Շտաբի գրագիրը հավանաբար նիրհում էր կամ սպիտակ ջերմախտի նոպայով էր բռնվել, այնպես որ պատասխանեց.
— Նա քայլում էր բաց հովանոցը գլխին բռնած։
— Ավելի լավ կլինի,— շարունակեց ավագ գրագիը Վանեկը,— այդ ամենը բանի տեղ չդնել։ Եթե այսօր գնդի գրասենյակում ասել են, թե վաղը մեկնում ենք, ապա երեխան էլ չի հավատա։ Մի՞թե կարող ենք մեկնել առանց վագոնների։ Իմ ներկայությամբ զանգահարեցին կայարան։ Այնտեղ ոչ մի ազատ վագոն չկա։ Կրկնվում է ճիշտ նույնը, ինչ պատահեց վերջին երթային վաշտին։ Այն ժամանակ մենք երկու օր կայարանում նստել ու սպասում էինք, որ մեկնումեկը մեզ խղճա և մեզ համար գնացք ուղարկի։ Իսկ հետո չգիտեինք, թե ուր ենք գնում։ Նույնիսկ ինքր գնդապետը չգիտեր։ Արդեն ամբողջ Հունգարիան անցել էինք, և դեռ ոչ ոք չգիտեր՝ Սերբիա՞ ենք գնալու թե Ռուսաստան։ Ամեն մի կայարանից ուղիղ հեռախոսագծով խոսում էինք դիվիզիայի շտաբի հետ։ Իսկ մենք պարզապես կարկատանի նման մի բան էինք։ Մեզ, վերջապես, կարեցին-կպցրին Դուկլայի մոտ գտնվող ինչ-որ տեղի։ Այնտեղ մեզ մի թունդ ջարդեցին, և մենք նորից գնացինք վերակազմավորվելու։ Հարկավոր է չշտապե՛լ։ Իր ժամանակին ամեն ինչ կպարզվի, իսկ առայժմ շտապելու կարիք չկա։ Jawohl, nochmal![101] Այստեղի գինին հիանալի է,— շարունակեց Վանեկը, չլսելով, թե ինչպես շտաբի գրագիրն ինքն իրեն քրթմնջում է.
— Glauben Sie mir, ich habe bisher wenig von meinem Leben gehabt! Ich wundere mich über diese Frage․[102]
— Ինչո՞ւ իզուր անհանգստանամ երթային գումարտակի մեկնելու հարցով։ Առաջին երթային վաշտում, որի հետ ես գնում էի, ամեն ինչ պատրաստ էր ընդամենը երկու ժամ առաջ, և ամեն բան տեղը տեղին էր։ Մեր այն ժամանակվա երթային գումարտակի մյուս վաշտերը ճանապարհվելու համար ամբողջ երկու օր պատրաստվում էին, իսկ մեր վաշտի հրամանատար լեյտենանտ Պրշենոսիլը (մի այդպիսի ֆրանտ կար) մեզ ուղղակի ասաց, «Տղանե՛ր, մի շտապեք»։ Գնացքը մեկնելուց միայն մի ժամ առաջ սկսեցինք իրերը կապկպել։ Եվ ամեն ինչ լավ եղավ։ Ավելի լավ կլինի նստեք…
— Չեմ կարող,— հերոսական անձնուրացությամբ պատասխանեց քաջարի զինվոր Շվեյկը։— Պետք է գնամ գրասենյակ։ Մեկնումեկը կարող է զանգահարել։
— Դե լավ, գնացեք, անգի՛նս։ Միայն թե մեկընդմիշտ հիշեցեք, որ դա ձեր կողմից տգեղ բան է և որ իսկական հանձնակատարը երբեք չպետք է լինի այնտեղ, որտեղ նա հարկավոր է։ Երբեք ձեր պարտականություններն այդպես եռանդով մի կատարեք։ Հավատացեք, հոգյակս, չկա ավելի վատ բան, քան փութկոտ հանձնակատարը, որ վազվզում և ձեռ ու ոտ է ընկնում բոլորի փոխարեն։
Բայց Շվեյկն արդեն դռնից դուրս էր եկել և շտապում էր դեպի իր երթային գնդի գրասենյակը։
Վանեկը մենակ մնաց, քանզի բնավ չէր կարելի ասել, թե շտաբի գրագիրը նրան ընկերություն էր անում։ Վերջինս բոլորովին ներանձնացել էր և, գինու շիշը շոյելով, մերթ չեխերեն, մերթ գերմաներեն քրթմնջում էր այնպիսի զարմանալի բաներ, որ իրար հետ որևէ առնչություն չունեին․
— Ես շատ անգամ եմ անցել այս գյուղով, բայց ոչ մի գաղափար չունեի, որ նա աշխարհիս երեսին գոյություն ունի։ In einem halben Jahre habe ich meine Statsprüfung hinter mir und meinen Doktor gemacht։[103] Ես ծեր հաշմանդամ դարձա։ Շնորհակալ եմ, Լյուսի։ Erscheinen sie in schön ausgestatteten Bänden[104] գուցե ձեր մեջ մեկը կգտնվի, որը այդ բանը հիշում է։
Ավագ գրագիրը ձանձրույթից սկսեց ինչ-որ քայլերգ տկտկացնել, բայց ստիպված եղավ երկար ձանձրանալ. դուռը բացվեց և ներս մտավ սպայական խոհանոցի խոհարար Յուրայդան և փլվեց աթոռի վրա։
— Այսօր մեզ հրամայել էին ճանապարհի համար կոնյակ ստանալ,— թոթվեց նա։— Բայց մեր շշի մեջ դեռ ռոմ կար, և ստիպված էինք դատարկել, մի խոսքով՝ ստիպված եղանք մի լավ կոնծել։ Խոհանոցի բոլոր տղաները հարբեցին։ Ես ճաշի մի քանի բաժին սխալ հաշվեցի։ Գնդապետն ուշ եկավ, և նրան բաժին չհասավ։ Այդ պատճառով հիմա նրա համար օմլետ են պատրաստում։ Ա՜յ թե կոմեդիա էր։
— Հետաքրքրաշարժ արկածախնդրություն,— ասաց Վանեկը, որը խմելիս սիրում էր գեղեցիկ բառեր գործածել։
Խոհարար Յուրայդան սկսեց փիլիսոփայել, մի բան, որ նրա նախկին զբաղմունքին սազական էր։ Պատերազմից առաջ նա հրատարակում էր օկուլտային ժուռնալ և մի մատենաշար «Կյանքի և մահվան գաղտնիքներ» խորագրով։ Զինվորական ծառայության մեջ նա խցկվել էր դաշտային սպայական խոհանոց, և երբեմն, երբ տարվում էր հին հնդկական Պրահնա Պրամիտայի («Հայտնություն իմաստությանց») ընթերցանությամբ, նրա պատրաստած տապական խանձվում էր։ Գնդապետ Շրեդերը նրան գնահատում էր իբրև գնդում գտնվող անթիկա մի բան։ Հիրավի, ո՞ր սպայական խոհանոցը կարող էր պարծենալ այնպիսի խոհարար-օկուլտիստով, որը, թափանցելով կյանքի ու մահվան խորհուրդների մեջ, բոլորին զարմացնում էր սմետանով պատրաստած այնպիսի ֆիլեով կամ ռագույով, որ Կոմարովի մոտ մահացու վիրավոված պոդպորուչիկ Դուֆեկը շարունակ նրա անունն էր տալիս։
— Այո՛,— անպատեհ ասաց Յուրայդան, որը հազիվ էր կարողանում աթոռին նստած մնալ և որից տասը քայլի վրա ռոմի հոտ էր փչում,— երբ այսօր պարոն գնդապետին բաժին չհասավ և երբ նա տեսավ, որ միայն շոգեխաշ կարտոֆիլ է մնացել, ընկավ գակիի վիճակի մեջ։ Գիտե՞ք գակին ինչ է։ Դա քաղցած ոգիների վիճակն է։ Եվ ահա այդ ժամանակ ես նրան ասացի. «Արդյոք բավական ուժ ունե՞ք, պարոն գնդապետ, անդրդվելի մնալու բախտի ճակատագրական նախասահմանման առաջ, այսինքն դիմանալու այն բանին, որ ձեզ հորթի երիկամ չհասավ։ Կարմայով սահմանված է, որ դուք, պարոն գնդապետ, այսօր ընթրիքին աստվածային օմլետ և հորթի ծեծած, շոգեխաշ լյարդ ստանաք»։
— Սիրելի՛ բարեկամ,— կարճ պաուզայից հետո կիսաձայն դիմեց նա ավագ գրագրին, այդ միջոցին ակամա ձեռքը շարժելով և շուռ տալով սեղանի վրա իր առաջ դրված բոլոր բաժակները։— Գոյություն ունի բոլոր երևույթների, ձևերի ու իրերի անէություն,— մռայլ ասաց այդ գործողությունից հետո խոհարար-օկուլտիստը։― Ձևն անէություն է, իսկ անէությունը՝ ձև։ Անէությունն անբաժանելի է ձևից, ձևը՝ անէությունից։ Այն, ինչ անէություն է, հանդիսանում է և ձև, այն, ինչ ձև է, հանդիսանում է անէություն։— Խոհարար-օկուլտիստը գլուխը հենեց ձեռքին, խորասուզվեց լռության մեջ և սկսեց հայել գինուց թրջված սեղանը։
Շտաբի գրագիրը շարունակում էր ինչ-որ բան մրթմրթալ, որը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ.
— Հացն անհետացավ դաշտերից — in dieser Stimmung erhilt er Einladung und ging zu ihr[105], հոգեգալստի տոնը գարնանն է լինում։
Ավագ գրագիր Վանեկը շարունակում էր տկտկացնել սեղանը, խմում էր և ժամանակ առ ժամանակ հիշում, որ պարենի պահեստի մոտ տասը զինվորներ, դասակապետի գլխավորությամբ, իրեն են սպասում։ Այդ բանը հիշելիս նա ժպտում էր և ձեռքը թափ տալիս։
Ուշ ժամին վերադառնալով տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակը, նա Շվեյկին գտավ հեռախոսի մոտ նստած.
— Ձևը անէություն է, իսկ անէությունը՝ ձև,— ասաց նա դժվարությամբ, առանց շորերը հանելու ընկավ մահճակի վրա և ձեռաց քնեց։
Շվեյկը շարունակեց հեռախոսի մոտ նստած մնալ, քանի որ դրանից երկու ժամ առաջ պորուչիկ Լուկաշը նրան հեռախոսով հայտնելով, թե ինքը դեռևս պարոն գնդապետի մոտ հրավիրված խորհրդակցությունում է, մոռացել էր ասել, թե նա կարող է հեռախոսից հեռանալ։
Այնուհետև Շվեյկի հետ խոսեց դասակապետ Ֆուքսը, որը տասը շարքայինների հետ իզուր սպասելով ավագ գրագրին, միայն հիմա էր նկատել, որ պահեստը փակ է։
Վերջապես, Ֆուքսը ինչ-որ տեղ գնաց, և տասը շարքայինները մեկը մյուսի հետևից վերադարձան իրենց բարաքը։ Շվեյկը ժամանակ առ ժամանակ իր ձանձրույթը փարատում էր նրանով, որ վերցնում էր հեռախոսափողը և ականջ դնում։ Հեռախոսը նորագույն սիստեմի էր, որ միայն վերջերս էր բանակում գործածության մեջ դրվել, և ուներ այն առավելությունը, որ նրանով կարելի էր ամբողջ գծի վրա միանգամայն պարզ լսել ուրիշների խոսակցությունները։
Գումակը հայհոյական խոսքեր էր փոխանակում հրետանավորների զորանոցի հետ, սակրավորները սպառնում էին դաշտային փոստին, հրաձգարանը հայհոյում էր գնդացրային զորամասին։
Իսկ Շվեյկը, տեղից վեր չկենալով, նստած էր ու նստած հեռախոսի մոտ…
Գնդապետի մոտ խորհրդակցոլթյունր շարունակվում էր։
Գնդապետ Շրեդերը մի նորագույն տեսություն էր զարգացնում դաշտային ծառայության մասին և առանձնապես ընդգծում նռնականետների նշանակությունը։
Նա անկապ-անկապ խոսում էր, թե երկու ամիս առաջ ռազմաճակատն ինչպես էր դասավորված, հարավում ու արևելքում, թե ինչպիսի կարևորություն ունի առանձին զորամասերի սերտ կապը, խոսում էր հեղձուցիչ գազերի, հակառակորդի սավառնակները գնդակոծելու, ռազմաճակատում զինվորների մատակարարման մասին և հետո անցավ բանակում գոյություն ունեցող ներքին փոխհարաբերություններին։ Ապա երկար-բարակ խոսեց այն վերաբերմունքի մասին, որ պետք է ունենան սպաները շարքայինների, իսկ շարքայինները ենթասպաների նկատմամբ, թշնամու կողմն անցնող փախստականների մասին, քաղաքական իրադարձությունների, ինչպես և այն մասին, որ չեխ զինվորների հիսուն տոկոսը քաղաքականապես անբարեհույս է։
― Jawohl, meine Herren, der Kramarsch, Scheiner und Klofatsch[106]…
Այդ միջոցին սպաների մեծ մասը մտածում էր, թե վերջապես, ե՞րբ պիտի այդ ծեր շաղակրատն ավարտի իր դատարկախոսությունը, սակայն գնդապետ Շրեդերը շարունակում էր ամեն տեսակ հիմարություններ դուրս տալ նոր երթային գումարտակների նոր խնդիրների, կռվում ընկած սպաների, օդապարիկների, լարափակոցների, երդումի մասին․․․
Այդ ժամանակ պորուչիկ Լուկաշը հիշեց, որ երբ ամբողջ երթային գումարտակը երդում էր տալիս, քաջարի զինվոր Շվեյկին երդվելու չէին բերել, քանի որ այն օրերին նա նստած էր դիվիզիոնի դատարանում։
Եվ, այդ հիշելով, նա հանկարծ ծիծաղեց։
Դա հիստերիկ ծիծաղի պես մի բան էր, որով նա վարակեց իր կողքին նստած սպաներից մի քանիսին։ Նրա ծիծաղը գրավեց գնդապետի ուշադրությունը, իսկ գնդապետը հենց այդ պահին խոսում էր ինչ-որ փորձի մասին, որ ձեռք էր բերվել գերմանական բանակների Արդենյան նահանջի ժամանակ։ Այդ ամենը իրար խառնելով, գնդապետը վերջացրեց.
— Պարոնայք, դրանում ծիծաղելու բան չկա։
Հետո բոլորը գնացին սպայական ժողովարան, քանի որ գնդապետ Շրեդերին բրիգադի շտաբը հեռախոսի մոտ կանչեց։
Շվեյկը հեռախոսի մոտ նիրհում էր, երբ հանկարծ նրան արթնացրեց զանգը։
— Ալլո՛,— լսվեց հեռախոսափողի մեջ,— հեռախոսի մոտ է regmientskanlei-ը։
― Ալլո՛,— պատասխանեց Շվեյկը,— սա տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակն է։
― Մի ուշացրու,― լսվեց նույն ձայնը,― վերցրու մատիտը և գրիր։ Հեռախոսագիր ընդունիր։
— Տասնմեկերորդ երթային վաշտին…
Այնուհետև իրար հետևեցին ինչ-որ տարօրինակ ֆրազներ, քանի որ միաժամանակ խոսում էին տասներկուերորդ և տասներեքերորդ երթային վաշտերը, և հեռախոսագիրը բոլորովին անէացավ հնչյունների այդ քաոսի մեջ։ Շվեյկը ոչ մի բառ հասկանալ չէր կարողանում։ Վերջապես ամեն ինչ խաղաղվեց, և Շվեյկը կարողացավ լսել.
— Ալլո, ալլո, կրկնիր և մի ուշացրու։
— Ի՞նչը կրկնեմ։
— Ինչը կրկնե՞ս, դդո՛ւմ։ Հեռախոսագիրը։
— Ի՞նչ հեռախոսագիր։
— Գրո՛ղը տանի քեզ։ Խո՞զ ես, ինչ է։ Այն հեռախոսագիրը, որ քեզ թելադրեցի, դմբո՛։
— Ես ոչինչ չլսեցի, մի ուրիշն էլ էր խոսում։
— Էշի մեկը էշ։ Կարծում ես հետդ խա՞ղ եմ անում։ Հեռախոսագիրն ընդունելո՞ւ ես թե ոչ։ Մատիտ ու թուղթ ունե՞ս։ Ի՞նչ… Չունե՞ս… Անասո՛ւն։ Ուրեմն սպասեմ մինչև գտնե՞ս։ Ա՛յ թե զինվորներ են… Հը՛, ի՞նչ արիր։ Գուցե դեռ չե՞ս պատրաստվել։ Վերջապես տեղից շարժվեցիր։ Ուրեմն լսիր՝ 11. Marschkumpanie[107]. Կրկնիր։
― 11. Marschkumpanie.
― Kumpaniekommandant․․․[108] — Գրեցի՞ր։ Կրկնիր։
— Kumpaniekommandant…
— Zur Besprechung morgen…[109] — Գրեցի՞ր։ Կրկնիր։
— Zur Besprechung morgen…
— Um neun Uhr․ Unterschrift.[110] Հասկանո՞ւմ ես Unterschrift-ն ինչ է, կապի՛կ։ Դա նշանակում է ստորագրություն։ Ասածս կրկնիր։
— Um neun Uhr․ Unterschrift. Հասկանո՞ւմ ես Unterschift-ը ինչ է, կապիկ։— Դա նշանակում է ստորագրություն,― կրկնեց Շվեյկը։
— Հիմա՛ր։ Ստորագրություն՝ Oberst Schröder[111], անասո՛ւն։ Գրեցի՞ր։ Կրկնի՛ր։
— Oberst Schröder, անասո՛ւն։
— Վերջապես, դդո՛ւմ։ հեռախոսագիրն ո՞վ ընդունեց։
— Ես։
― Himmelherrgott![112]. Ո՞վ է այդ «ես»-ը։
— Շվեյկը։ Էլ ի՞նչ կա։
— Փա՛ռք աստծո, էլ ոչինչ։ Քեզ ավելի կսազեր «Էշեկ» ազգանունը։ Ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։
— Ոչ մի նորություն։ Ամեն ինչ առաջվանն է։
— Երևի, դա քեզ դուր է գալիս։ Այսօր ձեզ մոտ, ասում են, ինչ-որ մեկին կապել են, հա՞։
— Ընդամենը պարոն օբեր-լեյտենանտի սպասյակին։ Նրա ճաշը լափել էր։ Չգիտե՞ս երբ ենք ճանապարհվում։
— Համա՜ թե հարց տվիր, եղբայր․․․ Դա նույնիսկ ծերուկը չգիտե։ Բարի գիշեր։ Ձեզ մոտ լու շա՞տ կա։
Շվեյկը հեռախոսափողը կախեց ու սկսեց արթնացնել ավագ գրագիր Վանեկին, որը գազազած հայհոյում էր, իսկ երբ Շվեյկը սկսեց նրան թափահարել Վանեկը մի հարված հասցրեց նրա քթին, ապա շրջվեց փորի վրա և սկսեց քացի-քացի անել։
Շվեյկին այնուամենայնիվ հաջողվեց նրան արթնացնել, և նա, աչքերը տրորելով, դեմքը շրջեց դեպի նրա կողմը և վախեցած հարցրեց.
— Ի՞նչ է պատահել։
— Առանձին ոչինչ,— պատասխանեց Շվեյկը,— կուզեի ձեզ հետ խորհուրդ անել։ Հենց նոր հեռախոսագիր ստացանք, թե վաղը ժամը իննին պորուչիկ Լուկաշը պետք է գնա գեներալի մոտ խորհրդակցության։ Հիմա չգիտեմ ի՞նչ անեմ։ Հենց հիմա գնամ նրան հայտնեմ, թե՞ թողնեմ վաղվան։ Երկար մտածեցի, թե արժե՞ ձեզ արթնացնել, քանի որ այնպես լավ խռմփում էիք… Բայց հետո միտք արի, որ ինչքան չլինի մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ…
— Ի սեր աստծո, խնդրում եմ, մի խանգարեք ինձ քնել,— սկսեց բղավել Վանեկը՝ լիաբերան հորանջելով, գնացեք առավոտյան և ինձ մի արթնացրեք։
Նա շրջվեց կողքի վրա և իսկույն նորից քնեց։
Շվեյկը նորից նստեց հեռախոսի մոտ և, գլուխը սեղանին դնելով, սկսեց ննջել, բայց հեռախոսի զանգն արթնացրեց նրան։
— Ալլո, տասնմեկերորդ երթային վա՞շտն է։
— Այո, տասնմեկերորդ երթային վաշտը։ Ո՞վ է հարցնում։
— Տասներեքերորդ երթային վաշտը։ Ալլո։ Ժամը քանի՞սն է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսակայանի հետ կապվել։ Չգիտեմ ինչու այսքան ժամանակ չեն գալիս ինձ փոխարինելու։
— Մեր ժամացույցը կանգնած է։
— Ուրեմն՝ մերի պես։ Չգիտե՞ս երբ ենք ճանապարհվում։ Գնդի գրասենյակի հետ չե՞ս խոսել։
— Նրանք էլ մեզ պես բան չգիտեին… Մի՛ կոպտեք, օրիորդ։ Արդեն պահածո ստացա՞ք։ Մերոնք գնացին այնտեղ և բան չբերին։ Պահեստը փակ է եղել։
— Մերոնք էլ դատարկաձեռն եկան։ Միայն իզուր տեղը խուճապ են բարձրացնում։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւր ենք գնալու։
— Ռուսաստան։
— Իսկ իմ կարծիքով, ավելի շուտ՝ Սերբիա։ Դա կերևա Բուդապեշտ հասնելուց հետո։ Եթե մեզ դեպի աջ տանեն, ուրեմն՝ գնում ենք Սերբիա, իսկ եթե դեպի ձախ՝ Ռուսաստան։ Դուք արդեն իրեղենի տոպրակներ ունե՞ք։ Ասում են, ռոճիկը բարձրացնելու են։ «Երեքնուկ» խաղո՞ւմ ես։ Թե որ խաղում ես, վաղն այստեղ արի։ Մենք ամեն իրիկուն շփշփացնում ենք։ Հեռախոսի մոտ քանի՞ հոգի եք նստած։ Մի՞ հոգի։ Դե որ այդպես է, թքիր ամեն ինչի վրա ու գնա մրափիր։ Տարօրինակ կարգեր են ձեզ մոտ։ Երևի դու այստեղ քեզ այնպես ես զգում, ինչպես հավը եռման ջրի մեջ։ Է՛հ, վերջապես եկան ինձ փոխարինելու։ Դե՛, անուշ քուն։
Շվեյկն հիրավի անուշ քնեց հեռախոսի մոտ դրված սեղանի վրա, մոռանալով հեռախոսափողը կախել, այնպես որ ոչ ոք չէր կարող նրա քունը խանգարել։ Իսկ գնդի գրասենյակում հեռախոսավարն ամբողջ գիշերը հայհոյում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում կապվել տասնմեկերորդ երթային վաշտի հետ և հաղորդել մի նոր հեռախոսագիր, թե վաղը մինչև ցերեկվա ժամը տասներկուսը գնդի գրասենյակին պետք է ներկայացնել այն զինվորների ցուցակը, որոնց հակատիֆային պատվաստում չի արված։
Պորուչիկ Լուկաշը զինվորական բժիշկ Շանցլերի հետ դեռ նստած էր սպայական ժողովարանում։ Շանցլերը, աթոռին հեծած, բիլիարդի կիյով համաչափ տկտկացնում էր հատակը և հետն էլ արտաբերում հետևյալ ֆրազները.
— Սարակինոսյան Սալահ-Էդդին սուլթանն առաջինն էր, որ ճանաչեց սանիտարական անձնակազմի չեզոքությունը։
Կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին պետք է վճարի դեղորայքի և բուժման ծախքերը։
Անհրաժեշտ է թույլատրել, որ բժիշկներին և բուժակներին գեներալական վկայականներով ուղարկեն վիրավոր թշնամիներին օգնություն ցույց տալու։
Անհրաժեշտ է նաև գերի ընկած վիրավորներին պահակների հսկողությամբ հետ ուղարկել կամ փոխանակել, հետո նրանք կարող են ծառայությունը շարունակել գործող բանակում։
Չի թույլատրվում երկու կողմերի հիվանդներին ո՛չ գերի վերցնել, ո՛չ սպանել. անհրաժեշտ է նրանց ուղարկել անվտանգ տեղերում գտնվող հոսպիտալներ։
Թույլատրվում է նրանց մոտ պահակախումբ թողնել, որը, ինչպես և հիվանդները, պետք է վերադառնան գեներալական վկայականներով։ Այդ ամենը տարածվում է նաև ռազմաճակատային հոգևորականների, բժիշկների, վիրաբույժների, դեղագործների, բուժակների, սանիտարների և հիվանդներին սպասարկող այլ անձանց վրա։ Նրանք բոլորը չեն կարող գերի վերցվել, այլ նույն կարգով պետք է հետ ուղարկվեն։
Բժիշկ Շանցլերն այդ միջոցին արդեն երկու կիյ, էր կոտրել և դեռ չէր ավարտել իր տարօրինակ դասախոսությունը պատերազմի ժամանակ վիրավորներին պահպանելու մասին, շարունակ իր ճառի մեջ խոթելով ինչ-որ անհասկանալի գեներալական վկայականներ։
Պորուչիկ Լուկաշը խմեց-վերջացրեց իր սև սուրճը և գնաց տուն, որտեղ տեսավ, որ մորուքավոր հսկա Բալոունը զբաղված է նրա սպիրտայրոցի վրա, երշիկ տապակելով։
— Ես հանդգնեցի,— կմկմալով ասաց Բալոունը,— ես ինձ թույլ տվի, համարձակվում եմ զեկուցել…
Լուկաշը հետաքրքրությամբ նայեց նրան։ Այդ պահին Բալոունը նրան թվաց մի մեծ երեխա, մի միամիտ արարած, և պորուչիկ Լուկաշը զղջաց, որ հրամայել էր նրան կապել իր վիթխարի ախորժակի համար։
— Տապակի՛ր, տապակի՛ր, Բալոուն,— ասաց նա, թուրն արձակելով,— ես կհրամայեմ վաղվանից քեզ համար մի բաժին ավելի հաց դուրս գրել։
Պորուչիկը նստեց սեղանի առաջ։ Հանկարծ նա իր հորաքրոջը սենտիմենտալ նամակ գրելու ցանկություն զգաց։ Եվ գրեց.
«Սիրելի՛ հորաքրւյր․
Հենց նոր հրաման ստացա, որ պատրաստվեմ իմ երթային վաշտով ռազմաճակատ մեկնելու։ Գուցե սա լինի վերջին նամակը, որ քեզ գրում եմ։ Ամենուրեք կատաղի մարտեր են և մեր կորուստները մեծ են։ Եվ ինձ համար դժվար է այս նամակն ավարտել «ցտեսություն» բառով։ Ավելի ճիշտ կլինի գրել «մնաս բարով»»։
«Կվերջացնեմ վաղն առավոտյան»,— մտածեց պորուչիկ Լուկաշը և գնաց քնելու։
Բալոունը տեսնելով, որ պորուչիկ Լուկաշը պինդ քնած է, նորից սկսեց բնակարանում դես ու դեն ընկնել ու պրպտել, ինչպես տարականները գիշեր ժամանակ. բացեց պորուչիկի ճամպրուկը և մի կտոր շոկոլադ կծեց։ Հանկարծ վախեցավ, երբ պորուչիկը քնի մեջ շարժվեց, կծած շոկոլադն հապշտապ դրեց ճամպրուկի մեջ և սսկվեց։
Հետո զգուշաբար նայեց, թե պորուչիկն ինչ է գրել։
Կարդաց և զգացվեց, մանավանդ «մնաս բարով» բառերը կարդալիս։
Նա պառկեց դռան մոտ փռած իր ծղոտե ներքնակի վրա և հիշեց հայրենի տունն ու այն օրերը, երբ խոզեր էին մորթում։
Բալոունը ոչ մի կերպ չէր կարողանում իրենից վանել այն պայծառ պատկերը, թե ինչպես ինքը ծակում է տլաչենկան, որպեսզի միջից օդը դուրս գա և խաշելիս չտրաքի։
Հիշելով, թե ինչպես մի անգամ հարևանների տանը մի ամբողջ երշիկ տրաքեց ու եփելուց քրքրվեց, նա քնեց անհանգիստ քնով։ Երազում տեսավ, որ անփորձ երշիկագործ է կանչել, որը լյարդաթոքի երշիկներն այնպես վատ է լցնում, որ անմիջապես տրաքում են։ Հետո տեսավ, որ մսագործը մոռացել է արյունի երշիկ պատրաստել, թե բուժենինան կորել է և լյարդաթոքի երշիկի համար աղիքները հերիք չեն անում։ Ապա տեսավ դաշտային դատարանը, թե իբր իրեն բռնել են երթային խոհանոցից մի կտոր միս գողանալիս։ Վերջապես, տեսավ, թե իբր ինքը Լեյտի Բրուկի զինվորական ճամբարի ծառուղիներում կախված է մի լորենուց։
Շվեյկն արթնացավ իր քնից ելնող արեգակի հետ, որը ծագեց խտացրած սուրճի անուշ բուրմունքի մեջ, որ փչում էր բոլոր վաշտային խոհանոցներից։ Շվեյկը մեքենաբար, այնպես, որ կարծես հեռախոսով խոսելը նոր էր ավարտել, հեռախոսափողը կախեց և դրա սենյակում սկսեց իր առավոտվա բուժազբոսանքը։ Այդ միջոցին նա երգում էր, սկսելով այն երգի կեսից, թե ինչպես զինվորը աղջկա շոր է հագնում և գնում ջրաղաց՝ իր սիրածի մոտ, իսկ ջրաղացպանը նրան պառկեցնում է քնելու իր աղջկա կողքին, բայց նախքան այդ գոռում.
Վեր կաց, պառա՛վ, բեր ապուրը,
Թող կուշտ ուտի ազիզ հյուրը։
Ջրաղացպանի կինը կերակրում է անպատկառ տղային, իսկ հետո սկսվում է ընտանեկան ողբերգությունը.
Ծեգին զարթնեց ջաղացպանը,
Տեսավ՝ գրած իր դռանը.
Ձեր աղջիկն այս իրիկունը
Կորցրել է իր կուսությունը։
Շվեյկն երգի վերջն այնպես բարձր երգեց, որ ամբողջ գրասենյակը լցվեց կենդանությամբ։ Ավագ գրագիր Վանեկն արթնացավ ու հարցրեց.
— ժամը քանի՞սն է։
— Այգաշեփորը հենց նոր փչեցին։
— Որ այդպես է, վեր կկենամ սուրճից հետո,— որոշեց Վանեկը, որ շտապելու սովորություն չուներ,— առանց այն էլ նորից պիտի մեզնից ձեռք չքաշեն ու վազվզեցնեն, ինչպես երեկ այն պահածոների համար։
Վանեկը հորանջեց ու հարցրեց․
— Երեկ տուն գնալուցս հետո հո ավելորդ բաներ դուրս չտվի՞։
— Որոշ անպատեհ բաներ դուրս տվիք,— ասաց Շվեյկը։— Շարունակ ձեզուձեզ ինչ որ ձևերի մասին էիք դատում, թե իբր ձևը ձև չէ, իսկ այն, ինչ ձև չէ՝ ձև է, և այդ ձևը դարձյալ ձև չէ։ Բայց դա ձեզ շուտ հոգնեցրեց, և դուք իսկույն սկսեցիք խռխռալ, ինչպես սղոցն աշխատելիս։
Շվեյկը լռեց, զբոսնելով հասավ դռանը, նորից դարձավ դեպի ավագ գրագրի մահճակը, կանգ առավ և սկսեց.
— Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, պարո՛ն ավագ գրագիր, ապա երբ լսեցի, թե այդ ձևերի մասին ինչ եք ասում, հիշեցի լապտերավառ Զատկային։ Այդ Զատկան ծառայում էր Լետնայի գազակայանում և նրա պարտականությունը լապտերները վառելն ու հանգցնելն էր։ Նա շատ լուսավորված մարդ էր, զանազան գիշերային գինետներ էր հաճախում, քանի որ լապտերները վառելուց մինչև հանգցնելը ժամանակ շատ կար, իսկ հետո, լուսադեմին, գազակայանում ճիշտ այնպիսի բաներ էր ասում, ինչպես, օրինակ, դուք երեկ, միայն թե նա այսպես էր խոսում. «Սրանք զառեր են, որովհետև դրանց վրա ես տեսնում եմ եզրեր ու երեսակներ»։ Ես դա ականջովս լսեցի, երբ մի անգամ, փողոցում մաքրություն պահպանած չլինելու համար, մի հարբած ոստիկան ինձ ոստիկանական վարչություն տանելու փոխարեն սխալմամբ տարավ գազակայան։ Հետո,— ասաց Շվեյկը ցածը ձայնով,— այդ Զատկայի վերջը վատ եղավ։ Նա սուրբ Մարիամի կոնգրեգացիայի մեջ մտավ, երկնային այծերի հետ գնում էր Կառլի հրապարակի սուրբ Իգնատնատիոս եկեղեցում պատեր Եմելկայի քարոզները լսելու և, երբ մի անգամ սուրբ Իգնատիոս եկեղեցին միսիոներներ եկան, մոռացավ իր շրջանի բոլոր գազալապտերները հանգցնել, այնպես, որ երեք օր ու երեք գիշեր փողոցներում գազն անընդհատ վառվում էր։ Վատ բան է,— շարունակեց Շվեյկը,— երբ մարդ հանկարծ սկսում է փիլիսոփայել, դրանից միշտ էլ սպիտակ ջերմախտի հոտ է գալիս։ Մի քանի տարի սրանից առաջ մայոր Բլյուգերին Յոթանասունհինգերորդ գնդից տեղափոխել էին մեզ մոտ։ Նա միշտ, ամիսը մի անգամ, հավաքում էր մեզ, քառանկյունաձև շարք կանգնեցնում և սկսում մեզ հետ փիլիսոփայել, թե սպայի կոչումն ի՛նչ է։ Սալորօղուց բացի ոչինչ չէր խմում։
— Յուրաքանչյուր սպա, զինվորնե՛ր,— բացատրում էր նա մեզ զորանոցի բակում,— ինքնին հանդիսանում է կատարելագույն էակ, որն օժտված է հարյուր անգամ ավելի շատ խելքով, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Դուք չեք կարող պատկերացնել ավելի կատարյալ բան, քան սպան, եթե նույնիսկ ձեր ամբողջ կյանքում այդ մասին մտածեք։ Յուրաքանչյուր սպա մի անհրաժեշտ էակ է, մինչդեռ դուք՝ շարքայիներդ, պատահական տարրեր եք, և ձեր գոյությունը հանդուրժելի է, բայց ոչ անհրաժեշտ: Եթե բանը հասներ պատերազմի և դուք զոհվեիք հանուն թագավոր կայսեր, դա, իհարկե, շատ լավ կլիներ։ Դրանից շատ բան չէր փոխվի, բայց եթե առաջինը ձեր սպան զոհվեր, այն ժամանակ կզգայիք, թե որքան կախված եք նրանից և որքան մեծ է այդ կորուստը։ Սպան պետք է ապրի, իսկ դուք ձեր գոյությամբ պարտական եք միայն պարոն սպաներին։ Դուք նրանցից եք ծագում, դուք առանց սպաների յոլա չեք գնա, դուք առանց պետի նույնիսկ շնչել չեք կարող։ Սպան ձեզ համար, զինվորնե՛ր, բարոյականության օրենք է, միևնույն է՝ դուք այդ հասկանում եք թե ոչ։ Իսկ քանի որ ամեն մի օրենք պետք է օրենսդիր ունենա, ապա ձեզ համար օրենսդիր է միայն սպան, որին դուք ձեզ պարտական եք զգում և պետք է զգաք ամեն ինչի համար, և դուք առանց որևէ բացառության պետք է կատարեք նրա ամեն մի հրամանը, անկախ այն բանից, թե դա ձեզ դուր է գալիս թե ոչ»։ Իսկ մի անգամ իր ճառն ավարտելուց հետո մայոր Բլյուգերն սկսեց շրջագայել կարեն և մեկին մյուսի հետևից հարցնել.
— Ի՞նչ ես գգում դու, երբ չափից ավելի ես խմում։
Նրանք էլ մի կերպ, անկապ ու կցկտուր, պատասխանում էին, թե իբր երբեք բանը դրան չի հասել, և կամ ամեն անգամ, երբ մարդ չափից ավելի է խմում՝ սիրտը սկսում է խառնել, իսկ մեկն էլ ասաց, թե իսկույն զգացել է, որ արձակուրդից զրկվելու է։ Մայոր Բլյուգերն անմիջապես հրամայեց նրանց բոլորին մի կողմ տանել, որպեսզի ճաշից հետո բակում ազատ մարմնամարզությամբ զբաղվեն ի պատիժ այն բանի, որ չեն կարողանում իրենց զգացածն արտահայտել։ Սպասելով իմ հերթին, ես հիշեցի, թե նա վերջին անգամ ինչի մասին էր երկար-բարակ խոսում, և երբ մայորը մոտեցավ ինձ, բոլորովին հանգիստ պատասխանեցի. «Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն մայոր, երբ ես չափից ավելի եմ խմում, ամեն անգամ ներսս մի տեսակ անհանգստություն, վախ և խղճի խայթ եմ զգում։ Իսկ երբ ժամանակին եմ վերադառնում զորանոց, ինձ մի երանելի հանգստություն և ներքին բավականություն է համակում»։ Շուրջս բոլորը սկսեցին հռհռալ, իսկ մայոր Բլյուգերը ծղրտաց. «Քեզ, դդո՛ւմ, միայն փայտոջիլներ են համակում, երբ մահճակի վրա մրափած ես լինում։ Շանորդուն տեսեք, դեռ սրախոսում էլ է», և ինձ այնպիսի շպանգլներ տվեց, որ ասել չեմ կարող։
— Զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի,— ասաց ավագ գրագիրը, ծուլորեն մեկնվելով իր մահճակի վրա,— հնուց այդպես է ընդունված․ ինչպես էլ որ պատասխանես, ինչ էլ որ անես, միշտ գլխիդ ամպեր են կախված և վրադ շանթ ու կայծակ է տեղում։ Առանց դրան կարգապահություն չի լինի։
— Ճիշտ եք ասում,— ասաց Շվեյկը։— Երբեք չեմ մոռանա, թե զորակոչիկ Պեխին ինչպես նստեցրին։ Մեր վաշտի հրամանատարն էր լեյտենանտ Մոցը։ Մի անգամ նա զորակոչիկներին հավաքեց և սկսեց հարցնել, թե ով որտեղից է։ «Ամենից առաջ, դեղնակտուցնե՛ր,— դիմեց նա նրանց,— դուք պետք է սովորեք պատասխանել պարզ ու կարճ, մտրակը շրխկացնելու պես։ Դե, ուրեմն, սկսենք. դուք որտեղացի՞ եք, Պեխ»։ Պեխը ինտելիգենտ տղա էր և այսպես պատասխանեց. «Գյուղն Նիժնի Բոուսով, Unter Bauzen, 267 տուն, 1936 չեխ բնակիչ, Իչինի շրջան, վոլոստ Սոբոտկա, նախկին Կոստիի հայրենաժառանգ կալվածք, սուրբ Եկատերինայի ծխական եկեղեցի, որ կառուցվել է տասնչորսերորդ դարում և վերակառուցվել կոմս Վացլավ Վրատիսլավ Նետոլիցկու արյամբ և ձեռամբ, դպրոց, փոստ, հեռագրատուն, չեխական ապրանքատար գնացքների կայարան, շաքարի գործարան, ջրաղաց, սղոցարան, Վալխա անունով մի խուտոր, տարեկան վեց տոնավաճառ…»։
Լեյտենանտ Մոցը նետվեց նրա վրա և սկսեց դնչին հարվածներ տեղալ, ասելով․ «Ահա քեզ առաջին տոնավաճառը, ահա երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը․․․»։ Իսկ Պեխը, թեպետ և զորակոչիկ էր, պահանջեց թույլ տալ, որ գումարտակին բողոքի զեկույց ներկայացնի։ Այն ժամանակ գրասենյակում մի խումբ շատ ուրախ մարդիկ կային։ Եվ ահա նրանք այնտեղ գրեցին, թե նա ուղարկվում է գումարտակ՝ զեկույց տալու Նիժնի Բոուսովի ամենամյա, տոնավաճառների մասին։ Այն ժամանակ գումարտակի հրամանատարն էր մայոր Ռոգելը։ «Բանն ի՞նչ է հարցրեց նա Պեխին, իսկ նա միանգամից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել պարոն մայոր, Նիժնի Բոուսովում տարեկան վեց տոնավաճառ է լինում»։ Մայորն սկսեց բղավել նրա վրա, ոտքերը գետնին խփեց և անմիջապես հրամայեց նրան տանել զինվորական հոսպիտալ խելագարների բաժանմունքը։ Այդ օրից ի վեր Պեխս դարձավ ամենահետին զինվորը, ոչ թե զինվոր, այլ իսկական պատիժ։
— Զինվորին դաստիարակելը հեշտ գործ չէ,— հորանջելով ասաց ավագ գրագիր Վանեկը։— Այն զինվորը, որ զինվորական ծառայության մեջ ոչ մի անգամ չի պատժվել, զինվոր չէ։ Գուցե խաղաղ ժամանակ հնարավոր էր, որ առանց որևէ պատժի ծառայությունն ավարտած զինվորը հետո, քաղաքացիական ծառայության մեջ, ամեն տեսակ արտոնություններ ունենար։ Հիմա բոլորովին հակառակն է, ամենավատ զինվորները, որոնք խաղաղ ժամանակ բանտից դուրս չէին գալիս, պատերազմի մեջ ամենալավ զինվորներն եղան։ Հիշում եմ ութերորդ երթային վաշտի շարքային Սիլվանուսին։ Օր չէր լինի, որ մի պատիժ չստանար։ Այն էլ ի՜նչպիսի պատիժներ։ Չէր ամաչում ընկերոջից գողանալ վերջին կրեյցերը։ Իսկ երբ կռվի մեջ մտավ, առաջինը նա կտրատեց լարափակոցները, երեք հոգու գերի վերցրեց և նրանցից մեկին հենց դաշտի մեջ գնդակահարեց, թե ինչ է իրեն վստահություն չի ներշնչում։ Արծաթե մեծ մեդալ ստացավ, օձիքի վրա երկու աստղ կտրեցին, և եթե հետո Դուկելի լեռնանցքում նրան չկախեինք հիմա վաղուց դասակապետ կլիներ։ Իսկ կռվից հետո անհնար էր նրան չկախել։ Մի անգամ հանձն առավ տեղադիտության գնալ, իսկ մյուս գնդի պարեկը նրան բռնեց դիակները պրպտելու վրա։ Մոտը ութ հատ ժամացույց և բազմաթիվ մատանիներ գտան։ Կախեցին բրիգադի շտաբի մոտ։
— Դա ցույց է տալիս,— խորիմաստ կերպով ասաց Շվեյկը,— որ ամեն մի զինվոր ինքը պիտի իր համար դիրք ստեղծի։
Հեռախոսի զանգը հնչեց։ Ավագ գրագիրը մոտեցավ հեռախոսին։ Ձայնից կարելի էր ճանաչել, որ խոսողը պորուչիկ Լուկաշն է, որը հարցնում էր, թե պահածոներն ինչ եղան, ապա լսելի էր, թե նա ինչպես էր շշպռում։
— Ճիշտ եմ ասում, պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ,— հեռախոսի մեջ գոռում էր Վանեկը։— Ախր որտեղի՞ց պիտի լիներ, դա միայն ինտենդանտության ֆանտազիան է։ Բոլորովին կարիք չկար այնտեղ մարդ ուղարկելու։ Ես ուզում էի ձեզ հեռախոսել։ Ես կանտինայո՞ւմ։ Ո՞վ ասաց։ Սպայական խոհանոցի օկուլտիստ խոհարա՞րը։ Իսկապես, ես ինձ թույլ տվի մտնել այնտեղ։ Իսկ գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, թե այդ օկուլտիստն ինչ անուն տվեց պահածոյի համար ստեղծված իրարանցմանը։ «Անծինի սարսա՛փ»։ Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես միանգամայն սթափ եմ։ Ինչ է անում Շվեյկը՞։ Նա այստեղ է։ Կհրամայե՞ք կանչել… Շվեյկ, հեռախոսի մոտ,— ձայն տվեց ավագ գրագիրը և փսփսալով ավելացրեց․— Եթե հարցնի, թե ինչ վիճակում եմ վերադարձել, ասացեք՝ միանգամայն կարգին։
Շվեյկը հեռախոսի մոտ է․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, հեռախոսի մոտ է Շվեյկը։
— Լսեցեք, Շվեյկ, պահածոյի գործն ի՞նչ եղավ։ Ամեն ինչ կարգի՞ն է։
— Պահածո չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Այդ մասին ձայն-ձուն չկա։
— Ես կցանկանայի, Շվեյկ, որ դուք, քանի դեռ մենք ճամբարում ենք, ամեն առավոտ գայիք ինձ զեկուցելու։ Իսկ երբ մեկնենք, դուք միշտ ինձ մոտ կլինեք։ Գիշերն ի՞նչ էիք անում։
— Ամբողջ գիշերը հեռախոսի մոտ նստած էի։
— Որևէ նորություն կա՞։
— Կա, պարոն օբեր-լեյտենանտ։
— Շվեյկ, դուք նորից ձեզ հիմարի տեղ եք դնում։ Որևէ կարևոր, շտապ բան հաղորդե՞լ են։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, միայն թե ժամը իննին։
— Իսկ ի՞նչու այդ մասին ինձ անմիջապես չզեկուցեցիք։
— Չէի ուզում ձեզ անհանգստացնել, պարոն օբեր-լեյտենանտ, նույնիսկ չհամարձակվեցի այդ մասին մտածել։
— Վերջապես ասացեք, գրո՛ղը տանի ձեզ, ժամը իննին ի՞նչ…
— Հեռախոսագիր, պարոն օբեր-լեյտենանտ։
— Ես ձեզ չեմ հասկանում։
— Ես դա գրի եմ առել, պարոն օբեր-լեյտենանտ. «Հեռախոսագիր ընդունեցեք։ Ո՞վ է հեռախոսի մոտ… Ընդունեցի՞ր։ Կարդա…», և ինչ-որ մի այդպիսի բան էլ…
— Գրո՛ղը տանի ձեզ, Շվեյկ։ Ձեզ հետ գործ ունենալը տանջանք է։ Հաղորդեցեք ինձ բովանդակությունը, ապա թե ոչ այնպես կապտակեմ, որ… Դե՛հ։
— Նորից ինչ-որ խորհրդակցություն, պարոն օբեր-լեյտենանա, այսօր ժամը իննին պարոն գնդապետի մոտ։ Գիշերն ուզում էի ձեզ արթնացնել, բայց հետո միտքս փոխեցի։
— Հենց այդ էր պակաս, որ ամեն մի դատարկ բանի համար գիշերն ինձ արթնացնեք։ Դրա համար առավոտյան էլ ժամանակ կգտնվի։ Wieder eine Besprechung, der Teufel soll das alles bliserieren![113] հեռախոսափողը ցած դրեք, հեռախոսի մոտ կանչեցեք Վանեկին։
— Ավագ գրագիր Վանեկը հեռախոսի մոտ է։ Rechnungsfeldwebl Vanek, Herr Oberleutnant[114].
— Վանե՛կ, անմիջապես ինձ համար ուրիշ սպասյակ գտեք։ Այդ սրիկա Բալոունը այս գիշեր իմ ամբողջ շոկոլադը լափել է։ Կապե՞լ։ Ոչ, կուղարկենք սանիտարություն անելու։ Զռփի տղամարդ է, թիկունքը մի սաժեն, թող գնա ու կռվի դաշտից վիրավորներ դուրս բերի։ Ես նրան անմիջապես կուղարկեմ ձեզ մոտ։ Գնդի գրասենյակում անհապաղ կարգավորեցեք այդ ամենը և իսկույն վերադարձեք վաշտ։ Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ կմեկնենք։
— Շտապելու կարիք չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ մենք իններորդ երթային վաշտի հետ մեկնում էինք, ամբողջ չորս օր քթներիցս բռնած ման ածեցին։ Ութերորդին էլ նույնը պատահեց։ Միայն տասներորդի գործը լավ գնաց։ Մարտական լրիվ պատրաստության մեջ էինք, առավոտյան ժամը տասներկուսին հրամանը ստացանք, իսկ երեկոյան արդեն ճանապարհվել էինք։ Սակայն, դրա փոխարեն, մեզ Հունգարիայի մի ծայրից մյուսն էին քշում և չգիտեինք թե մեզնով ո՛ր ճակատի որ ծակը խցկեն։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար դառնալու օրից ի վեր պորուչիկ Լուկաշը գտնվում էր մի այնպիսի վիճակի մեջ, որը սինկրետիզմ է կոչվում այն փիլիսոփայական սիստեմի անունով, որ ջանում է հասկացությունների հակասություններն հաշտեցնել հակադիր հայացքների խառնակման աստիճանին հասնող կոմպրոմիսով։
Եվ այդ իսկ պատճառով նա պատասխանեց.
— Այո՛, գուցե և այդպես է։ Ձեր կարծիքով, այսօր չե՞նք շարժվի։ Ժամի իննին գնդապետի մոտ խորհրդակցություն կա։ Հա՛, ի դեպ, գիտե՞ք, որ հերթապահ եք։ Ես դա հենց այնպես ասացի։ Ինձ համար կազմեցեք… Սպասեցեք, ինչ պիտի կազմեք ինձ համա՞ր․․․ Հա՛, ենթասպաների ցուցակը, նշելով, թե յուրաքանչյուրը երբվանից է ծառայում… Հետո վաշտի համար պարեն ստացեք։ Ազգությո՞ւնը։ Այո՛, այո՛, ազգությունն էլ… Իսկ որ գլխավորն է, ինձ համար մի նոր սպասյակ ուղարկեցեք։ Այսօր պրապորշչիկ Պլեշները զորամասում ինչ պետք է անի՞։ Պետք է պատրաստվել մեկնելու։ Հաշիվնե՞րը։ Ստորագրելու կգամ ճաշից հետո։ Ոչ ոքի քաղաք բաց չթողնեք։ Կանտինա՞, ճամբա՞ր։ Ճաշից հետո միայն մեկ ժամով․․․ Կանչեցեք Շվեյկին․․ Շվե՛յկ, դուք առայժմ կմնաք հեռախոսի մոտ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն օբեր-լեյտենանտ, որ դեռ սուրճ չեմ խմել։
— Որ այդպես է, գնացեք ձեր սուրճը բերեք և մնացեք գրասենյակում, հեռախոսի մոտ, քանի դեռ չեմ կանչել։ Գիտե՞ք հանձնակատարն ինչ է։
— Դա նա է, որ շարունակ վազվզուքի մեջ է, պարո՛ն օբեր-լեյտենանտ։
— Ուրեմն, երբ ձեզ զանգահարեմ՝ տեղում լինեք։ Վանեկին նորից հիշեցրեք, որ ինձ համար սպասյակ գտնի։ Շվե՛յկ։ Ալլո, որտե՞ղ եք։
— Այստեղ եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Հենց նոր սուրճս բերին։
— Շվե՛յկ, Ա՛լլո։
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Սուրճը բոլորովին սառն է։
— Շվեյկ, դուք լավ գիտեք, թե սպասյակ ասածն ինչ է, հետը խոսեցեք, իսկ հետո ինձ կասեք, թե նա իրենից ինչ է ներկայացնում։ Հեռախոսափողը կախեցեք։
Վանեկը կում-կում խմելով սև սուրճը, որի մեջ ռոմ էր լցրել այն շշից, որի վրա ապահովության համար գրված էր՝ «Թանաք», նայեց Շվեյկին ու ասաց.
― Մեր օբեր-լեյտենանտը հեռախոսի մեջ այնպես է գոռում, որ ամեն մի բառը հասկացա։ Ինչպես երևում է, Շվեյկ, դուք օբեր-լեյտենանտի հետ մոտ եք։
— Ես նրա աջ ձեռքն եմ։ Իսկ ձեռքը ձեռք է լվանում։ Մենք երկուսով ինչ փորձանքի մեջ ասես չենք ընկել։ Քանի անգամ ցանկացել են մեզ բաժանել, բայց մենք նորից իրար գտել ենք։ Նա ամեն բանում ինձ է ապավինում։ Քանի՜ անգամ ինքս էլ զարմացել եմ դրա վրա։ Ա՛յ, հենց նոր լսեցիք, որ ասաց, թե պետք է ձեզ հիշեցնեմ, որ իր համար նոր սպասյակ գտնեք, և որ ես այդ մարդու հետ պետք է խոսեմ և նրա մասին իմ կարծիքը հայտնեմ։ Պարոն օբեր-լեյտենանտին ամեն սպասյակ չի գոհացնի։
* * *
Գնդապետ Շրեդերը խորհրդակցության էր հրավիրել երթային գումարտակի բոլոր սպաներին։ Նա անհամբեր սպասում էր այդ խորհրդակցությանը, որպեսզի հնարավորություն ունենար խոսելու։ Բացի դրանից, հարկավոր էր որևէ որոշում ընդունել հոժարական Մարեկի վերաբերմամբ, որը հրաժարվել էր արտաքնոցները մաքրել և որին իբրև խռովարարի գնդապետ Շրեդերը ուղարկել էր դիվիզիայի դատարան։
Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից Մարեկին միայն երեկ գիշեր էին տեղափոխել հաուպտվախտ, որտեղ և գտնվում էր կալանքի տակ։ Միաժամանակ գնդի գրասենյակին հանձնվել էր դիվիզիայի դատարանի հղած վերին աստիճանի խրթին գրությունը, որի մեջ նշվում էր, թե տվյալ դեպքում գործը խռովարարության չի վերաբերվում, քանի որ հոժարականները պարտավոր չեն ոտացճանապարհներ մաքրել, բայց, այնուամենայնիվ, դա դիտվում է որպես կարգապահության խախտում, որպիսի զանցանքը նա կարող է քավել ճակատում օրինակելիորեն ծառայելով։ Նկատի ունենալով այդ ամենը, մեղադրյալ հոժարական Մարեկը նորից ուղարկվում է իր գունդը, իսկ կարգապահության խախտման հետաքննությունը դադարեցվում է մինչև պատերազմի վերջը և կարող է վերսկսվել այն դեպքում, երբ հոժարական Մարեկը նոր զանցանք գործի։
Մի ուրիշ գործ էլ կար։ Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից հոժարական Մարեկի հետ միասին հաուպտվախտ էին տեղավախել նաև ինքնակոչ դասակապետ Տևելեսին, որը վերջերս էր հայտնվել գնդում, ուր նրան ուղարկել էին Զագրեբի հոսպիտալից։ Նա ուներ մեծ արծաթե մեդալ, հոժարականի ուսաթելեր և երեք աստղ։ Այդ Տևելեսը պատմում էր Սերբիայում վեցերորդ երթային վաշտի կատարած հերոսական սխրագործությունների, ինչպես և այն մասին, թե ամբողջ վաշտից միայն ինքն է կենդանի մնացել։ Հետաքննությամբ հաստատվել էր, որ իսկապես պատերազմի սկզբում վեցերորդ երթային վաշտի հետ ոազմաճակատ էր գնացել ինչ-որ Տևելես, որը, սակայն, հոժարականի իրավունքներ չէր ունեցել։ Տեղեկանք էին պահանջել այն բրիգադից, որի կազմի մեջ էր գտնվել վեցերորդ երթային վաշտը 1914 թվի դեկտեմբերի 2-ին Բելգրադից փախչելու ժամանակ, և հաստատվել էր, որ պարգևատրման ներկայացվածների և արծաթե մեդալով պարգևատրվածների մեջ ոչ մի Տևելես չկա։ Չէր հաջողվել, սակայն, պարզել, թե արդյոք բելգրադյան արշավանքի ժամանակ Տևելեսը դասակապետի աստիճան ստացե՞լ էր, որովհետև ամբողջ վեցերորդ երթային վաշտը Բելգրադի սբ. Սավուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած մարտից հետո իր բոլոր սպաների հետ անհետ կորել էր։ Տևելեսը դիվիզիայի դատարանում արդարանում էր, թե իսկապես իրեն արծաթե մեծ մեդալ էին խոստացել և թե դրա համար էլ ինքը մի բոսնիացուց գնել էր այդ մեդալը։ Ինչ վերաբերվում է հոժարականի ուսաթելերին, ապա նա դրանք իր համազգեստի վրա կարել է հարբած վիճակում և շարունակել է կրել միայն այն պատճառով, որ շարունակ հարբած է եղել, քանի որ օրգանիզմը դեզենտերիայից թուլացած է։
Բացելով ժողովը, նախքան այդ երկու հարցերի քննարկմանն անցնելը, գնդապետ Շրեդերը նշեց, թե մեկնումից առաջ,— մի բան, որ արդեն շատ չի ուշանա,— անհրաժեշտ է ավելի հաճախ հավաքվել։ Բրիգադի շտաբից իրեն հաղորդել են, թե դիվիզիայից հրամանների են սպասում։ Զինվորները պետք է կազմ ու պատրաստ լինեն, և վաշտերի հրամանատարները պետք է աչալուրջ հետևեն, որ բոլորն իրենց տեղերում գտնվեն։ Այնուհետև նա մի անգամ էլ կրկնեց այն ամենը, ինչ ասել էր երեկ։ Նորից ռազմական իրադարձությունների տեսություն կատարեց և հիշեցրեց, թե ոչ մի բան չպետք է թուլացնի բանակի մարտական ոգին ու անվեհերությունը։
Նրա առաջ՝ սեղանի վրա փռված էր ռազմական գործողությունների թատերաբեմի քարտեզը՝ քորոցների վրա ամրացված դրոշակիկներով, բայց դրոշակիկները ցած էին գցված և ճակատներն առաջ էին շարժվել։ Հանված դրոշակիկներն ընկած էին սեղանի տակ։
Գիշերը ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմն անճանաչելի դարձնելու չափ տակնուվրա էր արել այն կատուն, որին գրագիրները պահում էին գրասենյակում։ Կատուն կղկղել էր ավստրո-հունգարական ճակատի վրա, և ցանկանալով կոլոնձը թաղել, ցած էր գցել դրոշակիկները և կղկղանքով լղոզել բոլոր դիրքերը, ոռոգել ճակատներն ու նախակամրջային ամրությունները և ապականել բանակային կորպուսները։
Գնդապետ Շրեդերը շատ կարճատես էր։
Երթային գումարտակի սպաները հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես գնդապետ Շրեդերի մատը մոտենում է այդ կոլոնձներին։
— Բուգի ճանապարհը, պարոնա՛յք, անցնում է Սոկալի մոտով,— բարբառեց գնդապետը մարգարեի տեսքով և հիշողությամբ ցուցամատը շարժեց դեպի Կարպատները, ընդ որում խրվեց այն կոլոնձներից մեկի մեջ, որոնց միջոցով կատուն ջանացել էր ռազմական գործողությունների թատերաբեմն ավելի ռելյեֆ դարձնել։
— Was ist das, meine Herren?[115],— զարմացած դիմեց նա, երբ մատին ինչ-որ բան լղոզվեց:
— Wahrscheinlich Katzendreck, Herr Oberst[116],— բոլորի փոխարեն շատ քաղաքավարի պատասխանեց կապիտան Սագները։
Գնդապետ Շրեդերը նետվեց հարևան գրասենյակը, որտեղից լսվեցին որոտալից նզովքներ և ահռելի սպառնալիքներ, թե նա ամբողջ գրասենյակին կստիպի կատվի թողած հետքերը լիզել։
Հարցաքննությունը կարճ տևեց։ Պարզվեց, որ երկու շաբաթ առաջ կատվին գրասենյակ է բերել կրտսեր գրագիր Ցվիբելֆիշը։ Գործը պարզելուց հետո Ցվիբելֆիշը հավաքեց իր ունեցած-չունեցածը, իսկ ավագ գրագիրը նրան տարավ հաուպտվախտ և նստեցրեց մինչև գնդապետի հետագա կարգադրությունները։
Խորհրդակցությունը փաստորեն դրանով էլ ավարտվեց։
Վերադառնալով սպաների մոտ, զայրույթից կարմրատակած, գնդապետ Շրեդերը մոռացավ, որ անհրաժեշտ է խոսել նաև հոժարական Մարեկի և ինքնակոչ դասակապետ Տևելեսի գործի մասին։
— Խնդրում եմ, պարոնայք սպաներ, պատրաստ լինել և սպասել իմ հետագա կարգադրություններին ու հրահանգներին,— ասաց նա կարճ ու կտրուկ։
Եվ այդպես էլ հոժարականն ու Տևելեսը կալանքի տակ մնացին հաուպտվախտում, և, երբ հետո նրանց միացավ Ցվիբելֆիշը, ի վիճակի եղան «ինն» խաղալու, իսկ խաղից հետո սկսեցին իրենց պահակներին նեղել, պահանջելով, որ նրանք որսան իրենց ներքնակների բոլոր լվերը։
Հետո նրանց մոտ խոթեցին տասներեքերորդ երթային վաշտի եֆրեյտոր Պերոուտկային։ Երբ երեկ ճամբարում լուր էր տարածվել, թե մեկնում են դիրքերը, Պերոուտկան անհետացել էր, և առավոտյան Բրուկում պարեկը նրան գտել էր «Սպիտակ վարդում»։ Նա արդարանում էր, թե մեկնելուց առաջ ցանկացել է տեսնել կոմս Հարրախի՝ Բրուկի մոտ գտնվող նշանավոր ապակեգործարանը, իսկ վերադառնալիս ճանապարհը կորցրել է և միայն առավոտյան, բոլորովին հալից ընկած, մի կերպ հասել է «Սպիտակ վարդին» (իսկ իրականում պառկել էր «Սպիտակ վարդի» Ռոզոչկայի հետ)։
* * *
Դրությունն առաջվա պես պարզ չէր։ Մեկնելո՞ւ են թե ոչ։ Շվեյկը տասնմեկերորդ երթային վաշտի գրասենյակում հեռախոսով խիստ բազմապիսի, լավատեսական և հոռետեսական, կարծիքներ էր լսում։ Տասներկուերորդ երթային վաշտը հեռախոսում էր, թե իբր ինչ-որ մեկը գրասենյակից լսել է, որ նախ շարժուն թիրախների վրա հրաձգային վարժություններ պիտի կատարեն և միայն դրանից հետո մեկնեն։ Այդ լավատեսական հայացքը չէր բաժանում տասներեքերորդ երթային վաշտը, որը հեռախոսում էր, թե հենց նոր քաղաքից վերադարձել է կապրալ Գավլիկը, որը մի երկաթուղային ծառայողից լսել է, թե վագոններն արդեն կայարանում պատրաստ կանգնած են։
Վանեկը Շվեյկի ձեռքից զայրացած խլեց հեռախոսափողը և գոռաց, թե երկաթուղայինները ոչինչ չգիտեն և թե ինքը հենց նոր է եկել գնդի գրասենյակից։
Շվեյկը հաճույքով մնում էր իր դիրքում, հեռախոսի մոտ նստած, և «ի՞նչ նորություն» հարցին պատասխանում, թե առայժմ ոչ մի հաստատ բան չկա։
Այդպես նա պատասխանեց նաև պորուչիկ Լուկաշի հարցին.
— Ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։
— Առայժմ ոչ մի հաստատ բան, պարոն օբեր-լեյտենանտ,— ստերիոտիպորեն պատասխանեց նա։
— Ավանա՛կ։ Հեռախոսափողը կախեցեք։
Այնուհետև ստացվեցին մի քանի հեռախոսագրեր, որոնք Շվեյկն ընդունեց ամեն տեսակ վեճերից հետո։
Նա ընդունեց այն հեռախոսագիրը, որ գիշերը նրան թելադրել չէին կարողացել, որովհետև նա լսափողը չէր կախել և քնել էր։ Այդ հեռախոսագիրը վերաբերվում էր այն զինվորների ցուցակին, որոնց հակատիֆային պատվաստում արել կամ չէին արել։
Հետո Շվեյկն ընդունեց պահածոներին վերաբերվող մի ուշացած հեռախոսագիր։ Այդ հարցն արդեն երեկ պարզված էր։
Այնուհետև ստացվեց բոլոր գումարտակներին, վաշտերին ու ստորաբաժանումներին ուղղված հետևյալ հեռախոսագիրը.
«Բրիգադի №75692 հեռախոսագրի պատճենը։ Բրիգադին տրված №172 հրամանը։
Դաշտային խոհանոցների տնտեսության հաշվետվությունները կազմելու ժամանակ անհրաժեշտ մթերքների անունները գրելիս պահպանել հետևյալ կարգը. 1 — միս, 2 — պահածո, 3 — բանջարեղեն թարմ, 4 — բանջարեղեն չորացրած, 5 — բրինձ, 6 — մակարոն, 7 — ձավար, 8 — կարտոֆիլ, փոխանակ առաջվա կարգով գրելու՝ 4 — չորացրած բանջարեղեն, 5 — թարմ բանջարեղեն»։
Երբ Շվեյկն այդ ամենը կարդաց ավագ գրագրին, Վանեկը հանդիսավորապես ասաց, թե նման հեռախոսագրերը արտաքնոց են նետում։
— Դա հնարել է բանակի շտաբում նստած որևէ ապուշ, իսկ հետո հաղորդում են բոլոր դիվիզիաներին, բրիգադներին, գնդերին։
Ապա Շվեյկն ընդունեց մի հրամանագիր ևս, որը այնքան արագ էին թելադրում, որ նա հազիվ կարողացավ բլոկնոտի մեջ խզմզել ծածկագրի պես մի բան. «In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden»[117]։
— Այդ բոլորն ավելորդ բաներ են,— ասաց Վանեկը, երբ Շվեյկը շատ զարմացավ իր գրածի վրա և երեք անգամ բարձրաձայն կարդաց։— Դատարկ բան է, և ուրիշ ոչինչ, թեև, ո՛վ գիտե, գուցե ծածկագրված հեռախոսագիր է։ Մեր վաշտում ծածկագրման բաժանմունք չկա։ Դա էլ կարելի է դեն նետել։
— Ես էլ նույնն եմ կարծում ասաց Շվեյկը,— եթե ես պարոն օբեր-լեյտենանտին ասեի, թե In der Folge genauer eriaubt gewesen oder das Selbst einern hingegen immerhin eingeholet werden, անպայման կնեղանար։
— Այնպիսի շուտ նեղացող մարդիկ են լինում, որ ասել չեմ կարող,— շարունակեց Շվեյկը, նորից խորասուզվելով հիշողությունների մեջ։— Մի անգամ Վիսոչանից տրամվայով գնում էի Պրագա, իսկ Լիբնեում մեր վագոնը մտավ ոմն Նովոտնի։ Հենց որ նրան ճանաչեցի, գնացի մոտը՝ վագոնահարթակ, և խոսք բաց արի, թե, ախր, մենք հայրենակիցներ ենք, երկուսս էլ դրաժովցի, իսկ նա սկսեց վրաս գոռալ, որ իրեն հանգիստ թողնեմ, որ իբր ինձ չի ճանաչում։ Նրան հիշեցնելու համար սկսեցի, բացատրել, թե ինչպես երեխա ժամանակ մորս հետ, որի անունն էր Անտոնիա, գնում էի նրա մոտ, թե հորս անունն էլ Պրոկոպ էր և կալվածքում ստրաժնիկություն էր անում։ Բայց նա դրանից հետո էլ չցանկացավ խոստովանել, թե մենք ծանոթներ ենք։ Այդ ժամանակ նրան էլ ավելի մանրամասն տեղեկություններ հայտնեցի, պատմեցի, թե Դրաժովում երկու Նովոտնիներ կային՝ Տոնդա և Յոսիֆ, և նա հենց այն Յոսիֆն է, որի մասին ինձ Դրաժովից գրել են, թե կնոջը գնդակահարել է, որովհետև կինը նրան հանդիմանել է հարբեցողության համար։ Բայց այդ պահին նա ձեռքը թափով վրա բերեց, ես հարվածից խուսափեցի, և նա առջևի հարթակում ջարդեց վագոնավարի դիմացի ապակին։ Մեզ իջեցրին ու տարան։ Իսկ կոմիսարիատում պարզվեց, որ այդ մարդը նրա համար է այդքան նեղացկոտ, որ անունը բնավ էլ Իոսիֆ Նովոտնի չէ, այլ Էդուարդ Դուբրավա, և որ նա Ամերիկայի Մոնտգոմերի քաղաքից է և եկել է ազգականներին տեսնելու։
Հեռախոսն ընդհատեց Շվեյկի պատմությունը, և գնդացրային զսրամասից մի խռպոտ ձայն նորից հարցրեց, թե արդյոք մեկնելո՞ւ են։ Թե իբր այդ կապակցությամբ առավոտվանից գնդապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունենում։
Դռան առաջ երևաց քաթանի պես սփրթնած կադետ Բիգլերը, որ համարվում էր վաշտի ամենամեծ ապուշը, որովհետև հոժարականների վարժախմբում ջանում էր իր գիտելիքներով աչքի ընկնել։ Նա Վանեկին գլխով նշան արեց, որ իր հետևից դուրս գա միջանցք, որտեղ նրանք բավական երկար խոսեցին։ Այնտեղից վերադառնալով, Վանեկն արհամարհաբար քմծիծաղ էր տալիս։
― Ա՛յ քեզ էշ,— ասաց նա Շվեյկին,— ինչ խոսք, լա՜վ տիպ ունենք մեր երթային վաշտում։ Խորհրդակցությունում նա էլ է եղել, և ցրվելիս պարոն օբեր-լեյտենանտը կարգադրել է, որ դասակապետերն ամենայն խստությամբ հրացանները ստուգեն։ Եվ Բիգլերն եկել էր ինձ հարցնելու, թե արդյոք չկարգադրի՞ Ժլեբեկին կապել, քանի որ հրացանը նավթով է մաքրել։— Վանեկն սկսեց տաքանալ։— Այդպիսի տխմար բան է հարցնում ինձ, թեև գիտե, որ ռազմաճակատ են գնում։ Պարոն օրեր-լեյտենանտն երեկ լավ արեց, որ հրամայեց իր սպասյակին արձակել։ Ես այդ լակոտին ասացի, որ իզուր տեղը զինվորներին չգազազեցնի։
— Սպասյակ ասացիք, միտս ընկավ,— ասաց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտի համար սպասյակ չգտա՞ք։
— Խելք ունեցեք,— պատասխանեց Վանեկը,— շտապելու կարիք չկա։ Ի միջի այլոց, ես կարծում եմ, որ պարոն օբեր-լեյտենանտը Բալոունին կընտելանա։ Հիմա Բալոունը երբեմն որևէ բան լափում է, բայց հետո, երբ ընկնենք ռազմաճակատ, իր այդ սովորությունը կթողնի։ Այնտեղ թե՛ նա, թե՛ օբեր-լեյտենանտը ուտելու բան չեն ունենա։ Երբ ես նրան ասեմ, թե Բալոունը մնացել է, ոչինչ չի կարող անել։ Դա իմ գործն է, պարոն օբեր-լեյտենանտին չի վերաբերվում։ Իսկ որ գլխավորն է, չպետք է շտապել։
Վանեկը նորից պառկեց իր մահճակի վրա և ասաց.
— Շվեյկ, ինձ մի անեկդոտ պատմեցեք զինվորական կյանքից։
— Կարելի է,— պատասխանեց Շվեյկը,— միայն թե վախենում եմ, որ նորից մեկն ու մեկը զանգահարի։
— Ուրեմն, հեռախոսն անջատեցեք, լարը ետ պտուտակեցեք կամ հեռախոսափողը վերցրեք։
— Լավ,— ասաց Շվեյկը հեռախոսափողը վերցնելով։— Ես ձեզ կպատմեմ մեր վիճակին սազական մի դեպք։ Միայն թե այն ժամանակ իսկական պատերազմի փոխարեն զորաշարժեր էին և ճիշտ այնպիսի իրարանցում էր, ինչպես այսօր. այն ժամանակ էլ չգիտեինք, թե զորանոցներից երբ ենք դուրս գալու։ Ինձ հետ Շից անունով մի պորժիչեցի էր ծառայում։ Լավ տղա էր, միայն թե բարեպաշտ էր ու վախկոտ։ Կարծում էր, թե զորաշարժը մի սարսափելի բան է, որի ժամանակ մարդիկ ծարավից վայր են գլորվում, իսկ սանիտարները նրանց հավաքում են կաթուկ պտուղների պես։ Այդ պատճառով էլ նա առաջուց խմեց, իսկ երբ զորանոցներից զորաշարժերի դուրս եկանք և հասանք Մնիշեկ, ասաց. «Տղե՛րք, ես դրան չեմ դիմանա, ինձ միայն աստված կփրկի»։ Հետո մենք հասանք Գորժովիցի և այնտեղ երկու օր դադար առանք, քանի որ ինչ որ սխալ էր տեղի ունեցել և մենք այնքան արագ էինք առաջ շարժվում, որ քիչ էր մնում մեր թևերից մեզ հետ շարժվող գնդերի հետ միասին գրավեինք թշնամու ամբողջ շտաբը։ Եվ պիտի խայտառակվեինք, որովհետև ըստ առաջադրանքի մեր կորպուսը պետք է ճղեր, իսկ հակառակորդը՝ հաղթեր, քանի որ նրանց մոտ մի քոսոտ էրցհերցոգ կար։ Շիցը մի այսպիսի բան արեց։ Երբ մենք ճամբար դրինք, նա վեր կացավ ու գնաց Գորժովցիի այն կողմում գտնվող մի գյուղ՝ իր համար բան-ման առնելու, և ճաշի ժամանակ վերադարձավ ճամբար։ Օրը շոգ էր, նա էլ թունդ խմած, և ահա ճանապարհի եզրին տեսնում է մի սյուն, սյան վրա մի արկղ, իսկ արկղի մեջ, ապակու տակ, սուրբ Յան Նեպոմուցկու արձանիկը։ Աղոթում է նա սուրբ Յանին և ասում. «Երևի շոգից նեղվում ես, վատ չէր լինի մի բան խմեիր»։ Արևկող տեղ ես կանգնած։ Վայ թե շարունակ քրտնում ես»։ Թափ է տալիս երթային տափաշիշը, խմում ու ասում. «Մի կում էլ քեզ համար եմ թողել, նեպոմուկցի Յան»։ Հետո սթափվում է, բոլորը լակում և նեպոմուկցի սուրբ Յանին ոչինչ չի մնում։ «Մեղա՛ քեզ, տեր,— բացականչում է նա,— նեպոմուկցի սուրբ Յան, դու ինձ պետք է ներես, դրա համար ես քեզ վարձահատույց կլինեմ»։ Եվ բարի Շիցը, նեպոմուկցի սուրբ Յանին խղճալով, ապակին կոտրում է, սրբի արձանիկը հանում, կոխում գիմնաստյորկայի տակ և բերում ճամբար։ Դրանից հետո սուրբ Յան Նեպոմուցկին նրա հետ ծղոտի վրա էր քնում։ Երթերի ժամանակ Շիցը նրան հետը ման էր ածում պայուսակի մեջ դրած, և թուղթ խաղալիս միշտ բախտը բանում էր։ Որտեղ էլ որ դադար առնեինք, նա միշտ պիտի տաներ, քանի դեռ չէինք հասել Պրախենսկո։ Տեղավորվեցինք Դրագենիցիում, և նա սկսեց մի գլուխ տանուլ տալ։ Երբ առավոտյան արշավի դուրս եկանք, սուրբ Յան Նեպոմուցկին, օղակը վզին, կախված էր ճանապարհի եզրին կանգնած տանձենու ճյուղից։ Ահա և ձեզ անեկդոտ, իսկ հիմա հեռախոսափողը կախեմ։
Եվ հեռախոսը նորից սկսեց ներընկալել ճամբարի ջղային կյանքի ջղաձգությունները։ Հանգստի հարմոնիան այստեղ խախտված էր։
Նույն այդ պահին պորուչիկ Լուկաշն իր սենյակում ուսումնասիրում էր գնդի շտաբից հենց նոր նրան հանձնված ծածկագիրն ու դրա վերծանման ուղեցույցը և միաժամանակ մի ծածկագիր հրաման, թե երթային գումարտակն ի՛նչ ուղղությամբ պետք է շարժվի գեպի Գալիցիայի սահմանը (առաջին էտապ).
7217 — 1238 — 475 — 2121 — 35 = Մոշոն,
8922 — 375 — 72 — 82 = Ռաբ,
4432 — 1238 — 7217 — 375 — 8922 — 35 = Կոմարնո,
7282 — 9299 — 310 — 7881 — 298 — 475 = Բուդապեշտ։
Վերծանելով այդ թվերը, պորուչիկ Լուկաշը հառաչեց.
— Der Teufel soll das buserieren[118]։
↑ Դո՛ւրս կորիր, խոզ (լատ.)։
↑ Մաջա՞ր ես (հունգ.)։
↑ Չեմ հասկանում ընկեր (հունգ․)։
↑ Սրտանց շնորհակալ եմ (հունգ.)։
↑ Ուտելու բան չկա (հունգ.)։
↑ Երեք երեխա, ուտելու բան չունեն (հունգ.)։
↑ Ձեր փաստաթղթերը (գերմ.)։
↑ Ի՞նչ է նշանակում «ջանիկ» բառը (գերմ․)։
↑ «Ջանիկ» — նշանակում է «պարոն ֆելդֆեբել» (գերմ.)։
↑ ...այդ ոջլոտին կայարանի զինվորական պարեկատուն տանել կատաղած շան պես (գերմ.)։
↑ Բավական է մարդ մի րոպե հեռանա, որպեսզի լսի միայն «Չեխերեն, չեխեր» (գերմ.)։
↑ Բոզին տեսեք, չի ուզում հետս պառկել (գերմ․)։
↑ Մեղա քեզ, տեր (գերմ․)։
↑ Հեռացե՛ք (գերմ․)։
↑ Դո՛րս այստեղից (գերմ.)։
↑ Կասկածվում է լրտեսության մեջ (գերմ.)։
↑ Հայտնում եմ խոնարհաբար, որ թշնամու սպան այսօր իսկ կուղարկվի Պիսեկ քաղաքը, ժանդարմական շրջանային վարչություն (գերմ.)։
↑ Վախմիստր, իսկ ո՞ւր է №... շրջբերականի պատասխանը (գերմ․)։
↑ Շնորհավում եմ ձեզ, պարոն վախմիստր (գերմ.)։
↑ Սվինը հագցնել (գերմ.)։
↑ Հանցակազմ (լատ.)։
↑ Պետք է ավելացնեմ, որ ռուսական կոնտուշովկան... (գերմ.)։
↑ Ի լրումն իմ №2172 հաղորդման, հաղորդում եմ... (գերմ․)։
↑ Հա՛յլ։ Կորչեն սերբերը (գերմ.)։
↑ Ձեր ամբողջ պատերազմով հանդերձ լիզեցեք հետույքս (գերմ.)։
↑ «Հենց որ բարձր անձիք երևում են բերդի տեսադաշտում, բոլոր բաստիոններից ու ամրոցներից բոլոր թնդանոթներով սալյուտ է տրվում։ Բերդի պարետը ձիով, սուրը մերկացրած, ընդառաջ է գնում նրանց ընդունելու» (գերմ.)։
↑ «Այն պահին, երբ պարետը սրով պատիվ է տալիս բարձրագույն անձանց, տրվում է երկրորդ սալյուտը, որը երրորդ անգամ կրկնվում է այն ժամանակ, երբ բարձրագույն անձիք մտնում են բերդի տերիտորիան» (գերմ․):
↑ Գնդային հաուպտվախտ (գերմ․)։
↑ Հիվանդանոցային մատյան (գերմ․)։
↑ 91-րդ գնդի հիվանդանոցային մատյան (գերմ.)։
↑ Շարային ծառայության համար ոչ պիտանի (գերմ.)։
↑ Գնդային զեկույց (գերմ.)։
↑ Զինվորական ուսումնարան, պարապմունքներ երկտարեցի սաների համար (գերմ․)։
↑ Պահեստի պաշտոնյաների կազմի հաշվառում։ Գրո՛ղը տանի (գերմ․)։
↑ Որտեղ երգեն՝ քնիր անհոգ, երգեր չունեն լոկ չար մարդիկ (գերմ.)։
↑ Ի՞նչ եք անում դուք այստեղ, հե՛յ, փալաս (գերմ.)։
↑ Չեխական (գերմ.)։
↑ Մի երկու սիլլա (գերմ.)
↑ Պառկե՛լ (գերմ.)։
↑ Հետ դա՛րձ (գերմ.)։
↑ Մեր ապուշիկը (գերմ․)։
↑ Խստավարժություն կամ դաստիարակություն ( գերմ.)։
↑ Խիստ կալանք (գերմ․)։
↑ Պահ, ինչ մի մեծ բան է, միևնույն է, պիտի սատկի (գերմ․)։
↑ Զինվորները, միևնույն է, պետք է սատկեն (գերմ.)։
↑ Պառկել (գերմ.)։
↑ «Քաղաքացիապես հավասարների կողմից հարգվելու իրավունքի զրկում» (գերմ.)։
↑ Հե՛տ դարձ, մարշ (գերմ.)։
↑ Տոնակատարություն խոզ մորթելու առթիվ (գերմ.)։
↑ Հետ դարձ (գերմ.)։
↑ Գնդի գրագիր (գերմ.)։
↑ Իրար հետևի՛ց։ Դեպի սվինամա՛րտ (գերմ.)։
↑ Իշխան Եվգենի, ասպետն արի (գերմ.)։
↑ Տեր, պատժիր Անգլիային (գերմ.)։
↑ Կորչեն (գերմ.)։
↑ Կաց (գերմ․)։
↑ Ազատ (գերմ․)։
↑ Հառա՛ջ, մա՛րշ (գերմ.)։
↑ Երբ ես նորից վրադառնամ (գերմ.)։
↑ Իսկ դու, անգինս մնում ես այստեղ։ Հոլարիո, հոլո (գերմ.)։
↑ Ի դեպ (ֆրանս.)։
↑ Գյուղական կյանք (անգլ․)։
↑ Կաղին (գերմ.):
↑ Կեռնեխ (լատ.)։
↑ Ա՜, բարև, Ֆրեդի, ի՞նչ նորություն։ Ընթրիքն արդեն պատրա՞ստ է (գերմ.)։
↑ Երբ վերադառնամ, երբ նորից, նորից ես վերադառնամ (գերմ․ բարբառ):
↑ «Հաղթանակ և վրեժ», «Աստված, պատժիր Անգլիային», «Ավստո-Հունգարիայի որդին հայրենիք ունի։ Նա սիրում է իր հայրենիքը և գիտե, թե ինչու է մատնչում հայրենիքի համար» (գերմ․)։
↑ Լիտավայի Բրուկ (գերմ․)։
↑ Դա զզվելի է (գերմ.)։
↑ Զզվելի է, իսկապես զզվելի (գերմ.)։
↑ «Պարոն, պարոն, պարոն դատավոր», կամ՝ «Աղջիկներ, աղջիկներ, գյուղական աղջիկներ» (հունգ.)։
↑ Չեմ հասկանում (հունգ․)։
↑ Գերմաներն հասկանում եք (գերմ․)։
↑ Մի քիչ (գերմ. սխալով)։
↑ Տիկնոջն ասացեք, որ ուզում եմ իր հետ խոսել։ Ասացեք, որ միջանցքում նրա համար նամակ կա մի պարոնից (գերմ. սխալներով)։
↑ Տիկինն ասաց, որ ժամանակ չունի, եթե որևէ բան պետք է՝ հանձնեցեք ինձ (գերմ. սխալներով)։
↑ Նամակ տիկնոջ համար, բայց մարդու բան չասեք (գերմ. սխալներով)։
↑ Պատասխանին կսպասեմ այստեղ, նախասենյակում (գերմ.)։
↑ Հունգարական փողոցային հայհոյանք։
↑ Սա ի՞նչ է նշանակում։ Ո՞ւր է այն նզովյալ սրիկան, որ բերել է նամակը (գերմ․)։
↑ Ես եմ գրել, և ոչ թե օբեր-լեյտենանտը ( գերմ.)։
↑ Ստորագրությունը, ազգանունը, կեղծ են (գերմ․)։
↑ Ես ձեր կնոջը սիրում եմ (գերմ․)։
↑ Կապիտալ կին է (գերմ.)։
↑ Հանցագործության իրեղեն ապացույց (լատ.)։
↑ Կրակը դադարեցնել (լատ.)։
↑ Դիմանալ մինչև վերջ (գերմ.)։
↑ Եվ դեռ ուսյալ մարդ եք. իգական սեռը կլինի «ֆոժ»։ Իսկ արական սեռը կլինի «ֆոժակ»։ Մենք ձեզ լա՛վ ենք ճանաչում (գերմ․)։
↑ Օրհնյա, տե՛ր, մաջարներին (հունգ.) (հունգարական ազգային հիմնի առաջին տողը)։
↑ Նորեկ (գերմ.)։
↑ «Ուսումնասիրություն սեռական բարոյախոսության էվոլյուցիայի պատմության» (գերմ.)։
↑ Բանն ինչո՞ւմ է (գերմ.)։
↑ Շվեյկ և Վոդիչկա (գերմ․)։
↑ Գազարակերներ, հիմար ռոլմոպսեր, խաղաթղթի յոթնոց, կեղտոտ խոզ, սիլլաներ կհասցնեմ ձեր լուսնանման ռեխներին (լեհ․)։
↑ Բարեկամները անջատման պահին
Հուսով ասում են. «Ց’նոր տեսություն» (գերմ.)։
↑ Պատվանշան (լատ.)։
↑ Չկրակե՛լ (գերմ.)։
↑ Չծեծե՛լ (գերմ․)։
↑ Մտե՛ք (գերմ.)։
↑ Համարձակվում եմ զեկուցել (գերմ.)։
↑ Այդպես է, ևս մի անգամ (գերմ.)։
↑ Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում է (գերմ.)։
↑ Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ (գերմ․)։
↑ Եթե դրանք լույս տեսնեն լավ կազմերով (գերմ.):
↑ Այդպիսի տրամադրությամբ նա հրավեր ստացավ և գնաց նրա մոտ (գերմ.)։
↑ Այո, պարոնայք, ինչ կուզեք ասեք, Կրամարժը, Շայները և Կլոֆաչը․․․ (գերմ.)։
↑ Տասնմեկերորդ երթային վաշտին (գերմ․):
↑ Վաշտի հրամանատարին (գերմ․)։
↑ Վաղն առավոտյան ներկայանալ խորհրդակցության (գերմ․)։
↑ Ժամը իննին։ Ստորագրություն (գերմ.)։
↑ Գնդապետ Շրեդեր (գերմ.)։
↑ Գրո՛ղը տանի քեզ (գերմ.)։
↑ Նորից խորհրդակցություն, գրողը տանի դրանց բոլորին (գերմ․)։
↑ Ավագ գրագիր ֆելդֆեբել Վանեկը, պարոն օբեր-լեյտենանտ. (գերմ․)։
↑ Այս ի՞նչ է, պարոնայք (գերմ.)։
↑ Ամենայն հավանականությամբ, կատվի կղկղանք, պարոն գնդապետ (գերմ.)։
↑ Հետևանքով ավելի ճիշտ թույլատրվում է կամ թե չէ ինքնուրույն կերպով ընդհակառակը ենթակա է հատուցման (գերմաներեն բառերի անիմաստ դասավորություն)։
↑ Գերմանական կոպիտ հայհոյանք։
Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն երրորդ: Փառահեղ քոթակ
Հունգարիայի միջով
Վերջապես հասավ այն պահը, երբ բոլորին խցկեցին վագոնները՝ յուրաքանչյուրի մեջ 42 մարդ կամ 8 ձի հաշվով։ Ձիերն, իհարկե, մեկնում էին ավելի մեծ հարմարություններով, քանի որ կարողանում էին կանգնած քնել։ Սակայն դա պարզապես ոչ մի նշանակություն չուներ, զինվորական գնացքը մարդկանց այդ նոր պարտիան տանում էր Գալիցիայում մորթվելու։
Եվ այնուամենայնիվ, երբ գնացքը շարժվեց, այդ արարածները վոքր-ինչ թեթևություն զգացին։ Հիմա գոնե որոշ բան պարզ էր, իսկ մինչ այդ միայն տանջալից անորոշություն էր, խուճապ և անվերջանալի մտատանջություն, թե իրենց երբ են ուղարկելու՝ այսօ՞ր, վա՞ղը թե մյուս օրը։ Շատերն իրենց զգում էին մահվան դատապարտվածների պես, որոնք սարսափով սպասում են դահճի գալուն։ Բայց ահա դահիճը գալիս է, մարդիկ հանգստանում են, թե վերջապես ամեն ինչ կվերջանա։
Հավանաբար այդ էր պատճառը, որ մի զինվոր խելագարի պես բղավում էր. «Գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք»։
Ավագ գրագիր Վանեկն անշուշտ իրավացի էր, երբ Շվեյկին ասում էր, թե շտապելու կարիք չկա։
Արդեն մի քանի օր էր անցել, որ զինվորներր տեղավորվել էին վագոններում, և նրանք շարունակ մսի պահածոյի մասին էին խոսում։ Փորձառու Վանեկն ասում էր, թե դա ֆանտազիա է։ Ի՜նչ պահածո, ինչ բա՜ն։ Ա՛յ, դաշտային պատարագը խելքի մոտ բան է։ Չէ՞ որ նախորդ երթային վաշտին էլ նույնն էր պատահել։ Պահածո լինելիս դաշտային պատարագի կարիքը վերանում է։ Հակառակ դեպքում դաշտային պատարագը գալիս է փոխարինելու պահածոյին։
Եվ հիրավի, պահածոյի փոխարեն հայտնվեց օբեր-ֆելդկուրատ Իբլը, որը մի գնդակով երեք նապաստակ խփեց։ Նա դաշտային պատարագ կատարեց միանգամից երեք երթային գումարտակների համար, երկուսին օրհնեց Սերբիա, իսկ մեկին՝ Ռուսաստան գնալու համար։
Ընդ որում նա մի շատ խանդավառ ճառ արտասանեց, որի նյութը, ինչպես դժվար չէր նկատել, քաղել էր զինվորական օրացույցներից։ Ճառն այնքան էր հուզել բոլորին, որ Մոշոն գնալիս Շվեյկը, որ Վանեկի հետ նստած էր հանպատրաստից գրասենյակի վերածած մի վագոնում, այդ ճառը հիշելով, ավագ գրագրին ասաց.
— Ինչ կուզես ասա, իսկապես փառահեղ բան է լինելու։ Ի՜նչպես էր նա նկարագրում։ Օրը կսկսի թեքվել դեպի իրիկնամուտ, արեգակն իր ոսկյա ճառագայթներով կթաքնվի լեռների հետևում, իսկ ռազմի դաշտում կլսվեն մեռնողների վերջին հառաչանքները, ընկած ձիերի խրխինջը, վիրավոր հերոսների տնքոցը, բնակիչների լացն ու կականը, երբ նրանց գլխին կբոցավառվեն իրենց տների տանիքները։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ սկսում են դառնալ «քառակուսի աստիճանի ապուշներ»։
Վանեկն ի նշան համաձայնության գլխով արավ. «Այո, դա չափազանց հուզիչ էր»։
— Դա գեղեցիկ էր և ուսանելի,— խրատաբար ասաց Շվեյկը։
— Ես այդ ամենը շատ լավ հիշում եմ և երբ պատերազմից վերադառնամ՝ կպատմեմ «Թասի մոտ» պանդոկում։ Երբ պարոն ֆելդկուրատն անկեղծորեն մեզ ասաց այդ բաները, հանկարձ ոտքերն այնպես չռեց, որ վախեցա՝ չլինի թե սայթաքի ու թրմփա դաշտային բեմի վրա։ Չէ՞ որ կարող էր գլուխը խփել մասնատուփին ու ջարդել։ Նա մի հիանալի օրինակ բերեց մեր բանակի պատմությունից, երբ դեռ այնտեղ ծառայելիս է եղել Ռադեցկին։ Այն ժամանակ ռազմի դաշտի վրա վերջալույսի շողերին միախառնվել էր հրկիզվող ամբարների բոցը։ Կարծես այդ ամենը իր աչքով էր տեսել։
Նույն այդ օրը օբեր-ֆելդկուրատ Իբլը ընկել էր Վիեննա և մի ուրիշ երթային գումարտակի պատմել նույն այն ուսանելի պատմությունը, որ մտաբերեց Շվեյկը և որը նրան այնքան շատ էր դուր եկել, որ նա անվանեց «քառակուսի աստիճանի ապուշություն»։
— Սիրելի՛ զինվորներ,— բարբառել էր ֆելդկուրատ Իբլը,— պատկերացրեք, որ հիմա քառասունութ թիվն է և հենց նոր հաղթականորեն ավարտվել է Կուստոցայի ճակատամարտը։ Տասժամյա համառ մարտից հետո Իտալիայի Ալբերտ թագավորը ստիպված էր արյամբ ողողված ռազմի դաշտը զիջել ֆելդմարշալ Ռադեցկուն, մեր «զինվորների հորը», որն իր կյանքի ութսունչորսերորդ տարում այդքան փայլուն հաղթանակ տարավ։ Եվ ահա, սիրելի՛ իմ զինվորներ, նվաճված Կուստոցայի առջև գտնվող բլուրի վրա պատկառելի զորավարը կանգնեցնում է իր ձին։ Նրան շրջապատել են իր հավատարիմ գեներալները։ Պահի լրջությունը համակում է բոլորին, քանզի, զինվորնե՛ր, ֆելդմարշալից քիչ հեռու ընկած է մահվան դեմ մաքառող մի ռազմիկ։ Փառքի դաշտում ծանր վիրավորված, ջախջախված անդամներով, դրոշակակիր Հերտը զգում է, որ ֆելդմարշալ Ռադեցկու հայացքն իր վրա է ուղղված։ Մահացու վիրավորված քաջարի դրոշակակիրը սառչող ձեռքով խանդավառ սեղմում է իր ոսկյա մեդալը։ Ազնիվ ֆելդմարշալին տեսնելուն պես նորից բաբախեց նրա սիրտը, իսկ խոշտանգված մարմինը կենդանություն առավ։ Գերմարդկային ճիգով մեռնողը փորձեց սողեսող մոտենալ իր ֆելդմարշալին։
— Անհանգստություն մի պատճառիր քեզ, իմ քաջարի՛ ռազմիկ,— ֆելդմարշալը, ցած իջավ ձիուց և ձեռքը մեկնեց նրան։
— Ավա՜ղ, պարոն ֆելդմարշալ,— հառաչեց մեռնող ռազմիկը։— Երկու ձեռքս էլ կոտրված է։ Ես ձեզ միայն մի բան եմ խնդրում։ Ճիշտն ասացեք ինձ, հաղթանակը մե՞նք ենք տարել։
— Մենք, սիրելի՛ իմ եղբայր,— փաղաքշալից պատասխանեց ֆելդմարշալը։— Որքա՜ն ցավալի է, որ վիրավորվելուդ հանգամանքը մռայլել է քո ուրախությունը։
— Այո, մեծարգո՛ առաջնորդ, իմ բանը պրծած է,— մարող ձայնով մրմնջաց մեռնողը, հաճելիորեն ժպտալով։
— Խմել ուզո՞ւմ ես,— հարցրեց Ռադեցկին։
— Օրը շոգ էր, պարոն ֆելդմարշալ։ Երեսուն աստիճանից ավելի։
Այնժամ Ռադեցկին իր համհարզներից մեկի ձեռքից առավ դաշտային տափաշիշը և տվեց մեռնողին, որը մի մեծ կում անելով՝ հագեցրեց իր ծարավը։
— Թող աստված սրա համար ձեզ հարյուրապատիկը տա,— գոչեց նա, ջանալով համբուրել իր զորավարի ձեռքը։
— Վաղո՞ւց ես ծառայում բանակում,— հարցրեց զորավարը։
— Քառասուն տարուց ավելի, պարոն ֆելդմարշալ։ Ասպերնի մոտ ոսկյա մեդալ եմ ստացել։ Եղել եմ նաև Լայպցիգի կռվում, Թնդանոթաձույլ Խաչ ստացել։ Հինգ անգամ մահացու վիրավորվել եմ, իսկ հիմա վերջս եկել է։ Բայց ինչպիսի բախտավորություն, ինչպիսի երանություն, որ ապրեցի ու տեսա այս օրը։ Մահն ի՞նչ է ինձ համար, երբ մենք հաղթել ենք, և կայսրին վերադարձրել իր հողերը։
Այդ պահին, սիրելի զինվորներ, ճամբարի կողմից լսելի եղան մեր «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնի վսեմ հնչյունները։ Հզոր ու հանդիսավորապես թնդում էին նրանք ճակատամարտի դաշտի վրա։ Եվ կյանքին հրաժեշտ տվող ռազմիկը մի անգամ էլ ջանաց վեր կենալ։ «Կեցցե՜ Ավստրիան,— խանդավառ գոչեց նա։— Կեցցե՛ Ավստրիան։ Թող հավերժ հնչի մեր ազնիվ հիմնը։ Կեցցե մեր զորապետը։ Կեցցե բանակը»։ Մեռնողը մի անգամ էլ տեղից բարձրացավ, թեքվեց դեպի ֆելդմարշալի աջը, համբուրեց այն ու ընկավ. նրա ազնիվ կրծքից դուրս թռավ վերջին թույլ հառաչը։
Զորավարը գլխաբաց կանգնած էր իր լավագույն զինվորներից մեկի դիակի առաջ։ «Այս սքանչելի վախճանին կարելի է միայն նախանձել,— ասաց ֆելդմարշալը հուզված և դեմքը ծածկեց ձեռքերով։
— Եվ ես, սիրելի՛ զինվորներ, բոլորիդ ցանկանում եմ այդպիսի գեղեցիկ մահով մեռնել։
Հիշելով օբեր-ֆելդկուրատ Իբլի այդ ճառը, Շվեյկը լիովին իրավունք ուներ նրան «քառակուսի աստիճանի ապուշ» անվանելու։
Այնուհետև Շվեյկն իր կարծիքն հայտնեց այն հրամանների մասին, որ գնացք նստելուց առաջ կարդացել էին զինվորների հարմար։ Նախ նրանց ծանոթացրել էին բանակին տրված հրամանին, որ ստորագրել էր Ֆրանց Իոսիֆը, այնուհետև կարդացել էին Արևելյան բանակի գլխավոր հրամանատար էրցհերցոգ Ֆերդինանդի հրամանը։ Երկու հրամաններն էլ վերաբերվում էին 1915 թվականի ապրիլի 3-ի դեպքին, որ տեղի էր ունեցել Դուկլայի լեռնանցքում, որտեղ Քսանութերորդ գնդի երկու գումարտակներ իրենց սպաներով, գնդի նվագախմբի հնչյունների ներքո, անցել էին ռուսների կողմը։
Այդ երկու հրամանները, որ կարդացվել էին հուզակերկեր ձայնով, չեխերենի թարգմանած, բարբառում էին.
«ՀՐԱՄԱՆ ԲԱՆԱԿԻՆ, 17-Ն ԱՊՐԻԼԻ 1916 Թ.
Դառնությամբ համակված, հրամայում եմ իմ զորքերի ցուցակից ջնջել կայսրական թագավորական հետևակ գնդի անունը՝ իր վախկոտության և դավաճանության համար։ Հրամայում եմ իրեն պատվազրկած գնդից խլել դրոշակը և հանձնել ռազմական թանգարանին։ Այդ գունդը, որ դեռևս հայրենիքում բարոյապես քայքայված էր և ռազմական գործողությունների թատերաբեմ էր գնացել իր դավաճանական մտադրություններն իրականացնելու համար, այսուհետև դադարում է գոյություն ունենալուց։
Ֆրանց Իոսիֆ I»:
«ՀՐԱՄԱՆ ԷՐՑՀԵՐՑՈԳ ԻՈՍԻՖ ՖԵՐԴԻՆԱՆԴԻ
Չեխական զորամասերը չարդարացրին մեր վստահությունը. մանավանդ վերջին մարտերում։ Ավելի հաճախ նրանք մեր վստահությունը չարդարացրին դիրքերը պաշտպանելիս։ Նրանք երկար ժամանակ գտնվում էին խրամատներում, մի հանգամանք, որ շարունակ օգտագործում էր հակառակորդը, կապ հաստատելով այդ զորամասերի ստոր տարրերի հետ։
Այդ դավաճանների աջակցությամբ հակառակորդի գրոհները սովորաբար ուղղվում էին ռազմաճակատի այն մասերի վրա, որտեղ գտնվում էին շատ դավաճաններ։
Հաճախ հակառակորդին հաջողվել է մեզ հանկարծակիի բերել, այսպես ասած՝ առանց դժվարության թափանցել մեր առաջավոր դիրքերը և գերի վերցնել նրանց պաշտպաններից շատերին։
Նախատինք, հարյուրապատիկ նախատինք արգահատելի դավաճաններին ու սրիկաներին, որոնք հանդգնել են դավաճանել կայսրին ու կայսրությանը և իրենց չարագործություններով արատավորել ոչ միայն մեր մեծ ու քաջարի բանակի փառապանծ դրոշակները, այլև այն ազգը, որի զավակն են համարում իրենց։
Վաղ թե ուշ նրանք կարժանանան գնդակի կամ դահճի պարանին։
Իր պատիվը պահպանած ամեն մի չեխ զինվորի պարտքն է հրամանատարին հայտնել այդպիսի սրիկայի, խռովարարի ու դավաճանի մասին։ Ով այդ բանը չանի՝ ինքն է դավաճան ու սրիկա։ Սույն հրամանը կարդալ չեխական գնդերի բոլոր զինվորներին։ Կայսրական թագավորական Քսանութերորդ գունդը մեր միապետի հրամանով արդեն ջնջված է բանակի շարքերից, և այդ գնդից գերի վերցված բոլոր փախստակները արյամբ կհատուցեն իրենց ծանր հանցագործությունների համար։
Էրցհերցոգ Իոսիֆ Ֆերդինանդ»:
— Այո, մեզ համար մի քիչ ուշացած կարդացին,— ասաց Շըվեյկը Վանեկին։— Զարմանում եմ, որ միայն հիմա կարդացին, մինչդեռ թագավոր կայսրը հրամանր տվել է ապրիլի տասնյոթին։ Ըստ երևույթին, ինչ-որ նկատառումներով չեն ցանկացել մեզ անհապաղ կարդալ։ Եթե ես թագավոր կայսրի տեղը լինեի, թույլ չէի տա, որ իմ հրամանները ուշացնեին։ Եթե հրամանը արձակում եմ ապրիլի տասնյոթին, ապա թեկուզ տրաքես, բոլոր գնդերում կարդա ապրիլի տասնյոթին։
Վանեկի դիմաց, վագոնի մյուս ծայրում, նստած էր սպայական ճաշարանի օկուլտիստ-խոհարարը և ինչ-որ բան էր գրում։ Նրա հետևում նստած էին պորուչիկ Լուկաշի սպասյակը՝ մեծամորուք հսկա Բալոունը, և հեռախոսավար Խոդոունսկին, որ կցված էր 11-րդ երթային վաշտին։ Բալոունը ծամում էր իր մի կտոր զինվորաբաժին հացը և հեռախոսավար Խոդոունսկուն վախվորած բացատրում, թե ինքը մեղավոր չէ, որ գնացք նստելիս, այդպիսի հրհրոցի մեջ, չի կարողացել ընկնել շտաբի վագոնը, իր պորուչիկի մոտ։
Խոդոունսկին Բալոունին վախեցնում էր, թե հիմա այլևս կատակ չեն անի, թե դրա համար նրան կգնդակահարեն։
— Ե՞րբ պիտի վերջ լինի այս տանջանքներին,— ողբում էր Բալոունր։— Մի անգամ արդեն, երբ մենք Վոտիցիի մոտ զորավարժություններ էինք անում, քիչ էր մնացել գլխիս այդ փորձանքը գար։ Սովից ու ծարավից մեռնում էինք այնտեղ, և երբ գումարտակի համհարզը եկավ մեզ մոտ, ես գոռացի, «հաց ու ջուր տվեք»։ Եվ ահա համհարզս ձիու գլուխը շուռ տվեց դեպի ինձ և ասում է, որ եթե պատերազմ լիներ՝ կհրամայեր ինձ շարքի առաջ գնդակահարել։ Բայց հիմա, ասում է, խաղաղ ժամանակ է, դրա համար էլ հրամայում է ինձ միայն կայազորի բանտ նստեցնել։ Այն ժամանակ բախտս լավ բերեց. երբ նա զեկույցով գնում էր շտաբ, ճանապարհին ձին խրտնեց ու փախավ, համհարզս վայր ընկավ և, փառք աստծո, վիզը կոտրեց։
Բալոունն այնպես թառանչեց, որ հացի պատառը մնաց կոկորդում, նա սկսեց հազալ և, երբ շունչը տեղն եկավ, ագահաբար նայեց պորուչիկ Լակաշի ուղեպայուսակներին, որ վստահված էին իրեն։
— Պարոն սպաները,— ասաց նա մելամաղձիկ տոնով,— լյարդի պահածո և հունգարական երշիկ ստացան։ Ա՛յ, այսպիսի մի կտոր։
Այդ ասելիս նա այնպես բաղձանքով էր նայում պորուչիկի պայուսակներին, ինչպես բոլորից լքված ու գայլի պես սոված շունը երշիկանոցի դռանը պպզած շնչում է խաշվող ազդրերի շոգին։
— Վատ չէր լինի,— վրա բերեց Խոդոունսկին,— եթե մեզ մի տեղ ճաշով դիմավորեին։ Երբ պատերազմի սկզբին գնում էինք Սերբիա, ամենուրեք մեզ այնպես լավ էին հյուրասիրում, որ քիչ էր մնում ամեն մի կայարանում ուտելուց պայթեինք։ Սագի բդերից պոկում էինք մսի միայն ամենալավ պատառները, հետո դրանցից տամայի քարեր էինք շինում և «գայլ ու ոչխար» խաղում շոկոլադի սալիկների վրա։ Խորվաթիայում, Օսիեկում, վետերանների միությունից եկած երկու հոգի մի մեծ կաթսա խաշած նապաստակներ բերին մեր վագոնը։ Այս անգամ արդեն չդիմացանք ու բոլորն իրենց գլխին լցրինք։ Ճանապարհին մենք փսխելուց բացի ոչինչ չէինք անում։ Կապրալ Մատեյկան այնպես էր կերկոխ եղել, որ ստիպված եղանք փորի լայնքով մի տախտակ դնել և վրան թռչկոտալ, ինչպես անում են կաղամբը ճխրտելիս։ Միայն այդ ժամանակ խեղճը թեթևացավ։ Կերածը թափեց և՛ բերանից, և՛ քամակից։ Իսկ Հունգարիայի հողով անցնելիս ամեն մի կայարանում տապակած հավեր էին նետում մեր վագոնները։ Միայն ուղեղներն էինք ուտում։ Կապոշվարում մաջարները ամբողջական տապակած խոզեր էին նետում մեր վագոնները, և այդ ժամանակ խոզի գլխով այնպես թրխկացրին մերոնցից մեկի գանգին, որ հետո նա գոտին ձեռքն առած՝ բարերարի հետևից վազ էր տալիս բոլոր պահեստի ուղեգծերի միջով։ Իսկ Բոսնիայում, ընդհակառակը, ջուր էլ չէինք ճարում։ Բայց մինչև Բոսնիա ամեն տեսակ օղիներն անպակաս էին, իսկ գինին ծով էր, թեև սպիրտային խմիչքներն արգելված էին։ Հիշում եմ, կայարաններից մեկում ինչոր տիկիններ ու օրիորդներ մեզ գարեջրով հյուրասիրում էին, իսկ մենք վերցրինք ու միզեցինք նրանց փայտյա ամանի մեջ։ Համա՜ թե հուշտ եղան ու վագոնից փախան։
Ամբողջ ճանապարհին խելառածի պես էինք, իսկ ես չէի կարողանում նույնիսկ խաչի տուզը նշմարել։ Մեկ էլ հանկարծ հրաման տվին, թե դուրս թափվել։ Նույնիսկ չհասցրինք պարտիան վերջացնել, վագոններից դուրս թափվեցինք։ Մի կապրալ, չեմ հիշում ազգանունն ինչ էր, իր զինվորներին ձայն տվեց, որ «Und die Serben müssen sehen, dass wir Oesterreicher Sieger, Sieger sind»[1] երգեն։ Բայց մեկը հետևից ոտքով այնպես հարվածեց նրան, որ նա ռելսերի այն կողմը թռավ։ Հետո նորից հրաման տվին. «Հրացանները շարել բուրգաձև»։ Գնացքը րոպեապես շուռ եկավ ու դատարկ հետ դարձավ։ Եվ, իհարկե, ինչպես միշտ խուճապի ժամանակ պատահում է, տարան և մեր երկու օրվա պարենը։ Եվ հենց այդ պահին մեզնից քիչ հեռու, ինչպես, ա՛յ, այստեղից մինչև այն ծառերը, սկսեցին շրապնելներ պայթել։ Կայարանի մյուս ծայրից հայտնվեց գումարտակի հրամանատարը և բոլոր սպաներին խորհրդակցության կանչեց, իսկ հետո եկավ օբեր-լեյտենանտ Մացեկը, որ ազգությամբ հարյուր տոկոսանոց չեխ էր, բայց միայն գերմաներեն էր խոսում. եկավ, դեմքը կավիճի պես սպիտակ, և ասում է, թե ճանապարհը շարունակել հնարավոր չէ, երկաթգիծը պայթեցված է, սերբերը գիշերով գետն անցել և հիմա գտնվում են ձախ թևում, բայց մեզնից դեռ հեռու են։ Մենք, ասում է, օժանդակ ուժեր կստանանք և նրանց հողմացրիվ կանենք։ Եթե որևէ անսպասելի բան պատահի, ոչ ոք գերի չպիտի հանձնվի։ Սերբերն, ասում է, գերիների ականջներն ու քիթը կտրում են, աչքերը հանում։ Ուշադրություն չպիտի դարձնել, որ մեզնից քիչ հեռու շրապնել է պայթում, դա, ասում է, մեր հրետանին է փորձնական հրաձգություն կատարում։ Հանկարծ լեռան հետևից լսվեց տա-տա-տա-տա-տա։ Իբր դա էլ մեր գնդացիրներն են փորձնական կրակ բացել։ Հետո ձախ կողմից՝ թնդանոթների որոտ։ Մենք այդպիսի բան առաջին անգամ էինք լսում, և պառկեցինք։ Գլխներիս վրայով մի քանի նռնակներ թռան, որոնք հրդեհեցին կայարանը, աջ կողմից սկսեցին գնդակներ վժժալ, իսկ հեռվից լսվում էին համազարկերն ու փակաղակների շրխկշրխկոցը։ Օբեր-լեյտենանտը հրամայեց վերցնել և լցնել մեր բուրգաձև շարած հրացանները։ Հերթապահը մոտեցավ նրան ու զեկուցեց, թե ոչ մի կերպ հնարավոր չէ հրամանը կատարել, քանի որ բոլորովին զինամթերք չունենք։ Չէ՞ որ օբեր-լեյտենանտը շատ լավ գիտե, որ մենք ռազմամթերք պիտի ստանանք հաջորդ հանգրվանում, ուղղակի դիրքերի մոտ։ Զինամթերքի գնացքը, ասաց, շարժվում էր մեր առջևից, և, հավանաբար, արդեն ընկել է սերբերի ձեռքը։ Օբեր-լեյտենանտ Մացեկը մի րոպե քարացավ, հետո դարձավ ու հրամայեց, «Bajonett auf!»[2] ինքն էլ չիմանալով ինչու, երևի, մի բան արած լինելու համար։ Այդպես մենք բավական երկար կանգնած էինք մարտական պատրաստականությամբ։ Այնուհետև նորից սկսեցինք շպալների վրայով սողալ, որովհետև երկնքում մի սավառնակ նկատեցինք, որը չգիտեմ ումն էր, և ենթասպաները բղավեցին, «Alles decken, decken!»[3]։ Շուտով պարզվեց, որ սավառնակը մերն է եղել և մեր հրետանին սխալմամբ խփել-ցած է գցել։ Մենք նորից ոտքի կանգնեցինք, և ոչ մի հրաման չեն տալիս, կանգնած ենք «ազատ»։ Հանկարծ տեսնում ենք, դեպի մեր կողմը մի հեծելազորային է սլանում, որը դեռ հեռվից ձայն տվեց. «Wo ist Batalionskommando?»[4]։ Գումարտակի հրամանատարը ձիով նրան ընդառաջ գնաց։ Հեծելազորայինը հրամանատարին մի թուղթ հանձնեց ու առաջ սլացավ։ Գումարտակի հրամանատարը ճանապարհին կարդաց ստացած թուղթը և հանկարծ, ասես խելքը թռցրած, մերկացրեց սուրն ու արշավեց դեպի մեզ։ «Alles zurück! Alles zurück!»[5],— բղավեց նա սպաների վրա։― «Direktion Mulde, einzeln abfallen!»[6]։ Եվ հենց այդ ժամանակ սկսվե՜ց։ Բոլոր կողմերից, կարծես հենց դրան էին սպասում, սկսեցին մեզ վրա կրակ թափել։ Երկաթուղաթմբի ձախ կողմում մի եգիպտացորենի արտ կար։ Ա՛յ թե որտեղ էր իսկական դժոխքը։ Մենք չորեքթաթ սողացինք դեպի հովիտը, ուղեպարկերը գցեցինք այն անիծյալ ռելսերի վրա։ Օբեր-լեյտենանտի գլխին մի գնդակ թրխկաց, և նա չկարողացավ նույնիսկ բերանը բացել։ Մինչև որ կթաքնվեինք հովտում, մեզնից շատերը սպանվեցին ու վիրավորվեցին։ Նրանց այդպես թողինք ու առանց ետ նայելու սկսեցինք փախչել մինչև մութն ընկնելը։ Դեռ մեր գալուց առաջ մեր զինվորներն ամբողջ շրջանը ավերել էին։ Միակ բանը, որ մենք տեսանք, թալանված գումակն էր։ Վերջապես հասանք մի կայարան, որտեղ մեզ սպասում էր մի նոր հրաման՝ գնացք նստել և վերադառնալ շտաբ, մի հրաման, որ մենք չկարողացանք կատարել, քանի որ դրանից մի օր առաջ ամբողջ շտաբը գերի էր ընկել։ Այդ բանը մենք գիտեինք դեռևս առավոտյան։ Եվ մնացինք անտեր-անտիրական որբերի պես, ոչ ոք չէր ուզում մեզ նույնիսկ ճանաչել։ Մեր դասակը միացրին Յոթանասուներեքերորդ գնդին, որպեսզի հեշտ լիներ նահանջել, և նահանջեցինք մեծագույն ուրախությամբ։ Սակայն Յոթանասուներեքերորդ գնդին հասնելու համար ստիպված եղանք մի ամբողջ օր քայլել։
Այլևս ոչ ոք նրան չէր լսում։ Շվեյկն ու Վանեկը «վաթսունվեց» էին խաղում։ Սպայական խոհանոցի խոհարար-օկուլտիստը շարունակում էր իր հանգամանալից նամակը, ուղղված կնոջը, որը նրա բացակայության ժամանակ սկսել էր աստվածիմացական նոր ժուռնալ հրատարակել։ Բալոունը նիրհում էր նստարանի վրա, և հեռախոսավար Խոդոունսկուն մնում էր ոչ այլ ինչ, քան միայն կրկնել. «Այո, ես դա չեմ մոռանա․․․»։
Նա վեր կացավ ու գնաց ուրիշների խաղաթղթերին նայելու։
— Գոնե ծխամորճս վառեիր,— բարեկամաբար ասաց նրան Շվեյկը,— քանի որ վեր ես կացել ուրիշների թղթերին նայելու։ «Վաթսունվեցը» լուրջ բան է, ավելի լուրջ, քան ամբողջ պատերազմը և Սերբիայի սահմանագլխին սարքած ձեր նզովյալ ավանտյուրան։ Այս ի՜նչ հիմար բան արի։ Արժե, որ ռեխիս հասցնեմ։ Թագավորը չպահեցի, և ահա հակառակի պես զինվոր եկավ։ Հիմար եմ էլի, հիմար։
Այդ միջոցին օկուլտիստ-խոհարարն ավարտեց ու սկսեց վերստին կարդալ իր նամակը, միանգամայն գոհ մնալով, որ ամեն ինչ այնքան վարպետորեն է շարադրել, ճարպկորեն շեղելով զինվորական գրաքննության ուշադրությունը․
«Թանկագի՛ն իմ կնիկ.
Երբ ստանաս այս տողերս, ես արդեն մի քանի օր կլինեմ գնացքում, որովհետև գնում ենք ռազմաճակատ։ Դա ինձ այնքան էլ ուրախություն չի պատճառում, քանի որ գնացքում ստիպված եմ ոչինչ չանել և չեմ կարող օգտակար լինել, որովհետև մեր սպայական խոհանոցում սպաների համար ճաշ չեն պատրաստում, իսկ սնունդ ստանում ենք կայարաններում։ Ինչպիսի՜ բավականությամբ ես հիմա, երբ անցնում ենք Հունգարիայի միջով, սեգեդինյան գուլյաշ կպատրաստեի մեր պարոն սպաների համար։ Սակայն բոլոր հույսերս ի դերև եղան։ Գուցե Գալիցիա հասնելուց հետո հնարավորություն ունենամ պատրաստելու իսկական գալիցիական «շոուլյա», այսինքն գարեձավարի կամ բրնձի հետ խաշած սագ։ Հավատա, թանկագին Գելենկա, ես ամբողջ հոգով ձգտում եմ ուժերիս և հնարավորություններիս ներածին չափ հաճելի դարձնել պարոն սպաների հոգսերով ու լարված աշխատանքով լի կյանքը։ Ինձ գնդից ուղարկեցին երթային գումարտակ, մի բան, որ ես վաղուց փափագում էի, ամբողջ հոգով ձգտելով՝ նույնիսկ իմ շատ համեստ միջոցներով սպայական դաշտային խոհանոցը հասցնել անհրաժեշտ բարձրության։ Հիշիր, թանկագի՛ն Գելենկա, թե ինչպես ինձ բանակ տանելու օրը դու սրտանց ցանկացար, որ լավ պետերի մոտ ընկնեմ։ Քո ցանկությունը կատարվեց։ Ես ոչ միայն գանգատվելու բան չունեմ, այլ ընդհակառակը։ Բոլոր պարոն սպաները մեր լավագույն բարեկամներն են, իսկ ինձ համար նրանք հարազատ հայրեր են։ Առաջին իսկ հնարավորության դեպքում քեզ կհայտնեմ մեր դաշտային փոստի համարը»։
Այդ նամակը գրելու պատճառն այն հանգամանքն էր, որ խոհարար-օկուլտիստը վերջնականապես համբերությունից հանել էր գնդապետ Շրեդերին, որը մինչ այդ նրան հովանավորում էր։ Երթային գումարտակի սպաների հրաժեշտի ընթրիքի ժամանակ, չար պատահմունքի բերումով, գնդապետին դարձյալ բաժին չէր հասել հորթի երիկամի ռուլետից, և «հարազատ հայրը» «որդյակին» երթային գումարտակի հետ ուղարկել էր ռազմաճակատ, գնդի սպայական խոհանոցը վստահելով Կլարովի կույրերի դպրոցի մի թշվառ ուսուցչի։
Խոարար-օկուլտիստը մի անգամ էլ աչքի անցրեց գրածը։ Նամակը նրան թվաց միանգամայն դիվանագիտական իր այն նպատակի համար, որ թեկուզ միառժամանակ կարողանար հեռու մնալ կռվի դաշտից, քանի որ, ինչքան չլինի, խոհարարի պաշտոնը նույնիսկ ռազմաճակատում յուրատեսակ դասալքություն է։ Ճիշտ է, զինվորական ծառայության կանչվելուց առաջ նա, հանդերձյալ աշխարհի մասին, խոսող օկուլտային գիտական ժուռնալի խմբագիրն ու հրատարակիչը, մի մեծ հոդված էր գրել, թե ոչ ոք մահից չպետք է վախենա, և մի հոդված էլ՝ հոգեփոխության մասին։
Նա մոտեցավ Շվեյկին ու Վանեկին ու սկսեց աչքի տակով դիտել նրանց խաղաթղթերը։ Այդ պահին երկու խաղացողներն էլ իսպառ մոռացել էին աստիճանակարգության ասածը։ Նրանք հիմա արդեն խաղում էին ոչ թե երկու, այլ երեք հոգով՝ Խոդոունսկու հետ միասին։
Հանձնակատար Շվեյկը թունդ հայհոյում էր ավագ գրագիր Վանեկին․
— Մարդ ուղղակի զարմանում է, թե ինչպես եք կարողանում այդքան ապուշավարի խաղալ։ Հո տեսնում եք, որ նա ռենոնսներով է խաղում, որ ես ագուռ չունեմ, և, չնայած դրան, անխելք տավարի պես ութանոցի փոխարեն խաչի զինվոր եք գալիս, և այդ անասունը տանում է։
— Որքա՜ն աղմուկ մի անգամ տարվելու համար,— լսվեց ավագ գրագրի քաղաքավարի պատասխանը։— Ինքներդ եք ապուշի պես խաղում։ Ես հո ձեզ համար խաչի ութնոց չպիտի ստեղծեմ, երբ ձեռքիս չկա ոչ մի խաչ, կան միայն մեծ ագռավներ ու փոսիկներ։
— Այդ դեպքում, խելքի պուտուկ, պետք է առանց կոզիրի խաղայիք,— ժպտալով խորհուրդ տվեց Շվեյկը։— Մի անգամ ճիշտ այդպիսի բան պատահեց Վալշովի պանդոկներից մեկում։ Այնտեղ էլ հիմարի մեկը ձեռքին կոզիրներ ուներ, բայց չէր խաղացնում և շարունակ մանր թղթեր էր դնում ու փաս անում։ Բայց ի՜նչ թղթեր ուներ։ Ամեն տեսակի ամենախոշորները։ Եվ ճիշտ այնպես, ինչպես հիմա ես ոչ մի շահ չէի ունենա, եթե դուք առանց կոզիրների խաղայիք, այնպես էլ այն երեկո ո՛չ ես, ո՛չ էլ մյուսները ոչ մի օգուտ չունեինք։ Միայն թե զահլաներս պիտի գնար և պիտի վճարեինք ու վճարեինք։ Վերջապես չդիմացա և ասում եմ․ «Պարոն Հերոլդ, բարի եղեք հիմար չձևանալ, խաղացեք առանց կոզիրների»։ Իսկ նա էլ վերցնի ու հարձակվի ինձ վրա։ Ես, ասում է, իրավունք ունեմ խաղալու ինչպես ուզում եմ, իսկ դուք պարտավոր եք ձեր լեզուն ձեզ քաշել։ Ես, ասում է, համալսարանական կրթություն ունեմ։ Բայց դա նրա վրա թանկ նստեց։ Պանդոկապետը ծանոթ մարդ էր, սպասուհին ավելի քան սիրալիր էր մեր նկատմամբ, իսկ պարեկին գործը բացատրեցինք, և ամեն ինչ լավ վերջացավ։ Ամենից առաջ, ասացինք, նա խուլիգանություն է արել, որ խախտել է գիշերվա լռությունը և պարեկ կանչել միայն այն բանի համար, որ ինքը պանդոկի մոտ սայթաքել է, քիթը խփել սառույցին ու արյունլվիկ արել։ Բացի դրանից, մենք մատով անգամ չենք դիպել այդ պարոնին, երբ նա խաղի մեջ խարդախություն էր անում։ Իսկ երբ մենք նրան մերկացրինք, նա այնքան արագ ճղեց, որ թափով մեկ դրմփաց։ Պանդոկապետն ու սպասուհին հասաատեցին, որ իսկապես նրա հետ շատ ջենտլմենավարի ենք վարվել, թեև նա դրան արժանի չէր․ իրիկվա ժամը յոթից մինչև կես գիշեր նստել է միայն մի գավաթ գարեջուր ու մի բաժակ սոդայի ջուր է պատվիրել և դեռ ուռել-փքվել է միայն նրա համար, որ համալսարանի պրոֆեսոր է, թեև խաղից այնքան էր հասկանում, որքան խոզը նարնջից… Հա, իսկ հիմա ո՞վ պիտի բաժանի։
— Հիմա եկեք ավելառուքով խաղանք,— առաջարկեց օկուլտիստ-խոհարարը,— աչքը տաս հելլեր, և մարդս երկու անգամ գնանք։
— Ավելի լավ կլինի,— առաջարկեց ավագ գրագիր Վանեկը,— դուք մեզ պատմեք հոգեփոխության մասին, ինչպես պատմում էիք կանտինայում աշխատող օրիորդին, երբ ընկել ու ձեր քիթը ջարդել էիք։
― Հոգեփոխության մասին ես արդեն լսել եմ,— հարեց Շվեյկը։— Սրանից մի քանի տարի առաջ ես մի օր որոշեցի ուրիշներից հետ չմնալու համար զբաղվել, ներեցեք արտահայտությանս համար, ինքնակրթությամբ, և գնացի Պրագայի Արդյունաբերական ընկերության ընթերցարանը։ Բայց քանի որ արտաքինս վայելուչ չէր և շալվարիս քամակը ծակ էր, ինքնակրթությամբ զբաղվել չկարողացա, ինձ չթողին, որ ընթերցարան մտնեմ և դուրս արին, կասկածելով, թե եկել եմ մուշտակները գողանալու։ Այն ժամանակ հագա տոնական հագուստս ու գնացի Թանգարանի գրադարանը, որտեղ, ընկերոջս հետ, հոգեփոխության վերաբերող մի գիրք ստացա։ Այդ գրքի մեջ ես կարդացի, որ մի հնդակական կայսր մեռնելուց հետո վերածվել է խոզի, իսկ այդ խոզը մորթելուց հետո՝ կապիկի, կապիկից վերածվել է փորսուղի, իսկ փորսուղից՝ մինիստրի։ Զինվորական ծառայությանս ընթացքում համոզվեցի, որ դրա մեջ որոշ ճշմարտություն կա։ Չէ՞ որ ամեն մեկը, ով իր ուսադիրների վրա թեկուզ մի աստղ ունի, զինվորներին անվանում է ծովախոզ կամ մի այլ զազանի անուն կպցնում։ Հետևապես, կարելի է ենթադրել, որ սրանից հազար տարի առաջ այդ հասարակ զինվորները նշանավոր զորավարներ են եղել։ Իսկ պատերազմի ժամանակ այդ հոգեփոխությունը շատ տխմար բան է։ Սատանան գիտե, թե մարդ ինչպիսի կերպարանափոխությունների է ենթարկվում, մինչև որ դառնում է, ասենք, հեռախոսավար, խոհարար կամ հետևակային։ Եվ հանկարծ նա նռնակով սպանվում է, իսկ նրա հոգին մտնում հրետանու որևէ ձիու մեջ։ Բայց ահա բարձունք գրավելիս մարտկոցին նորից մի արկ է դիպչում և կտոր-կտոր անում այն ձիուն, որի մեջ ամփոփվել է հանգուցյալի հոգին։ Հիմա էլ այգ հոգին մի ակնթարթում տեղափոխվում է գումակի կովի մեջք որի մսից ամբողջ զորամասի համար գուլյաշ են պատրաստում, իսկ կովի միջից էլ տեղափոխվում է, ասենք, հեռախոսավարի մեջ, իսկ հեռախոսավարի միջից․․․
— Զարմանում եմ,— ընդհատեց Շվեյկին ակնհայտորեն վիրավորված հեռախոսավար Խոդոունսկին,— թե ինչո՞ւ հենց ես պետք է դառնամ ապուշային սրախոսությունների թիրախ։
— Արդյոք ձեր ազգականը չէ՞ այն Խոդոունսկին, որ մասնավոր խուզարկուական բյուրո ուներ, որի «Աչք» ֆիրմական մակնիշը նման էր սուրբ երրորդության խորհրդանշանին,— անմեղորեն հարցրեց Շվեյկը։— Ես մասնավոր խուզարկուներին շատ եմ սիրում։ Սրանից մի քանի տարի առաջ ես բանակում ծառայում էի Շտենդլեր ազգանունով մի մասնավոր հետախույզի հետ։ Նրա գլուխը նման էր եղևնու կոնի, և մեր ֆելդֆեբելը սիրում էր կրկնել, թե իր քսան տարվա ծառայության ընթացքում զինվորական կոնաձև գլուխներ շատ է տեսել, բայց այդպիսի եղևնակոն պատկերացնել չէր կարող։ «Լսեցեք, Շտենդլեր,— ասում էր նա,— եթե այս տարի զորախաղեր չլինեին, ձեր կոնաձև գլուխը պետք չէր գա նույնիսկ զինվորական ծառայության համար։ Իսկ հիմա գոնե ձեր կոնին նշան բռնելով՝ հրետանին կարող է փորձնական կրակ բանալ, երբ հասնեք այնպիսի մի տեղ, ուր չկարողանանք ավելի լավ օրիենտիր գտնել»։ Խեղճը շատ տանջվեց նրա ձեռին։ Երբեմն զորաշարժի ժամանակ ֆելդֆեբելս նրան մի հինգհարյուր քայլ առաջ էր ուղարկում, ապա հրաման տալիս. «Ուղղությունը դեպի կոնագլուխը»։ Շտենդլերիս բախտը խուզարկու եղած ժամանակ էլ չէր բանել։ Երբեմն նա բուֆետում նստած պատմում էր, թե ինչքան է տառապել այդ ծառայության մեջ։ Հանձնարարություն է ստացել, օրինակ, հետամուտ լինել այսինչ կլիենտի կնոջը։ Այդ կլիենտը գլուխը կորցրած վազ է տվել նրանց գրասենյակը և հանձնարարել իմանալ, թե արդյոք իր կինը ուրիշի հետ շնություն չի՞ արել, իսկ եթե արել է, ապա ո՛ւմ հետ, որտե՛ղ և ինչպե՛ս է շնություն արել։ Կամ, ընդհակառակը, որևէ խանդոտ կին ցանկացել է իմանալ, թե իր մարդը ո՛ւմ հետևից է քաշ գալիս, որպեսզի առիթ ունենա ավելի հաճախ տանը սկանդալներ սարքելու։ Շտենդլերը կրթված մարդ էր, ամուսնական հավատարմությունը խախտելու մասին խոսում էր ամենաքաղաքավարի արտահայտություններով, և երբեմն քիչ էր մնում լաց լիներ, երբ մեզ պատմում էր, թե ինչպես իրենից պահանջում էին, որ կնոջը կամ տղամարդուն բռներ in flagranti[7]։ Մի ուրիշը, ասենք, կուրախանար, երբ մի այդպիսի զույգի բռներ հանցանքի վայրում, աչքերը կչռեր, որ լավ տեսներ, իսկ Շտենդլերը, ինչպես նա ասում էր, նման դեպքերում ինքն էր իրեն կորցնում։ Նա միշտ էլեգանտ կերպով էր խոսում, և ասում էր, թե այլևս ուժ չունի տեսնելու այդ բոլոր անպարկեշտ նողկալիությունները։ Երբեմն, երբ նա մեզ պատմում էր, թե ինչ պոզայի մեջ է բռնել այս կամ այն զույգին, մենք մեր թուքը կուլ էինք տաչիս այն շան պես, որի մոտով խաշած վետչինա են տանում։ Երբ մեզ անարձակուրդ պահում էին զորանոցում, նա մեզ համար շատ գեղեցիկ նկարագրում էր այդ ամենը։ «Այս դիրքով,— ասում էր,— ես տեսա այսինչ պանիին այնինչ պանի հետ,— և հայտնում էր նրանց հասցեները, ըստ որում այդ ասելիս շատ տխուր էր լինում։— Իսկ ինչքա՜ն ապտակներ եմ կերել թե մեկ և թե մյուս կողմից։ Բայց ամենից շատ ինձ այն էր սրտնեղում, որ կաշառք էի վերցնում։ Մի կաշառք մինչև մեռնելս չեմ մոռանա։ Տղամարդը մերկ էր, կինն էլ մերկ։ Հյուրանոցում։ Եվ դռան կեռը չէին գցել։ Ա՛խ, հիմարներ։ Դիվանի վրա չէին տեղավորվել, քանի որ երկուսն էլ չաղ էին։ Գորգի վրա էին խայտում կատվի ձագուկների պես։ Իսկ գորգն ի՜նչ գորգ,— քրքրված, փոշոտ, ամբողջովին ծխուկներով պատած։ Երբ ես ներս մտա, երկուսն էլ վեր թռան, տղամարդը կանգնեց իմ առաջ և ձեռքը պահեց թզենու տերևի պես։ Իսկ կինը մեջքը շրջեց դեպի ինձ. մաշկի վրա պարզ տպվել էին գորգի նախշերը, իսկ կռնակին մի ծխուկ էր կպել։ «Կներեք,— ասում եմ,— պարոն Զեմեկ, ես Խոդոունսկու բյուրոյի մասնավոր խուզարկու Շտենդլերն եմ, և իմ պաշտոնական պարտքն է, համաձայն ձեր տիկնոջ հայտի, ձեզ բռնել հանցանքի վայրում։ Այս տիկինը, որի հետ դուք անթույլատրելի կապի մեջ եք, պանի Գրոտն է»։ Կյանքումս նրա նման հանգիստ քաղաքացի չէի տեսել։ «Թույլ տվեք,— ասաց նա, կարծես ոչինչ չէր պատահել,— ես հիմա կհագնվեմ։ Այս ամենի մեջ միայն իմ կինն է մեղավոր, որն իր անհիմն խանդով ինձ հարկադրում է անթույլատրելի կապի մեջ մտնել և, անհիմն կասկածից դրդված, ինձ որպես ամուսնու վիրավորում է իր կշտամբանքներով և իր զզվելի անվստահությամբ։ Սակայն եթե այլևս ոչ մի կասկած չի մնում և արդեն անհնար է խայտառակությունը թաքցնել… Ո՞ւր է իմ վարտիքը,— հարցրեց նա հանգիստ։— Անկողնու վրա։— Հագնելով վարտիքը, նա շարունակեց.— Եթե այլևս անհնար է խայտառակությունը թաքցնել, մնում է միայն մի բան՝ ապահարզան տալ։ Սակայն դրանով խայտառակության խարանը չի ջնջվի։ Ապահարզանն առհասարակ լուրջ բան է,— դատում էր նա հագնվելով։— Ամենից լավն այն կլինի, որ կինս համբերությամբ զինվի և հրապարակային սկանդալի առիթ չտա։ Սակայն ինչ կուզեք արեք։ Ես ձեզ թողնում եմ այստեղ այս տիկնոջ հետ մենակ»։ Տիկին Գրոտն այդ միջոցին պառկել էր անկողնու մեջ։ Պան Զեմեկը ձեռքս սեղմեց ու դուրս եկավ»։ Ես այլևս լավ չեմ հիշում, թե էլ ինչ պատմեց մեզ պան Շտենդլերը, միայն թե նրա ասածից հիշում եմ, որ շատ ինտելիգենտաբար զրուցել է անկողնում պառկած այն տիկնոջ հետ, շատ կուլտուրականորեն դատողություններ արել, թե, օրինակ, ամուսնությունը բոլորովին էլ նրա համար չէ ստեղծված, որ յուրաքանչյուրին երջանկության հասցնի, և թե ամուսիններից յուրաքանչյուրը պարտավոր է իր կիրքը զսպել և մարմինն ազնվացնել։ «Այդ միջոցին,― պատմում էր Շտենդլերը,— ես սկսեցի հանվել, և, երբ բոլորովին մերկացել էի, խելքս կորցրել ու մոլեգնել, ինչպես եղջերուն զուգավորվելիս, սենյակ մտավ իմ լավ ծանոթ Շտախը, որը նույնպես մասնավոր խուզարկու էր մեր մրցակից Շտերնի բյուրոյում, որին դիմել էր պան Գրոտը, խնդրելով բռնել իր կնոջը, որն իբր նույնպես կապված էր ինչ-որ մեկի հետ։ Այդ Շտախը միայն այս ասաց. «Ըհը՛, պան Շտենդլերը պանի Գրոտի հետ հանցանքի վայրում։ Շնորհավորո՛ւմ եմ»— ասաց, դուռը հանգիստ ծածկեց ու գնաց։ «Հիմա արդեն միևնույն է,— ասաց պանի Գրոտը։— Կարիք չկա, որ շտապեք հագնվել։ Կողքիս բավական ազատ տեղ կա»։— «Հիմա խոսքը, ողորմած տիկին, իսկապես որ իմ տեղին, այսինքն պաշտոնին է վերաբերվում»,— պատասխանեցի ես, ինքս էլ չիմանալով ինչ եմ ասում։ Հիշում եմ միայն, որ դատողություններ էի անում, թե երբ ամուսինների միջև գժտություն է ծագում, ապա դրանից, ի միջի այլոց, տուժում է նաև երեխաների դաստիարակությունը»։ Այնուհետև Շտենդլերը մեզ պատմում էր, թե ինչպես արագ հագնվել է ու ճղել և թե ինչպես որոշել է այդ ամենի մասին անհապաղ հայտնել իր պետ Խոդոունսկուն։ Ճանապարհին մտել է մի բան ուտելու, իսկ երբ հասել է գրասենյակ, նրա վրա արդեն խաչ է քաշված եղել։ Բանն այն է, որ նրանից առաջ տեղ է հասել Շտախը, որին իր պետը հրամայած է եղել Խոդոունսկուն հարված հասցնել, ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում նրա մասնավոր խուզարկուական բյուրոյի աշխատակիցը։ Խոդոունսկին էլ չի խորհում ավելի լավ բան, քան անհապաղ կանչել տալ պան Շտենդլերի կնոջը, որպեսզի ինքը պատժի ամուսնուն, ինչպես հարկավոր է պատժել մի մարդու, որին պաշտոնական գործի են ուղարկում և այդ ժամանակ մրցակից հիմնարկի աշխատակիցը նրան բռնում է հանցանքի վայրում։ «Հենց այդ օրվանից,— ասում էր պարոն Շտենդլերը, երբ այդ մասին խոսք էր լինում,— գլուխս սկսեց ավելի նմանվել եղևնու կոնի»։
— Ուրեմն «հինգ-տասը» խաղա՞նք։ Լա՛վ, խաղանք։
Գնացքը կանգ առավ Մոշոն կայարանում։ Արդեն երեկո էր. վագոններից ոչ ոքի դուրս չէին թողնում։
Երբ գնացքը շարժվեց, վագոններից մեկում մի երգ հնչեց։ Երգիչն այնպես բարձր էր երգում, որ կարծես ուզում էր խլացնել անիվների թխթխկոցը։ Կաշպերյան լեռներից եկած մի զինվոր, կրոնական էքստազով համակված, վայրենի ոռնոցով գովերգում էր խաղաղ գիշերը, որ իջել էր հունգարական հովիտների վրա.
Gute Nacht! Gute Nacht!
Allen Müden sei’s gebracht.
Neigt der Tag stille zur Ende,
Ruhen alle fleiss’gen Hände
Bis der Morgen ist erwacht.
Gute Nacht! Gute Nacht![8]
— Halt Maul, du Elender![9],— ընդհատեց մեկը սենտիմենտալ երգչին, որն իսկույն լռեց։ Նրան լուսամուտի մոտից հետ քաշեցին։
Բայց դադրած մարդիկ մինչև առավոտ չհանգստացան։ Ինչպես ամբողջ գնացքում մոմերի լույսի տակ, այնպես էլ այստեղ պատից կախված նավթի լույսով շարունակում էին «չապարի» խաղալ։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը կոզիրները դնելիս տարվում էր, Շվեյկը հայտարարում էր, թե դա ամենաարդար խաղն է, քանի որ մարդ կարող է ուզածին չափ թուղթ փոխել։
— Երբ ավելառուքով ես խաղում,— պնդում էր Շվեյկր,— կարող ես միայն տուզ կամ յոթնոց վերցնել, բայց հետո քեզ մնում է միայն փաս տալ։ Մնացած թղթերը չի կարելի վերցնել։ Իսկ եթե վերցնում ես՝ ռիսկի ես դիմում։
— Եկեք «զդարովիցե» խաղանք,— առաջարկեց Վանեկը ընդհանուրի հավանության աղմուկի ներքո։
— Փոսիկի յոթնոց,— ազդարարեց Շվեյկը թուղթը կտրելով։— Մարդս տասը հելլեր, տրվում է չորսական թուղթ։ Դե՛հ, դրեք, աշխատենք տանել։
Բոլոր ներկաների դեմքերն այնպիսի բավականություն էին արտահայտում, որ կարծես ոչ մի պատերազմ չկար, չկար և այդ գնացքը, որ զինվորներին տանում էր առաջավոր դիրքերը, դեպի արյունալի ճակատամարտեր ու կոտորածներ, այլ որ նստած են նրանք Պրագայի սրճարաններից մեկում, խաղասեղանների շուրջը։
— Երբ սկսեցի խաղալ ձեռքիս ոչինչ չունենալով, և փոխեցի բոլոր չորս թղթերը, չէի կարծում թե տուզ կգա,— ասաց Շվեյկը մի պարտիայից հետո։— Ո՞ւր եք խցկում ձեր թագավորը։ Տուզովս խփում եմ թագավորին։
Մինչդեռ այստեղ թագավորին խփում էին տուզով, հեռու ռազմաճակատում թագավորներն իրար խփում ու ջարդում էին իրենց հպատակներով։
* * *
Շտաբի վագոնում, որտեղ տեղավորված էին երթային գումարտակի սպաները, ուղևորության հենց սկզբից տարօրինակ լռություն էր տիրում։ Սպաները մեծ մասը ուշադիր կարդում էր մի լաթակազմ գրքույկ, որի վերնադիրն էր. «Die Sünden der Väter». Novelle von Ludwig Ganghofer[10]։ Բոլորը կենտրոնացած ուսումնասիրում էին 161-րդ էջը։ Գումարտակի հրամանատար կապիտան Սագները կանգնած էր լուսամուտի մոտ, ձեռքին նույն այդ զրքույկը, նույն 161-րդ էջը բացած։ Նա դիտում էր իր առջև փռված դաշտանկարը և մտածում, թե ինչպես սպաներին հասկանալի կերպով բացատրի, թե այդ գրքույկն ինչ պետք է անել։ Գործը խիստ գաղտնի բնույթ ուներ։
Այդ միջոցին սպաներն հանգել էին այն եզրակացության, թե գնդապետ Շրեդերը բոլորովին ցնդել է։ Նա արդեն վաղուց փոքր-ինչ խախտված էր, բայց այնուամենայնիվ, դժվար էր սպասել, թե այդպես միանգամից կարող էր խելքը թռցնել։ Գնացքը մեկնելուց առաջ նա բոլոր սպաներին հրամայել էր հավաքվել վերջին խորհրդակցության, ուր հայտնել էր, թե նրանցից յուրաքանչյուրը ստանալու է Լյուդվիգ Գանգհոֆերի «Die Sünden der Väter» գրքից մեկ օրինակ։ Նա հրամայել էր այդ գրքերը բերել գումարտակի գրասենյակ։
— Պարոնա՛յք։— ասել էր նա չափազանց խորհրդավոր կերպով,— երբեք չմոռանաք 161-րդ էջը։
Ուշադիր կարդալով այդ էջը, սպաները ոչինչ չէին կարողանում հասկանալ։ 161-րդ էջում ինչ-որ Մարթա մոտենում էր գրասեղանին, արկղից հանում ինչ-որ դերի տեքստ և բարձր ձայնով այն միտքն արտահայտում, թե հասարակությունը պետք է կարեկցանքով վերաբերվի պիեսի հերոսի տառապանքներին։ Այնուհետև նույն այդ էջում հանդես էր գալիս ոմն Ալբերտ, որն անդադրում սրախոսում էր։ Բայց քանի որ սրախոսությունները վերաբերվում էին նախընթաց դեպքերին, ապա այնքան անհեթեթ էին թվում, որ պորուչիկ Լուկաշը կատաղությունից կրծոտում էր իր մուշտուկը։
— Ծերուկը բոլորովին գժվել է,— եզրակացրին բոլորը։— Վերջացա՜վ։ Հիմա նրան կփոխադրեն զինվորական մինիստրություն։
Ամեն ինչ ըստ ամենայնի խորհելուց հետո կապիտան Սագները լուսամատից հեռացավ։ Նա մեծ տաղանդ չուներ, ուստի և շատ ժամանակ կորցրեց, մինչև որ կարողացավ մտքում կազմել 161-րդ էջի նշանակությանը նվիրված իր դասախոսության լրիվ ծրագիրը։
Նախքան իր ճառն սկսելը, նա սպաներին դիմեց «Meine Herren!»[11] բառերով, ինչպես անում էր ծերուկ գնդապետը, թեև գնացքը մեկնելուց առաջ նրանք բոլորը նրա համար «Kamaraden»[12] էին։
— Also, meine Herren![13],― Սագները սկսեց իր դասախոսությունը, թե ինքը երեկ երեկո գնդապետից մի հրահանգ է ստացել Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի մասին։
— Also, meine Herren!— շարունակեց նա հանդիսավորապես։— Մեր առջև է մի բոլորովին գաղտնի ինֆորմացիա, որ վերաբերում է դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր սիստեմին։
Կադետ Բիգլերը հանեց ծոցատետրն ու մատիտը և այնպիսի մի ձայնով, որ չտեսնված ջանասիրություն ու հետաքրքրություն էր արտահայտում, ասաց. «Ես պատրաստ եմ, պարոն կապիտան»։
Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդեոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բյուգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։
Այդ օրվանից կադետի անունը գրել էին «արագիլի թև ու ձկան պոչ»։ Բյուգլերին հենց սկզբից չէին սիրում և անգթորեն ձեռք էին առնում, մանավանդ որ այդ գերբը բոլորովին չէր սազում նրա հոր ֆիրմային, որը ճագարի մորթիկների առևտրով էր զբաղվում։ Նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ ռոմանտիկ էնտուզիաստը ազնվորեն ու ջանասիրաբար ձգտում էր լիովին յուրացնել ռազմագիտությունը, աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ և գիտեր ավելին, քան նրան սովորեցնում էին։ Քանի գնում, այնքան ավելի էր նա իր գլուխը բթացնում ռազմական արվեստին ու պատերազմների պատմությանը նվիրված աշխատություններ ուսումնասիրելով։ Նա շարունակ խոսք էր բաց անում այդ թեմաների մասին, մինչև որ նրան չէին ընդհատում և իր տեղը նստեցնում։ Սպայական շրջանում նա իրեն բարձրաստիճան սպաներին հավասար մարդ էր համարում։
— Sie, Kadett![14]— ասաց կապիտան Սագները։— Քանի դեռ թույլ չեմ տվել խոսել, բարեհաճեցեք լռել։ Մեջ մի ընկեք։ Խոսք չունեմ, խելացի զինվոր եք։ Ես ձեզ հույժ գաղտնի ինֆորմացիաներ եմ հաղորդում, իսկ դուք դրանք գրի եք առնում ձեր ծոցատետրում։ Այդ ծոցատետրը կորչելու դեպքում դուք ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեք։
Ի թիվս ամենայնի, կադետ Բիգլերը արդարանալու մի վատ սովրություն ուներ․ ջանում էր համոզել, թե ամեն ինչ լավ դիտավորությամբ է անում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— պատասխանեց նա,— նույնիսկ ծոցատետրը կորչելու դեպքում ոչ ոք չի կարող վերծանել, թե մեջը ինչ է գրված, քանի որ ես սղագրում եմ և ոչ ոք իմ հապավումները չի կարող կարդալ։ Ես օգտվում եմ սղագրության անգլիական սիստեմից։
Բոլորը արհամարհանքով նայեցին նրան։ Կապիտան Սագները ձեռքը թափ տվեց ու շարունակեց իր դասախոսությունը։
— Ես արդեն խոսեցի դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր եղանակի մասին։ Ձեզ համար, հավանաբար, անհասկանալի էր, թե գնդապետն ինչո՛ւ է հանձնարարել կարդալ Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» վեպի հատկապես 161-րդ էջը։ Այդ էջը, պարոնա՛յք, ծածկագրման այն նոր սիստեմի բանալին է, որ գործադրության մեջ է մտել այն բանակային կորպուսի շտաբի նոր հրամանով, որին մենք ենթակա ենք։ Ինչպես ձեզ հայտնի է, դաշտային պայմաններում կարևոր հաղորդագրությունները ծածկագրելու շատ ձևեր կան։ Ամենանոր մեթոդը, որից մենք օգտվում ենք, լրացուցիչ թվանշանային մեթոդն է։ Այդպիսով վերացվում են անցյալ շաբաթ գնդի շտաբի կողմից ձեզ տրված ծածկագիրն ու նրա բանալին։
— Դա էրցհերցոգ Ալբրեխտի սիստեմն է, որ փոխ է առնված Գրոնֆելդից — 8922-R,— քթի տակ ինքն իրեն թոնթորաց ամենագետ կադետ Բիգլերը։
— Նոր սիստեմը չափազանց պարզ է,— հնչում էր վագոնում կապիտանի ձայնը։— Ես գնդապետից անձամբ ստացել եմ վեպի երկրորդ հատորը և բանալին։ Եթե, օրինակ, մեզ պետք է հրաման տան «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»[15], ապա, պարոնա՛յք, մենք կստանանք հետևյալ ճեպագիրը, Sache — mit — uns — das — wir — aufsehen ― in ― die — versprachen — die — Martha — dich — das — ängstlich — dann — wir — Martha — wir — den — wir — Dank — wohl — Regiekollegium — Ende — wir — versprachen — wir — gebessert — versprachen — wirklich — denke — Idee — ganz — herrscht — Stimme —letzten[16]։
Դա չափազանց պարզ է, առանց ավելորդ կոմբինացիաների։ Շտաբից հեռախոսով հաղորդվում է գումարտակին, գումարտակից հեռախոսով՝ վաշտին։ Ստանալով այդ ծածկագիր հրամանը, հրամանատարը վերծանում է այս կերպ, վերցնում ենք «Հայրերի մեղքեր»-ը, բացում 161-րդ էջը և նախորդ 160-րդ էջի վերից սկսում որոնել «Sache»[17] բառը։ Ահավասիկ, պարոնայք։ «Sache»-ն առաջին անգամ հանդիպում է 160-րդ էջում և բառերի շարքում գրավում է 52-րդ տեղը, հետևապես հաջորդ 161-րդ էջի վերից սկսենք փնտրել 52-րդ տառը։ Նշեցեք, որ դա «A»-ն է։ Ճեպագրի հաջորդ բառն է «mit»[18]։ 160-րդ էջում դա 7-րդ բառն է, որ համապատասխանում է 161-րդ էջի 7-րդ՝ «u» տառին։ Այնուհետև գալիս է «uns»[19], այսինքն,— խնդրում եմ ուշադիր հետևել ինձ հետ միասին,— 88-րդ բառը, որ համապատասխանում է հաջորդ 161-րդ էջի 88-րդ տառին։ Դա «f» տառն է։ Մենք վերծանեցինք «auf»[20] բառը։ Եվ շարունակում ենք այդպես, մինչև որ վերծանում ենք «288-րդ բարձունքից գնդացրային կրակն ուղղել դեպի ձախ» հրամանը։ Շատ սրամիտ է ու պարզ, պարոնա՛յք, և ոչ մի հնարավորություն չկա վերծանելու առանց բանալիի, այսինքն առանց Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի։
Բոլորն անխոս նայեցին չարաբաստիկ էջերին և մտածմունքի մեջ ընկան։ Մի րոպե լռություն տիրեց, և հանկարծ կադետ Բիգլերը մտահոգ աղաղակեց․
— Herr Hauptmann, ich melde gehorsam… Jesus Maria! Es stimmt nicht![21]
Եվ իսկապես, ամեն ինչ շատ հանելուկային էր։ Որքան էլ բոլորը ճգնում ու ջանում էին, ոչ ոք, բացի կապիտան Սագներից, 160-րդ էջում չէր գտնում հիշյալ բառերը, իսկ հաջորդ 161-րդ էջում, որով սկսվում էր բանալին, այդ բանալուն համապատասխանող տառերը։
— Meine Herren,— կոտր ընկած թոնթորաց կապիտան Սագները, համոզվելով, որ կադետ Բիգլերը իրավացի է։— Բանն ինչո՞ւմն է։ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի իմ օրինակում այդ ամենը կա, իսկ ձերինում չկա՞։
— Ձեր թույլտվությամբ, կապիտան,— ասաց նորից կադետ Բիգլերը,— ինձ թույլ եմ տալիս ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լյուդվիգ Գանգհոֆերի վեպը բաղկացած է երկու հատորից։ Բարեհաճեցեք համոզվել․ առաջին էջի վրա դրված է՝ «Վեպ երկու հատորով»։ Մեր ձեռքին է առաջին հատորը, իսկ ձեր ձեոքին՝ երկրորդը,— զարգացնում էր իր միտքը ամենագետ կադետ Բիգլերը։— Ուստի միանգամայն պարզ է, որ մեր 160-րդ և 161-րդ էջերը չեն համապատասխանում ձեր էջերին։ Մեր ձեռքին բոլորովին այլ տեքստ է։ Ճեպագրի առաջին բառը ձեր օրինակում պետք է լինի «auf», իսկ մեր օրինակի մեջ դուրս է գալիս «heu»։
Հիմա բոլորը տհսան, որ Բիգլերն այնքան էլ տխմար չէ։
— Ես երկրորդ հատորը ստացել եմ բրիգադի շտաբից,— ասաց կապիտան Սագները։— Ըստ երևույթին, սխալմունք է տեղի ունեցել։ Գնդապետը ձեզ համար պատվիրել էր առաջին հատորը։ Պարզ է,— շարունակեց նա այնպիսի տոնով, որ կարծես իր համար ամեն ինչ պարզ ու որոշ էր ծածկագրման չափազանց հարմար եղանակին նվիրված դասախոսությունը սկսելուց դեռ շատ առաջ,— բրիգադի շտաբում շփոթել են։ Գնդին չեն հայտնել, որ խոսքը վերաբերվում է երկրորդ հատորին, և ահա արդյունքը։
Կադետ Բիգլերը բոլորի վրա մի հաղթական հայացք նետեց։ Պոդպորուչիկ Դուբը պորուչիկ Լուկաշի ականջին փսփսաց, թե այդ «արագիլի թևը» կապիտան Սագներին լավ կերցրեց։
— Տարօրինակ բան, պարոնա՛յք,— նորից սկսեց կապիտան Սագները, ցանկանալով խոսք բացել և խզել ճնշող լռությունը։— Բրիգադի շտաբում սահմանափակ մարդիկ են նստած։
— Ես ինձ թույլ եմ տալիս ընդգծել,— ընդհատեց նրան անխոնջ կադետ Բիգլերը, որը նորից էր ցանկանում իր խելքով պարծենալ,— գաղտնի, հույժ գաղտնի բնույթ կրող այդպիսի բաները դիվիզիայից չպետք է ուղարկվեին բրիգադի գրասենյակի միջոցով։ Բանակային կորպուսի գաղտնի, խիստ գաղտնի բնույթ կրող գործերը պետք է հաղորդվեն միայն դիվիզիայի զորամասերի և բրիգադների հրամանատարներին՝ հույժ գաղտնի շրջաբերականով։ Ինձ հայտնի են այն ծածկագրերի սիստեմները, որոնցից օգտվել են Սարդինիայի և Սավոյայի համար մղված պատերազմի, Սևաստոպոլի անգլո-ֆրանսիական պաշարման, Չինաստանի բոքսերական ապստամբության և վերջին ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ։ Այդ սիստեմները հաղորդվում էին․․․
— Թքած դրա վրա, կադետ Բիգլեր,— ընդհատեց նրան կապիտան Սագները արհամարհանքի և դժգոհության արտահայտությամբ։— Կասկած չի կարող լինել, սակայն, որ այն սիստեմը, որին խոսքը վերաբերվում էր և որը ես ձեզ բացատրեցի, ոչ միայն լավագույն, այլև, կարելի է ասել, ամենաանվերծանելի սիստեմներից մեկն է։ Հիմա մեր թշնամու շտաբների բոլոր հակահետախուզական բաժինները լեզուներն իրենց կքաշեն, նրանք ավելի շուտ կտրաքեն, քան կվերծանեն մեր ծածկագիրը։ Դա մի բոլորովին նոր բան է։ Այդպիսի ծածկագիր երբևէ գոյություն չի ունեցել։
Ամենագետ կադետ Բիգլերը բազմանշանակ հազաց։
— Ես ինձ թույլ եմ տալիս, պարոն կապիտան,— ասաց նա,— ձեր ուշադրությունը հրավիրել Կերիկհոֆի՝ ռազմական ծածկագրությանը նվիրված գրքի վրա։ Ամեն մարդ կարող է այդ դիրքը պատվիրել և ստանալ ռազմա-գիտական բառարանի հրատարակչությունից։ Այդ գրքում, պարոն կապիտան, հանգամանորեն նկարագրված է այն մեթոդը, որ հենց նոր մեզ բացատրեցիք։ Այդ մեթոդը գտել է գնդապետ Կիրխները, որը Նապոլեոն Առաջինի օրոք ծառայել է սաքսոնական բանակում։ Դա, պարոն կապիտան, կոչվում է Կիրխների մեթոդ, բառերով ծածկագրելու մեթոդ։ Ծածկագիր հրամանի յուրաքանչյուր բառը վերծանվում է բանալին հակառակ էջի վրա։ Այդ մեթոդը կատարելագործել է պորուչիկ Ֆլայսները իր «Handbuch der militärischen Krypthographie»[22] գրքում, որն ամեն ոք կարող է գնել Վիներ-Նեյշտադտի ռազմական ակադեմիայի հրատարակչությունից։ Խնդրեմ, պարոն կապիտան։
Կադետ Բիգլերր ձեռքը տարավ դեպի իր ճամպրուկը և հանեց այն գիրքը, որի մասին հենց նոր խոսում էր։
— Խնդրե՛մ։ Բարեհաճեցեք համոզվել։ Ֆլայսները բերում է միևնույն օրինակը։ Այն նույն օրինակը, որ հենց նոր մենք բոլորս լսեցինք։
Ճեպագիր. «Auf der Kote 228, Maschinengewehrfeuer linksrichten»։
Բանալի. Ludwig Ganghofer «Die Sünden der Väter, Zweiter Band. Բարեհաճեցեք տեսնել շարունակությունը։ Ծածկագիր․ «Sache — mit ― uns ― das ― wir — aufsehen — in — die ― versprachen — die — Martha»։ Նույնն է, ճիշտ և ճիշտ նույնը, որ քիչ առաջ մենք լսեցինք։
Անկարելի էր առարկել։ Փսլնքոտ «արագիլի թևը» միանգամայն իրավացի էր։ Բանակի շտաբում գեներալներից մեկը աշխատել էր իր գործը հեշտացնել․ գտել էր Ֆլայսների ռազմական ծածկագրերին վերաբերող գիրքը, և վե՛րջ։
Մինչ պարզվում էր այդ ամենը, պորուչիկ Լուկաշը ջանում էր հաղթահարել այն անբացատրելի հոգեկան հուզումը, որ համակել էր իրեն։ Նա շրթունքները կրծում, ուզում էր ինչ-որ առարկություն անել և, ի վերջո, ասաց բոլորովին ոչ այն, ինչ սկզբում մտադիր էր ասել։
— Կարիք չկա այդ ամենը ողբերգականորեն ընկալելու,— ասաց նա մի տեսակ տարօրինակորեն շփոթված։— Երբ մենք գտնվում էինք Լեյտի Բրուկի ճամբարում, ճեպագրի ծածկագրման մի քանի սիստեմներ փոխվեցին։ Մինչև մենք ռազմաճակատ հասնենք, հանդես կգան նոր սիստեմներ, սակայն, ես կարծում եմ, որ մենք այնտեղ այդպիսի գաղտնագրեր վերծանելու ժամանակ չենք ունենա։ Մինչև որ մեզնից մեկը կարողանա վերծանել անհրաժեշտ օրինակը, այլևս գոյություն չեն ունենա ո՛չ գումարտակը, ոչ վաշտը, ոչ էլ բրիգադը։ Այնպես որ, դա գործնական նշանակություն չունի։
Կապիտան Սագներն ակամա համաձայնեց։
— Համենայն դեպս,— հաստատեց նա,— ինչ վերաբերում է սերբական ռազմաճակատի իմ փորձին, ապա այնտեղ ոչ ոք գործնականորեն վերծանելու ժամանակ չէր ունենում։ Դա, իհարկե, չի նշանակում, թե ծածկագրերը նշանակություն չունեն խրամատներում երկար մնալու դեպքում, երբ մենք այնտեղ ամուր նստում ու սպասում ենք։ Ինչ վերաբերում է նրան, որ ծածկագրերը փոխվում են, ապա դա էլ ճիշտ է։
Կապիտան Սագներն իրար հետևից զիջում էր իր դիրքերը։
— Եթե ներկայումս շտաբից դիրքերին հրամաններ հաղորդելիս ավելի ու ավելի քիչ են ծածկագրեր օգտագործում, ապա դրա գլխավոր պատճառն այն է, որ մեր դաշտային հեռախոսները բավականաչափ կատարյալ չեն և, մանավանդ թնդանոթաձգության ժամանակ, որոշ վանկեր պարզ չեն հաղորդում։ Մարդ բացարձակապես ոչինչ չի լսում, և դա ավելի մեծ շփոթ է առաջացնում։
— Շփոթությունը ամենավատթար բանն է, որ կարող է լինել ռազմաճակատում, պարոնա՛յք,— մարգարեաբար բարբառեց նա և նորից լռեց։— Մի րոպեից,— կրկին խոսեց նա՝ պատուհանից դուրս նայելով,— մենք կլինենք Ռաբում։ Meine Herren! Զինվորներն այստեղ հարյուրհիսունական գրամ հունգարական երշիկ կստանան։ Կեսժամյա հանգիստ կտանք։— Նա նայեց մարշրուտը։— Ժամը չորսն անց տասներկու րոպեին մեկնել։ Երեքն անց հիսուներկու րոպեին բոլորը մտնեն վագոնները։ Վագոններից դուրս գալ վաշտ առ վաշտ, նախ տասնմեկերորդը, ապա մյուսները․․․Zugsweise, Direktion Verpflegsmagazin № 6[23]։ Երշիկը բաժանելուն վերահսկում է կադետ Բիգլերը։
Բոլորը նայեցին կադետ Բիգլերին, ասես ցանկանալով նրան նախազգուշացնել, «Ստիպված ես լինելու, կաթնակե՛ր, մեծ ղալմաղալի մեջ ընկնել»։
Բայց ջանասեր կադետը ճամպրուկից մի թերթ թուղթ, մատիտ ու քանոն հանեց, թուղթը տողեց, սյունակավորեց ըստ երթային վաշտերի և սկսեց սպաներից հարցնել նրանց վաշտերի թվական կազմը։ Սակայն հրամանատարներից ոչ մեկը դա ստույգ չգիտեր. նրանք կարող էին միայն մոտավորապես հայտնել պահանջվող թվական տվյալները, օգտվելով իրենց ծոցատետրերում արած ինչ-որ հանելուկային նշումներից։
Կապիտան Սագները սրտնեղությունից սկսեց կարդալ չարաբաստիկ «Հայրերի մեղքերը» գիրքը։ Երբ գնացքը կանգ առավ Ռաբ կայարանում, նա փակեց գիրքն ու ասաց.
— Այդ Լյուդվիգ Գանգհոֆերը լավ է գրում։
Պորուչիկ Լուկաշը առաջինը դուրս թռավ շտաբի վագոնից և քայլերն ուղղեց դեպի Շվեյկը։
Շվեյկն ու նրա ընկերները արդեն վաղուց խաղը վերջացրել էին, իսկ պորուչիկ Լուկաշի սպասյակ Բալոունը այնպիսի քաղց էր զգում, որ սկսել էր զինվորական գլխապետության դեմ ապստամբել և հայհոյախոսում էր, թե իրեն շատ լավ հայտնի է, թե պարոն սպաներն ինչպես են զխկռտվում։ Հիմա ավելի վատ է, ասում էր նա, քան ճորտատիրության ժամանակ։ Հնում զինվորական ծառայության մեջ այդպիսի բան չի եղել։ Դեռևս վաթսունվեց թվի պատերազմի ժամանակ, ինչպես նրան պատմել է իր զավակների խնամքի տակ ապրող պապը, սպաները զինվորների հետ կիսել են թե՛ հավը և թե՛ մի կտոր հացը։ Բալոունի ողբ ու կոծին վերջ չկար, և Շվեյկն անհրաժեշտ համարեց գովաբանել զինվորական կարգերն ու ներկայիս պատերազմը։
— Շատ ջահել է երևում պապդ,— բարեհոգաբար ժպտալով սկսեց նա, երբ հասան Ռաբ։— Պապդ միայն վաթսունվեց թվականի պատերազմն է հիշում, բայց ահա իմ ծանոթ Ռանովսկու պապը Իտալիայում ծառայել է դեռևս ճորտատիրության ժամանակ։ Ծառայել է տասներկու տարի և տուն վերադարձել կապրալի աստիճան ստացած։ Նրա համար աշխատանք չի գտնվել։ Եվ ահա այդ պապին վարձել է հենց իր հայրը։ Մի անգամ նրանք գնում են կոռի, կոճղեր արմատահան անելու։ Մի կոճղ, ինչպես մեզ պատմում էր իր հայրիկի մոտ աշխատող այդ պապը, այնքան զռփի է լինում, որ տեղից շարժել չեն կարողանում ։ Պապն ասում է. «Եկեք այս զիբիլը թողնենք այստեղ։ Ինչի՞ համար տանջվենք»։ Իսկ անտառապահն այդ լսելով՝ սկսում է գոռգոռալ, և ձեռնափայտր թափ տալ նրա վրա․ «Արմատահան անել կոճղը, և ուրիշ ոչինչ»։ Կապրալս միայն այս է ասում. «Դու կաթնակերի մեկն ես, իսկ ես՝ զորացրված հին զինվոր», իսկ մի շաբաթ հետո նորից ծանուցագիր է ստանում, և նորից պետք է գնար Իտալիայում զինվորական ծառայություն կատարելու։ Մնացել էր նա այնտեղ էլի տասը տարի, և նամակ էր գրել տուն, թե վերադառնալուն պես անտառապահի գլուխը կացինով ջարդելու է։ Բարեբախտաբար, մինչև նրա գալը անտառապահն իր բնական մահով մեռել էր։
Այդ պահին վագոնի դռան առաջ երևաց պորուչիկ Լուկաշը։
— Շվեյկ, հապա այստեղ եկեք,— ասաց նա։— Թողեք ձեր տխմար ճամարտակությունները, և ավելի լավ կլինի ինձ մի բան բացատրեք։
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, գալի՛ս եմ։
Պորուչիկ Լուկաշը Շվեյկին տարավ իր հետ։ Այն հայացքը, որով պորուչիկը նայեց նրան, ոչ մի լավ բան չէր խոստանում։
Բանն այն էր, որ, կապիտան Սագների խայտառակ կերպով ձախողված դասախոսության ժամանակ համադրելով փաստերը, պորուչիկ Լուկաշը գտել էր հանելուկի միակ հնարավոր լուծումը։ Դրա համար, ճիշտ է, նա ստիպված չէր եղել դիմելու շատ բարդ մտահանգումների, քանի որ մեկնելուց մի օր առաջ Շվեյկը նրան զեկուցել էր․ «Պարոն օբեր-լեյտենանտ, գումարտակում ինչ-որ գրքույկներ կան պարոն սպաների համար։ Ես այդ գրքույկները բերել եմ գնդի գրասենյակից»։
Երբ Լուկաշն ու Շվեյկը անցան երկրորդ ուղեգիծը և կանգ առան մի հանգած շոգեկառքի մոտ, որ արդեն մի շաբաթ սպասում էր ռազմամթերքի գնացքին, Լուկաշն առանց այլևայլության հարցրեց.
— Շվեյկ, ի՞նչ եղան այն գրքույկները։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա շատ երկար պատմություն է, իսկ դուք միշտ բարեհաճում եք բարկանալ, երբ ես մանրամասն եմ պատմում։ Հիշո՞ւմ եք, դուք պատռեցիք այն պաշտոնական գրությունը, որ վերաբերվում էր փոխառությանը, և ուզում էիք վզակոթիս հասցնել, իսկ ես այդ առիթով ձեզ պատմեցի, թե մի գրքույկի մեջ կարդացել եմ, որ առաջ պատերազմի ժամանակ մարդիկ վճարել են ըստ լուսամուտների թվի․ յուրաքանչյուր լուսամուտի համար քսան հելլեր և այդքան էլ յուրաքանչյուր սագի համար․․․
— Այդպես որ գնա, Շվեյկ, մենք երբեք չենք վերջացնի,— ընդհատեց նրան պորուչիկը, որը նախապես որոշել էր հարցաքննությունն այնպես վարել, որ այդ անզգամ Շվեյկն ամենակարևորը չկռահեր։
— Գանգհոֆերին ճանաչո՞ւմ եք։
— Դա ո՞վ է,— քաղաքավարի հարցրեց Շվեյկը։
— Գերմանացի գրող, հիմա՛ր,— զայրացավ պորուչիկ Լուկաշը։
— Աստվա՛ծ վկա, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, և նրա դեմքն անկեղծ տառապանք արտահայտեց,— ես անձամբ ոչ մի գերմանացի գրողի հետ ծանոթ չեմ։ Ծանոթ էի միայն մի չեխ գրողի՝ գոմաժլեցի Հայեկ Լադիսլավին։ Նա «Կենդանիների աշխարհ» ժուռնալի խմբագիրն էր, և ես մի անգամ զտարյուն շպիցի փոխարեն նրա վրա մի բակապահ շուն սաղացրի։ Այցելում էր պանդոկներից մեկը և այնտեղ միշտ կարդում իր պատմվածքները, որոնք այնքան տխուր էին, որ մենք ծիծաղից թուլանում էինք, իսկ նա լալիս էր և վճարում բոլորիս փոխարեն։ Իսկ մենք նրա համար պետք է երգեինք․
Աշտարակը Դոբրոժիլցի
Զարդեր ունի սքանչելի.
Ո՞վ այն զուգեց նկարելով,
Հետն էլ կանանց համբուրելով։
Մեռել է նա ու գնացել,
Արդեն վաղուց հող է դարձել։
— Թատրոնում չեք գտնվում։ Ձայնը գլուխն է գցել, կարծես օպերայի երգիչ լինի,― վախեցած ֆշշաց պորուչիկ Լուկաշը, երբ Շվեյկն երգեց-պրծավ վերջին՝ «արդեն վաղուց հող է դարձել» ֆրազը։— Ես ձեզ այդ չեմ հարցնում։ Ես միայն ուզում էի իմանալ, թե արդյոք դուք գիտե՞ք, որ այն գրքույկները, որոնց մասին խոսում էինք, գրել է Լյուդվիգ Գանգհոֆերը։ Դե, ասացեք, ի՞նչ եղան այդ գրքույկները,— չարախնդորեն վրա տվեց պորուչիկ Լուկաշը։
— Այն գրքույկները, որ ես բերեցի գնդի գրասենյակի՞ց,— մտազբազ հարցրեց Շվեյկը։— Այդ գրքույկները, պարոն օբեր-լեյտենանտ, իսկապես այն մարդն էր գրել, որի մասին դուք հարցրիք, թե հետը ծանոթ չե՞մ։ Ես ուղղակի գնդի գրասենյակից հեռախոսագիր ստացա։ Գիտե՞ք ինչ, նրանք ցանկանում էին այդ գրքույկներն ուղարկել գումարտակի գրասենյակ, իսկ գրասենյակում մարդ չկար, չէ՞ որ բոլորն անպայման պետք է բուֆետ գնային, որովհետև ռազմաճակատ մեկնելիս ոչ ոք չի կարող ասել, թե երբևէ նորից բախտ կունենա բուֆետում նստելու։ Եվ այդպես, նրանք այնտեղ էին. այնտեղ նստած խմում էին։ Հեռախոսով մյուս երթային վաշտում էլ մարդ չէին գտել։ Քանի որ դուք ինձ, որպես հանձնակատարի, հրամայել էիք հեռախոսի մոտ հերթապահել մինչև հեռախոսավար Խոդոունսկուն մեզ մոտ ուղարկելը, նստել ու սպասում էի, թե գնալուս հերթը երբ է հասնելու։ Գնդի գրասենյակից հայհոյում էին, թե ոչ մի տեղից իրենց զանգին չեն պատասխանում, այնինչ հեռախոսագիր է ստացվել, որով հրամայվում է գնդի գրասենյակից ինչ-որ գրքույկներ վերցնել ամբողջ երթային գումարտակի պարոն սպաների համար։ Քանի որ ես հասկանում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ զինվորական ծառայության մեջ պետք է արագ գործել, հեռախոսով նրանց պատասխանեցի, թե ես ինքս կվերցնեմ այդ գրքույկները և կտանեմ գումարտակի գրասենյակը։ Ինձ մի այնպիսի ծանր պայուսակ տվին, որ հազիվ տեղ հասցրի։ Այստեղ ես աչքի անցրի այդ գրքույկները և իմ խելքով որոշեցի, թե ինչ պետք է անել։ Բանն այն է, որ գնդի գրասենյակում գրագիրն ինձ ասաց, թե համաձայն գնդին տրված հեռախոսագրի գումարտակում արդեն գիտեն, թե այդ գրքույկներից որը, այսինքն ո՛ր հատորը պիտի ընտրեն, քանի որ գրքույկները երկու հատորից էին, առաջին հատորն աոանձին, երկրորդն՝ առանձին։ Կյանքումս երբեք այդպես չէի ծիծաղել, որովհետև ես շատ գրքեր եմ կարդացել, բայց ոչ մի անգամ երկրորդ հատորից չեմ սկսել։ Իսկ նա նորից ինձ ասում է. «Սա ձեզ առաջին, սա էլ երկրորդ հատորը։ Պարոն սպաներն իրենք արդեն գիտեն, թե ո՛ր հատորը պիտի կարդան»։ Մտածեցի, թե երևի դրանք բոլորը հարբած են, քանի որ գիրքը միշտ պետք է սկզբից կարդալ։ Օրինակ, հայրերի մեղքերի մասին գրված այն վեպը, որ ես բերել էի, (ես, կարելի է ասել, գերմաներեն կարդալ գիտեմ), պետք է սկսել առաջին հատորից. մենք հո հրեաներ չենք, որ հետևից դեպի առաջ կարդանք։ Հետո, երբ դուք սպայական ժողովարանից վերադարձաք, ես հեռախոսով այդ մասին ձեզ հարցրի։ Ես ձեզ զեկուցեցի այդ գրքույկների մասին, հարցրի, թե հո պատերազմի ժամանակ ամեն ինչ չի՞ թարսվել, թե հո կարգադրվա՞ծ չէ գրքերը թարս կարդալ՝ նախ երկրորդ, ապա միայն առաջին հատորը։ Դուք պատասխանեցիք, թե ես հարբած անասուն եմ, քանի որ չգիտեմ, որ «Հայր մեր»-ի մեջ նախ ասվում է «Հայր մեր» և հետո միայն «ամեն»․․․ Ղուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն օբեր-լեյտենանտ,— կարեկցանքով հարցրեց Շվեյկը, տեսնելով թե ինչպես սփրթնած պորուչիկ Լուկաշը ձեռքով կառչել է հանգած շոգեկառքի ոտնակից։
Լուկաշի գունատ դեմքն այլևս զայրույթ չէր արտահայտում։ Նրա վրա դրոշմված էր մի անմխիթար հուսահատություն։
— Շարունակեցեք, շարունակեցեք, Շվեյկ․․․ Արդեն անցավ․․․ հիմա ամեն ինչ միևնույն է․․․
— Ես էլ,— հնչեց Շվեյկի մեղմ ձայնը լքված գծուղու վրա,— ինչպես արդեն ասացի, նույն կարծիքին էի։ Մի անգամ ես Բակոնյան անտառում ապրող Ռոժ Շավանեի մասին գրված մի արյունալի վեպ էի գնել, որի առաջին մասը նույնպես չկար։ Եվ ստիպված էի գուշակություններ անել, թե սկզբում ինչ է եղել։ Չէ՞ որ ավազակի պատմությունն անգամ առանց առաջին մասի կարդալ չի լինի։ Ինձ համար միանգամայն պարզ էր, որ, իսկապես ասած, բոլորովին միտք չունի, որ պարոն սպաները նախ առաջին մասը կարդան, իսկ հետո երկրորդը, և որ իմ կողմից հիմարություն կլինի գումարտակին չհաղորդել այն, ինչ ինձ ասել են գնդի գրասենյակում, այսինքն, որ իբր սպաները գիտեն, թե ո՛ր հատորը պիտի կարդալ։ Առհասարակ այդ գրքույկների պատմությունը, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ շատ տարօրինակ ու հանելուկային էր թվում։ Ես գիտեի, որ պարոն սպաներն առհասարակ քիչ են կարդում, իսկ պատերազմի որոտների մեջ․․․
— Թողեք ձեր հիմարությունները, Շվեյկ,— տնքալով ասաց պորուշիկ Լակաշը։
― Չէ՞ որ ես, պարոն օբեր-լեյտենանտ, հենց այն ժամանակ հարցրի, թե երկու հատորը միանգամի՞ց եք ուզում։ Ւսկ դուք ճիշտ և ճիշտ հիմիկվա պես պատասխանեցիք, որ հիմարություններս թողնեմ, որ իբր կարիք չկա ինչ-որ գրքերի հետևից ընկնելու, և ես մտածեցիք թե քանի որ դուք այդ կարծիքին եք, ապա մնացած պարոն սպաներն էլ պետք է նույն կարծիքին լինեն։ Այդ մասին ես խորհրդակցեցի ձեր Վանեկի հետ։ Չէ՞ որ նա արդեն ռազմաճակատում եղել է և այդպիսի բաների փորձ ունի։ Նա ասաց, թե սկզբում պարոն սպաները կարծում էին, թե պատերազմը դատարկ բան է և ամբողջ գրադարաններ էին տանում ռազմաճակատ, կարծես ամառանոց էին գնում։ Նրանք էրցհերցոգից, որպես նվեր, ստանում էին զանազան բանաստեղծների երկերի լիակատար ժողովածուներ, այնպես որ սպասյակները գրքերի ծանրության տակ ճկռում էին և իրենց ծնվելու օրն անիծում։ Վանեկը պատմում էր, թե այդ գրքերը թութուն փաթաթելու համար բոլորովին սլիտանի չէին, որովհետև շատ ընտիր, հաստ թղթի վրա էին տպված, իսկ արտաքնոցում մարդ այդպիսի ոտանավորներով կարող էր ամբողջովին քրքրել իր,— կներեք, պարոն օբեր-լեյտենանտ,— հետույքը։ Կարդալու ժամանակ չէր լինում, քանի որ շարունակ ստիպված էին ճղել։ Կամաց-կամաց բոլոր գրքերը դուրս էին շպրտում, իսկ հետո արդեն կանոն դարձավ, որ թնդանոթային առաջին իսկ համազարկը լսելուն պես սպասյակը միանգամից դուրս շպրտեր ընթերցանության համար բերված բոլոր գրքերը։ Ես այդ ամենը արդեն գիտեի, բայց ցանկանում էի, պարոն օբեր-լեյտենանտ, մի անգամ էլ լսել ձեր կարծիքը, և, երբ հեռախոսով ձեզ հարցրի, թե այդ գրքույկներն ի՞նչ անեմ, դուք ասացիք, որ երբ իմ տխմար գլուխը մի բան է մտնում՝ էլ ձեռք չեմ քաշում, մինչև որ ռեխիս չհասցնեն։ Եվ այսպես, ուրեմն, պարոն օբեր-լեյտենանտ, ես գումարտակի գրասենյակ տարա այդ վեպի միայն առաջին հատորները, իսկ երկրորդ հատորը Ժամանակավորապես թողի մեր գնդի գրասենյակում։ Ես դա արի լավ դիտավորությամբ, նրա համար, որ երբ պարոն սպաները առաջին հատորը վերջացնեն՝ տամ, երկրորդ հատորը ինչպես անում են գրադարանում։ Բայց հանկարծ ճանապարհվելու հրաման եկավ և ամբողջ գումարտակին հեռախոսագիր արվեց՝ բոլոր ավելորդ բաները հանձնել գնդի պահեստին։ Ես պարոն Վանեկին մի անգամ էլ հարցրի, թե արդյոք վեպի երկրորդ հատորն ավելորդ չի՞ համարում։ Նա ինձ պատասխանեց, թե Սերբիայի, Գալիցիայի և Հունգարիայի տխուր փորձից հետո այլևս ոչ մի գիրք չեն տանում ռազմաճակատ։ Միակ օգտակար բանը քաղաքներում դրված այն արկղերն են, որոնց մեջ զինվորները դարսում են իրենց կարդացած թերթերը, քանի որ թերթերի թուղթը հարմար է թութունը կամ այն խոտը փաթաթելու համար, որ ծխում են խրամատներում։ Այդ վեպի առաջին հատորը գումարտակում արդեն բաժանել էին, իսկ երկրորդը մենք տարանք պահեստ։— Շվեյկը մի պահ լռեց, ապա ավելացրեց․— Այնտեղ, այդ պահեստում, ինչ ասեք որ չկա, նույնիսկ Բուդեյովիցիի եկեղեցու երգչախմբի խմբավարի ցիլինդրը, որով նա եկել էր զորակոչի։