Շվեյկը նորից իր երթային վաշտում
Դատարանի երեկվա առավոտյան նիստում Շվեյկի գործով աուդիտորի պարտականություն կատարող մայորը նույն այն մայորն էր, որն երեկոյան գեներալի տանը ֆելդկուրատի հետ բրուդերշաֆտ էր խմում և նիրհում։
Ոչ ոք չգիտեր, թե երբ և ինչպես մայորը հեռացավ գեներալի մոտից։ Բոլորն այնպիսի վճակի մեջ էին, որ նրա բացակայությունը ոք չնկատեց, իսկ ինքը գեներալը նույնիսկ չէր կարողանում որոշել, թե իր հետ հյուրերից որն է խոսում։ Արդեն երկու ժամից ավելի մայորը հյուրերի մեջ չէր, իսկ գեներալը բեղերը ոլորելով և հիմարավարի ժպտալով՝ գոռում էր․
― Լա՛վ ասացիք, պարոն մայոր։
Առավոտյան մայորին ոչ մի տեղ գտնել չկարողացան։ Նրա շինելը, ինչպես և թուրը, միջանցքում կախարանից կախված էր, չկար միայն սպայական գլխարկը։ Ենթադրեցին, թե երևի արտաքնոցներից մեկում քնած կլինի։ Խուզարկեցին բոլոր արտաքնոցները, բայց մայորին չհայտնաբերեցին։ Նրա փոխարեն երրորդ հարկում գտան մի քնած պորուչիկ, որը նույնպես գեներալի հյուրերից էր։ Նա քնած էր ծնկաչոք, ունիտազի վրա կռացած, քանզի քունը տարել էր փսխելու ժամանակ։
Մայորը կարծես ջրի տակն էր անցել։ Բայց եթե մեկն ու մեկը ներս նայեր այն խուցի վանդակապատ լուսամուտից, որտեղ կալանված էր Շվեյկը, ապա կտեսներ, որ մի մահճակի վրա ռուսական շինելի տակ քնած են երկու հոգի։ Շինելի տակից երևում էին երկու զույգ սապոգներ, խթանավոր սապոգները մայորինն էին, անխթանները՝ Շվեյկինը։
Նրանք պառկած էին կատվի ձագերի պես իրար կպած։ Շվեյկի թաթը հանգչում էր մայորի գլխի տակ, իսկ մայորը գրկել էր Շվեյկի իրանը, հպվելով նրան, ինչպես լակոտը քած շանը։
Դրա մեջ ոչ մի հանելուկային բան չկար, իսկ ինչ վերաբերվում է մայորին, ապա նրա արածը պարզապես հանդիսանում էր ծառայողական պարտքի գիտակցման արգասիք։
Հավանաբար պատահել է, որ դուք մեկն ու մեկի հետ նստել եք մինչև լուսաբաց, և հանկարծ ձեր բաժակակիցը բռնել է գլուխը, տեղից վեր թռել և գոռացել․ «Հիսո՜ւս Քրիստոս, ես ժամը ութին պետք է պաշտոնավայրում լինեի»։ Դա այսպես կոչված ծառայողական պարտքի գիտակցման նոպա է, որ մարդու բռնում է խղճի խայթի ներգործության հետևանքով։ Այդ ազնիվ նոպայով բռնված մարդուն ոչինչ չի կարող հետ կանգնեցնել սրբազան համոզմունքից, թե նա պարտավոր է անհապաղ լրացնել այն բացը, որ թույլ է տվել իր ծառայության մեջ։ Հենց դրանք են այն անգլխարկ ուրվականները, որոնց բարապանները հիմնարկությունների միջանցքներում բռնում և իրենց խցիկներում պառկեցնում են թախտի վրա, որ մի լավ քնեն։
Ճիշտ այդպիսի նոպա էր բռնել մայորին այդ գիշեր։ Երբ նա արթնացել էր բազկաթոռի մեջ, հանկարծ մտքովն անցել էր, թե պետք է անմիջապես Շվեյկին հարցաքննի։ Ծառայողական պարտքի գիտակցման այդ նոպան վրա էր հասել այնպես հանկարծակի, իսկ մայորն էլ նրան ենթարկել էր այնպիսի արագությամբ ու վճռականությամբ, որ նրա անհետանալն ու բացակայությունը ոչ ոք չնկատեց։ Բայց դրա փոխարեն շատ ավելի զգալի եղավ նրա ներկայությունը զինվորական բանտի պահակատանը, ուր նա ներս ընկավ ռումբի նման։
Հերթապահ ֆելդֆեբելը քնած էր սեղանի հետևում նստած, իսկ նրա շուրջը բազմապիսի պոզաներով ննջում էին ժամապահները։
Մայորը, գլխարկը թեք դրած, սկսեց այնպես հայհոյել, որ հորանջողներն այդպես էլ մնացին բերանները բաց, բոլորի դեմքերն այլայլվեցին։ Վհատված և մի տեսակ ծամածռվելով, մայորին նայում էր ոչ թե զինվորների ջոկատ, այլ սեպերը բացած կապիկների մի ոհմակ։
Մայորը բռունցքը խփեց սեղանին և ֆելդֆեբելի վրա բղավեց.
— Հե՛յ, բռի գեղացի, հազար անգամ ձեզ ասել եմ, որ ձեր զինվորները հոտած խոզերի բանդա են։— Դիմելով քարացած զինվորներին, նա գոռաց.— Զինվորնե՛ր, ձեր աչքերից ապուշություն է թափվում նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եք, իսկ երբ արթնանում եք, անասուննե՛ր, դեմքներդ այնպես եք ծամածռում, որ կարծես ամեն մեկդ մի վագոն դինամիտ եք խժռել։
Դրան հետևեց մի երկար ու հանգամանալից քարոզ ժամապահների պարտականությունների մասին, և ի վերջո մայորը պահանջեց անհապաղ բացել այն խուցը, որտեղ գտնվում է Շվեյկը, քանի որ ցանկանում է հանցագործին նոր հարցաքննության ենթարկել։
Ահա այդպես մայորը գիշերն ընկավ Շվեյկի մոտ։
Նա Շվեյկի խուցը մտավ այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, այլևս գլխին խելք չկար։
Նրա վերջին պոռթկումն այն եղավ, որ հրամայեց բանտի բանալիներն իրեն հանձնել։
Ֆելդֆեբելը մայորի այդ պահանջից իրեն կորցրեց, բայց, հիշելով իր պարտականությունները, հրաժարվեց բանալիները հանձնել, մի բան, որ անսպասելիորեն մայորի վրա շատ լավ տպավորություն գործեց։
— Հե՛յ, հոտած խոզերի բանդա,— գոռաց նա բակում,— եթե բանալիներն հանձնեիք, ես ձեզ ցույց կտայի։
— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց ֆելդֆեբելը, — ստիպված եմ ձեզ վրա դուռը փակել և ձեր անվտանգության համար կալանավորի մոտ պահակ նշանակել։ Եթե կցանկանաք դուրս գալ, պարոն մայոր, բարի եղեք դուռը ծեծել։
— Հե՛յ, ապուշ,— ասաց մայորը,— կապի՛կ, ուղտի՛ մեկը, կարծում ես ինչ-որ կալանավորից վախենո՞ւմ եմ, որ ուզում ես նրան հարցաքննելիս պահակ կանգնեցնել։ Գրո՛ղը տանի ձեզ, դուռը կողպեցեք վրաս և ռադ եղեք։
Դռան վերևի փոքրիկ լուսամուտում ցանցապատ լապտերի մեջ ամփոփված և պատրույգն իջեցրած նավթի լամպն այնքան աղոտ լույս էր արձակում, որ մայորը դժվարությամբ գտավ քնից արթնացած Շվեյկին, որը, իր նարի մոտ ձիգ կանգնած, համբերությամբ սպասում էր, թե այդ այցելությունն ինչով է վերջանալու։
Շվեյկը որոշեց, թե ամենաճիշտն այն կլինի, որ ներկայանա պարոն մայորին, ուստի եռանդագին զեկուցեց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, առկա է մեկ կալանավոր, ուրիշ դեպքեր չեն պատահել։
Մայորն հանկարծ մոռացավ, թե ինչի համար է եկել այդտեղ, և ասաց.
— Ազա՛տ։ Ո՞ւր է քո այդ կալանավորը։
— Կալանավորը, համարձակվում եմ զեկուցել, ես ինքս եմ,— հպարտ պատասխանեց Շվեյկը։
Սակայն մայորն այդ պատասխանի վրա ուշադրություն չդարձրեց, քանի որ գեներալի գինին ու լիկյորները նրա ուղեղի մեջ հարուցեցին վերջին ալկոհոլային ռեակցիան, և նա հորանջեց այնպես զարհուրելի, որ եթե նույնն աներ մի ոչ զինվորական, անպայման ծնոտը դուրս կընկներ։ Մայորի այդ հորանջը նրա մտքերն ուղղեց դեպի ուղեղի այն գալարները, որտեղ պահվում է երգելու ձիրքը։ Նա անկաշկանդ ընկավ Շվեյկի նարին փռված ներքնակի վրա և այնպիսի ձայնով, որով իր վախճանից առաջ ճղղում է կիսամորթ խոզի ճուտը, զլեց.
Oh Tannenbaum, oհ Tannenbaum!
Wie schön sind deine Blätterr![14]
Նա այդ ֆրազն իրար հետևից կրկնեց մի քանի անգամ, մեղեդին հարստացնելով անհոդաբաշխ կաղկանձյուններով։ Ապա արջի քոթոթի պես ընկավ մեջքի վրա, կուչ եկավ ու տեղնուտեղը խռմփաց։
— Պարո՛ն մայոր,— փորձեց նրան արթնացնել Շվեյկը,― համարձակվում եմ զեկուցել, ձեզ վրա ոջիլ կքաշվի։
Բայց դա անօգուտ եղավ։ Մայորը մեռելի պես քնած էր։
Շվեյկը խանդաղատանքով նայեց նրան և ասաց․ «Որ այդպես է քնիր, նանի՜կ, նանի՜կ, հարբեցողի մեկը»,— և նրան ծածկեց շինելով։ Առավոտյան նրանց գտան իրար ամուր հպված։
Ժամը իննի մոտ, անհետացած մայորին որոնելու ամենաթունդ պահին, Շվեյկը նարից ցած իջավ և անհրաժեշտ համարեց պարոն պետին արթնացնել․ վրայից քաշեց ռուսական շինելը և սկսեց եռանդով ցնցել, մինչև որ, վերջապես, մայորը բարձրացավ ու նստեց նարի վրա։ Նա բութ հայացքով նայեց Շվեյկին, կարծես նրա մեջ որոնելով այն հարցի լուծումը, թե իրեն ինչ է պատահել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր,— ասաց Շվեյկը,— արդեն մի քանի անգամ պահակատնից եկել են այստեղ տեսնելու, թե արդյոք դեռ կենդանի՞ եք։ Այդ պատճառով հիմա ես ինձ թույլ տվի ձեզ արթնացնել, քանի որ չգիտեմ, թե դուք որ ժամին եք վեր կենում։ Ուգրժինևեսի գարեջրագործարանում մի տակառագործ էր աշխատում։ Նա սովորաբար քնում էր մինչև առավոտվա ժամը վեցը, բայց եթե նույնիսկ մի քառորդ ժամ ավելի քներ, այսինքն մինչև վեցն անց տասնհինգ րոպե, դրանից հետո կմրափեր մինչև կեսօր. այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ գործարանից վռնդեցին։ Հետո նա բարկությունից վիրավորական խոսքեր ասաց եկեղեցու և կայսրական գերդաստանի անդամներից մեկի հասցեին։
— Դու հիմա՞լ ես։ Այո՛,— գոռաց մայորը ոչ առանց փոքր ինչ վհատվելու, քանի որ երեկվա դեպքից հետո նրա գլուխը նման էր ջարդված պուտուկի, և նրա համար դեռ հասկանալի չէր, թե ինչու է այդտեղ նստած, թե ինչու է պահակատնից մարդ եկել և թե ինչու իր առջև կանգնած այդ տղան այնպիսի անմտություններ է դուրս տալիս, որ մարդ ոչ սկիզբը կհասկանա, ոչ վերջը։ Նրան ամեն ինչ թվում էր շատ տարօրինակ։ Աղոտ կերպով հիշում էր, որ գիշերն արդեն մի անգամ այդտեղ եղել է։ Բայց ինչո՞ւ։
— Ես գիշերն արդեն մի անգամ այստեղ եղե՞լ եմ,— հարցրեց նա ոչ այնքան համոզված։
— Համաձայն հրամանի, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— որքան ես հասկացա պարոն մայորի խոսքերից, համարձակվում եմ զեկուցել, դուք, պարոն մայոր, եկել էիք ինձ հարցաքննելու։
Այդտեղ մայորի միտքը պայծառացավ, նա նայեց իրեն, ապա աչք ածեց շուրջը, ասես մի բան փնտրելով։
— Բարեհաճեցեք ոչ մի բանի համար չանհանգստանալ, պարոն մայոր,— հանգստացրեց նրան Շվեյկը։— Դուք արթնացաք ճիշտ այն տեսքով, որով եկաք։ Դուք այստեղ եկաք առանց շինելի, առանց թրի, բայց գլխարկով։ Գլխարկն ահա այնտեղ է։ Ստիպված էի ձեր ձեռքից վերցնել, քանի որ ուզում էիք դնել ձեր գլխի տակ։ Շքերթային սպայական գլխարկը ցիլինդրի պես բան է։ Ցիլինդրի վրա քնել կարողանում էր միայն Լոդինեցում ապրող պան Կարդերազը։ Պատահում էր, գինետանը պառկում էր նստարանի վրա, ցիլինդրը դնում գլխի տակ (ախր նա թաղումների ժամանակ երգում էր և թաղման էր գնում ցիլինդրով) ինքն իրեն ներշնչում, թե ցիլինդրը չպետք է տրորի։ Ամբողջ գիշերը իր քաշի աննշան մի մասով ճախրում էր ցիլինդրի վրա, այնպես որ դա ցիլինդրին ոչ մի վնաս չէր պատճառում, դեռ ընդհակառակը՝ օգուտ էր տալիս։ Քնի մեջ կողքից-կողք շուռ գալով, Կարդերազը իր մազերով ցիլինդրն այնպես էր փայլեցնում, որ միշտ նոր հարդուկածի նման էր լինում։
Մայորը, որ հիմա արդեն հասկանում էր, թե բանն ինչ է, առաջվա պես բութ հայացքով նայելով Շվեյկին՝ ասաց․
— Դու հիմարանա ՞լ։ Այո՞։ Ես լինել այստեղ, ես գնալ այստեղից...— Նա վեր կացավ, մոտեցավ դռանը և սկսեց ամբողջ թափով ծեծել։
Մինչ կգային դուռը բացելու, նա կարողացավ Շվեյկին ասել․
— Եթե հեռագիր չգալ, թե դու՝ դու ինքդ, ապա լինես կախված։
— Սրտանց շնորհակալ եմ,— պատասխանեց Շվեյկը,— ես գիտեմ, պարոն մայոր, որ դուք իմ մասին շատ եք մտածում, բայց եթե, պարո՛ն մայոր, ներքնակից ձեզ վրա միայն մի հատ է քաշվել, և եթե փոքր է ու մեջքը կարմրավուն, ապա համոզված եղեք, որ որձ է։ Եթե ձեզ վրա չեք գտնի մի ուրիշը, որ այդպես երկարավուն ու գորշ լինի և փորի վրա կարմրավուն զոլեր ունենա, ապա դա լավ է, թե չէ զույգ կկազմեին, իսկ այդ անզգամները շատ արագ են բազմանում, ավելի արագ, քան ճագարները։
— Lassen Sie das![15]― ասաց մայորը նվաղուն ձայնով, երբ դուռը բացեցին նրա առաջ։
Պահակատանը մայորն այլևս ոչ մի տեսարան չսարքեց։ Նա շատ զուսպ պատվիրեց կառք կանչել և, Պերեմիշլի զզվելի սալարկի վրա կառքի մեջ դխդխկալով, շարունակ մտածում էր, թե հանցագործն առաջնակարգ ապուշ է, բայց, այնուամենայնիվ, անմեղ անասուն է երևում, իսկ իրեն, մայորին, մնում է անել երկուսից մեկը, կամ տուն վերադառնալուն պես ինքնասպանություն գործել, կամ մարդ ուղարկել գեներալի մոտից շինելն ու թուրը բերելու և գնալ քաղաքային բաղնիք լողանալու, լողանալուց հետո մտնել Ֆոլգրուբերի մոտի գինետունը, այնտեղ մի լավ կազդուրվել և հեռախոսով քաղաքային թատրոնի տոմս պատվիրել։
Իր բնակարանին չհասած, նա որոշեց անել վերջինը։
Բնակարանում նրան սպասում էր մի փոքրիկ անակնկալ։ Նա վրա էր հասել ճիշտ ժամանակին...
Բնակարանի միջանցքում կանգնած էր գեներալ Ֆինկը, որը բռնել էր սպասյակի օձիքից և, նրան ուժով մեկ թափահարելով, բղավում էր․ «Ո՞ւր է մայորդ, անասուն, պատասխանիր, գազա՛ն»։
Բայց գազանը չէր պատասխանում։ Նրա դեմքը կապտել էր, քանզի գեներալը կոկորդը շատ ամուր էր սեղմել։
Ժամանակին վրա հասած մայորը նկատեց, որ դժբախտ սպասյակը թևի տակ ամուր պահում է նրա շինելն ու թուրը, որ ակներևաբար բերել էր գեներալի տան միջանցքից։
Այդ տեսարանը մայորին զվարճալի թվաց, ուստի նա կանգ առավ կիսաբաց դռան առաջ և սկսեց անխոս դիտել տառապանքներն իր հավատարիմ ծառայի, որն իր գողություններով նրան արդեն վաղուց զզվեցրել էր։
Գեներալը մի պահ բաց թողեց կապտած սպասյակին, բայց միայն նրա համար, որ գրպանից մի հեռագիր հանի, որով սկսեց հարվածել սպասյակի դեմքին ու շրթունքներին, միաժամանակ գռռալով․ «Ի՞նչ ես արել քո մայորին, անասո՛ւն, ո՞ւր է քո մայոր-աուդիտորը, անասո՛ւն։ Ես կարո՞ղ եմ նրան պաշտոնական հեռագիր հանձնել»։
— Ես այստեղ եմ,— ձայն ավեց մայոր Դերվոտան, որին «մայոր-աուդիտոր» և «հեռագիր» բառերը նորից հիշեցրին նրա ուղղակի պարտականությունները։
— Վա՛հ,— բացականչեց գեներալ Ֆինկը,— դու վերադարձա՞ր։
Նրա ձայնի տոնի մեջ այնքան թույն կար, որ մայորը ոչինչ չպատասխանեց և անվճռականորեն շարունակեց կանգնած մնալ դռան առաջ։
Գեներալը նրան հրամայեց իր հետևից մտնել սենյակ, և երբ նրանք նստեցին, նա սպասյակի դեմքի վրա քրքրված հեռագիրը նետեց սեղանին և ողբերգական ձայնով ասաց.
— Կարդա՛, սա քո արածն է։
Մինչ մայորը կկարդար հեռագիրը, գեներալը հետ ու առաջ էր վազվզում սենյակում, աթոռներն ու աթոռակները շուռ տալով և գոռալով.
— Եվ այնուամենայնիվ ես նրան կախել կտամ։
Հեռագրի բովանդակությունն այս էր․
«Տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Յոզեֆ Շվեյկը, գործուղված լինելով որպես զորաբնակարանապետ, սույն ամսի 16-ին անհետ կորել է Խիրով—Ֆելդշտայն անցումի ժամանակ։ Անհապաղ հետևակ զինվոր Շվեյկին ուղարկել Վոյայլիչ՝ բրիգադի շտաբ»։
Մայորը բացեց սեղանի արկղը, հանեց քարտեզը և սկսեց միտք անել. քանի որ Ֆելդշտայնը գտնվում է Պերեմիշլից քառասուն կիլոմետր դեպի հարավ-արևելք, ապա անլուծելի հանելուկ է, թե ինչպե՛ս է Շվեյկը ռուսական համազգեստ ձեռք բերել մի վայրում, որը հարյուրհիսուն կիլոմետր ռազմաճակատից հեռու է, քանի որ խրամատները ձգվում են Սոկալ — Տուրզե — Կոզլով գծով։
Երբ մայորը գեներալին այդ բանն ասաց և քարտեզի վրա ցույց տվեց այն վայրը, որտեղ ըստ հեռագրի Շվեյկը կորել էր մի քանի օր առաջ, գեներալը եզան պես բառաչեց, զգալով, որ դաշտային դատարանի վրա դրած իր բոլոր հույսերն ի դերև եղան։ Նա մոտեցավ հեռախոսին, զանգահարեց պահակատուն և հրամայեց անհապաղ կալանավոր Շվեյկին բերել իր մոտ՝ մայորի բնակարանը։ Սպասելով այդ հրամանի կատարմանը, գեներալը անասելի նզովքներով իր ափսոսանքն էր հայտնում, որ չի կարգադրել Շվեյկին կախել անհապաղ, իր անձնական ռիսկով, առանց որևէ հարցաքննության։
Մայորն առարկում և մի գլուխ ինչ-որ բան էր պնդում օրենքի և արդարության մասին, որոնք քայլում են ձեռք-ձեռքի տված, ճոռոմ պարբերություններով ճառախոսում էր արդար դատի, դատական ճակատագրական սխալների և առհասարակ այն ամենի մասին, ինչ գլուխն էր գալիս, որովհետև խումարից գլուխը սաստիկ ցավում էր, և նա խոսակցությամբ մտքերը ցրելու կարիք էր զգում։
Երբ, վերջապես, Շվեյկին բերին, մայորը նրան հրամայեց բացատրել թե Ֆելդշտայնի մոտ ի՛նչ է պատահել և առհասարակ ինչպես է լույս ընկել այդ ռուսական համազզեստը։
Շվեյկն հանգամանորեն ամեն ինչ բացատրեց, իր դրույթները հիմնավորելով մարդկային ձախորդությունների պատմությունից բերած օրինակներով։ Երբ մայորը հարցրեց, թե հապա ինչո՞ւ նա այդ մասին հարցաքննության ժամանակ չի հայտնել, Շվեյկը պատասխանեց, թե, ճիշտն ասած, այդ ժամանակ ոչ ոք նրան այդ մասին չի հարցրել, թե բոլոր հարցերը հանգում էին միայն մի բանի. «Ընդունո՞ւմ եք, որ թշնամու համազգեստը հագել եք ձեր հոժար կամքով և առանց որևէ ճնշման»։— Քանի որ դա ճիշտ էր, ապա նա ուրիշ ոչինչ չէր կարող ասել, բացի հետևյալից․ «Անպայման, այո, իսկապես, ճիշտ այդպես, անկասկած»։ Իսկ մյուս կողմից նա դատարանում ժխտել է իրեն ներկայացված այն մեղադրանքը, թե իբր թագավոր կայսրին դավաճանել է։
— Այս մարդը պարզապես ապուշ է,— ասաց գեներալը մայորին։— Շորերը հանել լճակի ամբարտակի վրա և հագնել ռուսական համազգեստ, որ աստված գիտե ով է թողել այնտեղ, թույլ տալ, որ իրեն մտցնեն ռուս գերիների խմբի մեջ,— այդպիսի բանի ընդունակ է միայն ապուշը։
― Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը,— ես ինքս էլ հաճախ նկատում եմ, որ տկարամիտ եմ, մանավանդ իրիկնադեմին...
— Ձա՛յնդ, ավանակ,— գոռաց նրա վրա մայորը և գեներալին հարցրեց, թե հիմա Շվեյկին ինչ պետք է անել։
― Թող նրան բրիգադում կախեն,— վճռեց գեներալը։
Մի ժամ անց Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայարան, որպեսզի հասցնեն Վոյալիչ՝ բրիգադի շտաբը։
Բանտում Շվեյկը իրենից հետո մի փոքրիկ հիշատակ թողեց․ պատի վրա մի տաշեղի կտորով երեք սյունակների մեշ խզբզեց այն բոլոր սուպերի, սոուսների և ակրատների ցուցակը, որ կերել էր նախքան պատերազմը։ Դա յուրահատուկ բողոք էր այն բանի դեմ, որ քսանչորս ժամվա ընթացքում բերանը բան չէր դրել։
Շվեյկի հետ միասին բրիգադ ուղարկվեց հետևյալ գրությունը. «№ 469 հեռագրի հիման վրա հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը, որ փախել է տասնմեկերորդ երթային վաշտից, հետագա հետաքննության համար հանձնվում է բրիգադի շտաբին»։
Պահակախումբը, որ բաղկացած էր չորս հոգուց, իրենից ներկայացնում էր տարբեր ազգությունների մի խառնուրդ։ Նրա մեջ կար լեհ, հունգարացի, գերմանացի և մի չեխ, որին, եֆրեյտորի աստիճան ունենալու համար, պահակախմբի պետ էին նշանակել և որն իր հայրենակից կալանավորի առաջ լոպպազանում էր, ցուցադրելով նրա նկատմամբ ունեցած իր անսահմանափակ իշխանությունը։ Երբ Շվեյկը կայարանում միզելու թույլտվություն խնդրեց, եֆրեյտորը շատ կոպիտ պատասխանեց, թե նա կարող է միզել բրիգադ հասնելուց հետո։
— Լա՛վ,— համաձայնեց Շվեյկը,— միայն թե այդ հրամանը ինձ տվեք գրավոր, որպեսզի, երբ միզափամփուշտս պայթի՝ բոլորն իմանան, թե մեղավորն ով է եղել։ Դրա համար օրենք կա, պարոն եֆրեյտոր։
Եֆրեյտորը, որ բռի գեղացի էր, այդ միզափամփուշտից վախեցավ, և ամբողջ պահակախումբը Շվեյկին կայարանի միջով հանդիսավորապես տարավ արտաքնոց։
Առհասարակ եֆրեյտորը ճանապարհորդության ընթացքում մոլեգնած մարդու տպավորություն էր գործում և իրեն այնպես գոռոզ էր պահում, որ կարծես հենց հաջորդ օրը առնվազն կորպուսի հրամանատարի կոչում պիտի ստանար։
Երբ նրանք նստեցին Պերեմիշլ — Խիրով ուղղությամբ մեկնող գնացքը, Շվեյկը նրան ասաց.
— Պարոն եֆրեյտոր, երբ նայում եմ ձեզ, միտս է գալիս եֆրեյտոր Բոզբը, որ ծառայում էր Տրենտոյում։ Երբ Բոզբին եֆրեյտոր դարձրին, առաջին իսկ օրվանից նրա ծավալն սկսեց մեծանալ։ Թշերն սկսեցին ուռել, իսկ փորն այնպես փքվեց, որ հետևյալ օրը նույնիսկ պետական շալվարը վրան չէր կոճկվում։ Բայց ամենից վատն այն էր, որ ականջներն սկսեցին երկարել։ Նրան ուղարկեցին լազարեթ, և գնդի բժիշկն ասաց, թե բոլոր եֆրեյտորներին այդպիսի բան է պատահում։ Սկզբում նրանք ուռչում են, բայց ոմանց մոտ դա արագ է անցնում, իսկ տվյալ հիվանդի վիճակը շատ ծանր է և նա կարող է պայթել, քանի որ հիվանդությունը եֆրեյտորական աստղանիշից անցել է պորտին։ Նրան փրկելու համար ստիպված եղան աստղանիշը կտրել, և անմիջապես փուքն անցավ։
Այդ պահից ի վեր Շվեյկն իզուր էր ջանում եֆրեյտորի հետ զրույցի բռնվել և նրան բարեկամաբար բացատրել, թե զինվորներն ինչու են ասում, որ եֆրեյտոր կոչվածը վաշտի պատիժն է։
Եֆրեյտորը ոչինչ չէր պատասխանում, միայն մռայլադեմ սպառնում էր, որ դեռ հետո կերևա, թե նրանց երկուսից որը կծիծաղի, երբ հասնեն բրիգադ։ Կարճ ատած, հայրենակիցը չէր արդարացնում Շվեյկի հույսերը։ Իսկ երբ Շվեյկը եֆրեյտորին հարցրեց, թե նա որտեղացի է, վերջինս պատասխանեց․ «Քո գործը չի»։
Շվեյկն ամեն կերպ փորձում էր եֆրեյտորին խոսեցնել։ Պատմեց, թե առաջին անգամ չէ, որ իրեն տանում են պակահախմբի հսկողությամբ, թե նա միշտ էլ իրեն ուղեկցողների հետ լավ ժամանակ է անցկացրել։
Բայց եֆրեյտորը շարունակում էր լռել, իսկ Շվեյկն էլ չէր սսկվում․
— Ինձ թվում է, պարոն եֆրեյտոր, որ ձեզ մեծ դժբախտություն է պատահել, քանի որ խոսելու ընդունակությունը կորցրել եք։ Ես դարդոտ եֆրեյտորներ շատ եմ տեսել, բայց ձեզ պես վշտից իրեն կորցրած եֆրեյտորի, ներեցեք և մի բարկանաք, պարոն եֆրեյտոր, դեռ չեմ հանդիպել։ Վստահեցեք ինձ, ասացեք ինչն է ձեզ այդպես տանջում։ Գուցե կկարողանամ ձեզ մի խորհուրդ տալ, քանի որ այն զինվորը, որին տանում են պահակախմբի հսկողությամբ, միշտ էլ ավելի շատ փորձ է ունենում, քան նրա վրա հսկողը։ Կամ մի բան պատմեցեք, պարոն եֆրեյտոր, որպեսզի ժամանակն արագ անցնի։ Պատմեցեք, օրինակ, թե ձեր ծնննդավայրի շրջակայքում ինչ կա, արդյոք լճակներ կամ բերդի ավերանկեր կան։ Կարող եք մեզ այն էլ հայտնել, թե այդ ավերակների հետ ինչ ավանդություն է կապված։
― Հերիք է,— գոռաց հանկարծ եֆրեյտորը։
— Բախտավոր մարդ եք,— ուրախացավ Շվեյկը,— իսկ ուրիշներին միշտ որևէ բան հերիք չի անում։
— Բրիգադում քեզ խելքի կբերեն, իսկ ես չեմ ուզում քեզ հետ գլուխ դնել,— դա եղավ եֆրեյտորի վերջին խոսքը, որից հետո նա խորասուզվեց կատարյալ լռության մեջ։
Պահակներն առհասարակ քիչ էին զվարճանում։ Հունգարացին գերմանացու հետ զրուցում էր մի հատուկ եղանակով, քանի որ գիտեր միայն գերմաներեն «jawohl»[16] և «was?»[17] բառերը։ Երբ գերմանացին նրան մի բան էր պատմում, հունգարացին գլխով էր անում և շարունակ կրկնում «jawohl», իսկ երբ գերմանացին լռում էր, ասում էր․ «was?» և գերմանացին նորից էր սկսում։ Պահակ չեխն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս»։
— Քեզ մի տեսակ չի հաջողվում,— ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ ստացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր ստանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։
Լեհը ոչինչ չպատասխանեց, և ի վերջո ամբողջ պահակախումբը խորասուզվեց կատարյալ լռության մեջ, կարծես թաղման էին գնում և բարեպաշտորեն խորհում ննջեցյալի մասին։
Այդպես մոտենում էին Վոյալիչին, որտեղ գտնվում էր բրիգադի շտաբը։
* * *
Այդ միջոցին բրիգադի շտաբում տեղի էին ունեցել էական փոփոխություններ։
Շտաբի պետ էր նշանակվել գնդապետ Հերբիխը։ Նա ռազմական մեծ ընդունակություններ ուներ, որոնք արտահայտվում էին պոդագրայի նոպան բռնելիս։ Սակայն մինիստրությունում նա շատ ազդեցիկ մարդիկ ուներ, որոնց շնորհիվ թոշակի չէր գնում, այլ քարշ էր գալիս զանազան խոշոր զինվորական միավորումների շտաբներում, ստանում բարձր ռոճիկներ՝ պատերազմական ժամանակի ամենաբազմատեսակ հավելումներով, և պաշտոնում մնում էր այնքան ժամանակ, մինչև որ պոդագրայի հերթական նոպայի պահին որևէ հիմարություն էր անում։ Դրանից հետո նրան փոխադրում էին մի այլ տեղ, սովորաբար պաշտոնի բարձրացումով։ Ճաշի ժամանակ նա սպաների հետ խոսում էր բացառապես իր ոտքի այտուցավորված բութ մատի մասին, որն երբեմն այնպես էր ուռչում, որ գնդապետը ստիպված էր լինում հատուկ չափսի սապոգ հագնել։
Ուտելու ժամանակ նրա ամենահաճելի զվարճությունն էր՝ բոլորին պատմել, թե այդ մատը անդադար քրտնում է, թե շարունակ հարկ է լինում բամբակով փաթաթել և թե մատի քրտինքից թթված մսասուպի հոտ է գալիս։
Հասկանալի է, թե ինչու ամբողջ սպայական կազմը անկեղծ ուրախությամբ էր Հերբիխին հրաժեշտ տալիս, երբ նրան որևէ այլ աեղ էին փոխադրում։ Բայց ընդհանուր առմամբ նա սիրալիր պարոն էր։ Կրտսեր սպաների հետ վարվում էր մտերմաբար և նրանց պատմում, թե մի ժամանակ ինչքա՛ն էր խմում և ինչպիսի համեղ բաներ ուտում, քանի դեռ այդ ցավն իրեն չէր բռնել։
Երբ Շվեյկին հասցրին բրիգադ և հերթապահ սպայի հրամանով նրան համապատասխան գրություններով հանդերձ բերին գնդապետ Հերբիխի մոտ, վերջինիս սենյակում նստած էր պոդպորուչիկ Դուբը։
Սանոկ-Սամբոր ռազմերթից մի քանի օր անց պոդպորուչիկ Դուբին մի նոր փորձանք էր պատահել։
Ֆելդշտայնը անցնելուց հետո տասնմեկերորդ երթային վաշտը պատահել էր ձիերի մի գումակի, որին քշում էին դեպի Սուդովա-Վիշնյայիում գտնվող դրագունական գունդը։ Պոդպորուչիկ Դուբը ինքն էլ չէր իմանում, թե ինչպես հանկարծ խելքին փչեց պորուչիկ Լուկաշին ցույց տալ իր ձիավարական վարպետությունը և թե ինչպես ցատկեց ձիու վրա և նրա հետ միասին անհետացավ մի գետահովտում, որտեղ հետո պոդպորուչիկ Դուբին գտան մի փոքրիկ ճահճի մեջ այնպես պինդ խրված, որ ամենահմուտ այգեպանն էլ չէր կարող նրան այդպես տնկել։ Երբ օղապարանով նրան այնտեղից դուրս քաշեցին, պոդպորուչիկ Դուբը ոչ մի բանից չէր գանգատվում, միայն մահամերձի պես տնքում էր։ Այդ վիճակում նրան տարել էին բրիգադի շտաբ, որի մոտով անցնում էին, և պառկեցրել մի փոքրիկ լազարեթում։ Մի քանի օր հետո ուշքը տեղն էր եկել, և բժիշկը ասել էր, թե մի երկու-երեք անգամ մեջքին ու փորին յոդ կքսեն, որից հետո նա համարձակ կարող է գնալ ու հասնել իր վաշտին։
Հիմա պոդպորուչիկ Դուբը նստած էր գնդապետ Հերբիխի մոտ և նրա հետ զրուցում էր զանազան հիվանդությունների մասին։
Տեսնելով Շվեյկին, Դուբը, որին հայտնի էր հանձնակատարի հանելուկային անհետացումը, բարձրաձայն գոռաց.
— Ուրեմն, դու նորից այստե՞ղ ես։ Շատ սրիկաներ են անհետանում սատանան գիտե թե ուր, բայց վերադառնում են որպես ավելի թունդ սրիկաներ, և դու նրանցից մեկն ես։
Պատկերն ավելի լրացնելու համար հարկ է ասել, որ ձիուն պատահած արկածի հետևանքով պոդպորուչիկ Դուբն ուղեղի թեթև ցնցում էր ստացել։ Ուստի չպետք է զարմանանք, որ, հարձակվելով Շվեյկի վրա, նա աստծուն պայքարի կոչեց ընդդեմ Շվեյկի և չափածո գոռաց.
— Տե՛ր իմ երկնային, քեզ եմ դիմում ես։ Թնդանոթներն են թնդում ծխացող, սուլում գնդակներ թեժ ու սուրացող։ Անհաղթ զորավար, տե՛ր իմ երկնային, օգնիր հաղթելու այս սրիկային։ Ո՞ւր էիր կորել, անզգա՛մ, այսքան ժամանակ։ Այդ ո՞ւմ համազգեստն ես հագել։
Հարկ է ավելացնել նաև, որ պոդագրայով տառապող գնդապետի գրասենյակում հույժ դեմոկրատական կարգեր կային, թեկուզ և միայն պոդագրայի նոպաների միջև ընկած պահերին։ Այստեղ լինում էին բոլոր բարձրաստիճան զինվորականները, որպեսզի լսեին գնդապետի դատողությունները թթված մսասուպի հոտ արձակող ուռած մատի մասին։
Երբ գնդապետ Հերբիխը նոպա չէր ունենում, նրա գրասենյակը լեփ-լեցուն էր լինում ամենատարբեր աստիճաններ ունեցող զինվորականներով, քանզի այդ հազվադեպ րոպեներին նա շատ ուրախ և զրուցասեր մարդ էր դառնում, սիրում էր շուրջն ունկնդիրներ հավաքել և նրանց անպարկեշտ անեկդոտներ պատմել, մի բան, որ նրա վրա շատ լավ ներգործություն էր ունենում, իսկ մնացածներին բավականություն ընձեռում բռնազբոսիկ կերպով ծիծաղելու դեռևս գեներալ Լաուդոնի ժամանակվա հին անեկդոտների վրա։
Այդ օրերին Հերբիխի մոտ ծառայելը շատ հեշտ էր։ Յուրաքանչյուրն անում էր, ինչ խելքին կփչեր, և կարելի է վստահորեն ասել, որ ամեն տեղ, ուր շտաբը գլխավորում էր գնդապետ Հերբիխը, մարդիկ ամբողջ ուժով գողանում և ամեն տեսակ հիմարություններ էին անում։
Այդպես և այսօր։ Շվեյկի հետ միասին գնդապետի գրասենյակը խուժեցին զանազան զինվորական աստիճանավորներ։ Մինչ գնդապետը կկարդար շտաբին հասցեագրված և Պերեմիշլի մայորի ձեռքով կազմված հղագիրը, նրանք լուռ սպասում էին, թե հետո ինչ է լինելու։
Պոդպորուչիկ Դուբը, սակայն, շարունակում էր Շվեյկի հետ սկսած խոսակցությունը իր համար սովորական հաճելի ձևով․
— Դու ինձ դեռ չես ճանաչում, բայց երբ ճանաչես, վախից կսատկես։
Գնդապետը շշմել էր մայորի հղած գրությունից, քանզի վերջինս այդ թուղթը թելադրելիս, տակավին գտնվել էր ալկոհոլային թեթև թունավորման ազդեցության տակ։
Չնայած դրան, գնդապետ Հերբիխը լավ տրամադրության մեջ էր, քանի որ երեկվանից ցավերը դադարել էին, և նրա բութ մատն իրեն գառան պես հանգիստ էր պահում։
— Ուրեմն, իսկապես ասած, ի՞նչ եք արել դուք,— հարցրեց նա Շվեյկին այնպես սիրալիր, որ նախանձից պոդպորուչիկ Դուբի սիրտը կծկվեց, և նա շտապեց պատասխանել Շվեյկի փոխարեն.
— Այս զինվորը, պարոն գնդապետ,— ներկայացրեց նա Շվեյկին,— հիմար է ձևանում, որպեսզի ապուշությամբ իր հանցագործությունները քողարկի։ Ճիշտ է, ես ծանոթ չեմ նրա հետ ուղարկված թղթի բովանդակությանը, բայց, այնուհանդերձ, կռահում եմ, որ այս սրիկան դարձյալ ինչ-որ բան է արել, այն էլ մեծ մասշտաբի։ Եթե ինձ թույլ կտաք, պարոն գնդապետ, ծանոթանալ այդ թղթի բովանդակությանը, ապա ես անպայման կարող կլինեմ ձեզ որոշ ցուցումներ տալ, թե սրա հետ ինչպես պետք է վարվել։
Դիմելով Շվեյկին, նա չեխերեն ասաց․
— Դու խմում ես իմ արյունը։ Զգո՞ւմ ես։
— Խմում եմ,— արժանապատվորեն պատասխանեց Շվեյկը։
— Ահա տեսնում եք ինչ տիպ է, պարոն գնդապետ,— շարունակեց պոդպորուչիկ Դուբը արդեն գերմաներեն։— Դուք ոչինչ չեք կարող նրան հարցնել, առհասարակ հետը խոսել չի լինի։ Բայց վերջիվերջո խոփը դեմ կառնի քարին։ Անհրաժեշտ է նրան մի լավ պատժել։ Թույլ տվեք, պարոն գնդապետ...
Պոդպորուչիկ Դուբը խորասուզվեց Պերեմիշլի մայորի թղթի ընթերցման մեջ և, մինչև վերջ կարդալուց հետո, հաղթականորեն գոչեց.
— Հիմա Շվեյկ, բանդ պրծած է։ Որտե՞ղ ես թողել պետական համազգեստդ։
— Թողել եմ լճակի ամբարտակի վրա, երբ վրաս փորձում էի այս լաթերը, որ իմանայի, թե դրանց մեջ ռուս զինվորն իրեն ինչպես է զգում,— պատասխանեց Շվեյկը։— Դա պարզապես թյուրիմացություն է։
Շվեյկը պոդպորուչիկ Դուբին հանգամանորեն պատմեց, թե ինչ է պատահել այդ թյուրիմացության պատճառով։ Երբ նա վերջացրեց իր պատմությունը, պոդպորուչիկ Դուբը նրա վրա գոռաց.
— Ա՛յ, հիմա արդեն դու ինձ կճանաչես։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ կնշանակե պետական գույքը կորցնել։ Գիտե՞ս, սրիկա, թե ինչ կնշանակե պատերազմի ժամանակ համազգեստը կորցնել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը,— գիտեմ։ Երբ զինվորը զրկվում է համազգեստից, պետք է նորը ստանա։
— Տե՛ր աստված,— գոռաց պոդպորուչիկ Դուբը,— ավանա՛կ, անասո՛ւն, եթե մեկ էլ փորձես ինձ հետ այդպիսի կատակ անել, ապա պատերազմից հետո էլ դեռ մի հարյուր տարի կծառայես բանակում։
Գնդապետ Հերբիխը, որ մինչ այդ հանգիստ ու գործարար տեսքով նստած էր սեղանի հետևում, հանկարծ դեմքը սաստիկ ծամածռեց, քանզի նրա մատը, որ մինչ այդ իրեն հանգիստ էր պահել, հանկարծ հեզ ու հլու գառան փոխարեն դարձավ մռնչացող վագր, վեցհարյուր վոլտանոց էլեկտրական հոսանք, այնպիսի մի մատ, որի ամեն մի ոսկրիկը մուրճով դանդաղորեն փշրում և խիճ են դարձնում։ Գնդապետ Հերբիխը ձեռքը թափ տվեց և ոռնաց շամփուրի վրա խորովվող մարդու ահավոր ձայնով.
— Դո՛ւրս կորեք։ Մի ատրճանակ տվեք ինձ։
Դա ծանոթ բան էր, ուստի բոլորը դուրս թռան Շվեյկի հետ միասին, որին պահակները հրեցին դեպի միջանցք։ Մնաց միայն պոդպորուչիկ Դուբը, որը ցանկացավ այդ՝ իր կարծիքով հարմար պահն օգտագործել Շվեյկին վնասելու համար և լաց լինելու պատրաստ գնդապետին ասաց․
― Պարոն գնդապետ, թույլ տվեք ինձ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ զինվորը․․․
Գնդապեհտը մլավեց և թանաքամանը շպրտեց պոդպորուչիկի վրա, որից հետո պոդպորուչիկը սարսափահար պատիվ տվեց և թոթովելով․ «Իհարկե, պարոն գնդապետ», անհետացավ դռան հետևում։
Դրանից հետո գնդապետի գրասենյակից դեռ երկար ժամանակ մռնչոց ու ոռնոց էր լսվում։ Ի վերջո ճիչերը դադարեցին։ Գնդապետի մատն անսպասելիորեն նորից գառնուկ դարձավ, պոդագրայի նոպան անցավ։ Գնդապետը զանգահարեց և վերստին հրամայեց Շվեյկին իր մոտ բերել։
— Իսկապես քեզ ի՞նչ է պատահել,— առաջվա պես սիրալիր հարցրեց գնդապետը Շվեյկին։ Ամեն անախորժություն արդեն անցել էր։ Նա նորից իրեն շատ լավ էր զգում և այնպիսի երանության մեջ էր, որ կարծես գրգվում էր ծովափնյա պլյաժում պառկած։
Մտերմաբար ժպտալով գնդապետին, Շվեյկը սկզբից մինչև վերջ պատմեց իր ոդիսականը, զեկուցեց, որ ինքը Իննսունմեկերորդ գնդի տասնմեկեորդ վաշտի հանձնակատարն է և չգիտե, թե առանց իրեն այնտեղ ինչպես են յոլա գնալու։
Գնդապետը նույնպես ժպտաց, ապա արձակեց հետևյալ հրամանը․ «Շվեյկի համար դուրս գրել զինվորական լիտեր Լվովի վրայով մինչև Զոլտանեց կայարանը, ուր վաղը ժամանելու է նրա երթային գունդը, և պահեստից նրան տալ պետական մունդիր և վեց կրոն ութսուներկու հելլեր՝ ճանապարհապարենի փոխարեն»։
Երբ Շվեյկը ավստրիական նոր մունդիրը հագած հեռանում էր բրիգադի շտաբից, դեմ առավ պոդպորուչիկ Դուբին։ Սա շատ զարմացավ, երբ Շվեյկը ըստ բոլոր կանոնների զեկուցեց նրան, ցույց տվեց իր փաստաթղթերը և հոգատար կերպով հարցրեց, թե ինչ հաղորդի պորուչիկ Լուկաշին։
Պոդպորուչիկ Դուբը ոչինչ չգտավ ասելու, բացի «Abtreten!»-ից և, նայելով հեռացող Շվեյկի հետևից, ինքն իրեն քրթմնջաց․ «Դու ինձ դեռ կճանաչես, աստվա՛ծ վկա, դեռ կճանաչես»։
* * *
Զոլտանեց կայարանում հավաքվել էր կապիտան Սագների ամբողջ գումարտակը, բացի վերջապահից` տասնչորսերորդ վաշտից, որը Լվովը թևանցելիս ինչ-որ տեղ կորել էր։
Մտնելով այդ գյուղաքաղաքը, Շվեյկն իրեն գտավ բոլորովին նոր իրադրության մեջ։ Ընդհանուր աշխուժությունից երևում էր, որ հեռու չէր ռազմաճակատը, որտեղ կոտորած էր տեղի ունենում։ Ամենուրեք կանգնած էին թնդանոթներ ու գումակներ, բոլոր տներից դուրս էին գալիս զանազան գնդերի զինվորներ, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում գերմանացիները, որոնք, արիստոկրատների պես, ավստրիացի զինվորներին սիգարետներ էին բաժանում իրենց հարուստ պաշարից։ Հրապարակում տեղ բռնած գերմանական խոհանոցների մոտ նույնիսկ գարեջրի տակառներ էին դրված։ Գերմանացի զինվորներին ճաշի և ընթրիքի ժամանակ գարեջուր էին տալիս, իսկ նրանց շուրջը, քաղցած կատուների պես, ցիկորիի կեղտոտ եփուկից ուռած փորերով, թափառում էին լքյալ ավստրիացի զինվորները։
Երկար կապաներով պեյսավոր հրեաները, խումբ-խումբ հավաքված, ձեռքները թափահարելով ցույց էին տալիս արևելքում երևացող ծխի ամպերը։ Ամենուրեք գոռում էին, թե Բուգ գետի ափին վառվում են Ուտիշկուվը, Բուսկը և Դերևյանին։
Պարզ լսվում էր թնդանոթների որոտը։ Նորից սկսեցին գոռգոռալ, թև ռուսները Գրաբովի կողմից ռմբակոծում են Կամյոնկա Ստրումիլովան և թե մարտեր են մղվում Բուգի երկայնքով մեկ, թե զինվորները կանգնեցնում են փախստականներին, որոնք արդեն պատրաստվել էին վերադառնալ Բուգի այն ափը՝ իրենց տները։
Ամենուրեք իրարանցում էր, և ոչ ոք ստույգ չգիտեր, թե ինչ են անում ռուսները, արդյոք նորից հարձակմա՞ն են անցել թե շարունակում են իրենց անվերջանալի նահանջը ամբողջ ռազմաճակատով։
Դաշտային ժանդարմերիայի պարեկները րոպեն մեկ գյուղաքաղաքի գլխավոր պարետանոց էին բերում որևէ ահաբեկված հրեայի։ Սուտ ու սխալ լուրեր տարածելու համար այդ դժբախտ հրեաներին այնտեղ ծեծելով արյունլվիկ էին անում և ապա բաց թողնում ճիպոտահարությունից կապտած հետույքներով։
Եվ այդպես Շվեյկն ընկավ այդ իրարանցման մեջ և փորձեց գտնել իր երթային վաշտը։ Դեռևս կայարանում մազ մնաց, որ նա ընդհարվեր հանգրվանային վարչության հետ։ Երբ նա մոտեցավ այն սեղանին, ուր տեղեկություններ էին տալիս իրենց զորամասերը փնտրող զինվորներին, ինչ-որ կապրալ սկսեց Շվեյկի վրա գոռալ, թե արդյոք չէ՞ր ցանկանա, որ նրա փոխարեն ինքը գտներ նրա երթային վաշտը։ Շվեյկն ասաց, թե ուզում է միայն այն իմանալ, թե այս գյուղաքաղաքում որտեղ է տեղավորված այսինչ երթային գումարտակի Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտը։
— Ինձ համար շատ կարևոր է իմանալ,— ընդգծեց Շվեյկը,— թե որտեղ է տասնմեկերորդ երթային վաշտը, քանի որ ես այդ վաշտի հանձնակատարն եմ։
Դժբախտաբար, հարևան սեղանի մոտ նստած էր ինչ-որ շտաբի գրագիր, որը վագրի պես տեղից վեր ցատկեց և նույնպես սկսեց Շվեյկի վրա գոռալ․
― Նզովյա՛լ խոզ, հանձնակատար ես և չե՞ս իմանում, թե որտեղ է քո երթային վաշտը։
Շվեյկը դեռ բերանը չէր բացել, երբ շտաբի գրագիրն անհետացավ գրասենյակում և այնտեղից բերեց մի չաղ պորուչիկի, որն այնպիսի պատկառելի տեսք ուներ, որ կարծես մսի խոշոր ֆիրմայի տեր լիներ։
Հանգրվանային վարչությունները միաժամանակ ծուղակի դեր էին խաղում այն թափառական, վայրենացած զինվորների համար, որոնք, հավանաբար, դեմ չէին լինի ամբողջ պատերազմի ընթացքում փնտրել իրենց զորամասերը և թրև գալ հանգրվաններում, և որոնք հանգրվանային վարչություններում մի առանձին բավականությամբ էին հերթի կանգնում այն սեղանների մոտ, որոնց վերևում կախված էր «Miliagegeld»[18] ազդատախտակը։
Երբ չաղ պորուչիկը ներս մտավ, ավագ գրագիրը գոչեց․
— Habt Acht[19],— և պորուչիկը Շվեյկին հարցրեց․
— Փաստաթղթերդ ո՞ւր են։
Շվեյկը ներկայացրեց փաստաթղթերը, և պորուչիկը հավաստիանալով Շվեյկի՝ շտաբից-վաշտ մարշրուտի ճշտությանը, թղթերը վերադարձրեց և սեղանի մոտ նստած կապրալին բարյացակամորեն ասաց․ «Իրազեկ դարձրեք նրան»,— և նորից մտավ իր գրասենյակը։
Երբ դուռը նրա հետևից շրխկալով փակվեց, շտաբային գրագիր-ֆելդֆեբելը բռնեց Շվեյկի ուսից և, նրան մոտեցնելով դռանը, իրազեկ դարձրեց հետևյալ կերպ․
— Կորիր այստեղից, հոտածի՛ մեկը։
Այդպիսով Շվեյկը նորից ընկավ այդ իրարանցման մեջ։ Հուսալով գումարտակից որևէ ծանոթի հանդիպել, նա երկար թափառեց փողոցներում, մինչև որ, վերջապես, ամեն ինչ բախտախաղի դրեց։ Կանգնեցնելով մի գնդապետի, նա կոտրատված գերմաներենով նրան հարցրեց, թե արդյոք պարոն գնդապետը չգիտե՞ որտեղ է տեղավորված նրա՝ Շվեյկի գումարտակն ու երթային վաշտը։
— Դու կարող ես ինձ հետ չեխերեն խոսել,— ասաց գնդապետը,— ես էլ չեխ եմ։ Քո գումարտակը տեղավորված է շատ մոտիկ, Կլիմոնտովո գյուղում, որ երկաթգծի այն կողմում է, բայց ավելի լավ կլինի այնտեղ չգնաս, որովհետև Կլիմոնտովո մտնելիս ձեր վաշտերից մեկի զինվորները հրապարակում բավարացիների հետ կռիվ են սարքել։
Շվեյկը դիմեց դեպի Կլիմոնտովո։
Գնդապետը հետ կանչեց Շվեյկին, ձեռքը տարավ գրպանը և նրան հինգ կրոն տվեց սիգարետ գնելու համար, ապա մի անգամ էլ քնքշաբար հրաժեշտ տալով, թողեց հեռացավ, ինքն իրեն միտք անելով․ «Ի՜նչ համակրելի զինվոր է»։
Շվեյկը շարունակեց իր ճանապարհը դեպի գյուղ։ Մտածելով գնդապետի մասին, նա հիշեց համանման մի դեպք, տասներկու տարի առաջ Տրենտոյում Հեբերման անունով մի գնդապետ կար, որը զինվորների հետ նույնպես քնքշաբար էր վարվում։ Բայց ի վերջո պարզվեց, որ նա արվամոլ է և Ադիջեի մոտի կուրորտում ցանկացել է բռնաբարել մի կադետի, նրան սպառնալով կարգապահական տույժ տալ։
Այդպիսի մռայլ մտքերով Շվեյկն հասավ մոտակա գյուղը։ Նա առանց դժվարության գտավ գումարտակի շտաբը։ Չնայած որ գյուղը մեծ էր, այնտեղ միայն մի կարգին շինություն կար՝ գյուղական մեծ դպրոցը, որր Գալիցիայի երկրամասային վարչությունը այդ զուտ ուկրաինական երկրամասում կառուցել էր գյուղի լեհականացումն արագացնելու համար։
Պատերազմի ժամանակ այդ դպրոցը մի քանի փուլեր էր անցել։ Այդտեղ տեղավորված էին եղել ռուսական և ավստրիական շտաբները, իսկ Լվովի բախտը որոշող մեծ մարտերի ժամանակ մարզադահլիճը դարձրել էին վիրահատարան, որտեղ ոտքեր ու ձեռքեր էին կտրում և գանգեր շաղափում։
Դպրոցի հետևում, դպրոցական պարտեզում, մեծ տրամաչափի արկի պայթյունից մի մեծ փոս էր գոյացել։ Պարտեզի անկյունում մի հաստաբուն տանձենի կար, որի ճյուղից կախ ընկած տարուբերվում էր այն պարանի կտորը, որով վերջերս կախել էին տեղիս հունակաթոլիկ քահանային։ Նրան կախել էին տեղիս դպրոցի լեհ դիրեկտորի մատնությամբ և այն մեղադրանքով, թե ստարոռուսների կուսակցության անդամ է եղել և ռուսական օկուպացիայի ժամանակ եկեղեցում պատարագ է մատուցել հանուն ռուսաց ուղղափառ ցարի զենքի հաղթանակի։ Դա ճիշտ չէր, քանի որ մեղադրյալն այդ ժամանակ առհասարակ այդտեղ չէր եղել։ Այդ ժամանակ նա գտնվում էր մի փոքրիկ կուրորտում, որին պատերազմը չէր դիպել,— Բոխնա-Զամուրովանում, որտեղ բուժվում էր լեղապարկի քարերի պատճառով։
Հունակաթոլիկ քահանայի կախվելու մեջ դեր էին կատարել մի քանի գործոններ՝ ազգությունը, կրոնական երկպառակությունը և մի հավ։ Բանն այն է, որ դժբախտ քահանան պատերազմն սկսվելուց քիչ առաջ իր բանջարանոցում սպանել էր դիրեկտորի հավերից մեկին, քանզի այդ հավերը կտցահարում էին նրա ցանած սեխի սերմերը։
Հանգուցյալ հունակաթոլիկ քահանայի տունը անտեր էր մնացել, և, կարելի է ասել, ամեն մեկը մի բան էր վերցրել իբրև քահանայից մնացած հիշատակ։
Մի լեհ գյուղացի տուն էր տարել նույնիսկ հին դաշնամուրը, որի կափարիչը օգտագործել էր խոզանոցը նորոգելու համար։ Կահույքի մի մասը, ինչպես ընդունված է, զինվորները ջարդել ու վառել էին փայտի փոխարեն, և միայն երջանիկ պատահականությամբ խոհանոցում անվնաս էր մնացել խոշոր վառարանը իր նշանավոր պլիտայով, քանզի հունակաթոլիկ քահանան ոչնչով չէր տարբերվում իր հռոմեակաթոլիկ կոլեգաներից․ սիրում էր ուտել, ինչպես և սիրում էր, որ պլիտայի վրա ու ջեռոցի մեջ շատ պուտուկներ ու թավաներ լինեն։
Ավանդություն էր դարձել այդ խոհանոցում պատրաստել բոլոր եկող-գնացող զորամասերի սպաների ճաշը։ Վերին մեծ սենյակում սպայական ժողովարանի պես մի բան էին սարքել, որի սեղաններն ու աթոռները հավաքել էին գյուղի բնակիչներից։
Հենց այսօր գումարտակի սպաները հանդիսավոր ընթրիք էին կազմակերպել։ Բաժնեդրանքով մի խոզ էին առել, և խոհարար Յուրայդան այդ առիթով սպաների համար փառահեղ խնջույք էր պատրաստում։ Յուրայդան շրջապատված էր սպասյակների թվին պատկանող զանազան պնակալեզներով, որոնց մեջ աչքի էր ընկնում ավագ գրագիր Վանեկը, որը նրան խորհուրդ էր տալիս խոզի գլուխն այնպես հատել, որ դնչի կտորը մնա իր համար։
Ամենից շատ Բալոունն էր չռել աչքերը։ Հավանաբար ճիշտ այդպիսի ագահությամբ և ցանկասիրությամբ են մարդակերները նայում այն միսիոներին, որին խորովում են շամփուրի վրա և որից ծորում է ճարպն ու շուրջը տարածում խորխոզիի հաճելի բույրը։ Բալոունը իրեն զգում էր կաթնավաճառի սայլին լծված շան պես, որի մոտով երշիկագործի աշակերտը գլխին դրած տանում է թարմ սոսիսկիների զամբյուղը։ Սոսիսկիները կախվել են շղթայի պես, խփվում են տանողի մեջքին։ Դժվար չէ ցատկել ու բռնել, եթե չլիներ լծասարքի զզվելի փոկն ու այդ նողկալի դնչակալը։
Իսկ լյարդաթոքի ֆարշը, լյարդաթոքի երշիկի այդ վիթխարի սաղմը, իր գոյացման առաջին փուլում դրված էր տախտակի վրա և պղպեղի, ճարպի, լյարդի անուշ հոտ էր արձակում։
Թևերը քշտած Յուրայդան այնքան պատկառելի էր, որ նրան նայելով կարելի էր նկարել, թե աստված ինչպես է քաոսից արարում երկիրը։
Բալոունը չդիմացավ և սկսեց հեծեծալ, իսկ հեծեծանքն աստիճանաբար վերածվեց վայնասունի։
— Ի՞նչ ես եզան պես բառաչում,— հարցրեց նրան խոհարար Յուրայդան։
— Միտս ընկավ հայրենի տունս,— հեկեկալով պատասխանեց Բալոունը,— երբ տանը երշիկ էին պատրաստում, ոտս մի րոպե դուրս չէի դնում։ Նույնիսկ ամենալավ հարևանիս երբեք բաժին չէի հանում, ուզում էի բոլորը մենակ ինքս լափեմ․․․ և լափում էի։ Մի անգամ չափից շատ լյարդաթոքի երշիկ, արնաերշիկ ու բուժենինա լափեցի, և բոլորը կարծում էին, թե պիտի տրաքեմ ու սկսեցին ինձ մտրակելով բակում վազեցնել յոնջայից ուռած կովի պես։
— Պան Յուրայդա, թույլ տվեք այդ ֆարշի համը տեսնել, որից հետո թող ինձ կապեն։ Թե չէ այս տանջանքներին չեմ դիմանա։
Բալոունը վեր կացավ նստարանից և, հարբածի նման օրորվելով, մոտեցավ սեղանին ու թաթը պարզեց ֆարշի կույտին։
Համառ պայքար սկսվեց։ Ներկա գտնվողներին դժվարությամբ հաջողվեց թույլ չտալ Բալոունին, որ հարձակվի ֆարշի վրա։ Բայց երբ նրան խոհանոցից դուրս էին նետում, նա կատաղաբար հափշտակեց լյարդաթոքի երշիկի համար կճուճի մեջ ջուր դրած աղիքները, և այդ բանում նրան խանգարել չկարողացան։
Խոհարար Յուրայդան այնպես կատաղեց, որ փախչող Բալոունի հետևից մի կապ փայտյա ձողիկներ շպրտեց ու բղավեց․
— Ա՛ռ, լափիր, շուն շանորդի։
Այդ միջոցին գումարտակի սպաներն արդեն հավաքվել էին վերևում և հանդիսավորապես սպասելով այն բանին, ինչ ծնունդ էր առնում ներքևում՝ խոհանոցում, ուրիշ ալկոհոլ չունենալով, հասարակ հացօղի էին խմում, որին սոխի խաշույով դեղին գույն էր տրված։ Հրեա խանութպանն ասել էր, թե դա ամենալավ տեսակի, իսկական ֆրանսիական կոնյակ է, որն ինքը ժառանգել է հորից, սա էլ իր հերթին՝ նրա պապից։
— Հե՛յ, լսիր,— կոպտաբար նրան ընդհատել էր կապիտան Սագները,— եթե մեկ էլ կրկնես, թե քո պապն այս կոնյակը գնել է ֆրանսիացիներից, երբ նրանք փախչում էին Մոսկվայից, կհրամայեմ քեզ բռնել ու այնքան պահել, մինչև որ քո գերդաստանի ամենակրտսերը դառնա ամենաավագ։
Մինչ նրանք ամեն մի կումից հետո նզովում էին ձեռներեց հրեային, Շվեյկը նստած էր գումարտակի գրասենյակում, որտեղ հոժարական Մարեկից բացի ոչ ոք չկար։ Մարեկը օգտվում էր Զոլտանցում գումարտակի ուշանալու հանգամանքից, որպեսզի առաջուց նկարագրեր մի քանի հաղթական ճակատամարտեր, որոնք ամենայն հավանականությամբ ապագայում պիտի տեղի ունենային։
Մարեկն առայժմ ուրվագրումներ էր անում։ Մինչև Շվեյկի գալը նա կարողացել էր գրել միայն այսքանը․ «Եթե մեր հոգու աչքի առջև կանգնեն այն բոլոր հերոսները, որ մասնակցել են N գյուղի մոտ տեղի ունեցած մարտերին, ուր մեր գումարտակի հետ կողք-կողքի մարտնչում էին N գնդի գումարտակներից մեկը և N գնդի մի այլ գումարտակ, ապա կտեսնենք, որ մեր N գումարտակը ցուցաբերեց ստրատեգիական փայլուն կարողություններ և անկասկած նպաստեց N դիվիզիայի հաղթանակին, այն դիվիզիայի, որի խնդիրն էր վերջնականապես ամրացնել մեր դիրքերը N շրջանում»։
— Այ, տեսնում ես,— ասաց Շվեյկը հոժարականին,— նորից այստեղ եմ։
— Թույլ տուր քեզ հոտոտել,— ասաց զգացված հոժարական Մարեկը։— Հը՛մ, իրոք որ քեզնից բանտի հոտ է գալիս։
— Ինչպես միշտ, պատճառը մի փոքրիկ թյուրիմացություն էր,— ասաց Շվեյկը։— Իսկ դու ի՞նչ ես անում։
— Ինչպես տեսնում ես,— պատասխանեց Մարեկը,— թդթի վրա պատկերում եմ Ավստրիայի հերոս պաշտպաններին, բայց դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում։ Առկա է միայն «N»-ը։ Ընդգծում եմ, այդ տառը ներկայումս հասել է արտակարգ կատարելության և ավելի մեծ կատարելության կհասնի ապագայում։ Կապիտան Սագները, բացի իմ արդեն հայտնի ընդունակություններից, իմ մեջ հայտնաբերել է մաթեմատիկական բացառիկ տաղանդ։ Ես հիմա պետք է ստուգեմ գումարտակի հաշիվները և առայժմ հանգել եմ այն եզրակացության, որ գումարտակը միանգամայն պասիվ է և միայն առիթի է սպասում որևէ կերպ համաձայնության գալու իր ռուս վարկատուների հետ, քանի որ և պարտությունից, և հաղթանակից հետո ամբողջ թափով գողանում են։ Ի դեպ, դա կարևոր չէ։ Եթե նույնիսկ մեզ գլխովին ջախջախեն,— ահավասիկ մեր հաղթանակի փաստաթուղթը, քանի որ ինձ, որպես մեր գումարտակի պատմաբանի, պատվավոր առաջադրանք է տրված գրելու․ «Գամարտակը նորից գրոհի նետվեց թշնամու վրա, որն արդեն կարծում էր, թե հաղթանակն իր կողմն է։ Մեր զինվորների հարձակումը և սվինագրոհը մի րոպեի գործ եղան։ Թշնամին գլխապատառ փախչում է, թափվում իր իսկ խրամատների մեջ, մենք նրան սվիններով անխնա խոցոտում ենք, այնպես որ նա անկանոն կերպով լքում է խրամատները, մեր ձեռքում թողնելով վիրավորված ու չվիրավորված գերիներ։ Դա ամենափառապանծ պահերից մեկն է։ Ով մարտից հետո ողջ կմնա, դաշտային փոստով մի այսպսի նամակ կուղարկի տուն․ «Քամակին տվին, թանկագի՛ն կնիկ։ Ես ողջ և առողջ եմ։ Մեր չարաճճիկին ծծից կտրե՞լ ես։ Միայն թե նրան մի սովորեցրու ուրիշներին պապա ասել, դա ինձ համար հաճելի չի լինի»։ Հետո գրաքննությունը նամակից կջնջի «քամակին տվին»-ը, քանի որ հայտնի չէ, թե ում քամակին են տվել, դա կարելի է տարբեր կերպ հասկանալ, որովհետև պարզ չի արտահայտված։
— Գլխավորը պարզ արտահայտվելն է,— ասաց Շվեյկը։— Երբ 1912 թվին Պրագայի սուրբ Իգնատիոս եկեղեցում միսիոներներն էին սպասարկում, նրանց մեջ մի քարոզիչ կար, որն ամբիոնից ասաց, թե հավանաբար ինքը երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Այդ իրիկնային ժամերգությանը ներկա էր թիթեղագործ Կուլիշեկը։ Ժամերգությունից հետո նա եկավ գինետուն և այն միտքը հայտնեց, թե երևի միսիոները շատ վատ բաներ է արել, եթե եկեղեցում ի լուր ամենքի հայտարարում է, թե երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Եվ ինչո՞ւ են թողնում, որ այդպիսի մարդիկ ամբիոն բարձրանան։ Պետք է միշտ պարզ ու հասկանալի խոսել, և ոչ թե երկիմաստ բաներ ասել։ Բրեյշկների մոտ շատ տարիներ առաջ մի կառավարիչ կար։ Սա մի վատ սովորություն ուներ, աշխատանքից վերադառնալով կատարը տաք, միշտ մտնում էր մի սրճարան, այնտեղ անծանոթ այցելուների հետ բաժակ-բաժակի տալիս և մի գլուխ կրկնում․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ վրա․․․»։ Մի անգամ Հիհլավում ապրող մի հարգարժան պան այդ խոսքի համար այնպես հասցրեց նրա ատամներին, որ երբ առավոտյան ատամներն ավլում էին, սրճարանատերը կանչեց իր աղջկան, որ հինգերորդ դասարանի աշակերտուհի էր, և հարցրեց, թե տարեց մարդը քանի ատամ է ունենում։ Աղջիկն այդ բանը չգիտեր, որի պատճառով հայրը տվեց-հանեց նրա երկու ատամը, իսկ հաջորդ օրը կառավարչից մի նամակ ստացավ, որով նա ներողություն էր խնդրում իր պատճառած անախորժությունների համար և բացատրում, թե իբր ինքը չի ցանկացել որևէ անպարկեշտ բան ասել, թե հասարակությունը իրեն չի հասկացել, որովհետև «մենք ձեզ վրա, դուք մեզ վրա»-ն պարզապես նշանակում է․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ վրա չպետք է բարկանանք»։ Ով երկիմաստ բաներ է ասում, պարտավոր է ասելիքը կշռադատել։ Անկեղծ մարդը, որ ինչ մտածում, այն էլ ասում է, հազվադեպ է ծեծ ուտում։ Իսկ եթե մի քանի անգամ ուտի էլ, առհասարակ կգերադասի մարդկանց մոտ լեզուն իրեն քաշել։ Ճիշտ է, այդպիսի մարդու մասին մտածում են, թե նենգ է ու չգիտեմ էլ ինչ է, և նրան էլ շատ անգամ կդնքստեն ինչպես հարկն է, բայց այդ ամենը կախված է նրա խոհեմությունից ու ինքնազսպումից։ Այստեղ արդեն նա պետք է հաշվի առնի, որ ինքը մենակ է, իսկ իր դեմ շատերը կան, որ իրենց վիրավորված են զգում, և եթե սկսի նրանց հետ կռվել, ապա երկու-երեք անգամ ավելի ծեծ կուտի։ Այդպիսի մարդը պետք է համեստ ու համբերող լինի։ Նուսլիում մի պան է ապրում, անունը Հաուբեր։ Մի կիրակի օր նա վերադառնում էր քաղաքից դուրս՝ Բարդունկովոյի ջրաղացի մոտ կատարած զբոսանքից, և Կուդրատիցիի խճուղու վրա սխալմամբ նրա մեջքը դանակ խրեցին։ Եվ այդպես էլ դանակը մեջքին տուն եկավ։ Կինը նրա պիջակը հանելիս խնամքով դանակը դուրս քաշեց, իսկ ցերեկը դրանով գյուլյաշի համար միս էր կտրտում, քանի որ հիանալի դանակ էր, զոլինգենյան մետաղից շինած և շատ լավ սրած, իսկ նրանց տան բոլոր դանակներն այնքան բութ էին, որ բանի պետք չէին գալիս։ Հետո կինը ցանկացավ տնտեսության մեջ այդպիսի դանակների մի ամբողջ կոմպլեկտ ունենալ, և ամեն կիրակի ամուսնուն ուղարկում էր Կունդրատիցիում զբոսնելու։ Բայց ամուսինն այնքան համեստ էր, որ գնում էր միայն Բանգետների մոտ։ Նա լավ գիտեր, որ եթե գտնվում է նրանց խոհանոցում, ապա ավելի շուտ Բանգետը նրան դուրս կշպրտի, քան մի ուրիշը ձեռք կտա։
— Բոլորովին չես փոխվել,— ասաց Շվեյկին հոժարականը։
— Չեմ փոխվել,— հենց այնպես պատասխանեց Շվեյկը։— Փոխվելու ժամանակ չունեի։ Նրանք ուզում էին ինձ նույնիսկ գնդակահարել, բայց ամենից վատը դա չէ․ գլխավորն այն է, որ ամսույս տասներկուսից ոչ մի տեղ ռոճիկ չեմ ստացել։
— Հիմա մեզ մոտ դու ռոճիկ չես ստանա, որովհետև գնում ենք Սոկալի վրա և ռոճիկ վճարելու են միայն կռվից հետո, քանի որ հարկավոր է խնայողություն անել։ Եթե ընդունենք, որ այնտեղ երկու շաբաթվա ընթացքում որևէ բան կպատահի, ապա յուրաքանչյուր ընկած զինվորի հաշվին, հավելումներն էլ հետը, կտնտեսենք չորս կրոն յոթանասուներկու հելլեր։
— Էլ ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։
— Նախ, կորել է մեր վերջապահը, հետո մի խոզ են մորթել և այդ առիթով սպաները քահանայի տանը խնջույք են սարքել, իսկ զինվորները ցրվել են գյուղում և տեղիս կանացի բնակչության հետ շնություն են անում։ Ճաշից առաջ ձեր վաշտից մի զինվորի կապեցին, որովհետև մի յոթանասուն տարեկան կնկա հետևից բարձրացել, մտել էր ձեղնահարկը։ Նա մեղավոր չէ, քանի որ այսօրվա հրամանի մեջ չի ասված, թե մինչև որ տարիքն է թույլատրվում այդպիսի բան անել։
— Ինձ էլ է թվում,— իր կարծիքն արտահայտեց Շվեյկը,— որ մեղավոր չէ, որովհետև, երբ պառավը սանդուղքով վեր է բարձրանում՝ մարդ երեսը չի տեսնում։ Ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց Թաբորի զորավարժությունների ժամանակ։ Մեր դասակներից մեկը տեղավորված էր մի գինետնում, որի միջանցքում մի կին հատակն էր լվանում։ Զինվոր Խրամոստան թաքուն մոտենում է նրան ու մի հատ շրմփացնում, ինչպես քեզ ասեմ, յուբկային թե չգիտեմ ինչին, քանի որ կինը յուբկան շատ էր վեր քաշել։ Շպպացնում է մի անգամ, կնոջ հոգը չի։ Շպպացնում է երկրորդ, երրորդ անգամ, դարձյալ հոգը չի, կարծես դա իրեն չի վերաբերվում։ Այն ժամանակ զինվորը համարձակ գործի է անցնում։ Կինը հանգիստ շարունակում է հատակը լվանալ, իսկ հետո շուռ է գալիս ու նրան ասում․ «Ահա թե ինչպես ձեզ բռնեցի, զինվոր ջան»։ Այդ տատիկը, ոը յոթանասունն անց էր, հետո սկսեց այդ մասին գյուղով մեկ պատմել։ Հիմա թույլ տվեք ձեզ մի հարց տալ, բացակայությանս ժամանակ կալանքի տակ եղե՞լ եք։
— Ուղղակի բախտս չբանեց,— արդարացավ Մարեկը,— իսկ ինչ վերաբերվում է քեզ, ապա պետք է ասեմ, որ գումարտակին հրաման է տրված քեզ կալանավորել։
— Դա կարևոր չէ,— հանգիստ ասաց Շվեյկը,— նրանք միանգամայն ճիշտ են վարվել։ Գումարտակը պետք է այդ բանն աներ, գումարտակը պետք է ինձ կալանավորելու հրաման տար, դա նրանց պարտականությունն էր․ չէ՞ որ այսքան ժամանակ իմ մասին, ոչ մի տեղեկություն չէին ստացել։ Գումարտակն անմիտ բան չի արել։ Ուրեմն, ասում ես, խոզ մորթելու առիթով բոլոր սպաները քահանայի տանը քեֆ են անում։ Որ այդպես է, պետք է գնամ այնտեղ և զեկուցեմ, որ նորից այստեղ եմ։ Առանց այն էլ պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշն իմ պատճառով շատ գլխացավանք է ունեցել։
Շվեյկը զինվորի հաստատուն քայլվածքով դիմեց դեպի քահանայի տունը, երգելով․
Հապա նայիր, նայիր տես,
Ինձ նայիր դու, սիրելի՛ս,
Տե՛ս ինչպես եմ քայլում ես,
Տղայի պես ման գալիս․․․
Շվեյկը մտավ քահանայի տունը և բարձրացավ վեր, որտեղից լսվում էին սպաների ձայները։
Խոսում էին այն ամենի մասին, ինչ խելքներին փչում էր, և հենց այդ պահին քննադատում էին բրիգադին և այնտեղի շտաբում տիրող անկարգությունները, իսկ բրիգադի համհարզը կրքերն ավելի բորբոքելու համար ասաց․
― Մենք, այնուամենայնիվ, այդ Շվեյկի մասին հեռագրել ենք։
— Hier!,— կիսաբաց դռան հետևից գոչեց Շվեյկը և, մտնելով սենյակ, կրկնեց․― Hier! Meide gehorsam, Infanterist Svejk, Kumpanienordonanz 11 Marschkumpanie![20]
Տեսնելով կապիտան Սագների և պորուչիկ Լուկաշի զարմանքը, որոնց դեմքերն անսահման հուսահատություն էին արտահայտում, նա, առանց որևէ հարցի սպասելու, պարզաբանեց․
— Համարձակվում եմ զեկուցել, ինձ ուզում էին գնդակահարել այն բանի համար, որ թագավոր կայսրին դավաճանել եմ։
— Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ եք ասում, Շվեյկ,— դառնացած բացականչեց սփրթնած պորուչիկ Լուկաշը։
— Համարձակվում եմ զեկուցել, բանն այսպես եղավ, պարոն օբեր-լեյտենանտ․․․
Եվ Շվեյկն սկսեց հանգամանորեն նկարագրել, թե բանն ինչպես էր եղել։
Բոլորը նայում էին նրան և իրենց աչքներին չէին հավատում, իսկ նա ամենայն մանրամասնությամբ պատմեց ամեն ինչ, նույնիսկ չմոռանալով հիշատակել, թե լճակի ամբարտակի վրա, որտեղ նրան այդ փորձանքը պատահել էր, անմոռուկներ էին աճել։ Իսկ երբ սկսեց թվել այն թաթարների ազգանունները, որոնց հետ ծանոթացել էր իր թափառումների ժամանակ, և երբ Հալիմուլաբալիբեյի պես ինչ-որ ազգանուն ասաց, իսկ հետո ավելացրեց իրենից հնարած մի ամբողջ շարք ազգանուններ, ինչպես, օրինակ, Վալիվոլավալիվեյ, Մալիմուլամալիմեյ, պորուչիկ Լուկաշը չդիմացավ և սպառնաց․
— Ես ձեզ դուրս կշպրտեմ, անասո՛ւն։ Շարունակեցեք կարճ, բայց կապակցված։
Եվ Շվեյկը շարունակեց իրեն հատուկ հետևողականությամբ։ Հասնելով դաշտային դատարանին, նա մանրամասն նկարագրեց գեներալին ու մայորին, հիշատակեց, որ գեներալի աջ աչքը շիլ էր, իսկ մայորի աչքերը կապույտ էին և խիստ։
― Մի տեսակ անհանգիստ,— ավելացրեց նա հանգավորելով։
Այդ ժամանակ տասներկուերորդ վաշտի հրամանատար Ցիմերմանը Շվեյկի վրա շպրտեց այն կավե գավաթը, որով խմում էր հրեայի թունդ օղին։
Շվեյկն հանգիստ շարունակեց պատմել հոգևոր մխիթարության, ինչպես և այն մայորի մասին, որը մինչև լույս քնել էր նրա գրկում։ Այնուհետև հանդես եկավ այն բրիգադի փայլուն պաշտպանությամբ, որտեղ նրան ուղարկել էին, երբ գումարտակը պահանջել էր Շվեյկին վերադարձնել իբրև անհետ կորածի։ Ի վերջո կապիտան Սագներին ներկայացնելով իր փաստաթղթերը, որոնցից երևում էր, որ բարձրագույն ինստանցիան նրա վրայից ամեն մի կասկած վերացրել է, նա հիշեց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ Դուբը գտնվում է բրիգադում, ուղեղի ցնցում ունի, խնդրեց ձեզ բոլորիդ շատ բարով անել։ Խնդրում եմ տալ իմ ռոճիկը և թութունի փողը։
Կապիտան Սագները և պորուչիկ Լուկաշը հարցական հայացքներով իրար նայեցին, բայց այդ պահին դուռը բացվեց և փայտյա չանով ներս բերին խոզի փորոտիքի գոլորշապատ սուպը։
Դա սկիզբն էր այն հաճույքների, որոնց բոլորն սպասում էին։
— Թշվառակա՛ն,— քրթմնջաց կապիտան Սագները, որի տրամադրությունը մոտալուտ երանության կանխավայելումից լավացել էր,— ձեզ փրկեց միայն մորթված խոզի պատվին սարքված խնջույքը։
— Շվե՛յկ,— ավելացրեց պորուչիկ Լուկաշը,— եթե մեկ էլ ձեզ այդպիսի բան պատահի, բաններդ վատ կլինի։
— Համարձակվում եմ զեկուցել, իմ բանը պետք է վատ լինի,— հաստատեց Շվեյկը, պատիվ տալով։— Երբ մարդ գտնվում է զինվորական ծառայության մեջ, պետք է իմանա և հասկանա․․․
— Չքվեցե՛ք,— գոռաց կապիտան Սագները։
Շվեյկը չքվեց և իջավ խոհանոց։
Վշտահար Բալոունը վերադարձել էր նույն այդ տեղը և խնջույքում պորուչիկ Լուկաշին սպասարկելու թույլտվության էր խնդրում։
Շվեյկը ներս մտավ խոհարար Յուրայդայի և Բալոունի վեճի ամենաթունդ պահին։
Յուրայդան գործ էր ածում ոչ այնքան հասկանալի արտահայտություններ․
— Դու անկշտում էակ ես,— ասում էր նա Բալոունին,— դու կարող ես լափել մինչև յոթերորդ քրտինք։ Պատկերացնում եմ, թե ինչ օրհասային տանջանքներ կապրեիր, եթե թույլ տայի, որ լյարդաթոքի երշիկը վերև տանեիր։
Խոհանոցն հիմա բոլորովին այլ տեսք ուներ։ Գումարտակների և վաշտերի ավագ գրագիրներն անուշ էին անում ըստ խոհարար Յուրայդայի մշակած պլանի։ Գումարտակային գրագիրները, վաշտային հեռախոսավարները և մի քանի ենթասպաներ լվացարանի ժանգոտած կոնքի միջից ագահորեն խփշտում էին խոզի փորոտիքի սուպը, որին եռացրած ջուր էին խառնել, որպեսզի բոլորին բավականացներ։
— Բարև՛,— ողջունեց Շվեյկին ավագ գրագիր Վանեկը մի տոտիկ կրծելով։— Հենց նոր հոժարական Մարեկն այստեղ էր և հայտնեց, որ դուք նորից վաշտումն եք և ձեզ վրա նոր մունդիր կա։ Լա՜վ փորձանքի մեջ ընկա ձեր երեսից։ Մարեկն ինձ վախեցնում է, որ ձեր համազգեստի պատճառով մենք երբեք չենք կարողանա բրիգադի հետ հաշիվները փակել։ Ձեր մունդիրը գտել են լճակի ամբարտակի վրա, և մենք գումարտակի գրասենյակի միջոցով այդ մասին հայտնել ենք բրիգադին։ Ինձ մոտ դուք համարվում եք լողանալու ժամանակ խեղդված։ Պարզապես պետք է չվերադառնայիք և կրկնակի մունդիրով մեզ անախորժություններ չպատճառեիք։ Դուք գաղափար իսկ չունեք, թե բրիգադի գլխին ինչ խաղ եք խաղացել։ Ձեր համազգեստի ամեն մի մասը մուտք է արված։ Վաշտի առկա համազգեստների իմ ցուցակներում այդ համազգեստը նշված է որպես ավելցուկ, այսինքն վաշտում մի ձեռք համազգեստ ավելի է։ Այդ մասին ես արդեն գումարտակին հայտնել եմ։ Հիմա մեզ բրիգադից հայտագիր կուղարկեն, թե դուք նոր համազգեստ եք ստացել, այնինչ գումարտակն առկա համազգեստների ցուցակում նշել է, թե մի ձեռք ավելի համազգեստ կա։ Ես գիտեմ, թե դա ինչով կվերջանա, դրա պատճառով կարող են ռևիզիա նշանակել։ Իսկ երբ գործը այդպիսի չնչին բանի է վերաբերվում, անպայման կգան հենց ինտենդանտությունից։ Թեև երբ երկու հազար զույգ սապոգ է կորչում, ոչ ոք չի հետաքրքրվում։
— Բայց մեզ մոտ ձեր համազգեստը կորել է,— ողբերգականորեն հայտնեց Վանեկը, ծծելով ձեռքն ընկած ոսկորի ծուծը, ապա մնացածը քչփորելով լուցկիով, որը նրա համար նաև ատամնափորիչի դեր էր կատարում։— Այդ դատարկ բանի համար անպայման մեզ մոտ տեսչություն կգա։ Երբ ես ծառայում էի Կարպատներում, այնտեղ տեսչություն եկավ այն բանի համար, որ վատ էինք կատարում սառած զինվորների ոտքերից սապոգները խնամքով հանելու կարգադրությունը։ Քաշում էինք, քաշում, և երկուսի ոտքերին սապոգները պատռվեցին։ Ճիշտ է, մեկի սապոգները քրքրվել էին դեռևս իր կենդանության օրոք։ Եվ փորձանքն եկավ անսպասելի։ Ինտենդանտությունից մի գնդապետ ժամանեց, և եթե գալուն պես ռուսական գնդակը չդիպչեր գլխին և նա չգլորվեր ձորը, չգիտեմ այդ ամենը ինչով կվերջանար։
— Նրա սապոգնե՞րն էլ հանեցին,— հետաքրքրվեց Շվեյկը։
— Հանեցին,— մտախոհ պատասխանեց Վանեկը,— Բայց հայտնի չէ, թե ով հանեց, այնպես որ գնդապետի սապոգները հաշվետվության մեջ ցույց տալ չկարողացանք։
Խոհարար Յուրայդան նորից վերադարձավ վերևից, և նրա հայացքը հանդիպեց դարդոտած Բալոունին, որը տխուր և ընկճված նստած էր վառարանի մոտ դրված նստարանի վրա և անասելի վշտով դիտում էր իր ներս ընկած փորը։
— Դու պետք է գեզիխաստների աղանդի մեջ լինեիր,— կարեկցանքով ասաց ուսյալ խոհարար Յուրայդան,— այդ գեզիխաստները օրերով նայում էին իրենց պորտին, մինչև որ նրանց սկսում էր թվալ, թե պորտի շուրջը լուսապսակ է հայտնվել։ Դրանից հետո գտնում էին, թե հասել են կատարելության երրորդ աստիճանին։
Յուրայդան բացեց ջեռոցը և այնտեղից մի արնաերշիկ հանեց։
— Լափիր, Բալոուն,— ասաց նա քնքշաբար,— լափիր, մինչև որ տրաքես, զխկրտվիր, անկշտում։
Բալոունի աչքերին արցունքներ երևացին։
— Տանը, երբ խոզ էինք մորթում,— սկսեց պատմել Բալոունը, խժռելով փոքրիկ արնաերշիկը,— նախ ուտում էի մի կտոր բուժենինա, ամբողջ դունչը, սիրտը, ականջը, մի կտոր լյարդ, երիկամները, փայծախը, մի կտոր զիստ, լեզուն, իսկ հետո․․․— Եվ հանգիստ ձայնով, ասես հեքիաթ էր պատմում, ավելացրեց․— Իսկ հետո գալիս էին լյարդաթոքի երշիկները, վեց հատ, տասը հատ, տռուզ արնաերշիկները, կորկոտի, փռնչորի երշիկները, այնպես որ մարդ չէր իմանում որից սկսի, կորկոտի՞ թե փռնչորի երշիկներից։ Ամեն ինչ հալվում էր լեզվիդ վրա, անո՜ւշ բուրում, և ուտում ես, ուտում․․․
— Ես կարծում եմ,— շարունակեց Բալոունը,— գնդակն ինձ կխնայի, բայց ահա սովը հոգիս հանում է, և կյանքումս այլևս չեմ տեսնի այնպիսի արյունի ֆարշ, որ մեր տանն էր լինում։ Ճիշտ է դոնդողը այնքան էլ չէի սիրում, միայն դողդողում է ու փորը չի կշտացնում։ Բայց, կնիկս, ընդհակառակը, դոնդողի համար հոգի էր տալիս։ Իսկ ես այս դոնդողն ու մի կտոր ականջն էլ էի ափսոսում, ցանկանում էի բոլորն ինքս ուտեմ և ուտեմ սրտիս ուզածին պես։ Չէի գնահատում ես դա, այդ բոլոր սքանչելիքները, այդ ամբողջ բարեկեցությունը։ Մի անգամ աներոջս համար, որ իր զավակների խնամքի տակ էր ապրում, մի խոզ մորթեցի։ Մորթեցի և ամբողջը մենակ կերա, ափսոսեցի խեղճ ծերունուն գոնե մի քիչ բաժին ուղարկել։ Հետո նա գուշակեց, թե ես սովից կսատկեմ, քանի որ ուտելու բան չեմ ունենա։
― Ինչպես տեսնում եմ, ճիշտ է ասել նա,— ասաց Շվեյկը,— որի բերանից այդ օրն ինքնաբերաբար հանգեր էին թափվում։
Խոհարար Յուրայդան, որը հենց քիչ առաջ Բալոունին մեղքացել էր, միանգամայն անկարեկից դարձավ նրա նկատմամբ, քանի որ Բալոունը արագ ու գաղտագողի մոտեցավ պլիտային, գրպանից մի մեծ կտոր հաց հանեց և փորձեց թաթախել սոուսի մեջ, որի կենտրոնում խոշոր թավայի վրա հանգչում էր տապակած խոզի մի մեծ կույտ։ Յուրայդան այնպես ուժգին հարվածեց Բալոունի ձեռքին, որ հացի կտորն ընկավ սոուսի մեջ, ինչպես լողորդը կամրջակի վրայից ցատկում է գետը։
Եվ թույլ չտալով, որ Բալոունը թավայի միջից դուրս քաշի այդ համեղ պատառը, Յուրայդան նրան խտտեց ու դռնից դուրս նետեց։
Շշմած Բալոունը լուսամուտից տեսավ, թե ինչպես Յուրայդան պատառաքաղով հանեց նրա հացի կտորը, որը սոուսով այնպես էր հագեցել, որ բոլորովին դարչնագույն էր դարձել, ապա տապակած մսի ամենավերին շերտից կտրեց մի պատառ, դրեց հացի վրա, տվեց Շվեյկին և ասաց․
— Կերեք, իմ համեստ բարեկամ։
— Մեղա՜ քեզ, տեր,— մղկտաց Բալոունը լուսամուտի հետևում։— Կորա՛վ իմ հացը։— Եվ երկար ձեռքերը թափահարելով, քայլերն ուղղեց դեպի գյուղ, որ գոնե այնտեղ մի բան ձեռք գցի։
Ծամելով Յուրայդայի մեծահոգի պարգևը, Շվեյկը խոսում էր լիքը բերանով․
— Ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ նորից մերոնց մեջ եմ։ Շատ կվշտանայի, եթե այսուհետև չկարողանայի մեր վաշտին օգտակար լինել։— Սրբելով կզակին քսված սոուսն ու ճարպը, նա այսպես ավարտեց իր խոսքը։— Չգիտեմ, չգիտեմ ինչ պիտի անեիք դուք այստեղ, եթե ինձ մի տեղ բռնեին, իսկ պատերազմը դեռ մի քանի տարի շարունակվեր։
Ավագ գրագիր Վանեկը հետաքրքրությամբ հարցրեց․
— Ի՞նչ եք կարծում, Շվեյկ, պատերազմը երկա՞ր կտևի։
— Տասնհինգ տարի,— պատասխանեց Շվեյկը։— Պարզ բան է։ Քանի որ արդեն երեսունամյա պատերազմ եղել է և մենք էլ հիմա կիսով չափ ավելի խելոք ենք, ապա երեսունը բաժանած երկուսի՝ կլինի տասնհինգ։
— Մեր կապիտանի սպասյակը,— մեջ մտավ Յուրայդան,— ասում էր, թե իբր իր ականջով լսել է, որ հենց որ Գալիցիայի սահմանը գրավենք՝ էլ առաջ չենք գնա, դրանից հետո ռուսները հաշտության բանակցություններ կսկսեն։
— Այդ դեպքում բնավ չարժեր պատերազմել,— ասաց Շվեյկը համոզված։— Պատերազմը պետք է պատերազմի պես լինի։ Ես վճռականորեն հրաժարվում եմ հաշտության մասին խոսել ավելի վաղ, քան մենք կլինենք Մոսկվայում ու Պետրոգրադում։ Քանի որ համաշխարհային պատերազմ է, ապա մի՞թե մենք միայն սահմանների մոտերքում պիտի թքենք։ Վերցնենք, օրինակ, շվեդներին երեսունամյա պատերազմի ժամանակ։ Որտեղից եկան, հա՜, բայց հասան մինչև գերմանական Բրոդ ու Լիպնիկ, որտեղ այնպիսի կոտորած սարքեցին, որ մինչև հիմա էլ այնտեղի գինետներում կեսգիշերից հետո շվեդերեն են խոսում և իրար չեն հասկանում։ Կամ, օրինակ, պրուսացիները։ Նրանք էլ, կարծեմ, հարևան գյուղից չէին եկել, բայց նրանց գնալուց հետո Լիպնիկում շնից շատ պրուսացի կա։ Նույնիսկ մինչև Եդոուխով, մինչև Ամերիկա հասան, իսկ հետո ետ եկան։
— Ի մեջի այլոց,— ասաց Յուրայդան որին այսօրվա խնջքույքը բոլորովին հունից հանել էր ու խելքը շաղել,— բոլոր մարդիկ առաջացել են ծածաններից։ Վերցնենք, բարեկամներ, Դարվինի էվոլյուցիոն տեսությունը․․․
Նրա հետագա դատողություններն ընդհատվեցին հոժարական Մարեկի ներխուժմամբ։
— Գլուխներդ ազատեցե՛ք,— բղավեց Մարեկը,— հենց նոր պոդպորուչիկ Դուբն ավտոմոբիլով եկավ գումարտակի շտաբ և իր հետ բերել է այն հոտած կադետ Բիգլերին։
— Դուբին ճանաչել չի լինի,— հաղորդեց այնուհետև Մարեկը։— Բիգլերի հետ ավտոմոբիլից դուրս գալուն պես խուժեց գրասենյակ։ Երևի հիշում եք, որ այստեղից գնալիս, ես ասացի, թե մի քիչ պիտի քնեմ։ Մեկնվեցի, ուրեմն, գրասենյակում նստարանի վրա և հենց նոր էր աչքս կպել, երբ նա նետվեց ինձ վրա։ Կադետ Բիգլերը բղավեց․ «Habacht!»[21]։ Պոդպորուչիկ Դուբն ինձ վեր կացրեց և հարձակվեց վրաս․ «Ըհը՛։ Զարմանում եք, հա՞, որ ձեզ բռնել եմ գրասենյակում ձեր պարտականությունները չկատարելու ժամանակ։ Քնել թույլատրվում է միայն ավարտի ազդանշանից հետո»։ Իսկ Բիգլերը ճշգրտեց․ «Զորանոցային կանոնագրքի տասնվեցերորդ բաժնի իններորդ պարագրաֆ»։ Այդ Ժամանակ Դուբը բռունցքը խփեց սեղանին ու ծղրտաց․ «Երևում է, գումարտակում ուզում էին ինձնից ազատվել։ Չկարծեք, թե դա ուղեղի ցնցում էր, իմ գանգը կդիմանա»։ Կադետ Բիգլերն այդ ժամանակ թերթում էր սեղանի վրայի թղթերը և իր համար բարձրաձայն մի քաղվածք կարդաց․ «Հրաման դիվիզիային № 280» գրությունից։ Պոդպորուչիկ Դուբը, կարծելով, թե կադետը ծաղրում է նրա վերջին ֆրազը, որ վերաբերվում էր ամուր գանգին, սկսեց նրան շշպռել ավագ սպայի նկատմամբ ցուցաբերած անվայելուչ և հանդուգն վերաբերմսւնքի համար, և հիմա Բիգլերին բերում է այստեղ, կապիտանի մոտ, նրա դեմ բողոքելու։
Մի քանի րոպե անց Դուբն ու Բիգլերը մտան խոհանոց, որի միջով պետք էր անցնել վեր բարձրանալու համար, որտեղ գտնվում էր սպայական կազմը և որտեղ տապակած խոզի միսը կուշտ ուտելուց հետո ցմփոր պրապորշչիկ Մալին արիաներ էր երգում «Տրավիատա» օպերայից և միաժամանակ զկռտում։
Երբ պոդպորուչիկ Դուբը ներս մտավ, Շվեյկը գոռաց․
— Habacht! Բոլորդ ոտքի՛։
Պոդպորուչիկ Դուբը կիպ մոտեցավ Շվեյկին և բղավեց ուղղակի նրա երեսին․
— Հիմա ուրախացիր, հիմա վերջդ եկավ։ Ես կհրամայեմ քեզնից խրտվիլակ սարքել ի հիշատակ Իննսունմեկերորդ գնդի։
— Zum Befehl[22], պարոն լեյտենանտ,— պատիվ տվեց Շվեյկը,— մի անգամ ես կարդացել եմ, համարձակվում եմ զեկուցել, որ ժամանակով մի մեծ կռիվ է եղել, որի ժամանակ շվեդական թագավորը զոհվել է իր հավատարիմ ձիու հետ։ Երկու զոհվածներին էլ ուղարկել են Շվեդիա և դիակներից խրտվիլակներ պատրաստել, և հիմա այդ խրտվիլակները դրված են Ստոկհոլմի թանգարանում։
— Որտեղի՞ց ես ձեռք բերել քո այդ գիտելիքները, անտաշի մեկը,— ծղրտաց պոդպորուչիկ Դուբը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, իմ այն եղբորից, որ գիմնազիայի դասատու էր։
Պոդպորուչիկ Դուբը կտրուկ շուռ եկավ, թքեց և, կադետ Բիգլերին առաջ հրելով, դիմեց դեպի վերևի դահլիճը։ Սակայն դռնից դուրս գալիս նա, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեց շրջվելու դեպի Շվեյկը և, կրկեսում վիրավորված գլադիատորի բախտը որոշող հռոմեական Կեսարի անողոք խստությամբ, աջ ձեռքի բութ մատով մի շարժում արեց և գոչեց․
— Բութ մատը դեպի վա՛ր։
— Համարձակվում եմ զեկուցել,— նրա հետևեց գոռաց Շվեյկը,— բոլոր մատներս են դեպի վար։
* * *
Կադետ Բիգլերը ճանճի պես նվաղուն էր։ Այդ ժամանակաընթացքում նա արդեն կարողացել էր լինել մի քանի խոլերային կետերում, և այն բոլոր ձեռնածություններից հետո, որ կատարել էին նրա վրա, նրան համարելով խոլերայի բացիլակիր, բնականաբար սովորել էր միանգամայն ակամա կեղտոտել շալվարի մեջ, մինչև որ, վերջապես, այդ կետերից մեկում ընկավ մասնագետի ձեռք։ Վերջինս կադետ Բիգլերի կղկղանքի մեջ խոլերայի բացիլներ չգտավ, փորոտիքը պնդացրեց տանինով, ինչպես կոշկակարը պատռված կոշիկները՝ մոմաթելով, և ուղարկեց մոտակա հանգրվանային վարչությունը, նրան համարելով «Frontdiensttauglich»[23]։
Բժիշկը սրտացավ մարդ էր։
Երբ կադետ Բիգլերը նրա ուշադրությունր հրավիրեց այն բանի վրա, որ ինքն իրեն շատ թույլ է զգում, բժիշկը ժպտալով պատասխանեց․ «Դուք դեռ ուժ կունենաք կրելու «Քաջության համար» ոսկե մեդալը։ Չէ՞ որ դուք ձեր հոժար կամքով եք գնացել պատերազմ»։
Եվ այդպես, կադետ Բիգլերը գնաց ոսկե մեդալ ձեռք բերելու։
Նրա պնդացված փորոտիքն այլևս շալվարի մեշ հեղուկ չէր արտադրում, բայց հաճախակի արտահայտվող բնական ցանկությունը դեռ տանջում էր նրան, այնպես որ կադետ Բիգլերի ամբողջ ճանապարհը, վերջին հանգրվանային կետից սկսած մինչև բրիդադի շտաբը,— որտեղ նա հանդիպեց պոդպորուչիկ Դուբին,— հիրավի մի հաղթական երթ էր ամեն տեսակ արտաքնոցների միջով։ Նա մի քանի անգամ ուշացել էր գնացքից, քանզի այնքան երկար էր նստել կայարանային արտաքնոցում, որ գնացքը մեկնել էր։ Մի քանի անգամ չէր կարողացել գնացքից գնացք տեղափոխվել, որովհետև չէր հասցրել վագոնի արտաքնոցից դուրս գալ։
Եվ, այնուամենայնիվ, չնայած դրան, չնայած իր ճանապարհին կանգնած բոլոր արտաքնոցներին, կադետ Բիգլերը մոտենում էր բրիգադին։
Պոդպորուչիկ Դուբը բրիգադում դեռ մի որոշ ժամանակ պետք է մնար բժշկի հսկողության տակ։ Սակայն այն օրը, երբ Շվեյկը պետք է գնար գումարտակ, շտաբի բժիշկը միտքը փոխեց, տեղեկանալով, որ ճաշից հետո մի սանիտարական ավտոմեքենա մեկնելու է Իննսունմեկերորդ գնդի դասավորության վայրը։
Բժիշկը շատ ուրախ կլիներ ազատվել պոդպորուչիկ Դուբից, որն իր զանազան պնդումները լավագույնս հիմնավորելու համար մեջ էր բերում այս միակ փաստարկը․ «Դեռևս պատերազմից առաջ ես այդ մասին խոսում էի նահանգական վարչության պարոն պետի հետ»։
«Mit deinem Bezirkshauptmann kannst du mir am Arsch lecken»[24],— մտածեց շտաբի բժիշկը և բախտից շնորհակալ եղավ, որ սանիտարական ավտոմեքենաները Զոլտանեցի միջով են գնում Կամյոնկա-Ստրումիլով։
Շվեյկը կադետ Բիգլերին բրիգադում չտեսավ, քանզի վերջինս արդեն երկու ժամից ավելի նստած էր սպայական արտաքնոցում։ Կարելի է համարձակ ասել, որ կադետ Բիգլերը նման տեղերում երբեք ժամանակն իզուր չէր վատնում, քանի որ մտքում կրկնում էր ավստրոհունգարական քաջարի բանակի բոլոր փառապանծ ճակատամարտերը, սկսած Նյորդլինգենի 1634 թ․ սեպտեմբերի 6-ի ճակատամարտից և վերջացրած Սարաևոյի 1888 թ, օգոստոսի 19-ի ճակատամարտով։ Արտաքնոցում բազմիցս ձգելով շղթայիկը և լսելով, թե ինչպես ջուրն աղմկելով հորդում է ունիտազի մեջ, նա աչքերը կկոցած պատկերացնում էր ճակատամարտի հռնդյունը, հեծելազորային գրոհն ու թնդանոթների որոտը։
Պոդպորուչիկ Դուբի և կադետ Բիգլերի հանդիպումը այնքան էլ հաճելի չէր և անկասկած դարձավ նրանց հետագա փոխադարձ թշնամության պատճառը, ինչպես ծառայության մեջ, այնպես էլ նրանից դուրս։
Չորրորդ անգամ ջանալով մտնել արտաքնոց, պոդպորուչիկ Դուբը զայրացած գոռաց․
— Ո՞վ է այդտեղ։
— Իննսունմեկերորդ գնդի № գումարտակի տասնմեկերորդ երթային վաշտի կադետ Բիգլերը,— հնչեց հպարտ պատասխանը։
— Այստեղ է,— ներկայացավ մրցակիցը դռան հետևից,— նույն այդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։
— Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ։
— Սպասում եմ։
Պոդպորուչիկ Դուբը անհամբեր նայում էր ժամացույցին։ Ոչ-ոք չի կարող պատկերացնել, թե մարդ որքան եռանդ ու տոկունություն պետք է ունենա, որ այդ վիճակում դռան մոտ դիմանա տասնհինգ, հետո հինգ, այնուհետև դարձյալ հինգ րոպե և ձեռքով ու ոտքերով դուռը ծեծելուց հետո ստանա միևնույն պատասխանը․ «Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ»։
Պոդպորուչիկ Դուբի տենդը բռնեց, մանավանդ երբ թղթի հուսադրող խշշոցից հետո անցավ ևս յոթ րոպե, իսկ դուռն այդպես էլ չէր բացվում։
Կադետ Բիգլերը դեռ գոնե այնքան տակտ ուներ, որ ամեն անգամ չէր ջուրը բաց թողնում։
Թեթև տենդով բռնված, պոդպորուչիկ Դուբն սկսեց մտածել, թե արդյոք չբողոքի բրիգադի հրամանատարին, որը գուցե կհրամայի դուռը ջարդել և կադետ Բիգլերին դուրս հանել։ Նրա մտքով այն էլ անցավ, թե մի գուցե կադետի արարքը հանդիսանում է ենթակարգության խախտում։
Հինգ րոպե անց պոդպորուչիկ Դուբն զգաց, որ այդտեղ, դռան հետևում, այլևս անելիք չունի, որ իր բնական ցանկությունն արդեն վաղուց անցել է։ Սակայն նա արտաքնոցի դռնից չէր հեռանում հանուն սկզբունքի, շարունակելով ոտքով թակել դուռը, որի հետևից հնչում էր միևնույն պաաասխանը․ «In einer Minute fertig, Herr Leutnant!»[25]։
Վերջապես պոդպորուչիկը լսեց, թե ինչպես Բիգլերը ջուրը բաց թողեց, և մեկ րոպե անց նրանք կանգնած էին երես առ երես։
— Կադետ Բիգլեր,— որոտաց պոդպորուչիկ Դուբը,— չկարծեք, թե ես եկել եմ այստեղ նույն նպատակով, ինչ որ դուք։ Ես եկել եմ այն պատճառով, որ դուք բրիգադի շտաբ ժամանելուց հետո ինձ չեք ներկայացել և զեկուցել։ Կարգը չգիտե՞ք, ինչ է։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե ում եք գերապատվություն տվել։
Կադետ Բիգլերն աշխատում էր հիշել, թե հո որևէ այնպիսի բան չի արել, որը հակասած լինի կարգապահությանը և կրտսեր ու ավագ սպաների փոխհարաբերություններին վերաբերող հրահանգներին։
Նրա գիտելիքների մեջ այդ բնագավառում մեծ բաց կար։
Դպրոցում նրանց դասախոսություններ չէին կարդացել, թե նման դեպքերում կրտսեր սպան ինչպես պետք է վարվի ավագ սպայի նկատմամբ, թե արդյոք նա պարտավո՞ր է դեռ չնստած դուրս նետվել արտաքնոցից, մի ձեռքով բռնելով շալվարը, իսկ մյուսով պատիվ տալով։
— Դե՛հ, պատասխանեցեք, կադետ Բիգլեր,— գրգռիչ տոնով բղավեց պոդպորուչիկ Դուբը։
Եվ այդ ժամանակ կադետ Բիգլերի մտքում ծագեց ամենապարզ պատասխանը․
— Պարոն պոդպորուչիկ, գալով բրիգադի շտաբը, ես տեղեկություն չունեի, որ դուք գտնվում եք այստեղ, և գրասենյակում գործերս վերջացնելուց հետո անմիջապես դիմեցի արտաքնոց, ուր և գտնվում էի ընդհուպ մինչև ձեր գալը։— Եվ հանդիսավորապես ավելացրեց։— Կադետ Բիգլերը ներկայանում է պարոն պոդպորուչիկ Դուբին։
— Տեսնո՞ւմ եք, դա դատարկ բան չէ,— դառնացած ասաց պոդպորուչիկ Դուբը,— իմ կարծիքով, կադետ Բիգլեր, դուք պարտավոր էիք բրիգադի շտաբը գալուն պես գրասենյակից տեղեկանալ, թե արդյոք ձեր գումարտակի կամ դասակի սպաներից որևէ մեկը պատահմամբ այդտե՞ղ չէ։ Ձեր վարքագծի մասին մենք որոշում կընդունենք գումարտակում։ Ես ավտոմեքենայով մեկնում եմ այնտեղ, դուք ևս կգաք ինձ հետ։ Ոչ մի «բայց»։
Կադետ Բիգլերն ուզում էր առարկել, թե բրիգադում իր համար գնացքի տոմս են ձևակերպել, թե տրանսպորտի այդ տեսակն իր համար շատ ավելի հարմար է, նկատի ունենալով իր հաստ աղիքի թուլությունը, և թե երեխան էլ գիտե, որ ավտոմոբիլները նման դեպքերի համար հարմարեցված չեն։ Մինչև որ մարդ հարյուր ութսուն կիլոմետրն անցնի՝ շալվարը կլցնի։
Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ սկզբում, երբ նրանք շարժվեցին, ավտոմոբիլի ցնցումները կադետ Բիգլերի ստամոքսի վրա որևէ ներգործություն չունեցան։
Պոդպորուչիկ Դուբը բոլորովին հուսահատվել էր, որ իրեն չի հաջողվում իրագործել իր վրիժառության պլանը։
Բանն այն է, որ նրանց մեկնելու ժամանակ պոդպորուչիկ Դուբն իր մտքում ասել էր․ «Սպասիր, կադետ Բիգլեր, հիմա դու հույս ունեցիր, որ երբ փորդ զոռի՝ կհրամայեմ ավտոմեքենան կանգնեցնել»։
Հետևելով այդ պլանին, Դուբը,— որքանով որ ներում էր այն արագությունը, որով նրանք կարճում էին կիլոմետրը կիլոմետրի հետևից,— մի հաճելի զրույց սկսեց, թե որոշակի մարշրուտ ունեցող զինվորական ավտոմեքենաներն իզուր տեղը չպետք է բենզին վատնեն և կանգառումներ անեն։
Կադետ Բիգլերը միանգամայն իրավացի առարկեց, թե կանգ առնելիս առհասարակ բենզին չի ծախսվում, քանի որ վարորդը մոտորն անջատում է։
— Քանի որ,— անզիջում պնդեց պոդպորուչիկ Դուբը,— ավտոմեքենան պետք է տեղ հասնի նշանակված ժամին, ապա ոչ մի կանգառում չի թույլատրվում։
Կադետ Բիգլերն այլևս ձայն չհանեց։
Այդպես նրանք օդը ճեղքեցին ավելի քան մեկ քառորդ ժամ։ Հանկարծ պոդպորուչիկ Դուբն զգաց, որ փորը փքվում է և որ ցանկալի է ավտոմեքենան կանգնեցնել, դուրս գալ, մտնել մի փոսի մեջ ու թեթևանալ։
Նա հերոսաբար դիմացավ մինչև 126-րդ կիլոմետրը, բայց այլևս չկարողացավ դիմանալ, թափով ձիգ տվեց վարորդի շինելը և նրա ականջին գռռաց․ «Կա՛ց»։
— Կադետ Բիգլեր,— ողորմածաբար ասաց պոդպորուչիկ Դուբը, արագ դուրս թռչելով ավտոմեքենայից և իջնելով փոսը,— այժմ դուք էլ հնարավորություն ունեք․․․
— Շնորհակալ եմ,— պատասխանեց կադետ Բիգլերր,— ես չեմ ուզում մեքենան իզուր ուշացնել։
Կադետ Բիգլերը, որր նույնպես ծայրահեղ կարիք էր զգում, որոշեց, որ ավելի շուտ իր շալվարը կլցնի, քան թե ձեռքից բաց կթողնի պոդպորուչիկ Դուբին խայտառակելու այդ հիանալի առիթը։
Մինչև Զոլտանեց հասնելը պոդպորուչիկ Դուբը երկու անգամ էլ կանգնեցրեց մեքենան և վերջին կանգառին նոթոտ մռլտաց․
— Ճաշին ինձ լեհական բիկոշ տվին։ Գումարտակից հեռագրով բողոք կուղարկեմ բրիգադին։ Հոտած թթու կաղամբ և գործածության համար ոչ պիտանի խոզի միս․․․ Խոհարարների հանդգնությունն ամեն սահման անցել է։ Ով ինձ չի ճանաչում, դեռ կճանաչի։
— Ֆելդմարշալ Նոստից-Ռինեկը, պահեստի հեծելազորի այդ պարծանքը,— պատասխանեց Բիգլերը,— հրատարակել է «Was schadet dem Magen im Kriege»[26] անունով մի աշխատություն, որի մեջ առհասարակ խորհուրդ չի տալիս պատերազմական դժվարությունների ու զրկանքների ժամանակ խոզի միս ուտել։ Երթի ժամանակ ամեն մի անչափավորություն վնասակար է։
Պոդպորուչիկ Դուբը ձայն չհանեց, միայն թե ինքն իրեն ասաց․ «Ես քեզ ցույց կտամ քո այդ գիտնականությունը, լակոտի՛ մեկը», իսկ հետո, փոքր ինչ մտածելով, Բիգլերին մի այսպիսի հիմարագույն հարց տվեց․
— Ուրեմն, կադետ Բիգլեր, դուք կարծում եք, որ այն սպան, որի նկատմամբ դուք ձեզ պետք է պահեք իբրև ստորադրյալ, չափից ավելի՞ է ուտում։ Արդյոք չէի՞ք ուզում ասել, կադետ Բիգլեր, որ ես չափից շատ եմ լափել։ Շնորհակալ եմ ձեր կոպտության համար։ Համոզված եղեք, որ ես ձեզ հետ հաշիվ կտեսնեմ․ դուք ինձ դեռ չեք ճանաչում, բայց երբ պոդպորուչիկ Դուբին ճանաչեք չեք մոռանա։
Վերջին բառն ասելիս քիչ մնաց նա լեզուն կծեր, քանզի այդ ժամանակ թռչում էին մի խանդակի վրայով։
Կադետ Բիգլերը դարձյալ լռեց, մի բան, որ նորից վիրավորեց պոդպորուչիկ Դուբին, և նա կոպտաբար հարցրեց․
— Լսեցեք, կադետ Բիգլեր, կարծեմ ձեզ սովորեցրել են ձեր պետի հարցերին պատասխանել։
— Իհարկե,— ասաց կադետ Բիգլերը,— կանոնագրքում այդպիսի կետ կա։ Բայց ամենից առաջ, հարկավոր է պարզել մեր փոխհարաբերությունները։ Որքան ինձ հայտնի է, ես դեռ ոչ մի տեղ չեմ նշանակված, այնպես որ անմիջականորեն ձեզ ենթարկվելուս հարցը, պարոն պոդպորուչիկ, բոլորովին վերանում է։ Սակայն ամենակարևորն այն է, որ սպայական շրջաններում ստորադրյալը պարտավոր է պետերի հարցերին պատասխանել միայն պաշտոնական գործերի առնչությամբ։ Քանի որ մենք երկուսով նստած ենք ավտոմեքենայի մեջ, ապա չենք հանդիսանում այս կամ այն ռազմական գործողությանը մասնակցող մարտական միավոր և մեր միջև որևէ պաշտոնական փոխհարաբերություն չկա։ Մենք երկուսս էլ մեկնում ենք մեր ստորաբաժանումները, և ձեր այն հարցի պատասխանը, թե արդյոք չէի՞ ուզում ասել, որ դուք, պարոն պոդպորուչիկ, չափից ավելի եք լափել, ոչ մի դեպքում չէր կարող պաշտոնական արտահայտություն համարվել։
— Դուք վերջացրի՞ք,— բղավեց նրա վրա պոդպորուչիկ Դուբը,― դուք․․․
— Այո, — ասաց սառցաշունչ ձայնով կադետ Բիգլերը,— մի՛ մոռանաք, պարոն պոդպորուչիկ, որ մեզ կդատի սպայական պատվի դատարանը։
Պոդպորուչիկ Դուբը զայրույթից ու կատաղությունից ինքն իրեն կորցրեց։ Հուզվելիս նա սովորաբար ավելի մեծ անմտություններ ու հիմարություններ էր դուրս տալիս, քան հանգիստ ժամանակ։
Այդ պատճառով էլ մռլտաց․
— Ձեր հարցը կվճռի ռազմական դատարանը։
Կադետ Բիգլերն այդ առիթն օգտագործեց Դուբին վերջնականապես ջախջախելու համար, ուստի շատ մտերմական տոնով ասաց․
― Հանաք մի՛ արա, ընկեր։
Պոդպորուչիկ Դուբը վարորդին ձայն տվեց, որ մեքենան կանգնեցնի։
— Մեզանիg մեկը պետք է ոտքով գնա,— ասաց նա կակազելով։
— Ես մեքենայով եմ գնում,— հանգիստ պատասխանեց կադետ Բիգլերը,— Իսկ դու, ընկեր, ինչ կուզես արա։
— Քշի՛ր,— կարծես տենդի մեջ վարորդի վրա գոռաց պոդպորուչիկ Դուբը և փաթաթվեց լռության, կատարյալ արժանապատվության տոգայով, ինչպես Հուլիոս Կեսարը, երբ դավադիրները մոտենում էին նրան դաշունահարելու։
Այդպես հասան Զոլտանեց, որտեղ գտան իրենց գումարտակի հետքը։
Պոդպորուչիկ Դուբը և կադետ Բիգլերը սանդուղքի վրա վիճում էին, թե արդյոք ոչ մի տեղ չհաշվառված կադետն իրավունք ունի՞ բաժին պահանջելու լյարդաթոքի երշիկի այն քանակությունից, որ սահմանված է զանազան վաշտերի սպաների համար, ներքևում, խոհանոցում, արդեն կուշտ կերել էին, պառկել լայն նստարանների վրա և, դեսից-դենից զրուցելով, ամբողջ ուժով փստացնում էին ծխամորճները։
Խոհարար Յուրայդան ասում էր․
— Եվ այսպես, այսօր ես մի հիանալի գյուտ եմ արել։ Կարծում եմ, դա խոհարարական արվեստի մեջ մեծ հեղաշրջում կառաջացնի։ Դու հո գիտես, Վանեկ, որ այս նզովյալ գյուղում ես ոչ մի տեղ չկարողացա երշիկի համար սուսամբար գտնել։
— «Herba majaranae»[27],— վրա բերեց ավագ գրագիր Վանեկը, հիշելով, որ ինքը դեղատնային ապրանքներ վաճառող է։
Յուրայդան շարունակեց․
— Դեռ չի ուսումնասիրված, թե մարդկային խելքն ինչպե՞ս է կարողանում անհրաժեշտության դեպքում ամենաբազմատեսակ հնարներ գտնել, թե ինչպես են նրա առաջ բացվում նոր հորիզոններ, թե ինչպես է նա կարողանում հնարել ամեն տեսակ անհավատալի բաներ, որոնց մասին մարդկությունը մինչ օրս չի երազել․․․ Տնետուն ընկած սուսամբար էի փնտրում, վազվզում, բացատրում, թե սուսամբարն ինչ պետք է անեմ, թե ի՛նչ տեսք ունի այդ սուսամբարը։
— Դու պետք է նկարագրեիր նրա հոտը,— իր նստարանի վրայից արձագանքեց Շվեյկը,— դու պետք է ասեիր, որ սուսամբարից թանաքի սրվակի հոտ է գալիս, երբ մարդ այն հոտոտում է ծաղկած ակացիաների ծառուղում։ Պրագայի մոտ, Բոգդալիցիի բլուրի վրա մի անգամ․․․
— Լավ, Շվեյկ,— աղաչական ձայնով ընդհատեց հոժարական Մարեկը,— թող որ Յուրայդան վերջացնի։
Յուրայդան շարունակեց պատմել․
— Տներից մեկում պատահեցի Բոսնիայի և Հերցոգովինայի օկուպացիայի ժամանակվա մի պաշտոնաթող ծեր զինվորի, որը որպես ուլան ծառայել է Պարդուբիցիում և մինչև հիմա չեխերենը չի մոռացել։ Նա սկսեց ինձ հետ վիճել, թե լյարդաթոքի երշիկի մեջ ոչ թե սուսամբար են գցում, այլ երիցուկ։ Ես ճիշտն ասած, չգիտեի ինչ ասեմ, որովհետև ամեն մի խելքը գլխին ու օբյեկտիվ մարդ պարտավոր է սուսամբարը համարել այն բոլոր համեմունքների թագավորը, որ գործ են ածվում լյարդաթոքի երշիկի համար։
Հարկավոր էր գտնել մի այնպիսի փոխարինիչ, որ երշիկին բնորոշ հաճելի համուհոտ տար։ Եվ ահա տներից մեկում ես մի հարսանեկան մրտենու պսակ գտա, որ կախված էր ինչ-որ սրբի պատկերի տակ։ Այնտեղ նորապսակներ էին ապրում, և պսակի ոստերը դեռ բավական թարմ էին։ Եվ ես լյարդաթոքի երշիկի մեջ մրտենի գցեցի։ Ճիշտ է, ստիպված եղա եռման ջրով երեք անգամ խաշել, որպեսզի ոստերը փափկեին և կորցնեին չափազանց կծու համը։ Հասկանալի է, որ երբ լյարդաթոքի համար բռնագրավում էի այդ հարսանեկան մրտեպսակը, բավական շատ արցունք թափվեց․․․ Նորապսակները ինձ հրաժեշտ տալիս հավատացնում էին, թե այդ սրբապղծության համար, քանի որ պսակը օրհնված է եղել, ինձ կսպանի առաջին իսկ գնդակը։ Դուք կերաք փորոտիքից պատրաստած իմ սուպը, բայց ձեզնից ոչ ոք չնկատեց, որ մրտենու հոտ ուներ, և ոչ թե սուսամբարի։
— Յինջրիխով Հրադեցում,— հարեց Շվեյկը,— տարիներ առաջ մի երշիկագործ կար, ասունը Յոզեֆ Լիպեկ։ Նրա դարակի վրա երկու տուփ կար, մեկի մեջ՝ ամեն տեսակ համեմունքների մի խառնուրդ, որը նա գցում էր արյունի և լյարդաթոքի երշիկների մեջ, իսկ մյուսի մեջ միջատասպան փոշի, քանի որ երշիկագործը բազմիցս հավաստիացել էր, որ գնորդները երշիկն ուտելիս հաճախ ստիպված են եղել փայտոջիլ կամ տարական ծամել։ Նա միշտ ասում էր, թե փայտոջիլն իր համով շատ նման է դառնահամ նուշին, որը գցում են բաբայի մեջ, իսկ տարականները երշիկեղենի մեջ գարշելի հոտ են արձակում, ինչպես հին, բորբոսնած Աստվածաշունչը։ Այդ պատճառով, նա ուշի ուշով հետևում էր իր արհեստանոցի մաքրությանը և ամեն տեղ միջատասպան փոշի շաղ տալիս։
Եվ ահա մի անգամ նա արյունի երշիկ էր պատրաստում, իսկ այդ ժամանակ հարբուխ ուներ։ Նա դարակից վերցրեց միջատասպան փոշու տուփը և փոշին լցրեց արյունի երշիկի համար պատրաստած ֆարշի մեջ։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցում միայն Լիպակի խանութից էին արյունի երշիկ գնում։ Նրա խանութն ընկնելու համար մարդիկ ուղղակի գլուխ էին ջարդում։ Նա հիմար մարդ չէր և գլխի էր ընկել, որ դրա պատճառը միջատասպան փոշին է։ Այդ օրվանից նա սկսեց վերադիր վճարով արկղներով միջատասպան փոշի պատվիրել, իսկ այն ֆիրմային, որից փոշին գնում էր, նախազգուշացրել էր, որ արկղերի վրա գրեն․ «Հնդկական համեմունքներ»։ Դա նրա գաղտնիքն էր, որ իր հետ էլ գերեզման տարավ․․․ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ այն բոլոր ընտանիքներում, որոնք նրանից երշիկ էին գնում, բոլոր տարականներն ու փայտոջիլները վերացան։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցը պատկանում է Չեխիայի ամենամաքուր քաղաքների թվին։
— Վերջացրի՞ր,— հարցրեց հոժարական Մարեկը, որը թերևս, նույնպես անհամբեր սպասում էր խոսակցությանը մասնակցելու։
— Այդ մեկը վերջացրի,— պատասխանեց Շվեյկը,— բայց այդպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Բեսկիդիում։ Այդ մասին կպատմեմ կռվի գնալիս։
Հոժարական Մարեկն սկսեց․
— Խոհարարական արվեստն ամենից լավ ճանաչվում է պատերազմի ժամանակ, մանավանդ ռազմաճակատում։ Ես ինձ թույլ եմ տալիս անել մի փոքրիկ համեմատություն։ Խաղաղ ժամանակ մենք բոլորս կարդացել ու լսել ենք այսպես կոչված սառցային սուպերի մասին, որոնց մեջ սառույց են գցում։ Դրանք հյուսիսային Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում սիրված ճաշեր են։ Բայց ահա վրա հասավ պատերազմը, և այս ձմեռ Կարպատներում զինվորներն այնքան սառած սուպ ունեին, որ բերանները չէին դնում, չնայած որ ընտիր ճաշ է։
— Սառած գուլյաշ կարելի է ուտել,— առարկեց ավադ գրագիր Վանեկը,— բայց ոչ երկար ժամանակ, ամենաշատը մի շաբաթ։ Նրա պատճառով մեր իններորդ վաշտը դիրքերը թողեց։
— Դեռևս խաղաղ ժամանակ,— արտակարգ լրջությամբ ասաց Շվեյկը,― ամբողջ զինվորական ծառայությունը պտտվում էր խոհանոցի և ամեն տեսակ կերակուրների շուրջը։ Մեզ մոտ, Բուդեյովիցիում, մի օբերլեյտենանտ կար, անունը Զակրեյս։ Նա շարունակ պտտվում էր սպայական խոհանոցի շուրջը և, եթե զինվորներից մեկը որևէ զանցանք էր կատարում, հրամայում էր․ «Զգաստ»։ Եվ վրա էր պրծնում․ «Սրիկա, ես քո ռեխից իսկական ծեծած կոտլետ կպատրաստեմ, քեզ ճզմելով կարտոֆիլի պյուրե կդարձնեմ և հետո այդ բոլորը կտամ քեզ, որ ինքդ լափես։ Սագի աղիքներն ու բրինձը քամակիցդ կթափվեն և դու կնմանվես թավայի մեջ խոզաճարպով տապակվող նապաստակի։ Ա՛յ, տեսնում ես, պետք է խելքդ գլուխդ հավաքես, եթե չես ուզում, որ մարդկանց թվա, թե դու կաղամբով ֆարշած տապակա ես»։
Դրա շարունակությունը և նրանց հետաքրքիր զրույցը, թե պատերազմից առաջ մենյուն ինչպես են օգտագործել զինվորներին դաստիարակելու նպատակներով, ընդհատվեցին մի ահռելի գոռոցով, որ լսվեց վերևից, որտեղ հանդիսավոր ճաշկերույթն ավարտվելու վրա էր։
Ձայների խառնակ ղռվռոցի մեջ ջոկվում էր կադետ Բիգլերի ականջ ծակող ձայնը․
— Զինվորը դեռևս խաղաղ ժամանակ պետք է իմանա, թե պատերազմն ինչ է պահանջում, իսկ պատերազմի ժամանակ չմոռանա վարժադաշտում սովորածը։
Ապա սկսեց ֆսֆսալ պոդպորուչիկ Դուբը․
— Խնդրում եմ հավաստել, որ արդեն երրորդ անգամն են ինձ վիրավորում։
Վերևում մեծ գործեր էին կատարվում։
Պոդպորուչիկ Դուբին, որը կադետ Բիգլերի նկատմամբ մեզ արդեն հայտնի նենգ դիտավորություններ ուներ և փափագում էր հրամանատարի առաջ սիրտը բանալ, սպաները դիմավորեցին սոսկալի հարայ-հրոցով։ Հրեայի օղին բոլորի վրա հիանալի ներգործություն էր ունեցել։
Ամեն մեկը ջանում էր մյուսից բարձր գոռալ, ակնարկելով պոդպորուչիկ Դուբի ձիավարական արվեստը․ «Առանց ձիապանի յոլա չի գնա»։ «Վախեցած մուստա՜նգը»։ «Ինչքա՞ն ժամանակ ես դու, բարեկամ, կովբոյների մեջ ապրել արևմուտքում»։ «Կրկեսի ձիախաղա՜ցը»։
Կապիտան Սագները շտապով պոդպորուչիկ Դուբի ձեռքը խոթեց նզովյալ օղու գավաթը, և վիրավորված պոդպորուչիկը սեղան նստեց։ Նա ջարդված հին աթոռը քաշեց-մոտեցրեց պորուչիկ Լուկաշին, որը նրան ողջունեց հետևյալ կարեկցական բառերով․ «Մենք արդեն բոլորը կերանք, ընկե՛ր»։
Կադետ Բիգլերն ըստ կանոնագրքի կապիտան Սագներին և մյուս սպաներին զեկուցեց իր ժամանման մասին, ամեն անգամ կրկնելով․ «Կադետ Բիգլերը ժամանել է գումարտակի շտաբ»։ Թեև բոլորը դա տեսնում էին և գիտեին, այնուամենայնիվ նրա վհատ կերպարանքը մի տեսակ աննկատ էր մնում։
Բիգլերը վերցրեց լեցուն բաժակը, համեստաբար նստեց լուսամատի մոտ և հարմար պահի էր սպասում դասագրքերից քաղած իր գիտելիքները քամուն տալու։
Պոդպորուչիկ Դուբը, որի գլուխն էր խփել զարհուրելի օղին, մատով սեղանը տկտկացնելով, հանկարծ առանց որևէ առիթի դիմեց կապիտան Սագներին․
— Ես և նահանգական վարչության պետը շարունակ ասում էինք․ «Հայրենասիրություն, հավատարմություն պարտքի նկատմամբ, ինքնակատարելագործություն,— ահա իսկական զենքը պատերազմի ժամանակ»։ Ես դա ձեզ հիշեցնում եմ հատկապես հիմա, երբ շուտով մեր զորքերը կանցնեն սահմանները։
- - - - -
Մինչև այստեղ Յարոսլավ Հաշեկը, հիվանդության մահճին գամված, թելադրել է իր «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» վեպը։ Անողոք մահը, որ վրա հասավ 1923 թվի հունվարի 3-ին, ստիպեց նրան քառասուն տարեկան հասակում առընդմիշտ լռել և անավարտ թողնել առաջին համաշխարհային պատերազմի մասին գրված ամենանշանավոր և ամենից շատ կարդացվող վեպերից մեկը։
↑ Հունգարական կոպիտ հայհոյանք (հունգ․)։
↑ Ո՞վ է գերմաներեն խոսում (գերմ․)։
↑ Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդֆեբել (գերմ․)։
↑ Վոբեյդա — խուլիգան։
↑ «Ես չեմ իմանում դա ինչ է նշանակում» (գերմ․)։
↑ Չեխերեն ոչ մի բառ (գերմ․)։
↑ Գերմաներեն հասկանո՞ւմ եք (գերմ․)։
↑ Այո՛ (գերմ․)։
↑ Դուպե — հետույք (լեհ․)։
↑ Զինվորական պահեստների կայսերական-թագավորական կատուներ (գերմ․)։
↑ Դա ստո՞ւյգ է, Պրագա № 16, Յոզեֆ Բոժետեխ (գերմ․)։
↑ Մենք պետք է հաղթենք (գերմ․)։
↑ Կանտինա — զորամասային թեյարան։
↑ Օ՛, եղևնի, օ՛, եղևնի, ինչ սիրուն են ասեղները քո կանաչ (գերմ․)։
↑ Վե՛րջ տվեք (գերմ․)։
↑ Այո (գերմ․)։
↑ Ի՞նչ (գերմ․)։
↑ Սննդադրամ (գերմ․)։
↑ Զգա՛ստ (գերմ․)։
↑ Ներկա։ Համարձակվում եմ զեկուցել, հետևակ զինվոր Շվեյկ, տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար (գերմ․)։
↑ Զգա՛ստ (գերմ․)։
↑ Լսում եմ (գերմ․)։
↑ Շարային ծառայության պիտանի (գերմ․)։
↑ Քո այդ նահանգական վարչության պետի հետ կարող ես քամակս լիզել (գերմ․)։
↑ Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ (գերմ․)։
↑ «Ի՞նչն է վնասում ստամոքսին պատերազմի ժամանակ» (գերմ․)։
↑ Սուսամբարի լատինական անունը։