— Հավատացեք, պարոն օբեր-լեյտենանտ, ամբողջ պատերազմի ընթացքում ես այդպիսի կով չեմ կերել…

Խոհանոցում եկեղեցական կիսայրած մոմի առաջ նստած էր հեռախոսավար Խոդոունսկին և կանխավ նամակ էր գրում տուն։ Նա չէր ցանկանում իրեն այդ նեղությունը տալ հետագայում, երբ գումարտակը վերջապես կունենար իր դաշտային փոստի որոշակի համարը։ Նա գրում էր.

«Սիրելի՛ և թանկագին կին, անգնահատելի Բոժենկա․

Հիմա գիշեր է, և ես շարունակ քո մասին եմ մտածում, անգինս, և տեսնում եմ, թե ինչպես նայում ես կողքիդ դատարկ մահճակալին և ինձ հիշում։ Դու պետք է ինձ ներես, եթե այդ ժամանակ մտքովդ զանազան բաներ են անցնում։ Դու լավ գիտես, որ պատերազմի հենց սկզբից ես գտնվում եմ ռազմաճակատում և արդեն որոշ բաներ լսել եմ այն ընկերներից, որոնք վիրավորվել, արձակուրդ էին ստացել և գնացել տուն։ Ես գիտեմ, որ նրանք կգերադասեին պառկել խոնավ հողում, քան վկա լինել, թե ինչպես ինչ-որ սրիկա քարշ է գալիս իրենց կնոջ հետևից։ Ինձ համար ծանր է գրել այդ մասին, թանկագի՛ն Բոժենկա։ Ես չէի էլ գրի, բայց դու լավ գիտես,— չէ՞ որ դու ինքդ ես ինձ խոստովանել,— որ ես առաջինը չեմ, որի հետ դու կապ ես ունեցել, և որ ինձնից առաջ դու արդեն պատկանելիս ես եղել Միկուլաշսկա փողոցում ապրող պան Կրաուզեին։ Հիմա, երբ գիշերը հանկարծ հիշում եմ դա և մտածում, թե այդ այլանդակը իմ բացակայության ժամանակ կարող է քո նկատմամբ հավակնություններ ունենալ, ինձ թվում է, թանկագին Բոժենիկս, որ ես նրան տեղն ու տեղը կխեղդեի։ Ես երկար ժամանակ լռում էի, բայց երբ մտքովս անցնում է, թե մի գուցե նա նորից հետապնդում է քեզ, սիրտս կծկվում է։ Ես քո ուշադրությունը հրավիրում եմ միայն այն բանի վրա, որ իմ կողքին չեմ հանդուրժի մի կեղտոտ խոզի, որը բոլորի հետ շնություն է անում և իմ անունը խայտառակում։ Ներիր ինձ, թանկագին Բոժենա, իմ խիստ խոսքերի համար, բայց զգույշ եղիր, որ հանկարծ քո մասին վատ բան չլսեմ։ Այլապես ստիպված կլինեմ երկուսիդ էլ փորը թափել, որովհետև ես պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեմ մեռնել։ Հազար ու հազար անգամ համբուրում եմ քեզ, բարևում պապային ու մամային։

Քո Տոնոուշ

Հ․ Գ․— Չմոռանաս, որ դու կրում ես իմ ազգանունը»։

Նա սկսեց կանխավ գրել երկրորդ նամակը։

«Իմ ամենասիրելի Բոժենկա,

Երբ ստանալու լինես այս տողերը, իմացած եղիր, որ հենց նոր վերջացավ մի մեծ մարտ, ուր ռազմական բախտը մե՛զ ժպտաց։ Ի միջի այլոց, մենք խփեցինք թշնամու տասը սավառնակ և մի գեներալի, որի քթին մի մեծ գորտնուկ կար։ Ամենասոսկալի կռվի պահին, երբ մեր գլխին շրապնելներ էին պայթում, ես քո մասին էի մտածում, թանկագի՛ն Բոժենկա։ Ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես ապրում, ի՞նչ նորություն կա տանը։ Ես միշտ հիշում եմ, թե ինչպես ես և դու նստած էինք «Տոմաշի մոտ» գարեջրատանը, և թե ինչպես ինձ տուն տարար, և թե ինչպես այդ պատճառով մյուս օրը ձեռքդ ցավում էր։ Այսօր մենք նորից հարձակվում ենք, այնպես որ նամակս շարունակելու ժամանակ չունեմ։ Հուսով եմ, որ ինձ հավատարիմ ես մնացել, քանի որ գիտես, որ ես անհավատարմություն հանդուրժող չեմ։

Ժամանակն է արշավի դուրս գալու։ Հազար անգամ համբուրում եմ քեզ, թանկագին Բոժենկա, և հուսա, որ ամեն ինչի վերջը լավ կլինի։

Քեզ անկեղծ սիրող Տոնոուշ»։

Հեռախոսավար Խոդոունսկին սկսեց նիրհել և, սեղանի առաջ նստած, քնեց։

Քահանան, որ բոլորովին չէր պառկում քնելու և շարունակ տան մեջ շրջում էր, բացեց խոհանոցի դուռը և խնայողության համար փլեց ու հանգցրեց Խոդոունսկու կողքին մարմրող եկեղեցական կիսաայրած մոմը։

Ճաշասենյակում ոչ ոք քնած չէր, բացի պոդպորուչիկ Դուբից։ Ավագ գրագիր Վանեկը, որը Սանոկում, բրիգադի գրասենյակում, զորքերին պարեն մատակարարելու նոր կարգադրագիր էր ստացել, ջանասիրաբար ուսումնասիրում էր այն և նկատում է որ ինչքան բանակը մոտ է ռազմաճակատին, այնքան մթերաբաժինները պակասում են։ Նա ակամա ծիծաղեց մի պարագրաֆի վրա, որի համաձայն զինվորների համար ճաշ պատրաստելիս արգելվում է զաֆրան ու զենջեֆիլ գործածել։ Հրամանն ուներ մի այսպիսի ծանոթություն, դաշտային խոհանոցները պետք է հավաքեն ոսկորները և ուղարկեն թիկունք, դիվիզիական պահեստները։ Պարզ չէր, թե խոսքը ինչ ոսկորների մասին էր՝ մարդկա՞նց թե մորթվող այլ անասունների։

— Լսեցեք, Շվեյկ,— ասաց պորուչիկ Լուկաշը ձանձրույթից հորանջելով,— մինչև մեզ ուտելու բան տան, դուք կկարողանաք մի բան պատմել։

— Է՛հ, — պատասախանեց Ծվեյկը,— մինչև մեզ ուտելու բան տան, ես կկարողանամ պատմել չեխ ժողովրդի ամբողջ պատմությունը, իսկ առայժմ կպատմեմ մի շատ կարճ պատմության Սեդլչանի շրջանի մի փոստապետի կնոջ մասին, որը ամուսնու մահից հետո նշանակվել էր նրա տեղը։ Ես իսկույն այդ կնոջն հիշեցի, երբ լսում էի փոստին վերաբերող խոսակցությունները, թեև այդ պատմությունը դաշտային փոստի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։

― Շվեյկ,– նախազգուշացնելով՝ բազմոցի վրայից ձայն տվեց պորուչիկ Լուկաշը,— դուք դարձյալ հիմարություններ եք դուրս տալիս։

— Ճիշտ այդպես, համարձակվում եմ զեկուցեի պարոն օբեր-լեյտենանտ, դա իրոք որ շատ հիմար պատմություն է։ Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես խելքիս փչեց այդպիսի հիմար բան պատմել։ Գուցե դա բնատուր հիմարություն է կամ գուցե մանկական հուշ։ Մեր հողագնդի վրա, պարոն օբեր-լեյտենանտ, զանազան բնավորություններ կան, և խոհարար Յուրայդան, այնուամենայնիվ, իրավացի էր։ Բրուկում խմելով ու հարբելով, նա ընկել էր արխի մեջ, իսկ այնտեղից դուրս գալ չէր կարողանում և բղավում էր․ «Մարդը նախորոշված և կոչված է ճանաչելու ճշմարտությունը, իր ոգով ղեկավար դեր կատարելու հավիտենական տիեզերքի հարմոնիայի մեջ, շարունակ զարգանալու և կատարելագործվելու, շարունակ հասնելու և մտնելու բանականության և սիրո աշխարհի ավելի բարձր ոլորտները»։ Երբ մենք ուզում էինք նրան արխից դուրս քաշել, նա մեզ կծոտում ու ճանկռտում էր։ Կարծում էր, թե իր տանն է պառկած, և միայն այն ժամանակ, երբ նրան նորից գցեցինք արխը, սկսեց աղաչել, որ դուրս քաշենք։

— Իսկ ի՞նչ էր պատահել փոստապետուհուն,— ձանձրացած բացականչեց պորուչիկ Լուկաշը։

― Նա շատ պատվական, բայց այնուամենայնիվ անզգամ կին էր, պարոն օբեր-լեյտենանտ։ Փոստում իր բոլոր պարտականությունները լավ էր կատարում, բայց մի պակասություն ուներ, կարծում էր, թե բոլորն իր հետևից քարշ են գալիս, ու սիրահետում, և այդ պատճառով աշխատանքից հետո բոլորի վրա բողոքներ էր գրում, որոնց մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր, թե ինչն ինչպես է եղել։

Մի առավոտ նա գնում է անտառ սունկ հավաքելու։ Եվ ահա, դպրոցի մոտից անցնելիս նկատում է, որ ուսուցիչն արդեն քնից վեր է կացել։ Ուսուցիչը նրան բարևում է ու հարցնում, թե այդքան վաղ ո՞ւր է գնում։ Նա պատասխանում է, թե գնում է սունկ հավաքելու, իսկ ուսուցիչն ասում է, թե քիչ հետո ինքն էլ է սունկի գնալու։ Փոստապետուհիս մտածում է, թե ուսուցիչը նրա, այդ պառավ կնկա նկատմամբ ինչ-որ կեղտոտ մտադրություններ ունի, և տեսնելով, որ նա թփուտից դուրս է գալիս, վախենում է, փախչում և անմիջապես տեղիս դպրոցական խորհրդին մի բողոք գրում, թե ուսուցիչս ուզում էր նրան բռնաբարել։ Ուսուցչի գործով կարգապահական կարգով քննություն է նշանակվում, և, որպեսզի հասարակական սկանդալ չառաջանա է քննություն կատարելու է գալիս ինքը դպրոցական տեսուչը, որը ժանդարմական վախմիստրին խնդրում է եզրակացություն տալ, թե ուսուցիչն ընդունակ է այդպիսի բան անելու։ Ժանդարմական վախմիստրը նայում է գործերը և հայտնում, թե դա բացառված է․ ուսուցիչն արդեն մի անգամ մեղադրվել է քահանայի եղբոր աղջկան հետամտելու մեջ, որի հետ պառկելիս է եղել հենց ինքը քահանան, սակայն գիտության քուրմը շրջանային բժշկից ժամանակին մի վկայական է ստացել, թե դեռևս վեց տարեկան հասակից, երբ կտուրից ընկել է սայլի քեղու վրա, սեռապես անկար է։ Այն ժամանակ անզգամ փոստապետուհին բողոք է դրում ժանդարմական վախմիստրի, շրջանային բժշկի և դպրոցների տեսուչի վրա, թե իբր ուսուցիչը նրանց բոլորին կաշառել է։ Նրանք բոլորը միասին փոստապետուհուն դատի են տալիս, նա դատապարտվում է, բայց հետո բողոքարկում վճիռը, թե իբր անմեղսագիտակ է։ Դատական բժիշկները նրան էլ են քննում և եզրակացության մեջ գրում, թե նա իրոք որ տկարամիտ է, բայց, չնայած դրան, կարող է վարել ուզածդ պետական պաշտոնը։

Պորուչիկ Լուկաշը բացականչեց․

— Հիսո՛ւս Քրիստոս,— և ավելացրեց.— Ես քեզ մի խոսք կասեի, բայց չեմ ուզում ընթրիքս հարամ անել։

Շվեյկը պատասխանեց․

― Չէ՞ որ ես ձեզ նախազգուշացրի, պարոն օբեր-լեյտենանտ, որ շատ հիմար բան եմ պատմելու։

Պորուչիկ Լուկաշը բավականացավ միայն ձեռքը թափ տալով․

— Ես ձեր հիմարությունները լսելուց արդեն կշտացել եմ։

— Հո բոլորը չեն կարող խելոք լինել, պարոն օբեր-լեյտենանտ,— համոզված ասաց Շվեյկը,— բացառության կարգով պետք է հիմարներ էլ լինեն, որովհետև եթե բոլորը խելոք լինեին, ապա աշխարհում այնքան խելոք կլիներ, որ յուրաքանչյուր երկու մարդուց մեկը կատարյալ ապուշ կդառնար։ Եթե, օրինակ, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն մարդ բնության օրենքներն իմանար և կարողանար երկնքի հեռավորությունները հաշվել, ապա դրանով միայն բոլորի զահլան կտաներ, ինչպես ոմն պան Չապեկ, որն այցելում էր «Թասի մոտ» պանդոկը։ Գիշերը նա շարունակ գարեջրատնից դուրս էր գալիս փողոց, նայում աստղալից երկնքին, իսկ պանդոկ վերադառնալուց հետո մեկից մյուսին մոտենում և հայտնում. «Այսօր Յուպիտերը հիանալի է փայլում։ Դու, անտաշի մեկը, նույնիսկ չգիտես, թե գլխիդ վերևում ինչ կա։ Դա այնպիսի հեռավորության է, սրիկա՛, որ եթե թնդանոթը քեզնով լցնեն ու կրակեն, ապա նրան հասնելու համար դու միլիոնավոր ու միլիոնավոր տարիներ պետք է թռչես արկի արագությամբ»։ Ըստ որում նա իրեն այնպես բռի էր պահում, որ սովորաբար պանդոկից ինքն էր դուրս թռչում սովորական էլեկտրական տրամվայի արագությամբ, մոտավորապես ժամում տասը կիլոմետր, պարոն օբեր-լեյտենանտ։ Կամ, օրինակ, պարոն օբեր–լեյտենանտ, վերցնենք մրջյուններին․․․

Պորուչիկ Լուկաշը նստեց թախտի վրա, աղոթողի պես ձեռքերը խաչելով կրծքին․

— Ես ինքս էլ զարմանում եմ, թե ինչո՞ւ եմ մինչև հիմա ձեզ հետ խոսում, Շվեյկ։ Չէ՞ որ, Շվեյկ, ես այնքան վաղուց եմ ձեզ ճանաչում․․․

Շվեյկն ի նշան հավանության գլխով արեց։

— Սովորույթի բան է, պարոն օբեր-լեյտենանտ։ Բանն էլ հենց այն է, որ մենք բոլորս արդեն վաղուց ենք իրար ճանաչում և միասին շատ բան ենք տեսել։ Մենք արդեն շատ ենք տառապել և միշտ էլ ոչ մեր մեղքով։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, դա ճակատի գիր է։ Թագավոր կայսրն ինչ էլ որ անի՝ վերջը լավ է լինում, նա մեզ միացրեց, և ես ոչ մի այլ բան չեմ ցանկանում, քան միայն որևէ բանով ձեզ օգտակար լինել։ Սոված չե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ։

Պորուչիկ Լուկաշը, որ այդ միջոցին նորից մեկնվել էր հին թախտի վրա, ասաց, թե Շվեյկի այդ վերջին հարցը տաղտկալի խոսակցության հիանալի հանգուցալուծում է։ Թող Շվեյկը գնա իմանալու, թե ընթրիքն ինչ եղավ։ Անշուշտ ավելի լավ կլինի, եթե Շվեյկը նրան մենակ թողնի, քանի որ այն հիմարությունները, որ նա ստիպված եղավ լսել, նրան ավելի հոգնեցրին, քան Սանոկից մինչև այստեղ կատարված ռազմերթը։ Նա կցանկանար մի քիչ քնել, բայց չի կարողանում։

— Պատճառը փայտոջիլներն են, պարոն օբեր-լեյտենանտ։ Մի հին հավատալիք կա, թե քահանաները փայտոջիլ են ծնում։ Ոչ մի տեղ այնքան փայտոջիլ չես գտնի, որքան քահանաների տներում։ Գորնիե Ստոդուլկիում քահանա Զամաստիլը մի ամբողջ գիրք է գրել փայտոջիլների մասին, որոնք նրա վրա քաշվում էին նույնիսկ քարոզի ժամանակ։

— Ի՞նչ ասացի ձեզ, Շվեյկ, գնալո՞ւ եք խոհանոց թե ոչ։

Շվեյկը, գնաց, և նրա հետևից ստվերի պես, ոտքի մատների վրա քայլելով, իր անկյունից դուրս եկավ Բալոունը․․․

* * *

Երբ առավոտյան գումարտակը Լիսկովեցից դիմեց դեպի Ստարայա-Սոլ-Սամբոր, տարաբախտ կովին, որ դեռ չէր եփվել, հենց այդպես, դաշտային խոհանոցի մեջ, տարան իրենց հետ։ Որոշված էր կովը եփել ճանապարհին և ուտել դադար առնելիս, երբ ճանապարհի կեսն անցած լինեն։

Ճ

անապարհ ընկնելուց առաջ զինվորներին սև սուրճ տվին։

Պոդպորուչիկ Դուբին նորից տեղավորեցին սանիտարական երկանիվ սայլակի մեջ, քանի որ երեկվա դեպքից հետո նրա վիճակն ավելի էր վատացել։ Նրա երեսից ամենից շատ տանջվում էր սպասյակը, որը ստիպված էր սայլակի կողքից վազել։ Պոդպորուչիկ Դուբը Կուներտին մի գլուխ հայհոյում էր, թե երեկ իր մասին բոլորովին հոգ չի տարել, և խոստանում էր, թե նշանակված վայրն հասնելուց հետո նրա հախից կգա։ Նա շարունակ ջուր էր պահանջում, խմում և իսկույն փսխում։

— Այդ ո՞ւմ և ինչի՞ վրա եք ծիծաղում,— գոռում էր նա սայլակի միջից։— Ես ձեզ ցույց կտամ, ինձ հետ կատակ մի՛ անեք։ Դուք ինձ կճանաչեք։

Պորուչիկ Լուկաշը գնում էր ձիով, իսկ նրա կողքից, առույգ-առույգ քայլում էր Շվեյկը։ Թվում էր, թե Շվեյկն անհամբեր շտապում էր կռվի բռնվել թշնամու հետ։ Ըստ իր սովորության, նա ճամարտակում էր։

— Դուք նկատե՞լ եք, պարոն օբեբ-լեյտենանտ, որ մեր զինվորներից մի քանիսը ճանճի պես բաներ են։ Մեջքներին երեսուն կիլո էլ չկա, բայց դրան էլ չեն դիմանում։ Հարկավոր էր, որ դուք նրանց համար դասախոսություններ կարդայիք, ինչպես մեզ համար կարդում էր հանգուցյալ պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը։ Նա ինքնասպան եղավ այն գրավականի պատճառով, որ ամուսնանալու խոստումով ստացել էր իր ապագա աներոջից և մսխել փողոցային կանանց վրա։ Դրանից հետո նա մի ուրիշ ապագա աներոջից ստացել էր երկրորդ գրավականը։ Այս փողի հետ նա արդեն ավելի խնայողաբար էր վարվում, կամաց-կամաց տանուլ էր տալիս թղթախաղի մեջ, իսկ պոռնիկներից ձեռք էր քաշել։ Բայց փողը երկար չհերիքեց, այնպես որ նա ստիպված էր գրավական ստանալու համար դիմել մի երրորդ ապագա աներոջ։ Այդ փողով նա իր համար ձի գնեց, մի արաբական հովատակ, ոչ զտարյուն․․․

Պորուչիկ Լուկաշը ձիուց ցած թռավ։

— Շվեյկ,— գոռաց նա սպառնագին,— եթե չորրորդ գրավականի մասին թեկուզ մի բառ ասեք, ես ձեզ կգլորեմ առուն։

Նա նորից թռավ ձիու վրա, իսկ Շվեյկը լրջորեն շարունակեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ չորրորդ գրավականի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ երրորդ գրավականից հետո նա ինքն իրեն խփեց։

— Վերջապե՜ս,— թեթևացած շունչ քաշեց պորուչիկ Լուկաշը։

— Հա, խոսքս չմոռանամ,— հանկարծ հիշեց Շվեյկը,— այնպիսի դասախոսություններ, որ մեզ համար կարդում էր պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը, երբ զինվորները ռազմերթի ժամանակ հոգնածությունից արդեն վայր էին ընկնում. ահա այդպիսի դասախոսություններ, իմ կարծիքով, հարկավոր էր կարդալ, ինչպես նա էր անում, բոլոր զինվորների համար։ Նա դադար էր հայտարարում, մեզ բոլորիս հավաքում, ինչպես թուխսը ճտերին, և սկսում այսպես․ «Դուք, սրիկանե՛ր, չեք կարողանում գնահատել այն, որ երթաքայլում եք երկրագնդի վրա, չեք կարողանում, որովհետև այնպիսի անկուլտուրական մի ավազակախումբ եք, որ նայելիս մարդու սիրտ է խառնում։ Լավ կլիներ ձեզ ստիպեին քայլել արեգակի վրա, որտեղ մարդը, որ մեր խղճուկ մոլորակի վրա վաթսուն կիլո քաշ ունի, հազար յոթհարյուր կիլոյից ավելի է կշռում։ Դուք հո կսատկեիք։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է երթաքայլեիք, եթե ձեր պայուսակը կշռեր երկուհարյուր ութսուն կիլոգրամ, համարյա երեք ցենտներ, իսկ հրացանը՝ մոտ մեկ և կես ցենտներ։ Կսկսեիք ախ ու վախ անել, լեզուներդ կկախեիք հալածահար շների պես»։ Մեր մեջ մի թշվառ ուսուցիչ կար, որը նույնպես համարձակվեց խոսք վերցնել, «Կներեք, պարոն օբեր-լեյտենանտ, վաթսուն կիլոգրամ քաշ ունեցող մարդը Լուսնի վրա կշռում է ընդամենը տասներեք կիլոգրամ։ Լուսնի վրա մենք ավելի հեշտ կերթաքայլեինք, քանի որ այնտեղ պայուսակը կկշռեր ընդամենը չորս կիլոգրամ։ Լուսնի վրա մենք ոչ թե կքայլեինք, այլ օդի մեջ կճախրեինք»։— «Դա սոսկալի է,— ասաց հանգուցյալ պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը։— Սրիկա՛, սիրտդ ապտակ է ուզում։ Ուրախ եղիր, որ ես քեզ սովորական երկրային ապտակ կտամ։ Եթե լուսնային ապտակ տայի, ապա թեթևությանդ պատճառով կթռչեիր ու կընկնեիր Ալպյան լեռների վրա և քեզնից միայն մի թաց տեղ կմնար… Եթե ես քեզ արեգակնային ծանր ապտակ տայի, ապա մունդիրդ շիլա կդառնար, իսկ գլուխդ կթռչեր Աֆրիկա»։ Տվեց նա նրան, ուրեմն, սովորական երկրային ապտակ։ Այդ դուրսպրծուկ ուսուցիչն սկսեց զռալ, իսկ մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Ռազմերթի ամբողջ ճանապարհին նա զռում էր և ինչ-որ մարդկային արժանապատվության մասին խոսում, պարոն օբեր-լեյտենանտ։ Թե իբր իրեն անբան անասունի տեղ են դրել։ Հետո պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը նրան զեկույցի ուղարկեց, և խեղճին տասնչորս օր նստեցրին։ Դրանից հետո այդ զինվորը վեց շաբաթ էլ պետք է ծառայեր, բայց մինչև վերջ չծառայեց, ճողվածք ուներ, իսկ զորանոցում ստիպում էին տուրնիկի վրա պտտվել, մարդը չդիմացավ և հոսպիտալում մեռավ որպես սիմուլյանտ։

— Իսկապես զարմանալի է, Շվեյկ,– ասաց պորուչիկ Լուկաշը,— դուք սովորություն ունեք, ինչպես շատ անգամ ձեզ ասել եմ, մի առանձին ձևով սպայությանը նսեմացնելու։

— Ես այդպիսի սովորություն չունեմ,— անկեղծորեն խոստովանեց Շվեյկը։— Ես միայն այն էի ուզում պատմել, պարոն օբեր-լեյտենանտ, թե ինչպես առաջ զինվորական ծառայության մեջ մարդիկ իրենք էին իրենց փորձանքի մեջ գցում։ Այդ մարդը կարծում էր, թե ինքը պարոն օբեր-լեյտենանտից ավելի կրթված է, և ուզում էր Լուսնով զինվորների առաջ նրան նսեմացնել։ Իսկ երբ երկրային ապտակ ստացավ, բոլորը թեթևացած շունչ քաշեցին, ոչ ոքի համար դա անհաճելի չեղավ, դեռ ընդհակառակը, բոլորին դուր եկավ, որ օբեր-լեյտենանտը իր այդ երկրային ապտակով այդպես սրամտեց։ Դա կոչվում է դրությունը փրկել։ Հարկավոր է անմիջապես, տեղնուտեղը, մի բան գտնել, և ամեն ինչ պատրաստ է։ Պրագայում, Կարմելիտի վանքի դիմաց, պարոն օբեր-լեյտենանտ, մի քանի տարի սրանից առաջ պան Ենոմը խանութ ուներ, որտեղ ճագարներ և այլ թռչուններ էր վաճառում։ Այդ պան Ենոմը սկսել էր սիրահետել կազմարար Բիլեկի աղջկան։ Պան Բիլեկին դա դուր չէր պալիս, և նա պանդոկում հրապարակորեն հայտարարեց, որ եթե պան Ենոմը գա իր աղջկա ձեռքը խնդրելու՝ նրան աստիճաններից այնպես կգլորի, որ եկած ճանապարհը մոռանա։ Պան Ենոմը, այնուամենայնիվ, մի լավ խմեց, ու գնաց Բիլեկի մոտ, որը նախասենյակում նրան դիմավորեց գրքեր եզրահատելու մեծ դանակը ձեռքին, որ նման էր այն դանակին, որով գորտեր են հերձում։ Նա պան Ենոմի վրա գոռաց, թե իր տանն ի՞նչ գործ ունի։ Այդ ժամանակ շատ սիրելի պան Ենոմը այնպես խլացուցիչ զռթացրեց, որ պատի ժամացույցի ճոճանակը կանգ առավ։ Պան Բիլեկը քահ-քահ ծիծաղեց, սեղմեց պան Ենոմի ձեռքն ու ասաց. «Համեցեք, ներս մտեք, պան Ենոմ, խնդրեմ նստեցեք. հուսամ, որ ձեր շալվարի մեջ չեք կեղտոտել։ Ախր ես այնքան էլ չար մարդ չեմ։ Ճիշտ է, ուզում էի ձեզ դուրս շպրտել, բայց հիմա տեսնում եմ, որ դուք շատ հաճելի և մազալու մարդ եք։ Ես կազմարար եմ, վեպեր ու պատմվածքներ շատ եմ կարդացել, բայց ոչ մի գրքում չեմ տեսել, որ փեսացուն այդպես ներկայանա»։ Նա ծիծաղեց հալից ընկնելու չափ, հետո ասաց, թե իրեն թվում է, որ իրենք ծնված օրից իրար ծանոթ են, կարծես հարազատ եղբայրներ լինեն։ Ապա հյուրին սիգար առաջարկեց, մարդ ուղարկեց գարեջուր ու սարդելկա բերելու, կնոջը կանչեց ու ներկայացրեց պան Ենոմին, ամենայն մանրամասնությամբ պատմեց նրա այցելության մասին։ Կինը թքեց ու թողեց հեռացավ։ Հետո պան Բիլեկը կանչեց աղջկան ու ասաց. «Այս պարոնը այսպիսի և այսպիսի հանգամանքներում եկել էր քո ձեռքը խնդրելու»։ Այդ լսելուն պես աղջիկը լաց եղավ և ասաց, թե այդպիսի մարդու երեսը տեսնել չի ուզում։ Այնպես որ նրանց մնում էր ոչ այլ ինչ, եթե ոչ խմել-վերջացնել գարեջուրը, սարդելկաներն ուտել և իրարից բաժանվել։ Դրանից հետո այն պանդոկում, ուր հաճախում էր պան Բիլեկը, պան Ենոմը խայտառակ եղավ, և ամեն տեղ, ամբողջ թաղամասում, նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «տռան Ենոմ»։ Եվ բոլորն իրար պատմում էին, թե նա ինչպես էր ցանկացել դրությունը փրկել։ Մարդկային կյանքն առհասարակ այնպես բարդ է, որ առանձին մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ Դեռևս պատերազմից առաջ Բոիշչեում մեր «Թասի մոտ» պանդոկն էին այցելում մի ոստիկան՝ ավագ վախմիստր պան Հուբիչկան, և մի ռեպորտյոր, որը ջարդված ոտքեր, խեղդամահ եղած մարդիկ ու ինքնասպաններ էր որոնում և թերթերի մեջ գցում։ Դա այնքան ուրախ մարդ էր, որ ավելի հաճախ ոստիկանատան օրապահի սենյակում էր լինում, քան իր խմբագրությունում։ Մի անգամ նա ավագ վախմիստր Հուբիչկային հարբեցնում և խոհանոցում նրա զգեստը փոխում իր զգեստի հետ, այնպես որ ավագ վախմիստրը դառնում է քաղաքացի, իսկ պան ռեպորտյորը՝ ոստիկանության ավագ վախմիստր։ Հետո նա ծածկում է ատրճանակի համարը և գնում Պրագա՝ հսկողական շրջագայություն կատարելու։ Ռեսլովի փողոցի անկյունում, նախկին Սվատովացլավյան բանտի հետևում, ուշ գիշերին հանդիպում է մի ցիլինդրավոր տարեց պարոնի, որը թևանցուկ քայլելիս է լինում մորթե մանտո հագած մի տարեց կնոջ հետ։ Երկուսն էլ, առանց մի բառ փոխանակելու, տուն են շտապելիս լինում։ Նա վազելով հասնում է նրանց և այն պարոնի ականջի տակ գոռում. «Այդպես մի՛ բղավեք, ապա թե ոչ ձեզ քարշ կտամ ոստիկանատուն»։ Պատկերացրեք, պարոն օբեր-լեյտենանտ, նրանց վախը։ Իզուր է պարոնը նրան բացատրում, թե ըստ երևույթին դա թյուրիմացության է։ Թե իրենք վերադառնում են պարոն փոխարքայի տանը կայացած բանկետից։ Թե կառքն իրենց հասցրել է մինչև Ազգային թատրոնը, իսկ հիմա ուզում են մի քիչ մաքուր օդ շնչել։ Թե այստեղ մոտիկ են ապրում, Մորանի փողոցում։ Թե նա ինքը փոխարքայի գրասենյակի ավագ խորհրդական է, իսկ սա էլ իր կինն է։— «Դուք ինձ հիմարի տեղ մի դնեք,— շարունակում է նրանց վրա գոռալ զգեստափոխված ռեպորտյորը։— Դուք ավելի պետք է ամաչեք, եթե, ինչպես ասում եք, փոխարքայի խորհրդական եք և, չնայած դրան, ձեզ լակոտի պես եք պահում։ Ես արդեն վաղուց ձեզ հետևում եմ և տեսա, թե ինչպես ձեռնափայտով ծեծում էիք ճանապարհին հանդիպած բոլոր խանութների երկաթե փեղկերը, իսկ այդ ժամանակ ձեր, ինչպես դուք ասում եք, կինը ձեզ օգնում էր»։ «Բայց չէ՞ որ, ինչպես տեսնում եք, ես ձեռքիս ոչ մի ձեռնափայտ չունեմ։ Երևի մեզնից առաջ անցած մի ուրիշն է արել»։ — «Իսկ ինչպե՞ս կարող էր ձեր ձեռքին ձեռնափայտը լինել,— պատասխանում է զգեստափոխված ռեպորտյորը,— երբ դուք, ա՛յ, այն անկյունում, ինչպես ես աչքովս տեսա, ձեռնափայտը ջարդուփշուր արիք այն պառավի գլխին, որը տապակած կարտոֆիլ ու շագանակ է տանում պանդոկները»։ Տիկինը ի վիճակի չի լինում նույնիսկ լաց լինելու, իսկ պարոն խորհրդականն այնպես է գազազում, որ սկսում է նրան կոպտության մեջ մեղադրել, որից հետո ձերբակալվում է և հանձնվում Սալմովի փողոցում գտնվող ոստիկանական կոմիսարիատի ամենամոտիկ պարեկին։ Զգեստափոխված ռեպորտյորը պատվիրում է այդ զույգին տանել կոմիսարիատ, պարեկին ասելով, թե իբր ինքը գնում է Սուրբ Ինջրիխ և Վինոդրագի էր եկել պաշտոնական գործով։ Թե նրանք երկուսն էլ խախտել են գիշերային լռությունն ու հանգիստը և մասնակցել գիշերային տուրուդմփոցի և, բացի դրանից, ոստիկանությանը վիրավորանք հասցրել։ Թե ինքը շտապում է, Սուրբ Ինջրիխի կոմիսարիատում գործ ունի, իսկ մի ժամից կվերադառնա Սալմով փողոցի կոմիսարիատը։

Այդպիսով, պարեկը երկուսին էլ քարշ է տալիս-տանում։ Նրանք նստում են մինչև առավոտ, սպասելով սարսափելի վախմիստրին, որն այդ միջոցին շրջանց ճանապարհով հասնում է Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկը, արթնացնում ավագ վախմիստր Հուբիչկային, անուշի կապելով նրան ամեն ինչ պատմում և գլխի գցում, որ եթե նա լեզուն իրեն չքաշի՝ կարող է մեծ գործ բացվել։

Պորուչիկ Լուկաշն, ըստ երևույթին, այդ խոսակցությունից հոգնել էր։ Ցանկանալով հասնել առաջապահին, նա ձին վարգով քշելուց առաջ Շվեյկին ասաց.

— Եթե մտադիր եք մինչև երեկո խոսել, ապա այդ զբաղմունքը ժամը ժամի վրա ավելի ու ավելի տխմար կդառնա։

— Պարո՛ն օբեր-լեյտենանտ,— հեռացող պորուչիկի հետևից ձայն տվեց Շվեյկը,— չե՞ք ուզում իմանալ, թե դա ինչով վերջացավ։

Պորուչիկ Լուկաշը քառարշավ առաջ սլացավ։

Պոդպորուչիկ Դուբն այնքան էր ապաքինվել, որ կարողացավ սանիտարական սայլակից ցած իջնել, վաշտի ամբողջ շտաբն հավաքեց իր շուրջը և, կարծես կիսարթուն, սկսեց խրատել։ Նա հավաքվածներին դիմեց մի չափազանց երկար ճառով, որը նրանց ավելի ծանր էր թվում, քան հանդերձանքն ու հրացանը։

Դա զանազան խրատների մի փունջ էր։ Նա սկսեց այսպես․

— Պարոն սպաների նկատմամբ զինվորների տածած սերը հնարավոր է դարձնում կատարել անհավատալի զոհաբերություններ, բայց բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ սերը լինի բնատուր։ Նույնիսկ ընդհակառակը, եթե զինվորը բնատուր սեր չունի, ապա հարկավոր է հարկադրել, որ ունենա։ Քաղաքացիական կյանքում հարկադրական սերը, ասենք, դպրոցականի սերը ուսուցչական անձնակազմի նկատմամբ, տևում է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդ սերն հարուցող արտաքին ազդակը։ Զինվորական ծառայության մեջ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, քանի որ սպան իրավունք չունի թույլ տալու ոչ իրեն, ոչ էլ զինվորին, որ որևէ չափով նվազի այդ սերը, որը զինվորին կապում է իր պետի հետ։ Դա սովորական սեր չէ, դա, իսկապես ասած, հարգանք է, վախ և կարգապահություն։

Շվեյկն այդ ամբողջ ժամանակ քայլում էր սանիտարական սայլակի ձախ կողքից, և քանի դեռ պոդպորուչիկ Դուբը խոսում էր՝ գլուխը դարձրել էր դեպի նրա կողմը, կատարելով «աջ հավասարում»։

Պոդպորուչիկ Դուբը սկզբում այդ բանը չնկատեց և շարունակեց իր ճառը․

— Այդ կարգապահությունը և հնազանդվելու պարտականությունը, սպայի նկատմամբ զինվորի տածած պարտադիր սերը կարելի է արտահայտել շատ կարճ։ Քանի որ զինվորի և սպայի հարաբերությունները բարդ չեն․ մեկը հնազանդվում է, մյուսը՝ հնազանդեցնում։ Մենք արդեն վաղուց գրքերից գիտենք ռազմական արվեստը, գիտենք, որ զինվորական լակոնիզմը, զինվորական պարզությունը այն առաքինություններն են, որ պետք է յուրացնի իր պետին կամա թե ակամա սիրող զինվորը։ Պետը նրա աչքին պետք է լինի անսասան և զորեղ կամքի մեծագույն, ավարտուն, բյուրեղացած տիպար։

Եվ միայն հիմա պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն աննդհատ նրան է նայում և «աջ հավասարում» կատարում։ Դա նրա համար շատ տհաճ էր, քանի որ հանկարծ զգաց, որ իր ճառի մեջ խճճվել է և չի կարողանում դուրս գալ պետի նկատմամբ զինվորի տածած սիրո արխից, և այդ պատճառով Շվեյկի վրա գոռաց․

— Ի՞նչ ես աչքերդ վրաս չռել նոր դարբաս տեսած ոչխարի պես։

— Ես դա անում եմ համաձայն ձեր հրամանի, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ։ Մի անգամ դուք ինքներդ բարեհաճեցիք իմ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ երբ դուք խոսում եք՝ ես պարտավոր եմ աչքս չկտրել ձեր բերանից։ Քանի որ ամեն մի զինվոր պարտավոր է պետի հրամանները սրբորեն կատարել և իր ամբողջ կյանքում հիշել, ապա ստիպված էի այդպես վարվել։

— Ուրի՛շ կողմ նայիր,— գոռաց պոդպորուչիկ Դուբը,— և չհամարձակվես ինձ նայել, հիմար։ Գիտես, որ ես այդ բանը չեմ սիրում և տխմար ռեխդ տանել չեմ կարողանում։ Ես դեռ քո մերը կլացացնեմ։

Շվեյկը «ձախ հավասարում» կատարեց և, կարծես քարանալով, շարունակեց քայլել պոդպորուչիկ Դուբի կողքից։

Պոդպորուչիկ Դուբը չդիմացավ.

— Այդ ո՞ւր ես նայում, երբ քեզ հետ խոսում եմ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ձեր հրամանի համաձայն ես «ձախ հավասարում» կատարեցի։

— Ա՜խ,— հառաչեց պոդպորուչիկ Դուբը,— իսկական պատիժ ես իմ գլխին։ Ուղիղ առջևդ նայիր և մտածիր. «Ես այնպիսի հիմար մարդ եմ, որ կորցնելու բան չունեմ»։ Հասկացա՞ր։

Շվեյկն իր առջևը նայելով՝ ասաց.

― Թույլ տվեք հարցնել, պարոն օբեր-լեյտենանտ, արդյոք պարտավո՞ր եմ այդ հարցին պատասխանել։

— Ինչպե՞ս ես համարձակվում,— բղավեց պոդպորուչիկ Դուբը։— Ինչպե՞ս ես ինձ հետ խոսում։ Ի՞նչ նկատի ունեիր այդ ասելիս։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նկատի ունեի կայարաններից մեկում ձեր տված այն հրամանը, թե ես առհասարակ չպետք է պատասխանեմ, եթե նույնիսկ ձեր խոսքը վերջացրած լինեք։

— Ուրեմն ինձնից վախենո՜ւմ ես,— ուրախացավ պոդպորուչիկ Դուբը։— Բայց ինձ դեռ լավ չճանաչեցիր։ Իմացած եղիր, որ քեզ նմանները չեն առաջս դողացել։ Ես ավելի թունդ ղոչիներ եմ խեղճացրել։ Լռիր և ետևից քայլիր, որ քեզ չտեսնեմ։

Շվեյկը ետ մնաց և միացավ սանիտարներին։ Այստեղ նա հարմարորեն տեղավորվեց երկանիվ սայլակի մեջ և այդպես էլ հասավ դադարքի վայրը, որտեղ վերջապես բոլորը սուպ ստացան և արժանացան չարաբաստիկ կովի մսին։

— Այդ կովին առնվազն երկու շաբաթ պետք է թթու դնեին, իսկ եթե ոչ կովին, ապա գոնե նրան գնողներին,— ասաց Շվեյկը։

Բրիգադից սրարշավ մի հանձնակատար եկավ, բերելով տասնմեկերորդ վաշտին ուղղված մի նոր հրաման, թե մարշրուտը փոխված է. պետք է գնալ Ֆելդշտայն, Վորալիչեն ու Սամբորը շրջանցել, քանի որ Սամբորում վաշտը տեղավորել հնարավոր չէ, որովհետև այնտեղ արդեն երկու պոզնանյան գնդեր կան։

Պորուչիկ Լուկաշը կարգադրեց, որ ավագ գրագիր Վանեկը և Շվեյկը Ֆելդշտայնում վաշտի համար օթևաններ գտնեն։

— Միայն թե, Շվեյկ, ճանապարհին նորից մի օյին չխաղաք,― նախազգուշացրեց պորուչիկ Լուկաշը։― Գլխավորն այն է, որ տեղի բնակիչների հետ ավելի լավ վարվեք։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, կաշխատեմ։ Այսօր, երբ լուսաբացին մի քիչ քունս տարել էր, մի զզվելի երազ տեսա։ Տեսա մի տաշտ, որի միջի ջուրն ամբողջ գիշերը կաթկթում ու լցվում էր այն տան միջանցքը, որտեղ ես ապրում էի, այնքան կաթկթեց, մինչև որ վերջացավ։ Տնատիրոջ առաստաղը ջուր էր դարձել, և նա նույն օրն առավոտյան ինձ բնակարանից դուրս արեց։ Իրականում ճիշտ այդպիսի մի դեպք, պարոն օբեր-լեյտենանտ, մի անգամ պատահեց Կառլինում, Վիադուկի հետևում․․․

— Հանգիստ թողեք մեզ, Շվեյկ, ձեր հիմար պատմություններով, և ավելի լավ կլինի Վանեկի հետ նայեք քարտեզը և տեսնեք, թե ուր եք գնալու։ Ահա տեսնո՞ւմ եք այս գյուղը։ Այստեղից կթեքվեք աջ, դեպի գետակը, և գետի երկայնքով կգնաք ու կհասնեք մոտակա գյուղը։ Գետի մեջ թափվող առաջին գետակի երկայնքով (դա կլինի ձեր աջ թևում) գյուղամիջյան ճանապարհով կբարձրանաք ուղիղ դեպի հյուսիս։ Այստեղ անհնար է մոլորվել։ Դուք Ֆելդշտայնից բացի ուրիշ տեղ չեք ընկնի։ Միտներդ պահեցի՞ք։

Շվեյկն ու ավագ գրագիր Վանեկը ճանապարհ ընկան ըստ այդ մարշրուտի։

Կեսօրն անց էր։ Տոթ։ Հողը ծանր էր շնչում։ Զինվորների լավ չծածկված գերեզմաններից դիակի հոտ էր փչում։

Նրանք հասան այն վայրը, որտեղ մարտեր էին մղվել Պերեմիշլի վրա հարձակվելիս։ Այդտեղ գնդացիրներն ամբողջ գումարտակներ էին հնձել։

Գետափնյա անտառակները վկայախոսում էին հրետանային փոթորկալի կրակի մասին։ Ամենուրեք, լայնատարած տափարակներում ու սարալանջերին, ծառերի փոխարեն հողի միջից դուրս էին ցցված ինչ-որ կոճղակտորներ, և այդ ամբողջ անապատը կտրատված էր խրամատներով։

— Այստեղ բոլորովին այլ պեյզաժ է, քան Պրագայի մոտ,— ասաց Շվեյկը պարզապես լռությունը խզած լինելու համար։

― Մեզ մոտ հունձն արդեն սկսել են,— հիշեց ավագ գրագիր Վանեկը։— Կրալուպիի շրջանում հունձը բոլորից շուտ են սկսում։

— Պատերազմից հետո այստեղ լավ բերք կլինի,— փոքր-ինչ լռելուց հետո ասաց Շվեյկը։— Ոսկրալյուր գնելու կարիք չի զգացվի։ Գյուղացիների համար շատ ձեռնտու է, որ նրանց դաշտերում փտի մի ամբողջ գունդ։ Կարճ ասած, դա նրանց համար հաց է։ Ինձ միայն այն է անհանգստացնում, որ չլինի թե այդ գյուղացիները խաբվեն և զինվորների այս ոսկորները մուֆթա ծախեն շաքարի գործարանին՝ ոսկրածուխ պատրաստելու համար։ Կառլինի զորանոցներում Գոլուբ ազգանունով մի օբեր-լեյտենանտ կար։ Այնքան ուսյալ մարդ էր, որ վաշտում նրան հիմար էին համարում, որովհետև իր ուսյալության պատճառով զինվորներին հայհոյել չսովորեց և ամեն ինչի մասին դատում էր գիտական տեսակետից։ Մի անգամ զինվորները նրան զեկուցեցին, թե տրված հացը ուտել չի լինի։ Այդ հանդգնությունը մի ուրիշ սպայի կզայրացներ, իսկ նա՝ չէ, իրեն հանգիստ պահեց, ոչ ոքի նույնիսկ խոզ կամ, ասենք, կեղտոտ խոզ չանվանեց, ոչ ոքի ռեխին չհասցրեց։ Միայն հավաքեց բոլոր զինվորներին և իր դուրեկան ձայնով ասաց․ «Զինվորնե՛ր, դուք ամենից առաջ պետք է գիտակցեք, որ զորանոցը գաստրոնոմիական խանութ չէ, որտեղ կարող եք ձեզ համար թթու դրած օձաձուկ, սարդիններ ու բուտերբրոդներ ընտրել։ Յուրաքանչյուր զինվոր այնքան խելք պիտի ունենա, որ անտրտունջ ուտի ինչ տալիս են, և այնքան կարգապահ պիտի լինի, որ երկար-բարակ չմտածի այն ամենի որակի մասին, որ նրան տալիս են ուտելու։ Պատկերացրեք, որ պատերազմ է։ Այն հողի համար, որի մեջ մեզ թաղում են կռվից հետո, բոլորովին նշանակություն չունի, թե դուք կռվից առաջ ինչպիսի հաց եք կերել։ Նա, մայր հողը, ձեզ կքայքայի և կխժռի ձեր կոշիկներով հանդերձ։ Տիեզերքում ոչինչ չի կորչում։ Զեզնից, զինվորնե՛ր, հաց կաճի, որով նոր զինվորներ կկերակրեն։ Իսկ նրանք էլ, թերևս, ձեզ պես միշտ դժգոհ կլինեն, կգանգատվեն և մի այնպիսի պետի ձեռք կընկնեն, որը, քանի որ իրավունք ունի, նրանց կձերբակալի և այնպիսի ծակ կխոթի, որ փոշման մնան։ Այսպիսով, ես ձեզ, զինվորնե՛ր, ամեն ինչ լավ բացատրեցի և այլևս չեմ կրկնի։ Սրանից հետո ով որ գանգատվի, այնպես կփոշմանի, որ նույնիսկ երկրորդ անգամ աշխարհ գալիս ասածս չի մոռանա»։— «Գոնե մի անգամ մեզ հայհոյեր»,— ասում էին զինվորները, որովհետև պարոն օբեր-լեյտենանտի դասախոսությունների նրբանկատությունները նրանց զահլան տարել էր։ Մի անգամ ամբողջ վաշտի կողմից ինձ ներկայացուցիչ ընտրեցին։ Ես նրան պիտի ասեի, թե բոլորը նրան սիրում են, բայց զինվորական ծառայությունը ծառայություն չէ, եթե մարդու չեն հայհոյում։ Գնացի նրա բնակարանը և խնդրեցի, որ նա չքաշվի․ զինվորական ծառայությունը, ասացի, դաժան բան է, զինվորները սովորել են, որ ամեն օր նրանց հիշեցնեն, թե նրանք խոզեր ու շներ են, այլապես նրանք կկորցնեն պետերի նատմամբ ունեցած հարգանքը։ Սկզբում նա չեմուչում արեց, ինչ-որ բան ասաց իր ինտելիգենտության մասին, ասաց, թե հիմա այլևս չի կարելի ծառայել մահակի ահից դրդված։ Վերջապես ես նրան համոզեցի։ Նա ինձ մի ապտակ հասցրեց և, իր հեղինակությունը բարձրացնելու համար, դռնից դուրս շպրտեց։ Երբ ես բանակցություններիս արդյունքները հաղորդեցի, բոլորը շատ ուրախացան, բայց նա հենց հաջորդ օրը նրանց ուրախությունը հարամ արեց. մոտեցավ ինձ և բոլորի ներկայությամբ ասաց․ «Շվեյկ, երեկ ես ձեզ հետ անմիտ վարվեցի. ահա ձեզ մի գուլդեն, տարեք և խմեցեք իմ կենացը։ Զինվորների հետ պետք է վարվել իմանալ»։

Շվեյկը շուրջը նայեց։

— Ինձ թվում է, մենք ճիշտ չենք գնում։ Ախր պարոն օբեր-լեյտենանտը մեզ այնպես լավ բացատրեց։ Մենք պետք է բարձրանանք, իջնենք, հետո գնանք դեպի աջ և դեպի ձախ, հետո նորից դեպի աջ, հետո՝ դեպի ձախ, իսկ մենք շարունակ ուղիղ ենք գնում։ Կամ գուցե մենք այդ բոլորն արել ենք, բայց խոսակցությամբ տարված չենք նկատել․․․ Ես իմ առաջ պարզորոշ տեսնում եմ Ֆելդշտայն տանող երկու ճանապարհ։ Ես կառաջարկեի հիմա գնալ ահա այս ճանապարհով, դեպի ձախ։

Ինչպես սովորաբար լինում է, երբ երկու հոգի հասնում են խաչմերուկի, ավագ գրագիր Վանեկը սկսեց պնդել, թե պետք է գնալ դեպի աջ։

― Իմ ճանապարհը,— ասաց Շվեյկը,— ավելի հարմար է, քան ձերը։ Ես կքայլեմ գետակի երկայնքով, որտեղ անմոռուկներ են աճում, իսկ դուք պետք է քայլեք խանձված հողի վրայով։ Ես համամիտ եմ պարոն օբեր-լեյտենանտի ասածին, այսինքն որ մենք չենք կարող մոլորվել, իսկ քանի որ չենք կարող մոլորվել, էլ ինչի՞ համար ինչ-որ սար բարձրանամ։ Հանգիստ կքայլեմ մարգագետինների միջով, գլխարկիս մի ծաղիկ կխրեմ և օբեր-լեյտենանտի համար ծաղկեփունջ կքաղեմ։ Ասենք, հետո կերևա, թե մեզնից ով է իրավացի։ Հուսով եմ, որ կբաժանվենք որպես լավ ընկերներ։ Սա այնպիսի տեղ է, որ բոլոր ճանապարհները պետք է տանեն Ֆելդշտայն։

— Խելքներղ մի թռցնեք, Շվեյկ,— սկսեց քաջարի զինվորին համոզել ավագ գրագիր Վանեկը,— ըստ քարտեզի մենք պետք է գնանք, ինչպես ասացի, դեպի աջ։

— Քարտեզն էլ կարող է սխալվել,— պատասխանեց Շվեյկը, իջնելով հովիտը։— Վինոգրադիում ապրող երշիկագործ Կրժենեկը մի գիշեր, Պրագա քաղաքի հատակագծին նայելով, Մալա Ստրանայի «Մոնտանգ» պանդոկից վերադառնում է տուն՝ Վինոգրադի, իսկ լուսադեմին հասնում է Ռոզդելով, որ Կլադնայի մոտ է։ Նրան փետացած վիճակում գտնում են հաճարի արտի մեջ, որտեղ վեր էր ընկել հոգնածությանից։ Քանի որ չեք ուզում ինձ լսել, պարոն ավագ գրագիր, և ձեր ասածն եք պնդում, ապա եկեք հենց հիմա իրարից բաժանվենք և հանդիպենք արդեն տեղում, Ֆելդշտայնում։ Միայն թե ժամը նայեցեք, որ իմանանք, թե որս է շուտ հասել։ Եթե ձեզ որևէ վտանգ սպառնա, օդի մեջ կրակեցեք, որ իմանամ որտեղ եք գտնվում։

Իրիկնադեմին Շվեյկը հասավ մի լճակի ափ, ուր հանդիպեց գերությունից փախած մի ռուսի, որն այնտեղ լողանում էր։ Ռուսը Շվեյկին նկատելուն պես ջրից դուրս եկավ և տկլոր պուկ տվեց ու փախավ։

Շվեյկը ցանկացավ իմանալ, թե իրեն սազ կգա՞ այն ռուսական համազգեստը, որ հենց այդտեղ ընկած էր ուռենու տակ։ Նա արագ հանվեց և հագավ այն տարաբախտ տկլոր ռուսի համազգեստը, որ փախել էր անտառից դենը գտնվող գյուղում տեղակայած ռազմագերիների էշելոնից։

Շվեյկը ցանկացավ մի լավ դիտել ջրի մեջ անդրադարձած իր պատկերը, և այնքան երկար գնաց ու եկավ լճակի ամբարտակի վրա, մինչև որ նրան գտավ դաշտային ժանդարմերիայի պարեկը, որը որոնում էր փախստական ռուսին։ Ժանդարմները հունգարացիներ էին և, չնայած Շվեյկի բոլոր բողոքներին, նրան քարշ տվին Խիրովի հանգրվանային վարչություն, որտեղ նրան մտցրին ռուս գերիների այն գումակի մեջ, որի վրա դրված էր Պերեմիշլ տանող երկաթուղագիծը կարգի բերելու աշխատանքը։

Այդ ամենը կատարվեց այնքան արագ, որ Շվեյկը միայն հաջորդ օրը կարողացավ հասկանալ իր վիճակը և մի դասասենյակում, որտեղ տեղավորված էր գերիների մի մասը, սպիտակ պատի վրա խանձողով գրեց․

«Այստեղ գիշերել է 91-րդ գնդի 11-րդ երթային վաշտի հանձնակատար պրագացի Յոզեֆ Շվեյկը, որը զորաբնակարանապետի պարտականություններ կատարելու ժամանակ սխալմամբ գերի ընկավ ավստրիացիների ձեռքը»։



↑ Մենք սերբերին ցույց կտանք, որ կհաղթեն ավստրիացիք (գերմ․)։

↑ Սվինները հագցնել (գերմ.)։

↑ Բոլորը թաքնվեն (գերմ.):

↑ Որտե՞ղ է գումարտակի հրամանատարը (գերմ.)։

↑ Բոլորդ դեպի ետ, բոլորդ դեպի ետ (գերմ․)։

↑ Ուղղությունը դեպի ձորակը, շարժվել մեկ-մեկ (գերմ․)։

↑ Հանցանքի վայրում (լատ․)։

↑ Քնի՛ր, քնի՛ր մինչ առավոտ,


Փակիր աչքդ քնի կարոտ։


Օրն էլ արդեն հանգավ հանդարտ,


Հանգչիր և դու, ո՛վ դադրած մարդ։


Հանգստացիր քնի կարոտ,


Քնիր, քնիր մինչ առավոտ (գերմ․)։

↑ Ձայնդ կտրիր, ապուշ (գերմ․)։

↑ «Հայրերի մեղքերը»։ Վեպ Լյուդվիգ Գանգհոֆերի(գերմ․)։

↑ Պարոնայք (գերմ.)

↑ Ընկերներ (գերմ․)։

↑ Եվ այսպես, պարոնայք (գերմ․)։

↑ Լսեցեք, կադետ (գերմ․)։

↑ 228 բարձունքից գնդացրային կրակը դեպի ձախ ուղղել (գերմ․)։

↑ Իր — հետ — այս — մենք — նայել — այդ — խոստացավ — այդ — Մարթա — քեզ — այդ — վախկոտորեն — այնժամ — մենք — Մարթա — մենք — այդ — շնորհակալություն — երանելի — կոլեգիա — վերջ — մենք — խոստացավ — բարելավեցին — խոստացան — իսկապես — կարծում եմ — իդեա — միանգամայն — իշխող — ձայն — վերջին (գերմ․)։

↑ Իր (գերմ․)։

↑ Հետ (գերմ․)։

↑ Մեզ (գերմ․)։

↑ Վրա (գերմ․)։

↑ Պարոն կապիտան, համարձակվում եմ զեկուցել։ Հիսու՜ս Քրիստոս, դուրս չի գալիս (գերմ․)։

↑ Ձեռնարկ ռազմական գաղտնագրության (գերմ․)։

↑ Երթային շարասյունով, ուղղությունը № 6 պահեստը (գերմ.)։

↑ Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ (գերմ.)։

↑ Չի թույլատրվում, չի թույլատրվում։ Զինվորական հանձնաժողով չի թույլատրվում (հունգ. և գերմ., սխալներով)։

↑ Սպաների միջև բոլոր խոսակցությունները, բնականաբար, տեղի են ունենում գերմաներեն (ծանոթ. հեղինակի)։

↑ Այն որը, երբ ուխտադրուժ Ռուսաստանը սատկի, կդառնա մեր միապետության ազատագրման որը (գերմ․)։

↑ Միացյալ ուժերով (լատ.)։

↑ Շտապ ճաշ եփել, ապա շարժվել դեպի Սոկալ (գերմ․)։

↑ Երկու սպաներն էլ խոսում են գեմաներեն։ Այս նախադասությունը հնչում էր այսպես. Sie haben sich damals auch mit den deutschen Mitschulern gerauft (ծանոթ․ հեղինակի)։

↑ Ուրեմն, ցտեսություն։

↑ Udo Kraft: Selbsterziehung zum Tod für Kaiser. C. F. Amelang’s Verlag, Leipzig.

↑ Անուշիկ մանչուկ (գերմ․)։ Ի դեպ (ֆրանս․)։

↑ Իմ բոլոր կոզիրները վերջացան (գերմ․)։

↑ Անվախ հառաջ։ Տեր ընդ ձեզ, անվախ հառաջ (գերմ․)։

↑ «Խոսքն այն մասին է» (գերմ․)։

↑ Ամուր կացեք քաջորդիներ,


Զարկեք անարգ մեր թշնամուն,


Բարձր պահեք դրոշը մեր (գերմ․)։

↑ «Վիեննայի պատկերազարդ թերթ»

↑ Զգույշ, խոզեր (գերմ․)։

↑ Աստծո կայսրական թագավորական շտաբ-կայան (գերմ․)։

↑ Գերմանական շումավյան բարբառով․ «Այնպիսի հոտ է փչում գյադայից, որ կարծես չորացրած ձուկ լինի»։

↑ Ինչպես երևում է, շալվարը լցրել է (գերմ․)։

↑ Հաղորդեցեք իմ քաջարի բանակին, որ նա իմ սրտում իր համար սիրո և երախտագիտության հավերժական հուշարձան է կանգնել (գերմ․)։

↑ Վրայից արտաքնոց մաքրողի հոտ է գալիս, կեղտոտած արտաքնոց մաքրողի (գերմ․)։

↑ Ձեզ նման մարդը, պարոն գնդապետ, ավելի է անհրաժեշտ, քան չնչին օբեր-լեյտենանտը (գերմ․)։

↑ Ծիծաղող երգեր (գերմ․)։

↑ Թաս և գիտություն (գերմ․)։

↑ Հեքիաթներ և առակներ (գերմ)։

↑ Լիզեցեք հետույքս (գերմ․)։

↑ Զինվորական էշելոնների կայարան (գերմ․)։

↑ «Ով ասում է, թե․․․ (գերմ․)։

↑ Ինչպե՞ս եք ձեզ զգում (գերմ․)։

↑ Շ-ա-ա-տ լա-ա-ավ (գերմ․)։

↑ Սուրբ Մարիամ աստվածածին (գերմ․)։

↑ Եռակի ուռռա (գերմ․)։

↑ Նզովյալ խոզ (իտալ.)։

↑ Մեր հերոսները Իտալիայում՝ Վիչենցայից մինչև Կուստոցա, կամ... (գերմ.):

↑ Արյուն և կյանք հանուն Հաբսբուրգների, հանուն միացյալ, անբաժանելի, մեծ Ավստրիայի (գերմ.)։

↑ Հանուն կայսեր, աստծո և հայրենիքի (գերմ․)։

↑ Մեր քաջարի գորշ շինելներ (գերմ․)։

↑ Ութ և կեսին տագնապ, կղկղել և քնել (գերմ․)։

↑ Եվ այսպես, բարեհաճեցեք իմանալ. ժամը ութ և կեսին կղկղել, իսկ կես ժամ հետո քնել։ Ավելին չի պահանջվում (գերմ․)։

↑ Չե՞խ ես թե գերմանացի (գերմ․)։

↑ Չեխ, համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր (գերմ.)։

↑ Ջոկ առ ջոկ, ջոկապետերի հրամանատարությամբ (գերմ․)։

↑ Վե՛ր կենալ։ Զգա՛ստ։ Աջ հավասարո՛ւմ (գերմ․)։

↑ Ազա՛տ, շարունակեցեք (գերմ․)։

↑ Համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր, այս զինվորը տկարամիտ է, հայտնի է որպես ապուշ, բացառիկ տխմար (գերմ․)։

↑ Այդ ի՞նչ եք ասում, պարոն լեյտենանտ (գերմ․)։

↑ Էլ դուրս չե՞ս գնալու (գեներալն այդ նախադասությունն ասաց լեհերեն)։

↑ Պետք չէ, ազա՛տ, ազա՛տ, շարունակեցեք (գերմ․)։

↑ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել... Կարող եք գնալ (գերմ)։

↑ Առաջին ջոկ, կանգնել։ Կազմել քառյակ։ Երկրորդ ջոկ... (գերմ․)։

↑ Թողնե՛լ (գերմ․)։

↑ Իշտվան ամուսիններ (գերմ․)։

↑ Եվ այսպես, տասը կրոն... Հինգ կրոն հավի, հինգ կրոն աչքի համար։ Հինգ ֆորինտ՝ ծուղրուղու, հինգ ֆորինտ՝ թամաշա, այո՞ (գերմ. և հունգ.)։

↑ Բարի օր, ընկե՛ր, գնաս բարով (հունգ. և ֆրանս.)։

↑ Ֆիլիպ — քաղաք Թրակիայում, որտեղ Անտոնիոսի ու Օկտավիանոսի զորքերը հաղթեցին Բրուտոսին և Կասիոսին։ «Մենք կհանդիպենք Ֆիլիպի մոտ» թևավոր խոսքը նշանակում է, թե կգա հատուցման ժամը։

↑ Նշա՛ն բռնել։ Պատրա՛ստ։ Նշա՛ն բռնել (գերմ․)։

↑ Գլխարկը հանել (գերմ.)։

↑ «Համազարկաին կրակ։ Պատրա՛ստ։ Նշա՛ն բռնել։ Կրա՛կ» (գերմ․)։

↑ Քաղաքական անբարեհույս։ Զգուշանա՛լ (գերմ․)։

↑ Կայսերական թագավորական հրետանային դիվիզիոն (գերմ․)։

↑ «Վիներ-Նեյշտադտ» (քաղաք Ավստրիայում)։

↑ Համարձակվում եմ զեկուցել, վաշտի հանձնակատար (գերմ.):

↑ Մայիսի մեկ (գերմ.)։

↑ Կեղտոտ անասուն (գերմ․)։

↑ Դու խոզ ես (գերմ․)։

↑ Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ (գերմ․)։

↑ Գլխարկ (գերմ․)։

↑ Սուրճ (գերմ․)։

↑ Կկրակե՛մ, կկրակե՛մ։

↑ Պահակախմբի պետն է։ Պահակախմբի պետն է (գերմ․)։

↑ Պահպանիր, տեր, թագավորին (հունգ․)։

↑ Փա՛ռք (հունգ․)։

↑ Փա՛ռք, փա՛ռք Տասնչորսերորդ գնդին (հունգ․)։

↑ Հետ դա՛րձ, քայլով մա՛րշ (գերմ․)։

↑ Պեյսեր — քունքագանգուրներ (նահապետական հրեաների)։

↑ Օղի էլ ունեմ, հարգարժան պարոն զինվոր (գերմ․)։

↑ Կոնյակ։

↑ Ոչինչ, բացի լավից (լատ․)։

↑ Ի դեպ (ֆրանս․)։

↑ Կեցցե մեր գումարտակի հրամանատարը (գերմ․)։

↑ Հերոսը (գերմ.)։

↑ Զոհել է (գերմ.)։

↑ Հայրենիքի համար (գերմ.)։

↑ Երբ ես վերադառնամ, երբ կրկին վերադառնամ (գերմ․)։

↑ Սպայական խոհանոցի բաժանմունք (գերմ.)։

↑ «Լուպկայի լեռնանցքի հերոսներին» (գերմ․)։

↑ Զարմանալի՛ է (ֆրանս․)։

↑ Չեխական այբուբենում Խ֊ն առաջին տառերից է, Վ֊ն՝ վերջին։

↑ Հրեշտակային բոզեր (գերմ․)։

↑ Զբաղվա՛ծ է (գերմ.)։

↑ Մտե՛ք (գերմ.):

↑ Էլզա, կյանք իմ (եբրայերեն)։

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն չորրորդ: Փառահեղ քոթակի շարունակությունը

Շվեյկը ռուս գերիների էշելոնում

Այն ժամանակ, երբ Շվեյկը,— որին ռուսական շինելի և գլխարկի պատճառով Ֆելդշտայնի մոտ գտնվող գյուղից փախած ռուս գերու տեղ էին դրել,— պատի վրա անձողով շարադրում էր իր հոգու հուսահատական ճիչերը, ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Իսկ երբ Խիրովի հանգրվանային կայանում, գերիներին եգիպտացորենի քարթու հաց բաժանելու ժամանակ, նա փորձեց իր մոտով անցնող հունգարացի զինվորին հանգամանորեն բացատրել եղելությունը, էշելոնի պահակներից մեկը հրացանի խզակոթով խփեց նրա ուսին, չզլանալով ավելացնել․ «Baszom az élet[1], Շա՛րք մտիր, ռուսական խոզ»։

Այդօրինակ վերաբերմունքը ռուս գերիների նկատմամբ, որոնց լեզուն հունգարացիները չէին հասկանում, սովորական բան էր։ Շվեյկը նորից շարք մտավ և դիմեց իր կողքին կանգնած գերուն․

— Այդ մարդն իր պարտքն է կատարում, բայց իրեն մեծ վտանգի է ենթարկում։ Իսկ եթե հանկարծ նրա հրացանը լցված լինի և ոտքը քաշա՞ծ։ Չէ՞ որ այդ դեպքում շատ հեշտ կարող է այնպես պատահել, որ մի ուրիշին խզակոթով դնքստելիս՝ հրացանի ոտքը բացվի, ամբողջ լիցը լցվի բուկը և նա մեռնի իր պարտականությունները կատարելու ժամանակ։ Շումավայի քարահանքներից մեկում բանվորները գողանում էին դինամիտի լիցերը, որպեսզի ձմեռը ծառերի կոճղերն հեշտ արմատահան անեն։ Քարահանքի պահակը հրաման ստացավ՝ քարահանքից դուրս գալիս բոլորին անխտիր խուզարկել, և եռանդով գործի անցավ։ Չամփելով առաջին իսկ պատահած բանվորին, նա այնպես թափով թփթփացրեց նրա գրպանները, որ դինամիտի լիցերը պայթեցին և նրանք երկուսն էլ հօդս թռան։ Երբ պահակն ու քարահանքի բանվորը հօդս թռան, թվում էր, թե նրանք այդ վերջին պահին գրկախառնվել են։

Ռուսին գերին, որի համար Շվեյկն անում էր այդ պատմությունը, շվարած նայում էր նրան, և պարզ երևում էր, որ նրա ասածից ոչ մի բառ չէր հասկացել։

— Չհասկանալ, ես Ղրիմի թաթար․ ալլահ աքբեր։

Թաթարը ծալապատիկ նստեց գետնին և, ձեռքերը կրծքին ծալելով, սկսեց աղոթել, «Ալլահ աքպեր — Ալլահ աքպեր — բեզմիլլա արահման-արահիմ — մալինկին մուստաֆիր»։

— Ուրեմն դու, ասել կուզե, թաթա՞ր ես,— կարեկցանքով ձիգ տվեց Շվեյկր։— Բախտդ բանել է։ Քանի որ թաթար ես, դու ինձ պետք է հասկանաս, ես էլ քեզ։ Բա՛։ Շտերնբերգցի Յարոսլավին ճանաչո՞ւմ ես։ Անո՞ւնն էլ չես լսել, թաթարի ծնունդ։ Նա Գոստինի մոտ ձեզ լավ ջարդեց։ Դուք, թաթարներդ, այն ժամանակ լեղապատառ փախաք Մորավիայից։ Երևի ձեր դպրոցներում այդ բանը չեն սովորեցնում, իսկ մեզ մոտ սովորեցնում են։ Գոստինի աստվածածնին ճանաչո՞ւմ ես։ Պարզ է, որ չես ճանաչում։ Այն կռվում նա էլ է եղել։ Ասենք, միևնույն է, հիմա գերության մեջ թոլոր թաթարներիդ կմկրտեն։

Շվեյկը դիմեց մի այլ գերու․

— Դո՞ւ էլ ես թաթար։

Գերին «թաթար» բառը հասկացավ և գլուխը բացասաբար շարժեց․

— Ոչ թաթար, չերքեզ, իմ ծնող չերքեզ, սեքիմ բա չկա։

Շվեյկի բախտը մեծապես բանել էր։ Նա գտնվում էր արևելյան այլևայլ ժողովուրդների ներկայացուցիչների ընկերակցության մեջ։ Էշելոնում կային թաթարներ, վրացիներ, օսեր, մորդվիններ ու կալմիկներ։

Դժբախտաբար, Շվեյկը չէր կարող նրանցից ոչ մեկի հետ լեզու գտնել, և նրան էլ նրանց հետ քարշ տվին Դոբրոմիլ, որտեղ սկսվելու էր Պերեմիշլի վկայով Նիժանկովիչի տանող երկաթուղագծի նորոգումը։

Դոբոմիլի հանգրվանային վարչությունում նրանց ցուցակագրեցին, մի բան, որ շատ դժվարին գործ էր, քանի որ Դոբրոմիլ քշված երեքհարյուր գերիներից ոչ մեկը չէր հասկանում այն ռուսերենը, որով բացատրվում էր սեղանի առաջ նստած գրագիրը։ Այդ ֆելդֆեբել-գրագիրը իր ժամանակին հայտնել էր, թե ռուսերեն գիտե, և հիմա Արևելյան Գալիցիայում հանդես էր գալիս որպես թարգմանիչ։ Մի երեք շաբաթ առաջ նա գերմաներեն-ռուսերեն բառարան և մի զրուցագիրք էր պատվիրել, բայց այդ գրքերը մինչև հիմա չէին ստացվել։ Այնպես որ ռուսերենի փոխարեն նա բացատրվում էր կոտրատված սլովակերենով, որ կիսատ-պռատ սովորել էր դեռևս այն ժամանակ, երբ, որպես վիեննական ֆիրմաներից մեկի ներկայացուցիչ, Սլովակիայում սբ․ Ստեփանոսի պատկերներ, ցողամաններ ու տերողորմյաներ էր վաճառել։

Նա այդ տարօրինակ անձնավորություններին խոսք հասկացնել չէր կարողանում և գլուխը կորցրել էր։ Գրագիր-թարգմանիչը դուրս եկավ գրասենյակից և գերիների վրա գոռաց․ Wer kann deutsch sprechen?[2]

Բազմության միջից դուրս եկավ Շվեյկը և ուրախ ուրախ նետվեց դեպի ֆելդֆեբելը, որը նրան հրամայեց իր հետևից անհապաղ մտնել գրասենյակ։

Ֆելդֆեբելը նստեց սեղանի վրա կիտված ցուցակների ու բլանկների հետևում, որոնց մեջ նշվում էին գերու ազգանունը, ծագումը, հպատակությունը, և այդ ժամանակ տեղի ունեցավ մի զվարճալի գերմաներեն խոսակցություն․

— Հրեա ես, չէ՞,— հարցրեց նա Շվեյկին։

Շվեյկը բացասաբար գլուխը թոթվեց։

— Մի՛ ժխտիր։ Գերմաներեն իմացող գերիներիցդ յուրաքանչյուրը հրեա է եղել,— համոզված շարունակեց գրագիր-թարգմանիչը։― Եվ վե՛րջ։ Ազգանունդ ի՞նչ է։ Շվե՞յխ։ Տեսնո՞ւմ ես, էլ ինչի ես ժխտում, քանի որ այդպիսի հրեական ազգանուն ունես։ Դու մեզ մոտ վախենալու պատճառ չունես, կարող ես խոստովանել, որ հրեա ես։ Մեր Ավստրիայում հրեական ջարդեր չեն սարքում։ Որտեղացի՞ ես։ Հա՛, Պրագա, գիտեմ-գիտեմ, դա Վարշավայի մոտ է։ Մի շաբաթ առաջ մոտս երկու հրեաներ կային՝ Վարշավայի մոտի Պրագայից։ Իսկ գնդիդ համարը ո՞րն է։ Իննսունմեկերո՞րդ։

Ավագ գրագիրը վերցրեց զինվորական տեղեկագիրքը և սկսեց թերթել․ «Իննսունմեկերորդ գունդ, Երևանյան, Կովկաս, կադրերը գտնվում են Թիֆլիսում»։

— Զարմանում ես, չէ՞, որ մենք այստեղ այդ բոլորը գիտենք։

Շվեյկին այդ ամենն իսկապես զարմացրեց, իսկ գրագիրը, իր կիսածխած սիգարետը տալով նրան, լուրջ-լուրջ շարունակեց․

— Այս ծխախոտը ձեր մախորկայից լավն է։ Այստեղ, ջհուդի՛կ, ես ամենաբարձր իշխանությունն եմ։ Բավական է մի խոսք ասեմ, որ բոլորը դողան ու ծակը մտնեն։ Մեր բանակում կարգապահությունն այնպես չէ, ինչպես ձեզ մոտ։ Ձեր ցարը շան որդի է, իսկ մերը գլուխ է, գլո՜ւխ։ Ես հիմա քեզ մի բան ցույց կտամ, որպեսզի տեսնես, թե մեզ մոտ ինչպիսի կարգապահություն կա։

Նա բացեց հարևան սենյակի դուռը և ձայն տվեց․ «Հանս Լե՛ֆլեր»։

— Hier!— Լսվեց պատասխանը, և ներս մտավ խպիպավոր, կրետինի լացակումած դեմքով մի շտիրիացի։ Հանգրվանային վարչությունում նա ամեն ինչ անող սպասավորի դեր էր կատարում։

— Հանս Լեֆլեր,— հրամայեց գրագիրր,— վերցրու ծխամորճս, ատամներովդ բռնիր բան տանող շան պես և չորեքթաթ վազիր սեղանի շուրջը, մինչև որ ասեմ․ «Halt!»։ Միաժամանակ հաչա, բայց այնպես, որ ծխամորճը բերանիցդ չընկնի, թե չէ կհրամայեմ կապել։

Խպիպավոր շտիրիացին սկսեց չորեքթաթ տալ ու հաչել։

Ավագ գրագիրը հաղթականորեն նայեց Շվեյկին․

— Ասում էի, չէ՞։ Տեսնո՞ւմ ես, ջհուդիկ, մեզ մոտ ինչպիսի կարգապահություն կա։

Եվ գրագիրը գոհունակությամբ նայեց ալպյան հովիվի հոլիկից եկած այդ անբան զինվոր անասունին։

— Halt!— վերջապես ասաց նա,— իսկ հիմա կանգնիր թաթերիդ վրա և ծխամորճս ինձ տուր։ Լա՛վ, իսկ հիմա տիրոլացու պես երգիր։

Սենյակում լսվեց մի ոռնոց, «Հոլարիո՜, հոլարիո՜․․․»։

Երբ ներկայացումը վերջացավ, գրագիրը սեղանի արկղից հանեց «Սպորտ» տեսակի չորս սիգարետ և մեծահոգաբար նվիրեց Հանսին, և այդ ժամանակ Շվեյկն սկսեց կոտրատված գերմաներենով պատմել, թե գնդերից մեկում մի սպա ճիշտ այդպիսի մի հնազանդ սպասյակ ուներ։ Ինչ որ տերը ցանկանար՝ անում էր։ Երբ մի անգամ նրան հարցրին, թե արդյոք կարո՞ղ է իր սպայի հրամանով նրա կղկղանքից մի գդալ ուտել, նա պատասխանեց․ «Եթե պարոն լեյտենանտը հրամայի՝ կուտեմ, միայն թե մեջը մազ չլնի, թե չէ շատ զզվող եմ, վայ թե սիրտս խառնի»։

Գրագիրը սկսեց ծիծաղել․ «Դուք, հրեաներդ, շատ սրամիտ անեկդոտներ ունեք, բայց ես կարող եմ գրազ գալ, որ ձեր բանակում այնպիսի կարգապահություն չկա, ինչպես մեզ մոտ։ Դե՛հ, անցնենք գլխավորին։ Քեզ նշանակում եմ էշելոնի ավագ։ Մինչև իրիկուն ինձ համար կգրես մնացածների ազգանունները։ Գերիների համար սնունդ կստանաս, նրանց կբաժանես խմբերի՝ յուրաքանչյուրում տասը մարդ։ Ամեն մեկի համար գլխովդ պատասխանատու ես։ Եթե մեկն ու մեկը փախչի, ջհուդիկ, քեզ կգնդակահարենք։

— Կուզեի ձեզ հետ խոսել, պարոն գրագիր,— ասաց Շվեյկը։

— Միայն թե ոչ մի գործարք,— կտրուկ պատասխանեց գրագիրը։— Ես այդպիսի բան չեմ սիրում։ Չափից շատ ես մեր Ավստրիայում կլիմայափոխվել։ Արդեն ուզում ես ինձ հետ մասնավոր կարգով խոսել․․․ Մարդ ինչքան գերիներիդ հետ լավ վարվի, այնքան վատ․․․ Իսկ հիմա ռադ եղիր․ ահա քեզ թուղթ ու մատիտ և գնա ցուցակը կազմիր․․․ Հը՛, է՞լ ինչ կա։

― Ich melde gehorsam, Herr Feldwebl![3]

— Դո՛ւրս կորիր։ Տեսնում ես ինչքան գործ ունեմ։— Գրագիրը չափազանց հոգնած մարդու դեմք ընդունեց։

Շվեյկը պատիվ տվեց և դիմեց դեպի գերիները, ճանապարհին մտածելով, թե կայսեր համար կրած իր տառապանքներն արդյունք են տալիս։

Շատ ավելի դժվար էր ցուցակ կազմելու գործը։ Գերիները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, որ պարտավոր են ասել իրենց ազգանունները։ Շվեյկն իր կյանքում շատ բան էր տեսել, բայց, այնուամենայնիվ, այդ թաթարական, վրացական ու մորդվինական անունները նրա գլուխը չէին մտնում։ «Ոչ ոք ինձ չի հավատա,— մտածում էր Շվեյկը,— թե աշխարհում կարող են այնպիսի ազգանուններ լինել, ինչպես այդ թաթարներինը՝ Աբդրահմանով, Բեյմուրատ Ալլահալի, Ջերեդջե Չերեդջե, Դավլաթբալեյ Նուրդագալեև և այլն։ Մեր ազդանունները, այնուամենայնիվ, ավելի լավ են։ Օրինակ, Ժիդոհոշտիի տերտերի ազգանունն է Վոբեյդա»[4]։

Նա նորից անցավ շարքերի միջով, և գերիներն իրար հետևից բղավում էին իրենց անուն-ազգանունները՝ Ջիդրալեյ Հանեմալեյ, Բամբամուլեյ Միրզագալի և այլն։

— Այդ ինչպե՞ս է, որ լեզուդ չես կծում,— բարեհոգաբար ժպտալով ասաց Շվեյկը։— Մեր անուն-ազգանունները շատ ավելի լավ են՝ Բոգուսլավ Շտեպանեկ, Յարոսլավ Մատուշեկ կամ Ռուժենա Սվոբոդովա։

Երբ ահավոր տառապանքներից հետո Շվեյկը, վերջապես, գրեց-պրծավ այդ բոլոր Բաբուլյա Հալեյներն ու Խուջի Մուջիները, որոշեց թարգմանիչ-գրագրին մի անգամ էլ բացատրել, որ ինքը թյուրիմացության զոհ է, որ դեռևս, ճանապարհին, երբ իրեն գերիների հետ քշում էին, մի քանի անգամ ապարդյուն ջանացել է արդարության հասնել։

Գրագիր-թարգմանիչը դեռևս առավոտվանից սթափ չէր, իսկ հիմա առողջ դատելու ընդունակությունն իսպառ կորցրել էր։ Նրա առաջ փռված էր ինչ-որ գերմանական թերթի հայտարարությունների մի էջ, և նա Ռադեցկու քայլերգի եղանակով երգում էր․ «Գրամաֆոնս փոխում եմ մանկասայլակի հետ», «Գնում եմ սպիտակ ու կանաչ ապակու ջարդոտվածք», «Ամեն մարդ կարող է սովորել հաշիվներ ու բալանսներ կազմելու գործը, եթե ավարտի մեր հեռակա հաշվապահական դասընթացները» և այլն։

Մի քանի հայտարարությունների համար քայլերգի եղանակն հարմար չէր գալիս։ Սակայն գրագիրն ամեն ջանք գործադրում էր այդ արգելքը հաղթահարելու համար, ուստի և, չափ տալով, բռունցքով թխթխկացնում էր սեղանը և ոտքերը գետնին խփում։ Կոնտուշօղիից կպած-պնդացած նրա բեղերը տնկվել էին դեպի դեմքի այս ու այն կողմը, կարծես ինչ-որ մեկը նրա յուրաքանչյուր այտի մեջ մի չորացած սոսնձավրձին էր խրել։ Ճիշտ է, նրա ուռած աչքերը Շվեյկին նկատեցին, սակայն նրանց տերը ոչ մի կերպ չանդրադարձավ այդ հայտնագործությանը։ Գրագիրը միայն այն արեց, որ դադարեց բռունցքով ու ոտքելով թխթխկացնելուց, բայց փոխարենը սկսեց տկտկացնել սեղանը, այս անգամ «Ich weiß nicht, was soll es bedeuten»[5] երգի եղանակով երգելով մի նոր հայտարարություն․ «Տատմայր Կարոլինա Դրեգերը իր ծառայություններն է առաջարկում հարգարժան տիկնանց բոլոր պարագաներում»։

Նա երգում էր հետզհետե ավելի ու ավելի կամաց, հետո՝ հազիվ լսելի, ի վերջո բոլորովին պապանձվեց՝ անշարժացած հաչացքը հառած հայտարարությունների մեծածավալ էջին, և դրանով Շվեյկին հնարավորություն ընձեռնեց պատմելու իր ձախորդությունները, թեև այդ անելու համար գերմաներենի իր համեստ գիտելիքները նրան հազիվ էին բավականացնում։

Շվեյկն սկսեց այն բանից, թե նա, այնուամենայնիվ, իրավացի էր եղել՝ ընտրելով գետակի երկայնքով Ֆելդշտայն տանող ճանապարհը, և մեղավոր չէ, որ մի անհայտ ռուս զինվոր կարողացել է գերությունից փախչել և լողանալ այն լճակում, որի մոտով պետք է անցներ նա, Շվեյկը, որը, որպես զորաբնակարանապետ, պարտավոր էր գտնել Ֆելդշտայնի ամենակարճ ճանապարհը։ Ռուսը նրան տեսնելուն պես փախավ, իր համազգեստը թողնելով թփերի մեջ։ Նա, Շվեյկը, շատ անգամ էր լսել, որ նույնիսկ առաջավոր դիրքերում, օրինակ հետախուզության նպատակներով, հաճախ օգտագործում են զոհված հակառակորդի համազգեստը, այդ պատճառով էլ լքված համազգեստը չափսափորձ արեց, որպեսզի տեսներ, թե համանման հանգամանքներում իրեն ինչպես կզգա ուրիշի համազգեստի մեջ։

Իր այդ սխալը բացատրելուց հետո Շվեյկը տեսավ, որ բոլորովին իզուր է խոսել, գրագիրը քնել էր ավելի վաղ, քան ճանապարհը Շվեյկին կհասցներ լճակը։ Շվեյկը մոտեցավ նրան և ձեռքը կամացուկ դիպցրեց ուսին, իսկ դա միանգամայն բավական էր, որպեսզի գրագիր-ֆելդֆեբելը աթոռի վրայից գլորվեր գետին և շարունակեր հանգիստ քնել։

— Կներեք, պարոն գրագիր,— ասաց Շվեյկը, պատիվ տվեց և դուրս եկավ։

Վաղ առավոտյան ռազմա-ինժեներական վարչությունը դիսպոզիցիան փոխեց, և որոշվեց գերիների այն խմբին, որի մեջ գտնվում էր Շվեյկը, ուղարկել ուղղակի Պերեմիշլ՝ Պերեմիշլ — Լյուբաչուվ երկաթուղագիծը վերականգնելու։

Ամեն ինչ մնաց առաջվա պես։ Շվեյկը ռուս գերիների մեջ շարունակում էր իր ոդիսականը։ Հունգարացի ուղեկցորդ պահակներն ավելի ու ավելի արագ տեմպով բոլորին առաջ էին քշում։

Գյուղերից մեկում դադար առնելիս գերիները պատահեցին մի գումակային զորաբաժնի։ Մի սպա, սայլերի մոտ կանգնած, նայում էր գերիներին, Շվեյկը դուրս պրծավ շարքից, ձիգ եկավ սպայի առաջ և գոռաց․ «Herr Leutnant, ich melde gehorsam!»։

Սակայն ավելին ասել չկարողացավ, քանի որ հենց այդ ժամանակ երկու հունգարացի զինվորներ նետվեցին նրա վրա և, մեջքին հարվածներ տեղալով, ետ շպրտեցին դեպի գերիների խումբը։

Սպան նրա հետևից շպրտեց սիգարետի ծխուկը, որը վերցրեց մի ուրիշ գերի և սկսեց ծխել։ Դրանից հետո սպան իր կողքին կանգնած կապրալին սկսեց բացատրել, թե Ռուսաստանում գաղութաբնակ գերմանացիներ կան և թե նրանք ևս պարտավոր են կռվել։

Այնուհետև մինչև Պերեմիշլ հասնելը Շվեյկը ոչ մի հարմար առիթ չունեցավ բողոքելու և պատմելու, որ ինքը, իսկապես ասած, Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտի հանձնակատարն է։ Այդպիսի առիթ ներկայացավ միայն Պերեմիշլում, երբ երեկոյան նրանց քշեցին բերդի ներքին գոտու ավերված ամրոցը, որտեղ գտնվում էին բերդի հրետանու ձիերի ախոռները։

Այնտեղ գետնին փռած ծղոտի մեջ այնքան ոջիլներ կային, որ հեշտությամբ բարձրացնում էին նրա կարճլիկ ցողունները։ Թվում էր, թե դրանք ոջիլներ չեն, այլ մրջյուններ, որոնք շինանյութ են կրում իրենց մրջնանոցի կառուցման համար։

Այնտեղ գերիներին միայն ցիկորիից պատրաստած մի քիչ սև խառնաջուր և մի-մի կտոր եգիպտացորենի քարթու հաց տվին։

Այնուհետև նրանց ընդունեց մայոր Վոլֆը, որն այն ժամանակ Պերեմիշլի բերդում և նրա շրջակայքում վերականգնողական աշխատանքով զբաղված բոլոր գերիների տերն ու տիրականն էր։ Վոլֆը հույժ ծանրաբարո մարդ էր։ Նա ուներ թարգմանիչների մի ամբողջ շտաբ, որոնք գերիների միջից շինարար մասնագետներ էին ընտրում ըստ նրանց ընդունակությունների և կրթության։

Մայոր Վոլֆը հաստատ համոզված էր, թե ռուս գերիները դիտմամբ իրենց հիմարի տեղ են դնում, քանզի լինում էին դեպքեր, երբ նրա այն հարցին, թե՝ «Կարողանո՞ւմ ես երկաթուղագիծ կառուցել», բոլոր գերիները տալիս էին հետևյալ նույնանման պատասխանը․ «Ոչինչ չգիտեմ, ոչ մի այդպիսի բան չեմ լսել, ապրել եմ ազնվաբար»։

Երբ գերիները շարք կանգնեցին մայոր Վոլֆի և նրա ամբողջ շտաբի առաջ, մայորը գերմաներեն հարցրեց, թե նրանցից ով գիտե գերմաներեն լեզուն։

Շվեյկը համարձակ առաջ եկավ, ձիգ կանգնեց մայորի առաջ, պատիվ տվեց և զեկուցեց, թե գերմաներեն խոսել գիտե։

Մայոր Վոլֆը, ակնհայտորեն գոհ, իսկույն Շվեյկին հարցրեց, թե հո ինժեներ չէ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— ես ինժեներ չեմ, բայց Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատարն եմ։ Գերի եմ ընկել մերոնց ձեռքը։ Դա, պարոն մայոր, այսպես եղավ․․․

— Ի՞նչ,— ծղրտաց Վոլֆը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, դեպքն այսպես պատահեց․․․

— Դուք չե՞խ եք,— չէր հանդարտվում մայոր Վոլֆը,— Դուք ձեր հագուստը փոխել, ռուսական համազգե՞ստ եք հագել։

— Ճիշտ այդպես, պարոն մայոր, հենց այդպես է եղել։ Սրտանց ուրախ եմ, որ պարոն մայորն իսկույն մտավ իմ դրության մեջ։ Գուցե մերոնք արդեն որևէ տեղ կռվում են, իսկ ես այստեղ ամբողջ պատերազմի ընթացքում պետք է իզուր ժամանակ վատնեմ։ Թույլ տվեք, պարոն մայոր, մի անգամ էլ կարգով բացատրել, թե բանն ինչպես եղավ։

— Բավական է,— կտրուկ վրա բերեց մայոր Վոլֆը, կանչեց երկու զինվորների և հրամայեց՝ անմիջապես նրան հաուպտվախտ տանել։ Իսկ ինքը մի սպայի հետ դանդաղ քայլում էր Շվեյկի հետևից և խոսելիս կատաղաբար ձեռքերը թափահարում։ Յուրաքանչյուր ֆրազի մեջ նա հիշատակում էր «չեխ շներին»։ Երկրորդ սպան զգում էր, որ մայորն իրեն անասելի երջանիկ է համարում, որ իր խորաթափանցության շնորհիվ հաջողվել է այդ սրիկաներից մեկին բռնել։ Արդեն շատ ամիսներ շարունակ զորամասերի հրամանատարներին գաղտնի շրջաբերականներ էին ուղարկվում չեխական գնդերից թշնամու կողմն անցած մի քանի անձանց արտասահմանյան դավաճանական գործունեության մասին։ Հաստատված էր, որ այդ փախստականները, իրենց երդումը մոռացած, մտնում են ռուսաց բանակի շարքերը և ծառայում թշնամուն, նրան շատ արժեքավոր, հատկապես լրտեսական, ծառայություններ մատուցելով։

Այն հարցում, թե որտեղ է գտնվում փախստականների մարտական կազմակերպությունից որևէ մեկը, Ավստրիայի ներքին գործոց մինիստրությունը գործում էր խարխափելով։ Նա դեռ ոչ մի որոշակի բան չգիտեր արտասահմանում գործող հեղափոխական կազմակերպությունների մասին, և միայն օգոստոս ամսին, գտնվելով Սոկալ-Միլյատին-Բուբնովո գծում, գումարտակների հրամանատարները գաղտնի շրջաբերականներ էին ստացել, թե նախկին ավստրիացի պրոֆեսոր Մասարիկը փախել է արտասահման և այնտեղ Ավստրիայի դեմ պրոպագանդ է մղում։ Դիվիզիայի շտաբում ինչ-որ ապուշ շրջաբերականը լրացրել էր հետևյալ հրամանով․ «Բռնելու դեպքում անհապաղ բերել շտաբ»։

Մայոր Վոլֆն այն ժամանակ դեռ գաղափար չուներ, թե Ավստրիայի դեմ ինչ են նյութում փախստականները, որոնք հետագայում Կիևում և այլ վայրերում իրար հանդիպելիս այն հարցին, թե՝ «Այստեղ ի՞նչ ես անում», ուրախ-ուրախ պատասխանում էին․ «Դավաճանում եմ թագավոր կայսրին»։

Այդ շրջաբերականներից Վոլֆը տեղեկություն ուներ միայն փախստակ-լրտեսների մասին, որոնցից մեկը, այսինքն նա, ում հաուպտվախտ են տանում, այնպես հեշտ ընկավ իր ծուղակը։ Մայոր Վոլֆը փոքր ինչ փառամոլ էր և դյուրավ պատկերացնսւմ էր, թե ինչպես բարձր հրամանատարությունից շնորհակալության և պարգև կստանա իր զգոնության, զգուշության և ընդունակությունների համար։

Նախքան հաուպտվախտ հասնելը նա ինքն իրեն հավատացրեց, թե «ո՞վ գիտե գերմաներեն լեզուն» հարցն ինքը դիտմամբ տվեց, քանզի գերիներին նայելուն պես այդ տիպն իրեն կասկածելի էր թվացել։

Մայորին ուղեկցող սպան գլխով արեց և այն միտքը հայտնեց, թե կալանավորման մասին անհրաժեշտ է հաղորդել կայազորի հրամանատարությանը՝ գործի հետագա քննության և դատապարտյալին բարձր ինստանցիայի ռազմական դատարանին հանձնելու համար։ Իսկ վարվել այնպես, ինչպես առաջարկում է մայորը, այսինքն՝ հանցագործին հարցաքննել հաուպտվախտում և անհապաղ կախել հաուպտվախտի հետևում, բնավ չի կարելի։ Նրան, իհարկե, կկախեն, սակայն օրինական ձևով, ռազմադատական օրենսգրքի համաձայն։ Կախելուց առաջ կատարվելիք հանգամանալից հարցաքննությունը թույլ կտա բացահայտել նրա կապերն իր նման այլ հանցագործների հետ։ Ո՞վ գիտե, թե այդ ժամանակ դեռ ինչեր կպարզվեն։

Հանկարծ մայոր Վոլֆի համառությունը բռնեց, նրան համակեց իր հոգու գաղտնարաններում մինչ այդ թաքնված գազանային դաժանությունը։ Նա ասաց, թե ինքը հարցաքննությունից հետո փախստակ լրտեսին անհապաղ կկախի իր պատասխանատվությամբ ու ռիսկով։ Նա կարող է այդպիսի բան անել, քանի որ բորձր ոլորտներում ծանոթություններ ունի և առհասարակ իր համար ամեն ինչ միևնույն է։ Այստեղ ռազմաճակատի պես է։ Եթե լրտեսին բռնեին և մերկացնեին ուղղակի ռազմի դաշտի մոտ, անմիջապես կհարցաքննեին ու կկախեին, և նրա նկատմամբ ավելորդ նրբանկատություն չէին ցուցաբերի։ Ի դեպ, պարոն կապիտանին հայտնի է, որ մերձռազմաճակատային գոտում յուրաքանչյուր հրամանատար, սկսած կապիտանի աստիճան ունեցողից, իրավունք ունի կախելու բոլոր կասկածելի մարդկանց։

Սակայն զինվորական աստիճանավորների լիազորություններրի հարցում մայոր Վոլֆը փոքր ինչ սխալվում էր։

Արևելյան Գալիցիայում որքան մոտենում էին ռազմաճակատին, այնքան այդ լիազորություններն անցնում էին ստորին աստիճանավորներին, և եղել էին դեպքեր, երբ, օրինակ, պահակախմբի պետ կապրալը հրամայել էր կախել տասներկու տարեկան մի տղայի, որը նրան կասկածելի էր թվացել միայն այն պատճառով, որ բնակիչներից լքված ու թալանված գյուղի մի ավերակ խրճիթում իր համար կարտոֆիլ էր խաշել։

Կապիտանի և մայորի միջև վեճը սրվում էր։

— Դուք ոչ մի իրավունք չունեք այդպիսի բան անելու,— գրգռված գոռում էր կապիտանը։— Նրան կկախեն ռազմական դատարանի վճռի հիման վրա։

— Նա կկախվի առանց դատավճռի,— ֆշշում էր մայոր Վոլֆը։

Շվեյկը, որին տանում էին առջևից և որը սկզբից մինչև վերջ լսեց այդ հետաքրքիր խոսակցությունը, իրեն ուղեկցող պահակներին ասաց․

— Երկուսն էլ մի բան է։ Մի անգամ Լիբնեի պանդոկներից մեկում մենք չէինք կարողանում որոշել, թե այնտեղից երբ դուրս շպրտենք գլխարկակար Վաշակին, որը պարերեկույթների ժամանակ միշտ խուլիգանություն էր անում․ արդյոք հենց միանգամի՞ց, դռանը երևալուն պես, թե՞ այն բանից հետո, երբ գարեջուր պատվիրի, վճարի ու խմի․ կամ գուցե, մտածում էինք, առաջին պարադարձն անելուց հետո բռնենք ու կոշիկները հանենք։ Պանդոկապետն առաջարկում էր դուրս նետել ոչ թե երեկույթի սկզբին, այլ երբ նա լավ կերած ու խմած կլինի, թող լրիվ վճարի և իսկույն դուրս թռչի, ասում էր նա։ Իսկ գիտե՞ք այդ սրիկան ինչ օյին խաղաց մեր գլխին։ Չեկավ։ Հը՛, ի՞նչ կասեք դրան։

Երկու զինվորներն էլ, որ Տիրոլի կողմերից էին, միաբերան պատասխանեցին․ «Nix böhmisch»[6]։

— Verstehen sie deutsch?[7],— հանգիստ հարցրեց Շվեյկը։

— Jawohl![8],— պատասխանեցին նրանք երկուսով։

— Դա լավ է։— ասաց Շվեյկը,— համենայն դեպս ձերոնց մեջ չեք կորչի։

Այդպես մտերմաբար զրուցելով հասան հաուպտվախտ, որտեղ մայոր Վոլֆր շարունակեց վիճաբանությունները, թե Շվեյկին ինչ է սպասում, իսկ Շվեյկը նրանց հետևում համեստաբար նստել էր նստարանին։

Մայոր Վոլֆն ի վերջո համաձայնեց կապիտանի կարծիքին, թե այդ մարդուն պետք է կախել միայն այն երկարատև պրոցեդուրայից հետո, որն այնպես գեղեցիկ կերպով կոչվում է «օրինական ճանապարհ»։

Եթե նրանք Շվեյկին հարցնելու լինեին, թե այդ մասին նա ինքն ինչ է մտածում, ապա կասեր․ «Ես շատ եմ ափսոսում, պարոն մայոր, որ թեև դուք պարոն կապիտանից աստիճանով բարձր եք, բայց, այնուամենայնիվ, իրավացի է պարոն կապիտանը։ Ամեն մի շտապողականություն վնասակար է։ Մի անգամ Պրագայի շրջանային դատարաններից մեկում դատավորը խելագարվեց։ Երկար ժամանակ այդ բանը ոչ ոք չէր նկատում, բայց անձնական վիրավորանքի գործով վարվող մի դատաքննության ժամանակ դա ի հայտ եկավ։ Ոմն Զնամենաչեկ փողոցում հանդիպելով կապելլան Հորտիկին, որը կրոնի դասի ժամանակ նրա տղային մի ապտակ էր տվել, ասել էր․ «Ա՛խ դու, էշ, ա՛խ դու, սև հրեշ, կրոնավոր ապուշ, սև խոզ, տերտերի այծ։ Քրիստոսի ուսմունքը պղծող, երկերեսանի և փարաջավոր շառլատան»։ Խելագարված դատավորը շատ աստվածավախ մարդ էր։ Նրա երեք քույրերը տերտերների մոտ խոհարարություն էին անում, իսկ նա նրանց զավակներին կնքում էր։ Նա այնքան հուզվեց, որ հանկարծ խելքը կորցրեց ու մեղադրյալի վրա գոռաց․ «Հանուն նորին մեծություն կայսեր և թագավորի ձեզ դատապարտում եմ մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Դատավճիռը բեկման ենթակա չէ։ Պան Հորաչեկ,— դիմեց նա դատական վերակացուին,— տարեք այս պարոնին և կախեցեք այնտեղ, դե գիտեք էլի, այնտեղ, ուր գորգեր են թափ տալիս, իսկ հետո անցեք այստեղ, ստացեք ձեր ընծայափողը»։ Ինքնին հասկանալի է, պան Զնամենաչեկն ու վերակացուն զարմանքից քար կտրեցին, բայց դատավորը ոտքը խփեց գետնին ու գոռաց․ «Պիտի ենթարկվե՞ք թե ոչ»։

Այդ ժամանակ վերակացուն այնպես վախեցավ, որ պան Զնամենաչեկին քարշ տվեց ներքև, և եթե չլիներ փաստաբանը, որը մեջ ընկավ ու շտապ օգնություն կանչեց, չգիտեմ Զնամենաչեկիս վերջն ինչ կլիներ։ Դատավորին արդեն մտցրել էին շտապ օգնության կառեթի մեջ, բայց նա դեռ գոռում էր․ «Եթե պարան չգտնենք, կախեցեք սավանով, որի արժեքը հետո հաշվի կառնենք կիսամյակային հաշվետվության մեջ»։

Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայազորի պարեկատուն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ստորագրեց մայոր Վոլֆի կազմած արձանագրությունը, թե նա, ավստրիական բանակի զինվորը, գիտակցաբար և առանց որևէ մեկի ճնշման ռուսական համազգեստ է հագել և ռուսների նահանջից հետո դաշտային ժանդարմերիայի կողմից բռնվել ռազմաճակատային գծի այս կողմում։

Այդ բոլորն իրոք ճշմարիտ էր, և Շվեյկը, որպես ազնիվ մարդ, չէր կարող առարկել։ Արձանագրությունը կազմելիս նա բազմիցս փորձեց ավելացնել մի ծանոթություն, որը, թերևս, դրությունը կպարզեր, բայց ամեն անգամ լսվում էր մայորի հրամայական գոռոցը․ «Լռե՛լ։ Ես ձեզ այդ մասին չեմ հարցնում։ Գործը միանգամայն պարզ է»։

Եվ Շվեյկին այլևս ոչինչ չէր մնում, քան միայն պատիվ տալ և համաձայնել․ «Ճիշտ այդպես, լռում եմ, գործը միանգամայն պարզ է»։

Այնուհետև, երբ Շվեյկին հասցրին կայազորի պարետատուն, նրան մտցրին մի ծակ, որն առաջ եղել էր բրնձի պահեստ և միաժամանակ մկների հանրակացարան։ Ամենուրեք բրինձ էր թափված, և մկները, Շվեյկից բնավ չվախենալով, ուրախ-ուրախ վազվզում էին շուրջը և հատիկներն անուշ անում։ Շվեյկը ստիպված եղավ իր համար ծղոտե ներքնակ ճարել, բայց երբ նրա աչքերը խավարին ընտելացան՝ տեսավ, որ իր ներքնակի մեջ վերաբնակություն է հաստատում մկների մի ամբողջ ընտանիք։ Ոչ մի կասկած չկար, որ նրանք մտադիր էին իրենց նոր բույնը հյուսել ավստրիական քրքրված ներքնակի փառապանծ ավերակների վրա։ Շվեյկը սկսեց դուռը թակել։ Մոտ եկավ մի լեհ կապրալ, և Շվեյկը նրան խնդրեց իրեն տեղափոխել մի այլ շենք, քանի որ քնի մեջ կարող է ներքնակի միջի մկներին ճխլել և դրանով գանձարանին վնաս պատճառել, որովհետև այն ամենը, ինչ պահվում է զինվորական պահեստներում, պետական ունեցվածք է։

Լեհը մասամբ հասկացավ, փակ դռան առաջ բռունցքով սպառնաց Շվեյկին, չմոռանալով «հոտած դուպե»[9] հայհոյանքը, և թողեց գնաց, զայրացած ինչ-որ բան քրթմնջարվ խոլերայի մասին, կարծես թե Շվեյկը նրան անասելի վիրավորել էր։

Շվեյկը գիշերն անցակցրեց հանգիստ, քանի որ մկները նրան մեծ պահանջներ չներկայացրին։ Ըստ երևույթին, նրանք գիշերային աշխատանքի ծրագիր ունեին, որը կենսագործում էին զինվորական շինելների և գդակների հարևան պահեստում, որտեղ գործում էին հանգիստ և միանգամայն անվտանգ, քանի որ ինտենդանտությունն ուշքի եկավ միայն մեկ տարի հետո և սկսեց զինվորական պահեստներում պետական կատուներ պահել՝ առանց կենսաթոշակ ստանալու իրավունքի։ Ինտենդանտություններում այդ հատուները նշվում էին «K․ u․ Militärmagazinkatze»[10] խորագրի տակ։ Այդ կատվային պաշտոնը, իսկապես ասած, վաթսունվեց թվի պատերազմից հետո վերացված մի հին ինստիտուտի վերականգնումն էր միայն։

Հնում, դեռևս Մարիա Թերեզայի օրոք, պատերազմի ժամանակ զինվորական պահեստներում նույնպես կատուներ էին, պահում, երբ ինտենդանտության պարոնները ջանում էին հագուստեղենի գլխին խաղացած իրենց բոլոր օյինները բարդել դժբախտ մկների վրա։

Սակայն կայսրական-թագավորական կատուները շատ հաճախ իրենց պարտքը չէին կատարում, և բանը այնտեղ հասավ, որ մի անգամ, Լեոպոլդ կայսեր թագավորության օրոք, Պոհորելցի զինվորական պահեստում նշանակված վեց կատուներ ռազմական դատարանի վճռով կախաղան հանվեցին։ Պատկերացնում եմ, թե ինչպես են իրենց քթի տակ ծիծաղել բոլոր նրանք, ովքեր այդ պահեստի հետ առնչություն են ունեցել․․․

* * *

Առավոտվա սուրճի հետ միասին Շվեյկի որջը խոթեցին ռուսական շինելով և ռուսական գդակով մի մարդու։

Այդ մարդը խոսում էր չեխերեն՝ լեհական առոգանությամբ։ Դա մեկն էր այն սրիկաներից, որոնք ծառայում էին բանակային կորպուսի հակահետախուզությունում, որի շտաբը գտնվում էր Պերեմիշլում։ Զինվորական գաղտնի ոստիկանության գործակալը նույնիսկ իրեն նեղություն չտվեց փոքր-ինչ խորամանկորեն կորզելու Շվեյկի գաղտնիքները։ Նա սկսեց ուղղակի․

— Ես փորձանքի մեջ ընկա անզգուշությանս պատճառով։ Ծառայում էի Քսանութերորդ գնդում և միանգամից ծառայության անցա ռուսների մոտ և ահա այդպես հիմարաբար փորձանքի մեջ ընկա։ Ռուսների մոտ ես հանձն առա հետախուզության գնալ․․․ Ծառայում էի Վեցերորդ կիևյան դիվիզիայում։ Իսկ դու, ընկեր, ո՞ր ռուսական գնդումն էիր ծառայում։ Ինձ թվում է, որ մենք մի տեղ հանդիպել ենք։ Կիևում ես չեխ ծանոթներ ունեի, որոնք մեզ հետ ռազմաճակատ էին գնացել և ռուսական բանակի կողմն անցել։ Հիմա ազգանունները մոռացել եմ, չեմ հիշում որտեղացի էին, իսկ դու երևի հիշում ես, թե այնտեղ ում հետ էիր ծառայում։ Կուզեի իմանալ, թե մեր Քսանութերորդ դիվիզիայից ով է մնացել։

Պատասխանելու փոխարեն Շվեյկը ձեռքը դրեց անծանոթի ճակատին, հետո շոշափեց զարկերակը և, ի վերջո, նրան մոտեցնելով փոքրիկ լուսամատին, խնդրեց, որ լեզուն հանի։ Այդ ամբողջ պրոցեդուրային սրիկան չդիմադրեց, կարծելով, թե Շվեյկը նրա հետ բացատրվում է դավադրական գաղտնի նշաններով։ Այնուհետև Շվեյկը սկսեց դուռը ծեծել, և երբ վերակացուն եկավ հարցնելու, թե ինչու է այդպես աղմկում, նա չեխերեն և գերմաներեն պահանջեց, որ անհապաղ բժիշկ կանչեն, քանի որ այն մարդը, որին այդտեղ տեղավորել են, զառանցում է։

Բայց դա պատշաճ տպավորություն չգործեց, ոչ ոք չեկավ հիվանդին նայելու։ Նա մնաց խցիկում հանգիստ նստած և շարունակ ինչ-որ բաներ էր դուրս տալիս Կիևի, ինչպես և Շվեյկի մասին, որին, իր ասելով, անկասկած տեսել էր ռուս զինվորների հետ շարքով անցնելիս։

— Դուք հավանաբար ճահճաջուր եք խմել,— ասաց Շվեյկր,— ինչպես մեր ջահել Տինեցկին, որն ընդհանրապես հիմար մարդ չէր։ Մի անգամ նա գնաց ճանապարհորդելու և հասավ մինչև Իտալիա։ Դրանից հետո նա մի գլուխ այդ Իտալիայի մասին էր խոսում, թե իբր այնտեղ ճահճաջրերից բացի ոչ մի տեսարժան բան չկա և թե ինքն էլ հենց այդ ճահճաջրերից է տենդացավ կպել։ Նրա տենդը բռնում էր տարեկան չորս անգամ՝ ամենայն սրբոց տոնին, սուրբ Հովսեփի, Պողոս-Պետրոսի և Վերափոխման տոներին։ Տենդը բռնելիս նա էլ ձեզ նման սկսում էր օտար ու անծանոթ մարդկանց ճանաչել։ Օրինակ, տրամվայի մեջ կբռներ որևէ անծանոթ մարդու և կասեր, թե նրան տեսել է Վիեննայի կայարանում։ Փողոցում ում էլ որ հանդիպեր, պիտի ասեր, թե նրան տեսել է Միլանի կայարանում կամ հետը խմել Շտիրիայի Գրացի քաղաքապետարանի մոտ գտնվող գինետանը։ Պանդոկում նստած ժամանակ սկսում էր այցելուներին ճանաչել և ասում էր, թե նրանց հետ միասին Վենետիկ է գնացել։ Այդ հիվանդության դեմ ոչ մի ճար չկա, բացի մեկից, որ հնարել է Կատերժինկայի նոր սանիտարը։ Սանիտարին պատվիրել էին խնամել մի խելագարի, որն ամբողջ օրը միայն այն էր անում, որ նստում էր մի անկյունում ու համրում․ «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց», և նորից՝ «մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց»։ Պրոֆեսոր մարդ էր։ Սանիտարը քիչ էր մնում բարկությունից տրաքեր, երբ տեսնում էր, որ խելագարը չի կարողանում վեցից դենն անցնել։ Սկզբում սանիտարը նրան խաթրով խնդրում էր համրել «յոթ, ութ, ինն, տասը»։ Բայց ի՜նչ։ Պրոֆեսորի հոգը չէր։ Իր համար նստում էր անկյունում և համրում․ «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց»։ Վերջապես սանիտարը չդիմացավ, նետվեց դեպի իր խնամարկյալը և, երբ նա ասաց՝ «վեց», բռունցքով հարվածեց վզակոթին․ «Ահա ձեզ, ասաց, յոթ, սա էլ ձեզ ութ, ինն, տասը»։ Եվ ամեն մի թվի վրա՝ մի հարված։ Հիվանդը գլուխը բռնեց ու հարցրեց, թե որտեղ է գտնվում։ Երբ սանիտարը բացատրեց, թե նա որտեղ է գտնվում, պրոֆեսորն իսկույն մտաբերեց, որ գժանոց է ընկել ինչ-որ գիսաստղի պատճառով։ Նա հաշվել էր, որ այդ գիսաստղը երևալու է մի տարի հետո, հունիսի տասնութին, առավոտվա ժամը վեցին, իսկ նրան ապացուցում էին, թե այդ գիսաստղը դեռևս մի քանի միլիոն տարի առաջ այրվել է։ Ես այդ սանիտարի հետ ծանոթ էի։ Երբ պրոֆեսորը բոլորովին ապաքինվեց ու դուրս գրվեց, սանիտարին իր տանը ծառա վերցրեց։ Սրա միակ պարտականությունն այն էր, որ օրը չորս անգամ պրոֆեսորի վզակոթին տար, մի բան, որ անում էր բարեխղճորեն և կանոնավոր կերպով։

— Ես Կիևի ձեր բոլոր ծանոթներին ճանաչում էի,— անվհատ շարունակեց հակահետախուզության գործակալը։— Ձեզ հե՞տ չէր այն չաղ զինվորը և այն մեկը, որ այնպես լղար էր։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել նրանց ազգանունները և թե որ գնդից էին։

— Թող դա ձեզ անհանգստություն չպատճառի,— մխիթարեց նրան Շվեյկը,— այդ բանը կարող է ամեն մարդու էլ պատահել։ Մարդ հո չի կարող բոլոր չաղերի ու լղարների ազգանունները հիշել։ Լղարների ազգանուններն, իհարկե, ավելի դժվար է հիշել, որովհետև աշխարհում նրանք ավելի շատ են։ Նրանք, ինչպես ասում են, մեծամասնություն են կազմում։

— Ընկեր,— նվնվաց կայսրական-թագավորական սրիկան,— դու ինձ չես հավատում։ Բայց չէ՞ որ երկուսիս էլ նույն բախտն է վիճակված։

— Հենց դրա համար էլ մենք զինվոր ենք,— անվրդով պատասխանեց Շվեյկը,— մեր մայրերը մեզ հենց նրա համար են աշխարհ բերել, որ պատերազմում, մունդիր հագնելուց հետո, ծվեն-ծվեն լինենք։ Եվ մենք այդ բանն անում ենք ուրախությամբ, քանի որ գիտենք, որ մեր ոսկորներն իզուր չեն փտելու։ Մենք կընկնենք հանուն թագավոր կայսր և նրա օգոստոսափառ ընտանիքի, որի սիրույն նվաճեցինք Հերցոգովինան։ Մեր ոսկորներից շաքարի գործարանների համար ոսկրածուխ կպատրաստեն։ Դեռևս մի քանի տարի առաջ պարոն լեյտենանտ Ցիմմերը մեզ այդ բանը բացատրեց․ «Հե՛յ, խոզերի բանդա,— ասաց նա,— անկիրթ վարազներ, անպետք արարածներ, ծույլ կապիկներ, դուք ձեր ոտքերը չեք խնայում, կարծես թե դրանք ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Երբ դուք ռազմի դաշտում զոհվեք, ձեր ամեն մի ոտքից կես կիլո ոսկրածուխ կպատրաստեն, իսկ մեկ ամբողջական զինվորից,— ձեռքերի ու ոտքերի բոլոր ոսկորները հաշված,— երկու կիլոյից ավելի։ Ձեզնով, ապուշներ, շաքարի գործարաններում շաքար կզտեն։ Դուք գաղափար անգամ չունեք, թե հետո որքան օգտակար կլինեք սերունդներին։ Ձեր զավակները սուրճ կխմեն այն շաքարով, որ զտված կլինի ձեր ոսկորներով, անասուննե՛ր»։ Ես մտքի մեջ ընկա, իսկ նա ինձ ասաց․ «Այդ ի՞նչ ես մտածում»։— «Համարձակվում եմ զեկուցել,— ասացի,— ես կարծում եմ, որ պարոն սպաների ոսկրածուխը զգալիորեն ավելի թանկ կլինի, քան հասարակ զինվորներինը»։ Դրա համար ինձ երեք օր մենախուց նստեցրին։

Շվեյկի ընկերակիցը դուռը ծեծեց և սկսեց ինչ-որ բան պայմանավորվել ժամապահի հետ, որն և նրա ասածը զեկուցեց գրասենյակին։

Շատ չանցած շտաբի գրագիրը եկավ ընկերակցին տանելու, և Շվեյկը նորից մենակ մնաց։

Խցից դուրս գալիս այն փուչ արարածը, Շվեյկին մատնացույց անելով, շտաբի գրագրին ի լուր ամենքի ասաց․

— Սա Կիևի հին ընկերս է։

Ամբողջ քսանչորս ժամ Շվեյկը մենակ մնաց, եթե չհաշվենք այն մի քանի րոպեները, երբ նրան ուտելիք էին բերում։

Գիշերը նա համոզվեց, որ ռուսական շինելը ավստրիականից ավելի տաք է և ավելի մեծ ու բնավ էլ անախորժ չէ, որ գիշեր ժամանակ մուկը քնածի ականջն հոտոտում է։ Շվեյկը դա ընկալում էր իբրև մի մեղմ շշուկ, որը լուսադեմին ընդհատեցին ուղեկցորդները, որոնք եկել էին կալանավորներին տանելու։

Շվեյկը մինչև հիմա էլ չի կարողանում ճշտիվ որոշել, թե իսկապես այն ինչ դատարան էր, ուր նրան տարան այդ տխուր առավոտը։ Բայց որ դա զինվորական դատարան էր, ոչ մի կասկած չէր կարող լինել։ Այնտեղ նիստին մասնակցում էին մի գեներալ, մի գնդապետ, մի մայոր, մի պորուչիկ, մի պոդպորուչիկ, մի գրագիր և ինչ-որ հետևակ զինվոր, որն, իսկապես ասած, ծխողներին լուցկի մատուցելուց բացի ոչինչ չէր անում։

Շվեյկին շատ չհարցաքննեցին։

Նրա նկատմամբ մյուսներից փոքր ինչ ավելի հետաքրքրություն ցուցաբերեց մայորը, որը խոսում էր չեխերեն։

— Դուք դավաճանել եք թագավոր կայսրին,— մռլտաց նա։

— Հհիսո՜ւս Քրիստոս, այդ ե՞րբ,— գոչեց Շվեյկը։― Ես դավաճանեմ թագավոր կայսրի՞ն, մեր ամենապայծառափայլ միապեստի՞ն, որի համար այնքան տանջվել եմ։

— Վերջ տվեք այդ հիմարություններին,— ասաց մայորը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, թագավոր կայսրին դավաճանելը հիմարություն չէ։ Մենք զինվոր մարդիկ ենք և թագավոր-կայսրին հավատարմության երդում ենք ավել, իսկ այդ երդումը, ինչպես թատրոնում երգում էին, ես կատարել եմ որպես հավատարիմ ամուսին։

— Ահա՛,— ասաց մայորը,— ահա ձեր հանցանքի ապացույցները և ահա որտե՛ղ է ճշմարտությունը։― Նա մատով ցույց տվեց թղթերի ծավալուն մի կապոց։

Հիմնական փաստերը դատարանին տվել էր այն անձնավորությունը, որին նստեցրել էին Շվեյկի հետ։

— Հիմա՞ էլ չեք ուզում խոստովանել,— հարցրեց մայորը։— Բայց չէ՞ որ դուք ինքներդ պնդում էիք, որ գտնվելով ավստրիական բանակում՝ ձեր հոժար կամքով ռուսական համազգեստ եք հագել։ Վերջին անգամ եմ հարցնում․ որևէ մեկը ձեզ ստիպե՞լ է այդ բանն անել։

— Ես դա արել եմ առանց որևէ ստիպման։

— Ձեր հոժար կամքո՞վ։

— Իմ հոժար կամքով։

— Առանց ճնշմա՞ն։

— Առանց ճնշման։

— Իսկ գիտե՞ք, որ կորած եք։

— Գիտեմ։ Իննսունմեկերորդ գնդում անպայման ինձ արդեն սպասում են։ Բայց թույլ տվեք, պարոն մայոր, մի փոքրիկ ծանոթություն տալ, թե մարդիկ ինչպես են իրենց հոժար կամքով ուրիշի զգեստ հագնում։ 1908 թվի հուլիս ամսին Զբրասլավում Բերոունկայի հին գետաբազուկի մեջ լողանում էր Պրագայի Պրիչնա փողոցի բնակիչ կազմարար Բnժետեխը։ Նա իր շորերը կախել էր ուռենու ճյուղերից և շատ ուրախացավ, երբ փոքր ինչ հետո ջուրը մտավ մի պարոն ևս։ Նրանք դեսից-դենից զրուցեցին, խաղ արին, իրար վրա ջուր ցանեցին, սկեցին ու դուրս եկան մինչև երեկո։ Հետո անծանոթ պարոնը առաջինը դուրս եկավ ջրից, թե իբր իր ընթրելու ժամանակն է։ Պան Բոժետեխը մի քիչ էլ մնաց ջրի մեջ նստած, իսկ երբ գնաց ուռիների մոտ հագնվելու, այնտեղ իր շորերի փոխարեն գտավ բոսյակի քուրջեր և հետևյալ գրությունը․ «Ես շատ մտածեցի՝ վերցնե՞լ թե չվերցնել, չէ՞ որ մենք միասին ջրի մեջ այնքան լավ ժամանակ անցկացրինք։ Վերջապես մի երիցուկ քաղեցի, սկսեցի թերթիկները պոկել, և վերջին թերթիկը պոկելիս դուրս եկավ «վերցնե՛լ»։ Ուստի քուրջերս փոխեցի ձեր հագուստի հետ։ Մի վախենաք հագնել, քանի որ մի շաբաթ առաջ Դոբրժիլիի շրջանային բանտում ոջիլներից մաքրված են։ Մյուս անգամ ավելի ուշադիր նայեցեք, թե ում հետ եք լողանում։ Ջրի մեջ ամեն մարդ նման է դեպուտատի, եթե նույնիսկ մարդասպան լինի։ Դուք նույնիսկ չգիտեք, թե ում հետ էիք լողանում։ Այս լողանալը թող ձեզ խրատ լինի։ Իրիկնադեմին ջուրը շատ դուրեկան է, մի անգամ էլ մտեք մեջը, որպեսզի ուշքի գաք»։

Պան Բոժետեխին մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ սպասել մութն ընկնելուն։ Հետո փաթաթվեց բոսյակի քուրջերով և դիմեց դեպի Պրագա։ Նա աշխատում էր խճուղին շրջանցել, քայլում էր մարգագետիններով, զարտուղի արահետներով և հանդիպեց Խուխլիի ժանդարմական պարեկին, որը շրջմոլիկին ձերբակալեց և մյուս օրը առավոտյան տարավ Զբրասլավի շրջանային դատարանը, քանի որ ամեն մարդ կարող էր իրեն անվանել կազմարար Յոզեֆ Բոժետեխ, Պրագայի Պրիչնա փողոցի № 16 տան բնակիչ։

Քարտուղարը, որ չեխերենն այնքան էլ փայլուն կերպով չգիտեր, ենթադրեց, թե մեղադրյալը իր մեղսակցի հասցեն է հայտնում, և վերստին հարցրեց․

— Ist das genau Prag, № 16, Josef Bozetech?[11]

— Թե հիմա էլ է այնտեղ ապրում, չգիտեմ,— պատասխանեք Շվեյկը,— բայց այն ժամանակ, 1908 թվին, ապրում էր։ Նա գրքերը շատ գեղեցիկ էր կազմում, բայց երկար էր պահում, որովհետև նախ կարդում էր, իսկ հետո կազմում բովանդակությանը համստպատասխան։ Եթե գրքին սև երիզ էր կպցնում, ապա այդ գիրքը չարժեր կարդալ։ Յուրաքանչյուրն իսկույն հասկանում էր, որ վեպը վատ է վերջանում։ Գուցե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ։ Հա՛, չմոռանամ ասել, որ նա ամեն օր նստում էր «Ֆլեկների մոտ» ռեստորանում և պատմում այն գրքերի բովանդակությունը, որ մինչ այդ նրան տվել էին կազմելու։

Մայորը մոտեցավ քարտուղարին և նրա ականջին ինչ-որ բան փսփսաց։ Քարտուղարը արձանագրությունից ջնջեց նորագյուտ կարծեցյալ դավադրի, ռազմական վտանգավոր հանցագործ Յոզեֆ Բոժետեխի հասցեն։

Այդ տարօրինակ դատական նիստը տեղի էր ունենում գեներալ Ֆինկ ֆոն Ֆինկելշտայնի նախագահությամբ, որն այդ դատարանը դարձրել էր դաշտային դատարանի տիպի մի բան։

Կան մարդիկ, որ լուցկու տուփեր հավաքելու մոլուցք ունեն, իսկ այդ գեներալը տառապում էր դաշտային դատարաններ կազմակերպելու մոլուցքով, թեև նրա արածը մեծավ մասամբ հակասում էր զինվորական կանոնադրությանը։

Այդ գեներալը հայտարարում էր, թե իրեն պետք չէ ոչ մի աուդիտոր, թե նա ինքը կգումարի դատական նիստը, ըստ որում երեք ժամից հետո մեղադրյալը պետք է կախված լինի։ Քանի դեռ գեներալը գտնվում էր ռազմաճակատում, նրա մոտ դաշտային դատարանների պակաս չէր զգացվում։

Ինչպես մի ուրիշը ամեն օր պետք է մի պարտիա շախմատ, բիլիարդ կամ թուղթ խաղա, այդպես էլ այդ հռչակավոր գեներալը ամեն օր պետք է դաշտային դատարանների շտապ նիստեր նշանակեր, որոնց նա նախագահում էր ու մեծագույն լրջությամբ և ուրախությամբ մեղադրյալին մատ հայտարարում։

Մարդ գերզգայուն լինելու դեպքում թերևս գրեր, թե այդ գեներալի խղճի վրա տասնյակ մարդկանց կյանք էր ծանրացած, մանավանդ արևելքում լինելուց հետո, որտեղ նա, իր ասելով, գալիցիական ուկրաինացիների մեջ պայքարել էր վելիկոռուսական ագիտացիայի դեմ։ Սակայն մենք չենք կարող ասել, թե առհասարակ նրա խղճի վրա կարող էր որևէ բան ծանրանալ, քանի որ խիղճ չուներ։

Հրամայելով իր դաշտային դատարանի վճռի հիման վրա կախել որևէ ուսուցչի, ուսուցչուհու, ուղղափառ քահանայի կամ մի ամբողջ ընտանիք, նա այնպես էր վերադառնում իր բնակարանը, ինչպես պանդոկից վերադառնում է խաղամոլը, գոհունակությամբ հիշելով, թե ինչպես էր խփում սրա կամ նրա թուղթը և տանում։

Կախելը նա համարում էր միանգամայն սովորական և բնական բան, յուրատեսակ հանապազօրյա հաց, և դատավճիռ արձակելիս շատ հաճախ թագավոր կայսրին մոռանում էր և փոխանակ ասելու, «Հանուն նորին կայսրական մեծության դուք դատապարտվում եք մահապատժի կախաղանի միջոցով», պարզապես հայտարարում էր․ «Ես ձեզ դատապարտում եմ․․․»։

Երբեմն նա կարողանում էր կախելու մեջ կոմիկական կողմ գտնել, որի մասին մի անգամ գրել էր Վիեննայում ապրող իր կնոջը, «․․․Դու, օրինակ, չես կարող պատկերացնել, ջանիկս, թե վերջերս ես ինչպես էի ծիծաղում։ Մի քանի օր առաջ մի ուսուցչի մահվան էի դատապարտել լրտեսության համար։ Այստեղ ես մի վարձված գրագիր ունեմ, որը կախելու մեծ պրակտիկա ունի։ Նրա համար դա յուրատեսակ սպորտ է։ Ես իմ վրանումն էի, երբ ասածս գրագիրը դատավճիռն ի կատար ածելու համար եկավ ինձ մոտ և հարցրեց․ «Որտե՞ղ կհրամայեիք ուսուցչին կախել»։ Ասում եմ․ «Կախել ամենամոտիկ ծառից»։ Եվ դու դրության կոմիզմը տես։ Չորս կողմը տափաստան է, խոտից բացի ոչինչ չի երևում, մեկ մղոն տարածության վրա ոչ մի ծառ չկա։ Բայց հրամանը հրաման է, ուստի գրագիրս վերցրեց ուսուցչին ու մի քանի պահակների հետ գնաց ծառ գտնելու։ Վերադարձան միայն երեկոյան, ուսուցիչն էլ հետները։ Գրագիրը եկավ մոտս և նորից հարցրեց․ «Ինչի՞ց կախեմ այդ ղոչիին»։ Հայհոյեցի նրան և հիշեցրի, որ արդեն հրամայել եմ կախել ամենամոտիկ ծառից։ Նա ասաց, թե առավոտյան կփորձի այդ բանն անել, իսկ առավոտյան եկավ բոլորովին սփրթնած, թե, գիտե՞ք, գիշերը ուսուցիչն անհետացել է։ Դա ծիծաղս այնպես շարժեց, որ ես ներեցի բոլոր նրանց, ովքեր ուսուցչի վրա հսկում էին։ Եվ դեռ կատակով ասացի, թե երևի ուսուցիչն ինքն է գնացել ծառ գտնելու։ Ինչպես տեսնում ես, ջանիկս, մենք այստեղ չենք ձանձրանում։ Պստլիկ Վիլլիին ասա, որ պապան համբուրում է նրան և շուտով նրա համար մի կենդանի ռուս կուղարկի։ Վիլլին նրան կհեծնի ու ձիուկի պես կքշի։ Հետո մի այսպիսի ծիծաղելի դեպք էլ եմ հիշում, ջանիկս։ Մի անգամ մի հրեայի կախել էինք լրտեսության համար։ Այդ սրիկային մենք պատահել էինք ճանապարհին, թեև նա այնտեղ անելու բան չուներ, արդարանում էր, թե սիգարետ էի ծխում։ Եվ ահա, նրան արդեն կախել էինք, բայց նա կախված մնաց ընդամենը մի քանի վայրկյան։ Հանկարծ պարանը կտրվեց, և նա ցած ընկավ, սակայն իսկույն ուշքի եկավ և ճչալով դիմեց ինձ․ «Պարոն գեներալ, ես գնում եմ տուն։ Դուք ինձ արդեն կախել եք, իսկ ըստ օրենքի միևնույն բանի համար երկու անգամ կախել չեք կարող»։ Ես սկսեցի քահ-քահ ծիծաղել, և հրեային բաց թողինք։ Մեզ մոտ, ջանիկս, կյանքն ուրախ է․․․»։

Երբ գեներալ Ֆինկին նշանակեցին Պերեմիշլի բերդի պարետ, նա այլևս այնքան էլ հաճախ չէր հնարավորություն ունենում այդպիսի կրկեսային ներկայացումներ սարքելու, ուստի և մեծ ուրախությամբ կպավ Շվեյկի գործին։

Հիմա Շվեյկը կանգնած էր այդ վագրի առաջ, որն երկար սեղանի հետևը, առաջին շարքում նստած, սիգարետ սիգարետի հետևից էր ծխում և հրամայում թարգմանել Շվեյկի պատասխանները, իսկ թարգմանելուց հետո խրախուսաբար գլուխը շարժում։

Մայորն առաջարկեց հեռագրով բրիգադին հարցում անել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ երթային վաշտը, որին պատկանում է մեղադրյալն ըստ նրա ցուցմունքների։

Գեներալը դեմ արտահայտվեց և ասաց, թե դրանով դատավճիռ արձակելու գործը կձգձգվի, մի բան, որ հակասում է տվյալ միջոցառման ոգուն։ Արդեն առկա է մեղադրյալի լրիվ խոստովանությունը, թե նա ռուսական համազգեստ է հագել, այնուհետև կա վկայի մի կարևոր ցուցմունք, ըստ որի մեղադրյալը խոստովանվել է, թե գտնվել է Կիևում։ Նա, գեներալը, առաջարկում է անհապաղ առանձնանալ խորհրդակցության, վճիռ կայացնել և անհապաղ ի կատար ածել։

Մայորն, այնուամենայնիվ, պնդում էր, թե անհրաժեշտ է պարզել մեղադրյալի անձնավորությունը, քանի որ դա քաղաքական բացառիկ նշանակություն ունեցող գործ է։ Պարզելով այդ զինվորի անձնավորությունը, կարելի կլինի բացահայտել նաև մեղադրյալի կապը իր նախկին ընկերների հետ այն զորամասում, որին նա պատկանել է։

Մայորը ռոմանտիկ երազող էր։ Նա ասում էր, թե պետք է ինչ-որ թելեր գտնել, թե մի մարդու դատապարտելը բավական չէ։ Դատավճիռը, ասում էր նա, հանդիսանում է լոկ հետևանք որոշակի հետաքննության, որն իր մեջ պարունակում է թելեր, իսկ այդ թելերը․․․ Նա վերջնականապես խճճվեց իր թելերի մեջ, բայց բոլորը նրան հասկացան և խրախուսաբար գլուխները շարժեցին, մինչև անգամ գեներալն ինքը, որին այդ թելերը շատ դուր եկան, քանզի պատկերացրեց, թե ինչպես մայորի թելերից կախվում են նոր դաշտային դատարաններ։ Այդ պատճառով նա այլևս չէր առարկում այն բանի դեմ, որ հարկավոր է բրիգադին հարցում անել և ստույգն պարզել, թե իսկապե՞ս Շվեյկը պատկանում է Իննսունմեկերորդ գնդին և արդյոք ե՞րբ, տասնմեկերորդ երթային վաշտի ո՞ր օպերացիայի ժամանակ է անցել ռուսների կողմը։

Շվեյկը վիճաբանությունների ընթացքում գտնվում էր միջանցքում, երկու սվինավոր զինվորների հսկողության տակ։ Հետո նրան նորից տարան դատարանի դահլիճը, կանգնեցրին դատավորների դեմ-դիմաց և մի անգամ էլ հարցրին, թե ո՞ր գնդից է։ Այնուհետև Շվեյկին տեղափոխեցին կայազորի բանտը։

Ձախողված դաշտային դատավարությունից տուն վերադառնալով, գեներալ Ֆինկը պառկեց դիվանի վրա և սկսեց խորհել, թե ինչպես արագացնի այդ պրոցեդուրան։

Նա հաստատ համոզված էր, որ պատասխանը շուտ կստանան, բայց, այնուամենայնիվ, դա այն արագությունը չէր, որով աչքի էին ընկնում նրա դատերը, քանի որ դատավճիռ արձակելուն դեռ հետևելու էր դատապարտյալին հոգևոր մխիթարություն տալու արարողությունը, որի պատճառով դատավճիռն ի կատար ածելը երկու ավելորդ ժամ պիտի ուշանար։

— Ասենք, միևնույն է,— որոշեց գեներալ Ֆինկը։— Մենք կարող ենք նրան հոգևոր մխիթարություն տալ դեռևս վճիռ կայացնելուց առաջ, նախքան բրիգադից տեղեկություն ստանալը։ Մի բան որ կախվելու է։

Գեներալ Ֆինկը հրամայեց իր մոտ կանչել ֆելդկուրատ Մարտինեցին։ Սա մի դժբախտ կրոնուսույց էր, կապելլան, Մորավիայի ինչ-որ տեղից եկած։ Առաջ նա ծառայել էր մի այնպիսի անբարո ֆարարի ձեռքի տակ, որ գերադասել էր բանակ գնալ։ Այս նոր ֆելդկուրատը իսկական կրոնասեր մարդ էր, սրտի դառնությամբ էր հիշում իր ֆարարին, որը դանդաղորեն, բայց հաստատապես գնում էր դեպի կործանում։ Նա հիշում էր, թե ինչպես իր ֆարարը սալորօղին խմում էր մինչև գիտակցությունդ կորցնելը և մի գիշեր զոռով ուզում էր նրա անկողինը խոթել մի թափառական գնչուհու, որին գտել էր գյուղից դուրս, երբ օրորվելով վերադառնալիս էր եղել օղեգործարանից։

Ֆելդկուրատ Մարտինեցը հույս ուներ, որ ռազմի դաշտում վիրավորներին ու մեկնողներին մխիթարելով՝ կկարողանա քավել մեղքերն իր կնամոլ ֆարարի, որն ուշ գիշերին տուն վերադառնալով՝ բազմիցս նրան արթնացրել ու ասել էր․

― Ենիչեկ, Ենիչեկ, մի թմբլիկ աղջիկ լիներ՝ էլ բան չէի ուզի։

Նրա հույսերը չէին արդարանում։ Նրան շարունակ մի կայազորից մի այլ կայազոր էին քշում, որտեղ նա, ընդամենը երկու շաբաթը մի անգամ, կայազորի եկեղեցում պատարագից առաջ պետք է կայազորի զինվորներին քարոզ տար և պայքարեր սպայական ժողովարանից ծայր առնող գայթակղությունների դեմ, իսկ այդ ժողովարանում այնպիսի բաներ էին խոսում, որոնց համեմատությամբ նրա ֆարարի «չաղլիկ աղջիկներ»-ը պահապան-հրեշտակին ուղղված անմեղ աղոթք էր թվում։

Սովորաբար նրան գեներալ Ֆինկի մոտ կանչում էին ռազմաճակատում տեղի ունեցող մեծ օպերացիաների ժամանակ, երբ հարկավոր էր հանդիսավորապես տոնել ավստրիական բանակի հերթական հաղթանակը։ Գեներալ Ֆինկը դաշտային հանդիսավոր պատարագներ էր կազմակերպում նույն այն բավականությամբ, որով և դաշտային դատավարություններ սարքում։

Այդ սատանա Ֆինկն այնքան թունդ էր նվիրված Ավսարիային, որ գերմանական կամ թուրքական զենքի հաղթանակի համար չէր աղոթում։ Երբ գերմանացիները ֆրանսիացիների կամ անգլիացիների վրա հաղթանակ էին տանում, եկեղեցու բեմը լռում էր։

Ռուսական ավանպոստի հետ ավստրիական հետախուզական պարեկի ամենաաննշան, թեկուզ և հաջող ընդհարումը շտաբն ուռեցնում էր օճառի վիթխարի պղպջակի պես, այն դարձնելով ռուսական մի ամբողջ կորպուսի պարտություն, և դա գեներալ Ֆինկին հանդիսավոր ժամերգություններ սարքելու առիթ էր ընծայում։ Եվ տարաբախտ ֆելդկուրատ Մարտինեցն այնպիսի տպավորության էր ստացել, թե գեներալ-բերդակալ Ֆինկը միաժամանակ Պերեմիշլի կաթոլիկ եկեղեցու գլուխն է։

Գեներալ Ֆինկն անձամբ ինքն էր տնօրինում ժամերգության ծիսակարգը, որպեսզի ամեն անգամ այդ ժամերգությունը կատարվեր «տիրոջ մարմնո և արյան» տոնի նմանությամբ։

Բացի դրանից, գեներալ Ֆինկը սովորություն ուներ սուրբ մասունքները օրհնաբանելուց հետո ձիով քառատրոփ մոտենալ զոհասեղանին և երիցս գոչել․ «Ուռա՜, ուռռա՜, ուռռա՜»։

Ֆելդկուրատ Մարտինեցը, լինելով բարեպաշտ ու առաքինի, մեկն այն քչերից, որոնք դեռևս աստծուն հավատում էին, չէր սիրում գեներալ Ֆինկի մոտ գնալ։

Բերդի գեներալ Ֆինկը ֆելդկուրատին անհրաժեշտ հրահանգներ էր տալիս, ապա հրամայում նրա բաժակը որևէ թունդ խմիչք լցնել, հետո սկսում էր Մարտինեցին պատմել այն նորագույն անեկդոտները, որ քաղում էր «Lustige Blätter» ժուռնալի՝ հատկապես բանակի համար հրատարակած տխմարագույն ժողովածուներից։

Այդ գրքույկները, որոնցից գեներալը մի ամբողջ գրադարան էր կազմել, ունեին այսպիսի տխմար վերնագրեր․ «Հումոր աչքի և ականջի համար՝ զինվորի պայուսակի մեջ», «Հինդենբուրգի անեկդոտները», «Հինդենբուրգը հումորի հայելու մեջ», «Հումորի երկրորդ պայուսակ, որ լցրել է Ֆելիքս Շլեմպերը», «Մեր գուլյաշային թնդանոթից», «Խրամատներից հանված հյութեղ նռնակաբեկորներ» կամ, օրինակ, այսպիսի անհեթեթ անուններ․ «Երկգլխանի արծվի տակ», «Թագավորական կայսրական դաշտային խոհանոցում պատրաստված վիեննական շնիցելը տաքացրեց Արթուր Լոկեշը»։

Երբեմն գեներալը երգում էր «Wir müssen siegen»[12] ժողովածուից քաղած զինվորի ուրախ երգեր, ընդ որում անվերջ որևէ թունդ բան էր լցնում բաժակները, ֆելդկուրատին ստիպելով խմել և իր հետ միասին բղբղալ։ Այնուհետև սկսում էր անպարկեշտ բաներ խոսել, որի ընթացքում ֆելդկուրատ Մարտինեցը կարոտով հիշում էր իր ֆարարին, որն իր լկտիախոսությամբ գեներալ Ֆինկին բնավ չէր զիջում։

Ֆելդկուրատ Մարտինեցը սարսափով նկատում էր, որ ինչքան հաճախ է հյուր գնում գեներալ Ֆինկին, այնքան ավելի է բարոյապես ընկնում։

Այդ դժբախտ մարդուն սկսել էին դուր գալ այն լիկյորները, որ խմում էր գեներալի տանը։ Նա հետզհետե սկսել էր գեներալի ասածներից հաճույք ստանալ։ Նրա երևակայությանը ներկայանում էին անբարո տեսարաններ, և ոստայնապատ շշերում հանգչող գիհօղու, սնձօղու և հին գինու սիրույն, որոնցով նրան հյուրասիրում էր գեներալ Ֆինկը, ֆելդկուրատն աստծուն մոռանում էր։ Հիմա նրա աղոթագրքի տողերի արանքում պարում էին գեներալի անեկդոտների «աղջիկները»։ Նվազում էր այն նողկանքը, որ նա զգում էր գեներալին այցելելիս։

Գեներալը սիրեց ֆելդկուրատ Մարտինեցին, որը սկզբում նրա մոտ եկել էր սուրբ Իգնատիոս Լոուոլի պես մաքուր, իսկ հետո համակերպվել գեներալի շրջապատին։

Մի անգամ գեներալը իր մոտ էր կանչել դաշտային հոսպիտալի երկու գթության քույրերի։ Սրանք, իսկապես ասած, հոսպիտալում չէին ծառայում, այլ միայն կցագրված էին նրան, որպեսզի ռոճիկ ստանային, և միաժամանակ, ինչպես հաճախ պատահում էր այն ծանր ժամանակներում, փող վաստակեին պոռնկությամբ։ Գեներալը հրամայել էր կանչել ֆելդկուրատ Մարտինեցին, որն այնպես խճճվեց սատանայի լարած որոգայթի մեջ, որ կեսժամյա սիրախաղից հետո փոխեց երկու դամաներին էլ, ըստ որում այնպես կրակ կտրեց, որ դիվանի վրայի բարձը թքի մեջ կորցրեց։ Դրանից հետո նա երկար ժամանակ ինքն իրեն կշտամբում էր իր այդ անբարոյական վարմունքի համար։ Նա իր մեղքը չկարողացվ քավել նույնիսկ նրանով, որ այդ գիշեր տուն վերադառնալիս զբոսայգում սխալմամբ ծունկ չոքեց ճարտարապետ և քաղաքագլուխ՝ մեկենաս պան Գրաբովսկու արձանի առաջ, այն Գրաբովսկու, որը ութսունական թվականներին Պերեմիշլին մեծ ծառայություններ էր մատուցել։

Այդ ժամանակ զինվորական պարեկի ոտնաձայները միացել էին նրա այս ջերմեռանդ խոսքերին․

«— Խիստ մի դատիր ծառային քո, քանզի դատաստանիդ առաջ չի լինի ոչ մի անմեղ, եթե ներում չտաս մեղքերին նոցա։ Եվ թող խիստ լինի վճիռը քո։ Օգնություն եմ հայցում ես քեզնից, տեր, և քեզ հանձնում հոգին իմ»։

Այդ օրից ի վեր, երբ նրան կանչում էին գեներալ Ֆինկի մոտ, նա հաճախ փորձում էր երկրային բոլոր հաճույքներից հրաժարվել, պատճառաբանելով, թե ստամոքսն հիվանդ է։ Նա հավատում էր, որ փրկության համար ասած այդ սուտը իր հոգին կազատի դժոխքի տանջանքներից, բայց միաժամանակ գտնում էր, թե իրեն խմել պարտավորեցնում է զինվորական կարգապահությունը․ եթե գեներալը նրան առաջարկում է, թե՝ «Խմիր, ընկեր», ապա պետք է խմել, թեկուզ հենց պետին հարգած լինելու համար։

Ասենք, միշտ չէր, որ նրան հաջողվում էր գայթակղությունից խուսափել, մանավանդ հանդիսավոր դաշտային ժամերգությունհերից հետո, երբ գեներալը կայազորի դրամարկղի հաշվին առավել հանդիսավոր խնջույքներ էր սարքում, որոնց ծախքերը հետո ֆինանսական բաժնում միասնաբար կոծկում էին, որպեսզի իրենք էլ մի բան չանթեին։ Այդպիսի հանդիսույթներից հետո ֆելդկուրատին թվում էր, թե ինքը աստծո առաջ բարոյապես թաղված է, և դա նրան սարսուռ էր պատճառում։

Նա քայլում էր ասես անզգայորեն և, այդ քաոսի մեջ չկորցնելով հավատն առ աստված, միանգամայն լրջորեն սկսել էր մտածել, թե արդյոք անհրաժե՞շտ չէ, որ ամեն օր սիստեմատիկորեն ինքն իրեն ձաղկի։

Այդպիսի տրամադրության մեջ էլ նա գնաց գեներալի մոտ։

Գեներալը, ուրախ և շողշողուն, դուրս եկավ նրան ընդառաջ և ասաց․

— Լսե՞լ եք իմ դաշտային դատի մասին։ Կախելու ենք ձեր հայրենակիցներից մեկին։

Լսելով «հայրենակից» բառը, ֆելդկուրատը մի տառապալի հայացք նետեց գեներալի վրա։ Նա արդեն մի քանի անգամ հերքել էր այն վիրավորական ենթադրությունը, թե իբր ինքը չեխ է, և բազմիցս բացատրել, որ իրենց մորավիական ծխի մեջ մտնում է երկու գյուղ մեկը չեխական, մչուսը՝ գերմանական, և որ ինքը հաճախ ստիպված է լինում մի շաբաթ քարոզ կարդալ չեխերի, մի շաբաթ գերմանացիների համար, բայց քանի որ չեխական գյուղում ոչ մի չեխական դպրոց չկա, այլ կա միայն գերմանական, ապա երկու գյուղերում էլ ինքը կրոնը պետք է դասավանդի գերմաներեն և, հետևապես, բնավ չեխ չէ։ Մի անգամ այդ համոզիչ փաստարկը ճաշասեղանի մոտ նստած մայորին առիթ տվեց ասելու, թե այդ մորավիացի ֆելդկուրատը պարզապես մանրավաճառի կրպակ է։

— Պարդոն,— ներողություն խնդրեց գեներալը,— մոռացել էի, նա ձեր հայրենակիցը չէ։ Չեխ փախստակ է, դավաճան, ծառայել է ռուսներին և պետք է կախվի։ Սակայն առայժմ սոսկ ձևականության համար պարզում ենք նրա անձնավորությունը։ Բայց դա կարևոր չէ, նա կկախվի անհապաղ, հենց որ հեռագրով պատասխան գա։

Ֆելդկուրատին դիվանի վրա նստեցնելով իր կողքին, գեներալը աշխուժորեն շարունակեց․

— Եթե ինձ մոտ դաշտային դատարան է, ապա ամեն ինչ պետք է կատարվի արագ, ինչպես դաշտային դատարանում։ Արագություն — ահա իմ սկզբունքը։ Պատերազմի սկզբում ես գտնվում, էի Լվովից դենը և այնպիսի արագության էի հասել, որ մի սրիկայի կախեցինք վճիռն արձակելուց երեք րոպե հետո։ Ի դեպ, նա հրեա էր, իսկ մի ռուսինի կախեցինք խորհրդակցությունից հինգ րոպե հետո։

Գեներալը բարեսրտորեն ծիծաղեց․

— Պատահմունքի բերումով երկուսն էլ հոգևոր մխիթարության կարիք չունեին։ Հրեան ռաբբի էր, իսկ ոուսինը՝ քահանա։ Հիմա բանն ուրիշ է․ կաթոլիկ ենք կախելու։ Եվ ես մի հիանալի միտք եմ հղացել։ Հետո հապաղած չլինելու համար դուք նրան հոգևոր մխիթարություն կտաք նախապես, որպեսզի, ինչպես հենց նոր ձեզ բացատրեցի, չհապաղենք։

Գեներալը զանգը հնչեցրեց ու սպասյակին հրամայեց․ «Բեր երեկվա մարտկոցից երկուսը»։

Մի րոպե հետո ֆելդկուրատի համար մի լիքը բաժակ գինի լցնելով, նա քաղցրաբար ասաց․

— Խմեցեք հոգևոր մխիթարության գնալուց առաջ։

Այդ ահեղ ժամին այն վանդակապատ լուսամուտից, որի հետևում մահճակի վրա նստած էր Շվեյկը, լսվեց նրա երգը․

Մենք զինվոր ենք, քաջ ենք մենք,


Ինչքան ասես փող ունենք,


Սիրուներն են մեզ սիրում,


Ամեն տեղ լավ ընդունում։


Ցա-րա-րա․․․ Ein-zwei!

Հոգևոր մխիթարություն

Ֆելդկուրատ Մարտինեցը ոչ թե մտավ, այլ բառիս իսկական իմաստով ներս ճախրեց Շվեյկի մոտ, ինչպես պարուհին բեմ մտնելիս։ Այդ սրտաշարժ րոպեին երկնային բարյաց փափագը և մի շիշ հին «Հումպոլդսկիրհենը» նրան դարձրել էին փետուրի պես թեթև։ Նրան թվում էր, թե այդ սրբազան պահին մոտենում է աստծուն, մինչդեռ մոտենում էր Շվեյկին։

Նրա հետևից դուռը կողպեցին և նրանց մենակ թողին։ Ֆելդկուրատը խանդավառությամբ դիմեց մահճակի վրա նստած Շվեյկին.

― Սիրեցյալ որդիդ իմ, ես ֆելդկուրատ Մարտինեցն եմ։

Ամբողջ ճանապարհին նրան թվացել էր, թե դիմելու այդ ձևը տվյալ պահի համար ամենից հարմարն է և հայրականորեն սրտառուչ։

Շվեյկը վեր կացավ իր մահճակի վրայից, ֆելդկուրատի ձեռքն ամուր սեղմեց ու ասաց․

— Շատ ուրախ եմ, ես էլ Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտի հանձնակատար Շվեյկն եմ։ Մեր զորամասը վերջերս տեղափոխեցին Լեյտի Բրուկ։ Նստեցեք, պարոն ֆելդկուրատ, և պատմեցեք, թե ձեզ ինչի համար են նստեցրել։ Դուք, ինչքան չլինի, սպայի աստիճան ունեք, և պետք է նստեիք կայազորի բանտում, և ոչ թե այստեղ, ուր մահճակները ոջլոտ են։ Ճիշտն ասած, երբեմն մարդ ինքն էլ չի իմանում, թե որտեղ պետք է նստի։ Պատահում է, որ գրասենյակում շփոթում են կամ պատահմամբ է այդպես լինում։ Մի անգամ, պարոն ֆելդկուրատ, կալանքի տակ էի Բուդեյովիցիում, գնդի բանտում, և ինձ մոտ մի դերակալ-կադետ բերին։ Այդ դերակալ-կադետ ասածը ֆելդկուրատի պես բան է. ո՛չ սպա է, ո՛չ զինվոր, զինվորների վրա սպայի պես բղավում է, բայց երբ նրան մի բան է պատահում՝ նստեցնում են հասարակ զինվորների հետ։ Դրանք, ճիշտ ասած, պարոն ֆելդկուրատ, ընկեցիկների վիճակում էին. սնվելու համար նրանց ենթասպաների խոհանոցին չէին կցում, զինվորների խոհանոցից էլ կերակրվելու իրավունք չունեին, քանի որ աստիճանով բարձր էին, սպայական սնունդ էլ չէին ստանում։ Այդ ժամանակ նրանք հինգ հոգի էին։ Սկզբում զինվորների կանտինայում[13] միայն շոռ-մոռ էին ուտում, քանի որ նրանց համար այնտեղ սննդաբաժին չէր ստացվում։ Հետո այդ գործին խառնվեց ավագ-լեյտենանտ Վուրմը և նրանց արգելեց զինվորների կանտինան գնալ, թե իբր դա անհամատեղելի է դերակալ-կադետի պատվի հետ։ Է՛, ի՞նչ պիտի անեին, քանի որ չէին թողնում նաև սպայական կանտինան մտնել։ Այդպես կախված էին երկնքի և երկրի արանքում և մի քանի օրվա մեջ այնքան էին հոգեմաշ եղել, որ նրանցից մեկը իրեն գցեց Մալշա գետը, իսկ մի ուրիշը գնդից փախավ և երկու ամիս անց մի նամակ ուղարկեց զորանոց, որով հայտնում էր, թե Մարոկկոյում զինվորական մինիստր է դարձել։ Մնացել էին չորսը։ Մալշայի մեջ նետված դերակալ-կադետին փրկել էին։ Իրեն ջուրը գցելիս նա հուզմունքից մոռացել էր, որ լողալ գիտե և որ լողի քննությունը գերազանց է հանձնել։ Նրան պառկեցրին հիվանդանոցում, բայց այնտեղ էլ չգիտեին, թե ինչպես վարվեն. սպայակա՞ն վերմակ գցեն վրան թե հասարակ։ Ի վերջո այսպիսի ելք գտան։ Ոչ մի վերմակ չտվին և փաթաթեցին թաց սավանի մեջ, այնպես որ կես ժամ հետո նա խնդրեց, որ թույլ տան նորից գնալ զորանոց։ Ա՛յ հենց դրան, դեռ բոլորովին թաց-թաց, նստացրին ինձ հետ։ Նստեց մի չորս օր և երանության մեջ էր, քանի որ սնունդ էր ստանում, ճիշտ է՝ կալանավորի, բայց և այնպես սնունդ։ Նա, ինչպես ասում են, իր ոտքերի տակ ամուր հող էր զգում։ Հինգերորդ օրն եկան նրան տանելու, իսկ տանելուց կես ժամ անց նա վերադարձավ գլխարկը վերցնելու և ուրախությունից լաց էր լինում։ Եվ ինձ ասաց. «Վերջապես մեր մասին, որոշում եկավ։ Այսօրվանից դերակալ-կադետներիս հաուպտվախտ կնստեցնեն սպաների հետ։ Սնունդի համար արժեքից ավելի կվճարենք սպայական խոհանոցին, իսկ մեզ կկերակրեն այն բանից հետո, երբ սպաները կուշտ ուտեն-պրծնեն։ Կքնենք ստորին աստիճանավորների հետ, սուրճ կստանանք սպայական խոհանոցից, իսկ թութուն՝ զինվորների հետ»։

Ֆելդկուրատ Մարտինեցը միայն հիմա ուշքի եկավ և Շվեյկի խոսքն ընդհատեց մի ֆրազով, որի բովանդակությունը ոչ մի առնչություն չուներ մինչ այդ տեղի ունեցած խոսակցության հետ.

— Այո՛, այո՛, սիրեցյալ որդիդ իմ, երկնքի և երկրի միջև կան բաներ, որոնց մասին պետք է խորհել բոցավառ սրտով և կատարյալ հավատով առ ողորմածն աստված։ Քեզ եմ գալիս, սիրեցյալ որդիդ իմ, հոգևոր մխիթարությամբ։

Նա լռեց, քանի որ իր մխիթարությունը մի տեսակ գլուխ չէր գալիս։ Ճանապարհին նա խորհել ու կազմել էր պլանն իր ճառի, որը հանցագործին պետք է մտածել տար իր կյանքի մասին և այն համոզմունքը ներշնչեր, թե նրա բոլոր մեղքերին երկնքում թողություն կտրվի, եթե զղջա և դրանց համար անկեղծորեն վշտանա։

Մինչ նա մտածում էր, թե ինչպես անցնի հիմնական թեմային, Շվեյկը նրան կանխեց, հարցնելով, թե արդյոք սիգարետ չունի՞։

Ֆելդկուրատ Մարտինեցը մինչև հիմա ծխել չէր սովորել։ Դա այն վերջին բանն էր, որ նա պահպանել էր իր նախկին ապրելակերպից։ Մի անգամ, երբ գեներալ Ֆինկի մոտ հյուր եղած ժամանակ գլուխը սկսել էր դժժալ, փորձել էր մի սիգար ծխել, բայց իսկույն փսխել էր և այդ ժամանակ նրան թվացել էր, թե պահապան-հրեշտակն էր նախազգուշաբար իր կոկորդը խուտուտ ավել։

— Չեմ ծխում, սիրեցյալ որդիդ իմ,— արտակարգ արժանապատվությամբ պատասխանեց նա Շվեյկին։

— Զարմանում եմ,— ասաց Շվեյկը,— ես ծանոթ եմ շատ ֆելդկուրատների, իսկ նրանք ծուխն այնպես էին փչում, որ Զլիհովի օղեգործարանը ձեզ օրինակ։ Առհասարակ չեմ պատկերացնում, թե ֆելդկուրատն ինչպես կարող է չծխել ու չխմել։ Մեկին գիտեի, որ չէր ծխում, բայց փոխարենը թութուն էր ծամում և քարոզ կարդալիս ամբողջ ամբիոնը թուք դարձնում։ Դուք որտեղացի՞ եք, պարոն ֆելդկուրատ։

— Յիչինցի,― կոտրված ձայնով պատասխանեց կայսրական թագավորական տեր հայր Մարտինեցը։

— Որ այդպես է, պարոն ֆելդկուրատ, երևի Ռուժենա Գաուդրսովային կճանաչեք։ Նախանցյալ տարի նա ծառայում էր Պրագայի գինետներից մեկում, որ գտնվում է Պլանտերսկա փողոցի վրա, և միանգամից տասնութ մարդու դատի տվեց ու ալիմենտ պահանջեց, որովհետև ջուխտակ էր ծնել։ Երկվորյակներից մեկի մի աչքը կապույտ էր, մյուսը՝ շագանակագույն, իսկ երկրորդի մի աչքը գորշ, մյուսը սև։ Այդ պատճառով նա ենթադրում էր, թե գործին խառն են այդպիսի աչքեր ունեցող չորս պարոններ։ Այդ պարոններն այցելում էին ասածս գինետունը և նրա հետ գործ-մործ էին ունեցել։ Բացի դրանից, երկվորյակներից մեկի մի ոտքը ծուռ էր քաղաքապետարանի խորհրդականներից մեկի ոտքի պես,— այդ խորհրդականն էլ էր այցերում գինետունը,— իսկ երկրորդի ոտքը վեց մատ ուներ, ինչպես գինետան մշտական հաճախորդ դեպուտատի ոտքը։ Հիմա պատկերացրեք, պարոն ֆելդկուրատ, որ նրա հետ հյուրանոցներ ու մասնավոր բնակարաններ էին գնացել տասնութ այդպիսի այցելուներ և երկվորյակների վրա յուրաքանչյուրից որևէ նշան էր մնացել։ Դատարանը վճռեց, որ այդպիսի խառնակության պայմաններում դժվար է որոշել, թե հայրն ով է։ Այն ժամանակ Ռուժենան ամբողջ մեղքը բարդեց գինետան տիրոջ վրա, որի մոտ ծառայում էր, և նրա դեմ հայց ներկայացրեց։ Սակայն գինետան տերն ապացուցեց, որ ինքն արդեն քսան տարուց ավելի, ներքին վերջավորությունների բորբոքման պատճառով արված վիրահատությունից հետո, սեռապես անկար է։ Ի վերջո Ռուժենային, պարոն ֆելդկուրատ, քշեցին ձեզ մոտ՝ Նովի Յիչին։ Եվ այստեղից խրատ. շատի հետևից վազողի ձեռքը բան չի ընկնի։ Նա պետք է մեկի օձիքից բռներ և դատարանի առաջ չպնդեր, թե երկվորյակներից մեկը դեպուտատից է, մյուսը քաղաքապետարանի խորհրդականից։ Պետք է ասեր, թե դրանցից մեկից է, և վերջ։ Երեխայի ծնվելու ժամանակը հեշտ է հաշվել, ամսի այսինչ օրը այս մարդու հետ եղել եմ հյուրանոցում, իսկ այսինչ ամսի այսինչ օրը երեխա ծնել։ Իհարկե, եթե ծնունդը նորմալ է եղել, պարոն ֆելդկուրատ։ Այդպիսի հյուրանոցներում մի հնգանոցով միշտ էլ կարելի է վկա գտնել, օրինակ, մի դռնապան կամ աղախին, որոնք ձեզ կերդվեն, թե այն գիշերը այն մարդն իսկապես նրա հետ եղել է և դեռ աստիճաններից իջնելիս Ռոժենան նրան ասել է. «Բա որ բան-ման լինի՞», իսկ նա պատասխանել է. «Մի վախենա, իմ կանիմուրա, երեխայի մասին ես հոգ կտանեմ»։

Ֆելդկուրատը մտածմունքի մեջ ընկավ։ Հիմա հոգևոր մխիթարությունը նրան այնքան էլ հեշտ գործ չէր թվում, թեև նախապես պլանավորել էր, թե ինչպես և ինչի մասին պետք է խոսեր սիրեցյալ որդու հետ. նա պետք է խոսեր այն անսահման ողորմածության մասին, որ կցուցաբերվի ահեղ դատաստանի օրը, երբ բոլոր զինվորական հանցագործները գերեզմաններից դուրս կգան պարանները վզներին։ Եթե նրանք զղջացած լինեն, ապա բոլորը ներում կստանան, ինչպես նոր Կտակարանի «խոհեմ ավազակը»։

Նա պատրաստել էր, թերևս, ամենասրտառուչ հոգևոր մխիթարություններից մեկը, որը պետք է կազմված լիներ երեք մասից։ Նախ պիտի զրուցեր այն մասին, թե կախաղանի միջոցով մեռնելը թեթև կթվա, եթե մարդ աստծո հետ լիովին հաշտ լինի։ Ռազմական օրենքը պատժում է թագավոր կայսրին դավաճանելու համար, որը բոլոր զինվորների հայրն է, այնպես որ զինվորի ամենաաննշան զանցանքը պետք է դիտվի որպես հայրասպանություն, որպես հոր դեմ ուղղված վիրավորանք։ Այնուհետև նա ցանկանում էր զարգացնել իր այն տեսությունը, թե թագավոր կայսրը աստծո օծյալն է, որ ինքն աստված նրան նշանակել է աշխարհիկ գործերր վարելու համար, ինչպես հռոմի պապը նշանակված է հոգևոր գործերի համար։ Կայսրին դավաճանելը նշանակում է դավաճանել հենց աստծուն։ Այդպիսով, զինվորական հանցագործին, բացի կախաղանից, սպասում են հավիտենական տանջանքներ և հավիտենական նզովք։ Սակայն եթե աշխարհիկ արդարադատությունը, զինվորական կարգապահության բերումով, չի կարող վճիռը չեղյալ հայտարարել, ապա ինչ վերաբերվում է մյուս պատժին, այսինքն հավիտենական տանջանքներին, այդտեղ դեռ ամեն ինչ կորած չէ։ Այս դեպքում մարդ կարող է պատժից խուսափել մի փայլուն քայլով՝ ապաշխարհությամբ։

Ֆելդկուրատը պատկերացնում էր այն հուզիչ տեսարանը, որից հետո այնտեղ, երկնքում, կջնջեն բոլոր այն նշումները, որ արվել են՝ Պերեմիշլում գեներալ Ֆինկի բնակարանում նրա գործած մեղքերի և արարքների համար։

Նա պատկերացնում էր, թե ինչպես վերջում դատապարտյալի վրա կգոռա. «Զղջա՛, որդյակդ իմ, ինձ հետ միասին ծունր դիր։ Կրկնիր ինձ հետ, որդյակդ իմ»։ Իսկ հետո այդ գարշահոտ ու ոջլոտ խցիկում կհնչի սույն աղոթքը. «Տե՛ր, միայն քեզ է վայել ողորմալ ու ներել մեղսավորին։ Աղերսանոք թախանձում եմ քեզ զինվոր այսինչի (տալիս է անունը) հոգու համար, որին դու հրամայել ես լքել այս աշխարհը համաձայն Պերեմիշլի ռազմադաշտային դատարանի վճռի։ Ներում պարգևիր այս զինվորին, որը քո ոտքն է ընկել, ազատիր նրան դժոխքի տանջանքներից և թույլ տուր ճաշակել հավիտենական խնդությունը քո»։

— Թույլ տվեք ասել, պարոն ֆելդկուրատ, դուք արդեն հինգ րոպե լուռ եք, կարծես ձեր բերանը ջուր եք առել, խոսելու սիրտ չունեք։ Իսկույն երևում է, որ առաջին անգամ եք կալանքի տակ առնվել։

— Ես եկել եմ,— լրջորեն ասաց ֆելդկուրատը,— հոգևոր մխիթարության համար։

— Զարմանում եմ, պարոն ֆելդկուրատ, թե ինչու եք մի գլուխ այդ հոգևոր մխիթարությունից խոսում։ Ես, պարոն ֆելդկուրատ, ի վիճակի չեմ ձեզ որևէ մխիթարություն տալու։ Դուք ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆելդկուրատն եք, որ բանտ է ընկնում։ Բացի դրանից, պարոն ֆելդկուրատ, ես, ճիշտն ասած, խոսելու այնպիսի ձիրք չունեմ, որ կարողանամ ծանր պահին մարդ մխիթարել։ Մի անգամ փորձեցի, բայց այնքան էլ սահուն դուրս չեկավ։ Հապա մոտ նստեցեք, ձեզ մի բան պատմեմ։ Երբ ես ապրում էի Օպատովսկա փողոցում, Ֆաուստին անունով մի բարեկամ ունեի, հյուրանոցի բարապան էր, շատ պատվական անձնավորություն։ Ազնիվ, ջանասեր մարդ էր։ Բոլոր փողոցային աղջիկներին իր հինգ մատի պես գիտեր։ Ցերեկվա ու գիշերվա որ ժամին էլ ուզեիք, պարոն ֆելդկուրատ, կարող էիք գնալ նրա մոտ՝ հյուրանոց, և բավական էր ասեինք. «Պան Ֆաուստին, ինձ աղջիկ է պետք»։ Նա հանգամանորեն ձեզ հարցուփորձ կաներ, թե ինչպիսի կին եք ուզում՝ շիկահե՞ր թե սևահեր, կարճահասա՞կ թե բարձրահասակ, լղա՞ր թե չաղ, գերմանուհի՞, լեհուհի՞ թե հրեուհի, մարդաթո՞ղ, չամուսնացա՞ծ թե ամուսնացած, կրթվա՞ծ թե անկիրթ։

Շվեյկը մտերմավարի հպվեց ֆելդկուրատին և, նրա իրանը գրկելով շարունակեց․

— Ենթադրենք, պարոն ֆելդկուրատ, թե ասել եք, որ կցանկանայիք կինը լիներ շիկահեր, երկար ոտքերով, այրի, անկիրթ։ Տասը րոպե հետո այդ կինը կլիներ ձեր անկողնում, ծննդականն էլ ձեռքին։

Ֆելդկուրատն անհարմարությունից քրտնել էր, իսկ Շվեյկը, մայրական գորովանքով նրան իր կրծքին սեղմելով, շարունակում էր.

— Դուք չեք կարող պատկերացնել, պարոն ֆելդկուրատ, թե այդ Ֆաուստինը որքան խոր հասկացողություն ուներ բարոյականության և ազնվության մասին։ Այն կանանցից, որոնց մարդու էր տալիս և տանում համարները, նա ոչ մի կրեյցեր ընծայափող չէր վերցնում։ Իսկ երբ պատահում էր, որ այդ ընկած կանանցից մեկն ու մեկը մոռանում և ուզում էր նրա ձեռքը մանր դրամ խոթել, այն ժամանակ պետք էր տեսնել, թե նա ինչպես էր բարկանում և գոռում, «Խոզի մեկը խոզ, եթե դու վաճառում ես մարմինդ և մահացու մեղք գործում, ապա մի կարծիր, թե քո տասը հելլերը ինձ մի օգուտ կտա։ Ես քեզ համար կավատ չեմ, անամո՛թ բոզ։ Ես դա անում եմ միայն քեզ խղճալով, որպեսզի այդքան ընկնելուց հետո քո խայտառակությունը հրապարակ չհանես, որպեսզի գիշերը պարեկը քեզ չբռնի և որպեսզի հետո ստիպված չլինես ոստիկանատանը երեք օր նստել։ Այստեղ գոնե տաք տեղում ես և ոչ ոք չի տեսնում, թե դու մինչև ուր ես հասել»։ Նրանցից բան վերցնել չէր ցանկանում և չվերցրած փողը ետ էր բերում պատվիրատուների հաշվին։ Նա իր սակագինն ուներ, կապույտ աչքերն արժեին տասը կրեյցեր, սևերը՝ տասնհինգ։ Մի թղթի կտորի վրա ամեն ինչ գրում-հաշվում էր ամենայն մանրամասնությամբ և այցելուին ներկայացնում որպես հաշիվ։ Միջնորդության համար դրանք շատ մատչելի գներ էին։ Անկիրթ կնոջ համար նա գնի վրա տասը կրեյցեր հավելում էր անում, ելնելով իր այն սկզբունքից, թե հասարակ կնիկն ավելի շատ հաճույք կպատճառի, քան որևէ կրթված կին։ Մի երեկո պան Ֆաուստինը եկավ ինձ մոտ, Օպատովսկա փողոցը, եկավ չափազանց հուզված, գլուխը կորցրած, կարծես հենց նոր հանել էին տրամվայի պահպանական ցանցի տակից և այդ ժամանակ ժամացույցն էլ գողացել։ Սկզբում ոչինչ չասաց, միայն գրպանից մի շիշ ռոմ հանեց, խմեց, հետո շիշը տվեց ինձ, թե․ «Խմի՛ր»։ Այդպես երկուսս էլ լուռ էինք, իսկ երբ ամբողջ շիշը խմեցինք-պրծանք, հանկարծ ասաց. «Բարեկամս, եկ ինձ մի լավություն արա։ Բաց արա փողոցի կողմի լուսամուտը, թող ես նստեմ լուսամատի գոգին, իսկ դու բռնիր ոտքերիցս ու չորրորդ հարկից ցած նետիր։ Այլևս կյանքից սպասելիք չունեմ։ Միակ մխիթարությունս այն է, որ մի հավատարիմ բարեկամ գտնվեց, որն ինձ այս աշխարհից ճանապարհ կդնի։ Այլևս այս աշխարհում ապրել չեմ կարող։ Ինձ, ազնիվ մարդուս, դատի են տվել հրեական թաղամասի ամենահետին միջնորդի պես։ Մեր հյուրանոցը առաջնակարգ է։ Բոլոր երեք աղախիններն ու կինս դեղին տոմսեր ունեն և բժշկին ոչ մի կրեյցեր պարտք չեն այցելության համար։ Եթե ինձ մի քիչ սիրում ես, ցած հրիր չորրորդ հարկից, պարգևիր ինձ վերջին մխիթարությունը, մխիթարիր ինձ»։ Ես նրան պատվիրեցի բարձրանալ լուսամուտը և հրեցի-գցեցի փողոց։ Մի վախենաք, պարոն ֆելդկուրատ։

Շվեյկը կանգնեց նարի վրա և ֆելդկուրատին էլ քաշեց-բարձրացրեց այնտեղ։

— Տեսեք, պարոն ֆելդկուրատ, ես նրան բռնեցի, ա՛յ, այսպես․․․ և, թրը՛մփ, ցած գցեցի։

Շվեյկը բարձրացրեց ֆելդկուրատին և նետեց հատակին։ Մինչ ահաբեկված ֆելդկուրատը ոտքի կկանգներ, Շվեյկն ավարտեց իր պատմությունը. «Տեսա՞ք, պարոն ֆելդկուրատ, ձեզ բան չպատահեց։ Պան Ֆաուստինին էլ ճիշտ այդպես բան չեղավ։ Միայն թե այն լուսամուտը այս մահճակից երեք անգամ ավելի բարձր էր։ Ախր, պան Ֆաուստինը թունդ հարբած էր և մոռացել էր, որ Օպատովսկա փողոցում ես ապրում էի առաջին հարկում, և ոչ թե չորրորդ։ Չորրորդ հարկում ես ապրում էի դրանից մի տարի առաջ Կրշեմենցկա փողոցում, որտեղ նույնպես նա ինձ հյուր էր գալիս»։

Ֆելդկուրատը հատակի վրայից սարսափահար նայում էր Շվեյկին, որը նրա գլխավերևում կանգնած՝ թափահարում էր ձեռքերը։

Ֆելդկուրատը համոզվեց, որ գործ ունի խելագարի հետ, և կակազելով ասաց․ «Այո՛, այո՛, սիրեցյալ որդյակ իմ, նույնիսկ ավելի պակաս, քան երեք անգամ»։ Ապա զգուշաբար հասավ դռանը և սկսեց թխթխկացնել ինչքան ձեռքերում ուժ կար։ Նա այնպես զարհուրելի էր բղավում, որ դուռն իսկույն բացեցին։

Շվեյկը լուսամուտի վանդակացանցի միջով տեսավ, թե ինչպես ֆելդկուրատը, ձեռքերը եռանդագին շարժելով, բակով արագ անցնում էր պահակների ուղեկցությամբ։

— Ըստ երևույթին նրան գժանոց կտանեն,— եզրակացրեց Շվեյկը, ցած թռավ նարի վրայից և, զինվորավարի ետ ու առաջ քայլելով, սկսեց երգել.

Քո տված այն մատանին


Ես չեմ դնում իմ մատին։


Ինչի՞ս է պետք, որ դնեմ:


Մատանիքով քո տված


Հրացանն իմ կլցնեմ։

Այդ դեպքից շատ չանցած գեներալ Ֆինկին զեկուցեցին, թէ ֆելդկուրատն եկել է։

Գեներալի մոտ արդեն մեծ հասարակություն էր հավաքվել, ուր գլխավոր դերերը կատարում էին երկու սիրունիկ դամաներ, գինին ու լիկյորները։

Ռազմադաշտային դատարանի նիստին մասնակցած սպաները ներկա էին ամբողջ կազմով։ Բացակայում էր միայն այն հետևակ զինվորը, որն առավոտյան բոլոր ծխողներին վառած լուցկիներ էր մատուցում։

Ֆելդկուրատը հեքիաթի ուրվականի պես աննկատ միացավ այդ ընկերակցությանը։ Նա գունատ էր, հուզված, բայց արժանապատվությամբ լի, հանիրավի ապտակ ստացած մարդու պես։

Գեներալ Ֆինկը, որը վերջերս ֆելդկուրատի հետ շատ ընտանեվարի էր վարվում, նրան քաշեց ու բազմոցի վրա նստեցրեց իր կողքին և հարբածի ձայնով հարցրեց. «Ի՞նչ է պատահել քեզ, իմ հոգևոր մխիթարություն»։

Այդ միջոցին ուրախ դամաներից մեկը ֆելդկուրատի վրա «Մեմֆիս» տեսակի մի սիգարետ նետեց։

— Խմեցեք, հոգևոր մխիթարությո՛ւն,— առաջարկեց գեներալ Ֆինկը, ֆելդկուրատի համար գինի լցնելով մի մեծ ու կանաչ գավաթի մեջ։ Բայց քանի որ ֆելդկուրատը միանգամից չխմեց, գեներալն սկսեց նրան իր ձեռքով խմեցնել, և եթե ֆելդկուրատը կուլ չտար ինչպես հարկն է, ապա նա նրան ոտից գլուխ կթրջեր։

Եվ միայն դրանից հետո սկսեցին հարցնել,թե հոգևոր մխիթարության ժամանակ դատապարտյալն իրեն ինչպես էր պահում։ Ֆելդկուրատը ոտքի կանգնեց և ողբերգական ձայնով ասաց․

— Խելագարվե՛ց։

— Ուրեմն, հիանալի մխիթարություն է եղել,— ուրախ քրքջաց գեներալը, և բոլորն ի պատասխան հռհռացին, իսկ դամաները նորից սկսեցին ֆելդկուրատի վրա սիգարետներ նետել։

Սեղանի ծայրին նիրհում էր մայորը, որը չափից ավելի էր խմել։ Նոր մարդ տեսնելուն պես նա աշխուժացավ, շտապով երկու գավաթ լիկյոր լցրեց, աթոռների արանքով իր համար ճանապարհ բացեց և բժժած հոգևոր հովվին ստիպեց իր հետո բրուդերշաֆտ խմել, ապա նորից փլվեց բազկաթոռի վրա և շարունակեց նիրհել։

Այդ գավաթը ֆելդկուրատին խճճեց սատանայի ցանցի մեջ։ Սատանան գրկաբաց մոտենում էր նրան սեղանին դրված ամեն մի շշի միջից, այն ուրախ դամաների հայացքների ու ժպիտների միջից, որոնք իրենց ոտքերն այնպես էին դրել սեղանին, որ ժանյակների միջից նրան նայում էր Բեհեղզեբուղը։

Մինչև վերջին պահը ֆելդկուրատը համոզված էր, որ բանը վերաբերվում է իր իսկ հոգու փրկությանը, որ նա ինքն է նահատակ։

Այդ համոզմունքը նա արտահայտեց այն խոսքերով, որոնցով դիմեց գեներալի երկու սպասյակներին, որոնք նրան տարան ու պառկեցրին հարևան սենյակի բազմոցի վրա.

— Տխրալի, բայց և միաժամանակ վսեմ տեսարան կբացվի ձեր առաջ, երբ դուք անկանխակալ կերպով և մաքուր մտոք հիշեք այնքան փառաբանված նահատակներին, որոնք իրենց զոհեցին հանուն հավատի և սուրբ մարտիրոսների դասը կարգվեցին։ Ինձ նայելով, դուք տեսնում եք, թե ինչպես մարդ բարձր է կանգնում բոլոր տառապանքներից, եթե նրա սրտում ապրում են ճշմարտությունն ու առաքինությունը, որոնք նրան ուժ են տալիս փառավոր հաղթանակ տանելու ամենասոսկալի տառապանքի դեմ։

Այդ ժամանակ աստծո ծառայի դեմքը շուռ տվին դեպի պատը, և նա իսկույն քնեց։

Նրա քունն անհանգիստ էր։

Երազում տեսավ, թե ցերեկը ֆելդկուրատի պարտականություն է կատարում, իսկ երեկոյան հյուրանոցում աշխատում այն բարապան Ֆաուստինի փոխարեն, որին Շվեյկը չորրորդ հարկից ցած էր նետել։

Ամեն կողմից նրա վրա բողոքներ էին ուղարկում գեներալին, թե նա պատվիրատուի մոտ շիկահերի փոխարեն սևահեր կին է բերել, իսկ մարդաթող կրթված տիկնոջ փոխարեն՝ անկիրթ այրի։

Առավոտյան նա արթնացավ մկան պես քրտնած։ Ստամոքսը խանգարվել էր, իսկ ուղեղն այն միտքն էր ծակում, թե Մորավիայի իր ֆարարն իր համեմատությամբ կատարյալ հրեշտակ է։

Загрузка...