ և վերադարձավ միայն գիշերամտին, մի հաստլիկ հետևակայինի հետ։

― Շվե՛յկ,— ասաց նա,— առաջվա պես Շվեյկի երեսին չնայելով,― ցույց տվեք դրան, թե ինչը որտեղ է դրված, որպեսզի գործին իրազեկ լինի, և գրոգ եփել սովորեցրեք։ Առավոտյան կներկայանաք պորուչիկ Լակաշին։

Շվեյկն իրեն փոխարինողի հետ գրոգ եփելով, գիշերն անցկացրեց հաճելիորեն։ Լուսադեմին հաստլիկ հետևակայինը հազիվ էր ոտքի վրա կանգնում և քթի տակ դնդնում էր ժողովրդական տարբեր երգերից գոյացած մի անասելի խառնուրդ․ «Ջուր է հոսում Խոդովի մոտ, կարմիր գինի լցրեց յարս մեզ համար, բարձրի՛կ սար, բարձրի՛կ սար, աղջիկները գնում էին էն ճամփով, սպիտակ սարում արտն է վարում մի տղա…»։

— Ես քեզ համար չեմ անհանգստանում,― ասաց Շվեյկը։— Քո այդ ընդունակություններով դու ֆելդկուրատի մոտ երկար կդիմանաս։

Եվ այդպես, աոաջին բանը, որ այդ առավոտ տեսավ պորուչիկ Լուկաշը, քաջարի զինվոր Շվեյկի ազնիվ ու շիտակ դեմքն էր։

— Պատիվ ունեմ, զեկուցելու, պարոն օբեր-լեյտենանտ,― զեկուցեց Շվեյկը,— ես այն Շվեյկն եմ, որին պարոն ֆելդկուրատը տանուլ է ավել թղթախաղի մեջ։

II

Սպասյակների ինստիտուտը շատ հին ծագում ունի։ Ասում են, որ մինչև իսկ Ալեքսանդր Մակեդոնացին սպասյակ է ունեցել։ Համենայն դեպս, կասկած չի կարող լինել, որ ֆեոդալիզմի դարաշրջանում այդ դերում հանդես էին գալիս ասպետների զինակիրները։ Ի՞նչ դեր էր կատարում, ասենք, Սանչո Պանսան Դոն-Կիխոտի մոտ։ Զարմանալի է, որ մինչև հիմա ոչ ոք չի գրել սպասյակների պաամությունը։ Այլապես մենք այդ պատմության մեջ կկարդայինք, թե ինչպես Տոլեդոյի պաշարման ժամանակ Ալմավիրի հերցոգը սովածությունից առանց աղի կերել է իր սպասյակին։ Այդ մասին հերցոգն ինքն է գրում իր հիշողությունների մեջ և հայտնում, թե իր ծառայի միսը նուրբ էր, փափուկ ու հյութեղ և ուներ ոչ այս է հավի, ոչ այն է էշի մսի համ։

Ռազմական արվեստին նվիրված մի շվաբերեն գրքում մենք, ի միջի այլոց, գտնում ենք սպասյակներին ուղղված մի հրահանգ։ Հնում սպասյակը պետք է լիներ բարեպաշտ, առաքինի, խիզախ, քաջ, ազնիվ, աշխատասեր, մի խոսքով՝ կատարյալ մարդու իդեալ։ Մեր դարաշրջանը շատ բան է փոխել այդ տիպի բնավորության մեջ։ Ժամանակակից սպասյակը սովորաբար ո՛չ բարեպաշտ է, ո՛չ առաքինի և ո՛չ էլ ճշմարտախոս։ Նա ստում, խաբում է իր տիրոջը և շատ հաճախ նրա կյանքը իսկական դժոխք դարձնում։ Դա մի շողոքորթ ստրուկ է, որն իր տիրոջ կյանքը թունավորելու նենգագույն հնարներ է գտնում։

Սպասյակների նոր սերնդի մեջ այլևս չեն գտնվի Ալմավիրի հերցոգի սպասյակ առաքինի Ֆերնանդոյի նման անձնվեր արարածներ, որոնք տերերին թույլ տային իրենց առանց աղի ուտել։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պետերը իրենց հեղինակության համար մահու և կենաց կռիվ մղելով նոր ժամանակների սպասյակների դեմ, դիմում են ամենավճռական միջոցների։ Երբեմն բանը հասնում է տեռորի։ Այսպես, օրինակ, 1912 թվին Գրացում տեղի է ունեցել մի դատավարություն, ուր նշանակալի դեր է կատարել մի կապիտան, որը ծեծամահ էր արել իր սպասյակին։ Այդ կապիտանին այն ժամանակ արդարացրել են, քանի որ այդպիսի բան նա միայն երկու անգամ էր արել։ Այդ պարոնների կարծիքով սպասյակի կյանքը ոչ մի արժեք չունի։ Սպասյակը իր է, հաճախ միայն խրտվիլակ, որին կարելի է ապտակներ հասցնել, նա ստրուկ է, անսահման թվով պարտականություններ ունեցող ծառա։ Զարմանալի չէ, որ այդ վիճակը ստրուկին ստիպում է լինել հնարամիտ ու շողոքորթ։ Մեր մոլորակի վրա նրա կրած տառապանքները կարելի է համեմատել միայն հին ժամանակ ռեստորաններում ծառայող երեխաների տառապանքների հետ, որոնց մեջ օրինավորության զգացմունք զարգացնում էին վզակոթներին տալով ու քոթակելով։

Լինում են, ի դեպ, և այնպիսի դեպքեր, երբ սպասյակը բարձրանում-հասնում է իր սպայի սիրեցյալի աստիճանին ու պատուհաս դառնում վաշտի և նույնիսկ գումարտակի համար։ Բոլոր ենթասպաներն աշխատում են նրան սիրաշահել։ Նրանից է կախված արձակուրդ ստանալը։ Նա կարող է միջնորդել, որ զեկույցի ժամանակ ամեն ինչ լավ վերջանա։

Պատերազմի ժամանակ այդ սիրեցյալներն հաճախ պարգևատրվում էին քաջության և խիզախության համար տրվող արծաթե մեծ ու փոքր մեդալներով։

Իննսունմեկերորդ գնդում ես ճանաչում էի մի քանի այդպիսի սիրեցյալների։ Մի սպասյակ արծաթե մեծ մեդալ ստացավ նրա համար, որ կարողանում էր հիանալի տապակել իր գողացած սագերը։ Մի ուրիշը արծաթե փոքր մեդալով պարգևատրվեց այն բանի համար, որ տնից սքանչելի մթերածանրոցներ էր ստանում, և նրա պետը ամենասաստիկ սովի օրերին այնպես էր լափում, որ քայլել չէր կարողանում։

Զեկույց հղելով իր սպասյակին պարգևատրման ներկայացնելու մասին, այդ պետն այսպիսի լեզու էր բանացրել.

«Ներկայացվում է պարգևատրման այն բանի համար, որ մարտերում ցուցաբերել է արտակարգ արիություն ու խիզախություն, վտանգի է ենթարկել կյանքը և հարձակվող հակառակորդի ուժեղ կրակի տակ ոչ մի քայլ չի հեռացել իր հրամանատարից»։

Իսկ հիշյալ սպասյակն այդ ժամանակ թիկունքում մաքրազարդում էր հավաբները։

Պատերազմը փոխեց սպայի և սպասյակի հարաբերությունները, և սպասյակը զինվորների մեջ ամենաատելի մարդը դարձավ։ Սպասյակը մի ամբողջ տուփ պահածո էր ունենում, մինչդեռ զորամասում մի տուփը տրվում էր հինգ հոգու։ Նրա տափաշիշը միշտ լի էր ռոմով կամ կոնյակով։ Այդ փուչ արարածն օրն ի բուն շոկոլադ էր ծամում, լափում սպայական քաղցր սուխարիները, ծխում իր պետի սիգարետները, ժամերով եփում ու տապակում, հագնում հատկապես իր չափսով կարված գիմնաստյորկա։

Սպասյակը շատ մտերմական հարաբերություններ ուներ հանձնակատարի հետ, իր սեղանից նրան առատորեն բաժին էր հանում կերակրի մնացորդները և թույլ էր տալիս օգտվել իր արտոնություններից։ Այդ եռապետությանը սովորաբար միանում էր և ավագ գրագիրը։ Այդ եռյակը անմիջականորեն հրամանատարին մոտիկ ապրելով, տեղեկություն ուներ բոլոր օպերացիաների և ստրատեգիական պլանների մասին։

Այն ջոկը, որի պետը մտերիմ էր վաշտի հրամանատարի սպասյակի հետ, ամենից շատ էր քաջագիտակ։ Եթե սպասյակն ասում էր. «ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին պետք է ճղենք», ապա, իսկապես, ճիշտ ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին ավստրիական զինվորներն սկսում էին նահանջել։

Սպասյակը շատ մտերմական հարաբերություններ ուներ նաև դաշտային խոհանոցի հետ և բավականությամբ թրև էր գալիս կաթսայի մոտ, ըստ այսմ իր համար պատվիրում զանազան, կերակուրներ, կարծես նստած լիներ ռեստորանում՝ մենյուն ձեռքին։

— Ես կրծքի միս եմ սիրում,— ասում էր նա խոհարարին,— իսկ դու երեկ ինձ պոչ տվիր։ Իմ բաժին սուպի մեջ մի կտոր լյարդ գցիր, դու հո գիտես, որ ես փայծաղ չեմ ուտում։

Սպասյակի խուճապ բարձրացնելու մեծ վարպետ էր։ Խրամատները ռմբակոծելու ժամանակ նրա սիրտը մարում էր։ Այդպիսի դեպքերում նա իր և սպայի բագաժով գտնվում էր ամենաապահով բլինդաժում և գլուխը խոթում վերմակի տակ, որպեսզի հրետանային արկն իրեն չգտներ։ Այդ րոպեներին նա միայն այն էր ցանկանում, որ իր հրամանատարը վիրավորվի և ինքը նրա հետ միասին ընկնի որքան կարելի է խոր թիկունք։

Իր «գաղտնիքներով» նա բորբոքում էր խուճապը։ «Կարծեմ հեռախոսը հավաքում են»,— գաղտնաբար հայտնում էր նա ջոկերին և իրեն երջանիկ զգում, եթե հետո կարողանում էր ասել. «Արդեն հավաքեցին»։

Ոչ ոք այնպիսի բավականությամբ չէր նահանջում, ինչպես նա։ Այդ րոպեներին նա մոռանում էր, որ գլխին արկեր ու շրապնելներ են սուլում։ Հոգնածություն չզգալով, բագաժն առած դուրս էր պրծնում ու իրեն գցում շտաբ, որտեղ կանգնած էր լինում գումակը։ Մեծ համակրանք էր տածում նա ավստրիական գումակի նկատմամբ և մեծ հաճույքով գնում նրա հետ։ Ծայրահեղ դեպքում բավականանում էր և սանիտարական երկանիվ սայլակով։ Իսկ եթե ստիպված էր լինում ոտքով գնալ, բոլորովին կորած մարդու տպավորություն էր թողնում։ Այդպիսի դեպքերում նա իր սպայի բագաժը դեն էր գցում, թողնում խրամատներում և քարշ տալիս միայն իր սեփական գույքը։

Եթե պատահում էր, որ սպան փախուստ տալով փրկվում էր գերի ընկնելուց, իսկ սպասյակը գերի էր ընկնում, ապա վերջինս երբեք չէր մոռանում իր հետ տանել նաև սպայի իրերը, որոնք այնուհետև դառնում էին նրա սեփականությունը և որոնք նա պահպանում էր աչքի լույսի պես։

Ես ճանաչում էի մի գերի սպասյակի, որն ուրիշների հետ միասին Դուբնոյից հասել էր մինչև Դարնիցա՝ Կիևի մոտ։ Իր, ինչպես, և գերությունից խուսափած իր սպայի երթային պայուսակներից բացի, նա ուներ նաև հինգ զանազան ձեռնաճամպրուկներ, երկու վերմակ և բարձ, էլ չասած այն կապոցը, որ կրում էր գլխի վրա։ Նա ինձ գանգատվում էր, թե կազակները նրանից խլել են երկու ճամպրուկ։

Ես չեմ կարող մոռանալ այդ մարդուն, որն իր բագաժն առած քարշ էր գալիս Ուկրաինայի մի ծայրից մյուսը։ Նա մի կենդանի առաքչական բեռնասայլ էր։ Ես մինչև հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարողացավ այդ ամենը կրել, իր վրա առած քարշ տալ մի քանի հարյուր կիլոմետր, հետո այդ բեռով հասնել մինչև իսկ Տաշքենդ, աչալուրջ պահպանել յուրաքանչյուր իր և ռազմագերիների ճամբարում… բծավոր տիֆից մեռնել իր իսկ ճամպրուկների վրա։

Ներկայումս սպասյակները ցրված են մեր ողջ հանրապետության մեջ և պատմում են իրենց հերոսական սխրանքների մասին։ Թե իբր գրոհով նվաճել են Սոկալը, Դուբնոն, Նիշը, Պիավան։ Նրանցից յուրաքանչյուրը մի Նապոլեոն է։ «Եվ ահա ես մեր գնդապետին ասացի, թե թող զանգահարի շտաբ ու ասի, որ կարելի է սկսել»,— պատմում են նրանք։

Սպասյակները մեծավ մասամբ ռեակցիոներներ էին, և զինվորներն ատում էին նրանց։ Սպասյակներից ոմանք մատնիչներ էին և մեծ բավականությամբ էին դիտում, թե ինչպես են ձերբակալում իրենց մատնած զինվորին։

Նրանցից մի հատուկ դաս էր գոյացել։ Նրանց եսասիրությունը չափ ու սահման չուներ։

III

Պորուչիկ Լուկաշը ավստրիական խիստ խարխլված միապետության տիպիկ կադրային սպա էր։ Կադետական կորպուսը նրան քամելեոն էր դարձրել․ մարդկանց մեջ նա խոսում էր գերմաներեն, գրում գերմաներեն, բայց չեխերեն գրքեր կարդում, իսկ երբ դասավանդում էր հոժարականների դպրոցում, որը կազմված էր բացառապես չեխերից, նրանց գաղտնաբար ասում էր. «Եկեք չեխ մնաք, բայց այդ մասին ոչ ոք չպիտի իմանա։ Ես էլ եմ չեխ»։

Նա չեխ ժողովրդին համարում էր մի տեսակ գաղտնի կազմակերպություն, որից հեռու մնալն ավելի լավ է։

Բայց ընդհանրապես նա լավ մարդ էր․ մեծավորներից չէր վախենում և զորաշարժերի ժամանակ ինչպես հարկն է հոգ էր տանում իր վաշտի մասին, հարմարորեն բնակավորում սարայներում և հաճախ իր համեստ ռոճիկով զինվորներին մի տակառ գարեջուր հրամցնում։

Լակաշը սիրում էր, որ զինվորները երթի ժամանակ երգում էին։ Նրանք պետք է երգեին վարժության գնալիս և վարժությունից վերադառնալիս։ Քայլելով իր վաշտի կողքից, նա ձայնակցում էր նրանց.

Իսկ երբ մթնեց աշխարհքը,


Պարկից թափվեց վարսակը։


Տումտարիա բո՛ւմ։

Նա վայելում էր զինվորների համակրանքը, քանի որ շատ արդարամիտ մարդ էր և մանրախնդրություն անելու սովորություն չուներ։

Ենթասպաները նրանից դողում էին։ Ամենավայրագ ֆելդֆեբելին նա մի ամսվա մեջ գառ էր դարձնում։

Գոռալ իմանում էր, սակայն երբեք չէր հայհոյում։ Խոսելիս հարմար բառեր ու արտահայտություններ էր ընտրում.

— Գիտեք ինչ, հոգյա՛կս, ճիշտն ասած, ես չէի ցանկանա ձեզ պատմել, բայց ոչինչ չեմ կարող անել, որովհետև բանակի մարտունակությունը կարգապահությունից է կախված։ Առանց կարգապահոլթյան բանակը «քամուց տարուբեր եղեգն է մի»։ Եթե ձեր մունդիրը կարգին վիճակումն է, իսկ կոճակները վատ են կարված կամ պակաս են, դա նշանակում է, որ դուք մոռանում եք ձեր պարտականությունները բանակի նկատմամբ։ Գուցե ձեզ անհասկանալի է, թե ինչու են ձեզ նստեցնում այն բանի համար, որ երեկ ստուգատեսի ժամանակ ձեր գիմնաստյորկայի կոճակները պակաս էին, այնպիսի չնչին, այնպիսի դատարկ բանի համար, որի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, եթե դուք զինվորական ծառայության մեջ չլինեիք։ Սակայն զինվորական ծառայության մեջ ձեր արտաքինի նկատմամբ ցուցաբերված այդպիսի անփութությունը ենթակա է տույժի։ Իսկ ինչո՞ւ։ Բանն այն չէ, որ ձեր կոճակները պակաս են, այլ որ անհրաժեշտ է ձեզ կարգապահության սովորեցնել։ Այսօր չեք կարի կոճակը, վաղը կսկսեք լոդրություն անել։ Վաղն արդեն ձեզ դժվար կթվա քանդել ու մաքրել հրացանը, մյուս օրը մի որևէ պանդոկում կմոռանաք ձեր սվինը և, ի վերջո, կքնեք պահակետում, և այդ ամենը այն պատճառով, որ այն չարաբաստիկ կոճակից հետո սկսել եք լոդրի կյանք վարել։ Հապա, հոգյա՛կս։ Ես ձեզ պատժում եմ, որպեսզի զերծ պահեմ այն զանցանքների համար տրվելիք ավելի ծանր պատժից, որ դուք կարող եք կատարել ապագայում, դանդաղորեն, սակայն վերջնականապես մոռացած լինելով ձեր պարտականությունները։ Ես ձեզ նստեցնում եմ հինգ օրով և անկեղծորեն ցանկանում, որ, ապրելով միայն ցամաք հացով ու ջրով, խորհեք այն մասին, որ պատիժը վրիժառություն չէ, այլ դաստիարակության միջոց, որը հետապնդում է որոշակի նպատակի ուղղել պատժվող զինվորին։

Լուկաշն արդեն վաղուց պետք է կապիտան դարձած լիներ, սակայն նրան չէր օգնել նույնիսկ ազգային հարցում ցուցաբերած զգուշավորությունը, որովհետև նա մեծավորների նկատմամբ չափից ավելի ուղղամիտ էր և ոչ ոքի չէր շողոքորթում։

Նա ծնվել էր հարավային Չեխիայի մթին անտառների ու լճերի ծոցում գտնվող մի գյուղում և պահպանել այդ վայրում ապրող գյուղացիների բնավորության գծերը։

Բայց եթե զինվորների վերաբերմամբ Լուկաշն արդարամիտ էր և նրանց չէր նեղում, ապա սպասյակների նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք ուներ։ Նա իր սպասյակներին ատում էր, որովհետև միշտ էլ շատ անպիտան ու ստոր սպասյակներ էր ունեցել։ Նա այդ սպասյակներին զինվորներ չէր համարում, խփում էր նրանց քիթ ու մռութներին ու վզակոթներին, ջանում դաստիարակել խոսքով ու գործով։ Շատ տարիներ նա ապարդյուն պայքարում էր իր սպասյակների դեմ, շարունակ փոխում նրանց և միշտ հանգում այն եզրակացության, թե․ «Դարձյալ ինձ անասուն ռաստ եկավ»։ Իր սպասյակներին նա համարում էր ստոր կարգի արարածներ։

Լուկաշը կենդանիներ շատ էր սիրում։ Նա ուներ Հարցի դեղձանիկ, անգորական կատու և պինչեր։ Սպասյակները, որոնց նա հաճախակի փոխում էր, այդ կենդանիների հետ վարվում էին ոչ ավելի լավ, քան պորուչիկը՝ իրենց հետ, երբ նրանք որևէ ստորություն էին արած լինում։

Նրանք դեղձանիկին սովատանջ էին անում, իսկ սպասյակներից մեկը տվել-հանել էր անգորական կատվի մի աչքը, պինչերին մտրակով ծեծում էին հենց որ ձեռքներն էր ընկնում, և, վերջապես, Շվեյկի նախորդներից մեկը խեղճ շանը տարել էր Պանկրաց, անասուն մաշկողի մոտ, որպեսզի նրան այնտեղ ոչնչացնեին, չզլանալով դրա համար իր գրպանից ծախսել քսան կրոն։ Իսկ պորուչիկին նա զեկուցել էր, թե շունն իր ձեռքից փախել է զբոսանքի ժամանակ։ Հաջորդ օրն արդեն այդ սպասյակը վաշտի հետ երթաքայլում էր վարժադաշտում։

Երբ Շվեյկը ներկայացավ Լուկաշին և հայտարարեց, թե այդ իսկ րոպեից անցնում է իր պարտականությունների կատարմանը, պորուչիկը նրան տարավ իր սենյակն ու ասաց.

— Ձեզ հանձնարարել է ինձ պարոն ֆելդկուրատ Կացը։ Հուսով եմ, որ դուք նրա հանձնարարությունը չեք վարկաբեկի։ Ես արդեն մի դյուժին սպասյակ եմ ունեցել, և նրանցից ոչ մեկը երկար չի դիմացել։ Նախազգուշացնում եմ, որ ես խիստ մարդ եմ և անխնա պատժում եմ ամեն մի ստորության և կեղծիքի համար։ Ես պահանջում եմ, որ դուք միշտ ճիշտ խոսեք և առանց առարկության կատարեք իմ բոլոր հրամանները։ Եթե ասեմ. «Կրակն ընկեք», պետք է ընկնեք, եթե նույնիսկ չցանկանայիք այդպիսի բան անել։ Այդ ո՞ւր եք նայում։

Շվեյկն հետաքրքրությամբ նայում էր այն պատի կողմը, որից կախված էր դեղձանիկի վանդակը։ Լսելով պորուչիկի հարցը, նա իր բարի աչքերը հառեց նրա վրա և պատասխանեց անուշիկ, բարեհամբույր տոնով.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ, դա Հարցի դեղձանիկ է։

Այդկերպ ընդհատելով պորուչիկի ճառը, Շվեյկը կանգնեց երեսադեմ և, աչքը չճպելով, հայացքը հառեց պորուչիկի դեմքին։

Պորուչիկն ուզում էր մի խիստ բան ասել, սակայն տեսնելով նրա դեմքի անմեղ արտահայտությունը՝ ասաց միայն․

— Պարոն ֆելդկուրատը ձեզ հանձնարարեց որպես հազվագյուտ ապուշի։ Կարծում եմ, չի սխալվել։

— Համարձակվում եմ զեկուցել, որ պարոն ֆելդկուրատն իսկապես չի սխալվել։ Երբ ես իսկական զինվորական ծառայության մեջ էի, ինձ այդ ծառայությունից ազատեցին ապուշության, հանրաճանաչ ապուշության համար։ Այդ բանի համար մեր գնդից ազատեցին երկու հոգու, ինձ և մեկ էլ մի ուրիշի՝ կապիտան ֆոն Կաունիցին։ Նա, պարոն պորուչիկ, փողոցով անցնելիս, կներեք արտահայտությանս, ձախ ձեռքի մատով քչփորում էր ձախ քթածակը, իսկ աջ ձեռքի մատով՝ աջը։ Վարժությունների ժամանակ նա ամեն անգամ մեզ շարք էր կանգնեցնում, ինչպես հանդիսավոր երթի համար, և ասում․ «Զինվորնե՛ր… է՜է՜․․․ նկատի ունեցեք… է՜-է՜… որ այսօր չորեքշաբթի է… է՜-է՛․․․ որովհետև վաղը կլինի հինգշաբթի… է՜-է՜…»։

Պորուչիկ Լուկաշը ասելու բան չգտնելով՝ ուսերը թոթվեց և սկսեց գնալ ու գալ Շվեյկի մոտով, դռնից դեպի լուսամուտը և լուսամուտից դեպի դուռը։ Այդ միջոցին Շվեյկը կատարում էր «աջ հավասարում» և «ձախ հավասարում», նայած թե պորուչիկը նրա որ կողում էր գտնվում,— և դա անում էր այնպիսի անմեղ տեսքով, որ պորուչիկը, աչքերը ցած խոնարհեց և, գորգին նայելով, ասաց մի բան, որ ոչ մի առնչություն չուներ տխմար կապիտանի վերաբերմամբ Շվեյկի արած դիտողությունների հետ։

— Այո՛։ Իմ տանը ամեն ինչ կարգին ու մաքուր լինի և չհամարձակվեք ստել։ Ես անազնվություն չեմ սիրում։ Ատում եմ սուտ ասելը և դրա համար անխնա կպատժեմ։ Հասկացա՞ք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր֊լեյտենանտ, հասկացա։ Սուտ ասելուց վատ բան չկա։ Հենց որ մարդ սկսում է փչել, նրան կորած համարեք։ Պելգբժիմովի մոտի գյուղում Մարեկ ազգանունով մի ուսուցիչ կար։ Այս ուսուցիչը քարշ էր գալիս անտառապահ Շպերայի աղջկա հետևից։ Անտառապահը պատվիրել էր նրան ասել, որ եթե նա իր աղջկա հետ անտառում տեսակցություն ունենա, ապա ինքը, անտառապահը, հենց որ, ուրեմն, նրանց բռնի, հրացանով նրա հետույքը չկտրտած խոզաստևի ու աղի մի լիցք կմխի։ Իսկ ուսուցիչը պատվիրել էր անտառապահին ասել, թե այդ ամենը սուտ-մուտ բաներ են։ Սակայն ահա մի անգամ, երբ նա սպասում էր իր օրիորդին, անտառապահը բռնում է նրան և այն է ուզում է ասածն անել, բայց ուսուցիչն սկսում է արդարանալ, թե իբր ինքը ծաղիկներ էր հավաքում։ Մի ուրիշ անգամ ուսուցիչն անտառապահին ասում է, թե կոլեկցիայի համար բզեզներ է որսում։ Ու այդպես քանի գնում, այնքան ավելի փչում։ Վերջապես, վախից երդվում է, թե ուզում էր նապաստակ բռնելու թակարդներ դնել։ Այն ժամանակ մեր անտառապահը նրան չանթում ու տանում է ժանդարմների մոտ, իսկ այնտեղից գործը գնում է դատարան, և քիչ մնաց, որ ուսուցիչը բանտ ընկներ։ Իսկ եթե ճիշտ խոսեր, ընդամենը մի բաժին խոզաստև ու աղ կստանար։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ է անկեղծորեն խոստովանել, իսկ եթե մի բան արել ես՝ գալ ու ասել, թե, համարձակվում եմ զեկուցել, արել եմ այսինչ ու այսինչ բանը։ Իսկ գալով ազնվությանը, պետք է ասել, որ դա հիանալի բան է, ազնվության շնորհիվ մարդ շատ առաջ կգնա։ Դա նույնն է, ինչ որ վազքի մրցության ժամանակ հենց որ մարդ սկսում է խարդախություն անել, րոպեապես մրցավազքից դուրս է ընկնում։ Ա՛յ, օրինակ, իմ հորեղբոր տղան։ Ազնիվ մարդ է, ամեն տեղ հարգում են, ինքն իրենից գոհ է և իրեն նոր ծնվածի պես է զգում, երբ անկողին մտնելիս կարողանում է ասել. «Այսօր էլ ազնիվ եղա»։

Այդ երկարատև ճառի րնթացքում պորուչիկը նստած էր բազկաթոռին և, նայելով Շվեյկի սապոգներին, մտածում էր. «Աստվա՜ծ իմ, չէ՞ որ ես էլ հաճախ այդպիսի անհեթեթություններ եմ դուրս տալիս։ Տարբերությունը միայն այն ձևի մեջ է, որով ես դրանք հրամցնում եմ»։

Այնուհանդերձ, չցանկանալով իր հեղինակությունը գցել, նա, երբ Շվեյկն ավարտեց իր խոսքր,— ասաց.

— Իմ տանը դուք պետք է շրջեք մաքրած սապոգներով, ձեր մունդիրը պետք է պահեք կարգին վիճակում և պետք է բոլոր կոճակները կարված լինեն։ Դուք պետք է զինվորի, և ոչ թե ոչ զինվորական բոսյակի տպավորություն թողնեք։ Զարմանալի է, թե ինչպես ձեզնից ոչ ոք չի կարողանում իրեն զինվորավարի պահել։ Իմ սպասյակներից միայն մեկն էր բարետես, բայց նա էլ ի վերջո գողացավ իմ տոնական մունդիրը և ծախեց հրեական թաղամասում։

Պորուչիկը լռեց։ Բայց հետո նորից սկսեց խոսել և Շվեյկին մի առ մի հիշեցնել նրա բոլոր պարտականությունները, ըստ որում առանձնապես ընդգծում էր, որ Շվեյկը պետք է հավատարիմ ծառա լինի և ոչ մի տեղ բերանից խոսք չթռցնի, թե տանը ինչ է կատարվում։

— Ինձ մոտ դամաներ են լինում,— ընդգծեց նա։— Երբեմն դաման մնում է գիշերելու, եթե ես հետևյալ օրը ծառայության չպիտի գնամ։ Այդպիսի դեպքերում դուք սուրճը մեզ պիտի մատուցեք անկողնում, բայց միայն այն ժամանակ, երբ զանգը կտամ, հասկացա՞ք։

— Ճիշտ այդպես, հասկացա, պարոն օբեր-լեյտենանտ։ Եթե ես անսպասելի մտնեմ սենյակ, ապա հնարավոր է, որ դա այս կամ այն դամային դուր չգա։ Ես ինքս էլ մի անգամ մի օրիորդ էի բերել մոտս, իսկ աղախինս սուրճը բերեց անկողնում մատուցելու, հակառակի պես, հենց այն ժամանակ, երբ մենք շախին զվարճանում էինք։ Աղախինս վախից սուրճը թափեց վրաս ու ամբողջ մեղքս խաշեց և դեռ ասաց. «Բարի լո՛ւյս»։ Իսկ ես հո գիտեմ, թե ինչ պետք է անել, երբ դաման մնում է գիշերելու։

— Շա՛տ լավ, Շվեյկ։ Դամաների հետ մենք պետք է շատ տակտով վարվենք,— ասաց պորուչիկը, որի տրամադրությունը սկսեց լավանալ, քանի որ խոսակցությունը վերաբերվում էր մի բանի, որ զբաղեցնում էր զորանոցից, վարժադաշտից ու թղթախաղից հետո ազատ մնացած նրա ամբողջ ժամանակը։

Կանայք պորուչիկի բնակարանի շունչն ու հոգին էին։ Նրանք նրա համար ընտանեկան օջախ էին ստեղծում։ Նրանց թիվը մի քանի դյուժինի էր հասնում, և նրանցից շատերը այնտեղ գտնվելիս ջանում էին բնակարանը զարդարել ամեն տեսակ զիզիբիզիներով։

Մի սրճարանատիրոջ կին պորուչիկի մոտ ապրել էր ուղիղ երկու շաբաթ, մինչև որ ամուսինը եկել էր նրան տանելու, և այդ ժամանակամիջոցում նա պորուչիկի համար ասեղնագործել էր մի շատ սիրուն սփռոցիկ, մոնոգրամներով զարդարել էր նրա ամբողջ սպիտակեղենը և, թերևս, հյուսեր-ավարտեր նաև պատի գորգը, եթե միայն ամուսինը այդ իդիլիային վերջ չտար։

Մի ուրիշ դամա, որին երեք շաբաթ հետո ծնողները եկել էին տանելու, ցանկացել էր պորուչիկի ննջարանը կանացիք բուդուարի վերածել և ամենուր զանազան մանր-մունր զարդարանքներ ու վազաներ էր շարել, իսկ անկողնու գլխավերևում կախել էր պահապան հրեշտակի պատկերը։

Կնոջ ձեռքը, որի ներկայությունն զգացվում էր ննջարանի և ճաշասենյակի բոլոր անկյուններում, մուտք էր գործել և խոհանոց, որտեղ կարելի էր տեսնել ամենաբազմատեսակ խոհանոցային պիտույքներ — փառահեղ նվերը մի ֆաբրիկատիրոջ կնոջ, որն իր սիրուց բացի նրա տունը բերել էր բանջարեղեն ու կաղամբ կոտորելու մեքենա, բուլկի կտրելու սարք, լյարդի քերոց, կաթսաներ, թավաներ, տապակներ, քափքաշներ և աստված գիտե թե էլ ինչ։

Սակայն մի շաբաթ հետո նա թողել-գնացել էր, քանզի չէր կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ Լուկաշը իրենից բացի քսանի չափ այլ սիրուհիներ ունի, մի հանգամանք, որ, անկասկած, անդրադարձել էր այդ մունդիրավոր ցեղական որձ շան կատարողանակության վրա։

Պորուչիկ Լուկաշը լայն նամակագրություն ուներ, պահում էր մի ալբոմ իր սիրուհիների լուսանկարների համար, ստեղծել էր զանազան մասունքների մի հավաքածու, քանզի վերջին երկու տարում սկսել էր հակում ցուցաբերել դեպի ֆետիշիզմը։ Նա ուներ մի քանի այլատեսակ կանացի կախակապեր, չորս զույգ նրբին, ասեղնագործ վարտիք, երեք թափանցիկ, շատ բարակ կանացի շապիկ, բատիստե շորեր և, վերջապես, մի կորսետ և մի քանի զույգ գուլպա։

— Այսօր ես հերթապահ եմ,— ասաց պորուչիկը Շվեյկին,— տուն կգամ միայն գիշերը։ Բնակարանը կարգի բերեք։ Իմ վերջին սպասյակը իր ծուլության համար այսօր երթային վաշտի հետ մեկնեց ռազմաճակատ։

Դեղձանիկին և անգորական կատվին վերաբերվող կարգադրություններն անելուց հետո նա գնաց, չզլանալով դուրս գալուց առաջ մի անգամ ևս մի քանի խոսք ասել ազնվության և կարգ ու կանոնի մասին։

Նրա գնալուց հետո Շվեյկն ամբողջ բնակարանը խստագույնս կարգի բերեց, այնպես որ, երբ գիշերը պորուչիկը տուն եկավ, նա ամենայն իրավամբ կարող էր զեկուցել․

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն ինչ կարգին է։ Միայն թե կատուն անվայել բան արեց՝ կերավ ձեր դեղձանիկին։

— Ինչպե՞ս,― որոտաց պորուչիկը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ահա թե ինչպես։ Ես վաղուց գիտեի, որ կատուները դեղձանիկներին չեն սիրում և նեղություն են, տալիս։ Դրա համար էլ որոշեցի նրանց ծանոթացնել և, եթե այնպես պատահի, որ այդ անպիտանը որևէ օյին խաղա, այնպես դնգստել, որ մինչև մեռնելը չմոռանա, թե դեղձանիկների հետ ինչպես պետք է վարվել։ Ես կենդանիներին շատ եմ սիրում։ Մեր շենքում ապրող գլխարկագործն այդ ձևով վերջ ի վերջո կարողացավ իր կատվին վարժեցնել։ Սկզբում կատուն կերավ նրա երեք դեղձանիկներին, իսկ հիմա այլևս ոչ մեկին չի լափում, և դեղձանիկը կարող է նույնիսկ նստել նրա վրա։ Ես էլ ցանկացա փորձել, դեղձանիկին հանեցի վանդակից և թույլ տվի, որ կատուն նրան հոտոտի, իսկ այդ այլանդակը, մինչև ես ուշքի կգայի, կծեց դեղձանիկի գլուխը։ Աստված վկա, ես նրանից այդպիսի ստորություն չէի սպասում։ Եթե, պարոն պորուչիկ, մեջտեղը ճնճղուկ լիներ, բան չէի ասի, բայց, ախր, դա այնպիսի հիանալի դեղձանիկ էր, Հարցի դեղձանիկ։ Եվ այն էլ ինչպե՜ս ագահաբար էր խժռում, փետուրներն էլ հետը, և դեռ բավականությունից գռմռում։ Նրանք, այդ կատուները, ինչպես ասում են, ոչ մի երաժշտական կրթություն չեն ստացել և դեղձանիկի երգը տանել չեն կարողանում, որովհետև դրանից բան չեն հասկանում… Ես կատվին ինչպես պետքն է հայհոյեցի, բայց, աստված չանի, մատով իսկ չկպա, այլ սպասեցի ձեր գալուն, որ տեսնեմ, թե գործին ինչ վճիռ կտաք և թե այս քոսոտ այլանդակի հետ ինչպես պետք է վարվել։

Այդ պատմությունն անելիս Շվեյկն այնպես բարեսրտորեն էր նայում պորուչիկի աչքերին, որ վերջինս նրան մոտեցած լինելով որոշակի խիստ մտադրությամբ, հետ քաշվեց, նստեց բազկաթոռին ու հարցրեց.

— Լսեցեք, Շվեյկ, իսկապե՞ս դուք այդքան աստծու դմբլո եք։

— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ,— հանդիսավորապես պատասխանեց Շվեյկը։— Դեռ փոքրուց բախտս չի բերում։ Ես միշտ ուզում եմ որևէ բան շտկել, որպեսզի ամեն ինչ չավ լինի, և դրանից երբեք ոչինչ դուրս չի գալիս, բացի ինձ և ուրիշներին անախորժություններ պատճաոելուց: Ես միայն ուզում էի նրանց ծանոթացնել, որ իրար ընտելանային։ Ես ի՞նչ մեղավոր եմ, որ նա դեղձանիկին լափեց և դրանով էլ ամեն մի ծանոթության վերջացավ։ Սրանից մի քանի տարի առաջ «Շտուպարտների մոտ» հյուրանոցում կատուն նույնիսկ թութակին լափեց այն բանի համար, որ նրան չարացնում էր ու կատվավարի մլավում… Համա թե դիմացկուն են այդ կատուները։ Եթե հրամայեք, պարոն օբեր-լեյտենանտ, որ նրան սատկացնեմ, ստիպված պետք է լինեմ դռների արանքում ճզմել, թե չէ բան դուրս չի գա։

Եվ Շվեյկն ամենաանմեղ մարդու տեսքով և իր անուշիկ, բարեմիտ ժպիտով սկսեց պորուչիկին պատմել, թե ինչպես են մահապատժի ենթարկում կատուներին։ Նրա այդ պատմությունը կենդանիներին հովանավորող ընկերությանը, հավանաբար, գժանոց կհասցներ։

Շվեյկը դրսևորեց այնպիսի գիտելիքներ, որ պորուչիկ Լուկաշն իր զայրույթը մոռանալով՝ հարցրեց.

— Դուք կարողանո՞ւմ եք կենդանիների հետ վարվել, սիրո՞ւմ եք նրանց։

— Ամենից շատ սիրում եմ շներին,— ասաց Շվեյկը,— որովհետև դա շատ եկամտաբեր գործ է այնպիսի մարդու համար, որ կարողանում է նրանց առուծախով զբաղվել։ Բայց այդ գործում ես հաջողություն չունեցա, որովհետև միշտ էլ չափից ավելի ազնիվ էի, թեև, միևնույն է, գնորդները միշտ գալիս էին մոտս բողոքելու, թե ինչու առողջ ու ցեղական շան փոխարեն հալից ընկած շուն եմ տվել իրենց։ Կարծես թե բոլոր շները պետք է ցեղական ու առողջ լինեն։ Բայց չէ՛, ամեն մեկին պետք է ցեղականի վկայական տաս, և ահա ստիպված էի վկայականներ տպել և աղյուսի գործարանում ծնված բակապահ շանը դարձնել Արմին ֆոն Բարհայմի բավարական շնանոցից դուրս եկած ամենազտարյուն ազնվական։ Իսկ գնորդները շատ գոհ էին մնում, կարծելով, թե զտարյուն շուն են ձեռք բերել։ Վրշովեցյան շպիցը նրանց վրա հարելի էր սաղացնել որպես տաքսա, իսկ նրանք միայն զարմանում էին, թե ինչու Գերմանիայից բերված այդ հազվագյուտ շան բուրդը փռչոտ է, իսկ ոտքերը ծուռ չեն։ Բոլոր խոշոր շնանոցներում այդպես են անում։ Դուք, պարոն օբեր-լեյտենանտ, զարմանքից կապշեիք, եթե տեսնեիք այն բոլոր խարդախությունները, որ այնտեղ անում են շներին ծննդագրեր տալիս։ Ճիշտն ասած, քիչ շներ կան, որ իրենց մասին կարող են ասել․ «Ես ազնվարյուն շուն եմ»։ Նրա կա՛մ մայրիկն է կապվել անճոռնի մեկի հետ, կա՛մ տատիկը, կա՛մ էլ, վերջապես, ունեցել է մի քանի հայրիկներ և յուրաքանչյուրից մի բան ժառանգել՝ մեկից ականջները, մյուսից պոչը, մի ուրիշից դնչի բուրդը, երրորդից դունչը, չորրորդից ծուռ ոտքերը, իսկ հինգերորդից բոյը։ Իսկ եթե ունեցել է տասներկու այդպիսի հայրիկներ, ապա, կարող եք պատկերացնել, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդպիսի շունը ինչ տեսք կունենա։ Մի անգամ ես մի այդպիսի որձ շուն էի առել, անունը Բալաբան, դա իր հայրիկների մեղքով այնքան անճոռնի էր դուրս եկել, որ բոլոր շները նրանից խորշում էին։ Ես նրան գնել էի խղճահարությունից․ ախր բոլորը նրան լքել էին, և նա իմ տանը, մի անկյունում նստած, շարունակ դարդ էր անում։ Նրան ծախեցի պինչերի տեղ։ Ամենից շատ չարչարվեցի այն ժամանակ, երբ նրան ներկում էի աղախառն պղպեղի գույնով։ Հետո նա իր տիրոջ հետ գնաց Մորավիա և այն օրվանից նրան չեմ տեսել։

Շնագիտական այդ զեկուցումը սկսեց հետաքրքրել պորուչիկին, և Շվեյկը կարող էր անարգել շարունակել:

— Շները չեն կարող կանանց պես իրենք իրենց ներկել, այդ մասին պետք է հոգա նա, ով ուզում է նրանց վաճառել։ Եթե, օրինակ, շունը ծեր է ու ալեհեր, իսկ դուք ուզում եք նրան ծախել մի տարեկան լակոտի տեղ և կամ այդ պապիկին ներկայացնել որպես ինն ամսեկան, ապա ավելի լավ կլինի լյապիս գնեք, ջրի մեջ բաց անեք ու ներկեք սև գույնով,— նորի տեսք կստանա։ Կազդուրելու համար կերակրեցեք ձիու դոզայի մկնդեղով, իսկ ատամները մաքրեցեք զմռնիտի թղթով, որով ժանգոտած դանակներ են մաքրում։ Իսկ ծախելու տանելուց առաջ նրա կոկորդը սալորօղի լցրեք, որպեսզի մի քիչ քեֆը տեղը գա։ Ձեռաց կաշխուժանա և քաղաքային վարչության կոնծած անդամի պես կսկսի ուրախ-ուրախ հաչել և բոլորին քսմսվել։ Իսկ գլխավորն ահա թե որն է. մարդկանց հետ, պարոն օբեր-լեյտենանտ, հարկավոր է խոսել, և խոսել այնքան, մինչև որ գնորդը բոլորովին շշմի։ Եթե մեկն ուզում է բոլոնկա գնել, իսկ դուք տանը որսորդական շնից բացի ոչինչ չունեք, ապա պետք է կարողանաք գնորդին այնպես խոսելատանջ անել, որ բոլոնկայի փոխարեն հետը որսորդական շուն տանի։ Իսկ եթե այնպես է պատահել, որ ձեր ձեռքի տակ միայն ֆոքստերյեր ունենք, բայց գալիս են գերմանական կատաղի դոգ գնելու, որ տուն պահպանի, ապա դուք պետք է այնքան խոսեք, մինչև որ գնորդը բոլորովին խելառվի և, դոգի փոխարեն, գրպանը դրած տանի ձեր թզուկ ֆոքստերյերը… Երբ ես մի ժամանակ կենդանիների առևտուր էի անում, ինձ մոտ մի տիկին եկավ․ իր թութակը, ասում է, թռել է պարտեզ, իսկ այնտեղ, վիլլայի մոտ, երեխաներն այդ ժամանակ հնդիկ-հնդիկ են խաղալիս եղել։ Նրանք, ասում է, թութակը բռնել են, պոկել պոչի բոլոր փետուրները և դրանցով զարդարվել, ինչպես ոստիկանները։ Թութակը անպոչ մնալու ամոթից հիվանդացել էր, իսկ կենդանաբույժն իր փոշեդեղերով նրան սպանել։ Եվ այդպես, այդ տիկինն ասում է, թե ցանկանում է նոր թութակ գնել, միայն թե դաստիարակված, և ոչ թե բռի թութակ, որի բան ու գործը միայն հայհոյելն է։ Ի՞նչ կարող էի անել, երբ տանս ոչ մի թութակ չկար և ոչ մի հատ աչքի առաջ չունեի։ Ես միայն մի շատ կատաղի, բոլորովին կույր բուլդոգ ունեի։ Եվ ահա ստիպված եղա, պարոն օբեր-լեյտենանտ, ցերեկվա ժամը երեքից մինչև երեկոյան ժամը յոթը այդ տիկնոջն այնքան համոզեի մինչև որ թութակի փոխարեն գնեց ասածս կույր բուլդոգը։ Դա որևէ դիվանագիտական բարդություն հարթելուց էլ դժվար բան էր։ Երբ տիկինը գնում էր, ես նրան ասացի. «Դե թող հիմա երեխաները փորձեն դրա պոչը պոկել»։ Եվ այլևս ինձ չվիճակվեց այդ տիկնոջ հետ խոսել, այդ բուլդոգի պատճառով նա ստիպված էր եղել Պրագայից հեռանալ, քանի որ շունը կծել էր նրանց տան բոլոր կենվորներին… Հավատացեք, պարոն օբեր-լեյտենանտ, լավ կենդանի ճարելը դժվար է, շա՜տ դժվար…

— Ես ինքս շուն սիրող եմ,— ասաց պորուչիկը։— Ընկերներիցս ոմանք իրենց հետ շներ էին տարել ռազմաճակատ։ Հետո ընկերներս ինձ գրում էին, թե այդպիսի հավատարիմ ու անձնվեր ընկերոջ հետ ռազմաճակատային ծառայությունը աննկատ է անցնում։ Դուք, ինչպես տեսնում, եմ, շների բոլոր տեսակները լավ եք ճանաչում, և հուսով եմ, որ եթե շուն ունենամ՝ կկարողանաք խնամել։ Ո՞ր տեսակն է, ձեր կարծիքով, ամենից լավը, այսինքն, խոսքս ընկեր շան մասին է։ Ես մի ժամանակ մի պինչեր ունեի, բայց չգիտեմ…

— Իմ կարծիքով, պարոն օբեր-լեյտենանտ, պինչերը շատ անուշիկ շուն է։ Ճիշտ է, պինչերը ամեն մարդու դուր չի գալիս, որովհետև փռչոտ է և դնչի մազերն այնքան կոշտ են, որ կարծես բանտից ազատված տաժանակրորդ լինի։ Պինչերներն անճոռնի են, նայելն հաճելի չէ, բայց դրա փոխարեն խելոք են։ Դմբլո սեն-բերնարը պինչերին չի հասնի։ Պինչերը ֆոքստերյերից խելոք է։ Ես ճանաչում էի մի…

Պորուչիկ Լուկաշը նայեց ժամացույցին և ընդհատեց ՇՎեյկի խոսքը.

— Արդեն ուշ է, պետք է քունս առնեմ։ Վաղը ես նորից հերթապահ եմ, իսկ դուք ձեր ամբողջ օրը կարող եք տրամադրել որևէ պինչեր գտնելու գործին։

Նա գնաց քնելու, իսկ Շվեյկը խոհանոցում պառկեց դիվանի վրա և սկսեց կարդալ զորանոցից պորուչիկի բերած թերթը։

— Տես, է՜,— ասաց ինքն իրեն Շվեյկը,— հետաքրքրությամբ հետևելով օրվա դեպքերին։— Սուլթանը Վիլհելմ կայսրին պարգևատրել է զինվորական մեդալով, իսկ ես մինչև հիմա նույնիսկ արծաթե փոքր մեդալ չունեմ։

Շվեյկը մտածմունքի մեջ ընկավ և հանկարծ տեղից վեր թռավ.

— Քիչ էր մնում մոռանայի։— Եվ գնաց պորուչիկի սենյակը։

Պորուչիկը պինդ քնած էր։ Շվեյկն արթնացրեց նրան.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ ես կատվի մասին կարգադրություն չեմ ստացել։

Պորուչիկը քունը գլխին շուռ եկավ մյուս կողքի վրա ու քրթմնջաց. «Երեք օրով կալանք» և նորից քնեց։

Շվեյկը կամացուկ դուրս եկավ սենյակից, տարաբախտ կատվին հանեց դիվանի տակից ու ասաց նրան.

— Երեք օրով կալա՛նք։

Եվ անգորական կատուն նորից մտավ դիվանի տակ։

IV

Հենց նոր էր Շվեյկը պատրաստվում գնալ որևէ պինչեր գտնելու, երբ մի ջահել դամա զանգն հնչեցրեց ու ասաց, թե ուզում է պորուչիկ Լուկաշի հետ խոսել։ Դամայի կողքին երկու խոշոր ճամպրուկներ կային, և Շվեյկը միջոց ունեցավ նկատելու սանդուղքից ցած իջնող բեռնակրի գլխարկը։

— Տանը չէ,— վճռաբար ասաց Շվեյկը,— բայց ջահել դաման արդեն գտնվում էր նախասենյակում և անառարկելի տոնով Շվեյկին հրամայեց.

— Ճամպրուկները տարեք սենյակ։

— Առանց պարոն պորուչիկի թույլտվության չի կարելի,— ասաց Շվեյկը։— Պարոն պորուչիկն ինձ հրամայել է առանց իր գիտության ոչինչ չանել։

— Խելագարվե՞լ եք,— ծղրտաց ջահել դաման։— Ես պարոն պորուչիկի մոտ հյուր եմ եկել։

— Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ,— պատասխանեց Շվեյկը։— Պարոն պորուչիկը գտնվում է պաշտոնավայրում և կվերադառնա միայն գիշերը, իսկ ես պինչեր գտնելու հրաման եմ ստացել։ Ոչ մի ճամպրուկի և ոչ մի դամայի մասին ոչինչ չգիտեմ։ Ես պետք է կողպեմ բնակարանի դուռը և ձեզ խոնարհաբար կխնդրեի հեռանալ։ Ինձ այդ մասին ոչ մի կարգադրություն չեն արել, և ես չեմ կարող մի օտար, ինձ անծանոթ անձնավորության մենակ թողնել բնակարանում։ Մեր փողոցում հրուշակագործ Բելչիցկու տանն էլ ահա այսպես մի կողմնակի մարդ էին թողել, իսկ նա մաքրազարդել էր զգեստապահարանն ու ծլկել… Իհարկե, ես դրանով չեմ ուզում ձեր մասին որևէ վատ բան ասել,— շարունակեց Շվեյկը, նկատելով, որ դաման հուսահատված լաց է լինում,— բայց բնավ չի կարելի, որ դուք մնաք այստեղ։ Ինքներդ դատեցեք, քանի որ բնակարանն ինձ է վստահված, ամեն մի մանրուքի համար ես եմ պատասխանատու։ Ուստի մի անգամ ևս խոնարհաբար խնդրում եմ իզուր տեղը ձեզ դժվարին կացության մեջ չդնել։ Առանց պարոն պորուչիկի հրամանի ինձ համար հարազատ եղբայրս անգամ գոյություն չունի։ Ճիշտ է, շատ ցավում եմ, որ ստիպված եմ ձեզ հետ այդպես խոսել, բայց զինվորական ծառայության մեջ նախ և առաջ պետք է կարգ ու կանոն լինի։

Այդ միջոցին ջահել դաման փոքր-ինչ ուշքի եկավ, պայուսակից հանեց իր այցետոմսը, մատիտով մի քանի տող գրեց, դրեց մի սքանչելի ծրարիկի մեջ և վհատորեն ասաց.

— Սա տարեք պարոն պորուչիկին, իսկ ես այստեղ կսպասեմ պատասխանի։ Ահա ձեզ հինգ կրոն ճանապարհի փող։

— Բան դուրս չի գա,— պատասխանեց Շվեյկը, վրդովված անսպասելի հյուրի պնդերեսությունից։— Ձեր հինգ կրոնը ձեզ լինի, ահա դրված է այն աթոռի վրա, իսկ եթե կուզեք՝ միասին գնանք զորանոց, այնտեղ դուք ինձ կսպասեք, ես ձեր նամակը կտանեմ ու կհանձնեմ և պատասխանը կբերեմ։ Իսկ ձեզ բնավ չի կարելի այստեղ մնալ ու սպասել։

Այդ ասելուց հետո նա ճամպրուկները քարշ տվեց նախասենյակ և, պալատական բանալեպահի պես բանալիները զնգզնգացնելով, դռան առաջ կանգնած, ասաց բազմանշանակալից.

— Կողպում ենք․․․

Ջահել դաման անօգնական մարդու տեսքով դուրս եկավ սանդղահարթակ։ Շվեյկը դուռը կողպեց ու առաջ ընկավ։ Դաման մանրիկ քայլերով շնիկի պես վազում էր Շվեյկի հետևից և նրան հասավ միայն այն ժամանակ, երբ սիգարետ գնելու համար նա մտավ մի կրպակ: Հիմա դաման քայլում էր նրա կողքից և ջանում խոսակցություն բանալ.

— Իսկ դուք անպայման կհանձնե՞ք։

— Որ ասել եմ, ուրեմն կհանձնեմ։

— Իսկ պարոն պորուչիկին կգտնե՞ք։

— Չգիտեմ:

Նրանք անխոս քայլում էին կողք-կողքի, մինչև որ, վերջապես, Շվեյկի ուղեկցուհին նորից սկսեց խոսել.

― Ուրեմն, կարծում եք, պարոն պորուչիկին չե՞ք գտնի։

— Ոչ, չեմ կարծում։

— Իսկ ի՞նչ եք կարծում, նա որտե՞ղ կարող է լինել։

— Չգիտեմ։

Դրանով խոսակցությունը երկար ժամանակ ընդհատվեց, մինչև որ ջահել դաման այն վերսկսեց հետևյալ հարցով.

— Նամակն հո չե՞ք կորցրել։

— Առայժմ ոչ։

— Ուրեմն, անպայման կհանձնե՞ք պարոն պորուչիկին։

— Այո։

— Իսկ պորուչիկին կգտնե՞ք։

— Արդեն ասացի, որ չգիտեմ,— պատասխանեց Շվեյկը։— Զարմանում եմ, թե ինչպե՞ս մարդիկ կարող են այդքան հետաքրքրասեր լինել և շարունակ միևնույն բանը հարցնել։ Դա նույնն է, որ ես փողոցում կանգնեցնեի ամեն մի պատահած մարդու և հարցնեի, թե այսօր ամսի քանի՞սն է։

Դրանով էլ վերջացան Շվեյկի հետ լեզու գտնելու բոլոր փորձերը, և զորանոցի մնացած ճանապարհը նրանք անցան միանգամայն լուռ։ Միայն թե, երբ կանգ առան զորանոցի մոտ՝ Շվեյկը դամային առաջարկեց սպասել, իսկ ինքը դարպասի առաջ կանգնած զինվորների հետ սկսեց զրուցել պատերազմի մասին։ Այդ զրույցը պետք է որ արտակարգ բավականություն պատճառեր դամային, եթե դատելու լինեք ըստ այնմ, որ նա տառապյալի տեսքով գնում-գալիս էր մայթի վրա և ինքն իրեն ուտում, տեսնելով, թե ինչպես Շվեյկը շարունակում է շարադրել ռազմաճակատի գործերի վիճակը դեմքի այնպիսի տխմար արտահայտությամբ, որպիսին կարելի էր տեսնել թերևս միայն «Համաշխարհային պատերազմի խրոնիկա»-ի մեջ այն ժամանակ հրապարակված մի լուսանկարում, որի տակ գրված էր. «Ավստրիայի գահաժառանգը զրուցում է երկու օդաչուների հետ, որոնք ցած են գցել մի ռուսական սավառնակ»։

Շվեյկը նստեց դարպասի մոտ գտնվող նստարանի վրա և սկսեց պատմել, թե Կարպատյան ռազմաճակատում մեր զորքերի հարձակումը տապալվել է, սակայն, մյուս կողմից, Պրեմիշլի պարետ գեներալ Կուսմանեկը ժամանել է Կիև, ինչպես և այն, թե Սերբիայում մեր ձեռքին մնացել է տասնմեկ հենակետ, և սերբերը երկար չեն կարող մերոնց հետապնդել։

Այնուհետև Շվեյկն սկսեց քննադատել մի քանի նշանավոր ճակատամարտեր և հանկարծ Ամերիկա հայտնագործեց, ասելով, թե չորս կողմից շրջապատված զորամասը անպայման պետք է անձնատուր լինի։

Կուշտ խոսելուց հետո նա հարկ համարեց մոտենալ հուսահատված դամային և ասել, որ այս րոպեիս կվերադառնա, թող նա ոչ մի տեղ չգնա, իսկ ինքը գնաց վեր՝ գրասենյակ, որտեղ փնտրեց ու գտավ պորուչիկ Լուկաշին, որն այդ ժամանակ ոմն պոդպորուչիկի բացատրում էր խրամատների մի սխեմա և նրան կշտամբում, թե գծագրել չգիտե և երկրաչափությունից ոչ մի գաղափար չունի։

— Տեսնում եք, թե դա ինչպես պետք է անել։ Եթե տվյալ ուղիղ գծի վրա հարկավոր է ուղղահայաց իջեցնել, ապա մենք պետք է այնպիսի ուղիղ գիծ գծենք, որ առաջինի հետ անկյուն կկազմի։ Հասկանո՞ւմ եք։ Այդ դեպքում դուք խրամատները ճիշտ կանցկացննեք, նրանցով չեք մոտենա հակառակորդին, այլ վեցհարյուր մետր հեռու կգտնվեք։ Իսկ ըստ ձեր գծագրածի մենք մեր դիրքերով կմտնեինք հակառակորդի գծի խորքը և մեր խրամատներով հակառակորդի նկատմամբ գրաված կլինեինք ուղղահայաց դիրք։ Բայց չէ՞ որ ձեզ հարկավոր է բութ անկյուն։ Չէ՞ որ դա շատ պարզ բան է, այնպես չէ՞։

Պահեստի պոդպորուչիկը, որ խաղաղ ժամանակ ծառայել էր որպես բանկի գանձապահ, բոլորովին վհատված կանգնել էր գծագրերի առաջ ու ոչինչ չէր հասկանում։ Նա թեթևացած շունչ քաշեց, երբ Շվեյկը մոտեցավ պորուչիկին ու զեկուցեց.

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պորուչիկ, ինչ-որ դամա խնդրում է այս նամակը հանձնել ձեզ և պատասխանի է սպասում։— Այդ ասելիս նա բազմանշանակալից ու ընտանեվարի աչքով արեց։

Այն, ինչ կարդաց պորուչիկը, նրա վրա բարենպաստ տպավորություն չգործեց.—

«Lieber Heinrich! Mein Mann verfolgt mich. Ich muss unbedingt bei Dir ein paar Tage gastieren. Dein Bursch ist efn grosses Mistvieh. Ich bin unglücklich.

Deine Katy»[44].

Պորուչիկ Լուկաշը հառաչեց, Շվեյկին տարավ հարևան դատարկ գրասենյակը, դուռը փակեց և սկսեց սեղանների միջև գնալ ու գալ։ Վերջապես նա կանգ առավ Շվեյկի առաջ։

— Այդ դաման գրում է, թե դուք անասուն եք։ Ի՞նչ եք արել նրան։

— Համարձակվում եմ զեկուցել, ես նրան ոչինչ չեմ արել, պարոն օբեր-լեյտենանտ։ Ես ինձ պահում էի ինչպես հարկն է, սակայն նա ուզում էր իսկույն տեղավորվել բնակարանում։ Բայց քանի որ ձեզնից ոչ մի հրաման չէի ստացել, չթողի, որ մնա այնտեղ։ Դա դեռ բավական չէ, հետը երկու ճամպրուկ էլ է բերել, կարծես իր տունն է եկել։

Պորուչիկը մի անգամ էլ բարձրաձայն հառաչեց։ Հառաչեց և Շվեյկը․

— Ի՞նչ,— սպառնալից գոռաց պորուչիկը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ծա՛նր դեպք է։ Սրանից երկու տարի առաջ Վոյտեշսկա փողոցում ապրող մի պաստառագործի մոտ մի օրիորդ էր մուտք գործել, և պաստառագործը ոչ մի կերպ չէր կարողանում նրան դուրս անել։ Վերջ ի վերջո ստիպված եղավ լուսագազով թունավորել իրե՛ն էլ, նրա՛ն էլ, և բանն այդպես վերջացավ։ Մարդ կնկա հետ գործ չունենա՛։ Ես նրանց լա՜վ եմ ճանաչում։

— Ծա՛նր դեպք է,— կրկնեց պորուչիկը Շվեյկից հետո, և դեռ երբեք այդպիսի ճշմարտություն չէր բարբառել։

«Սիրելի Հայնրիխն» իրոք վատ վիճակի մեջ էր։ Իր ամուսնուց հետապնդվող կինը գալիս է նրա մոտ մի քանի օրով հյուրընկալվելու հենց այն ժամանակ, երբ Տրեշեբոնից պետք է գա պանի Միցեկովան, որպեսզի երեք օրվա մեջ նորից անի այն, ինչ կանոնավոր կերպով անում է երեք ամիսը մի անգամ, երբ գնումների համար գալիս է Պրագա։ Բացի դրանից, վաղը չէ մյուս օրը գալու է մի օրիորդ, որը մի ամբողջ շաբաթ մտածելուց հետո պորուչիկին հաստատ խոսք է տվել, թե նրան թույլ կտա իրեն տիրանալ, քանի որ, միևնույն է, մի ամսից հետո ամուսնանալու է մի ինժեների հետ։

Պորուչիկը գլուխը կախ նստել էր սեղանի վրա և անխոս միտք էր անում, սակայն չգտավ ոչ մի այլ ելք, քան վեր կենալ ու նստել սեղանի առաջ և պաշտոնական բլանկի վրա գրել հետևյալը․

«Սիրելի Կետի.

Մինչև իրիկվա ժամը 9-ը ես կլինեմ պաշտոնատեղում։ Կգամ 10-ին։ Խնդրում եմ տունս քոնը համարես։ Ինչ վերաբերվում է իմ սպասյակ Շվեյկին, ապա ես նրան արդեն հրամայել եմ, որ բոլոր ցանկություններդ կատարված լինեն։ Քո Ինդրժիխ»։

— Այս նամակը հանձնեցեք տիրուհուն,— ասաց պորուչիկը։— Ձեզ հրամայում եմ նրա հետ վարվել քաղաքավարի ու տակտով և կատարել իր բոլոր ցանկությունները, որոնք ձեզ համար պետք է օրենք լինեն։ Դուք նրա նկատմամբ պետք է գալանտ վերաբերմունք ունենաք և խղճի մտոք ծառայեք։ Ահա ձեզ հարյուր կրոն, որի համար հետո ինձ հաշիվ կտաք։ Անշուշտ նա ձեզ կուղարկի որևէ բան գնելու, պատվիրեցեք նրա համար ճաշ, ընթրիք և այլն։ Գնեցեք նաև երեք շիշ գինի և մի տուփ «Մեմֆիս»։ Այդպես։ Առայժմ ուրիշ ոչինչ։ Կարող եք գնալ։ Կրկին հիշեցնում եմ, որ պետք է կատարեք տիրուհու յուրաքանչյուր ցանկությունը, որ կնկատեք նրա աչքերում։

Ջահել դաման արդեն իսպառ կորցրել էր Շվեյկին տեսնելու հույսը և շատ զարմացավ, երբ վերջինս դուրս եկավ զորանոցից և մի նամակ ձեռքին դիմեց դեպի նա։

Շվեյկը զինվորական պատիվ տվեց, նամակը հանձնեց նրան ու զեկուցեց.

— Համաձայն պարոն օբեր-լեյտենանաի հրամանի, ես պարտավոր եմ, տիրուհի՛, ձեզ հետ քաղաքավարի և տակտով վարվել, ծառայել խղճի մտոք և կատարել այն բոլոր ցանկությունները, որ կնկատեմ ձեր աչքերում։ Ինձ հրամայված է ձեզ համար գնել ինչ որ դուք ցանկանալու լինեք։ Դրա համար պարոն օբեր-լեյտենանտից ստացված է հարյուր կրոն, սակայն այդ փողով պետք է գնեմ նաև երեք շիշ գինի և մի տուփ «Մեմֆիս»։

Նամակը կարդալուց հետո դամայի սիրտը նորից տեղն եկավ, որն արտահայտվեց նրանով, որ նա Շվեյկին պատվիրեց կառք վարձել։ Երբ Շվեյկը կատարեց այդ պատվերը, դաման նրան հրամայեց նստել կառապանի նստիքի վրա։

Նրանք տուն գնացին։ Մտնելով բնակարան, դաման հիանալի կատարեց տանտիրուհու դերը։ Շվեյկը ստիպված եղավ ճամպարուկները տեղափոխել ննջարան և գորգերը բակում թափ տալ։ Հայելու հետևում գոյացած հազիվ նկատելի սարդոստայնն անգամ դամային մեծագույն վրդովմունք պատճառեց։

Այդ ամենից երևում էր, որ նա մտադիր է այդ մարտական դիրքերը գրավել երկար ժամանակով։

Շվեյկը քրտինքի մեջ կորել էր։ Երբ նա գորգերը թափ տվեց վերջացրեց, դամայի խելքին փլեց, թե հարկավոր է հանել ու թափ տալ վարագույրները։ Այնուհետև նա Շվեյկին հրամայեց լվանալ սենյակի և խոհանոցի լուսամուտները։ Դրանից հետո դաման սկսեց վերադասավորել կահույքը։ Այդ բանը նա անում էր մեծ ջղագրգռությամբ, և երբ Շվեյկն ամեն ինչ քարշ տվեց մի անկյունից մյուսը, ապա դամային դա նորից դուր չեկավ, և նա սկսեց վերստին կոմբինացիաներ կատարել ու նոր վերադասավորումներ մտմտալ։

Դաման ամբողջ բնակարանը տակն ու վրա արեց, սակայն բնավորվելու նրա եռանդն սկսեց կամաց-կամաց սպառվել, և ավերմունքն հետզհետե դադարեց։

Նա կոմոդից հանեց անկողնու մաքուր սպիտակեղեն և իր ձեռքով փոխեց բարձերի ու փետրաներքնակների երեսները։ Երևում էր, որ նա այդ բանն անում էր անկողնասիրաբար։ Անկողին ասածը ստիպում էր, որ նրա ռունգերը վավաշորեն թրթռային։

Այնուհետև նա Շվեյկին ուղարկեց ճաշ ու գինի բերելու, իսկ ինքն այդ միջոցին հագավ մի թափանցիկ կոմբինացիա, որի մեջ չափազանց գայթակղիչ տեսք ուներ։

Ճաշի ժամանակ նա մի շիշ գինի խմեց, ծխեց բազմաթիվ «մեմֆիսիկներ» և անկողին մտավ։ Իսկ Շվեյկը խոհանոցում անուշ էր անում իր զինվորաբաժին հացը՝ թաթախելով քաղցրահամ օղու բաժակի մեջ։

— Շվե՛յկ,— լսվեց հանկարծ ննջարանից,— Շվե՛յկ։

Շվեյկը բացեց դուռը և տեսավ ջահել դամային, որ գեղանի պոզայով պառկած էր բարձերի վրա։

— Մտե՛ք։

Շվեյկը մոտեցավ անկողնուն։ Դաման, մի ուրիշ տեսակ ժպտալով, հայացքով ոտից-գլուխ լափեց նրա ամրակազմ կերպարանքն ու մսեղ ազդրերը։ Ապա, բարձրացնելով այն նուրբ շորը, որ ծածկում ու թաքցնում էր ամեն ինչ, խստորեն հրամայեց, «Հանեցեք ձեր կոշիկներն ու շալվարը։ Ցո՛ւյց տվեք…»։

Загрузка...