— Ես ձեզ միայն մի բան կասեմ, Շվեյկ,— խորապես հառաչելով ասաց պորուչիկ Լուկաշը։— Դուք ձեզ բնավ հաշիվ չեք տալիս ձեր զանցանքների չափի մասին։ Արդեն ինքս էլ զզվել եմ, շարունակ կրկնելով, թե դուք ապուշ եք։ Ձեր հիմարությունը բնորոշող բառ չկա։ Եվ եթե ձեզ ապուշ եմ անվանում, ապա դա շատ մեղմ բառ է։ Դուք այնպիսի սոսկալի բան եք արել, որի համեմատությամբ բոլորովին անմեղ բաներ են այն բոլոր հանցանքները, որ կատարել եք ձեզ ճանաչելուս օրվանից ի վեր։ Եթե միայն իմանա՜ք ինչ եք արել, Շվեյկ․․․ Բայց երբեք չեք իմանա։ Եթե երբևէ այդ գրքույկները նրանց միտն ընկնի, չհամարձակվեք դուրս տալ, թե երկրորդ հատորի մասին հեռախոսով ձեզ ինչ եմ ասել․․․ Եթե խոսք լինի, թե առաջին և երկրորդ հատորների բանն ինչպես է եղել, այնպես ցույց տվեք, թե ո՛չ տեսել եք, ո՛չ լսել։ Թե իբր ոչինչ չգիտեք և ոչինչ չեք հիշում։ Հապա վարձեցեք ինձ որևէ պատմության մեջ գցել։ Իմացած եղեք, որ․․․
Պորուչիկ Լուկաշն այնպես էր խոսում, որ կարծես տենդի մեջ լիներ։ Երբ նա լռեց, Շվեյկն այդ պահն օգտագործեց մի այսպիսի հարցի համար․
― Խնդրում եմ մեծահոգաբար ինձ ներել, պարոն օբեր-լեյտենանտ, բայց ինչո՞ւ ես երբեք չպետք է իմանամ, թե ինչ սոսկալի բան եմ արել։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, համարձակվում եմ միայն նրա համար, որ հետագայում կարողանամ նման բաներից խուսափել։ Չէ՞ որ մենք, ինչպես ասում են, սովորում ենք մեր սխալների վրա։ Ա՛յ, օրինակ, Դանկովկայում ապրող ձուլիչ Ադամեցը, որ սխալմամբ աղաթթու խմեց․․․
Շվեյկը խոսքը չավարտեց, քանզի պորուչիկ Լուկաշն ընդհատեց նրա պատմությունը.
— Ապո՛ւշ։ Ես ձեզ ոչինչ էլ չեմ բացատրի։ Նորից մտեք վագոն և Բալոունին ասացեք, որ երբ հասնենք Բուդապեշտ՝ թող շտաբի վագոն բերի մի բուլկի և լյարդի պաշտետը, որը, անագաթերթի մեջ փաթաթած, դրված է ճամպրուկիս ներքևի մասում։ Իսկ Վանեկին ասացեք, որ նա ջորի է։ Երեք անգամ ես նրան հրամայել եմ, որ ինձ վաշտի թվական կազմի ստույգ տվյալներ ներկայացնի։ Այսօր այդ տվյալներն ինձ պետք էին, և պարզվեց, որ իմ ձեռքին անցած շաբաթվա հին տվյալներն են։
— Zum Befehl, Herr Oberleutnant[24],― կաղկանձեց Շվեյկը և անշտապ դիմեց դեպի իր վագոնը։
Պորուչիկ Լուկաշը, երկաթուղու պաստառի վրա հետ ու առաջ քայլելով, ինքն իրեն նախատում էր. «Պետք էր մի ապտակ հասցնեի, իսկ ես կանգնել nւ հետը զրույց եմ անում, ինչպես բարեկամի հետ»։
Շվեյկը ծանր ու մեծ մտավ իր վագոնը։ Նա իր անձի նկատմամբ հարգանքով էր համակվել։ Չէ՞ որ ամեն օր մարդու չի հաջողվի այնքան սոսկալի բան անել, որ նույնիսկ ինքը իրավունք չունենա իր արածն իմանալու։
— Պարոն ֆելդֆեբել,— զեկուցեց Շվեյկը, նստելով իր տեղը,— պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշը, ինչպես ինձ թվում է, այսօր շատ լավ տրամադրության մեջ է։ Նա հրամայեց ձեզ հայտնել, որ դուք ջորի եք, քանի որ արդեն երեք անգամ ձեզնից ստույգ տվյալներ է պահանջել վաշտի թվական կազմի մասին։
— Աստվա՜ծ իմ,— հուզվեց Վանեկը։— Հիմա ես այդ դասակապետերին ցույց կտամ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ ամեն մի ավարա դասակապետ իր խելքին փչածն է անում և դասակի կազմի մասին ինձ տվյալներ չի ուղարկում։ Ի՞նչ է, մատի՞ցս ծծեմ այդ տվյալները։ Ահա թե ի՛նչ կարգեր կան մեր վաշտում։ Դա հնարավոր է միայն մեր տասնմեկերորդ երթային վաշտում։ Ես դա նախազգում էի, այդպես էլ գիտեի։ Ոչ մի րոպե չեմ կասկածել, որ մեզ մոտ կարգ ու կանոն չկա։ Այսօր խոհանոցում չորս բաժին պակասում է, վաղն, ընդհակառակը, երեք բաժին ավելանում։ Թող այդ ավազակները գոնե հայտնեին, թե հոսպիտալում ով կա պառկած։ Դեռ անցած ամիս իմ ցուցակներում ինչ-որ Նիկոդեմ կար նշված, և միայն ռոճիկը վճարելիս իմացա, որ այդ Նիկոդեմը սրընթաց թոքախտից մեռել է Բուդեյովիցիի տուբերկուլյոզային հիվանդանոցում, իսկ մենք այդ ամբողջ ժամանակ նրա համար պարեն ենք ստացել։ Մենք նրա համար մունդիր ենք դուրս գրել, իսկ թե դա ի՞նչ է եղել աստված գիտե։ Եվ դրանից հետո պարոն օբեր-լեյտենանտը ինձ ջորի է անվանում։ Նա ինքը ի վիճակի չէ հետևելու իր վաշտի կարգ ու կանոնին։
Գնդի ավագ գրագիր Վանեկը հուզված գնում-գալիս էր վագոնում։
— Եթե ես հրամանատար լինեի, ինձ մոտ ամեն ինչ իր կարգով կգնար։ Ես տեղեկություններ կունենայի ամեն մի զինվորի մասին։ Ենթասպաներն օրական երկու անգամ ինձ տվյալներ կտային թվական կազմի մասին։ Բայց մարդ ի՞նչ կարող է անել, երբ մեր ենթասպաները բոլորովին բանի պետք չեն։ Եվ բոլորից վատ դասակի հրամանատար Զիկան է։ Թողնես մի գլուխ կատակներ անի ու անեկդոտներ պատմի։ Մարդ նրան հայտնում է, որ Կոլարժիկը նրա դասակից տեղափոխված է գումակ, իսկ նա մյուս օրը զեկուցում է, թե դասակի թվական կազմը մնացել է անփոփոխ, կարծես թե Կոլարժիկը հիմա էլ թրևում է վաշտում և նրա դասակում։ Եվ այդպես ամեն օր։ Եվ դրանից հետո ես ջորի եմ։ Ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, այդ ձևով դուք բարեկամներ չեք շահի։ Գնդի ավագ գրագիրը, որ ֆելդֆեբելի աստիճան ունի, ձեզ համար ինչ-որ եֆրեյտոր չէ, որով ամեն մարդ կարող է սրբել իր․․․
Բալոունը, որ բերանը բաց լսում էր, Վանեկի փոխարեն ասաց այդ գողտրիկ բառը, ցանկանալով, ըստ երևույթին, խառնվել խոսակցությանը։
— Զա՛յնդ, պապանձվիր,— բարկացավ սաստիկ վրդովված ավագ գրագիրը։
— Լսիր, Բալոուն,— հանկարծ հիշեց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտը քեզ հրամայել է, որ Բուդապեշտ հասնելուն պես նրա համար տանես մի բուլկի և անագաթղթով փաթաթած այն պաշտետը, որ գտնվում է պարոն օբեր-լեյտենանտի ճամպրուկի ամենացածի մասում։
Հսկա Բալոունը միանգամից կուչ եկավ, անհուսորեն կախ գցելով իր կապկային երկար թևերը, և երկար ժամանակ մնաց այդ վիճակում։
— Պաշտետը չկա՜,— հազիվ լսելի թոնթորաց նա հուսահատաբար, հայացքը հառած վագոնի կեղտոտ հատակին։
— Պաշտետը չկա՜,— կրկնեց նա ընդհատ-ընդհատ։— Ես կարծում էի․․․ Ես ճանապարհվելուց առաջ բացեցի պաշտետը․․․ հոտ քաշեցի․․․ թե հո չի՞ հոտել․․․
— Համը տեսա՜,— գոռաց նա այնպիսի անկեղծ զղջումով, որ բոլորի համար ամեն ինչ պարզ դարձավ։
― Դուք, Բալոուն, պետք է շարունակ ինքներդ ձեզ հետևեք, որպեսզի չկորցնեք հավատը ձեր անձի և բախտի նկատմամբ։ Դուք իրավունք չունեք ձեզ վերագրելու այն, ինչ հանդիսանում է ուրիշների արժանիքը։ Ամեն անգամ, երբ ձեր առջև ծառանա այնպիսի պրոբլեմ, որպիսին դուք լափել եք, ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում լյարդի պաշտետն իմ նկատմամբ»։
Շվեյկն անհրաժեշտ համարեց այդ տեսական դրույթը պարզաբանել համապատասխան օրինակով․
— Բալոուն, դու ասում էիր, թե ձեր տանը խոզ են մորթելու և ապխտելու և թե, հենց որ մեր դաշտային փոստի համարն իմանաս, քեզ մի բուդ պիտի ուղարկեն։ Դե, հիմա պատկերացրու, դաշտային փոստը բուդն ուղարկել է մեր վաշտը, և ես ու գնդի պարոն ավագ-գրագիրը մեզ համար մեկական պատառ կտրել ենք։ Վետչինան մեզ այնքան է դուր եկել, որ կտրել ենք ևս մեկական պատառ, մինչև որ բդին պատահել է նույնը, ինչ իմ ծանոթ փոստատարին, որի ազգանունը Կոզյոլ էր։ Այդ Կոզյոլը ոսկրափուտ ուներ։ Սկզբում ոտքը կտրեցին մինչև կոճը, հետո մինչև ծունկը, հետո էլ մինչև ազդրը, և եթե մարդը ժամանակին չմեռներ նրան անվերջ կկտրեին ու կսրեին գրաֆիտը փշրված մատիտի պես։ ՈՒրեմն, մենք լափեցինք քո բուդը, ինչպես դու լափել ես պարոն օբեր-լեյտենանտի լյարդի պաշտետը։
Աժդահա Բալոունը բոլորի վրա մի տխուր հայացք նետեց։
— Միայն իմ ջանքերի շնորհիվ էր,— հիշեցրեց Բալոունին ավագ-գրագիրը,— որ դուք մնացիք որպես պարոն օբեր-լեյտենանտի սպասյակ։ Ձեզ ուզում էին սանիտար նշանակել, և դուք պետք է ստիպված լինեիք մարտի դաշտից վիրավորներ դուրս բերել։ Դուկլայի մոտ մերոնք երեք անգամ սանիտարներին ուղարկեցին պրապորշչիկին բերելու, որը լարափակոցների առաջ փորից վիրավորվել էր, և նրանք բոլորը մնացին այնտեղ, բոլորի գլխին էլ գնդակ էր դիպել։ Սանիտարների միայն չորրորդ զույգին հաջողվեց կրակի գծից դուրս բերել, բայց դեռ վիրակապման կայան չհասած պրապորշչիկս հոգին ավանդեց։
Բալոունն այլևս չդիմացավ ու հեծկլտաց։
― Ամո՛թ քեզ,— արհամարհանքով ասաց Շվեյկը,― և դեռ զինվո՜ր է։
― Հա՜-ա՜, բայց որ պատերազմի համար պետքական չեմ,— սկսեց նվնվալ Բալոունը։— Ես շատակեր եմ, անկշտում, ճիշտ է։ Բայց, ախր, դրա պատճառն այն է, որ ինձ իմ սովորական կյանքից կտրել են։ Մեր ամբողջ ցեղն այդպես է։ Հանգուցյալ հայրս Պրոտիվին պանդոկում գրազ է եկել, թե մի նստելում հիսուն սարդելկա և երկու բոքոն կուտի, և գրազը տարել է։ Իսկ ես մի անգամ գրազ եկա, թե չորս սագ և չորս աման կաղամբով կնեդլիկ կուտեմ, և կերա։ Պատահում էր, որ ճաշից հետո սիրտս ուզում էր մի բան ուտել։ Մտնում էի մառանը, ինձ համար մի կտոր միս կտրում, երկու աման գարեջուր բերել տալիս և երկու կիլոգրամ ապխտած միս ճխտում։ Մեր տանը մի բատրակ կար, անունը Վոմելա, ծեր մարդ էր, ինձ միշտ խրատում էր, որ դրանով չպարծենամ ու չափից ավելի լափել չսովորեմ։ Հիշում էր, թե ինչպես իր պապը իրեն պատմել է մի շատակերի մասին։ Մի պատերազմի ժամանակ ութ տարի շարունակ հացի բերք չի եղել։ Այն ժամանակ ծղոտից ու կտավատի քուսպից մի տեսակ բան են թխել, իսկ երբ ուժները պատել է կաթի մեջ մի քիչ շոռ են բրդել,— քանի որ հաց չի եղել,— ապա դա իրենց համար, մեծ տոն ու ուրախության է եղել։ Շատակեր գյուղացին մի շաբաթ չանցած մեռել է, որովհետև, ստամոքսը սովի սովոր չի եղել։
Բալոունը իր վշտալի հայացքն ուղղեց դեպի երկինք։
— Բայց ես հավատում եմ, որ որքան էլ աստված մարդկանց պատժում է նրանց մեղքերի համար, այնուամենայնիվ, նրանց բոլորովին չի զրկում իր ողորմածությունից։
— Աստված ինքն է շատակերներ ստեղծել, ինքն էլ նրանց մասին կհոգա,— վրա թերեց Շվեյկը։— Արդեն մի անգամ քեզ կապել են, իսկ հիմա միանգամայն արժանի ես, որ ուղարկեն առաջավոր դիրքերը։ Երբ ես պարոն օբեր-լեյտենանտի մոտ սպասյակ էի, նա ամեն բան ինձ վստահում էր։ Նրա մտքով չէր անցնի, թե ես նրա տանը կարող եմ որևէ բան լափել։ Երբ մթերաբաժնից դուրս բան էին տալիս, նա միշտ ասում էր․ «Դա թող մնա ձեզ, Շվեյկ», և կամ․ «Ի՞նչ եմ անել ու, ինձ շատ բան պետք չէ։ Մի մասը թողեք ինձ, իսկ մնացածը ինչ կուզեք արեք»։ Իսկ երբ մենք ապրում էինք Պրագայում, նա ինձ ուղարկում էր ռեստորանից ճաշ բերելու։ Այնտեղի ճաշաբաժինները շատ փոքր էին, և որպեսզի նրա մտքով որևէ վատ բան չանցներ, ես իմ վերջին կոպեկներով նրա համար մի բաժին ավելի էի առնում, միայն թե մարդը կուշտ ուտեր։ Բայց մի օր գլխի ընկավ։ Ես ռեստորանից բերում էի մենյուն և նա ընտրում էր իր ուզած ճաշը։ Մի անգամ ֆարշած աղավնի ընտրեց։ Երբ ինձ կես աղավնի տվին, միտք արի, որ պարոն օբեր-լեյտենանտը կարող է կարծել, թե մյուս կեսր կերել եմ։ Մի կես աղավնի էլ առա և այնպիսի արքայական բաժին բերի, որ պարոն օբեր-լեյտենանտ Շեբան, որն այդ օրը փորը լցնելու համար լեյտենանտիս հյուր էր եկել հենց ճաշի ժամին, նույնպես կշտացավ։ Իսկ երբ կշտացավ, ասաց․ «Միայն թե ինձ մի հավատացրա, թե դա մի բաժին էր։ Աշխարհում ոչ մի տեղ մարդ մենյուով մի ամբողջ ֆարշած աղավնի չի ստանա։ Եթե այսօր կարողանամ փող գտնել, ճաշը բերել կտամ քո այդ ռեստորանից։ Խոստովանիր, որ դա կրկնակի բաժին էր»։ Պարոն օբեր-լեյտենանտն ինձ խնդրեց հաստատել, որ նա ինձ մի բաժնի փող է տվել, քանի որ չէր կարող իմանալ, որ այդ օրը հյուր է ունենալու։ Ես հաստատեցի։ «Այ, տեսնո՞ւմ ես,— ասաց պարոն օբեր-լեյտենանտը։— Բայց դա դեռ ոչինչ։ Օրերս Շվեյկը ճաշին ինձ սագի երկու բուդ բերեց։ Պատկերացրու — լապշա, անձրուկի սոուսով տավարի միս, սագի երկու բուդ, խմորագնդիկներ ու այնքան կաղամբ, որ քիչ էր մնում առաստաղին հասներ, և վերջապես, բլիններ»։
— Փա՜հ-փա՜հ-փա՜հ, գրողը տանի,— շրթունքները լիզեց Բալոունը։
Շվեյկը շարունակեց,
— Դա գայթակղության քար հանդիսացավ։ Պարոն օբեր-լեյտենանտ Շեբան հաջորդ օրը իր լողլող սպասյակին ուղարկում է մեր ռեստորանը։ Սպասյակը նրան մի պստլիկ կոլոնձ հավով փլավ է բերում, այնքան, ինչքան վեց շաբաթական երեխան կկեղտոտի բարուրի մեջ, երկու փոքր գդալ։ Այդ ժամանակ օբեր-լեյտենանտ Շեբան հարձակվում է նրա վրա, թե՝ կեսը կերել ես, իսկ նա մի գլուխ պնդում է, թե ինքը մեղք չունի։ Պարոն օբեր-լեյտենանտը մի լավ հասցնում է նրա ռեխին և ինձ օրինակ բերում, թե, տես, նա ինչպիսի բաժիններ է բերում պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի համար։ Մյուս օրը այդ իզուր ծեծված զինվորը նորից է գնում ճաշ բերելու, ռեստորանում իմ մասին հարցուփորձ է անում, հետո գալիս ամեն ինչ պատմում իր պարոնին, սա էլ իր հերթին՝ իմ օբեր-լեյտենանտին։ Մի իրիկուն նստած եմ թերթը ձեռքիս ու կարդում եմ կռվի դաշտից թշնամու շտաբների տված հաղորդագրությունները։ Հանկարծ ներս է մտնում իմ օբեր-լեյտենանտը, երեսին գույն չկա, և միանգամից պահանջում է, որ ասեմ, թե ռեստորանից իմ հաշվին քանի՞ կրկնակի բաժին եմ առել։ Ասում է, թե ինքը ամեն ինչ գիտե և ժխտելն ինձ չի օգնի, թե վաղուց գիտեր, որ ես ապուշ եմ, բայց որ խելագար էլ եմ՝ իբր մտքովը չի անցել, թե ես իրեն այնպես եմ խայտառակել, որ հիմա իր միակ ցանկությունն է՝ գնդակահարել նախ ինձ, հետո իրեն։ «Պարոն օբեր-լեյտենանտ,— բացատրում եմ ես,— երբ դուք ինձ սպասյակ էիք վերցնում, առաջին իսկ օրն ասացիք, թե բոլոր սպասյակները չարագործներ և սրիկաներ են, իսկ քանի որ այդ ռեստորանում իսկապես շատ փոքր բաժիններ էին տալիս, դուք հիրավի կարող էիք կարծել, թե ես էլ բոլորի պես սրիկա եմ և լափել եմ ձեր․․․»։
— Ողորմա՜ծ աստված,— շշնջաց Բալոունը, կռացավ պորուչիկ լուկաշի ճամպրուկի վրա և վերջինիս հետ անհետացավ վագոնի խորքում։
― Հետո պորուչիկ Լուկաշը,— շարունակեց Շվեյկը,— սկսեց պրպտել իր բոլոր գրպանները, իսկ երբ ոչինչ չգտավ, ժիլետի գրպանից հանեց արծաթե ժամացույցը և տվեց ինձ։ Այնպե՜ս զգացված էր։ «Շվեյկ, ասում է, երբ ռոճիկս ստանամ՝ հաշիվ կազմեցեք, թե ձեզ որքան եմ պարտք։ Իսկ այս ժամացույցը ինձնից ձեզ նվեր։ Եվ մյուս անգամ ապուշ չլինեք»։ Մի անգամ մենք շատ նեղն էինք ընկել և ես ժամացույցը տարա լոմբարդ․․․
― Այդ ի՞նչ եք անում այդտեղ, Բալոուն,— հանկարծ ձայն տվեց ավագ գրագիր Վանեկը։
Անսպասելիությունից խեղճ Բալոունի խեղդահազը բռնեց։ Նա արդեն հասցրել էր բացել պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և բերանն էր խոթում նրա վերջին բուլկին։
* * *
Կայարանի մոտով, առանց կանգ առնելու, անցավ մի ուրիշ գինվորական գնացք, որ լեփ-լեցուն էր սերբիական ռազմաճակատ ուղարկվող դոյչմայստերներով։ Նրանք դեռ մինչև հիմա ուշքի չէին եկել Վիեննայում տեղի ունեցած խանդավառ ճանապարհումից և անդադրում բղավում էին․
Խիզախ իշխան Եվդենին
Խոստում տվեց արքային
Բելգրադն առնել, տալ նրան,
Արագ շինել մի կամուրջ,
Որ զորքերը մարտաշունչ
Դեպի կռիվ ընթանան․․․
Բեղերը կտրիչավարի ոլորած մի կապրալ, արմունկներով հենված բաց դռան առաջ նստած զինվորներին, որոնք թափահարում էին իրենք ոտքերը, դուրս էր կախվել վագոնից, չափ էր տալիս ու գոռում․
Կամուրջն արագ շինեցին,
Եվ գումակն ու այրուձին
Պղտոր Դանուբն անց կացան,
Զեմլինի մոտ ամրացան,
Որ քամուն տան սերբերին․․․
Նա հանկարծ հավասարակշռությունը կորցրեց, դուրս ընկավ վագոնից, թափով մեկ փորը խփեց սլաքի լծակին և մնաց նրա վրա, ինչպես քորոցի ծայրին ցցված։ Իսկ գնացքը շարունակում էր առաջ ընթանալև հետևի վագոններում սկսեցին մի ուրիշ երգ․
Կոմս Ռադեցկին մեծանուն
Երդվեց քշել թշնամուն
Լոմբարդիայից այն ավեր,
Վերոնայում անհամբեր
Նա սպասեց մինչև գան
Իր ուժերը օգնական․․․
Տխմար սլաքի ծայրին տնկված ռազմատենչ կապրալը մեռել էր։ Նրա մոտ արդեն պահակություն էր անում կայարանի պարետատան կազմի մեջ մտնող մի դեռահաս զինվորիկ, որն արտակարգ լրջությամբ էր կատարում իր պարտականությունը։ Նա կանգնել էր ձիգ, այնպիսի հաղթական տեսքով, որ կարծես ինքն էր կապրալին տնկել սլաքի վրա։
Դեռահաս զինվորը հունգարացի էր, և, երբ Իննսունմեկերորդ գնդի գումարտակի էշելոնից որևէ մեկը գալիս էր կապրալին նայելու, նա կայարանով մեկ բղավում էր․
― Nem szabad! Nem szabad! Komision militär nem szabad![25]
— Մեռավ պրծավ,— հառաչեց քաջարի զինվոր Շվեյկը, որ նույնպես հետաքրքրվողների մեջ էր։— Դա էլ իր առավելությունն ունի։ Թեև մարդու փորը երկաթ է մտել, այնուամենայնիվ բոլորը գիտեն, թե նա որտեղ է թաղված։ Ստիպված չեն լինի նրա գերեզմանը որոնել ռազմի բոլոր դաշտերում։ Շատ խնամքով է տնկվել,— գործիմաց մարդու պես ավելացրեց Շվեյկը, բոլոր կողմերից նայելով կապրալին։— Աղիքները մնացել են շալվարի մեջ․․․
— Nem szabad, nem szabad!,– բղավում էր հունգարացի դեռահաս զինվորը,— komision militär bahnhof, nem szabad!։
Հանկարծ Շվեյկի հետևից մի խիստ գոռոց լսվեց․
— Դուք այստեղ ի՞նչ եք անում։
Նրա առաջ կանգնած էր կադետ Բիգլերը։ Շվեյկը պատիվ տվեց։
— Համարձակվում եմ զեկուցել, նայում ենք հանգուցյալին, պարոն կադետ։
— Իսկ այդ ի՞նչ ագիտացիա եք մղում դուք այստեղ։ Ձեր ի՞նչ գործն է այս ամենը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կադետ,— արժանապատվորեն և հանգիստ պատասխանեց Շվեյկը,— ես ոչ մի տեղ ոչ մի ագիտացիա չեմ մղել։
Կադետի հետևում հնչեց զինվորների ծիծաղը, և առաջ եկավ ավագ գրագիր Վանեկը։
— Պարոն կադետ,― բացատրեց նա,— պարոն օբեր-լեյտենանտը հանձնակատար Շվեյկին ուղարկել է այստեղ, որպեսզի տեսնի ու նրան ասի, թե ինչ է պատահել։ Հենց նոր ես շտաբի վագոնումն էի։ Այնտեղ գումարտակի հրամանատարի կարգադրությամբ Մատուշիչը ձեզ է որոնում։ Դուք պետք է անհապաղ ներկայանաք պարոն կապիտան Սագներին։
Երբ մի րոպե հետո հնչեց գնացք նստելու ազդանշանը, բոլորը դիմեցին դեպի իրենց վագոնները։
Վանեկը, Շվեյկի կողքից քայլելով, ասաց․
― Երբ շատ մարդ է հավաքվում, աշխատեցեք քիչ ճամարտակել։ Կարող եք փորձանքի մեջ ընկնել։ Քանի որ այդ կապրալը դոյչմայստեր է, ապա կարող են կարծել, թե դուք նրա մահվան համար ուրախացել եք։ Չէ՞ որ Բիգլերը մոլի չեխակեր է։
— Բայց ես ոչինչ չէի ասում,— առարկեց Շվեյկը ամեն մի կասկած բացառող տոնով,— բացի այն բանից, որ կապրալը խնամքով է տնկվել և աղիքները մնացել են շալվարի մեջ, նա կարող էր․․․
— Ավելի լավ կլինի այս խոսակցությանը վերջ տանք, Շվեյկ։— Եվ ավագ գրագիր Վանեկը թքեց։
– Ախր չէ՞ որ մեկ է,— չէր սսկվում Շվեյկը,— թե աղիքներդ որտեղ դուրս կթափվեն հանուն կայսեր, այստե՞ղ թե այնտեղ։ Նա իր պարտքը կատարեց․․․ Նա կարող էր․․․
― Նայեցեք, Շվեյկ,— ընդհատեց նրան Վանեկը,— գումարտակի հանձնակատար Մատուշիչը նորից դեպի շտաբի վագոնն է սլանում։ Զարմանում եմ, թե ինչպես բոյով մեկ չփռվեց ռելսերի վրա։
Դրանից քիչ առաջ կապիտան Սագների և ջանասեր կադետ Բիգլերի միջև տեղի ունեցավ մի այսպիսի խիստ խոսակցության․
— Ես զարմացած եմ, կադետ Բիգլեր,— սկսեց կապիտան Սագները։— Ինչու դուք ինձ անհապաղ չեք զեկուցել, որ զինվորներին չեն տվել հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկը։ Հիմա ես ստիպված եմ ինքս գնալ և պարզել, թե ինչու են զինվորները պահեստից դատարկ ձեռքով հետ գալիս։ Պարոն սպաներն էլ ի՛նչ ասես արժեն, կարծես նրանց համար հրամանը հրաման չէ։ Չէ՞ որ ես պարզ և որոշ ասացի․ «Դեպի պահեստը երթային զորասյունով, վաշտ առ վաշտ»։ Դա կնշանակե, որ եթե դուք պահեստում ոչինչ չեք ստացել, ապա պետք է վերադառնաք դարձյալ երթային զորասյունով, վաշտ առ վաշտ։ Ես ձեզ, կադետ Բիգլեր, հրամայեցի կարգ պահպանել, իսկ դուք ամեն ինչ ինքնահոսի թողիք։ Ուրախացել էիք, որ այլևս հարկ չկա երշիկի բաժինները հաշվել, և հանգիստ թողել-գնացել էիք նայելու,— ես դա լուսամուտից տեսնում էի,— դոյչմայստերների շամփրված կապրալին։ Իսկ երբ ես հրամայեցի ձեզ կանչել, ազատություն տվիք ձեր կադետային երևակայությանը և ամեն տեսակ հիմարություններ դուրս տվիք, թե, իբր, գնացել էի համոզվելու, արդյոք շամփրված կապրալի մոտ որևէ ագիտացիա չի՞ մղվում․․․
— Համարձակվում եմ զեկուցել, տասնմեկերորդ գնդի հանձնակատար Շվեյկը․․․
— Գլուխս մի տանեք ձեր այդ Շվեյկով,— բղավեց կապիտան Սագները։— Չկարծեք, կադետ Բիգլեր, որ ձեզ այստեղ կհաջողվի պորուչիկ Լուկաշի դեմ ինտրիգներ սարքել։ Շվեյկին մենք էինք ուղարկել այնտեղ․․․ Այնպես եք նայում ինձ, որ կարծես ձեր նկատմամբ մանրախնդրության եմ անում։ Այո․․․ ես մանրախնդրություն եմ անում, կադետ Բիգլեր․․․ Եթե դուք չեք հարգում ձեր պետին, ջանում եք նրան արատավորել, ապա ես ձեզ այնպես գործի կդնեմ, որ դուք, կադետ Բիգլեր, Ռաբ կայարանը երկար հիշեք։ Միայն թողնեն պարծենաք ձեր տեսական գիտելիքներով․․․ Սպասեցեք, հենց որ ռազմաճակատ հասնենք․․․ Այն ժամանակ ես ձեզ սպայական հետախուզության կուղարկեմ լարափակոցների այն կողմը․․․ Իսկ այդ ինչպե՞ս եք զեկուցում։ Ասենք, ես չլսեցի էլ ձեր զեկույցը, երբ ներս մտաք․․․ Նույնիսկ տեսականորեն, կադետ Բիգլեր․․․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, որ հարյուր հիսուն գրամ հունգարական երշիկի փոխարեն զինվորները ստացան երկուական բացիկ։ Ահավասիկ, պարոն կապիտան[26]․․․
Բիգլերը գումարտակի հրամանատարին հանձնեց երկու բացիկ, որ հրատարակել էր Վիեննայի զինվորական արխիվը, որի պետն էր հետևազորի գեներալ Վոյնովիչը։ Բացիկի մի երեսին նկարված էր ռուս զինվոր՝ մի մորուքավոր մուժիկ, որին գրկել էր մի կմախք։ Ծաղրանկարի տակ գրված էր․ «Der Tag, an dem das perfide Rußland krepieren wird, wird ein Tag der Erlösung für ganze unsere Monarchie sein.»[27]։ Մյուս բացիկը պատրաստված էր գերմանական կայսրությունում։ Դա գերմանացիների նվերն էր ավստրո-հունգարական մարտիկներին։ Բացիկի վերևում տպված էր․ «Viribus unitis»[28], տակը զետեղված էր մի նկար՝ սըր Գրեյը՝ կախաղանի վրա, որի տակ ուրախ-ուրախ պատիվ էին տալիս ավստրիացի և գերմանացի զինվորները։ Նկարի տակ տպագրված էր մի ոտանավոր Գրեյնցի «Երկաթե բռունցք» գրքից (ուրախ քառյակներ մեր թշնամիների մասին)։ Գերմանական թերթերը նշում էին, թե Գրեյնցի ոտանավորները ձաղկող են, լի անխարդախ հումորով և չգերազանցված սրամտությամբ։ Ահա կախաղանի տակ զետեղված ոտանավորի թարգմանությունը․
ԳՐԵՅԸ
Բարձունքի վրա կախաղան հանված,
Ճոճվում է Էդվարդ Գրեյն անաստված․
Պետք էր ավելի շուտ կախել նրան,
Բայց մի հանգամանք խանգարեց դրան․—
Ոչ մի սեգ կաղնի չուզեց իր ճյուղին
Օրորել նրան՝ Հիսուս Քրիստոսին դավաճանողին,
Եվ անասունն այդ ճոճվում է, ավա՜ղ,
Ֆրանսիացիների հանրապետական կաղամախից կախ։
Կապիտան Սագները դեռ մինչև վերջ չէր կարդացել «անխարդախ հումորով ու չգերազանցված սրամտությամբ» լի այդ տողերը, երբ վազեվազ շտաբի վագոն մտավ գումարտակի հանձնակատար Մատուշիչը։
Նրան կապիտան Սագներն ուղարկել էր կայարանի պարետանոցին կից հեռագրատունը՝ իմանալու, թե արդյոք որևէ հրաման չկա՞, և նա բերել էր բրիգադից արված մի հեռագիր։ Վերծանման բանալիին դիմելու հարկ չեղավ։ Հեռագիրը ծածկագրված չէր և բարբառում էր․ Rasch abkochen, dann Vormarsch nach Sokal[29]։
Կապիտան Սագները մտահոգ օրորեց գլուխը։
— Համարձակվում եմ զեկուցել,— ասաց Մատուշիչը,— կայարանի պարետը հրամայեց ձեզ խնդրել, որ անձամբ գնաք իր մոտ բանակցելու։ Ստացված է ևս մի հեռագիր։
Փոքր-ինչ հետո կայարանի պարետի և կապիտան Սագների միջև տեղի ունեցավ մի հույժ գաղտնի խոսակցություն։
Առաջին հեռագրի բովանդակությունը, թե՝ «Շտապ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ», տարակուսանք էր հարուցում։ Չէ՞ որ տվյալ պահին գումարտակը գտնվում էր Ռաբ կայարանում։ Եվ այնուհանդերձ հեռագիրը պետք է հանձնվեր ըստ պատկանելույն։ Հասցեատերն էր Իննսունմեկերորդ դնդի երթային գումարտակը, պատճենը պետք էր հանձնել Յոթանասունհինգերորդ գնդի երթային գումարտակին, որը գտնվում էր ետևում։ Ստորագրությունը ճիշտ էր․ «Բրիգադի հրամանատար Ռիտտե Ֆոն Հերբերգ»։
— Հույժ գաղտնի, պարոն կապիտան,— նախազգուշացրեց կայարանի պարետը։— Ձեր դիվիզիայից մի գաղտնի հեռագիր է ստացվել։ Բրիգադներից մեկի հրամանատարը խելագարվել է։ Նրան ուղարկել են Վիեննա, երբ նա բրիգադից բոլոր ուղղությունեերով մի քանի դյուժին այդպիսի հեռագրեր է ուղարկել։ Բուդապեշտում դուք ճիշտ այդպիսի մի հեռագիր էլ կստանաք։ Նրա բոլոր հեռագրերը, հասկանալի է, պետք է չեղյալ համարվեն։ Բայց առայժմ մենք ոչ մի կարգադրություն չենք ստացել։ Ձեռքիս տակ է, ինչպես ես արդեն ասացի, միայն դիվիզիայից տրված հրամանը, թե չծածկագրված հեռագրերը ուշադրության չառնել։ Բայց ես պարտավոր եմ հանձնել դրանք, քանի որ այդ մասին մեր ինստանցիաներից ոչ մի ցուցում չեմ ստացել։ Մեր ինստանցիաների միջոցով ես հարցում արի բանակային կորպուսի հրամանատարությանը։ Հետաքննություն է սկսված։
— Ես հին սակրավորական ծառայության կադրային սպա եմ,— ավելացրեց նա։— Մասնակցել եմ Գալիցիայի մեր ստրատեգիական երկաթուղու շինարարությանը։
— Պարոն կապիտան,— ասաց նա մի րոպե անց,— մեզ, ծերունիներիս, որ ծառայությունը սկսել ենք որպես հասարակ զինվոր, միայն ռազմաճակատ են քշում։ Թեև ներկայումս ռազմական մինիստրությունում շնից շատ հաղորդակցության ճանապարհների քաղաքացիական ինժեներներ կան, որոնք հոժարականի քննություն են հանձնել։ Սակայն, միևնույն է, քառորդ ժամից դուք շարունակելու եք ձեր ճանապարհը․․․ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Պրագայի կադետական դպրոցում ես, ձեր ավագ ընկերը, ձեզ օգնում էի ճոճաձողի վրա վարժություններ կատարելիս։ Այն ժամանակ մեզ երկուսիս արձակուրդից զրկեցին։ Չէ՞ որ դուք էլ ձեր դասարանում կռվում էիք գերմանացիների հետ[30]․․․ Ձեզ հետ էր սովորում Լուկաշը, և դուք, կարծեմ, մտերիմ բարեկամներ էիք։ Այդ ամենը, հիշեցի երբ հեռագրով ստացա երթային գումարտակի այն սպաների ցուցակը, որոնք երթային գումարտակի հետ անցնում են իմ կայարանով։ Այն ժամանակվանից շատ ջուր է հոսել։ Այն Ժամանակ ես կադետ Լուկաշին շատ էի համակրում։
Այդ խոսակցությունը կապիտան Սագների վրա ճնշող տպավորություն գործեց։ Նա ճանաչեց իր խոսակցին։ Կադետական դպրոցի աշակերտ եղած ժամանակ պարետը ղեկավարում էր ավստրիական օպոզիցիան։ Հետագայում աստիճանների հետևից ընկնելով, նրանք թողել էին իրենց օպոզիցիոն տրամադրությունները։ Կապիտան Սագներին առանձնապես վիրավորեց պորուչիկ Լուկաշին հիշատակելը, որին ինչ-որ անհայտ պատճառներով ամենուրեք անտեսում էին։
— Պորուչիկ Լուկաշը հիանալի սպա է,— ընդգծված կերպով ասաց կապիտան Սագները։— Մեր գնացքն ե՞րբ է մեկնում։
Կայարանի պարետը նայեց ժամացույցին։
— Վեց րոպեից։
— Ես գնացի,— շտապեց Սագները։
— Ես կարծում էի, թե հրաժեշտի առթիվ դուք ինձ որևէ բան կասեք, Սագներ․․․
— Also nazdar[31],— պատասխանեց Սագները և դուրս եկավ կայարանի պարետանոցից։
* * *
Վերադառնալով գնացքի շտաբի վագոնը, կապիտան Սագները բոլոր սպաներին գտավ իրենց տեղերում։ Նրանք, խմբերի բաժանված, «չապարի» (frische viere) էին խաղում։ Չէր խաղում միայն կադետ Բիգլերը։ Նա թերթում էր իր սկսած ձեռագրերը, որ վերաբերում էին ռազմական գործողությունների թատերաբեմում տեղի ունեցող իրադարձություններին։ Կադետ Բիգլերը երազում էր աչքի ընկնել ոչ միայն ռազմի դաշտում, այլև գրական ասպարեզում՝ որպես պատերազմական իրադարձությունների տարեգիր։ Զարմանալի թևերի և «ձկան պոչի» տերը պատրաստվում էր նշանավոր ռազմական գրող դառնալ։ Նրա գրական փորձերն սկսվում էին բազմախոստում վերնագրերով, և դրանցում, ինչպես հայելու մեջ, արտացոլվում էր այն դարաշրջանի միլիտարիզմը։ Բայց թեմաները դեռևս մշակված չէին, թղթի պատառիկների վրա նշված էին միայն ապագա երկերի անունները․ «Մեծ պատերազմի մարտիկների կերպարները», «Ո՞վ սկսեց պատերազմը», «Ավստրո-Հունգարիայի քաղաքականությունը և համաշխարհային պատերազմի ծնունդը», «Ակնարկներ պատերազմական գործողությունների թատերաբեմից», «Ավստրո-հունգարիան և համաշխարհային պատերազմը», «Պատերազմի դասերը», «Հանրամատչելի ատենաբանություն պատերազմի ծագման մասին», «Խոհեր ռազմա-քաղաքական հարցերի շուրջ», «Ավստրո-Հունգարիայի փառքի օրը», «Սլավոնական իմպերիալիզմը և համաշխարհային պատերազմը», «Ռազմական փաստաթղթեր», «Նյութեր համաշխարհային պատերազմի պատմության համար», «Համաշխարհային պատերազմի գրագիր», «Համաշխարհային պատերազմի ամենօրյա տեսություն», «Առաջին համաշխարհային պատերազմը», «Մեր դինաստիան համաշխարհային պատերազմի մեջ», «Ավստրո-Հունգարական միապետության ժողովուրդները զենքի կոչված», «Պայքար համաշխարհային տիրապետության համար», «Իմ փորձը համաշխարհային պատերազմում», «Իմ ռազմական արշավի քրոնիկան», «Ինչպես են պատերազմում Ավստրո-Հունգարիայի թշնամիները», «Ո՞վ է հաղթելու», «Մեր սպաներն ու մեր զինվորները», «Իմ զինվորների հիշարժան գործերը», «Մեծ պատերազմի էպոխայից», «Գիրք ավստրո-հունգարական հերոսների», «Երկաթե բրիգադը», «Ժողովածու ռազմաճակատից գրածս նամակների», «Մեր երթային գումարտակի հերոսները», «Ձեռնարկ ռազմաճակատի զինվորների համար», «Մարտերի օրեր և հաղթանակի օրեր», «Թե ինչ տեսա ու զգացի պատերազմի դաշտում», «Դիրքերում», «Սպան պատմում է․․․», «Հառա՛ջ Ավստրո-Հունգարիայի զավակների հետ», «Թշնամու սավառնակներն ու մեր հետևազորը», «Մարտից հետո», «Մեր հրետանավորները որպես հայրենիքի հավատարիմ զավակներ», «Եթե նույնիսկ բոլոր սատանաները դուրս գային մեր դեմ․․․», «Պաշտպանողական պատերազմ և հարձակողական պատերազմ», «Արյուն և երկաթ», «Հաղթանակ կամ մահ», «Մեր հերոսները գերության մեջ»։
Կապիտան Սագները մոտեցավ կադետ Բիգլերին, նայեց նրա բոլոր ձեռագրերն ու հարցրեց, թե ինչի համար է նա գրել այդ ամենը և թե դրանք ի՛նչ կնշանակեն։
Կադետ Բիգլերը ոգևորված պատասխանեց, թե նշագրումներից յուրաքանչյուրը ցույց է տալիս այն գրքի վերնագիրը, որ նա պիտի գրի։ Որքան վերնագիր՝ այնքան գիրք։
― Ես կցանկանայի, պարոն կապիտան, որ ռազմի դաշտում ընկնելուց հետո ինձնից մի հիշատակ մնար։ Իմ իդեալն է գերմանացի պրոֆեսոր Ուգո Կրաֆտը։ Նա ծնվել է 1870 թվին, ներկայիս համաշխարհային պատերազմին կամավոր կերպով մտել է զորքի շարքերը և 1914 թվի օգոստոսի երկուսին ընկել Անլոյում։ Իր մահից առաջ նա հրատարակել է «Ինքնադաստիարակություն ի սեր կայսեր մեռնելու համար»[32] գիրքը։
Կապիտան Սագները Բիգլերին տարավ լուսամատի մոտ։
— Ցույց տվեք, կադետ Բիգլեր, թե էլ ինչ ունեք։ Ինձ չափազանց հետաքրքրում է այդօրինակ գործունեությունը,— հեգնանքը չթաքցնելով, խնդրեց կապիտան Սագները։– Այդ ի՞նչ տետր խոթեցիք ձեր ծոցը։
— Դա ոչինչ, դատարկ բան է, պարոն կապիտան,— շփոթվեց Բիգլերը երեխայի պես կարմրելով։— Բարեհաճեցեք հավաստիանալ։
Տետրը վերնագրված էր․
Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի։
Ըստ պատմական ասումնասիրոթյունների կազմել է կայսերական թագավորական սպա ԱԴՈԼՖ ԲԻԳԼԵՐԸ։
Ծանոթագրություններն ու մեկնաբանություները կայսերական թագավորական սպա ԱԴՈԼՖ ԲԻԳԼԵՐԻ։
Սխեմաները չափազանց պրիմիտիվ էին։
Տետրը սկսվում էր նյորդլինգենի 1634 թ․ սեպտեմբերի 6-ի ճակատամարտի սխեմայով։ Այնուհետև գալիս էին՝ Զենտայի 1697 թ․ սեպտեմբերի 11-ի, Կալդերոյի 1805 թ․ հոկտեմբերի 31-ի, Ասպերնի 1809 թ․ մայիսի 22-ի ճակատամարտերը, Լայպցիգի մոտ 1813 թվին տեղի ունեցած ժողովուրդների ճակատամարտը, ապա Սանտա-Լուչիայի 1848 թ․ մայիսյան ճակատամարտը և Տրուտնովի 1866 թ․ հունիսի 27-ի մարտերը։ Այդ տետրում վերջինը Սարաևոյի 1878 թ․ օգոստոսի 19-ի ճակատամարտի սխեման էր։ Ճակատամարտերի սխեմաներն ու պլանները իրարից ոչնչով չէին տարբերվում։ Կադետ Բիգլերը պատերազմող կողմերից մեկի դիրքերը նշել էր դատարկ, իսկ մյուսինը՝ ստվերագծած վանդակներով։ Թե՛ մեկ և թե՛մյուս կողմում կար ձախ թև, կենտրոն և աջ թև։ Հետևում նշված էին ռեզերվները, այստեղ ու այնտեղ՝ սլաքներ։ Նյորդլինգենի, ինչպես և Սարաևոյի, ճակատամարտի սխեման հիշեցնում էր ֆուտբոլի դաշտ, որտեղ դեռ խաղը սկսվելուց առաջ խաղացողները դասավորված են։ Իսկ սլաքները ցույց էին տալիս, թե այս կամ այն կողմը դեպի ուր պիտի խփի գնդակը։
Կապիտան Սագները մեկեն զգաց այդ նմանությանը և հարցրեց․
— Կադետ Բիգլեր, դուք ֆուտբոլ խաղո՞ւմ եք։
Բիգլերը էլ ավելի կարմրեց և սկսեց ջղայնաբար աչքերը ճպճպացնել, այնպես որ թվում էր, թե պատրաստվում է լաց լինել։ Կապիտան Սագները քմծիծաղ տալով թերթեց տետրը և կանգ առավ ավստրո-պրուսական պատերազմի ժամանակ Տրուտնովի մոտ տեղի ունեցած ճակատամարտի սխեմայի տակ գրված ծանոթագրության վրա։
Կադետ Բիգլերը գրել էր․ «Տրուտնովի մոտ չէր կարելի ճակատամարտ տալ, քանի որ լեռնային տեղանքը գեներալ Մացուխելիին հնարավորություն չէր տալիս ծավալելու դիվիզիան, որին սպառնում էին մեր դիվիզիայի ձախ թևը շրջապատող բարձունքներում տեղավորված պրուսական ուժեղ զորասյունները»։
― Ձեր կարծիքով, Տրուտնովի մոտ,— քմծիծաղ տվեց կապիտան Սագները, տետրը վերադարձնելով կադետ Բիգլերին,— կարելի էր ճակատամարտ տալ միայն այն դեպքում, երբ Տրուտովը լիներ հարթ վայրում։ Ա՜խ դուք, բուդեյովիցյան Բենեդեկ։ Կադետ Բիգլեր, շատ հաճելի է, որ կայսրական բանակի շարքերում գտնվելու կարճ ժամանակամիջոցում դուք ջանացել եք խորամուխ լինել ռազմագիտության մեջ։ Դժբախտաբար, ձեզ մոտ այնպես է դուրս եկել, որ կարծես երեխաները զինվոր-զինվոր են խաղում և իրենք իրենց գեներալի աստիճան տալիս։ Այնպես արագ եք բարձրացրել ձեր աստիճանը, որ ուղղակի մարդու քեֆ է գալիս։ Կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլեր։ Այդպես որ գնա, մենք դեռ Բուդապեշտ չհասած, դուք արդեն ֆելդմարշալ կդառնաք։ Դեռ երեկ չէ մյուս օրը դուք ձեր հոր մոտ կովի կաշի էիք կշռում, ո՜վ կայսրական թագավորական լեյտենանտ Ադոլֆ Բիգլեր։ Լսեցեք, չէ՞ որ դուք դեռ սպա էլ չեք։ Դուք կադետ եք, եֆրեյտորի և ենթասպայի միջև ընկած մի բան։ Դուք նույնքան իրավունք ունեք ձեզ սպա անվանելու, որքան այն եֆրեյտորը, որ պանդոկում հրամայում է իրեն «պարոն շտաբի գրագիր» անվանել։
— Լսիր, Լուկաշ,— դիմեց նա պորուչիկին,— կադետ Բիգլերը քո վաշտում է։ Այդ տղային խելքի բեր։ Ստորագրում է՝ «սպա»։ Դեռ թող կռվում արժանանա այդ կոչումին։ Երբ սկսվի հրետանային փոթորկալի կրակը և մենք գրոհի գնանք, թող կադետ Բիգլերն իր դասակի հետ կտրատի լարափակոցները, der gute Junge! Apropos[33], քեզ բարևում է Ցիկանը, նա Ռաբում կայարանի պարետ է։
Կադետ Բիգլերն հասկացավ, որ խոսակցությունն ավարտված է, պատիվ տվեց և, խեցգետնի պես կարմրած, սկսեց վագոնում վազ տալ, մինչև որ հասավ միջանցքի ծայրը։
Նա լուսնոտի պես բացեց զուգարանի դուռը և, նկատելով՝ «Զուգարանից թույլատրվում է օգտվել միայն գնացքը շարժվելիս, գերմանա-հունգարական մակագրությունը, ֆսֆսաց, սկսեց հեծկլտալ ու դառնորեն լալ։ Այնուհետև իջեցրեց շալվարը և, արցունքները սրբելով, սկսեց իրեն զոռ տալ։ Ապա օգտագործեց այն տետրը, որի վերնագիրն էր․ «Սխեմաներ ավստրո-հունգարական բանակի նշանավոր ու փառապանծ ճակատամարտերի, որ կազմել է կայսրական թագավորական սպա Ադոլֆ Բիգլերը»։ Պղծված տետրն անհետացավ ծակի մեջ և, ընկնելով գծի վրա, սկսեց դես ու դեն նետվել ընթացող գնացքի տակի ռելսերի արանքում։
Կադետը ջրով լվաց իր կարմրած աչքերը և դուրս եկավ միջանցք, վճռելով լինել ուժեղ, շատ ուժեղ։ Դեռևս առավոտվանից նրա գլուխն ու փորը ցավում էին։
Նա անցավ հետևի կուպեի մոտով, որտեղ գումարտակի հանձնակատար Մատուշիչը գումարտակի հրամանատար Բատցերի սպասյակի հետ վիեննական «շնոպս» (վաթսունվեց) էր խաղում։
Ներս նայելով կուպեի բաց դռնից, կադետ Բիգլերը հազաց։ Երկուսն էլ երեսները շրջեցին ու շարունակեցին իրենց խաղը։
— Մի՞թե չգիտեք, թե ինչ է պետք անել,— հարցրեց կադետ Բիգլերը։
― Ես չեմ կարող, «mi’ is’ d’ Trump’ ausganga»[34],― պատասխանեց կապիտան Սագների սպասյակը Կաշպերյան լեռների զարհուրելի գերմանական բարբառով։— Պետք էր, գնայի ագուռի թղթերը, պարոն կադետ, ագուռի խոշոր թղթերը,― շարունակեց նա,― և հետո միանգամից ագռավի թագավորը․․․ Ա՛յ թե ինչ պետք է անեի․․․
Այլևս ոչ մի խոսք չասելով, կադետ Բիգլերը քաշվեց իր անկյունը։ Երբ ենթապրապորշչիկ Պլեշները մոտեցավ նրան, որ հյուրասիրի թղթախաղով տարած կոնյակով, շատ զարմացավ՝ տեսնելով, թե կադետ Բիգլերն ինչպիսի ջանադրությամբ է կարդում պրոֆեսոր Ուդո Կրաֆտի «Ինքնադաստիարակություն հանուն կայսեր մեռնելու համար» գիրքը։
Դեռ Բուդապեշտ չհասած կադետ Բիգլերը սոսկալի հարբած էր։ Դուրս կախվելով լուսամուտից, նա անդադար գոռում էր դեպի անդորր տարածաթյունը․
― Frisch drauf! Im Gottes Namen frisch drauf![35]
Կապիտան Սագների հրամանով գումարտակի հանձնակատար Մատուշիչը Բիգլերին ներս քաշեց կուպե և սպասյակ Բարցերի հետ նրան պառկեցրեց նստարանի վրա։
Կադետ Բիգլերը երազ տեսավ։
ԿԱԴԵՏ ԲԻԳԼԵՐԻ ԵՐԱԶԸ ԲՈՒԴԱՊԵՇՏ ՀԱՍՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Նա մայոր է, կրծքին՝ signum laudis և երկաթե խաչ։ Տեսչական ստուգման է գնում իրեն վստահված բրիգադի ճակատամասը։ Չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահել, որ ինքը, որին ենթարկվում է մի ամբողջ բրիգադ, մինչև հիմա դեռ մայորի աստիճան ունի։ Նա ենթադրում է, որ իրեն տրված է գեներալ-մայորի աստիճան, բայց «գեներալ»-ը անհետացել է դաշտային փոստի թղթերի մեջ։
Իր մտքի մեջ նա ծիծաղում է կապիտան Սագների վրա, որն այն ժամանակ գնացքում նրան սպառնաց ուղարկել լարափակոցներ կտրատելու։ Ի դեպ, կապիտան Սագները պորուչիկ Լուկաշի հետ միասին իր՝ Բիգլերի առաջարկությամբ արդեն վաղուց տեղափոխված է ուրիշ գունդ, ուրիշ դիվիզիա, ուրիշ բանակային կորպուս։
Ինչ-որ մեկը նրան նույնիսկ պատմել է, որ նրանք երկուսն էլ, թշնամուց փախչելով, խայտառակ կերպով մեռել են մի ճահիճում։ Երբ Նա ավտոմոբիլով գնում էր դիրքերը՝ իրեն վստահված բրիգադի ճակատամասը տեսչական ստուգման ենթարկելու, նրա համար ամեն ինչ պարզ էր։ Նա անձամբ ուղարկված է բանակի գլխավոր շտաբի կողմից։
Զինվորներն անցնում են նրա մոտով և երգում մի երգ․ որը նա կարդացել է ավստրիական զինվորական երգերի «Es gilt»[36] ժողովածուում․
Halt’ euch brav, ihr tapf ’ren Brüder,
werft den Feind nur herzhaft nieder,
Laßt des Kaisers Fahne weh’n…[37]
Դաշտանկարը հիշեցնում է «Wiener illustrierte Zeitung»[38]-ի պատկերազարդումները։
Ամբարի աջ կողմում տեղավորված է հրետանին։ Սա գնդակոծում է թշնամու խրամատները, որոնք ընկած են այն խճուղու մոտ, որով նա գնում է ավտոմոբիլով։ Ձախ կողմում կանգնած է մի տուն, որի ներսից կրակում են, մինչ թշնամին ջանում է խզակոթերով տեղահան անել դուռը։ Խճուղու մոտ այրվում է թշնամու մի սավառնակ։ Հեռվում երևում են հեծելազորն ու բոցավառվող գյուղեր։ Ավելի հեռվում, մի փոքրիկ բարձունքի վրա դասավորված են երթային գումարտակի խրամատները, որտեղից գնդացրային կրակ են բացել։ Խճուղու երկայնքով ձգված են թշնամու խրամատները։ Վարորդը խճուղիով մեքենան վարում է դեպի թշնամու կողմը։ Գեներալը գոռում է վարորդի խոսափողակի մեջ․
— Չե՞ս տեսնում ուր ենք գնում։ Այնտեղ թշնամին է։
Սակայն վարորդը հանգիստ պատասխանում է․
― Պարոն գեներալ, սա միակ կարգին ճանապարհն է։ Եվ լավ վիճակի մեջ է։ Հարևան ճանապարհներին դողերը չեն դիմանա։
Որքան ավելի են մոտենում թշնամու դիրքերին, այնքան կրակը սաստկանում է։ Արկերը պայթում են սալորենիների ծառուղու երկու կողմերին փորված խրամառուների վրա։
Սակայն վարորդը հանգիստ հաղորդում է խոսափողակով․
— Սա հիանալի խճուղի է, պարոն գեներալ։ Մարդ իսկի չի իմանում ինչպես է քշում։ Եթե թեքվենք դեպի դաշտը, մեր դողը կպայթի։
— Տեսեք, պարոն գեներալ,— նորից գոռում է վարորդը։— Այս խճուղին այնքան լավ է շինված, որ նույնիսկ երեսունուկես սանտիմետրանոց հրասանդները մեզ բան չեն կարող անել։ Խճուղին կալի պես հարթ է։ Իսկ այն քարքարոտ սայլուղիների վրա մեր դողերը կպայթեն։ Չենք էլ կարող հետ դառնալ, պարոն գեներալ։
— Դըզ-դըզ-դըզ-դզո՜ւմ,— լսում է Բիգլերը, և ավտոմոբիլը մի վիթխարի թռիչք է կատարում։
— Ասում էի, չէ՞, պարոն գեներալ,— բղավում է վարորդը խոսավաղակի մեջ,— որ խճուղին չափազանց լավ է շինված։ Ա՛յ, հենց նոր ուղղակի մեր կողքին երեսունուկես սանտիմետրանոց պայթեց, բայց ահա, ոչ մի փոս, կարծես կալ լինի։ Բայց բավական է, որ դեպի դաշտը քշենք՝ դողերը կպայթեն։ Հիմա մեզ վրա կրակում են չորս կիլոմետր հեռավորությունից։
— Ո՞ւր ենք գնում։
— Դա հետո կիմանանք,— պատասխանում է վարորդը քանի դեռ խճուղին այսպես է, ես երաշխավոր եմ ամեն ինչի համար։
Հանկարծ թռի՛չք, զարհուրելի մի թռիչք, և մեքենան կանգ է առնում։
— Պարոն գեներալ,— գոռում է վարորդը,— դուք գլխավոր շտաբի քարտեզն ունե՞ք։
Գեներալ Բիգլերը վառում է էլեկտրական լապտերիկը և տեսնում, որ ծնկների վրա դրված է գլխավոր շտաբի քարտեզը։ Բայց միաժամանակ դա 1864 թ․ հոլանդական ծովափերի քարտեզն է, այն ժամանակվա քարտեզը, երբ Պրուսիան ու Ավստրիան Դանիայի դեմ պատերազմում էին Շլեզվիգի համար։
— Այստեղ ճամփաբաժան է,— ասում է վարորդը,— երկու ճանապարհներն էլ տանում են դեպի թշնամու դիրքերը։ Սակայն ինձ համար կարևորը միայն լավ խճուղին է, որպեսզի դողերը չտուժեն, պարոն գեներալ․․․ Ես շտաբի ավտոմոբիլի համար պատասխանատու եմ․․․
Հանկարծ հարվա՛ծ, մի խլացուցիչ հարվա՛ծ, և աստղերը մեծանում են անիվների պես։ Հարդագողի ճանապարհը թանձր է կաթի սերի պես։
Նա, Բիգլերը, վարորդի նստարանին նստած, համբառնում է տիեզերք։ Մնացածը կարծես մկրատով կտրատած չինի։ Ավտոմոբիլից մնացել է միայն նրա մարտական գրոհող առաջամասը։
― Ձեր բախտը բերեց,— ասում է վարորդը,– որ ուսիս վրայից քարտեզը ցույց տվիք։ Դուք թռաք-ընկաք ինձ մոտ, իսկ մնացածը պայթեց։ Դա քառասուներկուսանտիմետրանոց արկ էր։ Գիտեի, որ այդպես է լինելու։ Քանի որ ճամփաբաժան է, խճուղին բանի պետք չէ։ Երեսունութսանտիմետրանոց արկից հետո կարող էր միայն քառասուներկուսանտիմետրանոց լինել։ Չէ՞ որ առայժմ ուրիշ չափերի արկեր չեն արտադրում, պարոն գեներալ։
— Դեպի ո՞ւր եք քշում։
— Թռչում ենք երկինք, պարոն գեներալ, մեզ անհրաժեշտ է խուսափել գիսաստղերից։ Նրանք քառասուներկուսանտիմետրանոցից էլ սոսկալի են։
— Հիմա մեր տակը Մարսն է,— հայտնում է վարորդը երկար պաուզայից հետո։
Բիգլերը նորից իրեն միանգամայն հանգիստ զգաց։
— Դուք ծանո՞թ եք Լայպցիգի մոտ ժողովարդների մղած պատերազմի պատմությանը,— հարցնում է նա,— ֆելդմարշալ իշխան Շվացենբերգը 1813 թվին շարժվեց դեպի Լիբերտկովից, հոկտեմբերի տասնվեցին տեղի ունեցավ Լինդենաուի համար մղված մարտը, գեներալ Մերվելդտի ճակատամարտը։ Ավստրիական զորքերը գրավեցին Վախավը, իսկ երբ հոկտեմբերի տասնիննին Լայպցիգն ընկավ․․․
— Պարոն գեներալ,— հանկարծ ընդհատեց նրան վարորդը,― մենք երկնքի դռան առաջ ենք, իջե՛ք, պարոն գեներալ։ Մենք երկնքի դռնով անցնել չենք կարող, այստեղ հրմշտուք է։ Ուր նայամ ես՝ զորք է ու զորք։
— Մեկն ու մեկին տակը գցիր,— գոռում է նա վարորդի վրա,— և իսկույն մի կողմ կքաշվեն։
Եվ ավտոմոբիլից դուրս կախվելով՝ գեներալ Բիգլերը բղավում է․
— Achtung, sie Schweinbande![39] Ա՜յ քեզ անասուններ, գեներալ են տեսնում և չեն մտածում «աջ հավասարում» անել։
Վարորդը հանգստացնում է նրան.
— Դա նրանց համար հեշտ չէ, պարոն գեներալ, շատերի գլուխները կտրված են։
Գեներալ Բիգլերը միայն հիմա է նկատում, որ այդ բազմությունը կազմված է հաշմանդամներից, որոնք կռվում կորցրել են մարմնի զանազան մասեր՝ գլուխ, ձեռք, ոտք։ Սակայն նրանք իրենց պակաս մասերը, ուղեպայուսակի մեջ դրած, իրենց հետ ման են ածում։ Պատառոտված շինել հագած մի բարեպաշտ հրետանավոր, որ հրմշտելով առաջ էր մղվում երկնքի դռան առաջ, պարկի մեջ կրում էր իր փորը և ստորին վերջավորությունները։ Մի բարեպաշտ աշխարհազորայինի պարկի միջից գեներալ Բիգլերին նայում էր հետույքի այն կեսը, որ աշխարհազորայինը կորցրել էր Լվովի մոտ։
— Դա կարգի համար է,— դարձյալ բացատրեց վարորդը, ավտոմոբիլը քշելով խիտ բազմության միջով,— որովհետև պետք է ներկայանան երկնային գերագույն հանձնաժողովին։
Երկնքի դռնից ներս մտնել թույլ էին տալիս միայն նշանաբառով, որը գեներալ Բիգլերն իսկույն հիշեց․ «հանուն աստծո և կայսեր»։
Ավտոմոբիլը մտնում է դրախտ։
— Պարոն գեներալ,— դիմեց Բիգլերին մի թևավոր սպա-հրեշտակ, երբ նրանք անցնում էին զինակոչիկ-հրեշտակների զորանոցի մոտով,— դուք պետք է գնաք գլխավոր հրամանատարի ռազմակայան։
Նրանք անցան վարժադաշտը, որ լեփ-լեցուն էր զինակոչիկ հրեշտակներով, որոնց սովորեցնում էին «ալելույա» գոռալ։
Անցան զինվորների մի խմբի մոտով, որտեղ շիկագլուխ կապրալ-հրեշտակը խստավարժեցնում էր զինվորական լրիվ համազգեստ կրող մի դմբլո զինակոչիկ-հրեշտակի, բռունցքով հարվածում նրա փորին ու բղավում․ «Բերանդ լայն բաց արա, Բեթղեհեմի խոզ, մի՞թե այդպես են «ալելույա» գոռում։ Կարծես բերանումդ կնեդլիկ կա։ Հետաքրքիր է, թե ո՞ր էշն է քեզ թողել դրախտ։ Մեկ էլ կրկնիր․․․ ― «Հլէ-հլի-լույա»։— «Այդ ի՞նչ է, սրիկա, մեր դրախտումն էլ պիտի քթիդ մեջ խոսե՞ս։ Մե՛կ էլ կրկնիր, Լիբանանի մայրի»։
Նրանք շարունակում էին առաջանալ, բայց դեռ երկար ժամանակ լսվում էր ահաբեկված ռնգախոս հրեշտակ-զինակոչիկի ոռնոցը․ «Հլե-հլի-լույա» և․ հրեշտակ-կապրալի գոռոցը․ «Ալ-լե-լու-յա, ալ-լե-լու-յա, հորդանանի խոզ»։
Ապա նրանք մի մեծ, Չեխական Բուդեյովիցիի Մարինյան զորանոցի նման մեծ, շենքի վրա տեսան մի փառահեղ լուսապսակ, իսկ շենքի վերևում երկու սավառնակ, մեկը նրա աջ, մյուսը ձախ կողմում, դրանց միջև ձգված էր մի ահագին պաստառ, որի վրա հսկայական տառերով գրված էր․ K. u k. Gottes Hauptquartier[40]։
Դաշտային ժանդարմերիայի համազգեստ հագած երկու հրեշտակներ ավտոմեքենայից դուրս են բերում գեներալ Բիգլերին, բռնում վզակոթից և տանում վեր, երկրորդ հարկ։
― Տեր աստծո առաջ ձեզ կարգին կպահեք,– ասում են նրանք և նրան ներս հրում։
Սենյակի մեջտեղում, որի պատերից կախված են Ֆրանց Իոսիֆի և Վիլհելմի, թագաժառանգ Կառլ Ֆրանց Իոսիֆի, գեներալ Վիկտոր Դանեկելի, էրցհերցոգ Ֆրիդրիխի և գլխավոր շտաբի պետ Կոնրադ ֆոն Հեցենդորֆի պորտրեները, կանգնած է տեր աստվածը։
— Կադետ Բիգլեր,— խստորեն հարցնում է աստված,— դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ Ես տասնմեկերորդ երթային վաշտի նախկին կապիտան Սագներն եմ։
Բիգլերը քար է կտրում։
— Կադետ Բիգլեր,— բարբառում է նորից տեր աստվածը,— ի՞նչ իրավունքով եք դուք ձեզ վրա առել գեներալ-մայորի տիտղոսը։ Ի՞նչ իրավունքով էիք դուք, կադետ Բիգլեր, շտաբի ավտոմոբիլով շրջում թշնամու դիրքերի միջև ընկած խճուղով։
— Համարձակվում եմ զեկուցել․․․
— Լռեցե՛ք, կադետ Բիգլեր, երբ խոսում է աստվածը։
— Համարձակվում եմ զեկուցել,— նորից կակազելով սկսում է Բիգլերը։
— Ուրեմն չե՞ք բարեհաճում լռել,— գոռում է նրա վրա աստվածը, բացում դուռը և ձայն տալիս։— Թող երկու հրեշտակներ գան այստեղ։
Սենյակն են մտնում երկու հրեշտակներ՝ ձախ ուսներից հրացանները կախ։ Բիգլերը հանձին նրանց ճանաչում է Մատուշիչին ու Բատցերին։
Տեր աստծո շուրթերը բարբառում են․
— Դրան գցել արտաքնոցը։
Կադետ Բիգլերը գլորվում-ընկնում է ինչ-որ տեղ, ուր սոսկալի գարշահոտություն է փչում։
* * *
Քնած կադետի դիմաց նստած էին Մատուշիչն ու կապիտան Սագների սպասյակ Բատցերը և ամբողջ ժամանակ «վաթսունվեց» էին խաղում։
― Stink awer d’Kerl wie a’Stockfisch[41],– ասաց Բատցերը, որ հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես քնած կադետ Բիգլերը կասկածելիորեն շուռումուռ է գալիս, muß’ d’ Hosen voll ha’n[42]․
— Դա ամեն մարդու կարող է պատահել,— փիլիսոփայորեն նկատեց Մատուշիչը։— Ուշադրության մի դարձրու։ Հո դո՞ւ չես շորերը փոխելու։ Ավելի լավ կլինի թղթերը բաժանես։
Արդեն երևամ էր Բուդապեշտի լույսերի հրացոլքը։ Դանուբի վրա լուսարձակը շոշափում էր երկինքը։
Կադետ Բիգլերն, ըստ երևույթին, երազում արդեն ուրիշ բան էր տեսնում։ Նա քրթմնջում էր․― «Sagen Sie meiner tapferen Armee, daß sie sich in meinem Herzen ein unvergängliches Denkmal der Liebe und Dankbarkeit errichtet hat»[43]։ Քանի որ այդ ասելիս նա շուռումուռ էր գալիս, գարշահոտությունը նորից դիպավ Բատցերի քթին, Բատցերը թքեց ու թոնթորաց․ «Stink wie a’ Haizlputza, wie a’ bescheißena Haizlputza»[44]։ Իսկ կադետ Բիգլերն ավելի ու ավելի անհանգիստ էր շուռումուռ գալիս։ Նրա նոր երազը արտակարգ ֆանտաստիկ էր․ նա պաշտպանում է Լինցը Ավստրիայի ժառանգական տիրապետության համար մղվող պատերազմում։ Տեսնում է նա քաղաքի շուրջը սարքված ռեդուտներն ու ամրությունները։ Նրա գլխավոր շտաբը վեր է ածվել մի մեծ հոսպիտալի։ Ամենուրեք պառկած են իրենց փորերը ամուր բռնած վիրավորներ։ Քաղաքի ցցապատնեշների վրայով անցնում են Նապոլեոն I-ի ֆրանսիացի դրագունները։
Իսկ նա, քաղաքի պարետը, կանգնած է նրանց բոլորից վեր, նույնպես բռնել է փորը և ձայն է տալիս ֆրանսիացի բանագնացին․
— Հայտնեցեք ձեր կայսրին, որ ես չեմ հանձնվի։
Հետո կարծես փորի ցավերը մեղմանում են, և նա իր գումարտակի հետ ցցապատնեշի վրայով փախչում է քաղաքից, ընդառաջ գնալով փառքին ու հաղթանակին, և տեսնում է, թե ինչպես պորուչիկ Լուկաշը կուրծքը դեմ է անում ֆրանսիացի դրագունի թրին, որպեսզի կասեցնի նրա՝ Բիգլերի, ազատագրված Լինցի պաշտպանի վրա ուղղված հարվածը։
Պորուչիկ Լուկաշը մեռնում է նրա ոտքերի տակ, գոչելով․
― Ein Mann wie Sie, Herr Oberst, ist nötiger als ein nichtsnutziger Oberleutnant![45]
Լինցի զգացված պաշտպանը դեմքը շրջում է մեռնողից, բայց այդ ժամանակ կարտեչը դիպչում է նրա հետույքի թշին։ Բիգլերը մեքենայաբար շոշափում է շալվարը և ձեռքի վրա ինչ-որ լպրծուն բան զգում։ Սա բղավում է․
— Սանիտարներ, սանիտարներ,— և ձիուց վայր է ընկնում։
Բատցերն ու Մատուշիչը բարձրացրին նստարանի վրայից ցած գլորված Բիգլերին։ Ապա Մատուշիչը գնաց կապիտան Սագների մոտ ու զեկուցեց, թե կադետ Բիգլերի հետ ինչ-որ վատ բան է կատարվում։
― Դա կոնյակից չի լինի,— ասաց նա։— Ավելի շուտ՝ խոլերա է։ Կադետ Բիգլերը բոլոր կայարաններում ջուր էր խմում։ Մոշոնում ես տեսա, թե նա ինչպես․․․
— Խոլերան միանգամից չի բռնի, Մատուշիչ։ Ասացեք բժշկին,— նա կողքի կուպեում է,— թող նրան նայի։
Գումարտակին կցված էր «պատերազմական ժամանակի բժիշկ», հավերժական ուսանող-բժիշկ ու կորպորանտ Վելֆերը։ Նա սիրում էր խմել ու կռիվներ սարքել, բայց բժշկությունը գիտեր իր հինգ մատի պես։ Բժշկական ֆակուլտետների դասախոսություններ էր լսել Ավստրո-Հունգարիայի զանազան համալսարանական քաղաքներում, պրակտիկա էր անցել ամենատարբեր տեսակի հիվանդանոցներում, բայց դոկտորի կոչում չուներ այն հասարակ պատճառով, որ իր հանգուցյալ հորեղբոր կտակի համաձայն ուսանող Ֆրիդրիխ Վելֆերին ամենամյա թոշակ էին վճարում մինչև բժշկագիտության դոկտորի աստիճան ստանալը։ Այդ թոշակը գրեթե չորս անգամ ավելի էր հիվանդանոցում աշխատող ասիստենտի ռոճիկից։ Եվ բժշկական գիտությունների թենածու Ֆրիդրիխ Վելֆերը բարեխղճորեն ձգտում էր ըստ հնարավորին երկարաձգել բժշկական գիտությունների դոկտորի կոչում ստանալը։
Քիչ էր մնում ժառանգները խելագարվեին, նրան ապուշ էին հռչակում, փորձեր էին անում ամուսնացնել որևէ հարուստ հարսնացուի հետ, միայն թե կարողանային նրանից ազատվել։ Մոտավորապես տասներկու կորպորանտային ընկերությունների անդամ, բժշկագիտության թեկնածու Ֆրիդրիխ Վելֆերը ժառանգներին տրաքացնելու համար Վիեննայում, Լայպցիգում, Բեռլինում հրատարակել էր բավական կարգին ոտանավորների մի քանի ժողովածուներ, տպագրվում էր․ «Simplicissimus»-ի մեջ և հանգիստ շարունակում սովորել, կարծես ոչինչ չէր պատահել։
Բայց ահա պայթեց պատերազմը և նենգաբար նրան հարվածեց թիկունքից։ «Lachende Lieder»[46], «Krug und Wissenschaft»[47], «Märchen und Parabeln»[48] գրքերի հեղինակ բանաստեղծին առանց մի այլևայլության բանակ տարան, իսկ ժառանգներից մեկը ամեն ջանք գորձադրեց, որ անհոգ Ֆրիդրիխ Վելֆերը ստանա «պատերազմական ժամանակի բժշկի» աստիճան։ Վելֆերը դոկտորական քննություն բռնեց։ Նրան առաջարկել էին մի շարք գրավոր հարցեր, որոնց պատասխանները պարտավոր էր ուղարկել։ Բոլոր հարցերին նա տվեց միևնույն ստերիոտիպ պատասխանը․ «Lecken Sie mir Arsch!»[49]։ Երեք օր հետո գնդապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, թե Ֆրիդրիխ Վելֆերը ստացել է բժշկագիտության դոկտորի դիպլոմ, թե նա վաղուց էր արժանի դոկտորի կոչման և, որպես շտաբի ավագ բժիշկ, աշխատանքի է նշանակված պահեստայինների հոսպիտալում, թե հիմա ծառայության մեջ արագ առաջ գնալն իրենից է կախված, թե հայտնի է, իհարկե, որ Ֆրիդրիխ Վելֆերը զանազան քաղաքներում մենամարտել է սպաների հետ, բայց հիմա պատերազմական ժամնակներ են և այդ ամենը մոռացության է տրված։
Բանաստեղծությունների «Թաս և գիտություն» ժողովածուի հեղինակը պռոշը կծեց ու գնաց ծառայելու։ Երբ պարզվեց, որ նա զինվորների նկատմամբ չափազանց ներողամիտ է և նրանց ըստ հնարավորին երկար է պահում հիվանդանոցում,— մինչդեռ այն ժամանակվա լոզունգն էր՝ «հիվանդանոցում վեր ընկնելն ու սատկելը, կամ խրամատում վեր ընկնելն ու սատկելը մի բան է»,— դոկտոր Վելֆերին տասներեքերորդ երթային գումարտակի հետ ուղարկեցին ռազմաճակատ։
Կադրային սպաները նրան համարում էին ոչ լիարժեք պահեստի սպա, պահեստի սպաներն ևս, չցանկանալով ավելի խորացնել իրենց և կադրայինների միջև ընկած անդունդը, նրան բանի տեղ չէին դնում և հետը ընկերություն չէին անում։
Կապիտան Սագներն, իհարկե, իրեն շատ ավելի բարձր էր համարում բժշկագիտության նախկին թեկնածուից, որն իր երկարամյա ուսումնառության ընթացքում շատ սպաներ էր կտրատել։ Երբ Վելֆերը, այդ «պատերազմական ժամանակի բժիշկը», անցավ Սագների մոտով, վերջինս նույնիսկ չնայեց նրան և շարունակեց պորուչիկ Լուկաշի հետ խոսել դատարկ-մատարկ բաների մասին, թե, օրինակ, Բուդապեշտի մոտերքում դդում են աճեցնում։ Այդ առթիվ պորուչիկ Լուկաշը հիշեց, թե ինչպես կադետական դպրոցի երրորդ դասարանում սովորելիս նա իր «քաղաքացիական» ընկերների հետ եղել է Սլովակիայում։ Մի անգամ նրանք գնացել են մի սլովակ ավետարանական պաստորի մոտ։ Պաստորը նրանց հյուրասիրել է դդումի գարնիրով համեմած տապակած խոզի մսով։ Հետո նրանց բաժակները գինի է լցրել ու ասել․ «Դդումն ու խոզունք գինի են ուզում»— մի բան, որից Լուկաշը խիստ նեղացել է։
― Մենք Բուդապեշտը գրեթե չենք տեսնի,— ափսոսանքով ասաց կապիտան Սագները։ Ըստ մարշրուտի մենք միայն երկու ժամ ենք կանգնելու այստեղ։
― Կարծում եմ, գնացքը կվերակազմեն,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։– Մեզ կքշեն Transport-Militärbahnhof[50] տեսակավորման կայարանը։
Նրանց մոտեցավ «պատերազմական ժամանակի դոկտոր» Վերլֆերը։
— Դատա՛րկ բան է,— ասաց նա ժպտալով։ — Այն պարոններին, որոնք երազում են ժամանակին սպա դառնալ և սպայական ժողովարանում պարծենում են իրենց ռազմա-պատմագիտական գիտելիքներով, պետք էր նախազգուշացնել, որ քաղցրավենիքի ծանրոցը միանգամից ուտելը վտանգավոր է։ Բրուկից մեկնելուց հետո կադետ Բիգլերը կլլել է, ինչպես նա ինքը խոստովանում է, կրեմի երեսուն փողրակ, իսկ կայարաններում միայն եռացրած ջուր է խմել։ Դա ինձ, պարոն կապիտան, հիշեցնում է Շիլլերի «Wer sagt von․․․»[51] ոտանավորը։
— Լսեցեք, դոկտոր,— ընդհատեց նրան կապիտան Սագները,— խոսքր Շիլլերի մասին չէ։ Ասացեք, ի՞նչ է պատահել կադետ Բիգլերին։
«Պատերազմական ժամանակի դոկտորը» քմծիծաղ տվեց․
— Սպայության թեկնածուն, ձեր այդ կադետը, պարզապես տակը կեղտոտել է։ Դա խոլերա չէ և ոչ էլ դիզենտերիա, այլ շատ պարզ և սովորական մի երևույթ։ Առանձին բան չկա, մարդը պարզապես տակը կեղտոտել է։ Ձեր պարոն սպայության թեկնածուն չափից ավելի կոնյակ է խմել, և տակը կեղտոտել է։ Սակայն, ըստ երևույթին, նա կարող էր տակը կեղտոտել և առանց կոնյակի, հենց միայն այն կրեմի փողրակների պատճառով, որ նրան ուղարկել են տնից։ Նա պարզապես երեխա է։ Որքան ինձ հայտնի է, նա սպայական ժողովարանում միշտ խմել է միայն քառորդ լիտր գինի։ Նա ժուժկալ է․․․
Դոկտոր Վելֆերը թքեց։
― Նա միշտ Լինցի պիրոժնիներ էր գնում․․․
— Ուրեմն, լուրջ բան չկա՞,— վերստին հարցրեց կապիտան Սագները։— Բայց․․․ եթե դա հայտնի դառնա․․․
Պորուչիկ Լուկաշը տեղից վեր կացավ և դիմեց Սագներին․
— Խորապես շնորհակալ եմ այդպիսի դասակի պետի համար։
— Ես նրան օգնեցի ոտքի կանգնել,— ասաց Վելֆերը, շարունակելով ժպտալ։— Մնացածի մասին բարեհաճեցեք ինքներդ հոգալ, պարոն գումարտակի հրամանատար։ Ես կադետ Բիգլերին կհանձնեմ տեղիս հոսպիտալին և տեղեկանք կտամ, թե հիվանդ է դիզենտերիայով, ծանր տեսակի դիզենտերիայով․․․ անհրաժեշտ է մեկուսացնել։ Կադետ Բիգլերը կընկնի վարակիչ բարաք․․․
— Դա, անշուշտ, դրությունից դուրս գալու ամենալավ ելքն է,— շարունակեց Վելֆերը նույն անպարկեշտ ժպիտով։— Այլ բան է տակը կեղտոտած կադետը, մի այլ բան՝ դիզենտերիայով հիվանդացած կադետը։
Կապիտան Սագները խիստ պաշտոնապես դիմեց իր բարեկամ Լուկաշին․
— Պարոն պորուչիկ, ձեր վաշտի կադետ Բիգլերը հիվանդացել է դիզենտերիայով և բուժվելու համար կմնա Բուդապեշտում։
Կապիտան Սագներին թվաց, թե Վելֆերը ծիծաղից խեղդվում է, բայց երբ նայեց «պատերազմական ժամանակի դոկտորին», ապա նրա դեմքը բացարձակապես ոչինչ չէր արտահայտում։
— Ուրեմն, ամեն ինչ կարգին է, պարոն կապիտան,— հանգիստ ասաց Վելֆերը,— սպայական աստիճանի թեկնածուն․․․— նա ձեռքը թափահարեց։— Դիզենտերիայով հիվանդանալիս ամեն մարդ կարող է շալվարը լցնել։
Այդպիսով, խիզախ կադետ Բիգլերն ուղարկվեց Ույ-Բուդայի զինվորական մեկուսարանը։
Նրա ապականված շալվարն անհետացավ համաշխարհային պատերազմի ջրապտույտի մեջ։ Մեծ հաղթանակներ տանելու մասին կադետ Բիգլերի փայփայած երազանքները ամփոփվեցին մեկուսիչ բարաքների պալատներից մեկի մեջ։
Երբ կադետ Բիգլերն իմացավ, որ դիզենտերիայով հիվանդ է, բերկրանք զգաց։
Ի՞նչ տարբերություն վիրավորվելու և պարտքդ կատարելու ժամանակ հանուն թագավոր կայսեր հիվանդանալու մեջ։
Հոսպիտալում նրան մի փոքրիկ անախորժություն պատահեց, քանի որ դիզենտերիայի բարաքում բոլոր տեղերը զբաղված էին, կադետին տեղափոխեցին խոլերային բարաքը։
Երբ Բիգլերին լողացրին ու ջերմաչափը խոթեցին թևի տակ, շտաբի բժիշկը մտահոգված գլուխն օրորեց․ «37°!։ Խոլերայի ամենավատ ախտանիշը ջերմաստիճանի խիստ անկումն է։ Հիվանդը դառնում է անտարբեր․․․»։
Եվ հիրավի կադետ Բիգլերը հուզմունքի ոչ մի նշան չէր ցուցաբերում։ Նա չափազանց հանգիստ էր, ինքն իրեն կրկնելով, թե, միևնույն է, տանջվում է հանուն թագավոր կայսեր։
Շտաբի բժիշկը հրամայեց ջերմաչափը խոթել նրա հետանցքը։
— Խոլերայի վերջին փուլն է,— վճռեց շտաբի բժիշկը։— Բանը բանից անցել է։ Ծայրահեղ թուլություն, հիվանդը դադարում է վերաբերմունք ցույց տալ շրջապատի նկատմամբ, գիտակցությունը մթագնում է։ Մեռնողը ժպտում է հոգևարքի ջղաձգումների մեջ։
Հիրավի կադետ Բիգլերը ժպտում էր նահատակի ժպիտով և բնավ չշարժվեց, երբ ջերմաչափը խոթեցին հետանցքը։ Նա իրեն հերոս էր երևակայում։
— Դանդաղ մահացումի սիմպտոմներ,― որոշեց շտաբի բժիշկը,— պասիվություն․․․
Սխալված չլինելու համար նա հունգարացի սանիտար ենթասպային հարցրեց, թե արդյոք վաննայի մեջ կադետը սրտախառնություն կամ լուծ չի՞ ունեցել։
Ստանալով բացասական պատասխան, բժիշկը նայեց Բիգլեըին։ Եթե խոլերայի դեպքում լուծն ու սրտախառնությունը դադարում է, ապա դա նախորդ սիմպտոմների հետ միասին ներկայացնում է կյանքի վերջին ժամերի տիպիկ պատկերը։
Կադետ Բիգլերը, որին տաք վաննայից հանել և բոլորովին մերկ պառկեցրել էին մահճակի վրա, սաստիկ մրսում էր, ատամները կափկափում էին, իսկ մարմինն ամբողջովին փշաքաղվել էր։
— Ա՛յ, տեսնում եք,— ասաց շտաբի բժիշկը հունգարերեն։— Սաստիկ դող և սառչող վերջավորություններ։ Վե՛րջն է։
Կռանալով կադետ Բիգլերի վրա, նա գերմաներեն հարցրեց․
— Also, wie geht’s?[52]
— S-s-se-hr-hr gu-gu-tt[53],— ատամները չխկչխկացրեց կադետ Բիգլերը։
— Գիտակցությունը մերթ մթագնած է, մերթ պայծառանում է,— ասաց շտաբի թժիշկը դարձյալ հունգարերեն։— Մարմինը նիհար է։ Շրթունքները և եղունգները պետք է սևանային։ Սա ինձ հանդիպած երրորդ դեպքն է, երբ խոլերայից մեռնող հիվանդի եղունգներն ու շրթունքները չեն չորանում։
Նա նորից կռացավ կադետ Բիգլերի վրա և հունգարերեն շարունակեց․
— Սրտի զարկերը չեն լսվում։
— Վեր-մը-մը-ակ տը-տը-վեք,— ատամները չխչխկացնելով խնդրեց նորից կադետ Բիգլերը։
— Դրանք նրա վերջին խոսքերն են,— հունգարերեն դիմելով ենթասպա սանիտարին, կանխագուշակեց շտաբի բժիշկը։— Վաղը մենք նրան կթաղենք մայոր Կոխի հետ։ Հիմա գիտակցությունը կորցնում է։ Նրա փաստաթղթերը գրասենյակո՞ւմ են։
— Այնտեղ կլինեն,— հանգիստ պատասխանեց ենթասպա սանիտարը։
— Վեր-մը-մը-ակ տը-տը-վեք,— աղաչալից կրկնեց կադետ Բիգլերը հեռացողների հետևից։
Հիվանդասենյակում, որտեղ տասնվեց մահճակ կար, պառկած էր ընդամենը հինգ հիվանդ, որոնցից մեկը՝ մեռած։ Վերջինս մեռել էր երկու ժամ առաջ և ծածկված էր սավանով։ Հանգուցյալը կրում էր խոլերայի բացիլները հայտնաբերած գիտնականի ազգանունը։ Դա կապիտան Կոխն էր, որի հետ կադետ Բիգլերին թաղել էր ուզում շտաբի բժիշկը։
Կադետ Բիգլերը փոքր ինչ բարձրացավ մահճակի վրա և առաջին անգամ տեսավ, թե հանուն թագավոր կայսեր ինչպես են մեռնում խոլերայից։ Կենդանի մնացած չորսից երկուսը մեռնում էին․ նրանք շնչահեղձ էին լինում, սևացել էին և դժվարությամբ ինչ-որ բառեր էին արտաբերում։ Անկարելի էր որոշել, թե ի՛նչ են ասում և ի՛նչ լեզվով են խոսում։ Դա, ավելի շուտ, նման էր խռխռոցի։
Մյուս երկուսի մոտ բուռն ռեակցիա էր սկսվել, որ նշան էր ապաքինման։ Երկուսն էլ նման էին տիֆի տենդով բռնված հիվանդների․ ինչ-որ անհասկանալի բաներ էին բղավում և վերմակների տակից դուրս գցում իրենց վտիտ ոտքերը։ Այդ հիվանդների վրա կռացել էր շտիրիական բարբառով խոսող (ինչպես կռահեց կադետ Բիգլերը) մի մորուքավոր սանիտար և նրանց հանգստացնում էր։
— Ես էլ եմ խոլերա ունեցել, սիրելի իմ պարոններ, բայց ես էդպես քացի-քացի չէի անում։ Ա՛յ, հիմա դուք լավ եք։ Արձակուրդ կվերցնեք ու․․․
— Ոտքերդ թափ մի տա,— գոռաց նա հիվանդներից մեկի վրա, որը ոտքով վերմակը այնպես վեր նետեց, որ թռավ ու ընկավ իր գլխին։— Մեզ մոտ էդպիսի բան չի կարելի անել։ Շնորհակալ եղիր, որ տենդ ունես։ Համենայն դեպս հիմա քեզ այստեղից մուզիկով չեն տանի։ Երկուսդ էլ պրծաք։
Նա աչք ածեց շուրջը։
— Հրեն էն երկուսը մեռան։ Մենք էդպես էլ գիտեինք,— ասաց նա բարեհոգաբար։— Շնորհակալ եղեք, որ պրծաք։ Գնամ սավաններ բերեմ։
Քիչ հետո նա վերադարձավ և մեռածներին սավաններով ծածկեց։ Նրանց շրթունքները բոլորովին սևացել էին։ Սանիտարը խաչեց նրանց չռված ու հոգևարքի շղաձգումների մեջ ծռմռվածդ սևացած եղունգներով ձեռքերը, աշխատեց ներս խոթել բերաններից դուրս պրծած լեզուները, ապա չոքեց ու սկսեց․
― Heilige Maria, Mutter Gottes![54]
Աղոթելով, շտիրիացի սանիտարը նայում էր իր ապաքինվող պացիենտներին, որոնց զառանցանքը նշան էր վերակենդանության։
— Heilige Maria, Mutter Gottes!,— բարեպաշտորեն կրկնեց սանիտարը, երբ հանկարծ մի մերկ մարդ խփեց նրա ուսին։
Կադետ Բիգլերն էր։
— Լսեցեք,— ասաց նա,— ես լողացա․․․ Այսինքն ինձ լողացրին․․․ Ինձ վերմակ է հարկավոր․․․ Ես մրսում եմ․․․
— Բացառիկ դեպք,— կես ժամ հետո հայտնեց շտաբի բժիշկը վերմակի տակ հանգստացող կադետ Բիգլերին։— Դուք, պարոն կադետ, ապաքինման ճանապարհի վրա եք։ Վաղը մենք ձեզ կուղարկենք Տարնով, պահեստի հոսպիտալ։ Դուք խոլերային բացիլակիր եք։ Մեր գիտությունը այնքան է առաջ գնացել, որ մենք կարող ենք դա անսխալ որոշել։ Դուք Իննսունմեկերորդ գնդի՞ց եք։
— Տասներեքերորդ երթային գումարտակից, տասնմեկերորդ վաշտից,— կադետ Բիգլերի փոխարեն պատասխանեց ենթասպա սանիտարը։
― Գրեցե՛ք,— հրամայեց շտաբի բժիշկը։— «Կադետ Բիգլերը, տասներեքերորդ երթային գումարտակի Իննսուներեքերորդ հետևակ գնդի տասնմեկերորդ երթային վաշտից, բուժհսկողության համար ուղարկվում է Տարնովի խոլերային բարաքը։ Խոլերային բացիլակիր կադետ․․․
Եվ այդպես, էնտուզիազմով լի ռազմիկր, կադետ Բիգլերը, դարձավ խոլերային բացիլակիր․․․
Բուդապեշտում
Բուդապեշտի զինվորական կայարանում Մատուշիչը կապիտան Սագներին մի հեռագիր բերեց, որ տվել էր սանատորիա ուղարկված դժբախտ բրիգադային հրամանատարը։ Հեռագիրը ծածկագրված չէր և ուներ նույն բովանդակությանը, ինչ նախորդը․ «Արագ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ»։ Դրան ավելացված էր․ «Գումակը մտցնել արևելյան խմբի մեջ։ Հետախուզական ծառայությունը վերացվում է։ Տասներեքերորդ երթային գումարտակին՝ Բուգի վրա կամուրջ կառուցել։ Մանրամասնությունները թերթերում»։
Կապիտան Սագները անմիջապես գնաց կայարանի պարետի մոտ։ Նրան սիրալիր դիմավորեց մի կարճլիկ չաղ սպա։
— Համա՜ թե օյին է սարքել ձեր բրիգադի հրամանտարը,— ծիծաղից խեղդվելով ասաց կարճլիկ սպան։— Բայց, այնուամենայնիվ, մենք պարտավոր էինք այդ անհեթեթությունը հանձնել ձեզ, քանի որ նրա հեռագրերը հասցեատերերին չհանձնելու մասին դիվիզիայից դեռ կարգադրություն չի ստացվել։ Երեկ այստեղով անցնում էր Յոթանասունհինգերորդ գնդի տասնչորսերորդ երթային գումարտակը, և գումարտակի հրամանատարը հեռագիր ստացավ, թե ամբողջ անձնակազմին վճարել վեցական կրոն՝ որպես հատուկ պարգև Պերեմիշլի համար։ Միաժամանակ կարգադրված էր, թե ամեն մի զինվոր այդ վեց կրոնից երկուսը պետք է մուծի ռազմական փոխառության համար… Ըստ հավաստի տեղեկությունների, ձեր բրիգադի գեներալը կաթվածահար է եղել։
— Պարոն մայոր,— դիմեց կապիտան Սագները զինվորական կայարանի պարետին,— համաձայն գնդին տրված հրամանների, մենք ըստ մարշրուտի գնում ենք Գյոդյոլլյո։ Անձնակազմն այստեղ պետք է ստանա մարդագլուխ հարյուրհիսուն գրամ շվեյցարական պանիր։ Վերջին կայարանում զինվորներին պետք է տային հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկ, բայց նրանք ոչինչ չստացան։
— Այստեղ էլ հազիվ թե որևէ բան ստանաք,— առաջվա պես ժպտալով պատասխանեց մայորը։— Ինձ հայտնի չէ Չեխիայից եկած գնդերի համար տրված այդպիսի հրաման։ Ասենք, դա իմ գործը չէ, դիմեցեք մատակարարման վարչությանը։
— Մենք ե՞րբ ենք ճանապարհվելու, պարոն մայոր։
— Ձեր առջևում կանգնած է ծանր հրետանիով բեռնված գնացքը, որ գնում է Գալիցիա։ Այդ գնացքը կճանապարհենք, պարոն կապիտան, մեկ ժամից։ Երրորդ գծի վրա կանգնած է մի սանիտարական գնացք։ Նա կշարժվի հրետանու մեկնելուց քսանհինգ րոպե հետո։ Տասներկուերորդ գծի վրա կանգնած է ռազմամթերքի մի գնացք։ Սա կշարժվի սանիտարականից տասը րոպե հետո, և նրանից քսան րոպե հետո կճանապարհենք ձեր գնացքը։
— Եթե, իհարկե, որևէ փոփոխություն չլինի,— ավելացրեց նա նույն ժպիտով, որով կատարելապես զզվեցրեց կապիտան Սագներին։
— Ներեցեք, պարոն մայոր,— հետաքրքրվեց Սագները, որոշած լինելով ամեն ինչ մինչև վերջ պարզել,— կարո՞ղ եք մեզ մի տեղեկանք տալ, որ ձեզ ոչինչ հայտնի չէ Չեխիայից եկած գնդերին տրվելիք հարյուրհիսունական գրամ շվեցարական պանրի մասին։
— Դա գաղտնի հրաման է,— շարունակելով հաճելիորեն ժպտալ, պատասխանեց Բուդապեշտի զինվորական կայարանի պարետը։
«Խոսք չունեմ, հիմար դրության մեջ ընկա,— մտածեց կապիտան Սագները պարետանոցից դուրս գալիս։— Ախր ինչո՞ւ պորուչիկ Լուկաշին հրամայեցի հրամանատարներին հավաքել և նրանց ու զինվորների հետ գնալ պարենի պահեստը»։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար պորուչիկ Լուկաշը, համաձայն կապիտան Սագների կարգադրության, ուզում էր հրաման տալ, որ շարժվեն դեպի պահեստ՝ մարդագլուխ հարյուրհիսուն գրամ շվեյցարական պանիր ստանալու, բայց այդ իսկ պահին նրա առաջ տնկվեց Շվեյկը, հետն էլ դժբախտ Բալոունը։
Բալոունն ամբողջ մարմնով դողում էր։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,― ասաց Շվեյկն իրեն հատուկ ժրությամբ,— գործը շատ լուրջ է։ Համարձակվում եմ խնդրել, պարոն օբեր֊լեյտենանտ, այդ գործին լուծում տալ աչքից հեռու մի տեղ։ Այդպես արտահայտվեց իմ ընկերներից մեկը, զգորժցի Շպատինան, երբ հարսանիքի խաչեղբայր էր և հանկարծ եկեղեցում բնական կարիք զգաց․․․
— Բանն ինչո՞ւմն է, Շվեյկ,— չհամբերեց պորուչիկ Լուկաշը, որ Շվեյկին կարոտել էր ճիշտ այնպես, ինչպես Շվեյկը պորուչիկ Լուկաշին։— Մի կողմ քաշվենք։
Բալոունը դանդաղ քարշ եկավ նրանց հետևից։ Այդ հսկան բոլորովին իրեն կորցրել էր և վհատված թափահարում էր թևերը։
— Դեհ, բանն ինչո՞ւմն է, Շվեյկ,— հարցրեց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք մի կողմ քաշվեցին։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր֊լեյտենանտ,— վրա տվեց Շվեյկը,— ավելի լավ է մարդ ինքը խոստովանի, քան թե սպասի, որ գործը բացվի։ Դուք միանգամայն պարզ ու որոշ հրամայեցիք, պարոն օբեր֊լեյտենանտ, որ Բուդապեշտ հասնելուն պես Բալոունը ձեզ համար լյարդի պաշտետ և մի բուլկի բերի։
― Այդ հրամանը ստացե՞լ էիր թե ոչ,— դիմեց Շվեյկը Բալոունին։
Բալոունը ավելի վհատված թափահարեց թևերը, ասես հարձակվող հակառակորդից պաշտպանվելով։
— Այդ հրամանը,— ասաց Շվեյկը,— պարոն օբեր֊լեյտենանտ, դժբախտաբար չէր կարող կատարվել։ Ձեր լյարդի պաշտետը ես եմ կերել․․․
— Ես եմ կերել,— կրկնեց Շվեյկը, բոթելով խելակորույս Բալոունի կողը։— Մտածեցի, թե լյարդի պաշտետը կարող է փչանալ։ Ես թերթերում շատ անգամ կարդացել եմ, թե ինչպես լյարդի պաշտետից ամբողջ ընտանիքներ են թունավորվել։ Մի անգամ այդպիսի դեպք պատահել է Զդերազում, մի անգամ Բերոունում, մի անագամ Թաբորում, մի անգամ Պրիշիբրամում։ Բոլոր թունավարվածները մեռել են։ Լյարդի պաշտետը շատ նողկալի բան է․․․
Բալոունը դողալով մի կողմ քաշվեց, մատը խոթեց բերանը և փսխեց։
— Ի՞նչ պատահեց ձեզ, Բալոուն։
— Բլյու-բյլու-յու, պա-ա-ա-րոն օբ֊բե-բեր–լեյ֊տե֊նանտ,— բղավում էր դժբախտ Բալոունը փսխելու նոպաների ընդմիջումներին։— Ես եմ լա-լա֊լափ֊ել…— Տառապյալ Բալոունի բերանից դուրս էին թափվում նաև պաշտետի անագաթղթյա փաթթոցի կտորները։
— Ինչպես տեսնում եք, պարոն օբեր֊լեյտենանտ,— բոլորովին չշփոթվելով ասաց Շվեյկը,— յուրաքանչյուր լափված պաշտետ դուրս է պալիս, ինչպես մախաթը պարկի միջից։ Ես ուզում էի մեղքն ինձ վրա վերցնել, բայց այդ անասունն ինքն իրեն մատնեց։ Բալոունը շատ օրինավոր մարդ է, բայց ինչ էլ վստահես իրեն՝ կլափի։ Ես մի այդպիսի անձնավորության էլ էի ճանաչում, որ բանկի թղթատար էր։ Նրան կարելի էր հազարներ վստահել։ Մի անգամ մի ուրիշ բանկից փող էր ստացել, և հազար կրոն ավելի էին տվել։ Ավելի ստացածն անմիջապես վերադարձրեց։ Բայց անկարելի էր նրան ուղարկել տասնհինգ կրեյցերի ապխտած շլնքամիս բերելու․ անպայման ճանասրորհին կեսը կլափեր, լափելու գործում այնքան անզուսպ էր, որ երբ ուղարկում էին լյարդի երշիկներ բերելու, ճանապարհին գրչահատով երշիկները փորփրում էր, իսկ ծակերը անգլիական պլաստիրով ծեփում։ Հինգ փոքրիկ երշիկ ծեփելու պլաստիրը նրա վրա ավելի թանկ էր նստում, քան մեկ երշիկը։
Պորուչիկ Լուկաշը հառաչեց ու հեռացավ։
— Արդյոք որևէ կարգադրություն չունե՞ք,— պարոն օբեր-լեյտենանտ,— նրա հետևից ձայն տվեց Շվեյկը, մինչդեռ դժբախտ Բալոունը անընդհատ մատը բերանն էր խոթում։
Պորուչիկ Լուկաշը ձեռքր թափ տվեց ու դիմեց դեպի պարենի պահեստը։ Նրա գլխով մի պարադոքսալ միտք անցավ․ եթե զինվորները լափում են իրենց սպաների պաշտետները,— մտածեց նա,— ապա Ավստրիան չի կարող պատերազմը շահել։
Այդ միջոցին Շվեյկը Բալոունին անցկացրեց երկաթգծի մյուս կոդմը։ Ճանապարհին նա նրան մխիթարում էր, թե միասին քաղաքը կդիտեն և այնտեղից պորուչիկի համար դեբրեցինյան սոսիսկիներ կբերեն։ Հունգարական թագավորության մայրաքաղաքի մասին Շվեյկի պատկերացումները, բնականաբար, սահմանափակվում էին ապխտեղենի այդ հատուկ տեսակի մասին ունեցած պատկերացումով։
— Հանկարծ մեր գնացքը չգնա՞,— սկսեց մզզալ Բալոունը, որի անկշտությանը զուգակցում էր մի բացառիկ ժլատություն։
— Երբ մարդ ռազմաճակատ է գնում,— համոզված ասաց Շվեյկը,— երբեք գնացքից չի ուշանա, որովհետև ռազմաճակատ մեկնող ամեն մի գնացք շատ լավ գիտե, որ եթե շտապի՝ էշելոնի միայն կեսը կհասցնի վերջին կայարանը։ Բայց ես քո փորացավը գիտեմ, Բալոուն։ Դու գրպանիդ համար ես դողում։
Սակայն նրանք չկարողացան ոչ մի տեղ գնալ, քանի որ հնչեց «մտնել վագոնները» հրամանը։ Վաշտերի զինվորները ձեռնունայն վերադառնում էին իրենց վագոնները։ Հարյուրհիսունական գրամ շվեցարական պանրի փոխարեն, որ պետք է տային այստեղ, նրրանք ստացել էին մեկական տուփ լուցկի և մեկական բացիկ, որ, հրատարակել էր Ավստրիայի Զինվորական գերեզմանների պահպանության կոմիտեն (Վիեննա, XIX/4, փող. Կանիզիուս)։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն նրանց տվել էին Արևմտյան Գալիցիայի Սեդլիցյան զինվորական գերեզմանատունը և դժբախտ աշխարհազորայինների հուշարձանը։ Այդ մոնումենտը ստեղծել էր ռազմաճակատից ճողոպրած քանդակագործ, հոժարական ավագ գրագիր Շոլցը։
Շտաբի վագոնի մոտ արտակարգ աշխուժություն էր։ Երթային գումարտակի սպաները խռնվել էին կապիտան Սագների շուրջը, որը հուզված ինչ-որ բան էր պատմում։ Նա հենց նոր էր վերադարձել կայարանի պարետանոցից և ձեռքին բռնած ուներ բրիգադի շտաբից ստացված մի խիստ գաղտնի և շատ երկար հեռագիր, որը հրահանգներ ու ցուցմունքներ էր տալիս, թե ինչպես պետք էր վարվել այն նոր իրաադրութ յան մեջ, որ Ավստրիայի համար ստեղծվել էր 1915 թվի մայիսի 23-ին։
Շտաբը հեռագրել էր, թե Իտալիան Ավստրո֊Հունգարիային պատերազմ է հայտարարել։
Դեռևս Լեյտի Բրուկում սպայական ժողովարանի ճոխ ճաշերի ու ընթրիքների ժամանակ մարդիկ, բերանները լի, խոսում էին Իտալիայի տարօրինակ դիրքի մասին, սակայն ոչ ոք չէր սպասում, թե կիրականանա այն մարգարեական խոսքը, որ մի անգամ ընթրիքի ժամանակ ասաց ապուշ Բիգլերը, մակարոնի ափսեն մի կողմ հրելով. «Ես մակարոն կուշտ կուտեմ,— ասել էր նա,– Վերոնայի դարպասների մոտ»։
Ուսումնասիրելով բրիգադից ստացված հրահանգը, կապիտան Սագները հրամայեց տագնապի ազդանշան հնչեցնել։
Երբ երթային գումարտակի բոլոր զինվորները հավաքվեցին, նրանց կանգնեցրին քառանկյունաձև, և կապիտան Սագներն արտակարգ հանդիսավորությամբ զինվորներին կարդաց իրեն հեռագրված հրամանը.
«Իտալիայի թագավորը, ագահությունից մղված, կատարեց չլսված դավաճանական ակտ, մոռանալով իր եղբայրական պարտականությունները, որոնցով նա կապված էր որպես մեր պետության դաշնակից։ Պատերազմի հենց սկզբից, որում նա, որպես մեր պետության դաշնակից, պետք է կանգներ մեր քաջարի զորքերի հետ կողքեկողքի, Իտալիայի ուխտադրուժ թագավորը կատարում էր դիմակավորված դավաճանի դեր, զբաղվելով երկերեսանիությամբ, գաղտնի բանակցություններ վարելով մեր թշնամիների հետ։ Այդ դավաճանությունը բոլորվեց մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը մեր միապետությանը պատերազմ հայտարարելու ակտով։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարը համոզված է, որ մեր քաջարի ու փառապանծ բանակը նենգամիտ թշնամու խայտառակ դավաճանությանը կպատասխանի այնպիսի հարվածով, որ դավաճանը հասկանա, որ խայտառակ կերպով ու նենգաբար պատերազմ սկսելով՝ նա կործանել է ինքն իրեն։ Մենք հաստատ հավատում ենք, որ աստծո օգնությամբ շուտով կգա այն օրը, երբ Իտալիայի տափարակները նորից կտեսնեն Սանտա֊Լուչիայի, Վիչենցայի, Նովարայի, Կուստոցայի հաղթանակչին։ Մենք ուզում ենք, մենք պարտավոր ենք հաղթել, և անկասկած կհաղթենք»։
Դրան հետևեց սովորական «dreimal hoch»[55]-ը և վհատված զորքը գնացք նստեց։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն զինվորներին բաժին ընկավ պատերազմն Իտալիայի հետ։
Այն վագոնում, որտեղ նստած էին Շվեյկը, ավագ գրագիր Վանեկը, հեռախոսավար Խոդունսկին, Բալոունը և խսհարար Յուրայդան, հետաքրքիր զրույց Բացվեց Իտալիայի պատերազմի մեջ մտնելու մասին։
— Ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց Պրագայի Թաբորսկա փողոցում,— սկսեց Շվեյկը,— որտեղ ապրում էր վաճառական Գորժեյշին։ Նրանից քիչ հեռու, փողոցի հակառակ կողմում, վաճառական Պոշմոուրնու խանութն էր։ Նրանց երկուսի արանքում մանրավաճառի խանութ ուներ Գավլասան։ Եվ ահա մի անգամ վաճառական Գորժեյշիի խելքին փչում է խանաթպան Գավլասայի հետ միանալ ընդդեմ վաճառական Պոշմոուրնու և սկսում է Գավլասայի հետ բանակցություններ վարել, թե ինչպես իրենց խանութները միացնեն «Գորժեյշի և Գավլասա» ընդհանուր ցուցանակի ներքո։ Սակայն խանութպան Գավլասան գնում է վաճառական Պոշմոուրնու մոտ ու պատմում, թե Գորժեյշին իր խանութի համար իրեն հազար երկու հարյուր կրոն է տալիս և առաջարկում իր հետ ընկերանալ, բայց եթե Պոշմոուրնին իրեն հազար ութհարյուր կրոն տա, ապա ինքը կգերադասի նրա հետ դաշն կնքել ընդդեմ Գորժեյշիի։ Համաձայնության են գալիս։ Սակայն Գավլասան, Գորժեյշիին դավաճանելով, շարունակ մլուլ էր տալիս նրա շուրջը և ձևացնում, թե նրա ամենամոտիկ բարեկամն է, իսկ երբ խոսք էր բացվում գործերը միասին վարելու մասին՝ պատասխանում էր. «Հա՛, հա՛, շուտով, շուտով։ Միայն թե սպասում եմ, որ կենվորները ամառանոցից վերադառնան։»։ Իսկ երբ կենվորները վերադարձան, իսկապես արդեն ամեն ինչ պատրաստ էր համատեղ գործելու համար, ինչպես նա խոստացել էր Գորժեյշիին։ Եվ ահա մի առավոտ Գորժեյշին գնամ է իր խանութը բացելու և իր մրցակցի խանութի ճակատին տեսնամ է մի մեծ ցուցանակ, որի վրա ահագին տառերով գրված էր ֆիրմայի անունը՝ «Պոշմոուրնի և Գավլասա»։
— Մեզ մոտ էլ մի այդպիսի բան պատահեց,— մեջ ընկավ տխմարամիտ Բալոունը։— Ես ուզում էի հարևան գյուղում մի հորթ առնել, արդեն գինը բարիշել էի, բայց Վոտիցկի մսագործը ուղղակի քթիս տակից հորթը ձեռիցս խլեց։
— Քանի որ դարձյալ նոր պատերազմ է,— շարունակեց Շվեյկը,— քանի որ հիմա մենք մի թշնամի ավելի ունենք, քանի որ նոր ճակատ է բացվել, ստիպված կլինենք ռազմամթերքը խնայողաբար բանեցնել։ Ինչքան ընտանիքում երեխաները շատ են, այնքան շատ ճիպոտ է հարկավոր,— ասում էր Մոտոլում ապրող Խովանեց պապը, որը փոքր վարձով քոթակում էր հարևանների երեխաներին։
— Միայն թե վախենում եմ,— ամբողջ մարմնով դողալով իր մտահոգությունն արտահայտեց Բալոունը,— որ այդ Իտալիա ասածի պատճառով մեր մթերաբաժինը կրճատեն։
Ավագ գրագիր Վանեկը փոքր֊ինչ մտածեց և լրջորեն պատասխանեց․
― Ամեն ինչ կարող է պատահել, քանի որ հիմա մեր հաղթանակն, անկասկած, մի քիչ կուշանա։
— Մեզ մի նոր Ռադեցկի էր պետք,— ասաց Շվեյկը։— Ա՜յ թե ով էր ծանոթ այդ տեղերին։ Նա լավ գիտեր, թե որն է իտալացիների թույլ տեղը, թե ինչի վրա և որ կողմից պետք է գրոհել։ Չէ՞ որ մի տեղ մտնելը հեշտ գործ չէ։ Մտնել ամեն մարդ կարող է, բայց արի ու դուրս եկ,— իսկական ռազմական արվեստը հենց դրա մեջ է։ Երբ մարդ որևէ տեղ է մտնում, պետք է իմանա, թե շուրջն ինչ է կատարվում, որպեսզի չընկնի այն անհարմար դրության մեջ, որ կոչվում է կատաստրոֆա։ Մի անգամ մեր տանը, դեռևս իմ հին բնակարանում, տանիքի տակ մի գող բռնեցին։ Բայց այդ սրիկան այնտեղ մտնելիս նկատել էր, որ սանդղավանդակի վերևում մի մեծ լապտեր են նորոգում։ Եվ ահա դուրս պրծավ բռնողների ձեռքից, սպանեց դռնապանի կնոջը և տախտակամածի վրայով մտավ այդ լապտերի մեջ, իսկ այնտեղից այլևս դուրս չեկավ։ Մեր հայր Ռադեցկին էլ Իտալիայի ամեն մի ծակուծուկը գիտեր, նրան ոչ ոք չէր կարող բռնել։ Մի գրքի մեջ նկարագրված է, թե նա ինչպես է ճղել Սանտա-Լուչիայից, թե ինչպես են ճղել նաև իտալացիները։ Ռադեցկին միայն մյուս օրն է իմացել, որ փաստորեն ինքն է հաղթել, քանի որ նույնիսկ դաշտային հեռադիտակով իտալացիները չէին երևում։ Այն ժամանակ նա հետ է դարձել և իր թողած Սանտա֊Լուչիան գրավել։ Դրանից հետո նրան ֆելդմարշալի կոչում են շնորհել։
— Խո՛սք չունեմ, հիանալի երկիր է,— մեջ մտավ խոհարար Յուրայդան։— Ես մի անգամ եղել եմ Վենետիկում և գիտեմ, որ իտալացին ամեն պատահած մարդու խոզ է անվանում։ Երբ նա բարկանում է, բոլորը նրա համար «porco maladetto»[56] են։ Նրա համար հռոմի պապն էլ, մադոննան էլ խոզ են։
Ավագ գրագիր Վանեկն, ընդհակառակը, մեծ համակրանքով արտահայտվեց Իտալիայի մսաին։ Նա պատերազմից առաջ Կրալուպիի իր դեղագործական խանութում փտած լիմոնից սիրոպ էր պատրաստում, իսկ ամենաէժան և ամենափտած լիմոնը միշտ գնում էր Իտալիայում։ Հիմա պրծավ, այլևս հնարավոր չէ Իտալիայից լիմոն բերել Կրալուպի։ Իտալիայի հետ կռվելն, անկասկած, շատ անակնկալներ կստեղծի, քանի որ Ավստրիան կջանա Իտալիայից վրեժ լուծել։
— Հեշտ է ասել՝ վրեժ լուծել,— ժպտալով առարկեց Շվեյկը։― Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջիվերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում։ Երբ մի քանի տարի առաջ ես ապրում էի Վինոգրադիում, մեր տան առաջին հարկում մի բարապան էր կենում, իսկ նրա բնակարանում սենյակ էր վարձել ինչ֊որ բանկի մի մանր աստիճանավոր։ Այդ աստիճանավորը միշտ հաճախում էր Կրամերիևա փողոցի գարեջրատունը, որտեղ մի անգամ ընդհարվեց մի պարոնի հետ։ Պարոնը Վինոգրադիում մեզի անալիզի լաբորատորիա ուներ և միայն մեզի մասին էր խոսում ու մտածում, հետը շարունակ մեզի շշիկներ էր ման ածում և ամեն մեկի ձեռքը խոթում, որ միզեր և մեզն անալիզի տար։ Իբր այդ անալիզից էր կախված մարդու և նրա ընտանիքի բախտը։ Հետո դա էժան է, ընդամենը վեց կրոն, ասում էր նա։ Գարեջրատան բոլոր հաճախորդները, ինչպես և գարեջրատան տերն ու նրա կինը, իրենց մեզն անալիզի տվին։ Միայն ասածս աստիճանավորն էր համառում, չնայած որ ամեն անգամ միզարան գնալիս այն պարոնը նրա հետևից ներս էր մտնում և շատ մտահոգված ասում. «Չգիտեմ ինչ ասեմ, պան Սկորկովսկի, միայն թե ձեր մեզը ինձ դուր չի դալիս։ Քանի դեռ ուշ չէ, միզեցեք շշիկի մեջ»։ Վերջիվերջո համոզեց։ Դա աստիճանավորի վրա վեց կրոն նստեց։ Եվ պարոնն իր անալիզով նրան, ինչպես և մյուսներին, հոգեհան արեց։ Բացառություն չկազմեց և գարեջրատան տերը, որի առևտրին շատ վնասեց, քանի որ յուրաքանչյուր անալիզի կցում էր այն եզրակացությունը, թե դա իր պրակտիկայում հանդիպող շատ լուրջ դեպք է, թե ջրից բացի ոչինչ չի կարելի խմել, չի կարելի ծխել, չի կարելի ամուսնանալ և պետք է միայն բանջարեղեն ուտել։ Եվ ահա աստիճանավորը, ինչպես և մյուսները, սաստիկ զայրացավ նրա վրա և իր վրեժը լուծելու գործիք դարձրեց բարապանին, գիտենալով, որ նա դաժան մարդ է։ Եվ ահա մի անգամ նա մեզի անալիզ կատարող պարոնին ասաց, թե վերջերս բարապանը իրեն վատառողջ է զգում և խնդրում է, որ պարոնը առավոտվա ժամը ութին գա իր մոտ՝ մեզը քննության տանելու։ Պարոնը գնաց։ Բարապանը դեռ քնած էր։ Պարոնն արթնացրեց նրան և սիրալիր ասաց․ «Հարգանքներիս հավաստիքը, պան Մալեկ, բարի լուր։ Ահա ձեզ շշիկ, բարեհաճեցեք միզել։ Ես ձեզնից պետք է վեց կրոն ստանամ»։ Այդ ժամանակ տեղի ունեցավ մի չտեսնված խայտառակություն։ Բարապանը մետակ վարտիքով տեղաշորից դուրս թռավ և, առ հա՛, բռնեց այդ պարոնի կոկորդից, բարձրացրեց ու շպրտեց դեպի պահարանը։ Պարոնս լռվեց֊մնաց պահարանի մեջ։ Բարապանը նրան դուրս քաշեց այնտեղից, վերցրեց մտրակը և մետակ վարտիքով ընկավ հետևից ու քշեց Չելեկովսկա վողոցն ի վար, իսկ պարոնս կաղկանձում էր պոչը տրորած շան պես։ Հավլիչկով փողոցում պան Մալեկը թռավ֊մտավ տրամվայ։ Ոստիկանը բարապանին բռնեց, բայց նա ոստիկանի հետ էլ կռիվ սարքեց։ Իսկ քանի որ բարապանը մետակ վարտիքով էր և ունեցած֊չունեցածը դուրս էր պրծել, ապա, հասարակական բարոյականությունը վիրավորած լինելու համար, նրան գցեցին ձեռնասայլակի մեջ և տարան ոստիկանատուն, իսկ նա սայլակի միջից ցուլի պես մռնչում էր․ «Սրիկանե՛ր, ես ձեզ մեզս հետազոտել ցույց կտամ»։ Հասարակական վայրում բռնություն գործադրելու և ոստիկանությանը վիրավորելու համար նա վեց ամիս նստեց, իսկ դատավճռի հրապարակումից հետո իրեն թույլ տվեց թագավորող տան հասցեին վիրավորական խոսք ասել։ Միգուցե խեղճը մինչև հիմա էլ նստած է։ Դրա համար էլ ասում եմ. «Երբ որևէ մեկից վրեժ ես լուծում, ապա տուժողը անմեղ մեկն է լինում»։
Այդ միջոցին Բալոունը լարված և երկար ժամանակ ինչ֊որ բան էր խորհում և, ի վերջո, սրտի դողով Վանեկին հարցրեց.
— Կներեք, պարոն ավագ֊գրագիր, ձեր կարծիքով Իտալիայի հետ պատերազմելու պատճառով մեր մթերաբաժինը կկրճատե՞ն։
— Դա աստծո լույսի պես պարզ է,— պատասխանեց Վանեկը։
— Հիսո՜ւս Քրիստոս,— բացականչեց Բալոունը, գլուխը հենեց ձեռքերին ու սսկվեց֊մնաց իր անկյունում։
Այդպես վերջացան Իտալիային վերաբերող վիճաբանություններն այդ վագոնում։
* * *
Շտաբի վագոնում այն նոր իրադրությանը վերաբերող խոսակցաթյունը, որ ստեղծվել էր Իտալիայի պատերազմի մեջ մտնելու հետևանքով, սպառնում էր լինել հույժ ձանձրալի, քանի որ բացակայում էր անվանի ռազմական տեսաբան կադետ Բիգլերը, սակայն նրան մասամբ փոխարինում էր երրորդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։
Պոդպորուչիկ Դուբը պատերազմից առաջ չեխերենի դասատու էր և դեռ այն ժամանակ ամեն տեղ, ուր առիթ էր ներկայանում, ջանում էր ի հայտ բերել իր լոյալությունը։ Նա իր աշակերտներին գրավոր աշխատանքներ էր տալիս Հաբսբուրգյան դինաստիայի պատմության թեմաներով։ Ցածր դասարաններում աշակերտներին սարսափ էին պատճառում Մաքսիմիլիան կայսրը, որ բարձրացել էր ժայռի կատարը և չէր կարողանում ցած իջնել, Իոսիֆ II-ը, որ հողագործ էր, և Ֆերդինանդ Բարին։ Բարձր դասարաններում թեմաներն ավելի բարդ էին։ Օրինակ, յոթերորդ դասարանին առաջարկվում էր շարադրություն գրել հետևյալ թեմայով. «Կայսր Ֆրանց Իոսիֆը որպես գիտությունների և արվեստների հովանավոր»։ Այդ շարադրության պատճառով մի յոթերորդդասարանցի դպրոցից հեռացվել էր, զրկվելով Ավստրո֊Հունգարական միապետության միջնակարգ ուսումնական հաստատությունները մտնելու իրավունքից, քանի որ գրել էր, թե այդ միապետի ամենանշանավոր գործը Պրագայի Ֆրանց Իոսիֆի կամարջի կառուցումն է։
Դուբը աչալուրջ հետևում էր, որ իր բոլոր աշակերտները կայսեր ծննդյան օրը և կայսրական մյուս հանդիսավոր օրերին Ավստրիայի հիմնը ոգևորված երգեն։ Հասարակության մեջ նրան չէին սիրում, քանի որ հաստատ հայտնի էր, որ նա իր կոլեգաներին մատնում է։ Այն քաղաքում, որտեղ Դուբը դասավանդում էր, նա անդամ էր մեծագույն ապուշների և էշերի մի եռյակի։ Այդ եռյակի մեջ մտնում էին, բացի նրանից, նահանգական վարչության պետն ու գիմնազիայի դիրեկտորը։ Այդ նեղ շրջանում նա սովորեց քաղաքականության մասին դատել միայն այն սահմաններում, որ թույլատրելի են Ավստրո-Հունգարական միապետության մեջ։ Հիմա նա իր մտքերն արտահայտում էր գիմնազիայի քարացած դասատուի տոնով.
— Ընդհանրապես Իտալիայի պատերազմի մեջ մտնելն ինձ բնավ չզարմացրեց։ Ես դա սպասում էի դեռևս երեք ամիս առաջ։ Տրիպոլիի համար Թուրքիայի դեմ մղած իր հաղթական պատերազմից հետո Իտալիան խիստ գոռոզացել է։ Բացի դրանից, նա մեծ հույս է դնում իր նավատորմի և մեր ծովափնյա շրջանների ու հարավային Տիրոլի բնակչության տրամադրության վրա։ Դեռևս պատերազմից առաջ ես մեր նահանգական վարչության պետի հետ զրուցում էի, թե մեր կառավարությունը թերագնահատում է հարավի իրեդենտիստական շարժումը։ Նա լիովին ինձ համամիտ էր, քանզի ամեն մի հեռատես մարդ, որի համար թանկ է մեր կայսրության ամբողջականությունը, պետք է կանխատեսեր, թե մինչև ուր կարող է հասցնել այն չափից ավելի ներողամտությունը, որ ցուցաբերվում է նման տարրերի նկատմամբ։ Ես լավ հիշում եմ, թե ինչպես երկու տարի առաջ նահանգական վարչության պարոն պետի հետ զրուցելիս ասացի, որ Իտալիան,— դա Բալկանյան պատերազմի, իսկ ավելի ճիշտ՝ մեր հյուպատոս Պրոխազկայի աֆերայի ժամանակ էր,— հարմար առիթի է սպասում, որ հարձակվի մեզ վրա։
― Եվ ահա մենք տեսանք այդ օրը,— գոռաց նա այնպես, որ կարծես բոլորն իր հետ վիճում էին, թեև նրա ճառին ներկա գտնվող կադրային սպաները լուռ էին և միայն այն էին փափագում, որ այդ «քաղաքացիական» դատարկաբանը գրողի ծոցը գնար։— Ճիշտ է,— շարունակեց նա, փոքր-ինչ հանդարտվելով,— մենք շատ դեպքերում, նույնիսկ դպրոցների համար գրված աշխատությունների մեջ, մոռանում էինք Իտալիայի հետ ունեցած մեր նախկին հարաբերությունները, մոռանում էինք մեր փառապանծ բանակի հաղթանակները, օրինակ, 1848 թվի, ինչպես և 1866 թվի հաղթանակների մեծ օրերը… Դրանց մասին հիշատակվում է բրիգադին արված այսօրվա հրամանի մեջ։ Սակայն, ինչ վերաբերվում է ինձ, ես միշտ ազնվաբար կատարել եմ իմ պարտքը և դեռևս ուսումնական տարին ավարտվելուց առաջ, այսպես ասած՝ պատերազմի հենց սկզբին, իմ աշակերտներին շարադրություն տվի գրելու հետևյալ թեմայով. «Unsere helden in Italien von Vicenza bis zur Custozza, oder…»[57]։
Եվ տխմար պոդպորուչիկ Դուբը հանդիսավորապես ավելացրեց․ «…Blut und Leben für Habsburg! Für ein Österreich, ganz, einig, groß!»[58]։
Նա լռեց, ըստ երևույթին սպասելով, թե շտաբի վագոնում գտնվողները կխոսեն նորերս ստեղծված իրադրության մասին և ինքը մի անգամ ևս կապացուցի, որ դեռևս հինգ տարի առաջ նախատեսել էր, թե Իտալիան ինչպես է վարվելու իր դաշնակցի հետ։ Բայց նա չարաչար սխալվեց, քանզի կապիտան Սագները, որին հանձնակատար Մատուշիչը կայարանից բերել էր «Pester Lloyd»֊ի երեկոյան հրատարակությունը, թերթն աչքի անցկացնելով՝ բացականչեց. «Լսեցեք, այն Վայները, որի գաստրոլներին մենք Բրուկում ներկա էինք, երեկ այստեղ հանդես է եկել Փոքր թատրոնի բեմում»։
Դրանով ավարտվեցին Իտալիային վերաբերվող վիճաբանությունները շտաբի վագոնում։
* * *
Գումարտակի հանձնակատար Մատուշիչը և Սագների սպասյակ Բատցերը, որոնք նույնպես նստած էին շտաբի վագոնում, Իտալիայի հետ սկսված պատերազմը քննարկում էին զուտ գործնական տեսակետից, դեռևս վաղուց, պատերազմից առաջ, զինվորական ծառայության մեջ գտնվելով, նրանք մասնակցել էին հարավային Տիրոլի զորաշարժերին։
— Մեզ համար դժվար կլինի լեռները բարձրանալ,— հառաչեց Բատցերը,— կապիտան Սագները մի սայլ ամեն տեսակ ճամպրուկներ ունի։ Ես, իհարկե, լեռնցի եմ, բայց դա բոլորովին այլ բան է։ Առաջ, պատահում էր, մարդ հրացանը թաքցնում էր բաճկոնի տակ և գնում իշխան Շվարցենբերգի կալվածքում նապաստակ խփելու…
— Եթե իսկապես մեզ ուղարկեն հարավ, Իտալիա․․․ Ես էլ ցանկություն չունեմ հրամաններն առած քարշ գալու լեռներում ու սառցադաշտերում։ Իսկ ինչ վերաբերվում է ուտելիքին, ապա այնտեղ, հարավում, միայն պոլենտա կա և մեկ էլ բուսական յուղ,— տխուր ասաց Մատուշիչը։
— Իսկ ինչո՞ւ մեզ չխոթեն այդ լեռները,— սկսեց հուզվել Բատցերը։— Մեր գունդը եղել է և՛ Սերբիայում, և՛ Կարպատներում։ Ես պարոն կապիտանի ճամպրուկներն արդեն բավական քարշ եմ տվել լեռներում։ Երկու անգամ կորցրել եմ դրանք։ Մի անգամ Սերբիայում, մի անգամ Կարպատներում։ Այսպիսի կռվի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել։ Գուցե նույն բանը ինձ սպասում է և երրորդ անգամ, Իտալիայի սահմանագծի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է այնտեղի ուտելիքին․․․— նա թքեց, ավելի մոտեցավ Մատուշիչին և խորհրդավոր կերպով ասաց.— Գիտե՞ս, մեր Կաշպերյան լեռներում հում կարտոֆիլից ահա այսպիսի մանրիկ կնեդլիկներ են պատրաստում։ Խաշում են, ձվի մեջ շուռումուռ տալիս, վրան մի բոլ սուխարի ցանում, իսկ հետո, իսկ հետո տապակում խոզի ճարպով։
Վերջին բառը նա արտասանեց հիացմունքից նվաղած ձայնով։
— Բայց ամենից լավը թթու դրած կաղամբի կնեդլիկն է,— ավելացրեց նա մելամաղձոտ տոնով,— իսկ մակարոնը արտաքնոց գցելու բան է։
Դրանով այստեղ էլ վերջացավ Իտալիային վերաբերվող խոսակցությունը։
* * *
Մնացած վագոններում միաբերան պնդում էին, թե գնացքը ետ կդարձնեն և կուղարկեն Իտալիա, քանի որ արդեն երկու ժամից ավելի կանգնած է կայարանում։ Դա որոշ չափով հաստատվում էր և այն տարօրինակ բաներով, որ կատարվում էին էշելոնի նկատմամբ։ Նորից զինվորներին վագոններից դուրս արին, եկավ սանիտարական տեսչությունն իր ախտահանիչ ջոկատով և ամեն ինչի վրա լիզոլին սրսկեց, մի բան, որ ընդունվեց մեծ տհաճությամբ, մանավանդ այն վագոններում, որտեղ գտնվում էին մթերաբաժնային հացի պաշարները։
Բայց հրամանը հրաման է. սանիտարական հանձնաժողովը հրաման էր տվել ախտահանում կատարել № 728 էշելոնի բոլոր վագոններում, ուստի շատ հանգիստ կերպով լիզոլին ցանեցին և՛ հացի կույտերի, և՛ բրնձի պարկերի վրա։ Հենց միայն դրանից երևում էր, որ ինչ֊որ արտասովոր բան է կատարվում։
Այնուհետև նորից բոլորին քշեցին վագոնները, իսկ կես ժամ անց նորից դուրս արին, որովհետև մի զառամյալ գեներալ էր եկել էշելոնը տեսչական ստուգման ենթարկելու։ Շվեյկը իսկույնևեթ ծերուկին սազական անուն կպցրեց։ Տողանի հետևում կան գնած, նա ավագ գրագրին շշնջալով ասաց.
― Համա՜ թե լեշ է։
Ծերունի գեներալը կապիտան Սագների ուղեկցությամբ անցավ շարասյան երկայնքով և, ցանկանալով զորամասին ոգեշնչել, կանգ առավ մի ջահել զինվորի առաջ և նրան հարցրեց, թե որտեղացի է, քանի տարեկան է և արդյոք ժամացույց ունի՞։ Թեև զինվորը ժամացույց ուներ, այնուամենայնիվ, հուսալով ծերուկից մի հատ էլ ստանալ, պատասխանեց, թե չունի։ Նրա պատասխանի վրա զառամյալ գեներալ-լեշը հիմարավարի ժպտաց, ինչպես մի ժամանակ քաղաքագլխին դիմելիս ժպտում էր Ֆրանց Իոսիֆ կայսրը, և ասաց, «Դա լավ է, լավ է», որից հետո պատիվ արեց այդ զինվորի կողքին կանգնած կապրալին, հարցնելով, թե արդյոք նրա կինն առո՞ղջ է։
— Համարձակվում եմ զեկուցել,— բղավեց կապրալը,— ես ազապ եմ։
Այդ խոսքի վրա էլ բարեհաճորեն ժպտալով, գեներալը փնթփնթաց.
— Դա լա՛վ է, լա՛վ է։
Այնուհետև, վերստին մանկացած գեներալը կապիտան Սագներից պահանջեց ցույց տալ, թե զինվորներն ինչպես են կատարում «թվել առաջին֊երկրորդ» հրամանարկը։ Եվ մի րոպե հետո հնչեց. «Առաջին–երկրորդ, առաջին–երկրորդ, առաջին-երկրորդ»։
Գեներալ֊լեշը դա շատ էր սիրում։ Նա տանը երկու սպասյակ ուներ, որոնց իր առաջ շարք էր կանգնեցնում, և նրանք բղավում էին.
— Առաջին-երկրորդ, առաջին-երկրորդ։
Ավստրիան այդպիսի գեներալներ շատ ուներ։
Երբ ստուգատեսը բարեհաջող ավարտվեց, գեներալը չզլացավ գովել կապիտան Սագներին, իսկ զինվորներին թույլ տվեց կայարանի տերիտորիայում զբոսնել, քանի որ հաղորդում էր եկել, թե էշելոնը շարժվելու է միայն երեք ժամից։ Զինվորները ման էին գալիս կառամատույցում և հոտվտում, թե արդյոք հնարավոր չէ՞ մի բան ճարել։ Կայարանում միշտ էլ շատ մարդ է լինում, և զինվորներից մերթ մեկին, մերթ մյուսին հաջողվում էր մի սիգարետ մուրալ։
Դա պերճախոս կերպով ցույց էր տալիս, թե որքան նվազել էր այն առաջին խանդավառությունը, որ կայարաններում արտահայտվում էր էշելոններին հանդիսավորապես դիմավորելիս։ Հիմա զինվորները ստիպված էին մուրալ։
Կապիտան Սագների մոտ եկավ հերոսներին ողջունելու միության պատգամավորությունը, որ կազմված էր անհավատալիորեն հալից ընկած երկու տիկիններից, որոնք հանձնեցին էշելոնի համար նախատեսված նվերը, այն է՝ քսան տուփ բերան զովացնելու անուշահոտ հաբեր, Բուդապեշտի կոնֆետի ֆաբրիկաներից մեկի ռեկլամը։ Այդ հաբերը դարսված էին թիթեղյա շատ գեղեցիկ տուփիկների մեջ։ Յուրաքանչյուր տուփիկի կափարիչի վրա նկարված էր մի հունգարացի հոնվեդ, որը սեղմում էր ավստրիացի աշխարհազորայինի ձեռքը, իսկ դրա վերևում երևում էր սուրբ Ստեֆանի շողացող թագը։ Տուփիկի եզրակի վրա շատ խնամքով հունգարերեն և գերմաներեն գրված էր. «Für Kaiser, Gott und Vaterland»[59]։
Կոնֆետի ֆաբրիկան այնքան լոյալ էր եղել, որ նախապատվությունը տվել էր կայսրին, նրան դնելով աստծուց առաջ։
Յուրաքանչյուր տուփիկի մեջ կար ութսուն հաբ, այնպես որ յուրաքանչյուր երեք մարդու հասնում էր մոտավորապես հինգ հաբ։ Բացի դրանից, այդ հալից ընկած տարեց տիկինները բերել էին մի հակ թռուցիկներ, որոնց վրա տպագրված էր երկու աղոթք, որ հորինել էր Բուդապեշտի արքեպիսկոպոս Գեզա Սատմար-Բուդաֆալցին։ Աղոթքները գրված էին գերմաներեն ու հունգարերեն և պարունակում էին բոլոր թշնամիների հասցեին ուղղված սոսկալիագույն նզովքներ։ Աղոթքներն համակված էին այնպիսի կրքով, որ նրանց պակասում էր միայն հունգարական «Baszom a Kristusmarjat!» թունդ հայհոյանքը։
Հունգարական արքեպիսկոպոսի կարծիքով սիրառատն աստված պետք է կտոր֊կտոր անի ռուսներին, անգլիացիներին, սերբերին, ֆրանսիացիներին ու ճապոնացիներին, նրանցից կարմիր բիբարով համեմած լապշա և գուլյաշ պատրաստի։ Սիրառատն աստված պետք է լողա հակառակորդի արյան մեջ և կոտորի բոլոր թշնամիներին, ինչպես դաժան Հերովդեսը կոտորեց մանուկներին։
Բուդապեշտի սրբազան արքեպիսկոպոսն իր աղոթքների մեջ գործ էր ածել այնպիսի անուշիկ արտահայտություններ, ինչպես, օրինակ. «Թող աստված օրհնի ձեր սվինները, որպեսզի խորը մխրճվեն թշնամյաց փորերը։ Թող ամենաարդարն աստված հրետանային կրակն ուղղի թշնամյաց շտաբների գլխին։ Ողորմա՛ծ աստված, այնպես արա, որ բոլոր թշնամիները խեղդվեն իրենց վերքերի արյան մեջ, այն վերքերի, որ նրանց կպատճառեն մեր զինվորները»։ Հարկ է մի անգամ էլ նշել, որ այդ աղոթքներին պակասում էր միայն «Baszom a Kristusmarjat!»-ը։
Հանձնելով այդ ամենը, տիկինները կապիտան Սագներին ջերմ ցանկություն հայտնեցին ներկա լինելու նվերների բաժանմանը։ Նրանցից մեկը նույնիսկ հանդգնեց թույլտվություն խնդրել ճառով դիմելու զինվորներին, որոնց նա անվանում էր ոչ այլ կերպ, քան «unsere braven Feldgrauen»[60]։ Երկուսն էլ խիստ վիրավորված ծռմռեցին իրենց դեմքերը, երբ կապիտան Սագները նրանց խնդրանքը մերժեց։ Այդ միջոցին նվերներն ուղարկվել էին այն վագոնը, որտեղ տեղավորված էր պահեստը։ Հարգարժան տիկիններն անցան զինվորների շարքի առջևով, ըստ որում նրանցից մեկը առիթը բաց լթողեց շոյելու մի մորուքավոր զինվորի՝ բուդեյովիցցի Շիմեկի թուշը։ Շիմեկը, տեղյակ չլինելով տիկինների բարձր առաքելությանը, նրանց գնալուց հետո այդ արարքը յուրովի գնահատեց և ընկերներին ասաց.
— Համա՜ թե աներես են այդ բոզերը։ Գոնե մի կարգին ռեխ ունենա, կարծես իսկական ձկնկուլ լինի։ Չորացած ոտներից բացի մեջտեղը բան չկա, մարդ երազում տեսնի՝ լեղին կճաքի, և մի այպիսի քավթառ ղարղա զինվորների հետ սեր է խաղում․․․
Կայարանում իրարանցում էր։ Իտալիայի պատերազմի մեջ մտնելն այստեղ խուճապ էր առաջացրել։ Հրետանու երկու էշելոն կանգնեցրին և ուղարկեցին Շտիրիա։ Արդեն երրորդ օրն էր, որ բոսնիացիների էշելոնը անհայտ պատճառներով չէր ճանապարհվում։ Այդ էշելոնը բոլորովին մոռացել և աչքաթող էին արել։ Բոսնիացիներն երկու օր ճաշ չէին ստացել և գնում էին Նոր Պեշտ՝ մուրալու։ Այստեղ ուրիշ ոչինչ չէր կարելի լսել, բացի բախտի քմահաճույքին թողնված, հուզմունքից ձեռքները թափահարող բոսնիացիների զայրագին հայհոյանքներից։ Շատ չանցած Իննսունմեկերորդ գնդի երթային գումարտակը նորից քշեցին դեպի գնացքը, և զինվորներր մտան իրենց վագոնները։ Սակայն մի րոպե հետո գումարտակի հանձնակատար Մատուշիչը, կայարանի պարետանոցից վերադառնալով, լուր բերեց, թե գնացքը կճանապարհեն միայն երեք ժամից։ Նկատի առնելով այդ, հենց նոր հավաքած զինվորներին նորից վագոններից բաց թողին։
Գնացքը շարժվելու վրա էր, երբ խիստ վրդովված պոդպորուչիկ Դուբը մտավ շտաբի վագոնը և կապիտան Սագներին դիմեց Շվեյկին ձերբակալելու խնդրանքով։ Պոդպորուչիկ Դուբը դեռևս գիմնազիայի դասատու եղած ժամանակ մատնիչի համբավ ուներ։ Նա սիրում էր զինվորի հետ զրուցել, իմանալ նրա համոզմունքները, առիթից օգտվելով նրան խրատել և բացատրել, թե նրանք ինչո՛ւ և հանուն ինչի են կռվում։
Շրջագայության ժամանակ նա կայարանի շենքի ետևում նկատել էր լապտերի մոտ կանգնած Շվեյկին, որը հետաքրքրությամբ դիտում էր ինչ֊որ բարեգործական ռազմական վիճակախաղի մի պլակատ։ Պլակատի վրա նկարված էր ավստրիացի զինվոր, որը մի շվարած մորուքավոր կազակի սվինով գամել էր պատին։
Պոդպորուչիկ Դուբը ափով խփեց Շվեյկի ուսին և հարցրեց, թե արդյոք պլակատը հավանո՞ւմ է։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,― պատասխանեց Շվեյկը,— դա հիմարություն է։ Ես հիմար պլակատներ շատ եմ տեսել, բայց այսպիսի հիմարություն տեսած չկամ։
— Իսկ այստեղ հատկապես ի՞նչն է, որ ձեզ դուր չի գալիս։
— Ինձ դուր չի գալիս, պարոն լեյտենանտ, որ զինվորն այդպես է վարվում իրեն վստահված զենքի հետ։ Չէ՞ որ քարե պատին խփելով՝ նա կարող է սվինը կոտրել։ Իսկ հետո, դա առհասարակ անմտություն է, դրա համար նրան կարող են պատժել, քանի որ ռուսը ձեռքերը բարձրացրել և հանձնվում է։ Նա գերի է առնված, իսկ գերիների հետ պետք է լավ վարվել, ինչքան չլինի մարդ են։
Պոդպորուչիկ Դուբը շարունակեց շոշափել Շվեյկի համոզմունքները և մի հարց էլ տվեց.
— Դուք այդ ռուսին խղճում եք, ճի՞շտ է։
— Ես, պարոն լեյտենանտ, նրանց երկուսին էլ խղճում եմ. և՛ ռուսին, որովհետև ծակել են, և մեր զինվորին, որովհետև դրա համար նրան կձերբակալեն։ Նա, պարոն լեյտենանտ, անպայման սվինը կկոտրի, չէ՞ որ պատը քարից է, իսկ մետաղն էլ հեշտ է կոտրվում։ Դեռևս պատերազմից աոաջ, պարոն լեյտենանտ, երբ ես իսկական ծառայության մեջ էի, մեր վաշտում մի լեյտենանտ կար։ Նույնիսկ մեր ավագ ֆելդֆեբելը այնպես հայհոյել չի կարող, ինչպես հայհոյում էր այն պարոն լեյտենանտը։ Վարժադաշտում նա մեզ ասում էր, «Երբ հնչում է «hab acht» հրամանը, պետք է աչքերդ այնպես չռես, ինչպես կատուն դարմանի վրա կղկղելիս»։ Իսկ ընդհանրապես շատ լավ մարդ էր։ Մի անգամ ծննդի տոնին խելքը թռցրեց, մի սայլ կոկոսի ընկույզ առավ, և այդ օրվանից ես գիտեմ, թե սվինները որքան հեշտ են կոտրվում։ Վաշտի կեսն այդ ընկույզների վրա սվինները կոտրեց, և մեր փոխգնդապետը հրամայեց բոլորին նստեցնել։ Երեք ամիս իրավունք չունեինք զորանոցից դուրս գալու․․․ Իսկ պարոն լեյտենանտը տնային կալանքի մեջ էր։
Պոդպորուչիկ Դուբը ատելությամբ նայեց քաջարի զինվոր Շվեյկի անհոգ դեմքին և հարցրեց.
— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։
― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։
Պոդպորուչիկ Դուբը աչքերը չռեց ու ոտքերը գետնին խփեց.
— Իսկ ես ձեզ ասում եմ, որ ինձ դեռ չեք ճանաչում։
Շվեյկը, անդրդվելիորեն հանգիստ, ասես զեկուցելով, մի անգամ էլ կրկնեց․
— Ես ձեզ ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։ Դուք, համարձակվում եմ զեկուցել, մեր երթային գումարտակից եք։
— Դուք ինձ չեք ճանաչում,— նորից գոռաց պոդպորուչիկ Դուբը։— Գուցե դուք ինձ ճանաչել եք լավ կողմից, բայց հիմա կճանաչեք նաև վատ կողմից։ Ես այնքան բարի չեմ, որքան ձեզ թվում է։ Ես ում ուզենամ՝ կլացացնեմ։ Դեհ, ուրեմն, ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ։
― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։
— Վերջին անգամն եմ ասում ձեզ, որ դուք ինձ չեք ճանաչում, ստահա՛կ։ Եղբայրներ ունե՞ք։
— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, մեկը ունեմ։
Նայելով Շվեյկի հանգիստ, պարզ դեմքին, պոդպորուչիկ Դուբը գազազեց և, բոլորովին իրեն կորցնելով, բղավեց.
— Ուրեմն, ձեր եղբայրն էլ ճիշտ այնպիսի անասուն է, ինչպես դուք։ Ինչացո՞ւ էր։
— Գիմնազիայի դասատու էր, պարոն լեյտենանտ։ Զինվորական ծառայությունն ավարտեց և սպայության քննություն հանձնեց։
Պոդպորուչիկ Դուբը այնպես նայեց Շվեյկին, որ կարծես ուզում էր նրան հայացքով շամփրել։ Շվեյկն արժանապատվորեն դիմացավ տխմար պոդպորուչիկի կատաղի հայացքին, և շուտով խոսակցությունն ավարտվեց «Abtreten» բառով։
Նրանցից ամեն մեկը գնաց իր ճանապարհով և ամեն մեկն իրենն էր մտածում։ Պոդպորուչիկը մտածում էր, թե ինչպես ամեն ինչ կպատմի կապիտանին և նա կհրամայի Շվեյկին ձերբակալել, իսկ Շվեյկը մտածում էր, թե իր կյանքում հիմար սպաներ շատ է տեսել, բայց Դուբի նման հիմար սպա ամբողջ գնդում չի գտնվի։
Պոդպորուչիկ Դուբը, որ հենց այդ օրը հաստատ որոշել էր զինվորների դաստիարակությամբ զբաղվել, կայարանի շենքի ետևում նոր զոհեր գտավ։ Դրանք նույն Իննսունմեկերորդ գնդի, բայց ուրիշ վաշտի երկու զինվորներ էին, որոնք խավարի մեջ կոտրատված գերմաներենով բանակցում էին երկու պոռնիկների հետ։ Կայարանում և նրա մոտ թափառող այդ պոռնիկներին թիվ ու համար չկար։
Շվեյկը նույնիսկ հեռվից շատ պարզ լսում էր պոդպորուչիկ Դուբի ականջ ծակող ձայնը.
— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։
— Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք ինձ դեռ չեք ճանաչում։
— Բայց դուք ինձ դեռ կճանաչեք։
— Գուցե դուք ինձ ճանաչում եք լավ կողմից…
— Բայց ես ասում եմ, որ կճանաչեք նաև վատ կողմից։
— Ես ձեզ կլացացնեմ, ավանակնե՛ր։ Եղբայրներ ունե՞ք։ Երևի նրանք էլ ձեզ նման անասուններ են։ Ինչացո՞ւ էին… Գումակո՞մ… Դե, լա՛վ… Մի՛ մոռանաք, որ զինվորներ եք… Դուք չե՞խ եք… Դուք գիտե՞ք, որ Պալացկին ասել է. «Եթե Ավստրիան չլիներ, մենք պարտավոր էինք այն ստեղծել…»։
Բայց պոդպորուչիկ Դուբի շրջագայությունն ընդհանրապես դրական արդյունքներ չտվեց։ Նա կանգնեցրեց զինվորների ևս երեք խմբեր, սակայն լացացնելու նրա մանկավարժական փորձերն անհաջողության էին մատնվում, քանի որ նա գործ ուներ ռազմաճակատ ուղարկվող նյութի հետ։ Զինվորների աչքերից պոդպորուչիկ Դուբը տեսնում էր, որ նրանք բոլորն իր մասին շատ աննպաստ կարծիք ունեն։ Նրա ինքնասիրությունը վիրավորված էր, և այդ էր պատճառը, որ գնացքը շարժվելուց առաջ նա կապիտան Սագներին խնդրեց Շվեյկին ձերբակալելու կարգադրություն անել։ Հիմնավորելով քաջարի զինվոր Շվեյկին մեկուսացնելու անհրաժեշտությունը, նա կապիտանի ուշադրությունը հրավիրեց նրա կասկածելի հանդգնության վրա և իր վերջին հարցին Շվեյկի տված պատասխանը որակեց որպես խայթող ակնարկ։ Եթե այդպես շարունակվի, սպայական կազմը կկորցնի ամեն հեղինակություն, և անշուշտ պարոն սպաներից ոչ մեկն այդ մասին չի տարակուսում։ Նա ինքը դեռևս պատերազմից առաջ նահանգական վարչության պետին ասում էր, թե պետը պետք է ջանա իր հեղինակությունը պահպանել։ Նահանգական վարչության պարոն պետը նույն կարծիքին էր։ Այդպես պետք է վարվել մանավանդ հիմա, պատերազմի ժամանակ։ Որքան մենք ավելի ենք մոտենում մեր թշնամուն, այնքան անհրաժեշտ է զինվորներին վախ ներշնչել։ Նկատի ունենալով այդ ամենը, նա խնդրում է Շվեյկին ենթարկել կարգապահական տույժի։
Կապիտան Սագները, ինչպես ամեն մի կադրային սպա, ատում էր ոչ զինվորական խաժամուժից դուրս եկած պահեստի սպաներին։ Նա պոդպորուչիկ Դուբի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ նման դիմումներ կարող են արվել միայն զեկուցագրի ձևով, և ոչ թե շուկայավարի, ոչ թե այնպես, որ կարծես այստեղ կարտոֆիլի գին են սակարկում։ Ինչ վերաբերում է Շվեյկին, ապա առաջին ինստանցիան, որին նա ենթակա է, հանդիսանում է պարոն Լուկաշը։ Նման գործերը լուծվում են միայն ըստ ինստանցիայի․ վաշտից գործը, ինչպես երևի պոդպորուչիկին հայտնի է, ուղարկվում է գումարտակ։ Եթե Շվեյկն իսկապես զանցանք է գործել, ապա նա պետք է զեկուցագրով ուղարկվի վաշտի հրամանատարի մոտ, իսկ բողոքարկման գեպքում՝ գումարտակի հրամանատարի մոտ։ Սակայն եթե պարոն պորուչիկ Լուկաշը չի առարկում և համաձայն է զինվորին պատժելու համար պարոն պոդպորուչիկ Դուբի պատմածը պաշտոնական հայտարարություն համարել, ապա նա ինքը, գումարտակի հրամանատարը, բոլորովին դեմ չէ, որ Շվեյկը կանչվի և հարցաքննության ենթարկվի։
Պորուչիկ Լուկաշը չառարկեց, բայց ասաց, որ Շվեյկի հետ ունեցած խոսակցություններից իրեն ստույգ հայտնի է, որ Շվեյկի եղբայրն իրոք որ գիմնազիայի դասատու և պահեստի սպա է եղել։
Պոդպորուչիկ Դուբը կարկամեց և ասաց, թե ինքը նրան պատժելու վրա պնդում էր միմիայն բառիս լայն առումով, թե միգուցե հիշյալ Շվեյկը չի կարողանում մի միտքը կարգին արտահայտել, որի պատճառով էլ նրա պատասխանը հանդգնության, խայթելու և պետերին չհարգելու տպավորություն է թողնում։
— Ի դեպ, հիշյալ Շվեյկի արտաքինից կարելի է եզրակացնել, որ նա տկարամիտ է։
Այսպիսով, Շվեյկի գլխին պայթելիք ամպրոպն անցավ, և նա մնաց ողջ ու անվնաս։
Այն վագոնում, որտեղ գտնվում էին գումարտակի գրասենյակն ու պահեստը, երթային գումարտակի ավագ գրագիր Բաուտանցելը գումարտակի երկու գրագիրներին ողորմածաբար մի֊մի բուռ անուշաբույր հաբեր տվեց այն տուփիկների միջից, որ պետք է բաժանեին գումարտակի զինվորներին։ Դա ընդունված բան էր. զինվորների համար տրված ամեն ինչի գլխին գումարտակի գրասենյակում կատարվում էին նույն ձեռնածությունները, ինչ այդ թշվառ հաբերի գլխին։
Պատերազմի ժամանակ դա սովորական երևույթ էր դարձել և եթե նույնիսկ ռևիզիաները գողությունները չէին հաստատում, ապա, այնուամենայնիվ, ամեն տեսակ գրասենյակների ավագ գրագիրներից յուրաքանչյուրի վրա կասկած կար, թե նախահաշիվն ուռցնում է և ծայրը ծայրին հասցնելու համար մեքենայություններ անում։
Այդ էր պատճառը, որ մինչ գրագիրները բերանները կլցնեին զինվորների հաբերը (քանի որ ուրիշ բան չէր կարելի գողանալ, հարկավոր էր օգտվել թեկուզ այդ զիբիլից)։ Բաուտանցելը մի ճառ արտասնեց այն ծանր զրկանքների մասին, որ իրենք կրում են ճանապարհին։
— Ես երթային գումարտակի հետ արդեն երկու արշավ եմ կատարել։ Բայց այնպիսի պակասություն, որ զգում ենք հիմա, երբեք չեմ տեսել։
— Է՛հ, տղերք։ Ամռանը, մինչև Պրեշով հասնելը, ինչ ասեք որ չունեինք։ Ես թաքցրել էի տասը հազար «մեմֆիս», երկու գլուխ շվեյցարական պանիր, երեքհարյուր տուփ պահածո։ Երբ գնում էինք Բարդեյով, խրամատները, իսկ ռուսները Մուշինայի մոտ կտրել էին մեր և Պրեշովի կապը… Ա՜յ թե առևտուր արի։ Աչքներին թոզ փչելու համար պաշարիս մեկ֊տասներորդը տվի երթային գումարտակին, թե իբր տնտեսել եմ, իսկ մնացածը ծախեցի գումակում։ Մեզ մոտ Սոյկա անունով մի մայոր կար, խոզի մեկն էր։ Հերոսությամբ աչքի չէր ընկնում և ավելի շատ քարշ էր գալիս մեզ մոտ, քանի որ վերևում գնդակներ էին սուլում և արկեր պայթում։ Մեկ էլ տեսար կգար մեզ մոտ, թե իբր իրեն անհրաժեշտ է հավաստիանալ, թե արդյոք գումարտակի զինվորների ճաշը լա՞վ են պատրաստում։ Սովորաբար նա ցած էր իջնում այն ժամանակ, երբ լուր էր գալիս, թե ռուսները որևէ բանի են պատրաստվում։ Դողում էր, խոհանոցում ռոմ էր խմում, իսկ հետո սկսում դաշտային խոհանոցները վերաքննության ենթարկել։ Խոհանոցները գտնվում էին գումակի մոտ, որովհետև հնարավոր չէր տեղավորել լեռան վրա, խրամատների մոտ, և ճաշը գիշերով վերև էին տանում։ Այնպիսի դրություն էր, որ սպայական ճաշի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Թիկունքի հետ կապող միակ ազատ ճանապարհը գրավել էին գերմանացիները։ Նրանք կանգնեցնում էին այն ամենը, որ մեզ ուղարկում էին թիկունքից, ամեն ինչ իրենք էին լափում, այնպես որ մեր ձեռքը բան չէր ընկնում։ Գումակում գտնվողներս մնացել էինք առանց սպայական ճաշի։ Այդ ժամանակ ես մեր գրասենյակի համար ոչինչ չկարողացա տնտեսել, բացի մի խոճկորից, որը տվել էինք ապխտելու։ Իսկ որպեսզի ասածս մայոր Սոյկան չիմանար, խոճկորը թաքցրել էինք հրետանավորների մոտ, որոնք մեզնից մի ժամաչափ հեռու էին։ Այնտեղ ես մի ծանոթ ենթասպա ունեի։ Հա՛։ Իսկ այն մայորը մեկ էլ տեսար կգար մեզ մոտ և խոհանոցում ճաշի համը կտեսներ։ Ճիշտ է, հազվադեպ էինք միս եփում, միայն այն ժամանակ, երբ հաջողվում էր շրջակայքում որևէ տեղից խոզեր կամ նիհար կովեր ճարել։ Այն էլ ասեմ, որ պրուսացիները մեր մշտական մրցակիցներն էին, քանի որ բռնագրավված անասունի համար նրանք մեզնից երկու անգամ ավելի էին վճարում։ Քանի դեռ կանգնած էինք Բարդեյովի մոտ, անասուններ գնելու գործում տնտեսեցի հազար երկուհարյուր կրոնից քիչ ավելի, և դա էլ այն պատճառով, որ հաճախ փողի փոխարեն գումարտակի կնիքով կնքված բոններ էինք տալիս։ Մանավանդ վերջերում, երբ իմացանք, որ ռուսները մեզնից դեպի արևելք գտնվում են Ռադվանիում, իսկ դեպի արևմուտք՝ Պոդոլինում։ Չկա ավելի վատ բան, քան այնտեղի ժողովրդի հետ գործ ունենալը, ո՛չ կարդալ գիտեն, ո՛չ գրել, իսկ ստորագրության փոխարեն երեք խաչ են դնում։ Մեր ինտենդանտությունը դա շատ լավ գիտեր, այնպես որ, երբ մարդ էինք ուղարկում այնտեղից փող բերելու, չէի կարողանում այդ կեղծ ստացագրերը ներկայացնել որպես արդարացուցիչ փաստաթղթեր, թե իբր փողը վճարել եմ։ Դա կարելի է անել միայն այնտեղ, ուր մարդիկ ավելի կրթված են և կարողանում են ստորագրել։ Իսկ հետո, ինչպես ասացի, պրուսացիները վճարում էին մեզնից ավելի և կանխիկ։ Ուր որ գնում էինք, մեզ վրա այնպես էին նայում, որ կարծես ավազակներ լինեինք։ Բացի դրանից, ինտենդանտությունը հրաման էր արձակել, թե խաչերով ստորագրված ստացականները պետք է հանձնվեն դաշտային վերաքննիչներին։ Իսկ սրանք այն ժամանակ շնից շատ էին։ Մեկ էլ տեսար գալիս է ղոչիի մեկը, մեզ մոտ լափում, իսկ մյուս օրը գնում մեզ մատնում։ Եվ ահա Սոյկա ասածս շրջում էր այդ բոլոր խոհանոցները, և մի անգամ, ազնիվ խոսք, կաթսայից հանեց ամբողջ չորրորդ վաշտի համար բաց թողնված միսը։ Սկսեց խոզի գլխից, ասաց, թե լավ չի եփած, և հրամայեց իր համար մի քիչ ավելի եփել։ Ճիշտն ասած, այն ժամանակ միս շատ չէին եփում։ Ամբողջ վաշտին հասնում էր հին հաշվով տասներկու իսկական բաժին միս։ Բայց նա այդ բոլորը կերավ, հետո ճաշի համը տեսավ ու աղմուկ բարձրացրեց, թե իսկը ջուր է և թե ընդունված բան չէ, որ մսով ճաշն առանց մսի լինի… Հրամայեց ճաշին յուղ ավելացնել և մեջը գցել իմ սեփական մակարոնը, որ տնտեսել էի վերջին շրջանում։ Բայց դա ինձ դեռ այնքան չզայրացրեց, որքան այն, որ ճաշի մեջ գցելու համար նա կորստյան մատնեց այն երկու կիլո կարագը, որ տնտեսել էի դեռևս սպայկան խոհանոցի օրերին։ Այդ կարագը պահում էի մահճակալիս տակի դարակի վրա։ Հանկարծ դարձավ ու վրաս բղավեց. «Սա ո՞ւմն է»։ Պատասխանում եմ, թե դիվիզիայի վերջին հրամանով սահմանված բաշխաքանակի համաձայն՝ սնունդը ուժեղացնելու համար յուրաքանչյուր զինվորի հասնում է տասնհինգ գրամ յուղ կամ քսանմեկ գրամ ճարպ, բայց, քանի որ ճարպերը չեն բավականացնում, մենք յուղի պաշարները պահում ենք, մինչև որ այնքան հավաքվի, որ հնարավոր լինի անձնակազմի սնունդը լրիվ չափով ուժեղացնել։ Մայոր Սոյկան գազազեց և սկսեց գոռգոռալ, թե երևի սպասում եմ, որ ռուսները գան և մեզնից վերջին երկու կիլո յուղը խլեն։ «Անմիջապես այդ յուղը գցել ճաշի մեջ, քանի որ ճաշն առանց մսի է»։ Եվ այդպես, ամբողջ հոգապահուստս կորցրի։ Կհավատա՞ք, երբ էլ որ նա հայտնվեր, գլխիս մի փորձանք պիտի զար։ Աստիճանաբար այնքան հմտացավ, որ իսկույն իմանում էր, թե պահուստներս որտեղ են գտնվում։ Մի անգամ մի տավարի լյարդ էի տնտեսել, որն ուզում էինք խաշել։ Հանկարծ նա մտավ մահճակիս տակ ու լյարդը հանեց։ Սկսեց վրաս գոռգոռալ, իսկ ես նրան ասում եմ, թե լյարդը հարկավոր է թաղել, քանի որ ցերեկը այդպիսի եզրակացության է հանգել հրետանիում ծառայող մի դարբին, որ անասնաբուժական դասընթացներ է ավարտել։ Մայորը գումակից մի շարքային զինվոր վերցրեց և այդ շարքայինի հետ սարի վրա, ժայռի տակ, սկսեց կաթսայիկի մեջ այդ լյարդը եփել։ Դե՛հ, այստեղ էլ նրա կապուտն եկավ։ Ռուսները կրակը նկատել էին և տասնյոթ սանտիմետրանոցն ուղղել մայորի ու նրա կաթսայիկի վրա։ Հետո մենք գնացինք տեսնելու, թե նրանցից ինչ է մնացել, բայց արդեն անկարելի էր որոշել, թե ո՛րն է տավարի և ո՛րը պարոն մայորի լյարդը։
* * *
Լուր եկավ, թե էշելոնը մեկնելու է չորս ժամից ոչ շուտ։ Խատվանի ճանապարհը զբաղված էր վիրավորներ փոխադրող գնացքներով։ Լուրեր էին պտտվում, թե Էգերի մոտ մի սանիտարական գնացք ընդհարվել է հրետանու գնացքի հետ, թե նրանց օգնելու համար Բուդապեշտից գնացքներ են ուղարկվել։
Շուտով ամբողջ գումարտակի երևակայությունն սկսեց գործել։ Խոսում էին երկուհարյուր սպանվածների ու վիրավորների մասին, այն մասին, թե այդ աղետը սարքված բան է. չէ՞ որ հարկավոր է կոծկել վիրավորների մատակարարման գործում կատարված մեքենայությունների հետքերը։ Դա առիթ տվեց սուր քննադատության ենթարկելու գումարտակի մատակարարումը և պահեստներում ու գրասենյակներում կատարվող գողությունները։
Մեծամասնությունն այն կարծիքին էր, թե գումարտակի ավագ գրագիր Բաուտանցելը ամեն ինչ սպաների հետ կիսում է։
Շտաբի վագոնում կապիտան Սագներն ասաց, թե ըստ մարշրուտի նրանք արդեն Գալիցիայի սահմանագլխին պետք է լինեին։ Էգերում պարտավոր են նրանց ամբողջ զորամասին երեք օրվա հաց ու պահածո տալ, բայց մինչև Էգեր դեռ տասը ժամվա ճանապարհ կա, և բացի դրանից, Լվովի այն կողմում կատարվող հարձակման հետևանքով այնտեղ վիրավորների այնքան գնացքներ են կուտակվել, որ, եթե հավատալու լինենք հեռագրական հաղորդումներին, անհնար է մի բոքոն կամ մի տուփ պահածո գտնել։ Կապիտան Սագները հրաման է ստացել հացի և պահածոների փոխարեն յուրաքանչյուր զինվորի վճարել վեց կրոն յոթանասուն հելլեր։ Այդ փողը կտան ինն օրվա ռոճիկը վճարելիս, եթե մինչ այդ կապիտան Սագները բրիգադից գումարը ստացած լինի։ Հիմա դրամարկղում ընդամենը տասներկու հազար կրոն կա։
— Գունդը խոզություն է անում,— չդիմացավ կապիտան Լուկաշը,— որ մեզ ճանապարհում է առանց մի գրոշի։
Պրապորշչիկ Վոլֆը և պորուչիկ Կոլարժը սկսեցին փսփսալ, թե գնդապետ Շրեդերը վերջին երեք շաբաթվա ընթացքում տասնվեց հազար կրոն փող է մուծել Վիեննայի բանկում բացած իր անձնական հաշվին։
Այնուհետև պորուչիկ Կոլարժը բացատրեց, թե ինչպես են կապիտալ կուտակում։ Թռցնում են գնդից, օրինակ, վեց հազար կրոն, և դնում իրենց գրպանը, իսկ բոլոր խոհանոցներին միանգամայն տրամաբանորեն հրաման տալիս, թե ամեն մի զինվորի սիսեռի բաժինը կրճատել օրական երեք գրամով։ Դա ամսական անում է մարդագլուխ իննսուն գրամ։ Ամեն մի վաշտի խոհանոցում տասնվեց կիլոյից ոչ պակաս սիսեռ է կուտակվում։ Իսկ հաշվետվության մեջ էլ խոհարարը ցույց կտա, թե ամբողջ սիսեռը բանեցված է։
Պորուչիկ Կոլարժը Վոլֆին ընդհանուր գծերով պատմեց ուրիշ հավաստի դեպքեր, որ իր աչքով էր տեսել։ Այդպիսի փաստերով լի է ամբողջ զինվորական ադմինիստրացիայի գործունեությունը, սկսած որևէ վաշտի ողորմելի ավագ գրագրից և վերջացրած գեներալի ուսադիրներ կրող գերմանամկնով, որն իր համար հետպատերազմյան ձմռան պաշար է տեսնում։
Պատերազմը քաջություն էր պահանջում նաև գողության մեջ։
Ինտենդանտները սիրառատ հայացքներով իրար էին նայում, կարծես ցանկանալով ասել. «Մենք մի մարմին և մի հոգի ենք։ Գողանում ենք, ընկերնե՛ր, մեքենայություններ անում, եղբայրնե՛ր, բայց ի՞նչ արած, հոսանքին դեմ գնալ չի լինի։ Եթե դու չվերցնես, ուրիշը կվերցնի, և դեռ քո մասին էլ կասի, թե դու նրա համար չես գողանում, որ արդեն բավական թալանել ես»։
Վագոն մտավ կարմրաոսկեգույն լամպասներով մի պարոն։ Նա մեկն էր տեսչական այցեր կատարող այն գեներալներից, որ գնում-գալիս են երկաթուղու բոլոր գծերով։
— Նստեցեք, պարոնա՛յք,— սիրալիր հրավիրեց նա, ուրախանալով, որ մի էշելոն է հայտնաբերել, նույնիսկ չենթադրելով, թե դա կարող է գտնվել այդտեղ։
Կապիտան Սագները ցանկացավ զեկուցել, բայց գեներալը ձեռքը թափ տվեց։
― Ձեր էշելոնում անկարգություն է, ձեր էշելոնում դեռ չեն քնել։ Էշելոններում, երբ դրանք կանգնած են կայարանում, պետք է քնել, ինչպես զորանոցում, ժամը իննին,— կաղկանձեց նա։ — Մոտ ժամը իննին զինվորներին պետք է տանել կայարանի հետևում գտնվող ոտացճանապարհները, ապա գնալ քնելու։ Այլապես գիշերը անձնակազմը կապականի երկաթուղու պաստառը։ Հասկանո՞ւմ եք, պարոն կապիտան։ Հապա կրկնեցեք։ Կամ՝ ոչ, մի կրկնեք, այլ վարվեցեք այնպես, ինչպես ես ցանկանում եմ։ Ազդանշան հնչեցնել, զինվորներին քշել ոտացճանապարհները, երեկոյահավաք հնչեցնել և քնել։ Ստուգե՛լ և ով քնած չէ՝ պատժել։ Հը՛մ։ Ամեն ինչ ասացի՞։ Ընթրիքը տալ ժամը վեցին։
Այնուհետև նա սկսեց խոսել անցած֊գնացած բաների մասին, այն մասին, որ երբեք տեղի չէր ունեցել կամ տեղի էր ունեցել յոթը սարից, յոթը ծովից դենը գտնվող ինչ֊որ թագավորության մեջ։ Նա կանգնած էր ինչպես չորրորդ չափումի թագավորությունից հայտնված ուրվական։
— Ընթրիքը տալ ժամը վեցին,— շարունակեց նա, նայելով ժամացույցին, որը ցույց էր տալիս գիշերվա ժամը տասնմեկն անց տասը րոպե։ Um halb neune Alarm, Latrinenscheissen, dann schlafen gehen![61] ժամը վեցի ընթրիքին՝ կարտոֆիլով գուլյաշ, հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն։
Ապա դրան հետևեց մարտական պատրաստականությունը ստուգելու հրամանը։ Կապիտան Սագները նորից հրամայեց տագնապ հնչեցնել, իսկ գեներալ-տեսուչը, հետևելով, թե գումարտակն ինչպես է շարք կանգնում, սպաների հետ գնում֊գալիս էր և անդադրում կրկնում նույնը, կարծես բոլորն ապուշներ էին և չէին կարող նրան միանգամից հասկանալ։ Ընդ որում շարունակ նայում էր ժամացույցին. «Also, sehen Sie. Um halb neune scheissen, und nach einer halben Stunde schlafen. Das genügt vollkommen»[62]։
— Այս անցման ժամանակաշրջանում զինվորներն առանց այն էլ սակավ են դուրս գնում։ Գլխավորը, ընդգծում եմ, քունն է։ Քունը մարդու կազդուրում է գալիք երթերի համար։ Քանի դեռ զինվորները գնացքի մեջ են, պետք է հանգստանան։ Եթե վագոնում բավականաչափ տեղ չկա, զինվորները քնում են հերթով։ Զինվորների մեկ երրորդը հարմար տեղավորվում է վագոնում և քնում ժամը իննից մինչև կես գիշեր, իսկ մնացածները կանգնում ու նայում են նրանց։ Այնուհետև, երբ առաջիններն իրենց քունն առնում են՝ տեղը զիջում են երկրորդ մեկերրորդին, որը քնում է կես գիշերից մինչև առավոտվա իննը։ Երրորդ խումբը քնում է ժամը երեքից մինչև վեցը, այնուհետև՝ արթնացում, և զորամասը գնում է լվացվելու։ Գնացքն ընթանալիս վագոնից չցա-ա-ատ-կել։ Պարեկներ նշանակել, որպեսզի զինվորները գնացքն ընթանալիս ցած չցա֊ա-ատ-կե՛ն։ Եթե զինվորի ոտքը կոտրում է թշնամին,— գեներալը ձեռքով խփեց իր ոտքին,— դա արժանի է գովեստի, բայց եթե գնացքն ամբողջ թափով ընթանալիս զինվորը ցատկելով հաշմանդամացնում է իրեն, ապա դա ենթակա է պատժի։ Եվ այսպես, ուրեմն, սա ձեր գումարտակն է,— դիմեց նա կապիտան Սագներին, դիտելով զինվորների քնատ կերպարանքները։ Շատերը չէին կարողանամ իրենց զսպել և, հանկարծակի քնահարամ եղած, հորանջում էին գիշերվա թարմ օդում։
— Սա, պարոն կապիտան, բացբերանների գումարտակ է։ Զինվորները ժամը իննին պետք է քնեն։
Գեներալը կանգ առավ տասնմեկերորդ վաշտի առաջ, որի ձախ թևում կանգնել ու բերանբաց հորանջում էր Շվեյկը։ Քաղաքավարության համար նա բերանը ձեռքով ծածկել էր, բայց ձեռքի տակից այնպիսի բառաչ էր լսվում, որ պորուչիկ Լուկաշը վախից դողում էր, թե մի գուցե գեներալը Շվեյկի վրա ուշադրություն դարձնի։ Նրան թվաց, թե Շվեյկը դիտմամբ է հորանջում։
Կարծես Լուկաշի միտքը հասկանալով, գեներալը շրջվեց դեպի Շվեյկը և մոտեցավ նրան.
— Böhm oder Deutscher?[63]
— Böhm, melde gehorsam. Herr Generalmajor.[64]
— Շատ լավ,— չեխերեն ասաց գեներալը, որը չեխերենը փոքր-ինչ իմացող լեհ էր։— Բառաչում ես խոտ տեսած կովի պես։ Լռի՛ր, բերանդ փակիր։ Մի մզզա։ Արդեն ոտացճանապարհում եղե՞լ ես։
— Բնավ ոչ, չեմ եղել, պարոն գեներալ֊մայոր։
— Ինչո՞ւ չես գնացել մյուս զինվորների հետ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր, Պիսեկի զորաշարժերի ժամանակ, երբ մի անգամ, հանգստի ժամին, ամբողջ գունդը լցվեց հաճարի արտը, պարոն գնդապետ Վախտելն ասաց, թե զինվորը պարտավոր է մտածել ոչ միայն արտաքնոցի, այլև կովի մասին։ Ի դեպ, համարձակվում եմ զեկուցել, ի՞նչ պետք է անենք մենք արտաքնոցում։ Մենք մեր մեջ արտամղելու բան չունենք։ Ըստ մարշրուտի մենք արդեն մի քանի կայարաններում պետք է ընթրիք ստանայինք, բայց ոչինչ չստացանք։ Դատարկ փորով ոտացճանապարհ չես գնա։
Շվեյկը հասարակ խոսքերով գեներալին բացատրեց ընդհանուր իրադրությունը և այնպես արտահայտիչ էր նայում նրան, որ գեներալն անհրաժեշտություն զգաց բոլոր միջոցներով նրանց օգնել։ Հիրավի, եթե հրաման է տրվում շարքով ոտացճանապարհ գնալ, ապա այդ հրամանը պետք է մի տեսակ ներքնապես, ֆիզիոլոգիապես հիմնավորված լինի։
— Նրանց ետ ուղարեկցեք վագոնները՝ քնելու,— հրամայեց գեներալը կապիտան Սագներին։— Ինչպե՞ս է պատահել, որ ընթրիք չեն ստացել։ Այս կայարանով անցնող բոլոր էշելոնները պետք է ընթրիք ստանան, սա սնուցման կայան է։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Մենք ճշտորեն սահմանված պլան ունենք։
Գեներալն այդ ամենն ասաց առարկություն չընդունող տոնով։ Դրանից հետևում էր, թե քանի որ արդեն գիշերվա մոտ ժամը տասներկուսն է, իսկ ընթրիքը պետք է տրվեր, ինչպես նա արդեն նշել էր, ժամը վեցին, ապա ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան գնացքն ամբողջ գիշերը և ամբողջ հաջորդ օրը պահել մինչև այդ օրվա երեկոյան ժամը վեցը, որպեսզի կարտոֆիլով գուլյաշ ստանային։
— Չկա ավելի վատ բան,— արտակարգ լրջությամբ ասաց գեներալը,— քան պատերազմի ժամանակ զորքերին տեղաշարժելիս նրանց մատակարարումը մոռացության տալը։ Իմ պարտքն է պարզել իրերի իսկական վիճակը և իմանալ, թե իսկապես ի՛նչ է կատարվում կայարանի պարետանոցում։ Քանզի, պարոնա՛յք, երբեմն մեղավոր են լինում հենց իրենք՝ էշելոնների պետերը։ Հարավ-Բոսնիական երկաթուղու Սուբոտիցա կայարանը ռևիզիայի ենթարկելիս ես պարզեցի, որ վեց էշելոն ընթրիք չէին ստացել միայն այն պատճառով, որ էշելոնների պետերը մոռացել էին պահանջել։ Վեց անգամ կայարանում կարտոֆիլով գուլյաշ էին եփել, սակայն ոչ ոք ճաշ չէր պահանջել։ Այդ գուլյաշը թափել, կիտել էին իրար վրա։ Գուլյաշի կույտեր էին գոյացել, իսկ գուլյաշի լեռների մոտով անցնող զինվորները կայարանում մուրացկանություն էին անում, մի կտոր հաց խնդրելով։ Տվյալ դեպքում, ինչպես տեսնում եք, մեղավորը զինվորական ադմինիստրացիան չի եղել։— Գեներալը ձեռքերը տարածեց։— Էշելոնների պետերն իրենց պարտականությունները չէին կատարել։ Գնանք գրասենյակ։
Սպաները հետևեցին նրան, միտք անելով, թե ինչու բոլոր գեներալներն այսպես միաժամանակ են խելագարվել։
Պարետանոցում պարզվեց, որ իսկապես գուլյաշի մասին ոչինչ հայտնի չէ։ Ճիշտ է, այդ կայարանով անցնող բոլոր էշելոնների համար պետք է գուլյաշ եփեին։ Բայց հետո հրաման է եկել, թե գուլյաշի փոխարեն ամեն մի զորամասի յուրաքանչյուր զինվորի համար փոխանցել յոթանասուներկու հելլեր, այնպես որ կայարանով անցնող ամեն մի զորամաս իր հաշվին ունի մարդագլուխ յոթանասուներկու հելլեր, որը նա իր ինտենդանտությունից կստանա ռոճիկները վճարելիս։ Ինչ վերաբերվում է հացին, ապա Վադիան կայարանում զինվորներին մարդագլուխ կես բոքոն կտան։